ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ
id141Եկեղեցու անդամները միմյանց հետ մշտապես հաղորդակցվում են թե՛ հոգով, թե՛ մտքով և թե՛ խոսքով: Եթե այդ հաղորդակցության մեջ տեղ են գտնում էական տարաձայնություններ ու հակասություններ, այդժամ խախտվում է
Եկեղեցու միությունը, սկսվում է խռովք ու ալեկոծություն: Նման խնդիրներին
Եկեղեցին, որպես կենդանի մարմին, անդրադառնում է հատուկ միջոցառումով՝ եկեղեցական ժողովով:
Ժողովի տևողությունը, ինչպես նաև նրա մասնակիցների և տեղի ընտրությունը պայմանավորված են ծագած խնդրի բարդությամբ, խորությամբ և տարածման չափերով: Ըստ այդմ էլ լինում են փոքր և մեծ, տեղական, ազգային և
տիեզերական ժողովներ: Կարևորագույն հարցերի շուրջ գումարվող ժողովներին հիմնականում մասնակցում են
եպիսկոպոսները:
Եկեղեցական ժողովները կոչված են գտնելու ծագած
դավանական,
ծիսական, բարոյական կամ կազմակերպչական խնդիրների ճշմարիտ՝ աստվածահաճ, ուղղափառ լուծումը: Եվ որքանով մեծ է մասնակիցների
սրբությունը, աստվածասիրությունը և շնորհների առատությունը, այնքանով նրանց օժանդակում է Ինքը
Սուրբ Հոգին և հաճախ
հայտնության միջոցով հարթում ծագած դժվարությունները:
Այդպիսին էին հատկապես առաջին 3
տիեզերական ժողովները, որոնց գրեթե բոլոր մասնակիցները սուրբ էին՝ լի աստվածային
շնորհով և խաղաղությամբ: Այս պատճառով այդ ժողովների որոշումները լուծեցին քրիստոնեական
դավանության հիմնական խնդիրները՝ դրանք սահմանելով սրբագործված
աստվածաբանական բանաձևերով, որպեսզի հավատացյալները միասնական լինեն
հավատով, մտքով և խոսքով: