русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ


1
1 Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել մեզանում կատարուած դէպքերի պատմութիւնը, 2 ինչպէս մեզ աւանդեցին նրանք, որ սկզբից Խօսքի ականատեսներն ու սպասաւորները եղան, 3 ես էլ, որ սկզբից ստուգութեամբ հետամուտ էի եղել ամէն բանի, կամեցայ կարգով քեզ գրել, ո՛վ գերազանցդ Թէոփիլոս, 4 որպէսզի ճանաչես ճշմարտութիւնն այն խօսքերի, որոնց աշակերտեցիր: 5 Հրէաստանի Հերովդէս թագաւորի օրով Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանայ կար, որի կինը Ահարոնի դուստրերից էր. նրա անունը Եղիսաբեթ էր: 6 Եւ երկուսն էլ Աստծոյ առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատուիրանների եւ օրէնքների ճանապարհով: 7 Նրանք որդի չունէին, որովհետեւ Եղիսաբեթը ամուլ էր, եւ երկուսն էլ իրենց առաջացած տարիքում էին: 8 Եւ մինչ Զաքարիան Աստծոյ առջեւ իր քահանայական պաշտօնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով՝ 9 ըստ քահանայութեան օրէնքի նրան վիճակուեց մտնել Տիրոջ տաճարը եւ խնկարկել: 10 Եւ խնկարկութեան ժամին ժողովրդի ամբողջ բազմութիւնը դրսում աղօթքի էր կանգնած: 11 Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրան՝ խնկերի սեղանի աջ կողմում կանգնած: 12 Երբ Զաքարիան նրան տեսաւ, խռովուեց, եւ վախ ընկաւ նրա մէջ: 13 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքարիա՛, որովհետեւ քո աղօթքը լսելի եղաւ. քո կինը՝ Եղիսաբեթը, մի որդի կծնի քեզ, եւ նրա անունը Յովհաննէս կդնես: 14 Նա քեզ համար ուրախութիւն եւ ցնծութիւն կլինի, եւ շատերը կուրախանան նրա ծննդով, 15 որովհետեւ նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի եւ օղի չի խմի եւ մօր որովայնից սկսած՝ Սուրբ Հոգով կլցուի 16 եւ Իսրայէլի որդիներից շատերին կդարձնի դէպի իրենց Տէր Աստուածը: 17 Նա Եղիայի հոգով եւ զօրութեամբ պիտի գնայ նրա առաջից, որպէսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի ու անհնազանդներին՝ արդարների իմաստութեանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»: 18 Եւ Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ի՞նչ կերպ կիմանամ այդ, քանի որ ես ծեր եմ, եւ կինս էլ առաջացած տարիքում է»: 19 Հրեշտակը նրան պատասխանեց եւ ասաց. «Ես Գաբրիէլն եմ, որ կանգնում եմ Աստծոյ առաջ. ես ուղարկուեցի խօսելու քեզ հետ եւ այդ բանը քեզ աւետելու: 20 Եւ ահա դու համր կլինես եւ չես կարողանայ խօսել մինչեւ այն օրը, երբ այդ կատարուի, քանի որ դու չհաւատացիր իմ խօսքերին, որ կիրականանան իրենց ժամանակին»: 21 Իսկ ժողովուրդը սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է: 22 Եւ երբ նա դուրս եկաւ, չէր կարողանում խօսել նրանց հետ: Եւ նրանք իմացան, որ տաճարում տեսիլք է տեսել. եւ նա նշանացի էր խօսում նրանց հետ ու մնում էր պապանձուած: 23 Եւ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը: 24 Այդ օրերից յետոյ նրա կինը՝ Եղիսաբեթը, յղիացաւ: Հինգ ամիս նա թաքցնում էր ինքն իրեն եւ ասում. 25 «Այս ի՛նչ բան արեց Տէրը ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրայ՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»: 26 Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծոյ կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, 27 մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: 28 Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»: 29 Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը: 30 Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: 31 Եւ ահա դու կյղիանաս եւ կծնես մի Որդի ու նրա անունը Յիսուս կդնես: 32 Նա մեծ կլինի եւ Բարձրեալի Որդի կկոչուի: Եւ Տէր Աստուած նրան կտայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կթագաւորի Յակոբի տան վրայ, 33 ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: 34 Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: 35 Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կգայ քեզ վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծոյ Որդի կկոչուի: 36 Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը՝ նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ սա յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. 37 որովհետեւ Աստծոյ համար անկարելի բան չկայ»: 38 Եւ Մարիամն ասաց. «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը. թող քո խօսքի համաձայն լինի ինձ»: Եւ հրեշտակը հեռացաւ նրանից: 39 Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40 մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: 41 Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42 եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: 43 Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44 որովհետեւ, ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: 45 Եւ երանի՜ նրան, որ կհաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կկատարուեն»: 46 Եւ Մարիամն ասաց. «Իմ անձը կփառաւորի Տիրոջը, 47 եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, 48 որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ այսուհետեւ բոլոր սերունդներն ինձ երանի կտան, 49 որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը սուրբ է: 50 Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է: 51 Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց, ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով. 52 հզօրներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին: 53 Քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց: 54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին՝ յիշելով իր ողորմութիւնները, 55 ինչպէս ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»: 56 Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը: 57 Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացաւ, եւ նա մի որդի ծնեց. 58 եւ նրա շուրջը գտնուողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տէրն իր մեծ ողորմութիւնը ցոյց տուեց նրա հանդէպ, եւ ուրախանում էին նրա հետ: 59 Եւ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու. եւ նրան իր հօր անունով Զաքարիա էին կոչում: 60 Բայց նրա մայրը պատասխանեց եւ ասաց. «Ո՛չ, այլ Յովհաննէս պէտք է կոչուի»: 61 Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմում չկայ մէկը, որի անունը Յովհաննէս լինի»: 62 Նշանացի հարցրին նրա հօրը, թէ ինչ կկամենայ նրան կոչել: 63 Իսկ նա մի տախտակ ուզեց եւ վրան գրեց. «Նրա անունը Յովհաննէս է»: Եւ բոլորը զարմացան: 64 Եւ իսկոյն նրա բերանը բացուեց, ու նրա լեզուն՝ նոյնպէս. եւ խօսում էր ու օրհնում Աստծուն: 65 Եւ ահ ընկաւ բոլորի մէջ, որ լսեցին այս, եւ նրանց մէջ, որ բնակւում էին նրանց շուրջը: Եւ Հրէաստանի ամբողջ լեռնակողմում այս բոլոր բաները պատմւում էին: 66 Եւ բոլոր լսողները պահում էին իրենց սրտում այս ամէնը եւ ասում էին. «Արդեօք ի՞նչ կլինի այս մանուկը»: Եւ Տիրոջ ձեռքը նրա հետ էր: 67 Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցուեց, մարգարէացաւ եւ ասաց. 68 «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ այցի եկաւ մեզ եւ փրկութիւն բերեց իր ժողովրդին: 69 Եւ իր ծառայ Դաւթի տնից մեզ համար մի հզօր Փրկիչ հանեց, 70 ինչպէս որ խօսել էր սրբերի բերանով, որոնք հին դարերում նրա մարգարէներն էին. 71 փրկութիւն մեր թշնամիներից եւ բոլոր մեզ ատողների ձեռքից՝ 72 ողորմութիւն անելու համար մեր հայրերին եւ յիշելու իր սուրբ ուխտը. 73 այն երդումը, որ արել էր մեր հօրը՝ Աբրահամին, 74 որպէսզի թշնամիների ձեռքից փրկուած՝ կարողանանք առանց երկիւղի ծառայել նրա առաջ 75 սրբութեամբ եւ արդարութեամբ՝ մեր կեանքի բոլոր օրերում: 76 Եւ դու, ո՛վ մանուկ, Բարձրեալի մարգարէն պիտի կոչուես, որովհետեւ պիտի գնաս Տիրոջ առջեւից՝ պատրաստելու նրա ճանապարհները, 77 տալու նրա ժողովրդին փրկութեան գիտութիւնը նրանց մեղքերի թողութեան համար՝ 78 մեր Աստծոյ գթառատ ողորմութեան շնորհիւ, որով բարձունքից արեգակը մեզ կայցելի՝ ծագելու նրանց վրայ, 79 որոնք նստած են խաւարի եւ մահուան ստուերների մէջ, ուղղելու մեր ոտքերը դէպի խաղաղութեան ճանապարհները»: 80 Եւ մանուկն աճում ու զօրանում էր հոգով եւ մնում էր ամայի տեղերում մինչեւ Իսրայէլում նրա երեւալու օրը:

2
1 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ ամբողջ երկրում մարդահամար անելու համար: 2 Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում: 3 Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարում՝ իւրաքանչիւրն իր քաղաքում: 4 Յովսէփն էլ, Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով, Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5 մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր: 6 Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7 եւ նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար: 8 Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում: 9 Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան: 10 Եւ հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի. 11 որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է: 12 Եւ սա ձեզ համար նշան կլինի. խանձարուրով փաթաթուած եւ մսուրի մէջ դրուած մի Մանուկ կգտնէք»: 13 Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն եւ ասում. 14 «Փա՜ռք Աստծուն բարձունքներում եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն մարդկանց մէջ»: 15 Եւ երբ հրեշտակները, նրանցից հեռանալով, երկինք բարձրացան, հովիւներն ասացին միմեանց. «Եկէք գնանք մինչեւ Բեթղեհէմ եւ տեսնենք, թէ ինչ բան է այս եղածը, որ Տէրը մեզ ցոյց տուեց»: 16 Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուած Մանկանը: 17 Եւ ճանաչեցին նրան այն խօսքից, որ իրենց ասուել էր Մանկան մասին: 18 Եւ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրայ, որ հովիւներն ասացին իրենց: 19 Իսկ Մարիամը այս բոլոր ասուածները պահում էր իր մէջ եւ իր սրտում խորհում: 20 Եւ հովիւները վերադարձան. փառաւորում եւ օրհնում էին Աստծուն այն ամէնի համար, որ լսեցին ու տեսան, ինչպէս իրենց պատմուել էր: 21 Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատուեց, նրա անունը Յիսուս դրուեց, ինչպէս հրեշտակի կողմից կոչուել էր, երբ դեռ չէր յղացուել մօր որովայնում: 22 Երբ որ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան Տիրոջը ներկայացնելու համար, 23 ինչպէս գրուած էր Տիրոջ օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի»: 24 Եւ Տիրոջ օրէնքում ասուածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ: 25 Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար եւ այդ մարդը արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. եւ Սուրբ Հոգին նրա մէջ էր: 26 Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր նրան մահ չտեսնել, մինչեւ որ տեսնի Տիրոջ Օծեալին: 27 Նա, Հոգով առաջնորդուած, եկաւ տաճարը, եւ երբ ծնողները բերեցին Յիսուս մանկանը՝ նրա վրայ կատարելու, ինչ որ օրէնքի սովորութեան համաձայն էր, 28 Սիմէոնը նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն եւ ասաց. 29 «Այժմ, ո՛վ Տէր, խաղաղութեամբ արձակի՛ր քո ծառային՝ ըստ քո խօսքի. 