SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆ
id085Աբրահամի հետ Աստծո կնքած ուխտի ժառանգորդը՝ Իսրայելի ժողովուրդը, դարերի ընթացքում հաճախ ենթարկվել է մեծ փորձությունների: Դրանք ոչ թե սոսկ պատմական կարևոր իրադարձություններ են, այլ խիստ ուսանելի հոգևոր խորհուրդներ: Այդպիսին է նաև բաբելոնյան գերության պատմությունը:
Երբ իսրայելացիները հավատարիմ էին մնում միակ և ճշմարիտ Աստծուն, նրանք պատերազմներում հաղթում էին հարևան հեթանոս երկրներին, իսկ երբ ընկնում էին մեղքերի և անօրինության մեջ, Տերը պատժում էր նրանց և մատնում թշնամու ձեռքը:
Սողոմոն թագավորի մահից հետո Իսրայելի ժողովուրդը պառակտվել էր՝ բաժանվելով Հյուսիսային ու Հարավային թագավորությունների, որոնք հաճախ պատերազմում էին միմյանց դեմ: Հյուսիսային թագավորությունը շուտով ուրացավ իր սրբազան ուխտը և դավաճանելով Աստծուն՝ սկսեց զանազան կուռքեր պաշտել: Այդ պատճառով Տերը պատժեց նրան, և այն կործանվեց հզոր Ասորեստանի կողմից:
Իսկ Հարավային թագավորությունը թեև պահեց իր հայրերի հավատը, սակայն երկրում շարունակ անօրինություններ էին կատարվում, որի հետևանքով Տերը թույլ տվեց, որ այս թագավորությունը նույնպես վերանա: Մ. թ. ա. VI դ. Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան նվաճեց, բայց չավերեց Հրեաստանը: Երեմիա մարգարեն այդ ընթացքում կոչ էր անում հրեաներին ենթարկվել զավթիչներին, քանի որ նրանք արդար պատժի գործիք էին Աստծո ձեռքում: Փրկության միակ ուղին, ըստ մարգարեի, անկեղծ ապաշխարությունն էր: Սակայն թագավորն ու ժողովուրդը չանսացին սուրբ մարգարեի հորդորներին և ապստամբեցին բաբելացիների դեմ: Այդժամ Նաբուքոդոնոսոր արքան պաշարեց, կողոպտեց ու հրի մատնեց Երուսաղեմը, հիմնահատակ ավերեց Երուսաղեմի Տաճարը, իսկ բնակիչներին գերեվարեց Բաբելոն՝ քաղաքում թողնելով միայն աղքատներին: Այդ ժամանակվանից էլ անհետ կորավ ուխտի տապանակը:

Բաբելոնի գլխավոր՝ Իշտար դարպասը
Իրաք, մ. թ. ա. 575 թ.

Սակայն Աստված չհանդուրժեց, որ Իր ժողովուրդն իսպառ կործանվի: Իր մարգարեների, մասնավորապես՝ Եզեկիելի և Դանիելի, ինչպես նաև այլ բարեպաշտ անձանց միջոցով Տերը պահպանում էր գերեվարված ժողովրդին, ապաշխարության մղում և սփոփում: Արդյունքում հրեաները զերծ մնացին Բաբելոնում տիրող կռապաշտությունից և նույնիսկ հեռացան իրենց նախկին հեթանոսական սովորություններից: Նրանց միջոցով տեղի բնակիչներն էլ սկսեցին ճանաչել ճշմարիտ Աստծուն և փառաբանել Նրան: Եվ ի վերջո Տերը, տեսնելով հրեաների հավատարմությունը և ընդունելով նրանց ապաշխարությունը, 70 տարվա գերությունից հետո ազատություն շնորհեց նրանց: Մ. թ. ա. 538 թ. Պարսից Կյուրոս արքան Բաբելոնը նվաճելուց հետո հրեաներին թույլ տվեց վերադառնալ հայրենիք և վերստին կառուցել Երուսաղեմի Տաճարը: Թագավորի հրամանով հրեաներին վերադարձվեցին Նաբուքոդոնոսորի կողմից կողոպտված Տաճարի սրբազան անոթները:
 
sacredtradition.am