SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ
id194Ժամերգություն է կոչվում Եկեղեցու ամենօրյա ընդհանրական պաշտամունքը, որը կատարվում է որոշակի աղոթաժամերի՝ իբրև երախտիքի և հիշատակության տուրք այն սրբազան իրողությանը, որը կատարվել է տարվա կամ շաբաթվա որոշակի օրվա մեջ կամ օրվա որոշակի պահի:
Այն օրերն ու ժամերը, որոնցում մեր Տերն իրագործեց իր տնօրինությունները, ամենևին պատահական չեն. դրանք ընտրվել են աստվածային կանխագիտությամբ, քանզի զարմանալի համաչափությամբ բոլորում են ինչպես տարվա ու շաբաթվա, այնպես էլ օրվա շրջանը՝ այն ամբողջացնելով հոգևոր բովանդակությամբ: Եվ Եկեղեցու աստվածպաշտության օրական շրջանը կազմող ժամերգությունները հիմնականում նվիրված են այդ պահերի տնօրինական խորհուրդներին:
Հայ Եկեղեցու Ժամագիրքը կազմված է հետևյալ 9 ժամերգություններից՝ Գիշերային, Առավոտյան, Արևագալի, 3-րդ ժամի (ժ. 9), 6-րդ ժամի կամ Միջօրեի (ժ. 12), 9-րդ ժամի (ժ. 15. այս երեքը կոչվում են Ճաշու ժամեր), Երեկոյան, Խաղաղական և Հանգստյան:
Հնում բոլոր ժամերգությունները կատարվել են համապատասխան ժամերի՝ հատկապես վանքերում: Հետագայում դրանք սկսեցին կատարվել միասին. Գիշերային, Առավոտյան և Արևագալի ժամերգությունները՝ առավոտյան. Ճաշու 3 ժամերգությունները՝ ցերեկը. իսկ Երեկոյան, Խաղաղական և Հանգստյան ժամերգությունները՝ երեկոյան: Ներկայումս կատարվում են միայն Գիշերային, Առավոտյան և Երեկոյան ժամերգությունները. առաջին երկուսը՝ առավոտյան, իսկ վերջինը՝ երեկոյան: Օրվա մեջ 3 անգամ միացյալ ժամերգություններ կատարելու վերոնշյալ կարգը մասամբ վերականգնվում է Մեծ պահքի շրջանում: Այնուհանդերձ, սրանով չի նվազում ժամերգության նշանակությունն ու ներգործությունը, և մեծ է նրա դերը Եկեղեցու կյանքում: Ժամերգությամբ ամբողջանում և կարգավորվում է քրիստոնյայի ամենօրյա աստվածպաշտությունը: Կենցաղի հոգսերը և առօրյան ընդմիջելով աղոթքներով ու հոգևոր երաժշտությամբ՝ հավատացյալը մի պահ վերանում է երկրային տպավորություններից և լցվում երկնային շնորհներով՝ հանդարտվելով ու թոթափվելով ավելորդ լարվածությունից: Վերապրելով յուրաքանչյուր ժամերգության տնօրինական խորհուրդը և հաստատվելով ավետարանական ճշմարտություններով՝ մարդը վերաիմաստավորում է օրվա ընթացքը և ձգտում ամեն ինչ կենսագործել ըստ պատվիրանի:
Այսպես ժամերգությունները զարդարում և լուսավորում են քրիստոնյայի օրը, այն դարձնում աստվածահաճ և օրհնյալ՝ պատսպարելով աշխարհի ապականիչ ներգործությունից:
* * *

Ժամերգությունների բովանդակային կառուցվածքը Եկեղեցու կյանքում ունեցել է իր որոշակի սկզբնավորումն ու զարգացումը: Սկզբում այն ներդաշնակորեն միահյուսվել է հրեական աստվածպաշտության հետ, որը հիմնականում պարունակել է սաղմոսերգություններ: Այս պատճառով վաղքրիստոնեական ժամակարգությունը կազմված է եղել գլխավորապես Սաղմոսարանից՝ բաժանված ըստ սաղմոսների խմբերի, որոնք մարգարեաբար առնչվում են Քրիստոսի տնօրինություններին: Ըստ այդ ժամակարգության, յուրաքանչյուր ժամին ընթերցելով համապատասխան սաղմոսների խումբը, փաստորեն մեկ օրվա մեջ ընթերցվել է ողջ Սաղմոսարանը: Հետագայում սաղմոսները կանոնակարգվեցին ըստ 8 ձայնեղանակների, այնպես որ Սաղմոսարանի ամբողջական ընթերցումը բաշխվեց 8 օրերի գիշերային ժամերգությունների միջև: Ավելի ուշ սաղմոսերգությանը կցվեցին բուն քրիստոնեական բովանդակությամբ երգեր ու շարականներ, հավելվեցին աղոթքներ ու քարոզներ, մաղթանքներ և օրհներգություններ, սուրբգրային ընթերցվածքներ և ծիսական այլ տեքստեր:
Ժամերգության կարգն իր այս բազմաձև դրսևորումներով կոչված է առավել ընդգծելու մատուցվող հոգևոր խորհրդի կարևորությունը:
Թեև բոլոր ժամերգություններում էլ աղոթում ու փառաբանում ենք թե՛ Սուրբ Երրորդությանը, թե՛ երեք Անձերից յուրաքանչյուրին, սակայն ամեն մի ժամերգության վերտառության մեջ նշվում է, թե այն Երրորդության Անձերից հատկապես Ում է ուղղված: Ընդ որում, 9 ժամերգությունների հաջորդական եռյակներից յուրաքանչյուրը տարբեր հերթականությամբ անպայման պարունակում է երեք Անձերի հիշատակությունը. առաջին եռյակը հաջորդաբար նվիրված է Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, երկրորդը՝ Սուրբ Հոգուն, Հորը և Որդուն, իսկ վերջինը՝ Որդուն, Սուրբ Հոգուն և Հորը:


Գիշերային ժամերգության խորհուրդը և բովանդակությունը

Գիշերային ժամերգությունը կատարվում է ի դեմս Հայր Աստծո: Նրա տնօրինական խորհուրդն է Փրկչի ծնունդը, իսկ հոգևոր նշանակությունը՝ մտքի արթնությունը և զգաստությունը:
Ըստ կատարման ժամի՝ կեսգիշերի, այն օրվա առաջին ժամերգությունն է, քանզի Քրիստոս, գիշերը ծնվելով, լուսավորեց ադամական մեղքով խավարի մեջ ընկղմված մարդկությանը: Այդ պատճառով քրիստոնյայի աղոթական օրը սկսվում է կեսգիշերին արթնանալով, որպեսզի կցորդվելով Քրիստոսի գալստյան խորհրդին՝ նա փարատվի իր մեղքերի գիշերային խավարից և լուսավորվի շնորհի լույսով: Այստեղ կեսգիշեր նշանակում է ոչ թե ժ. 24.00, այլ՝ արևածագից մոտ 3 ժամ առաջ:
* * *

Գիշերային ժամերգությունը, մյուսների պես, սկսվում է Տերունական աղոթքով, որին ավանդաբար հաջորդող՝ Սուրբ Երրորդությանն ուղղված օրհնաբանությունից առաջ երկու անգամ ասվում է սաղմոսի հետևյալ հատվածը. «Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնությունս Քո» [Սաղմ. 50.17]: Սա ժամերգության և առհասարակ աղոթքի ճշմարիտ սկզբնավորման խորհուրդն է. ի հակադրություն ադամական մեղքի, որ կատարվեց արգելված պտղի ճաշակման համար աներկյուղ կերպով շուրթերը բանալով, մենք երկյուղով խնդրում ենք Տիրոջը, որ Ինքը բանա մեր հոգու շուրթերը՝ արթնացնելով մեզ մեղքի քնից և համարձակություն շնորհի օրհնաբանել Իրեն:


«Տէ՛ր, զի՜ բազում…»
Սրան հաջորդում է փոխի առաջին կարգը՝ «Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ» սկսվածքով: Այն կազմված է 4 սաղմոսների հատվածներից [Սաղմ. 3.1-8; 87.2-19; 103.1-22; 142.1-12], որոնց ընդհանուր բովանդակությունն է մի կողմից՝ խիստ նեղության մեջ գտնվողի՝ երկյուղով ու հավատով լեցուն աղաղակը Արարչին՝ փրկել իրեն շրջապատող թշնամիներից ու թշվառ վիճակից, մյուս կողմից՝ Տիրոջ ցնծագին գովաբանությունը Նրա մեծ ողորմածության համար նրանց հանդեպ, ովքեր երկյուղում են Նրանից ու ձգտում ծառայել Նրան: Գիշերային ժամերգության սկզբում գտնվող այսպիսի աղոթքի խորհուրդն է՝ մեղքի տանջալից գիշերից անցնել դեպի արդարության օրհնառատ լույսը Տիրոջ փրկագործությամբ, ինչպես նաև՝ քրիստոնյային շրջապատող դիվային փորձությունների ու հալածանքների խավարի հանդեպ աչալուրջ և զգաստ լինել հոգևոր արթնությամբ:


«Յիշեսցուք ի գիշերի»
Աղոթքին հաջորդում է ս. Ներսես Շնորհալու «Յիշեսցուք ի գիշերի զանուն Քո» երգը: Նրա սքանչելի խոսքերն ու երաժշտությունը ներկայացնում են գիշերով առ Աստված աղոթքի կանգնելու գեղեցկությունը՝ հորդորելով հոգու արթնությամբ նմանվել հրեշտակներին և կանխաճաշակել այս դարաշրջանի գիշերին հաջորդող համընդհանուր հարության լուսաբացը: Այժմ կատարվում է միայն այն օրերին, երբ պատարագ է մատուցվում:


«Զարթուցեալքս»
Երգից հետո սարկավագն ասում է ս. Հովհան Մանդակունու «Զարթուցեալքս» քարոզը: Այն խրատում է աղոթքի այս ժամին լինել երկյուղած, հավատով ու զղջավոր սրտով առլեցուն և գոհանալ Տիրոջից Նրա բարերարությունների համար:
Այս քարոզից հետո ասվում է «Տէ՛ր, ողորմեա՛» սահմանված կարգով. ըստ մի ավանդության` կիրակի օրը և տերունական, ինչպես նաև սրբոց տոներին՝ 3, իսկ ապաշխարության օրերին՝ 50 անգամ, իսկ ըստ այլ ավանդության` կիրակի օրը և տերունական տոներին՝ 3, սրբոց տոներին՝ 50, իսկ ապաշխարության օրերին՝ 100 անգամ: Ներկայումս այս կարգը մասամբ մոռացված է, և սովորաբար բոլոր օրերին միայն 3 անգամ «Տէ՛ր, ողորմեա՛» է ասվում:


«ԶՔէն գոհանամք»
Քարոզին սովորաբար հաջորդում է քահանայի աղոթքը՝ կառուցված ըստ այդ քարոզի բովանդակության: Տվյալ դեպքում դա «ԶՔէն գոհանամք»-ն է, որի հեղինակը նույնպես ս. Հովհան Մանդակունին է: Այդ աղոթքով քահանան նախ գոհանում է Տիրոջից Նրա երախտիքների համար, ապա խնդրում է, որ գիշերվա շարունակությունը լինի Նրա պահպանության ներքո:


«Առաւօտ լուսոյ» և «Աշխարհ ամենայն»
Ժամագրքում վերոհիշյալ քարոզի և աղոթքի միջև զետեղված են ս. Ներսես Շնորհալու «Աշխարհ ամենայն» և «Առաւօտ լուսոյ» երգերը՝ կերտված հայոց այբուբենի տառերի հերթականությամբ: Առաջինը ապաշխարության երգ է՝ լի զղջմամբ ու մեղքերի խոստովանությամբ: Սահմանված է բոլոր սրբոց տոներին կատարելու համար: Իսկ երկրորդը բովանդակում է քրիստոնեական հավատի և հոգևոր կյանքի հիմնարար սկզբունքները՝ դրանցով օժտվելու աղոթական հայցմամբ: Սահմանված է բոլոր տերունական տոներին կատարելու համար: Այժմ այս ավանդությունը մասամբ զեղչված է, և այս երգերը երգվում են միայն այն օրերին, երբ պատարագ է մատուցվում:


Կանոն և կանոնագլուխ
«ԶՔէն գոհանամք» աղոթքից հետո սկսվում է սաղմոսերգությունը: Սաղմոսները Գիշերային ժամերգության մեջ կարդացվում են ըստ տվյալ օրվա ձայնեղանակի, որը կազմում է Սաղմոսարանի մոտ 1/8 մասը, քանի որ սաղմոսները, ըստ 8 ձայնեղանակների, բաժանված են 8 կանոնների: Յուրաքանչյուր կանոն ունի 7 ենթաբաժին, որոնցից առաջին վեցն ընթերցվում են թվերգով, իսկ 7-րդը, որը կրում է կանոնագլուխ անվանումը, կատարվում է դաս առ դաս՝ բարձրաձայն երգեցողությամբ:
Սա խորհրդանշում է մեղքի դեմ լիակատար հաղթանակը՝ նախատիպ ունենալով Իսրայելի ժողովրդի պտտվելը Երիքովի շուրջ՝ 6 անգամ լռությամբ, իսկ 7-րդ անգամ՝ աղմուկով, ինչի շնորհիվ քանդվեցին քաղաքի պարիսպները [Հես. 6.10-20]: Այժմ կանոնը չի կատարվում, իսկ կանոնագլուխը երգում են միայն այն օրերին, երբ պատարագ է մատուցվում:


Օրհնություն
Սաղմոսերգությանը հաջորդում է օրհնությունը, իսկ այն օրերին, երբ պատարագ է մատուցվում, նրան հաջորդում է գիշերապաշտոնը, որը ներառում է շարական, սաղմոս, Ավետարանի ընթերցում, երգ, քարոզ, աղոթք և մաղթանք:
Օրհնությունները Հին Կտակարանից վերցված մարգարեական երգերն են, որոնք սաղմոսների պես կանոնակարգված են ըստ 8 ձայնեղանակների, և որոնցից առաջինը կապված է Իսրայելի ժողովրդի՝ Եգիպտոսի գերությունից ազատագրվելու հետ, երբ Մովսեսի քույրը թմբկահարելով կոչ էր անում ժողովրդին փառաբանել Տիրոջը՝ ասելով. «Օրհնեցե՛ք զՏէր, զի փառօք է փառաւորեալ» [Ել. 15.21]: Նույն օրինակով քրիստոնյաներս ամեն օր օրհնում ենք Աստծուն, Ով մեզ ազատեց ադամական մեղքի ու կռապաշտության գերությունից: Ներկայումս օրհնությունը չի կատարվում, միայն երգվում է նրան ըստ կարգի հաջորդող, համապատասխան սկսվածք և բովանդակություն ունեցող օրհնության շարականը:
Շարականին հաջորդում են օրվա ձայնին համապատասխան քարոզ, աղոթք և մաղթանք, որոնք կոչված են աղոթողի մտքի հայացքն ուղղել դեպի առաջիկա լուսաբացը և առօրյան՝ գիտակցությունը պատսպարելով սպասվող փորձություններից:


«Թագաւոր յաւիտեան» և «Ալէլուիա»
Ժամերգության վերջին մասը նվիրված է օրվա խորհրդին: Ապաշխարության օրերին կամ մարտիրոսաց տոներին համապատասխանաբար կատարվում են ապաշխարության կամ մարտիրոսաց երգերը՝ «Թագաւոր յաւիտեան», իսկ Հարության և տերունական տոներին՝ «Ալէլուիա» կոչվող երգերը: «Թագաւոր»-ները միշտ սկսվում են «Թագաւոր յաւիտեան», իսկ «Ալէլուիա»-ները՝ եռակի «ալէլուիա» բացականչությամբ: Քանի որ մարտիրոսները փառակից են Քրիստոսին և հավիտենապես թագավորելու են Նրա հետ, մարտիրոսաց «Թագավորներ»-ը, գովաբանությունից բացի, բովանդակում են քրիստոնյայի իղձը պսակակից լինել սրբերին, ուստի երգերի վերջում հայցվում է նրանց բարեխոսությունը: Իսկ «Ալէլուիա»-ներով երգակցում ենք սրբերին ու հրեշտակներին և ավետիս տալիս քրիստոնյաներին Քրիստոսի փրկագործության համար:
Ժամերգությունն ավարտվում է փակման մաղթանքով:



Առավոտյան ժամերգության խորհուրդը և բովանդակությունը

Առավոտյան ժամերգությունը կատարվում է ի դեմս Որդի Աստծո: Նրա տնօրինական խորհուրդն է Քրիստոսի հարությունը, քանի որ այս ժամին՝ արշալույսին, Նա երևաց յուղաբեր կանանց [Մատթ. 28.1-10, Մարկ. 16.1-9, Ղուկ. 24.1-10, Հովհ. 20.1-17]: Բացի այդ, ըստ սուրբ վարդապետների, այս ժամին է ստեղծվել մեր նախահայր Ադամը, և նույն ժամին էլ լինելու է համընդհանուր հարությունը: Ահա այս խորհուրդների հիշատակմամբ լուսաբացին աղոթքի ենք կանգնում՝ վճարելու մեր սրբազան պարտքը այս ժամին մեզ կրկնակի Արարողին. նախ՝ չգոյությունից կյանքի կոչելով, ապա՝ մեղքով մեռածներիս Իր հարությամբ նորոգելով, որ այս նույն ժամին էլ գալու է հավաքելու Իր բերքը և յուրաքանչյուրիս հատուցելու ըստ հավատի ու գործերի:
Արշալույսը խորհրդանշում է խավարից դեպի լույս անցնելը. առավոտվա տեսանելի լույսի բացվելն ազդարարում է աստվածային իմանալի լույսի ծագումը և շնորհների հեղումը: Այս ժամին աղոթքի կանգնելով՝ մենք պատրաստվում ենք ընդունել երկնային շնորհի լույսը, որպեսզի գալիք օրն ապրենք իբրև լուսո որդիներ և մաս չունենանք մեղքի խավարի հետ:
* * *

Առավոտյան ժամերգությունն էլ, բնականաբար, սկսվում է Տերունական աղոթքով, որին հաջորդում է հատված սաղմոսից՝ «Լցաք առաւօտու ողորմութեամբ» սկսվածքով [Սաղմ. 89.14-17]:


«Օրհնութիւն երից մանկանց»
Սա ժամերգության առաջին փոխն է, որը բովանդակում է հնոցը նետված երեք պատանիների օրհներգը [Դան. 3.26-45, 52-90]: Հինկտակարանյան այս սքանչելի դրվագը, որը ներկայացնում է կռապաշտությունից հրաժարված պատանիների իմաստուն աստվածասիրությունը և հրաշալի փրկությունը, ընկալվում է իբրև խորհրդանշական նախօրինակը քրիստոնեական Եկեղեցու, որը, շրջապատված լինելով աշխարհի ապականիչ ներգործությամբ, չի ընկրկում բռնակալ թագավորի՝ սատանայի կամքի առջև, որքան էլ որ նա բորբոքում է հրապուրիչ ցանկությունների հուրը, որպեսզի Եկեղեցուն հեռացնի իր երկնավոր Փեսայի հավատարմությունից:


«Հարց»
Երեք մանուկների օրհներգության խորհուրդը զարգացնում է «Հարց»-ի շարականը: Արդ, երբ երեք պատանիները հնոցում խոնարհ հոգով օգնության կանչեցին Արարչին, Բանն Աստված իջավ հնոց ու կրակից փրկեց նրանց, իսկ պատանիները սկսեցին օրհներգել Աստծուն: Այդպես և Եկեղեցին, ամեն առավոտ «Հարց»-ի շարականը երգելով, Տիրոջից փրկություն է հայցում մեղքի կրակից, որը ձգտում է այրել մեր հոգիները երկրային կրքերով: Այդ պատճառով էլ շարականին հաջորդող քարոզում հորդորվում է աղաչել Միածնին, որ Նա լուսավոր և սուրբ պահի մեր միտքը, որպեսզի երբեք չխաբվենք մեղքից ու աշխարհի ցանկությունից: Քարոզին հետևում է օրվա խորհուրդը ներկայացնող մաղթանքը:


«Մեծացուսցէ»
Երեք մանուկների օրհներգին հաջորդում է «Մեծացուսցէ»-ն՝ Աստվածամոր օրհնաբանության փոխը, որով առավել անմիջականորեն մերձենում ենք Քրիստոսի փրկագործության խորհրդին, Նրա մարդեղության սքանչելիքին: Այս բաժինը նույնպես սկսվում է սուրբգրային հատվածների, տվյալ դեպքում՝ Ղուկասի Ավետարանի օրհնությունների [Ղուկ. 1.46-55, 68-79; 2.29-32] թվերգով, շարունակվում «Մեծացուսցէ»-ի շարականով, նրան հաջորդող «Սուրբ Աստուածածինն» քարոզով և ավարտվում «Ընկա՛լ, Տէ՛ր» աղոթքով: Այս շարքը մեզ մասնակից է դարձնում ավետարանական օրհնաբանությանը՝ կատարված Աստվածամոր, Զաքարիայի և Սիմեոն Ծերունու կողմից, ապա շարականի երգով մեծարում է Աստվածամորը՝ զմայլվելով նրա փառքի գեղեցկությամբ ու նրա միջոցով կատարվածի աննկարագրելի վեհությամբ, այնուհետև քարոզով ու աղոթքով դիմում է նրա բարեխոսությանը՝ մեղքերից սրբվելու համար:


«Իւղաբերից»
Կիրակի օրերին «Մեծացուսցէ»-ին հաջորդում է «Իւղաբերից» կարգը, որի նպատակն է մեզ ներածել Տիրոջ հրաշափառ հարության խորհրդի մեջ: Սա հաջորդում է «Մեծացուսցէ»-ին, քանզի ինչպես որ Հիսուսը անապական ծնվեց սուրբ Կույսից, այնպես էլ անապական հարություն առավ կնքված կույս գերեզմանից: «Իւղաբերից» կարգը յուրահատուկ ծես է, որ մի շարք գործողություններով ծավալվում է Յուղաբերից ավետարանի՝ Տիրոջ թաղման և հարության պատմության հանդիսավոր ընթերցման շուրջ: Ավետարանի ընթերցմանը հաջորդում է երգ՝ ըստ օրվա խորհրդի, ապա քարոզ է ասվում՝ հորդորելով Փրկչի հարության ավետիսով զվարթացածներիս, որ խնդրենք Նրան մեզ արժանի և փառակից դարձնել Իր հարությանը, քանզի այդ իսկ է Նրա ողջ տնօրինության նպատակը: Քարոզին հաջորդող աղոթքը Քրիստոսի հարության ցնծագին օրհնաբանությունն է, որով սրբերը պիտի դիմավորեն Փրկչին համընդհանուր հարության ժամանակ:


«Ողորմեա»
Կիրակի օրը՝ «Իւղաբերից» կարգին, իսկ սովորական օրերին «Մեծացուսցէ»-ին հաջորդում է «Ողորմեա»-ն: Այն սկսվում է 50-րդ սաղմոսի ամբողջական փոխով, որից հետո երգվում է «Ողորմեա»-ի շարական՝ ըստ օրվա ձայնեղանակի: Շարականին հաջորդում է «Երկրպագեմք Քեզ» քարոզը, ինչպես նաև՝ մաղթանք: Ողջ կարգը ապաշխարական իմաստ ունի: Նախորդ բաժիններում մեր գիտակցությունը խորամուխ եղավ մեր փրկագործության սքանչելի, ահավոր խորհուրդների մեջ, իսկ այժմ դրան հաջորդում է սեփական հոգու մեղսալի ու անկատար վիճակի ճանաչումը՝ բացահայտված այդ խորհուրդների լույսի ներքո: Ուստի «Ողորմեա»-ն աստվածապաշտ հոգու խորհրդական ճամփորդության օրինաչափ հանգրվանն է՝ ապաշխարության աղոթքներով առավել անխղճմտանք ու խաղաղված հոգով Տիրոջը մերձենալու և Նրան հրեշտականման օրհնաբանելու համար:


«Տէր յերկնից»
Եվ ահա, ապաշխարությունից հետո մեզ հրեշտակային օրհնաբանության է հրավիրում «Տէր յերկնից» բաժինը: Այն սկսվում է Սաղմոսարանի վերջին 3 սաղմոսների [Սաղմ. 148; 149; 150] փոխով, որոնք լի են Արարչի ցնծագին օրհնություններով: Առաջին սաղմոսի սկիզբն է «Օրհնեցէ՛ք զՏէր յերկնից», որից էլ ծագել է բաժնի անունը: Ըստ ս. վարդապետների մեկնաբանության՝ այս 3 սաղմոսները հաջորդաբար ուղղված են Սուրբ Երրորդության Անձերին: Սաղմոսներին հաջորդում է «Տէր յերկնից» շարականը՝ ըստ օրվա ձայնեղանակի:


«Փառք ի բարձունս»
Սա ժամերգության խորհրդական բարձրակետն է. ճշմարիտ ապաշխարությամբ սրբված սիրտը լցվում է Արարչի անդադար գոհաբանությամբ, մինչև որ հափշտակվում է աստվածատեսության բարձունքը: Աստվածճանաչողությունը քրիստոնեական հավատի առանցքն է, որից բխած աստվածաբանական բանաձևերի բյուրեղացմամբ Եկեղեցին սնում ու ճշգրտում է իր զավակների միտքը: Այս գործառույթը թափանցել է եկեղեցական աստվածպաշտության մեջ, որտեղ դավանական խոսքի խստությունը զգեստավորվել է իմաստուն և գեղեցիկ ծիսակարգով, որպեսզի, իբրև հոգու կարևորագույն կերակուր, ոչ միայն սնի մեր միտքը, այլև ներթափանցի մեր սրտի գաղտնարանները: «Փառք ի բարձունս»-ը քրիստոնեական ժամակարգության վաղագույն կանոններից է: Սկսվելով Փրկչի ծնունդը հրեշտակների կողմից ազդարարող փառատրությունից [Ղուկ. 2.14]՝ այն վերածվում է ցնծագին օրհներգության՝ Սուրբ Երրորդությանը վերաբերող դավանական կարևորագույն սկզբունքների խոստովանությամբ, և ավարտվում է ողորմություն և արդարության առաջնորդություն ստանալու խնդրվածքներով:


Առավոտյան երգ
«Փառք ի բարձունս»-ը եզրափակող մաղթանքից հետո ասվում է առավոտյան երգը՝ ըստ օրվա խորհրդի և ձայնեղանակի: Կան բազմաթիվ առավոտյան երգեր՝ ստեղծված գլխավոր տոների ու շաբաթվա, այդ թվում՝ Ավագ շաբաթի յուրաքանչյուր օրվա համար: Դրանք հիմնականում կազմված են սաղմոսներից վերցված երկու տներից և մեծ մասամբ գոհության վերառաքումներ են Բարձրյալին: Առավոտվա երգից հետո Ժամագրքում զետեղված են քարոզներ մի շարք տոների և պահոց օրերի համար, որոնք ավարտվում են միևնույն խնդրվածքներով: Բոլոր քարոզներին էլ հաջորդում է «Գոհանամք զՔէն» աղոթքը, որը, խորհրդաբանելով առավոտվա լույսի մասին, գոհանում է Տիրոջից Նրա «պատվիրանների լույսի» համար:


«Սուրբ Աստուած» («Երեքսրբեան»)
Այս գողտրիկ սրբասացությունը Եկեղեցու հնագույն երգերից է, որն էլ նախկինում եզրափակել է ժամերգությունը:
Այն բաղկացած է 3 մասից. առաջինը «Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ» գովաբանությունն է. երկրորդը Տիրոջ փրկական տնօրինություններից մեկի հիշատակումն է՝ ըստ օրվա խորհրդի («որ խաչեցար վասն մեր», «որ յարեար ի մեռելոց» և այլն). իսկ երրորդը «ողորմեա մեզ» խնդրվածքն է: «Սուրբ» մակդիրի եռակի կիրառման պատճառով այս երգը «Երեքսրբեան» անունն է կրում: Կարելի էր կարծել, թե այս 3 կոչերն ուղղված են Սուրբ Երրորդության Անձերին: Այս է պատճառը, որ այլ Եկեղեցիներում «Երեքսրբեան»-ը կատարվում է առանց միջանկյալ հատվածի, իսկ նման հատվածի հավելումը հերձվածողական մոլորություն է համարվում, քանզի ոչ թե Սուրբ Երրորդությունն է խաչվել, այլ՝ Որդին: Սակայն Հայ Եկեղեցու հայրերը գրավոր վկայություններով փաստում են, որ այս երգն ի սկզբանե ուղղված է եղել Որդի Աստծուն, և «սուրբ» բառի եռակի կրկնությունը ոչ թե երեք Անձերի, այլ աստվածային այդ հատկանիշի գերադրականության խորհուրդն է կրում: Եվ երեք Անձերից յուրաքանչյուրին էլ կարելի է եռակի «սուրբ» կոչել և կամ գովաբանել մեկ այլ հատկանիշով, ինչը հանդիպում է բազում այլ օրհներգերում: Ուստի, ասելով «որ խաչեցար», «Երեքսրբեան»-ն ամբողջովին ուղղում ենք Որդի Աստծուն, ինչպես որ անում ենք Նրա մյուս տնօրինությունները հիշատակելիս: Իսկ երբ Հոգեգալստյան տոնին ասում ենք՝ «որ եկիր եւ հանգեար յառաքեալսն», գիտենք, որ երգն ուղղված է Սուրբ Հոգուն:
«Երեքսրբեան»-ին անմիջապես հաջորդում է Աստվածամորն ուղղված փառաբանության և բարեխոսության աղոթքը, որը վերագրվում է Թովմաս առաքյալին, այնուհետև ասվում է փորձություններից փրկություն հայցող մաղթանք և Աստվածամոր բարեխոսությամբ Տիրոջ ողորմությունը խնդրող քարոզ:


«Մանկունք»
Ժամերգության արձակման կարգը սկսվում է փոխով [Սաղմ. 112], որին կցվում է «Մանկունք»-ի շարական՝ ըստ օրվա խորհրդի և ձայնեղանակի: «Մանկունք» անվանումը կարգը ստացել է նշված սաղմոսի երկրորդ տնից. «Օրհնեցէ՛ք, մանկո՛ւնք, զՏէր, օրհնեցէ՛ք զանուն Տեառն»: Մանկական, այսինքն՝ անմեղ սրտով Արարչին օրհնելը քրիստոնյայի բարձրագույն հոգևոր հատկանիշներից է. այս պատճառով էլ «Մանկունք»-ի կարգը զետեղված է ժամերգության վերջին մասում՝ իբրև հոգևոր հասունության և ավարտունության խորհրդանիշ: Շարականին հաջորդում է քարոզը՝ աղոթելու աշխարհի խաղաղության և Եկեղեցու հաստատունության մասին, ապա՝ «Սուրբ ես, Տէ՛ր» աղոթքը, որը Հզորից և Փառավորից հայցում է առավոտվա լույսի հետ ծագեցնել նաև Իր շնորհի լույսը, որպեսզի նրանով ճանաչենք ու զերծ մնանք չարի խաբեություններից:


