SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
id375Այսպես է կոչվում Եկեղեցու պաշտոնյաների նվիրական, այսինքն՝ սրբազան իշխանությունը, որը շնորհվում է ի վերուստ՝ ձեռնադրության և օծման միջոցով:
Վաղ Եկեղեցու նվիրապետությունը հիմնականում ունեցել է երեք աստիճան՝ սարկավագություն, քահանայություն և եպիսկոպոսություն: Ժամանակի ընթացքում նվիրապետական աստիճանները շատացել են, և ձևավորվել է առավել բարդ աստիճանակարգության: Հայ Եկեղեցու նվիրապետությունը, հրեշտակների 9 դասերի նմանությամբ, ունի 9 աստիճան՝ դռնապանություն, ընթերցողություն, երդմնեցուցչություն, ջահընկալություն, կիսասարկավագություն, սարկավագություն, քահանայություն, եպիսկոպոսություն, կաթողիկոսություն: Սակայն այսօր այս դասակարգումը փաստորեն պայմանական բնույթ է կրում, քանի որ առաջին 4 աստիճանները տրվում են միանգամից՝ ի դեմս դպիրի, իսկ հաջորդ՝ կիսասարկավագության և սարկավագության աստիճանները շնորհվում են գրեթե միաժամանակ: Փոխարենը առաջացել է ուրարակրի աստիճանը, որով դպիրի դերը մոտենում է սարկավագին: Իսկ բարձր հոգևոր դասերում զանազանվում են առավել գերակա տիտղոսակիրներ՝ ըստ վարչական պատասխանատվության կամ վաստակի, ինչպիսիք են ավագ քահանան և արքեպիսկոպոսը, որոնք նվիրապետական աստիճաններ չեն, սակայն կարևոր գործառույթներ ունեն Եկեղեցու կյանքում: Հայ Եկեղեցու նվիրապետության բարձրագույն աստիճանը եպիսկոպոսապետն է կամ կաթողիկոսը: Եպիսկոպոսապետի կամ հայրապետի դեր են կատարում նաև պատրիարքները՝ իբրև տվյալ աթոռի նվիրապետներ, սակայն պատրիարքությունը նվիրապետական աստիճան չի համարվում:
Ըստ հոգևոր կոչման՝ քահանաների մեջ առավել պատվավոր դիրք են գրավում կուսակրոն քահանաները՝ աբեղաները, իսկ վերջիններիս մեջ՝ վարդապետները:
Եկեղեցու նվիրապետական համակարգը ներկայացնում է հոգևոր սպասավորության ամբողջությունը, որն ապահովում է շնորհի փոխանցումը ժողովրդին և նրա հաղորդակցությունը երկնային բարիքների հետ:
 
sacredtradition.am