30 որովհետեւ աչքերս տեսան փրկութիւնը քո, 31 որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ. 32 լոյս, որ կլինի յայտնութիւն հեթանոսների համար, եւ փառք՝ Իսրայէլի քո ժողովրդի համար»: 33 Եւ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խօսքերի համար, որ ասում էին նրա մասին: 34 Սիմէոնը նրանց օրհնեց եւ ասաց նրա մօրը՝ Մարիամին. «Ահա սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման եւ նշան հակառակութեան: 35 Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»: 36 Եւ այնտեղ կար մի մարգարէուհի՝ Աննա անունով, Փանուէլի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն եօթ տարի էր ապրել՝ սկսած իր կուսութիւնից: 37 Նա մօտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն: 38 Սա եւս նոյն ժամին վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը եւ խօսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէմի փրկութեանն էին սպասում: 39 Եւ երբ ամէն ինչ կատարեցին Տիրոջ օրէնքի համաձայն, վերադարձան Գալիլիա՝ իրենց քաղաքը՝ Նազարէթ: 40 Եւ Մանուկը աճում ու զօրանում էր՝ լի իմաստութեամբ. եւ Աստծոյ շնորհները նրա վրայ էին: 41 Արդ, նրա ծնողները ամէն տարի Զատկի տօնին Երուսաղէմ էին գնում: 42 Եւ երբ նա տասներկու տարեկան եղաւ, տօնի սովորութեան համաձայն՝ Երուսաղէմ ելան: 43 Եւ երբ տօնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Յիսուսը մնաց Երուսաղէմում, եւ նրա ծնողներն այդ չիմացան: 44 Կարծում էին, թէ նա իրենց ուղեկիցների հետ է. մի օրուայ չափ ճանապարհ եկան եւ նրան փնտրեցին ազգականների ու ծանօթների մէջ: 45 Ու երբ չգտան, Երուսաղէմ վերադարձան նրան փնտրելու համար: 46 Եւ երեք օր յետոյ նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ նա լսում էր նրանց ու հարցեր էր տալիս: 47 Եւ բոլորը, որ նրան լսում էին, զարմանում էին նրա իմաստութեան եւ պատասխանների վրայ: 48 Երբ ծնողները նրան տեսան, հիացան. իսկ մայրը նրան ասաց. «Որդի՛, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահաւասիկ, հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»: 49 Եւ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտէի՞ք, որ ես Հօրս տանը պէտք է լինեմ»: 50 Բայց նրանք չհասկացան այն խօսքը, որ նա իրենց ասաց: 51 Եւ Յիսուս նրանց հետ իջաւ ու Նազարէթ գնաց. եւ նա հնազանդ էր նրանց: Եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում: 52 Իսկ Յիսուս զարգանում էր իմաստութեամբ, հասակով ու շնորհով Աստծոյ եւ մարդկանց առջեւ:

3
1 Տիբերիոս կայսեր իշխանութեան տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը կուսակալ էր Հրէաստանի, եւ Հերովդէսը՝ չորրորդապետ Գալիլիայի, եւ նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետ Իտուրացիների ու Տրաքոնացիների աշխարհի, Լիւսանիասը՝ չորրորդապետ Աբիլենէի, 2 եւ Աննայի ու Կայիափայի քահանայապետութեան օրով Աստծոյ խօսքը լսելի եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատում: 3 Եւ նա եկաւ Յորդանանի կողմը՝ ապաշխարութեան մկրտութիւն քարոզելու մեղքերի թողութեան համար, 4 ինչպէս գրուած է Եսայի մարգարէի պատգամների գրքում. «Անապատում կանչողի ձայնն է. պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցէ՛ք նրա շաւիղները: 5 Բոլոր ձորերը թող լցուեն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհուեն, դժուարին ճանապարհները հեշտ թող դառնան, առապարները՝ հարթ ճանապարհներ. 6 եւ ամէն մարդ կտեսնի Աստծոյ փրկութիւնը»: 7 Եւ այն ժողովրդին, որ եկել էր իրենից մկրտուելու, ասում էր. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկութիւնից, որ գալու է: 8 Այսուհետեւ ապաշխարութեան արժանի պտուղնե՛ր տուէք եւ մի՛ սկսէք ասել, թէ Աբրահամին ունենք իբրեւ հայր. այս ասեմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից անգամ դուրս բերել Աբրահամի որդիներ: 9 Բայց ահաւասիկ, կացինը ծառերի արմատի վրայ է. ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում»: 10 Ժողովուրդը նրան հարցնում էր եւ ասում. «Իսկ արդ, ի՞նչ պիտի անենք»: 11 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ով որ երկու զգեստ ունի, մէկը թող տայ նրան, ով չունի, եւ ով որ ուտելիք ունի, նոյն ձեւով թող անի»: 12 Մաքսաւորներն էլ եկան մկրտուելու եւ հարցրին նրան. «Վարդապե՛տ, մե՞նք ինչ անենք»: 13 Նա ասաց նրանց. «Ձեզ համար սահմանուածից աւելին մի՛ վերցրէք»: 14 Զինուորները նոյնպէս հարցնում էին նրան. «Իսկ մե՞նք ինչ անենք»: Նա ասաց նրանց. «Ոչ ոքի մի՛ նեղէք, ոչ ոքի մի՛ զրպարտէք, ձեր ռոճիկը թող ձեզ բաւարար լինի»: 15 Ժողովուրդը սպասման մէջ էր, եւ բոլորն իրենց սրտում Յովհաննէսի մասին հարց էին տալիս, թէ՝ “Մի՞թէ սա է Քրիստոսը”: 16 Նա պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից աւելի զօրաւորը, որի կօշիկները հանելու արժանի չեմ ես. նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ հրով. 17 նրա քամհարը իր ձեռքում է՝ մաքրելու իր կալը, հաւաքելու ցորենը իր շտեմարանում, իսկ յարդը կայրի անշէջ կրակով»: 18 Նա շատ ուրիշ մխիթարիչ խօսքերով բարի լուրն էր աւետում ժողովրդին: 19 Բայց Հերովդէս չորրորդապետը, յանդիմանուած լինելով Յովհաննէսի կողմից իր եղբօր կնոջ՝ Հերովդիայի պատճառով եւ այն բոլոր չարիքների համար, որ Հերովդէսը գործել էր, 20 այդ բոլորի վրայ աւելացրեց եւ այն, որ Յովհաննէսին բանտարկեց: 21 Եւ ամբողջ ժողովրդի մկրտուելուց յետոյ Յիսուս եւս մկրտուեց, ու երբ աղօթքի կանգնեց, երկինքը բացուեց, 22 եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսքով, որպէս աղաւնի, իջաւ նրա վրայ. եւ երկնքից ձայն եկաւ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»: 23 Եւ ինքը Յիսուս շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործունէութիւնը: Եւ ինչպէս կարծում էին, որդին էր Յովսէփի, եւ սա՝ Յակոբի, եւ սա՝ Հեղիի, եւ սա՝ Մատաթէի, 24 եւ սա՝ Ղեւիի, եւ սա՝ Մեղքիի, եւ սա՝ Յաննէի, եւ սա՝ Յովսէփի, 25 եւ սա՝ Մատթէի, եւ սա՝ Ամոսի, եւ սա՝ Նաւումի, եւ սա՝ Էսղիի, եւ սա՝ Նանգէի, 26 եւ սա՝ Մաաթի, եւ սա՝ Մատաթէի, եւ սա՝ Սեմէիի, եւ սա՝ Յոսէքէի, եւ սա՝ Յոդայի, 27 եւ սա՝ Յովնանէի, եւ սա՝ Րէսայի, եւ սա՝ Զորոբաբէլի, եւ սա՝ Սաղաթիէլի, եւ սա՝ Ներիի, 28 եւ սա՝ Մեղքիի, եւ սա՝ Ադդէի, եւ սա՝ Կոսամի, եւ սա՝ Ելմոդադի, եւ սա՝ Երէի, 29 եւ սա՝ Յեսուի, եւ սա՝ Եղիազարի, եւ սա՝ Յորամի, եւ սա՝ Մատթէի, եւ սա՝ Ղեւիի, 30 եւ սա՝ Սիմէոնի, եւ սա՝ Յուդայի, եւ սա՝ Յովսէփի, եւ սա՝ Յովնամի, եւ սա՝ Եղիակիմի, 31 եւ սա՝ Մելլէի, եւ սա՝ Մեննէի, եւ սա՝ Մատտաթայի, եւ սա՝ Նաթանի, եւ սա՝ Դաւթի, 32 եւ սա՝ Յեսսէի, եւ սա՝ Օբէդի, եւ սա՝ Բոոսի, եւ սա՝ Սաղմանի, եւ սա՝ Նաասոնի, 33 եւ սա՝ Ամինադաբի, եւ սա՝ Արամի, եւ սա՝ Ադմէի, եւ սա՝ Առնէի, եւ սա՝ Եսրոնի, եւ սա՝ Փարէսի, եւ սա՝ Յուդայի, 34 եւ սա՝ Յակոբի, եւ սա՝ Իսահակի, եւ սա՝ Աբրահամի, եւ սա՝ Թարայի, եւ սա՝ Նաքորի, 35 եւ սա՝ Սերուգի, եւ սա՝ Ռագաւի, եւ սա՝ Փաղեկի, եւ սա՝ Եբերի, եւ սա՝ Սաղայի, 36 եւ սա՝ Կայնանի, եւ սա՝ Արփաքսադի, եւ սա՝ Սէմի, եւ սա՝ Նոյի, եւ սա՝ Ղամէքի, 37 եւ սա՝ Մաթուսաղայի, եւ սա՝ Ենոքի, եւ սա՝ Յարեդի, եւ սա՝ Մաղաղայէլի, եւ սա՝ Կայնանի, 38 եւ սա՝ Ենոսի, եւ սա՝ Սէթի, եւ սա՝ Ադամի, եւ սա՝ Աստծոյ:

4
1 Եւ Յիսուս Սուրբ Հոգով լի վերադարձաւ Յորդանանից. եւ Հոգով անապատ առաջնորդուեց 2 ու քառասուն օր փորձուեց սատանայից: Չկերաւ եւ չխմեց այն օրերին. եւ երբ քառասուն օրերը լրացան, քաղց զգաց: 3 Եւ սատանան նրան ասաց. «Եթէ Աստծոյ Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց լինի»: 4 Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Գրուած է. “Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ՝ Աստծոյ ամէն խօսքով”»: 5 Եւ սատանան, տանելով նրան մի բարձր լեռ, մի վայրկեանում նրան ցոյց տուեց աշխարհի բոլոր թագաւորութիւնները: 6 Եւ սատանան նրան ասաց. «Քեզ կտամ այս ամբողջ իշխանութիւնը եւ սրանց փառքը, որովհետեւ ինձ է տրուած, եւ ում որ կամենամ, կտամ այն: 7 Արդ, եթէ դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կլինի»: 8 Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Գրուած է. “Քո Տէր Աստծուն պիտի երկրպագես եւ նրան միայն պիտի պաշտես”»: 9 Եւ տարաւ նրան Երուսաղէմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծոյ Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, 10 որովհետեւ գրուած է. “Իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, որ քեզ պահեն. 11 եւ իրենց ձեռքերի վրայ կբռնեն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփես”»: 12 Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Ասուած է. “Քո Տէր Աստծուն պիտի չփորձես”»: 13 Եւ սատանան, կատարած լինելով բոլոր փորձութիւնները, նրանից միառժամանակ հեռու մնաց: 14 Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողմերում նրա համբաւը տարածուեց: 15 Եւ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորուելով բոլորից: 16 Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնուել-մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ: 17 Եւ նրան տուեցին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր. 18 «Տիրոջ Հոգին ինձ վրայ է. դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, 19 գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին հռչակելու»: 20 Եւ փակելով գիրքը՝ տուեց պաշտօնեային ու նստեց. եւ ժողովարանում բոլոր գտնուողների աչքերը նրա վրայ էին սեւեռուած: 21 Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»: 22 Եւ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ ու ասում. «Սա Յովսէփի որդին չէ՞»: 23 Եւ նա ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կասէք. “Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ: Այն ամէնը, ինչ արել ես Կափառնայումում, որչափ որ լսեցինք, արա՛ եւ այստեղ՝ քո գաւառում”»: 24 Եւ նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարէն ընդունելի չէ իր քաղաքում: 25 Արդարեւ, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայէլում բազում այրիներ կային, երբ երկինքը փակուեց երեք տարի ու վեց ամիս, եւ ամբողջ երկրի վրայ մեծ սով եղաւ: 26 Սակայն նրանցից ոչ մէկի մօտ Եղիան չուղարկուեց, այլ միայն մի այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում: 27 Նաեւ՝ Իսրայէլում Եղիսէ մարգարէի օրով բազում բորոտներ կային, եւ սակայն նրանցից ոչ մէկը չմաքրուեց, այլ միայն՝ Նէեման ասորին»: 28 Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցուեցին բարկութեամբ. 29 եւ վեր կենալով նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչեւ դարաւանդը այն լեռան, որի վրայ շինուած էր իրենց քաղաքը, որպէսզի նրան գահավէժ անեն: 30 Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց: 31 Եւ իջաւ Գալիլիայի Կափառնայում քաղաքը եւ շաբաթ օրերը ուսուցանում էր նրանց: 32 Նրա ուսուցման վրայ զարմանում էին, որովհետեւ նրա խօսքը իշխանութեամբ էր: 33 Եւ ժողովարանում մի մարդ կար, որին բռնել էր մի պիղծ դեւի չար ոգին. սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. 34 «Թո՛ղ մեզ, Յիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք, թէ ով ես. Աստծոյ Սուրբն ես դու»: 35 Յիսուս սաստեց նրան եւ ասաց. «Պապանձուի՛ր եւ դո՛ւրս ելիր դրանից»: Դեւը մէջտեղում գետնին զարկեց նրան եւ դուրս ելաւ նրանից ու որեւէ վնաս չտուեց նրան: 36 Եւ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խօսում էին ու ասում. «Ի՜նչ խօսք է այս, որ իշխանութեամբ եւ զօրութեամբ սաստում է պիղծ ոգիներին, եւ դրանք դուրս են գալիս»: 37 Եւ նրա հռչակը տարածւում էր գաւառի շրջակայքի բոլոր տեղերում: 38 Եւ նա, ժողովարանից դուրս գալով, մտաւ Սիմոնի տունը: 39 Սիմոնի զոքանչը բարձր ջերմութեան մէջ տառապում էր: Նրա համար Յիսուսին աղաչեցին: 40 Նա կանգնեց նրա մօտ, սաստեց ջերմին, եւ ջերմը թողեց նրան: Հիւանդն անմիջապէս ոտքի ելաւ եւ սպասարկում էր նրանց: 41 Եւ երբ արեւը մայր էր մտնում, բոլոր նրանք, որոնք պէս-պէս ցաւերով հիւանդներ ունէին, նրա մօտ էին բերում նրանց. եւ նա նրանցից իւրաքանչիւրի վրայ ձեռք էր դնում եւ նրանց բժշկում: 42 Շատերի միջից դեւեր էլ էին ելնում, աղաղակում եւ ասում. «Դու ես Աստծոյ Որդին»: Եւ նա սաստում էր ու թոյլ չէր տալիս նրանց խօսել. որովհետեւ գիտէին, թէ նա Քրիստոսն է: 43 Եւ երբ օրը լուսացաւ, նա ելաւ գնաց մի ամայի տեղ, իսկ ժողովուրդը փնտրում էր նրան. եկան մինչեւ նրա մօտ եւ չէին թողնում նրան, որ հեռանայ իրենցից: 44 Եւ նա նրանց ասաց. «Աստծոյ արքայութիւնը ես ուրիշ քաղաքների էլ պիտի աւետարանեմ, որովհետեւ դրա համար իսկ ուղարկուեցի»: 45 Եւ նա քարոզում էր գալիլիացիների ժողովարաններում:

5
1 Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծոյ խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին: 2 Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները, դրանց միջից դուրս եկած, ուռկաններն էին լուանում: 3 Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին: 4 Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորքերը, եւ ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»: 5 Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կգցենք»: 6 Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին՝ այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին: 7 Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան, իրենց օգնեն: Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան: 8 Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներն ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ». 9 քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով, 10 նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկանց պիտի որսաս կեանքի համար»: 11 Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին: 12 Եւ երբ նա հասաւ քաղաքներից մէկը, բորոտութեամբ պատած մի մարդ, Յիսուսին տեսնելով, երեսի վրայ ընկած աղաչեց նրան եւ ասաց. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»: 13 Նա մեկնեց իր ձեռքը, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը գնաց նրանից: 14 Յիսուս պատուիրեց նրան ոչ ոքի չասել, այլ՝ «Գնա՛,– ասաց,– դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ ընծայ տուր քո մաքրուելու համար, ինչպէս որ հրամայել էր Մովսէսը ի վկայութիւն նրանց»: 15 Եւ նրա համբաւն աւելի ու աւելի էր տարածւում. եւ բազում ժողովուրդ էր հաւաքւում՝ լսելու նրան ու իրենց հիւանդութիւնից բժշկուելու: 16 Իսկ նա խոյս էր տալիս դէպի ամայի տեղեր եւ աղօթքի էր կանգնում: 17 Մի օր ինքն ուսուցանում էր, իսկ փարիսեցիներն ու օրէնքի վարդապետները, որոնք հաւաքուել էին Գալիլիայի եւ Հրէաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղէմից, նստած էին. եւ Տիրոջ զօրութիւնը նրա հետ էր ու նրա միջոցով բժշկում էր: 18 Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ բերեցին, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ: 19 Եւ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք եւ կտուրի բացուածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մէջտեղ՝ Յիսուսի առաջ: 20 Տեսնելով նրանց հաւատը՝ Յիսուս ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներուեն»: 21 Օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթէ ոչ՝ Աստուած միայն»: 22 Յիսուս, գիտենալով նրանց մտածումները, պատասխանեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք մտմտում ձեր սրտերում. 23 ո՞րն է աւելի հեշտ, ասել՝ քեզ ներուած լինեն քո մեղքե՞րը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր: 24 Բայց որպէսզի իմանաք, թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու (ասաց անդամալոյծին), քեզ եմ ասում. վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: 25 Եւ իսկոյն բոլորի առաջ վեր կենալով՝ իր վրայ առաւ այն, ինչի վրայ ինքը պառկել էր, գնաց իր տունը եւ փառաւորում էր Աստծուն: 26 Բոլորին զարմանք պատեց, եւ փառաւորում էին Աստծուն: Ահով լցուեցին եւ ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»: 27 Դրանից յետոյ դուրս ելաւ այնտեղից եւ տեսաւ մի մաքսաւորի, որի անունը Ղեւի էր, եւ որը, մաքսատանը նստած, գործի վրայ էր: Յիսուս նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»: 28 Եւ նա, թողնելով ամէն ինչ, վեր կացաւ գնաց նրա յետեւից: 29 Եւ Ղեւին իր տան մէջ նրան մեծ ընդունելութիւն տուեց, եւ մեծ թուով մաքսաւորներ եւ ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել: 30 Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին Յիսուսի դէմ իր աշակերտների մօտ եւ ասում. «Ինչո՞ւ էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում»: 31 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Առողջներին բժիշկներ պէտք չեն, այլ՝ հիւանդներին: 32 Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին՝ ապաշխարութեան»: 33 Եւ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Յովհաննէսի, ինչպէս եւ փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում յաճախ եւ աղօթք անում, իսկ քո աշակերտներն ուտում են ու խմում»: 34 Եւ նա ասաց նրանց. «Մի՞թէ կարող էք հարսանքաւորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ որ փեսան նրանց հետ է: 35 Կգան օրեր, երբ որ փեսան նրանցից կվերցուի, ապա այդ օրերին ծոմ կպահեն»: 36 Եւ նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հնացած ձորձի վրայ նոր զգեստից կտոր չի դնի, ապա թէ ոչ՝ ե՛ւ նորը կպատռուի, ե՛ւ նոր զգեստից վերցրած կտորը չի յարմարուի հնի հետ: 37 Եւ ոչ ոք նոր գինին հին տիկերի մէջ չի լցնի, ապա թէ ոչ՝ նոր գինին հին տիկերը կպայթեցնի. գինին կթափուի, եւ տիկերը կփչանան: 38 Այլ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք է լցուի, եւ երկուսն էլ կպահուեն: 39 Եւ ոչ ոք, երբ հինը խմի, նորը չի ուզի, որովհետեւ կասի, թէ հինը աւելի լաւն է»:

6
1 Առաջին ամսուայ երկրորդ շաբաթ օրը, երբ նա անցնում էր արտերի միջով, նրա աշակերտները հասկ էին պոկում, շփում իրենց ափի մէջ եւ ուտում: 2 Եւ փարիսեցիներից ոմանք ասացին նրանց. «Ինչո՞ւ էք անում այն, ինչ օրինաւոր չէ անել շաբաթ օրով»: 3 Յիսուս նրանց պատասխանեց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ նրա հետ էին. 4 թէ ինչպէս նա մտաւ Աստծոյ տունը, կերաւ առաջաւորութեան հացը եւ տուեց նրանց, որ իր հետ էին. մինչդեռ, բացի քահանայապետներից, ոչ ոքի չէր թոյլատրուած ուտել այն»: 5 Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարդու Որդին նաեւ շաբաթ օրուայ տէրն է»: 6 Եւ մի ուրիշ շաբաթ օր նա մտաւ ժողովարան եւ ուսուցանում էր. եւ այնտեղ կար մի մարդ, որի աջ ձեռքը չորացած էր: 7 Օրէնսգէտներն ու փարիսեցիները հետեւում էին՝ տեսնելու, թէ արդեօք շաբաթ օրը կբժշկի՞. որպէսզի նրան ամբաստանելու համար բան գտնեն: 8 Եւ նա գիտէր նրանց մտածումները: Չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»: Նա վեր կացաւ կանգնեց: 9 Յիսուս նրանց ասաց. «Ես ձեզ մի բան հարցնեմ. շաբաթ օրն ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ անել, թէ՞ չար գործ, մի հոգի՞ փրկել, թէ՞ կորստեան մատնել»: 10 Եւ իր շուրջը բոլորի վրայ զայրագին նայելով՝ ասաց նրան. «Ձեռքդ երկարի՛ր». եւ նա երկարեց, եւ նրա չորացած ձեռքն առողջացաւ միւսի նման: 11 Նրանք լցուեցին կատաղութեամբ եւ միմեանց հետ խօսում էին, թէ ինչ անեն Յիսուսին: 12 Եւ այդ օրերին Յիսուս լեռ բարձրացաւ աղօթելու եւ ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղօթելով: 13 Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց եւ առաքեալներ անուանեց. 14 Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, եւ Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին, 15 Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, 16 Յակոբի որդի Յուդային եւ Իսկարիովտացի Յուդային, որը եւ մատնիչ եղաւ: 17 Եւ նրանց հետ միասին իջաւ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը եւ ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէմից եւ այն կողմերից եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից 18 շատ մեծ բազմութիւն եկել էր լսելու նրան եւ բժշկուելու իրենց հիւանդութիւններից: Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին: 19 Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին: 20 Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց. «Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծոյ արքայութիւնը ձերն է: 21 Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան: Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն: 22 Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն ու նախատեն եւ մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն: 23 Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հետ: 24 Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետեւ դուք ձեր մխիթարութիւնը ստացել էք: 25 Վա՜յ ձեզ, որ այժմ յագեցած էք, որովհետեւ քաղցած պիտի մնաք: Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում էք, որովհետեւ պիտի սգաք ու պիտի լաք: 26 Վա՜յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լաւ խօսեն ձեր մասին, որովհետեւ նրանց հայրերը սուտ մարգարէներին այդպէս էին անում: 27 Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում էք ինձ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարութի՛ւն արէք. 28 օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղօթեցէ՛ք: 29 Ով խփում է քո ծնօտին, նրան մի՛ւսն էլ մօտեցրու. եւ ով որ քեզնից քո բաճկոնը բռնի է վերցնում, նրան մի՛ արգելիր, որ վերցնի շապիկդ էլ: 30 Ամէն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, եւ ինչ որ մէկը քեզնից վերցնի, ետ մի՛ պահանջիր: 31 Եւ ինչպէս կամենում էք, որ անեն ձեզ մարդիկ, այնպէ՛ս արէք եւ դուք նրանց: 32 Եւ եթէ դուք ձեզ սիրողներին սիրէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ են սիրում իրենց սիրողներին: 33 Եւ եթէ ձեր բարերարներին բարութիւն անէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ նոյնն են անում: 34 Եւ եթէ փոխ էք տալիս նրանց, որոնցից յետ առնելու ակնկալութիւն ունէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ են փոխ տալիս մեղաւորներին, որպէսզի նոյն չափով յետ առնեն: 35 Բայց դուք սիրեցէ՛ք ձեր թշնամիներին եւ բարութի՛ւն արէք ձեզ ատողներին ու փոխ տուէք նրան, ումից յետ առնելու ակնկալութիւն չունէք: Եւ ձեր վարձը շատ կլինի, եւ դուք Բարձրեալի որդիները կլինէք, որովհետեւ նա բարեհաճ է չարերի եւ ապերախտների հանդէպ: 36 Գթասի՛րտ եղէք, ինչպէս որ ձեր Հայրը գթասիրտ է: 37 «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք, մի՛ դատապարտէք եւ չպիտի դատապարտուէք, ներեցէ՛ք եւ ներում պիտի գտնէք Աստծուց, 38 տուէ՛ք, եւ պիտի տրուի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առատ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում էք, նոյն չափով պիտի չափուի ձեզ համար»: 39 Նրանց մի առակ էլ ասաց. «Մի՞թէ կարող է կոյրը կոյրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն: 40 Աշակերտը աւելի մեծ չէ, քան իր վարդապետը. ամէն կատարեալ աշակերտ իր վարդապետի պէս կլինի: 41 Ինչո՞ւ քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում: 42 Եւ կամ ինչպէ՞ս կարող ես եղբօրդ ասել՝ “Եղբա՛յր, թող, որ քո աչքից այդ շիւղը հանեմ”, իսկ դու քո աչքի միջի գերանը չես տեսնում: Կեղծաւո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր եւ ապա լաւ կտեսնես քո եղբօր աչքից շիւղը հանելու համար: 43 Որովհետեւ չկայ բարի ծառ, որ չար պտուղ տայ. եւ դարձեալ՝ չկայ չար ծառ, որ բարի պտուղ տայ. 44 որովհետեւ իւրաքանչիւր ծառ իր պտղից է ճանաչւում: Փշերից թուզ չեն քաղում եւ ոչ էլ մորենուց՝ խաղող: 45 Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում. որովհետեւ սրտի աւելցուկից է, որ խօսում է նրա բերանը: 46 Ինչո՞ւ ինձ “Տէ՛ր, Տէ՛ր” էք կոչում, իսկ ինչ ասում եմ, չէք անում: 47 Ամէն մարդ, որ ինձ է գալիս եւ լսում է իմ խօսքերն ու կատարում դրանք, ձեզ ցոյց տամ, թէ ում է նման: 48 Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց եւ հիմքը դրեց ժայռի վրայ. եւ երբ հեղեղ բարձրացաւ, գետը զարկեց տանը եւ չկարողացաւ շարժել այն, որովհետեւ նրա հիմքը ժայռի վրայ էր հաստատուած: 49 Իսկ ով իմ խօսքերը լսում է եւ չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրայ առանց հիմքի տուն է շինում. գետը զարկեց, եւ այն իսկոյն փուլ եկաւ, եւ այդ տան կործանումը մեծ եղաւ»:

7
1 Եւ երբ Յիսուս վերջացրեց իր բոլոր խօսքերը, եւ ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտաւ: 2 Այնտեղ մի հարիւրապետի ծառայ, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիւանդացել էր եւ մեռնելու մօտ էր: 3 Երբ լսեց Յիսուսի մասին, հրեաներից աւագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպէսզի գայ եւ բժշկի իր ծառային: 4 Եւ նրանք, Յիսուսի մօտ գալով, թախանձագին աղաչում էին նրան եւ ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, 5 որովհետեւ նա սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա՛ շինեց մեզ համար»: 6 Յիսուս գնաց նրանց հետ. երբ տնից շատ հեռու չէր, հարիւրապետը նրա մօտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տէ՛ր, նեղութիւն մի՛ կրիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես. 7 դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մօտ գալու. այլ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կբժշկուի. 8 որովհետեւ ինքս էլ իշխանութեան ենթակայ մարդ եմ, իմ ձեռքի տակ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, իսկ միւսին թէ՝ արի՛, եւ գալիս է, եւ իմ ծառային թէ՝ արա՛ այս բանը, եւ նա անում է»: 9 Եւ երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ. դարձաւ ժողովրդին, որ հետեւում էր իրեն, եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»: 10 Պատգամաւորները տուն վերադարձան եւ հիւանդ ծառային գտան բժշկուած: 11 Հետեւեալ օրը Յիսուս գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչւում. նրա հետ էին գնում նաեւ իր աշակերտները եւ բազում ժողովուրդ: 12 Երբ քաղաքի դարպասին մօտեցաւ, ահա դուրս էր բերւում մի մեռել՝ միակ որդին իր մօր, որ մի այրի կին էր. եւ քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր: 13 Երբ Տէրը կնոջը տեսաւ, խղճաց նրան եւ ասաց՝ մի՛ լայ: 14 Մօտենալով՝ դագաղին դիպաւ: Դագաղը տանողները կանգ առան: Եւ նա ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»: 15 Մեռելը վեր կացաւ, նստեց եւ սկսեց խօսել: Եւ Յիսուս նրան մօրը տուեց: 16 Եւ ահը պատեց բոլորին. փառաւորում էին Աստծուն եւ ասում. «Մի մեծ մարգարէ է յայտնուել