русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՈՍԿՅԱՆՔ (+ մոտ 100)
id390Այս երանելի անձինք Հռոմի կայսերական պալատի 5 պաշտոնյա ազնվականներ էին, որոնց կայսրը դեսպան էր ուղարկել Հայաստան: Ճանապարհին հանդիպելով ս. Թադեոս առաքյալին՝ նրա քարոզի և հրաշագործության շնորհիվ ազնվականները դարձի են գալիս և մկրտվում: Ս. Թադեոսը խմբի գլխավորին՝ Խրիզոսին (հունարեն՝ Ոսկի) քահանա է ձեռնադրում, որի անունով էլ խումբը կոչվում է Ոսկյանք: Շուտով նրանք որոշում են թողնել իրենց երկրային առաքելությունը և դառնում են սուրբ առաքյալի ուղեկից աշակերտները՝ օրըստօրե խորամուխ լինելով հոգևոր կյանքում և հաստատվելով բարեպաշտության մեջ:
Ս. Թադեոսի նահատակությունից (46 թ.) հետո Ոսկյանք առանձնանում են Հայաստանի Ծաղկոտն գավառի լեռներում, որտեղից սկիզբ է առնում Եփրատը, և անձնատուր են լինում ճգնությունների ու հարատև աղոթքի: Ավելի քան 40 տարի այսպես կենցաղավարելուց հետո աստվածային ազդմամբ Ոսկյանք գալիս են Արտաշես արքայի պալատը: Այստեղ նրանց քարոզի շնորհիվ դարձի են գալիս Սաթենիկ թագուհու հետ Ալանաց աշխարհից եկած մի խումբ մարդիկ՝ 19 հոգի, որոնց ս. Ոսկին մկրտում է Եփրատի ակունքում՝ փոխելով բոլորի անունները. առաջինին անվանում են Սուքիաս, որտեղից էլ ծագում է խմբի ընդհանուր անվանումը՝ Սուքիասյանք: Շուտով նորադարձները լքում են արքունիքն ու հեռանում լեռներ, փնտրում և գտնում են Ոսկյանց և բնակություն հաստատում նրանց մոտ՝ աշակերտելով ճգնակեցության և բարեպաշտության մեջ:
19 անձանց հեռացումն աշխարհից արքունիքում ընկալվում է իբրև չարիք և մոլորության: Հայոց արքայորդիները, գտնելով Սուքիասյանց, փորձում են համոզել ետ կանգնել իրենց ճանապարհից, բայց տեսնելով նրանց անկոտրում կամքը՝ զայրացած մահվան են դատապարտում իրենց պալատականների «մոլորության» պատճառ դարձած Ոսկյանց: Սուքիասյանք մեծ սգով հողին են հանձնում սրբերի պատվական նշխարները, ապա հեռանում Բագրևանդ գավառի լեռները:
Ս. Ոսկյանք Հայոց աշխարհի առաջին ճգնավորներն էին, որ նահատակվեցին և Հայ Եկեղեցու հիմնաքարերը եղան տակավին առաջին դարի վերջին:
Նրանց հիշատակը նշվում է Առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը, երբեմն էլ՝ երեքշաբթի՝ ս. Սուքիասյանց հետ միասին:
 
sacredtradition.am