ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶ
id210Այսպես է կոչվում
Քրիստոսի ընդարձակ
քարոզներից մեկը, որը զետեղված է
Մատթեոսի Ավետարանի 5-7-րդ գլուխներում:
Քարոզի անունը պայմանավորված է նրանով, որ Հիսուսն այն խոսեց լեռան վրա: Նա այնտեղ բարձրացավ՝ տեսնելով, որ Իր հրաշագործությունների համբավից մեծաթիվ բազմություն է հավաքվել: Լեռ բարձրանալով և նստելով այնտեղ՝ Տերը կարծես հեռացավ Իրենից նոր հրաշքներ ակնկալող ժողովրդից, որով, սակայն, անխոս ուսուցանեց, որ սքանչելի բժշկություններից և նշաններից բացի պետք է փնտրել ավելին՝
Աստծո խոսքը,
ճշմարտությունը, որին կարելի է մերձենալ՝ երկրային հարթությունից վեր՝ դեպի
երկնային բարձունքը ելնելով: Եվ ովքեր Հիսուսի ետևից լեռ բարձրացան և մոտեցան Նրան, ականջալուր եղան այս սքանչելի
քարոզին, որը Նրա հրաշագործություններից ոչ պակաս հիացրեց բոլորին:
Լեռան
քարոզը սկսվում է 9 երանիներով [
Մատթ. 5.3-12].
Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
Երանի՜ նրանց, ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:
Երանի՜ նրանց, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն:
Երանի՜ նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել:
Հոգով աղքատ լինել, ըստ ս. հայրերի մեկնության, նշանակում է ճանաչել և խոստովանել սեփական անձի անկատարությունն ու մեղավորությունը, այն համարել բոլորից ցածր ու երբեք չհպարտանալ:
Սգավորը նա է, ով մշտապես
զղջում է իր
մեղքերի համար և
ապաշխարությամբ մաքրվելով՝ մխիթարվում Տիրոջ
շնորհով:
Հեզությամբ և համբերությամբ, ներողամտությամբ ու անհիշաչարությամբ
քրիստոնյան նմանվում է Հիսուսին և ամեն ինչում օժանդակություն ստանում Նրանից:
Արդարության ծարավը
Աստծո կողմից արդարացվելու,
սրբանալու և
փրկվելու բաղձանքն է, որը հատուկ է յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալի:
Ողորմածությունը
Աստծո ողորմությանն արժանանալու գրավականն է, մինչդեռ անողորմներին անողորմ դատաստան է սպասում:
Սրտի մաքրությունը ձեռք է բերվում
ապաշխարությամբ և
չար խորհուրդների դեմ պայքարելով, անդադար
աղոթքով և hաճախակի
հաղորդությամբ: Սրբված սրտում փայլում է
շնորհի լույսը, և միտքը սքանչանում է աստվածային
փառքի մեծությամբ:
Խաղաղարար է կոչվում նա, ով, սրտի խորքում մեծ խաղաղություն ունենալով, բոլոր իրավիճակներում, թե՛
փորձությունների, թե՛ նեղության, թե՛ վշտի մեջ, մնում է հանդարտ ու անվրդով և բոլորի հետ
սեր և համերաշխություն է պահպանում:
Հալածանքը երբեք չպիտի վախեցնի
քրիստոնյային: Նա չպետք է ընկճվի
արդարության համար աշխարհում նեղություններ կրելուց և դրանց պատճառով ետ կանգնի
ճշմարտությունից, որպեսզի երկրային և ժամանակավոր տառապանքների պատճառով չզրկվի
երկնային, հավիտենական կյանքից:
Արդարև, երանելի են
Քրիստոսին հավատալու և
բարեպաշտության համար ծաղր ու վիրավորանք կրողները, զրպարտվողներն ու հալածվողները: Հիշելով, թե ինչպես են հալածվել արդարները և
մարտիրոսները, պետք է սիրով տանել ամեն վիշտ ու զրկանք՝ գիտակցելով, որ դրանցով չարչարակից ենք լինում
Քրիստոսին, ինչի շնորհիվ, ըստ
Պողոս առաքյալի, փառակից ենք դառնում Նրա
փառքին:
Սուրբ հայրերը 9 երանիները համարում են հոգևոր կատարելության աստիճաններ՝ դրանք նմանեցնելով
Հակոբ նախահոր տեսիլքի սանդուղքին, որը երկրից դեպի
երկինք է տանում, և որի վրայով ելնում և իջնում են
Աստծո հրեշտակները՝ սպասավորելով նվիրյալներին:
Լեռան
քարոզը Քրիստոսի վարդապետության առանցքն է, քրիստոնեական կյանքի հիմնական ուղեցույցը: Նրանով Հիսուսն արթնացնում է մեր սրտում քնած բարոյական
օրենքը, բացահայտում
Տասնաբանյայի հոգևոր խորքերը, ցույց տալիս
պատվիրանի սրբությունը, նրա հավիտենական էությունը և այն իրագործելու
փրկարար նշանակությունը:
Նրա խոսքն ուղղված է մեր սրտին՝ դեպի բարի և չար
խորհուրդների ակունքը, հորդորելով սրբազան
պատվիրանապահությունը սկսել այնտեղից: Նրա
քարոզում «մի՛ սպանիր»-ը վերաբերում է մերձավորի վրա անտեղի բարկանալուն, իսկ անպատկառ հայացքով կանանց նայելը արդեն իսկ շնություն է համարվում:
Այս
քարոզում Տերն ուսուցանեց ճշմարիտ, անշահախնդիր
ողորմության, անցուցամոլ
պահքի, երկրային ունեցվածքի հետ սիրտը չկապելու, հարստությունն արհամարհելու, մշտապես
Աստծուն ապավինելու և
երկնքի արքայությունը փնտրելու մասին:
Հիսուսը Լեռան քարոզում ուսուցանեց Տերունական
աղոթքը և ցույց տվեց ճշմարտապես ու աստվածահաճ
աղոթելու կերպը:
Այս
քարոզում Նա պատվիրեց սիրել ոչ միայն մերձավորներին, այլև մեր թշնամիներին,
օրհնել մեզ հալածողներին և բարություն անել ատողներին՝ ձգտելով կատարելության:
Հասնել կատարելության և նմանվել
Աստծուն՝ այսպիսի անհավատալի բարձունքի է մեզ հրավիրում
Քրիստոս Իր Լեռան քարոզով: Եվ որքան էլ անմատչելի է թվում, դա է քրիստոնեական կյանքի իդեալը, քանի որ այն ձեռք է բերվում ոչ միայն մեր ճիգերով, այլև
շնորհով, որով Տերը լցնում է Իր հավատարիմներին:
Քրիստոսի քարոզը վերացական ուսմունք չէ, այլ՝ կենդանի ներգործություն մեր սրտերի վրա, որով Նա Իր մյուս
տնօրինությունների հետ սրբագործում և
փրկագործում է մեզ: Այն ամբողջովին ներթափանցված է աստվածային սիրով ու
շնորհով, ուստի ոչ միայն պարտավորեցնում, այլև զորացնում է մեզ՝ լինելու այնպիսին, ինչպիսին պետք է լինի
Աստծուն որդեգրված հոգին: