русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍՈՒՐԲ ՀՈԳԻ
id447Սուրբ Երրորդության Անձերից մեկի՝ Սուրբ Հոգու խորհուրդն արծարծված է դեռևս աշխարհի ստեղծման աստվածաշնչյան պատմության սկզբում՝ «Եվ Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա» արտահայտությամբ [Ծն. 1.2]: Սակայն հին ուխտում, քանի դեռ բացահայտված չէր աստվածային երեք Անձերի ուսմունքը, «Սուրբ Հոգի» կամ «Աստծո Հոգի» արտահայտությունն առավել ընկալվում էր իբրև Աստծո զորության և ներգործության, Նրա շնորհի հոմանիշ, թեև որոշ հինկտակարանյան դրվագներում այս արտահայտությունը կրում է անձնային հատկանիշներ [տե՛ս Ես. 63.10]:
Նոր ուխտում, սկսած ավետումից և Քրիստոսի մկրտությունից, աստիճանաբար բացահայտվում է Սուրբ Հոգու անձնավորությունը, իսկ Պենտեկոստեին, հայտնապես իբրև աստվածային Անձ, Սուրբ Հոգին՝ Քրիստոսի կողմից խոստացված Մխիթարիչը, իջնում և հանգչում է նախ առաքյալների, ապա Քրիստոսի հավատով բոլոր մկրտվողների վրա [տե՛ս Գործ. 2]:
Հոգեգալստյամբ սկսվում է մարդկային ընկած բնության վերականգնումը, ստեղծվում է Քրիստոսի Եկեղեցին՝ իբրև «սուրբ ազգ և Աստծո սեփական ժողովուրդ» [Ա Պետ. 2.9]՝ իր մեջ կրելով Սուրբ Հոգու անձնավոր ներկայությունը, որ մշտական շնորհաբաշխությամբ զորացնում, հոգեղինացնում, լուսավորում և սրբագործում է քրիստոնյաներին:
Քրիստոնեական աստվածաբանությունը ճանաչում է Սուրբ Հոգուն իբրև համագո և էակից, հավասարապատիվ և փառակից Հորը և Որդուն: Ըստ հնագույն դավանական ձևակերպման՝ Սուրբ Հոգին բխում է Հորից՝ Որդու միջով: Այս բանաձևում խորհրդանշորեն արտահայտված են Երրորդության համագոյությունն ու փոխներթափանցվածությունը և միաժամանակ՝ երեք Անձերի ինքնուրույն դերերը, մասնավորապես՝ այն, որ Սուրբ Հոգու տնօրինությունը կայանում է միայն Որդի Աստծո փրկագործության արդյունքում, ուստի և Սուրբ Հոգին երկիր է առաքվում Հորից՝ Որդու միջոցով [տե՛ս Հովհ. 15.26]:
Սուրբ Հոգու աստվածային էությունը և զուգահավասար փառքը Հոր և Որդու հետ վիճարկվել է որոշ վարդապետների կողմից, ինչը հերձվածողական ուսմունքի հիմք է հանդիսացել (տե՛ս Հոգեմարտություն): Առավել սուր վեճերի առիթ է եղել Սուրբ Հոգու բխումը «նաև Որդուց» հավելող դավանական ուսմունքը, որն ի վերջո, XI դ. կեսին, ընդունվելով Հռոմի աթոռի կողմից, վերջինիս և Կոստանդնուպոլսի պատրիարքության վերջնական պառակտման պատճառ դարձավ: Հայ Եկեղեցին, հավատարիմ մնալով Եկեղեցու հնագույն ավանդությանը, մերժում է այդ հավելումը:
Եկեղեցական արվեստում Սուրբ Հոգին հիմնականում պատկերվում է Իր ավետարանական խորհրդանիշի՝ աղավնու տեսքով [տե՛ս Մատթ. 3.16]:

Աղավնու բարձրաքանդակ «Հոգի Սուրբ» զարդագրով
Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցի-զանգակատան ավագ խորանի գմբեթարդ
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի