SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՉԱՐ
id401Աստված չի ստեղծել որևէ չար բան: Նա ամեն ինչ բարի է ստեղծել: Չարիքը աշխարհ մուտք գործեց անհնազանդության հետևանքով:
Առաջին անհնազանդությունը Արուսյակինն էր՝ լուսո հրեշտակինը, որը, լինելով մյուս հրեշտակներից առավել բարձր ու սքանչելի, չուզեցավ ինքն էլ նրանց պես երկրպագել Աստծուն: Նա կամեցավ, որ իրեն փառաբանեն իրենից նվազ փառք ունեցող հրեշտակները, և ընկավ երկնքից, զրկվեց իր պայծառությունից ու տգեղացավ:
Նա դարձավ սատանա՝ Աստծո հակառակորդ և չարիք սերմանող: Այս պատճառով «չար» բառը հաճախ գործածվում է ոչ միայն իբրև որևէ անձի կամ իրողության հատկություն, այլև հոմանիշն է սատանայի և դևերի, քանի որ նրանք ամբողջապես համակված են չարությամբ, և նրանց միակ նպատակն է չարիքը: Աշխարհում առկա ամեն չար երևույթ առնչվում է սատանայի և դևերի հետ, որոնք անտեսանելի կերպով դրդում են մարդկանց հեռանալ բարուց և մեղանչել:
Երբ մարդը գիտակցում է, որ ամեն մի չար խորհրդի, ցանկության կամ արարքի ետևում թաքնված են աստվածամարտ և մարդատյաց դիվային ոգիները, որ յուրաքանչյուր մեղքից նրանք հրճվում են ու չարախնդում, այդժամ ավելի ատելի է դառնում չարիքը, և մարդն ավելի մեծ նախանձախնդրությամբ է ձգտում ազատվել մեղքից, բնավ չառնչվել սատանայի հետ և ամբողջովին միավորվել բարության աղբյուրին՝ իր Արարչին:
Ոչ մի կրոնում սատանայի և չարիքի մասին այնքան չի ուսուցանվում, որքան քրիստոնեության մեջ: Պատճառն այն է, որ միայն Քրիստոսի լույսն է, որ սփռվելով աշխարհում՝ էապես բացահայտում է խավարը և չարի բոլոր գործերը: Ճշմարտությունը և աստվածային լույսը փնտրող քրիստոնյան, ամեն վայրկյան պայքարելով այդ ճանապարհին արգելք դնող սատանայի դեմ, հետզհետե ստանում է նրա նրբագույն հնարքներն ու խաբեությունները ճանաչելու կարողություն: Սուրբ հայրերն իրենց խրատներում հաճախ են խոսում այդ ճանաչողության նշանակության մասին՝ նշելով, որ առանց դրա անհնար է հասնել կատարելության:
 
sacredtradition.am