SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՆ
id467Երբ Մովսես մարգարեն Սինա լեռան վրա էր, Աստված տեսիլքով ցույց տվեց նրան, թե ինչպիսին պետք է լինի Իր սրբարանը, որը և Մովսեսը ճշգրտությամբ կառուցեց՝ այն անվանելով վկայության խորան կամ վրան [տե՛ս Ել. 35.1-21, 40.1-32]:

Այն տեղակայվում էր մեծ բակի մեջ, որը սահմանազատվում էր վարագույրով: Վրանի մուտքի դիմաց դրվում էին ողջակեզի սեղանը և լվացման ավազանը: Իսկ վրանը ներսից վարագույրով բաժանվում էր երկու մասի. առաջին մասը կոչվում էր սրբություն, իսկ երկրորդը՝ սրբություն սրբոց: Սրբությունում տեղադրվում էին առաջավորության հացի սեղանը, յոթաստեղնյան աշտանակը և խունկ ծխելու սեղանը, իսկ սրբություն սրբոցում՝ ուխտի տապանակը:

Վկայության խորանի վերակազմության մանրակերտը


Վկայության խորանի բակ կարող էր մտնել յուրաքանչյուր իսրայելացի՝ կենդանիներ բերելով զոհաբերության համար: Սրբություն մտնում էին միայն քահանաները ավազանում լվացվելուց հետո՝ առավոտյան և երեկոյան դեպի սրբություն սրբոց խնկարկելու համար, ինչպես նաև՝ առաջավորության սեղանի վրա մատուցելու Իսրայելի 12 ցեղերը խորհրդանշող 12 թարմ հացերը, ինչը կատարվում էր ամեն շաբաթ: Իսկ սրբություն սրբոց մտնում էր միայն քահանայապետը տարին մեկ անգամ՝ զոհաբերության արյուն մատուցելու իր և ժողովրդի մեղքերի դիմաց:
Այս ամենը նաև խորհրդանիշն էր նոր ուխտի:
Ողջակեզի սեղանը և նրա վրա մատուցվող զոհը նախօրինակն էր Քրիստոսի խաչելության, որով Նա քավեց մեր մեղքերը, իսկ ավազանը խորհրդանիշն էր Նրա կողմից հաստատված Եկեղեցու խորհուրդների, որոնց միջոցով մուտք ենք գործում Եկեղեցի և շարունակ սրբագործվում:
Սրբությունում գտնվող աշտանակի լույսը խորհրդանշում էր Սուրբ Հոգու շնորհը, որով Աստված լուսավորում է մեզ. առաջավորության սեղանը՝ ողջ հավատացյալ ժողովրդին պահպանող աստվածային նախախնամությունը. իսկ խնկարկությունը սրբություն սրբոցի առջև՝ հավատացյալների մինչև երկինք հասնող աղոթքը և օրհնությունը:
Վերջապես՝ սրբություն սրբոցը՝ ուխտի տապանակով, խորհրդանիշն էր բուն երկնքի, ուր մտավ մեծ Քահանայապետը՝ Քրիստոս՝ Իր արյամբ մեզ համար հավիտենական փրկություն ապահովելով:
 
sacredtradition.am