SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՎԱՀԱՆ ԳՈՂԹՆԱՑԻ (700-737)
id527Ս. Վահանը որդին էր Գողթն գավառի Խոսրով նախարարի, որը 704 թ.-ին նահատակվել էր Նախիջևանում՝ բազում այլ նախարարների հետ միասին արաբ ոստիկանի խաբեության զոհը դառնալով: Նախարարներին ոչնչացնելուց հետո ոստիկանը նրանց որբացած ընտանիքները գերեվարում է Դամասկոս: Գերիների մեջ էր նաև Վահանը, որը տակավին չորս տարեկան էր: Անչափահաս տղաների հետ նա էլ իսլամական կրթություն է ստանում՝ վերանվանվելով Վահաբ: Օժտված լինելով բնատուր ուշիմությամբ ու խելամտությամբ՝ նա խիստ առաջադիմում է ուսման մեջ՝ դառնալով սիրելի ու վստահելի անձ, այնպես որ ուսումն ավարտելուց հետո նշանակվում է ամիրայի արքունիքի դիվանադպիր:
Թեև Վահանը մեծացել ու ձևավորվել էր իսլամական միջավայրում, բայց տեղյակ էր, որ ինքը ծագումով հայ է, մկրտված քրիստոնյա և սերում է իշխանական տոհմից: 719 թ.-ին հայոց հայրապետ ս. Հովհաննես Օձնեցին այցելում է Դամասկոս: Իր սրբակեցությամբ նա բացառիկ հարգանք էր վայելում ամիրայապետի մոտ, ուստի նրանից համաձայնություն է ձեռք բերում, որ ժամանակին գերեվարված հայերը վերադառնան հայրենիք: Վահանը, չկորցնելով առիթը, ցանկություն է հայտնում լինել հայրենադարձների մեջ, բայց ամիրայապետը, հաշվի առնելով նրա պաշտոնը և հատուկ համակրանք ունենալով նրա հանդեպ, այդ ցանկությանը տեղի է տալիս միայն այն պայմանով, որ Վահանն իր գավառը տեսնելուց և հայրենի կալվածքները տնօրինելուց հետո վերադառնա Դամասկոս: Նա հատուկ հրովարտակով Վահանին է շնորհում Գողթն գավառի իշխանությունը:
Հայրենիքում Վահանը վերստին քրիստոնյա է դառնում և նվիրվում բարեպաշտ ու ճգնասեր կյանքի: Մեկ տարի անց, լսելով ամիրայապետի մահվան լուրը, նա իրեն ազատված է զգում իր խոստումից և որոշում է վերջնականապես հաստատվել Հայաստանում: Յուրայինների թախանձանքով նա ամուսնանում է Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր հետ և մոտ տասը տարի խաղաղությամբ կառավարում իր հայրենի կալվածքը: Այդ տարիները Վահանի համար եղան ոչ թե իշխանությունը վայելելու, այլ իր՝ թեկուզ և ակամա ուրացության համար շարունակ ապաշխարելու և բարեպաշտության միջոցով սեփական մեղքերը քավելու տարիներ: Ցավոք, նա այնքան սիրված էր արաբական արքունիքում, որ նոր ամիարայապետը, իմանալով նրա՝ վերստին քրիստոնյա դառնալու մասին, չկարողացավ այդ հանդուրժել: Այս մասին տեղեկանալով՝ Վահանը հասկացավ, որ այսուհետ նժարի վրա են դրվում իր կյանքը և հավատը:
Սկզբում նա ընտրեց փախուստի ճանապարհը և, կնոջը հանձնելով ծնողներին, սկսեց ապրել ծպտված թափառականի կյանքով, շրջելով վանքից վանք՝ մշտապես փոխելով իր բնակության վայրը, որպեսզի չվնասի իրեն ապաստան տվողներին: Բայց ի վերջո որոշեց այլևս չթաքցնել իր անձը և արիաբար ներկայանալ ամիրայապետին, բացատրել իր կացությունը և արտոնություն խնդրել՝ բացահայտ ապրելու ըստ իր նոխընտրած հավատի: Նա քաջ գիտակցում էր, որ քիչ հավանական է իր ցանկության կատարումը, քանի որ իսլամական օրենքներով ինքը ոչ մի իրավունք չունի հավատափոխ լինելու, և որ, ավելի մեծ հավանականությամբ, ամիրայապետին ներկայանալուց հետո պիտի հարկադրվի մահվան սպառնալիքով կրկին իսլամին վերադառնալ: Բայց նրա սիրտն արդեն պատկանում էր Քրիստոսին, ու, թերևս, ամենից շատ ցանկալի էր Նրա անվան համար նահատակվելը, ուստի անվարան ուղևորվում է ամիրայապետի մոտ, որն այդ ժամանակ սիրիական Ռուծափ (կամ՝ Սերգիապոլիս, այժմյան՝ Ռուսաֆա) քաղաքում էր: Ամիրայապետը վարվում է ըստ ավանդական հնարանքների. նախ համոզելով, ապա զանազան խոստումներով և ի վերջո սպառնալիքներով փորձում է խոտորել Վահանի հաստատակամությունը, բայց, տեսնելով, որ դա իրեն չի հաջողվում, բանտարկում է նրան, ապա զանազան խոշտանգումների ենթարկելուց հետո հրամայում է գլխատել:
Ս. Վահանը նահատակվում է 737 թ. մարտի 18-ին: Նրա մարմինը հողին են հանձնում տեղի քրիստոնյա ասորիները: Շուտով տարածվում է ս. Վահանի մարտիրոսության լուրը, և նրա գերեզմանի վրա Սերգիապոլիսի եպիսկոպոսը վկայարան է կառուցում:
 
sacredtradition.am