русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ
id174Հայոց մայր եկեղեցին է: IV դ. պատմիչ Ագաթանգեղոսի վկայությամբ՝ կառուցել է ս. Գրիգոր Լուսավորիչը ս. Տրդատ թագավորի օժանդակությամբ 303 թ.՝ Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում: Տաճարը կառուցվել է ս. Գրիգորի տեսիլքում ցույց տրված՝ Աստծո Միածին Որդու իջման վայրում (այստեղից՝ «Էջմիածին» անունը):
Ըստ ազգային ավանդության՝ համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյ նախահայրն այստեղ է սեղան կանգնեցրել և գոհության պատարագ մատուցել Աստծուն:
Տաճարի IV դ. հորինվածքի վերաբերյալ եղել են տարբեր տեսակետներ (օրինակ՝ եռանավ բազիլիկ): 1950-ական թթ. տաճարի պեղումներից բացվեցին ներկայիս մույթերի տակ լուսավորչաշեն կառույցի գմբեթակիր մույթերի խաչաձև խարիսխները, իսկ ավագ խորանի տակ՝ նախնական խորանը: Ենթադրյալ եռանավ բազիլիկի հետքեր բնավ չհայտնաբերվեցին: Հետևաբար, Ս. Էջմիածնի Մայր տաճարն ի սկզբանե եղել է գմբեթավոր՝ առաջին գմբեթավոր եկեղեցին քրիստոնեական ճարտարապետությունում:
360-ական թթ. պարսից Շապուհ II արքայի՝ Հայաստանում կատարած ավերածություններից Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ մեկտեղ տուժել է նաև Ս. Էջմիածնի Մայր տաճարը: 483-484 թթ. տաճարը հիմնովին վերակառուցել է իշխան Վահան Մամիկոնյանը, որից հետո այն ստացել է հատակագծային և տարածածավալական իր այժմյան տեսքը՝ խաչաձև կենտրոնագմբեթ, քառամույթ, քառախորան հորինվածքով, որը Բյուզանդիայի միջոցով IX-XI դդ. տարածվեց Եվրոպայում և եղավ հայկական եկեղեցական ճարտարապետության մեծ ավանդը ողջ քրիստոնեական ճարտարապետության մեջ:

Ս. Էջմիածնի Մայր տաճարի ընդհանուր տեսքը հյուսիս-արևմուտքից
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

615-628 թթ. Ս. Էջմիածնի Մայր տաճարը նորոգել է Կոմիտաս I կաթողիկոսը: 1627 թ. Մովսես Տաթևացի կաթողիկոսը վերակառուցել է գմբեթը: 1654-1658 թթ. արևմտյան մուտքի առջև Փիլիպոս կաթողիկոսը կառուցել է զանգակատուն (ճարտարապետ՝ Սահակ Հիզանեցի), որը 1664 թ. նկարազարդել է Զաքարե Ոսկերիչը:

Ս. Էջմիածնի Մայր տաճարի զանգակատան ստորին հարկի որմնանկարը
Լուսանկար՝ Աշոտ Մովսիսյանի

1682-ին խորանների տանիքներին փոքրիկ զանգակատներ են կառուցվել: 1712-1721 թթ. տաճարի ներսը որմնանկարել է նշանավոր տաղերգու և նկարիչ Նաղաշ Հովնաթանը:
1869-ին արևելյան ճակատին կից կառուցվել է թանգարանի շենք: 1955-1965 թթ. Ս. Էջմիածնի Մայր տաճարը նորոգվել է. ամրացվել են գմբեթակիր մույթերը, ծածկի թաղերը, վերականգնվել են որմնանկարները և այլն:
Ս. Էջմիածնի Մայր տաճարում են պահվում Հայ Եկեղեցու կարևոր սրբությունները, այստեղ է կատարվում Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունը և օծումը:
 
sacredtradition.am