русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՂԱԶԱՐՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
id313Քրիստոսի գործած հրաշքներից մեկը, որն առանձնապես փառավորեց Նրա անունը չարչարանքներից առաջ, Ղազարոսի հարությունն էր:
Բեթանիա քաղաքում ապրում էր մի ընտանիք, որի անդամները՝ Ղազարոսը և նրա քույրեր Մարթան ու Մարիամը, Տիրոջ ուսմունքի հետևորդներն էին: Հիսուսը շատ էր սիրում նրանց, նրանք էլ փոխադարձ ջերմագին սիրով կապված էին Փրկչի հետ: Մարթան միշտ սիրով սպասավորում էր սեղանը, իսկ Մարիամը սիրում էր նստել Տիրոջ ոտքերի մոտ և ունկնդրել Նրա խոսքերը:
Մի օր Ղազարոսը ծանր հիվանդացավ: Իրենց եղբոր կյանքի համար տագնապելով՝ քույրերն այդ մասին տեղեկացրին Հիսուսին: Նա պատասխանեց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծո փառքի համար է, որպեսզի դրանով փառավորվի Աստծո Որդին»: Երկու օր անց Հիսուսն Իր աշակերտների հետ գնաց Բեթանիա: Ղազարոսն արդեն մահացել էր: Մարթան, ընդառաջ ելնելով Հիսուսին, ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, եղբայրս մեռած չէր լինի: Բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ խնդրես Աստծուց, Քեզ կտա»: Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»: Մարթան պատասխանեց. «Գիտեմ, որ հարության ժամանակ, վերջին օրը, հարություն կառնի»: Նա նկատի ուներ համընդհանուր հարությունը, մինչդեռ Տերը խոսում էր ներկայի մասին: Եվ Նա ասաց. «Ես իսկ եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կկենդանանա»: Եվ գերեզման գնալով՝ Հիսուսը պատվիրեց բացել մուտքը: Մարթան վախենում էր, որ դիակն արդեն հոտած կլինի, քանի որ չորրորդ օրն էր մահվանից ի վեր: Այդժամ Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց ու հրամայեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: Եվ Ղազարոսը հարություն առավ [տե՛ս Հովհ. 11.1-44]:

Ղազարոսի հարությունը
Երևան, ձեռ. 10675, էջ 284բ, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին

Այս հրաշքի լուրն արագորեն տարածվեց հրեաների մեջ, և երբ Տերը մտնում էր Երուսաղեմ, ժողովուրդը Նրան դիմավորում էր ցնծագին աղաղակներով (տե՛ս Ծաղկազարդ):
Չորս օրվա մեռյալին հարություն տալով՝ Քրիստոս ցույց տվեց Իր լիակատար իշխանությունը մահվան վրա: Եվ Նա այդ կատարեց Իր չարչարանքներից և խաչելությունից անմիջապես առաջ, որպեսզի մարդիկ հասկանան, որ Ինքը կամավոր է կրում դրանք՝ հանուն մեր փրկության, որ Իր մահը խաչի վրա ոչ թե Իր տկարությունն է, այլ հաղթանակը չարի և մահվան հանդեպ, և որ, վերջապես, Ինքն էլ հարություն պիտի առնի:
Ղազարոսի հարության հիշատակը Եկեղեցին տոնում է Ծաղկազարդին նախորդող շաբաթ օրը:
 
sacredtradition.am