«Սիրեցի, զի լուիցէ Տէր» և «Բանից իմոց»
Մոտենալով ավարտին՝ ժամերգության բովանդակությունը վախճանաբանական իմաստ է ստանում, քանզի քրիստոնյայի նպատակը՝ իր բոլոր առաքինություններով ու հոգևոր պատերազմներով հանդերձ, ի վերջո մահը սրբագործված դիմավորելն է և հանգչելը արդարների կայանում՝ նմանվելով սրբերին: Ուստի այժմ ասվում է «Սիրեցի, զի լուիցէ Տէր» փոխը՝ բաղկացած 5 սաղմոսների հատվածներից [Սաղմ. 114.1-9; 115.1-10; 116.1-2; 53.3-9; 85.16-17]: Սովորաբար այս փոխն ասվում է ննջեցյալների թաղման ժամանակ, քանզի կենդանության օրոք Աստծուն սիրողը մահվան պահին միանում է սրբերի դասին՝ արժանանալով հավիտենական երանության: Այս խորհրդով էլ՝ փոխին հաջորդող մաղթանքը բոլոր սրբերի բարեխոսությամբ հոգու խաղաղություն է հայցում Բարձրյալից. քարոզն ուսուցանում է Տիրոջից ողորմություն խնդրել՝ հիշելով ծանր պատերազմով մեծ երանության հասած սուրբ ճգնավորներին. իսկ աղոթքը պարունակում է խնդրվածքներ՝ կյանքում նմանվել սրբերին և նրանց պես ժառանգել երկնային կյանքի հավիտենական պսակը:
Պահոց և մարտիրոսաց օրերին «Սիրեցի»-ի փոխարեն ասվում է «Բանից իմոց» փոխը, որ նույնպես բաղկացած է 5 սաղմոսների հատվածներից [Սաղմ. 5.1-12; 89.14-17; 129.1-6; 142.8-12; 53.3-9] և բովանդակում է հոգևոր պատերազմում մեղքի ու չարիքի հաղթահարման խորհուրդը. Քանզի պահքի ժամանակ ապաշխարության զրկանքներին անձնատուր լինելով՝ ճշմարիտ քրիստոնյաները անտեսանելի պատերազմ են մղում չարի դեմ՝ նմանվելով սուրբ նահատակներին:
Երկու փոխերն էլ եզրափակվում են Հովհաննես Սարկավագի «Յիշեա՛, Տէր» քարոզով և «Բարերար եւ բազումողորմ» աղոթքով, որոնցով հայցում ենք Տիրոջ պահպանությունը բոլոր հավատացյալների համար:
Մեծ պահոց շրջանում «Բանից իմոց» փոխից առաջ ընթերցվում է Հրեաստանի Մանասե թագավորի «Տէ՛ր ամենակալ» ապաշխարության աղոթքը, որը նա, ավանդության համաձայն, ասել է իր մեծ անօրինությունների դիմաց Բաբելոն գերեվարվելուց հետո՝ մեծապես զղջալով Տիրոջ առջև, և որի շնորհիվ Աստված կրկին ազատություն է պարգևել նրան [Բ Մն. 33.9-13]: Աղոթքին կցված են զուտ քրիստոնեական բովանդակությամբ տներ, և հաջորդում է քարոզ՝ հորդորող սեփական անձը մեծ մեղավոր համարելով զղջալ Աստծո առջև և աղաչել զերծ մնալ արժանի պատուհասից: Իսկ քարոզին հաջորդող քահանայի աղոթքը գթություն և հաշտություն է հայցում մեղավորներիս համար:


Արարչական երգ
Ժամերգության վերջում կատարվում է ս. Ներսես Շնորհալու «Արարչական» երգը, որը բաժանված է 7 մասի՝ ըստ շաբաթվա օրերի, յուրաքանչյուր օրվա համար պարունակելով 6-ական տուն: Երգի առաջին՝ կիրակի օրվան նվիրված մասը կազմված է հեղինակի անվան, իսկ մյուս 6-ը` հայոց այբուբենի տառերով սկսվող տներից: «Արարչական»-ը բովանդակում է շաբաթվա յուրաքանչյուր օրվան վերաբերող խորհուրդներ՝ կապված և՛ աշխարհի վեցօրյա արարչագործության, և՛ հաջորդող 6 դարաշրջանների, և՛ երկրորդ արարչության՝ Տիրոջ փրկական տնօրինությունների հետ:
«Արարչական»-ից հետո ասվում են օրվա խորհրդին համապատասխան, ժամերգությունը եզրափակող մաղթանք, քարոզ և աղոթք:



Արևագալի ժամերգության խորհուրդը և բովանդակությունը

Արևագալի ժամերգությունը կատարվում է ի դեմս Սուրբ Հոգի Աստծո, ինչպես նաև՝ Քրիստոսի հարության, որ երևաց աշակերտներին: Այս ժամերգության խորհուրդն է մարդու ստեղծումը և համընդհանուր հարությունը: Արևածագի հետ սկսվում է օրվա առաջին ժամը՝ ըստ հին անվանման: Եկեղեցու վարդապետների համաձայն՝ այս ժամին է ստեղծվել մարդը, ուստի և նույն ժամին էլ պետք է լինի ողջ մարդկության հարությունը: Այս պատճառով արևածագի զվարթարար լույսի հետ մենք զվարթաձայն օրհներգում ենք մեր կյանքի Առավոտին և արդար Արեգակին՝ հիշատակելով օրվա այս պահին մեզ լույս աշխարհ բերելը և նույն ժամին էլ մարդկային ցեղի հառնելը և կանգնելը Նրա արդար դատաստանի առջև:
Այս մտածումներով ենք արևածագին կանգնում աղոթքի՝ գոհանալով ու միաժամանակ զգաստանալով, որպեսզի առաջիկա առօրյայում առաջնորդվենք Նրա շնորհի լույսով և, ահեղ դատաստանը հիշելով, զերծ մնանք մեղանչական անկումներից:
* * *

Արևագալի ժամերգությունը սկսվում է 71-րդ սաղմոսի վերջին 3 օրհնաբանական տների ընթերցմամբ [Սաղմ. 71.17-19], որին հաջորդում է «Յարեւելից» երգը՝ իր հորդորակով, ինչպես նաև՝ նույն սկսվածքն ունեցող քարոզ և աղոթք:
Այս բաժինը կարելի է կոչել Արևագալի ժամերգության օրհնաբանական նախամուտք և ներածություն. զգալի խավարի անցնելու հետ մենք հիշատակում ենք իմանալի խավարի՝ հեթանոսության պարտությունը Աստծո Որդու գալստյամբ, որի լույսն այժմ լուսավորում է մեզ: Եվ արդարների Եկեղեցին՝ ողջ քրիստոնյա աշխարհը, արևելքից մինչև արևմուտք անդադար օրհներգում է Նրան՝ հայցելով Նրա լույսով իսպառ թոթափվել մեղքի խավարից ու լիանալ Նրա լուսառատ շնորհներով:
Այնուհետև սկսվում են ժամերգության հիմնական 3 մասերը՝ խարսխված 3 փոխերի վրա՝ «Աղաղակեցէ՛ք առ Տէր, ամենա՛յն երկիր», «Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ» և «Տէր հովուեսցէ» [Սաղմ. 98; 62; 22]: Առաջինը մեզ հորդորում է մերձենալ Լույսին ուղիղ հավատի խոստովանությամբ, երկրորդը հրավիրում է դեպի աստվածագիտության ու երկնային կյանքի կարոտը, իսկ երրորդով սովորում ենք լիովին ապավինել Տիրոջը և ընթանալ Նրա առաջնորդությամբ:
Ըստ նշված սկբունքների էլ՝ ժամերգության 3 փոխերը ճոխացված են համապատասխան երգերով. առաջին փոխին հաջորդում է «Ճգնաւորք» երգը, որով գոհաբանվում են ճգնավորներն ու մարտիրոսները իրենց անսասան հավատի նվիրման համար, երկրորդից հետո երգվում է «Լոյս, Արարիչ լուսոյ» սքանչելի երգը, որը մեր սիրտն ու միտքը բևեռում է Ամենասուրբ Երրորդության եռալույս անհունին, իսկ երրորդ երգը՝ «Ճանապարհ եւ Ճշմարտութիւն», հիշեցնում և մեր սրտում տպավորում է այն, որ առանց Քրիստոսի ոչինչ չենք կարող գործել, որ Նա է արքայության միակ Դուռը և հավիտենական Կյանքը, և որ բարեպաշտ կյանքի հիմնական ու վերջնական նպատակն է երկրից երկինք ելնելը:
Այս երգերից յուրաքանչյուրին հետևում են համապատասխան հայցվածքներ հորդորակի, մաղթանքի, քարոզի և աղոթքի միջոցով: «Ճգնաւորք» երգից հետո հայցվում է պսակակից լինել ճգնավորներին ու մարտիրոսներին՝ նրանց իսկ բարեխոսությամբ. «Լոյս, Արարիչ լուսոյ» երգից հետո հնչում են Սուրբ Երրորդությունից բխող առատ ողորմության և իմաստության լույսին արժանանալու աղերսանքներ. իսկ «Ճանապարհ եւ Ճշմարտութիւն» երգին հաջորդում են խնդրվածքներ՝ ընթանալու արդարության ճանապարհով ու հասնելու հավիտենական կյանքի նավահանգիստը:



