русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԻՍՐԱՅԵԼԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
id207Երբ Սամուել մարգարեն ծերացավ, որպես Իսրայելի դատավորներ կարգեց իր որդիներին: Սակայն նրանք չունեին իրենց հոր արդարությունը և բազմաթիվ անօրինություններ էին գործում: Այդ պատճառով Իսրայելի երեցները պահանջեցին Սամուելից, որ նա մի թագավոր կարգի իրենց վրա, որպեսզի իրենց ժողովուրդն էլ ապրի այնպես, ինչպես մյուսները: Այդ ցանկությունը դեմ էր Աստծո կամքին: Բայց Նա, անսալով ժողովրդի ցանկությանը, Սամուելի միջոցով թագավոր կարգեց Բենիամինի ցեղից Սավուղ անունով մի երիտասարդի: Իսրայելի այս առաջին թագավորը, սակայն, չէր կատարում Տիրոջ կամքը, և նրա օրոք ժողովրդի կյանքն առավել վատթարացավ:
Սավուղին հաջորդեց Դավիթ թագավորը, այնուհետև՝ Սողոմոնը, որոնք մեծ գործերով փառավորեցին Աստծո անունը: Սակայն Սողոմոնի մահից հետո Իսրայելի թագավորությունը բաժանվեց երկու մասի: Սողոմոնի որդի Ռոբովամը, արհամարհելով երկրի ծերերի խորհուրդը, չզիջեց ժողովրդի պահանջներին և չթեթևացրեց նրա վիճակը, այլ խոստացավ անել ճիշտ հակառակը: Դրա հետևանքով Իսրայելի 12 ցեղերից տասն ապստամբեցին Ռոբովամի դեմ և իրենց թագավոր կարգեցին Հերոբովամին: Նորաստեղծ թագավորությունը կոչվեց Իսրայելի կամ Հյուսիսային թագավորություն, քանի որ գտնվում էր երկրի հյուսիսում: Նրա առաջին մայրաքաղաքը դարձավ Սյուքեմը:
Սողոմոնի որդի Ռոբովամին հավատարիմ մնացին միայն Հուդայի ցեղը և Բենիամինի ցեղի մի մասը, որոնք էլ կազմավորեցին Հուդայի թագավորությունը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով: Այն կոչվում էր նաև Հարավային թագավորություն, քանի որ գտնվում էր Իսրայելի հարավում:
Հյուսիսային թագավորությունն ունեցավ 19 թագավոր՝ 9 տարբեր տոհմերից: Նրանք բոլորն էլ անհաճո էին Տիրոջ աչքին, որովհետև կուռքեր էին պաշտում և ժողովրդին էլ նույնը սովորեցնում: Թագավորությունը գոյատևեց մոտ 250 տարի: Այն կործանվեց խիստ հզորացած Ասորեստանի կողմից. 3 տարվա պաշարումից հետո, մ. թ. ա. 722 թ., գրավվեց նրա մայրաքաղաք Սամարիան, իսկ ժողովուրդը գերեվարվեց:
Հուդայի թագավորությունն ունեցավ 20 թագավոր՝ բոլորն էլ Դավթի տոհմից: Նրանց մեծ մասը նույնպես հեռացավ ճշմարիտ Աստծուց, բայց եղան նաև այնպիսիները, որոնք ծառայում էին Տիրոջը և կատարում Նրա կամքը: Հարավային թագավորությունը գոյատևեց շուրջ 370 տարի և կործանվեց Բաբելոնի Նաբուքոդոնոսոր թագավորի կողմից մ. թ. ա. 597 թ.:
Երբ պարսից Կյուրոս արքան նվաճեց Բաբելոնը, հրեաներին թույլ տվեց հայրենիք վերադառնալ, որտեղ նրանք ձեռնամուխ եղան Երուսաղեմի երկրորդ Տաճարի կառուցմանը: Սակայն իսրայելացիները երկար ժամանակ չունեցան անկախ թագավորություն՝ գտնվելով պարսկական գերակայության ներքո:
332 թ. Իսրայելը նվաճվեց Հունա-Մակեդոնական կայսրության կողմից, որի բաժանումից հետո ենթարկվեց նախ պտղոմեոսյանների (323 թ.), ապա՝ սելևկյանների (198 թ.) իշխանությանը: Վերջիններիս դաժան և աստվածամարտ հալածանքները հանգեցրին տևական ապստամբության (166 թ. սկսած), որի արդյունքում 142 թ. վերականգնվեց Իսրայելի թագավորությունը՝ Մակաբայեցիների կամ Հասմոնյանների տոհմի գլխավորությամբ: Հասմոնյանների պետությունը թեև որոշակի կախվածության մեջ էր այն ժամանակ հզորացած Հռոմեական կայսրությունից, սակայն կարողացավ միառժամանակ երկիրը զերծ պահել օտար միջամտություններից և ամեն կերպ նպաստեց կրոնական կյանքի ամրապնդմանը:
63 թ. Հռոմը վերջնականապես նվաճեց Իսրայելը, որի գերագույն իշխանությունը արդեն իրեն էր ենթարկվում, թեև ժողովրդին անմիջականորեն ղեկավարում էին քահանայապետները՝ մակաբայեցիների ցեղից:
Մակաբայեցիներից հետո, Քրիստոսի գալստյան նախօրեին, հրեաների թագավոր հռչակվեց Հերովդես Մեծը (մ. թ. ա. 37-4 թթ.), որն այդ տիտղոսը ստացել էր Հռոմի սենատի կողմից և ամեն ինչով հաճոյանում էր նրան: Թեև նա ձեռնարկեց Երուսաղեմի Տաճարի վերակառուցման և բարեկարգման գործը, սակայն հեռու էր աստվածպաշտությունից, իսկ Իսրայելի ժողովրդի հանդեպ խիստ դաժան էր: Այդպիսին էին նաև նրան հաջորդած որդիները:
Այդ շրջանում շատ հրեաներ սպասում էին Մեսիայի մոտալուտ գալստյանը՝ նրա հետ կապելով Իսրայելի նոր թագավորության ստեղծման հույսերը: Սակայն, իհարկե, դա չիրականացավ այնպես, ինչպես նրանք էին ակնկալում, քանզի ճշմարիտ Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի թագավորությունը ոչ թե երկրային է, այլ երկնային և հավիտենական, որը ժառանգեցին քրիստոնյաները:
 
sacredtradition.am