русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽԱՉՔԱՐ
id221Խաչքարը խիստ որոշակի դիրքով, բացօթյա կանգնեցված ուղղաձիգ սալ է, որի արևմտահայաց կողմում քանդակված է խաչ՝ պարուրված տարբեր զարդանախշերով:
Այն զուտ հայկական քրիստոնեական կոթող է և հայ ինքնության ամենահայտնի խորհրդանիշներից մեկը: Խաչքարերը սփռված են ողջ Հայկական լեռնաշխարհով, զգալի թիվ են կազմում նաև միջնադարի հայ գաղթօջախներում:
Առաջին խաչքարերը հայտնվել են IX դ., սակայն նրանց ծագման ակունքները կապված են IV-VII դդ. Հայաստանում քրիստոնեական հավատի տարածման հետ:
IV դ. սկսած՝ քրիստոնեության պաշտոնական տարածումն ուղեկցվում էր Եկեղեցու և աշխարհիկ իշխանավորների կողմից քառակող կոթողներ կանգնեցնելով: Դրանք երբեմն հսկայական չափեր էին ունենում և ավարտվում թևավոր խաչով: Սյուների կողերը պատվում էին զանազան տեսարաններով ու կերպարներով, որոնք ներկայացնում էին քրիստոնեության հիմնական գաղափարները և ավանդությունները: Այն ամենը, ինչի մասին խորհրդաբանում էին ս. վարդապետները, և որը հնարավոր էր արտահայտել զարդերի ու նշանների միջոցով, քանդակվում էր այդ կոթողների վրա, ինչպես և եկեղեցու պատերին:

Վաղմիջնադարյան քառակող կոթող
Թալին, V-VII դդ.

V-VII դդ. խաչի խորհրդաբանությունը դարձավ Եկեղեցու վարդապետության գլխավոր թեմաներից մեկը: Նրա մասին ստեղծվեցին բազմաթիվ ճառեր ու ներբողներ, ինչպիսին է, օրինակ, ս. Դավիթ Անհաղթի սքանչելի ներբողը, որտեղ խաչը ներկայացված է իբրև մի հրաշալի ծառ, որն աճում է երկրից, հասնում է երկինք և իր պտուղներով լցնում ողջ տիեզերքը: Նման պատկերավոր խորհուրդները սկսեցին արծարծվել նաև պաշտամունքային կոթողների ու եկեղեցիների զարդաքանդակներում, և V-VII դդ. աստիճանաբար մշակվեց խորհրդանշանային զարդամոտիվներ ունեցող խաչի յուրօրինակ հորինվածքը:

Խաչային հորինվածք
Քասաղ, IV-V դդ.

Սակայն վերջինս տակավին առանձնացված չէր տաճարների և կոթողների հարդարման համակարգից և միայն IX դ. սկսեց քանդակվել հատուկ, ոչ բարձր քարասալի վրա՝ դառնալով առանձին քարակոթողի հարդարանք և կոթողն էլ դարձնելով զուտ խաչային. դրա համապատասխան էլ այն ստացավ «խաչքար» անվանումը:

Խաչքար, IX դ.
Մաքենյաց վանք (այժմ՝ Ս. Էջմիածնում)
Լուսանկար՝ Գրիգոր Բրուտյանի

X-XI դդ. խաչքարերը սկսում են տեղադրվել ոչ բարձր պատվանդանների վրա, առավել հստակեցվում են նրանց զարդերի պատկերագրությունը և տեղաբաշխումը: XII-XIII դդ. խաչքարային արվեստը հասնում է իր բարձրագույն ծաղկմանը: Խաչասալը դեպի վեր փոքր-ինչ լայնանում է և պսակվում քիվով, որոշ խաչքարեր էլ ներառվում են բաց խորանների մեջ: Մշակվում են խաչքարի նոր ու բարդ տեսակներ, այդ թվում և՝ «Ամենափրկիչ» կոչվող խաչքարը, որով սրբապատկերներում մշակված խաչելության տեսարանը տեղափոխվում է քարե կոթողի վրա:

Ցաղաց Քարի վանքի Ս. Հովհաննես եկեղեցի-դամբարանի
ձախակողմյան խաչքարը (1041 թ.)

Լուսանկար՝ Մարտին Շահբազյանի


Հաղպատի վանքի «Ամենափրկիչ» խաչքարը (1273 թ.)
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

Խաչքար կարող էր կանգնեցնել յուրաքանչյուր հավատացյալ՝ իբրև կարևոր իրադարձության և իրավիճակի հոգևոր արձագանք (շինարարություն, բարեգործություն, ռազմական հաղթանակ, դժբախտություն, մահ և այլն), ինչպես նաև՝ մոտակա հաջողության և ապագա փրկության ակնկալիք: Երբեմն խաչքարերը կանգնեցվում էին որպես համայնական կոթողներ: Միաժամանակ ցանկացած խաչքար իր բացօթյա տեղադրության և մատչելիության շնորհիվ հանդիսանում էր բոլոր հավատացյալների երկրպագության առարկան:
XIV դ. վերջից սկսած՝ հայ մշակույթի ընդհանուր անկմանը զուգընթաց անկում ապրեց և խաչքարային արվեստը. խաչքարը կորցրեց իր բազմիմաստությունը և դարձավ միայն գերեզմանային կոթող: XVII դ. խաչքարերի ստեղծումը գրեթե դադարեց: Այն երբեմն վերածնվում էր միայն առանձին կղզյակներում, ուր տնտեսական և մշակութային վերելք էր նկատվում, սակայն խաչքարը շարունակում էր մնալ սոսկ իբրև գերեզմանային կոթող: Դրա լավագույն օրինակը Ջուղայի գերեզմանոցի (ավերվել է 2005 թ.) հազարավոր շքեղ խաչքարերն են, որոնց հիմնական թեման է ահեղ դատաստանը:

Ջուղայի գերեզմանոցը
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի

Խաչքարը նորից կյանքի կոչվեց XX դ. 60-ական թթ.՝ նախ իբրև գերեզմանային կոթող, ապա վերագտնելով իր կորցրած կիրառությունները՝ դուրս եկավ գերեզմաններից՝ դառնալով հուշաղբյուր, հուշարձան, դեկորատիվ կոթող և անգամ հուշանվեր:
 
sacredtradition.am