Ճաշու ժամեր
Ճաշու ժամերը երեքն են՝ Երրորդ ժամ (ժ. 9), Վեցերորդ կամ Միջօրեի ժամ (ժ. 12) և Իններորդ ժամ (ժ. 15): Հայ Եկեղեցին այս ժամերը սրբագործել է ըստ Քրիստոսի խաչելության ու մահվան հետ կապված պահերի. ինչպես կարդում ենք Մարկոսի Ավետարանում, «առավոտյան ժամը ինն էր, երբ Նրան խաչեցին: …. Երբ կեսօր եղավ, խավար պատեց ամբողջ երկիրը մինչև ժամը երեքը: Եվ ժամը երեքին …. Հիսուս բարձր ձայն արձակեց ու հոգին ավանդեց» [Մարկ. 15.25, 33-34, 37]:
Օրվա այս պահերի նշված հիշատակություններին ժամանակի ընթացքում հավելվել են Եկեղեցու վարդապետների բացահայտած այլ խորհուրդներ ևս, որոնց հիման վրա ստեղծվել են նոր աղոթքներ ու երգեր: Արդյունքում ստեղծվել է Ճաշու ժամերի ամբողջական կարգը՝ նմանատիպ կառուցվածք ունեցող 3 ժամերգություններով:
Երրորդ ժամը կատարվում է ի դեմս Սուրբ Հոգու, ինչպես նաև մեր նախամոր կողմից արգելված պտղի ճաշակման, Վեցերորդը՝ ի դեմս Հայր Աստծո, ինչպես նաև Որդու չարչարանքների, իսկ Իններորդ ժամը՝ ի դեմս Որդի Աստծո և Նրա մահվան:


Երրորդ ժամի խորհուրդը
Երրորդ ժամը՝ ներկայիս առավոտյան 9-ը, ըստ ս. հայրերի, օրվա այն պահն է, երբ մեր նախամայր Եվան, խաբվելով օձից, ընդունեց Աստծո պատվիրանը խախտելու նրա չար առաջարկը, ինչը և դարձավ մեր նախածնողների անկման սկիզբը: Սրանով էլ պայմանավորված էր նույն պահին Քրիստոսի խաչ բարձրանալը, քանզի «ինչպես որ Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան» [Ա Կոր. 15.22]: Նախամարդու անկման դիմաց նույն պահին սկսվող փրկական այս տնօրինությանը միանում է և ամբողջացնում հոգեգալուստը, որ նույնպես տեղի ունեցավ երրորդ ժամին [Գործ. 2.15]: Այսպես՝ Սուրբ Հոգին Իր շնորհներով վերադարձավ ադամորդիներիս օրվա նույն այն պահին, երբ մեր նախածնողները մեղանչելու պատճառով զրկվել էին Նրանից:


Վեցերորդ ժամի խորհուրդը
Վեցերորդ ժամին՝ միջօրեին, հիշատակվում են Տիրոջ խաչի չարչարանքները և արևի խավարումը, որը տևեց մինչև իններորդ ժամը (ներկայիս ժ. 15-ը. Մատթ. 27.45, Մարկ. 15.33, Ղուկ. 23.44): Ըստ ս. վարդապետների՝ մեր նախածնողները, այս պահին ճաշակելով արգելված պտուղը, հայտնվեցին իմանալի խավարի մեջ, զրկվեցին դրախտի վայելչությունից ու պապանձվեցին՝ հիշելով Արարչի խոսքը, թե՝ «Այն օրը, երբ ուտեք դրանից, մահով կմեռնեք» [Ծն. 2.17]: Եվ ահա, նույն այդ պահին Փրկիչը, Իր վրա վերցնելով ադամական մեղքի պատուհասը, քավում է այն և ճառագելով Իր արարչական սիրո լույսը՝ վերջ է դնում խավարի դարաշրջանին: Արևի խավարումը խորհրդանշում է, ինչպես մեկնաբանում են ս. հայրերը, տեսանելի լուսատուների փառքի նսեմացումը աստվածային անստեղծ լույսի փառքից:
Միջօրեն, ըստ հոգևոր փորձառության, այն պահն է, երբ չարի ծածուկ խորհուրդները առավել հզոր են լինում: Այս պահին հատկապես մեզ հետ մարտնչում են ձանձրույթ սերմանող ոգիները՝ ձգտելով մեր միտքը շեղել հոգևորից դեպի անբովանդակ ժամանցը: Ուստի և այս ժամի աղոթքը կոչված է պատսպարելու նաև այս հարձակումներից:


Իններորդ ժամի խորհուրդը
Իններորդ ժամին Հիսուսն ավանդեց Իր հոգին՝ Իր մահով ազատելով մեզ մեղքի մահից: Սա այն պահն էր, երբ Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից, և ահա նույն այդ պահին Աստծո Որդին, բարձրաձայն ասելով՝ «Ամեն ինչ կատարված է» [Հովհ. 19.30], վերացրեց մեր դատապարտության կնիքը և բացեց դուռը դեպի երկնային դրախտ: Այս պահին Երուսաղեմի տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց [Մատթ. 27.51], քանզի մեզ համար բացվեց մուտքը դեպի երկնային սրբարան:
Այս ժամին, Փրկչի մահից հետո, հռոմեացի զինվորը գեղարդով խոցեց Նրա կողը, և անմիջապես արյուն և ջուր հոսեց այնտեղից [Հովհ. 19.34], որ խորհրդանշեց մեր փրկագործությունը Եկեղեցու խորհուրդներով: Այսպես այն պահին, երբ մեր նախածնողների և բոլոր ադամորդիների համար փակվել էր կենաց ծառի ճանապարհը, Քրիստոս իր մահով կենաց փայտի՝ խաչի վրայից բխեցրեց հավիտենական կյանքի աղբյուրը:
Այս խորհուրդներով է, ահա, իմաստավորվում իններորդ ժամի աղոթքը, որն, ըստ ս. վարդապետների, մյուսների համեմատ առավել պատվելի է ու կարևոր:


Ճաշու ժամակարգության բովանդակությունը
Ինչպես ասվեց, Ճաշու ժամերգությունները կառուցվածքով խիստ նման են իրար:
Երեք ժամերգություններն էլ սկսվում են 50-րդ սաղմոսով, որին հետևում է ս. Ներսես Շնորհալու վերոնշյալ երգի՝ տվյալ ժամի խորհրդին նվիրված մասը:
Երգին հաջորդում է «Յամենայն ժամու աղաչանք իմ» մաղթանքը, որը նույնպես ընդհանուր է 3 ժամերգությունների համար: Այն բովանդակում է ճշմարիտ քրիստոնյայի սրտի հարաժամ իղձը՝ սրբվել մեղքերից և զերծ մնալ չարի կապանքներից:
Մաղթանքին 3 ժամերգություններում էլ հետևում են միայն Մեծ պահոց շրջանում ընթերցվող երկարաշունչ քարոզ և աղոթք: Ընդհանուր առմամբ խիստ նման լինելով հանդերձ՝ յուրաքանչյուր ժամերգության մեջ նրանք արծարծում են տվյալ ժամի խորհուրդները:
Բոլոր ժամերգություններում էլ աղոթքին հաջորդում են սաղմոսի 3 տնից բաղկացած փոխերը. Երրորդ ժամի փոխն է` «Տէր Աստուած օրհնեալ», Վեցերորդ ժամինը՝ «Տէ՛ր, մի՛ յիշեր զմեղս», իսկ Իններորդինը՝ «Տէ՛ր, մի՛ մատներ զմեզ»: Ընդհանուր առմամբ, բոլոր այս փոխերն էլ հայցում են Տիրոջ ողորմածությունն ու պահպանությունը մեղքի պատուհասից, և 3 ժամերգություններում էլ փոխին կցված են համապատասխան բովանդակությամբ քարոզ և աղոթք: Միայն Իններորդ ժամի կարգում քարոզից առաջ զետեղված է ս. Ներսես Շնորհալու «Նահապետին Աբրահամու» երգը, որով հայցվում է 3 նահապետների՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի բարեխոսությունը՝ հոգու, մտքի և մարմնի սրբություն ստանալու համար:
Այնուհետև, սաղմոսերգությունից առաջ, 3 ժամերգություններն էլ պարունակում են Առավոտյան ժամերգությունից արդեն մեզ հայտնի Հովհաննես Սարկավագի «Յիշեա՛, Տէր» քարոզն ու «Բարերար եւ բազումողորմ» աղոթքը, որոնցով Տիրոջ պահպանությունն ենք հայցում բոլոր հավատացյալների համար:
Երրորդ ժամին ընթերցվող սաղմոսն է՝ «Տէր հովուեսցէ զիս» [Սաղմ. 22, 142.8-12], Վեցերորդ ժամինը՝ «Երանի որ խորհի զաղքատն» [Սաղմ. 40.2-5, 90], իսկ Իններորդ ժամինը՝ «Սիրեցի, զի լուիցէ» [Սաղմ. 114, 115, 116]:
Երրորդ և Վեցերորդ ժամերի կարգում սաղմոսերգությանն անմիջապես հաջորդում են ժամերգությունը եզրափակող քարոզն ու աղոթքը, մինչդեռ Իններորդ ժամի կարգը առավել ծավալուն շարունակություն ունի. Սաղմոսին հետևում է շարական՝ ըստ օրվա ձայնեղանակի, ապա՝ հոգեհանգստյան պաշտոն («Հոգւոցն հանգուցելոց» մաղթանքը և «Վասն հանգուցեալ» քարոզը), «Քրիստո՛ս, Որդի՛ Աստուծոյ» աղոթքը և վերջին մաղթանքը:


