Ս. ԵՎԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ (345-399)
id154Ս. Եվագրը ծնվել է հոգևորականի ընտանիքում: Երիտասարդ տարիքից աշակերտել է ս.
Բարսեղ Կեսարացուն և նրա կողմից
դպիր է
ձեռնադրվել: Կեսարացու
մահից հետո աշակերտել է ս.
Գրիգոր Նյուսացուն և ս.
Գրիգոր Աստվածաբանին, որոնց հետ ներկա է եղել Կոստանդնուպոլսի II
տիեզերական ժողովին (381 թ.):
Ս. Եվագր Պոնտացի
Երուսաղեմ, ձեռ. 285, Հարանց վարք, 1430 թ., Կաֆա (Ղրիմ)
Եվագրի նվիրվածությունը տեսնելով՝ ս.
Գրիգոր Աստվածաբանը նրան
ձեռնադրել է
սարկավագ: Հերձվածողների դեմ նրա արդյունավետ պայքարը շուտով Եվագրին հայտնի է դարձրել Կոստանդնուպոլսում: Սակայն անսպասելիորեն,
տեսիլքի ազդմամբ, նա
ուխտել է մենակյաց լինել և 382 թ. Կոստանդնուպոլսից հեռացել է Պաղեստին, ապա՝ Եգիպտոսի
անապատները, որտեղ խստակրոն կյանք է վարել շուրջ 16 տարի: Այդ ընթացքում Եվագրն իր
ճգնավորական փորձառությունների հիման վրա գրել է բազմաթիվ խրատական երկեր՝ նվիրված տեսական և գործնական հոգևոր կյանքին: Մեծ է նրա ներդրումը
դիվային ներշնչումների ճանաչմանը և դրանց դիմակայմանը վերաբերող
ճգնավորական գրականության մեջ: Եվագրի գրչին է պատկանում
մեղքերի հնագույն դասակարգումը ըստ 8
չար խորհուրդների:
Նա վախճանվել է ոչ ծեր հասակում՝ բարի համբավ թողնելով
քրիստոնյա աշխարհում: Սակայն VI դ. Բյուզանդիայում
աստվածաբանական վեճերի ընթացքում սխալմամբ Եվագրին հերձվածողական գաղափարներ են վերագրվել, և նրա ուսմունքը նզովվել է 553 թ. ժողովի կողմից: Մինչև օրս նրա
սրբությունը չի ճանաչվում
քաղկեդոնական Եկեղեցիներում, թեև մեծ տարածում ունեն նրա երկերը: Մինչդեռ ս. Եվագրը
Հայ Եկեղեցու սիրված և տոնելի
սրբերից է: Նրա գրքերի զգալի մասը դեռևս V դ. թարգմանվել է հայերեն՝ զգալի ազդեցություն թողնելով հայ հոգևոր գրականության զարգացման վրա: