SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՈՐՄՆԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ
id392Քրիստոնեական արվեստում որմնանկարչությունը ամենանահին և գործուն կրոնական արտահայտչաձևերից է: Դեռևս Հին Հռոմի կատակոմբներում, որտեղ գաղտնի հավաքվում էին քրիստոնյաները, շատ պատերի վրա պատկերվել են զանազան քրիստոնեական խորհրդանիշներ, ավետարանական թեմաներով խմբանկարներ, ինչպես նաև առանձին սրբապատկերներ: Քրիստոնեությունը Հռոմեական կայսրությունում պաշտոնապես արտոնելուց, իսկ Հայաստանում իբրև պետական կրոն հռչակելուց հետո քրիստոնեական որմնանկարչությունը դուրս է գալիս կատակոմբներից և իր պատվավոր տեղը գրավում եկեղեցիների պատերին:
Սրբապատկերի հոգևոր նշանակության և կարևոր քարոզչական դերի գիտակցումը մեծ խթան է հանդիսանում եկեղեցիների պատկերազարդման համար:
Ուսումնասիրությունները փաստում են, որ հայոց հնագույն եկեղեցիների մեծ մասը որմնանկարված է եղել: Ցավոք, նրանցից շատ քչերն են պահպանվել, այն էլ՝ մանր բեկորներով: Հայ եկեղեցական որմնանկարչության վաղ շրջանից մեզ հասած փոքրիշատե ամբողջական նմուշները վերաբերում են VII դ.: Դրանցից հատկանշական են Լմբատավանքի Ս. Ստեփանոս, Թալինի Կաթողիկե և Արուճի Ս. Գրիգոր եկեղեցիների որմնանկարները: Այս 3 եկեղեցիներում էլ համեմատաբար լավ են պահպանվել ավագ խորանի որմնանկարները: Այս նմուշները թույլ են տալիս հայ եկեղեցական որմնանկարչության վաղ շրջանը գնահատել իբրև հին արևելաքրիստոնեական սրբապատկերային ավանդության խոշորագույն երևույթ և իր ժամանակի համաշխարհային մշակույթի բարձրարժեք նվաճում: Բոլոր այս որմնանկարներում բարձր վարպետության հետ մեկտեղ նկատելի է կրոնական պատկերի հոգևոր-խորհրդանշական հայտնութենական մատուցումը: Ամեն ինչ կրում է նվիրականության կնիք, պատկերները ներկայացված են ոչ թե իրենց արտաքին՝ նյութական հատկանիշներով, այլ՝ յուրահատուկ հանդիսավոր ոճով, որն ընդգծում է նրանց հոգևոր՝ վերերկրային խորհուրդը: Այս որմնանկարները ոճային ընդհանրություն ունեն հայոց հնագույն մանրանկարների հետ:

Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցու ավագ խորանի գմբեթարդի որմնանկարը (VII դ.)
Աղբյուր՝ Նիկոլայ Քոթանջյան, Գույնը Հայաստանի վաղմիջնադարյան գեղանկարչությունում. VI-VII դդ. հուշարձանների վերլուծություն. «Սովետական գրող», Երևան, 1978

VIII-IX դ. արաբական տիրապետության հետևանքով Հայաստանում մշակույթի այլ բնագավառների հետ ընդհատվում է նաև որմնանկարչությունը:
Հայ եկեղեցական որմնանկարչության հաջորդ շրջանը սկսվում է X դարից և որոշ ընդհատումներով, կապված թուրք-սելջուկյան տիրապետության հետ (XI-XII դդ.), շարունակվում մինչև ուշ միջնադար: X դ. ստեղծված առաջին խոշորագույն նվաճումներից են Աղթամարի Ս. Խաչ և Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցիների որմնանկարները, որոնք որոշակի պատկերացում են տալիս այդ շրջանում եկեղեցու ամբողջական ներքին պատկերազարդման համակարգի մասին: Ստեղծված լինելով միևնույն ժամանակահատվածում (X դ. առաջին կես)՝ այս եկեղեցիների որմնանկարները բավականին տարբեր են իրենց ոճական առանձնահատկություններով: Աղթամարի որմնանկարները հին արևելաքրիստոնեական ավանդության տիպական օրինակներ են և ավետարանական պատկերների հետ ունեն նաև հինկտակարանյան դրվագներ (գմբեթին՝ արարչագործության, մարդու ստեղծման և դրախտից վտարման պատկերը), ինչն ավելի ուշ կարելի է տեսնել Վենետիկի Ս. Մարկոս տաճարի խճանկարներում և որոշ հռոմեական որմնանկարներում:

Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հյուիսարևմտյան խորշի վերին հատվածը. սուրբ հայրապետներ (X դ.)
Աղբյուր՝ © Ստեփան Մնացականյան, Աղթամար, Editions Erebouni, 1985

Տաթևի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկարներից (930 թ.) պահպանվել են Քրիստոսի ծննդյան պատկերի մի մասը (Մանկան լոգանքը և հովիվները՝ հրեշտակների բարի լուրը լսելիս) և «Ահեղ դատաստանի» մեռելների հարության հատվածը: Այստեղ ֆիգուրներն օժտված են պլաստիկայով և հուժկու հուզական շարժմամբ: X դ. սկզբում ստեղծված որմնանկարի կարևոր օրինակ է նաև Հաղպատի վանքի Ս. Նշան եկեղեցու ավագ խորանի գմբեթարդում մասնակիորեն պահպանված «Բարեխոսություն» կոմպոզիցիան: XII դարից պահպանված ամենանշանավոր որմնանկարներն են Անիի Ս. Փրկիչ եկեղեցու գմբեթարդների սրբապատկերները, որոնք որոշակի առնչություն ունեն Փոքր Հայքի և Անիի մանրանկարչական դպրոցների հետ:

Անիի Ս. Փրկիչ եկեղեցու աբսիդի որմնանկարված գմբեթարդ. Ղուկաս ավետարանիչ (XII դ.)
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի

Հայաստանում որմնանկարչությունը նոր վերելք է ապրում Զաքարյանների իշխանության օրոք (XIII-XIV դդ.), երբ թուրք-սելջուկների լուծը թոթափելուց հետո կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ ու վանական համալիրներ: Այս շրջանից մեզ են հասել Անիի Բախտաղեկի Ս. Գրիգոր ավերված եկեղեցու գլխավոր աբսիդի որմնանկարի բեկորներ, Անիի Տիգրան Հոնենցի Ս. Գրիգոր եկեղեցու, Ախթալայի Ս. Աստվածածին վանքի գլխավոր եկեղեցու, Քոբայրի վանքի եկեղեցիների և զանգակատան, Կիրանց վանքի գլխավոր եկեղեցու և սեղանատան, Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու, Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր եկեղեցու, Հաղպատի վանքի Ս. Նշան և այլ եկեղեցիների որմնանկարների հատվածներ: Ըստ պահպանված նմուշների՝ կարելի է ասել, որ X-XIII դդ. Հայաստանում վերջնական և ընդհանուր մշակում է ստացել եկեղեցու ամբողջական նկարազարդման համակարգը, ինչպես Բյուզանդիայում և Փոքր Հայքին հարևան Կապադովկիայում:

Հատված Քոբայրի վանքի գլխավոր եկեղեցու խորանի որմնանկարից (XIII դ.)
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի


XV դ. սկսած՝ Հայաստանում ծանրանում է քաղաքական և տնտեսական կացությունը՝ կապված թուրքմենական վայրենի ցեղերի ասպատակությունների, ապա՝ Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի բռնատիրության հետ, ինչի հետևանքով վերանում են որմնանկարի ստեղծման համար անհրաժեշտ պայմանները: Հայ սրբանկարիչները սահմանափակվում են հաստոցային սրբապատկերների ստեղծմամբ, որոնք աստիճանաբար սկսում են ենթարկվել արևմտաեվրոպական ավանդության ազդեցությանը:

Հայ որմնանկարչությունը որոշակի վերածաղկում է ապրում XVII-XIX դդ.: Այս շրջանին են պատկանում Ս. Էջմիածնի Մայր տաճարի, Ագուլիսի Ս. Քրիստափոր եկեղեցու, Ագուլիսի Ս. Թովմա վանքի տաճարի, Ապրակունիսի վանքի Ս. Կարապետ և Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանքերի Ս. Ստեփանոս եկեղեցիների որմնանկարները: Դրանցում նկատելի է մի կողմից՝ արևելյան զարդաձևերի անսովոր առատությունը, և մյուս կողմից՝ արևմտաեվրոպական կերպարվեստի հետևողությամբ ստեղծված կերպարների իրապաշտական բնույթը: Երկու ազդեցություններն էլ նահանջ են հոգևոր աշխարհընկալումից դեպի աշխարհիկը, թեև այդ երկուսի զուգորդմամբ յուրահատուկ խորհրդական միջավայր է ստեղծվում: Առավել ուշ շրջանի և հիմնականում դեպի արևմտաեվրոպական կերպարվեստը հակված որմնանկարներ են պարունակում Էջմիածնի Ս. Գայանե եկեղեցու մուտքի բարավորն ու 2 որմնախորշերը, Մուղնու Ս. Գևորգ վանքի համանուն եկեղեցին, Սաղմոսավանքի Ս. Սիոն եկեղեցին, ինչպես նաև Վարագավանքի գավիթն ու ժամատունը:

Ագուլիս. Ս. Թովմա եկեղեցու գմբեթի որմնանկարը (XVII դ. վերջ)
Հեղինակ՝ Նաղաշ Հովնաթան
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի


Նշված օրինակներն այս շրջանի որմնանկարչության միայն մի մասն են կազմում. մինչև XX դ. Երևանի, Թիֆլիսի, Շուշիի, Ջուղայի և այլ կենտրոնների եկեղեցիները հարդարվել են որմնանկարներով, որոնցից շատերն այսօր պահպանված չեն:

XX դ. սկզբից Հայաստանին հասած արհավիրքների հետևանքով կտրուկ ընդհատվում է որմնանկարչության մշակույթը: Որմնանկարի փոխարեն սկսում են առանձին հաստոցային սրբապատկերներ զետեղել եկեղեցու որոշակի մասերում, ինչը, ավանդույթի ուժ ստանալով, շարունակվում է մինչև այսօր: Այնուհանդերձ, ներկայումս Հայ Եկեղեցում որոշ փորձեր են արվում՝ վերականգնելու հայկական որմնանկարչության դարավոր ավանդությունը:
 
sacredtradition.am