SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ
id387Ողորմությունը այն աստվածային հատկությունն Է, որով Արարիչը ոչ միայն խնամում է ու պահպանում իր արարածներին, այլև հաճախ մեղմացնում կամ դադարեցնում է ըստ արդարության տրված արժանի պատուհասները: Եթե Տերը մեզ հետ վարվեր միայն արդարությամբ, ապա մենք միայն պատժապարտ կլինեինք, սակայն Իր մեծ ողորմությամբ Նա Իր վրա վերցրեց մեր հանցանքների պատուհասը և մեզ շնորհեց ապաշխարության հնարավորություն:
Ատված մարդուն էլ օժտել է ողորմածությամբ և պահանջում է այն ամբողջ սրտով դրսևորել մերձավորների հանդեպ: Բոլոր առաքինությունների մեջ ողորմությունն ամենից առավել է գնահատվում, քանի որ նրանով մարդը նմանվում է Աստծուն, շահում Նրա գութը և բարեհաճությունը: Անողորմներին անողորմ դատաստան է սպասում, իսկ ողորմածներին Տերը ողորմում է: «Երանի՜ ողորմածներին,- ասում է Քրիստոս Իր Լեռան քարոզում,- որովհետև նրանք ողորմություն կգտնեն» [Մատթ. 5.7]:
Ողորմությունը պետք է բխի անկեղծ սրտից, լինի բացարձակապես անշահախնդիր՝ Աստծո փառքի և Նրա արդարության հաստատման համար: Քանզի հաճախ արտաքնապես օգնություն ցուցաբերելով՝ մարդը ներքուստ լիովին անտարբեր է լինում ուրիշի նեղության ու վշտի հանդեպ, երբեմն էլ օգնությամբ իսկ վիրավորում է կարիքավորին: Նման վերաբերմունքով տրված օգնությունները որևէ կապ չունեն ողորմության առաքինության հետ և ոչինչ են Աստծո աչքում: Տերը երանի է տալիս ոչ թե պարզապես ողորմություն գործողներին, այլ ողորմածներին՝ նրանց, ում սիրտը լցված է մարդկանց հանդեպ ջերմ բարեհոգությամբ՝ բոլոր իրավիճակներում:
Ողորմության գործերը չպիտի սահմանափակվեն սոսկ աղքատներին օգնելով և հիվանդներին ու նեղյալներին խնամելով: Մարդուց ողորմության դրսևորում է պահանջվում գրեթե ամեն պահ: Այն կարող է արտահայտվել չնչին օգնությամբ, լոկ մի բարի խոսքով, իսկ երբեմն էլ՝ պարզապես լռելով, եթե այդպես է պահանջում մերձավորի հանդեպ ճշմարիտ ուշադրությունն ու հարգանքը:
Ամեն մի անողորմ հայացք կամ արտահայտություն թունավորում է միջավայրը և նման վերաբերմունքով անդրադառնում մարդուն: Եվ հակառակը՝ բարեհոգությամբ ու ողորմածությամբ շնչող հոգին իր շուրջ սեր ու խաղաղություն է սփռում՝ նույն սիրուն և օժանդակությանն արժանանալով թե՛ մարդկանց, թե՛ Աստծո կողմից: Մերձավորի հանդեպ մարդու և՛ անողորմ սրտով, և՛ ողորմածությամբ կատարվող բոլոր արարքները Քրիստոս Իրեն է վերագրում՝ դրանով իսկ ողորմածությունը դարձնելով քրիստոնեական կյանքի հրամայականը և փրկության նախապայմանը, քանզի գրված է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, Ինձ համար արեցիք» [Մատթ. 25.40]:
 
sacredtradition.am