Ճաշու ժամակարգությունը 9-րդ ժամով չի ավարտվում. մաղթանքին, ըստ օրվա խորհրդի ու կարգի, հաջորդում են ճաշու ժամամուտը և փոխը, ճաշու շարականը, սուրբգրային ընթերցվածքներ, ճաշու «ալէլուիա»-ներ և «մեսեդի»-ներ: Այնուհետև ընթերցվում է օրվա համապատասխան ավետարանը, և երգվում «Հավատո հանգանակը»: Ժամերգության փակման կարգը բաղկացած է «Եւ եւս հաւատով աղաչեսցուք» քարոզից, «Տէր մեր եւ Փրկիչ» աղոթքից, Սուրբ Երրորդությանը վերառաքվող վերջին օրհնություններից և քահանայի արձակման աղոթքից:



Երեկոյան ժամերգության խորհուրդը և բովանդակությունը

Երեկոյան ժամերգությունը կատարվում է ի դեմս Աստծո Որդու՝ խաչից իջեցման և գերեզման դրվելու: Ժամերգությունը սկսվում է երեկոյան՝ մայրամուտից առաջ, քանզի այս պահին Հովսեփ Արիմաթացին Նրա մարմինն իջեցրեց խաչից և պատելով մաքուր կտավով՝ դրեց ժայռի մեջ նոր փորված գերեզմանը [Մատթ. 27.59-60]:
Հիշատակելով այս՝ երեկոյան ժամերգության մեջ մենք խորասուզվում ենք Աստվածորդու թաղման խորհրդի մեջ: Այս պահին մեր նախածնողները, վտարված դրախտից և զրկված շնորհի լույսից, ընկղմվեցին երեկոյան խավարի մեջ. և նույն ժամին Փրկիչն Իր անապական մարմնով դրվեց մեռյալների խավար շիրիմը, որպեսզի Իր հարությամբ փարատի ապականության խավարը և բոլոր հավատացյալներին պարգևի հարության հույսը: Այս պահին Տերն իջավ երկրի ստորին կողմը, որպեսզի մեզ բարձրացնի երկինք: Մինչ այդ, օրվա նույն այս պահին, Քրիստոս վերնատանը հաստատեց պատարագի խորհուրդը և լվաց աշակերտների ոտքերը [Մատթ. 26.20-29, Հովհ. 13.4-10]: Եվ նույն ժամին էլ, արդեն հարություն առած մարմնով, Նա երևաց աշակերտներին և փչելով շնորհեց Սուրբ Հոգու քահանայական պարգևը [Հովհ. 20.19-23]: Այսպես երեկոյի հետ իջնող զգալի մթության մեջ մենք հաղորդակցվում ենք մեր փրկագործության իմանալի լույսի խորհրդին:
Երեկոն նշանավորում է օրվա ավարտը. սովորաբար այս պահին մարդիկ ամփոփում են անցած օրվա գործերը և պատրաստվում գիշերել: Այս ժամին ընդհանրական աղոթքի գնալով՝ մենք նաև մեր գոհությունն ենք մատուցում ողջ օրվա ընթացքում մեզ պահպանած Արարչին և նույնը խնդրում առաջիկա գիշերվա համար:
Ահա այս հիշատակություններն ու խորհուրդներն են զարդարում երեկոյան ժամը, որոնց հիման վրա էլ հյուսված է նրա աղոթական կարգը:
* * *

Երեկոյան ժամերգության սկզբում կարդացվում են զույգ սաղմոսերգություններ՝ «Խոնարհեցո՛» [Սաղմ. 85] և «Ապրեցո՛» [Սաղմ. 139; 140; 141], որոնք խորհրդանշում են մեր նախածնողների զույգ աղերսանքը՝ դրախտից վտարվելուց հետո վերստին Տիրոջ ողորմությանն արժանանալու համար: «Խոնարհեցո՛»-ն կարդացվում է Եվայի անունից, իսկ «Ապրեցո՛»-ն՝ Ադամի: Այս փոխերը բովանդակում են թե՛ չարի կողմից խաբվելուց ու մեղանչելուց հետո զղջացողի պաղատանքները, թե՛ Աստծո անսահման ողորմության հանդեպ անվարան հույսը, թե՛ Դավիթ թագավորին հայտնված մարգարեությունը՝ ի վերջո Քրիստոսով տրված փրկության մասին:
Սաղմոսերգությանը հաջորդում է «Օրհնեալ Տէր» մաղթանքը (կիրակամտին՝ շաբաթ երեկոյան, այն փոխարինվում է «Լոյս զուարթ» երգով), որին հաջորդում է «Հասեալքս» քարոզը՝ նույնանուն մաղթանքով: Այս բաժնում օրհներգվում է Արարիչը օրվա շրջապտույտի Իր հաստատած իմաստուն կարգի համար, խնդվրում է հոգևոր լույսի պարգևն ու պահպանությունը մեղքի խավարից՝ անդադար Սուրբ Երրորդությանը արժանվույն փառավորելու համար:
Այնուհետև երգվում է մեսեդի՝ ըստ օրվա տոնի և ձայնեղանակի, որից հետո՝ «Ուղիղ եղիցին»: Մեսեդին երկտուն կարճ սաղմոսերգություն է, որը փոփոխվում է ըստ օրվա խորհրդի, իսկ «Ուղիղ եղիցին»՝ 140-րդ սաղմոսի երկրորդ տունն է, որ ասվում է քառամասնյա փոխով: Այն կոչված է մեզ հիշեցնելու մաքուր և ուղղամիտ աղոթքի կարևորությունը:
Սրանց հաջորդում է «Աղաչեսցուք» քարոզը (կիրակամտին և տերունի տոներին փոխարինվում է «Ասասցուք»-ով), որը բովանդակում է խնդրվածքներ Եկեղեցու զանազան անդամների պահպանության, ընդհանուր բարօրության և աստվածահաճորեն ընթանալու մասին: Քարոզին հետևող «Լո՛ւր ձայնից մերոց» աղոթքը բոլորիս անունից մատուցվող գոհությունն է Արարչին՝ մինչ այս ժամը մեզ հասցնելու համար, և խնդրանք՝ առաջիկա գիշերվա մեջ պահպանել մեզ ամենայն մեղքից ու պատուհասից:
Այնուհետև ասվում է «Սուրբ Աստված»-ը՝ ի դեմս Որդու՝ Աստվածամոր բարեխոսությունը հայցող մաղթանքով ու քարոզով հանդերձ: Սրանով մեր մտքում վերահաստատում ենք Քրիստոսի տնօրինությունների ողջ խորհուրդը, որով Աստված հաշտություն կնքեց մարդկանց հետ:
Ժամերգության վերջին բաժինը դարձյալ կազմված է երկու սաղմոսերգություններից՝ «Համբարձի զաչս իմ» [Սաղմ. 120] և «Որ բնակեալն է» [Սաղմ. 90, 122, 53.3-9]: Առաջին սաղմոսը հաշտարար պատարագով զորացած մտքի վերամբարձումն է դեպի երկինք՝ օգնության կանչելով երկնավոր Հորը՝ գիշերվա մեջ չտկարանալու և վաստակած շնորհներից չզրկվելու համար: Իսկ երկրորդը Աստծո ապավինությամբ փորձությանն ու չարին հաղթող մարդուն տրված հանգստի և կատարյալ պահպանության օրհներգությունն է: «Համբարձի»-ին հաջորդում է համանուն շարականը՝ ըստ օրվա խորհրդի, ապա՝ «Վասն խաղաղութեան» քարոզը և «Հայր գթած» աղոթքը, իսկ «Որ բնակեալն է»-ին՝ «Զբարձրեալն Քրիստոս» մաղթանքը և «Յոյս կենաց» աղոթքը: Ժամերգությունը եզրափակում են «Յիշեա՛, Տէ՛ր» քարոզը, «Բարերար եւ բազումողորմ» աղոթքը և «Հայր մեր»-ը:
Սակայն կիրակամտին «Որ բնակեալն է»-ն փոխարինվում է «Աստ օրհնեցէք»-ով [Սաղմ. 133, 137, 122, 53.3-9], որին հաջորդում է հետևյալ ծիսակարգը. «Խնդրեսցուք հաւատով» քարոզի ընթացքում քահանան կանգնում է բեմի առջև, ապա դպիրների «Կեցո՛, Տէ՛ր. Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛» փոխերգության ժամանակ, ի տես ժողովրդի բարձրացնում է Ավետարանը, մոմակիրները զուգահեռ բարձրացնում են մոմերը, իսկ սարկավագը խնկարկում է դեպի ս. խորանը: Ս. Ավետարանին ընծայվող այսպիսի պատվով է նշանավորվում կիրակամուտը՝ որպես Աստվածորդու փրկական տնօրինությունների պանծացման խորհրդանիշ:



