русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
id492Նշանակում է ազատագրում որևէ փորձանքից: Սուրբ Գրքում այս բառը հաճախ է գործածվում Աստծո զորությամբ իսրայելացիներին գերությունից և վտանգներից ազատագրելու առիթով: Եվ քանի որ ընտրյալ ժողովուրդը հաճախ էր ենթարկվում նեղությունների ու պատուհասների, այս բառը մշտապես նրա որդիների շուրթերին էր: Գիտակցելով, որ բոլոր փորձանքները մեղքի դիմաց տրված աստվածային պատիժ են, իսրայելացիները փրկության ակնկալիքը կապում էին բարոյական մաքրության և անաղարտ աստվածպաշտության հետ: Իսկ մարգարեներն Իսրայելի փրկությունը տեսնում էին Մեսիայի գալստյան մեջ: Նրանք գիտեին, որ մարդու ճիգերն անկարող են ազատագրել նրան թե՛ մեղքի կապանքներից, թե՛ դրա հետևանքով ծագած անթիվ պատուհասներից:
Այսպիսով, դարերի ընթացքում փրկության սպասումը, կապվելով Մեսիայի գալստյան հետ, ստացել է նոր, հոգևոր նշանակություն՝ բացարձակ և վերջնական ազատագրում ոչ միայն Իսրայելի, այլև ողջ մարդկության համար, ոչ միայն մեղքից ու ապականությունից, այլև մահից ու դժոխքից:
Փրկությունը մարդու ազատագրումն է կորստից և հավիտենական կյանքի ու երանության ժառանգումը երկնքում: Քրիստոս, գալով աշխարհ, Իր քարոզչությունը սկսեց փրկության այս խորհրդի ավետիսով. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»,- ասում էր Նա [Մատթ. 3.2]: Մոտ է փրկությունը, քանզի Ինքը՝ Աստծո Որդին, Իր վրա է վերցնում մարդկության մեղքերը՝ կամավոր չարչարանքներով ու մահվամբ քավություն շնորհելով մեզ:
Փրկության շնորհը ստանալու նախապայմաններն են ապաշխարությունը և մկրտությունը, որոնցով մենք որդեգրվում ենք Հիսուսին, գնվում Նրա արյամբ, վերստանում շնորհը և հաղորդ դառնում Սուրբ Երրորդության բնությանը:
Սակայն երբեք չի կարելի վերջնական փրկությունը՝ երկնքի արքայության ժառանգորդ դառնալը, հավաստիորեն ապահովված համարել, ինչպես այդ ուսուցանում են որոշ աղանդներ: Քանի դեռ գտնվում ենք երկրի վրա ու ենթակա ենք մեղքերի և սխալների, մեր փրկությունը կարող է վտանգվել: Ուստի պետք է մինչև մահ փրկության հույսով պայքարել չարի դեմ. ինչպես ասում է Պողոս առաքյալը, «ահով ու դողով դուք ձեր փրկության համար աշխատեցեք» [Փլպ. 2.12]՝ մշտապես ապաշխարելով և առաքինագործությամբ պահելով և առավելացնելով փրկության երաշխիքը՝ Սուրբ Հոգու կենդանարար շնորհը:
 
sacredtradition.am