русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
id310Եկեղեցու խորհուրդների թվում ձեռնադրությունը հատուկ նշանակություն ունի: Նրանով հոգևոր դասն առանձնանում է հավատացյալ ժողովրդից՝ ընտրվելով նրան քարոզելու և առաջնորդելու, Սուրբ Հոգու շնորհները բաշխելու և Եկեղեցու ողջ հոգևոր հարստությունն ավանդելու համար:
Այսպիսի բարձր և պատասխանատու առաքելությունն անհնար է կատարել առանց հատուկ շնորհի: Որքան էլ մարդը սրբակյաց լինի և Սուրբ Հոգու պարգևներով լցված, այնուհանդերձ եկեղեցական սպասավորության համար անհրաժեշտ են որոշակի նշանակության և կոչվածության համապատասխանող շնորհներ, որոնց միջոցով խորհուրդները և արարողությունները լինում են կատարյալ ու վավերական: Այդ շնորհների էությունը հայտնի է միայն Աստծուն, ուստի միայն աստվածային կարգով ավանդվածը կարող է լինել հավաստի և ճշմարիտ: Այս պատճառով ձեռնադրության խորհուրդը սերում է առաքյալներից, որոնց Ինքը Տերն ընտրեց այդ նպատակով և պարգևեց հատուկ շնորհներ:
Քրիստոս, Իր հարությունից հետո այցելելով աշակերտներին, հանդիսավոր կերպով նրանց հաստատեց այդ ծառայության մեջ՝ ասելով. «Ինչպես Իմ Հայրը Ինձ առաքեց, Ես էլ առաքում եմ ձեզ»: Եվ այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինեն. եթե մեկի մեղքերը կապեք, կապված կլինեն» [Հովհ. 20.21-23]: Առաքյալներին արտոնելով քարոզել ամբողջ աշխարհում՝ Տերն ասաց նրանց. «Գնացե՛ք ուրեմն, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին, մկրտեցե՛ք նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» [Մատթ. 28.19]:
Իսկ Պենտեկոստեի օրը առաքյալները լցվեցին անպատմելի շնորհներով՝ ստանալով այն ամենը, ինչ անհրաժեշտ էր իրենց առաքելական կոչման համար: Սուրբ Հոգու կենդանի առաջնորդությամբ նրանք իրենց ծառայության առաջին իսկ շրջանում սարկավագներ, երեցներ (քահանաներ) ու եպիսկոպոսներ կարգեցին՝ օրավուր աճող նորաստեղծ Եկեղեցում համապատասխան ծառայություններ մատուցելու համար:
Ընտրելով լավագույն հավատացյալներին՝ առաքյալները ձեռքը դնում էին նրանց գլխին և աղոթում, որով և փոխանցվում էին անհրաժեշտ շնորհները: Այդպիսին էր 7 սարկավագների ձեռնադրությունը, որոնց մեջ էր ս. Ստեփանոս Նախավկան: Գործք առաքելոց գրքում կարդում ենք, թե ինչպես Պողոս և Բառնաբաս առաքյալները երեցներ էին ձեռնադրում յուրաքանչյուր նորաստեղծ համայնքի համար: Իսկ Պողոսի՝ Տիմոթեոսին և Տիտոսին ուղղած թղթերից հայտնի է դառնում, որ նրանք, լինելով առաքյալի աշակերտները, եպիսկոպոսական ձեռնադրություն էին ստացել նրա կողմից և իրենք էլ իրենց հերթին երեցներ էին ձեռնադրում այն քաղաքներում, որտեղ բնակվում էին քրիստոնյաներ: Այսպես ձեռնադրությամբ ստեղծվեց և հաստատվեց Եկեղեցու նվիրապետությունը՝ իր հիմնական 3 աստիճաններով, որը, այնուհետև զարգանալով, ընդգրկեց հոգևոր սպասավորության բոլոր ոլորտները:

Ձեռնադրություն Պողոս առաքյալի կողմից (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 206, էջ 529ա, Աստվածաշունչ, 1318 թ., Գլաձոր
Ծաղկող՝ Թորոս Տարոնացի

Այժմ Եկեղեցում ձեռնադրությունն իրագործում է եպիսկոպոսը, որը նախապես քննում է ընծայման պատրաստվողի հավատը և արժանիքները:
Ձեռնադրությունը կատարվում է պատարագի արարողության ժամանակ: Յուրաքանչյուր աստիճան ունի իրեն հատուկ ծիսակարգը: Աղոթքներից և Սուրբ Գրքի համապատասխան ընթերցվածքներից հետո եպիսկոպոսը ձեռքը դնում է ընծայվողի գլխին և քահանայական աստիճանի դեպքում օծում սրբալույս մեռոնով: Այնուհետև նորընծային հանձնվում են իր ստացած աստիճանը խորհրդանշող իրեր. այսպես՝ դպիրին հանձնվում է բանալի, սարկավագին՝ բուրվառ, իսկ քահանային՝ սկիհ:
Եպիսկոպոսական ձեռնադրությունը կատարում է կաթողիկոսը երկու եպիսկոպոսների հետ և ընծայվողին հանձնում է գավազան:
Իսկ կաթողիկոսին, ըստ ավանդության, ձեռնադրում են 12 եպիսկոպոսներ:

Ձեռնադրություն
Երևան, ձեռ. 197, էջ 341բ, Ավետարան, 1287 թ.

Ձեռնադրությունը դարեր շարունակ սերնդից սերունդ է փոխանցում աստվածային շնորհները, որոնք ապահովում են սուրբ խորհուրդների կայացումը և իրականացնում Եկեղեցու հավիտենական միությունը՝ Քրիստոսի և առաքյալների ժամանակներից մինչև աշխարհի վախճանը:
 
sacredtradition.am