Խաղաղական ժամերգության խորհուրդը և բովանդակությունը

Խաղաղական ժամերգությունը կատարվում է ի դեմս Սուրբ Հոգու, ինչպես նաև Աստվածորդու, որ իջավ դժոխք և խաղաղություն շնորհեց հոգիներին: Ժամերգությունը սկսվում է արևամուտից հետո: Այս ժամին, գերեզման դրվելուց հետո, Փրկիչը հոգով իջավ դժոխք և քարոզեց մեռյալների հոգիներին [Ա Պետ. 3.19], ինչով ազատագրեց նրանց սատանայի կապանքներից և պարգևեց հավիտենական խաղաղություն (տե՛ս Դժոխքի ավերումը): Այս պատճառով էլ այս ժամի աղոթակարգը կրում է «խաղաղական» անունը:
* * *

Խաղաղական ժամի սկզբում ասվում են 87-րդ սաղմոսի առաջին երկու գլուխները, որոնցով նշվում է ողջ օրը, առավոտից երեկո, Փրկչին հիշելու և Նրան հաճելի աղոթելու կարևորությունը:
Սրան հաջորդում է 7 սաղմոսներից [Սաղմ. 4, 6, 12, 15, 16, 42, 69] կազմված փոխ` յոթ մահացու մեղքերից սրբվելու խորհրդով: Սաղմոսերգությանը հետևում է «Շնորհեա՛ մեզ, Տէ՛ր» երգը: Այն ներկայացնում է քրիստոնյայի ապավինությունը Տիրոջ խաղաղությանը ընդդեմ գիշերային փորձությունների. բազմիցս կրկներգվում է. «Աստված մեզ հետ է»: Երգին հետևում են Տիրոջ պահպանությունը հայցող մաղթանք, քարոզ և աղոթք:
Ժամերգության երկրորդ փոխն է «Տէր լոյս իմ» սաղմոսը [Սաղմ. 26]: Այն բովանդակում է մարդկային հոգու և մտքի պայծառացումը աստվածային շնորհի լույսով, որի ճառագայթների ներքո անզոր են դառնում խավարի ուժերը, և մեծ ցանկություն է բոցավառում մարդու սրտում՝ հավետ իր Ստեղծիչի հետ լինելու և անարատ վարքով Նրան ծառայելու համար: Մեծ պահքի շրջանում այս փոխին հաջորդում է ս. Ներսես Շնորհալու «Նայեա՛ց սիրով» երգը, որտեղ կրկներգվում է ողջ օրը, «ի տուընջեան եւ ի գիշերի», Տիրոջը փառաբանելու մասին: Փոխից կամ երգից հետո ասվող մաղթանքը, քարոզն ու աղոթքը կոչված են ամրապնդելու մեր մեջ ողջ նախընթաց խորհուրդները՝ աղերսելով Տիրոջից առաջիկա գիշերը պահպանել մեզ խավարի իշխանությունից ու մեղքի պատուհասից:
Ժամերգության վերջին փոխն է «Երանեալ են ամբիծք» սաղմոսը [Սաղմ. 118]: Այն Աստծո պատվիրանների և դրանք պահելու կարևորության երկարաշունչ գովաբանություն է՝ բաղկացած 22 գլխից՝ ըստ եբրայական այբուբենի տառերի: Այժմ սաղմոսն ամբողջովին չի կարդացվում, այլ ընդհատվում է «Ի Քէն հայցեմք» շարականով, որով Տիրոջից մխիթարություն և հոգևոր ուրախություն ենք խնդրում՝ տխրալից գիշերը անվնաս և անմեղունակ անցկացնելու համար:
ժամերգությունը եզրափակում են ննջեցյալների համար կարդացվող մաղթանքը, քարոզն ու աղոթքը:



Հանգստյան ժամերգության խորհուրդը և բովանդակությունը

Հանգստյան ժամերգությունը կատարվում է ի դեմս Հայր Աստծո՝ ի պահպանություն առաջիկա գիշերվա ընթացքում: Այս ժամերգությամբ նախապատրաստվում ենք գիշերային հանգստյան և քնի՝ ստանալով երկնային օրհնություն խաղաղ սրտով ննջելու համար: Գիշերային քունը նախապատկերն է մահվան նինջի, իսկ քնից արթնանալը՝ հարության: Ուստի օրվա ավարտին, ողջ կյանքի ավարտի նմանությամբ, բարեպաշտ քրիստոնյան աղոթքներով մաքրվում է իր խղճմտանքի մնացորդներից՝ Տիրոջ ողորմածությամբ առավոտվա լույսին վերստին արժանանալու հույսով:
* * *

Հանգստյան ժամերգությունը կարելի է բաժանել երկու մասի: Առաջին մասը սկսվում է ծավալուն փոխով՝ կազմված սաղմոսների, Դանիելի գրքի և Ավետարանի հատվածներից [Սաղմ. 42.3-5, 118.41-56, 113-120, 169-176, 35.12-13, 30.8-9, 90, 122, 53.3-9, Դան. 3.52-56, Սաղմ. 150, Ղուկ. 2.29-32, Սաղմ. 137.7-8, 141.8, Ղուկ. 1.46-55, Սաղմ. 85.16-17]: Փոխին հաջորդում են Տիրոջ պահպանությունը հայցող մաղթանքը, քարոզը և աղոթքը: Այնուհետև կարդացվում է 4-րդ սաղմոսը, որը բովանդակում է խորհուրդներ խաղաղ և անխղճմտանք սրտով ննջելու և արթնանալու մասին, ինչը նաև խորհրդանշում է արդարի մահը և հանդերձյալ հարությունը: Սաղմոսերգությունից հետո ընթերցվում է հատված Ավետարանից [Հովհ. 12.24-26], որը դարձյալ վերաբերում է մահվան և հավիտենական կյանքի խորհրդին: Իսկ ընթերցվածքին հաջորդում են ս. խաչի միջոցով մեղքից և ամենայն պատուհասից պահպանություն հայցող քարոզը և աղոթքը, որը եզրափակվում է «Հայր մեր»-ով:
Ժամերգության երկրորդ մասը սկսվում է շատ հայ քրիստոնյաների համար քաջածանոթ առանձնական բնույթի աղոթքներով, որոնք են ս. Աստվածածնին ուղղված «Անկանիմք առաջի քո»-ն, ս. Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյան»-ի ԺԲ, ԽԱ, ՂԳ, Ձ գլուխները և ս. Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը: Այնուհետև ասվում են ս. Աստվածածնի բարեխոսությամբ Հայր Աստծուց ողորմություն հայցող մաղթանք, քարոզ և աղոթք:
Ժամերգությունն ավարտվում է վերջին մաղթանքով, որը կազմված է մեղքերի թողության, չարից պահպանության, աշխարհի խաղաղության և Եկեղեցու փրկության համար ասվող խնդրվածքներից, որոնցից յուրաքանչյուրի ավարտին ողջ ժողովուրդը վերաձայնում է «ամէն»:


 
sacredtradition.am