русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՕՐԵՆՔ
id509Հասարակության մեջ օրենք է կոչվում մարդկանց պահվածքը կարգավորող կանոնների համակարգը, որը սովորաբար թելադրվում է իշխանության կողմից: Դեռևս հնագույն քաղաքակրթություններում գործել են օրենքի մշակված համակարգեր, որոնք վերաբերել են կյանքի տարբեր ոլորտներին:
Սակայն օրենքի բուն ակունքը մարդու մեջ է և այն ոչ այնքան հասարակական, որքան հոգևոր ծագում և իմաստ ունի: Ըստ Եկեղեցու վարդապետների՝ այն ի սկզբանե զետեղված է մարդու սրտում՝ շտկելու համար նրա փոխհարաբերությունները Աստծո և մերձավորի հետ: Դա նրա խղճի ներքին վկայությունն է, որը ցույց է տալիս, թե ինչին պետք է հետևել և ինչից խորշել: Սա կոչվում է բնական օրենք, որի սկզբունքները թեև հավասարապես առկա են բոլոր մարդկանց սրտերում, սակայն բոլորի մեջ չէ, որ գործում են ամբողջովին, քանզի չար կամքով դեպի մեղքը հակվելով և գերի դառնալով զանազան անմաքուր սովորությունների՝ շատերը քնեցնում են իրենց խիղճը:
Ըստ Սուրբ Գրքի հավաստման՝ բնական օրենքը քչերի մեջ արթուն մնաց, և շատ քչերը նրանով արդարություն գործեցին: Ուստի Աստված այն վերահաստատելու համար Մովսես մարգարեի միջոցով Իսրայելի ժողովրդին տվեց գրավոր օրենքը, որն օժանդակում է խղճի ձայնի արթնացմանը և նպաստում կամքով հակվելու դեպի բարին:
Մովսեսի օրենքը իր բացահայտ աստվածատուր բնույթով որոշակիորեն տարբերվում էր բոլոր հեթանոսական երկրների գրավոր օրենքներից, քանզի տրվել էր՝ նպաստելու համար ոչ թե ժողովրդի հասարակական հնազանդությանը, այլ յուրաքանչյուր անձի սրբությանն ու աստվածմերձությանը: Այն բաժանվում էր 3 մասի. բարոյական (զետեղված է Տասնաբանյայում), որով մարդն իր բոլոր մտածումներում և գործերում զանազանում է չարը բարուց և վայելուչը անվայելից. արարողական, որն արտահայտում է մարդու բարեպաշտությունը ծեսերի միջոցով. և քաղաքացիական, որով կարգավորվում էին իսրայելացիների հասարակական փոխհարաբերությունները:
Քրիստոս, գալով աշխարհ, Իր քարոզչությամբ առավել խորացրեց բարոյական օրենքը՝ աստվածային կենդանի խոսքի զորությամբ արթնացնելով մեր խիղճը և շնորհի ներգործությամբ բարու հավիտենական սկզբունքները դրոշմելով մեր սրտերի տախտակներին: Իր տնօրինություններով Նա լրման հասցրեց արարողական օրենքը և այն փոխարինեց Եկեղեցու խորհուրդներով: Իսկ քաղաքացիական օրենքը նոր ուխտում փոխարինվեց համապատասխան եկեղեցական կանոններով:
 
sacredtradition.am