SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԶԱՔԱՐԻԱ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. սկիզբ)
id564Զաքարիան սերում էր քահանայական ցեղից, Անգե մարգարեի ժամանակակիցն էր և իր մարգարեական ծառայությամբ գործակցում էր նրա հետ՝ խրախուսելով Երուսաղեմի տաճարը վերակառուցողներին: Ենթադրվում է, որ մարգարեն ծնվել է հրեաների բաբելոնյան գերության ժամանակ և առաջին գերեդարձների հետ (մ. թ. ա. 530-ական թթ.) Երուսաղեմ ժամանել երիտասարդ տարիքում: Մինչդեռ, ըստ մեկ այլ ավանդության, Զաքարիան ծնվել է Հրեաստանում նախքան գերությունը և իր ծառայությունը սկսել է դեռևս Բաբելոնում՝ մեծ մխիթարություն լինելով հրեաների համար, քանզի տարիներ առաջ մարգարեացավ Կյուրոսի հաղթանակի, նրա շնորհիվ ժողովրդի գերեդարձի և Երուսաղեմի տաճարի վերաշինման մասին, ինչին և ականատես ու մասնակից դարձավ՝ ապրելով մինչև խոր ծերություն:
Տասներկու փոքր մարգարեների գրքերի մեջ Զաքարիայի գիրքն ամենաընդարձակն է: Այն բովանդակում է մարգարեի ինը տեսիլքները, որոնց միջոցով Տերը սթափեցնում է Իր ժողովրդին անտարբերության թմբիրից, քաջալերում վերսկսել Երուսաղեմի տաճարի շինությունը, ցույց տալիս, որ Իր զորավոր աջով պահպանում է Հրեաստանը աշխարհի ալեկոծությունների մեջ, կոչ է անում չնմանվել գերությունից առաջ կռապաշտության ու բազում անօրինությունների մեջ ընկած իրենց նախահայրերին, այլ պատվել Աստծուն ոչ թե ձևական, այլ ճշմարիտ բարեպաշտությամբ՝ ողորմածությամբ և անոխակալությամբ, որպեսզի առհավետ վայելեն Տիրոջ օրհնությունն ու զորավոր պահպանությունը: Զաքարիան մարգարեանում է, որ կվերականգնվի Իսրայելի նախկին փառքը, և «դարձյալ շատ ժողովուրդներ և շատ քաղաքների բնակիչներ պիտի գան Երուսաղեմ» [Զաք. 8.20], որտեղից փրկություն կլինի աշխարհին: Նա կանխատեսում է Մեսիայի մուտքը Երուսաղեմ ոչ թե մարտական երիվարներով, այլ՝ ավանակի վրա նստած [Զաք. 9.9], քանզի Նա գալիս է նվաճելու ոչ թե աշխարհը, այլ մարդկանց սրտերը՝ երկնային խաղաղություն տարածելով «մինչև երկրի ծագերը» [Զաք. 9.10]: Փրկչի այս խոնարհ կերպարի ուրվագծերը՝ կապված Նրա ինքնանվաղման և ինքնազոհաբերման խորհրդի հետ, լրացնում են գրքի մյուս մարգարեական դրվագները, որոնցում Զաքարիան կանխահայտնում է Հուդայի մատնությունը երեսուն արծաթի դիմաց [Զաք. 11.12], Քրիստոսի ձերբակալվելն ու աշակերտների ցրվելը [Զաք. 13.7], խաչելությունն ու խոցվելը գեղարդով [Զաք. 12.10]:
Ենթադրվում է, որ Զաքարիա մարգարեին է վերաբերում Քրիստոսի խոսքը տաճարի և զոհասեղանի միջև սպանված Զաքարիայի մասին [տե՛ս [Մատթ. 23.35]: Մարգարեի գերեզմանը գտնվում է Ձիթենյաց լեռան ստորոտում՝ ապառաժի մեջ կտրված քառակողմ, եռանկյունաձև գմբեթով դամբարանում, որը Պաղեստինի ամենանշանավոր ուխտատեղիներից է:

Զաքարիա մարգարեի գերեզմանը