մեր մէջ», եւ՝ «Աստուած այցելութիւն է տուել իր ժողովրդին բարութեամբ»: 17 Եւ նրա մասին այս զրոյցը տարածուեց ամբողջ Հրէաստանում եւ երկրի բոլոր կողմերում: 18 Եւ Յովհաննէսին այս բոլորի մասին պատմեցին իր աշակերտները: 19 Եւ Յովհաննէսն իր աշակերտներից մի երկուսին իր մօտ կանչեց ու նրանց ուղարկեց Տիրոջ մօտ՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»: 20 Եւ այդ մարդիկ, գալով նրա մօտ, ասացին. «Յովհաննէս Մկրտիչը մեզ ուղարկեց քեզ մօտ եւ ասում է. “Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք”»: 21 Եւ նոյն ժամին նա շատերին բժշկեց հիւանդութիւններից, ցաւերի հարուածներից, չար ոգիներից եւ բազմաթիւ կոյրերի տեսողութիւն շնորհեց: 22 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրւում են, խուլերը՝ լսում, մեռելները յարութիւն են առնում, աղքատները բարի լուրն են լսում. 23 եւ երանի՜ նրան, որ իմ պատճառով չի գայթակղուի»: 24 Եւ երբ Յովհաննէսի պատգամաւորները գնացին, նա սկսեց ժողովրդին խօսել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժուող մի եղէ՞գ: 25 Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. փափուկ զգեստներով զարդարուած մի մա՞րդ. ահաւասիկ նրանք, որ փառաւոր զգեստներով են եւ փափուկ կենցաղով են ապրում, արքունիքներում են լինում: 26 Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ՝ առաւել քան մի մարգարէ. 27 որովհետեւ Յովհաննէսը նա է, որի մասին գրուած է. “Ահա քո առջեւից ուղարկում եմ իմ պատգամաւորին, որպէսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի”: 28 Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնուածների մէջ չկայ աւելի մեծ մարգարէ, քան Յովհաննէսը. բայց Աստծոյ արքայութեան մէջ ամենափոքրը աւելի մեծ է, քան թէ նա»: 29 Եւ երբ ամբողջ ժողովուրդը լսեց, նոյնպէս եւ մաքսաւորները, ընդունեցին Աստծոյ արդարութիւնը՝ մկրտուելով Յովհաննէսի մկրտութեամբ: 30 Իսկ փարիսեցիները եւ օրինականները իրենց հոգիներում Աստծոյ խորհուրդն անարգեցին նրանով, որ Յովհաննէսից չմկրտուեցին: 31 «Արդ, ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց, եւ ո՞ւմ են նման: 32 Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմեանց եւ ասում. “Փող զարկեցինք ձեզ համար, եւ չպարեցիք. ողբ ասացինք, եւ դուք լաց չեղաք”: 33 Եկաւ Յովհաննէս Մկրտիչը, չէր ուտում եւ չէր խմում. եւ դուք ասացիք՝ նրա մէջ դեւ կայ: 34 Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ դուք ասում էք. “Ահա ուտող եւ խմող մի մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ”: 35 Եւ իմաստութիւնը արդարացուեց իր որդիներից»: 36 Փարիսեցիներից մէկն աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. եւ նա, մտնելով փարիսեցու տունը, սեղան նստեց: 37 Եւ քաղաքում մի մեղաւոր կին կար. երբ նա իմացաւ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիւ իւղ բերելով՝ 38 կանգնեց Յիսուսի յետեւում՝ նրա ոտքերի մօտ, եւ լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը եւ այդ իւղով օծում: 39 Իսկ փարիսեցին, որ նրան հրաւիրել էր, տեսնելով այդ՝ իր մտքում ասում էր. «Եթէ սա մարգարէ լինէր, ապա կիմանար, թէ ով կամ ինչպիսի կին է մօտենում իրեն, որովհետեւ նա մեղաւոր է»: 40 Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»: Եւ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»: Եւ Յիսուս ասաց. 41 «Մի փոխատու երկու պարտապաններ ունէր. մէկը հինգ հարիւր դահեկան պարտք ունէր, իսկ միւսը՝ յիսուն: 42 Եւ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունէին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՛. ո՞վ աւելի շատ կսիրի նրան»: 43 Սիմոնն ասաց. «Ինձ այնպէս է թւում, թէ՝ նա, ում աւելի շատը շնորհուեց»: Եւ Յիսուս ասաց նրան. «Ուղիղ դատեցիր»: 44 Եւ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտայ քո տունը, ոտքերիս համար ջուր չտուեցիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը եւ իր մազերով սրբեց: 45 Դու ինձ մի համբոյր էլ չտուեցիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց: 46 Դու իւղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ իւղով ոտքերս օծեց: 47 Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կներուեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներւում, շատ է սիրում, եւ ում սակաւ՝ սակաւ»: 48 Եւ ասաց այն կնոջը. «Քո մեղքերը քեզ ներուած են»: 49 Եւ նրանք, որ նրա հետ սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողութիւն է տալիս»: 50 Եւ նա ասաց այդ կնոջը. «Քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ»:

8
1 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծոյ արքայութիւնը: Եւ նրա հետ էին տասներկուսը 2 եւ մի քանի կանայք, որոնք բժշկուել էին չար ոգիներից ու հիւանդութիւններից. Մարիամը, որ կոչւում էր Մագդաղենացի, եւ որից եօթ դեւ էր դուրս եկել, 3 Յովհաննան՝ Հերովդէսի վերակացուի՝ Քուզայի կինը, եւ Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցուածքից մատակարարում էին նրան: 4 Երբ շատ ժողովուրդ եւ բազմաթիւ քաղաքներից նրա մօտ եկածներ հաւաքուեցին, առակով նրանց ասաց. 5 «Մի սերմնացան ելաւ սերմեր ցանելու: Եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքը եւ ոտնակոխ եղաւ, եւ երկնքի թռչուններն այն կերան: 6 Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ. երբ բուսաւ, չորացաւ խոնաւութիւն չլինելու պատճառով: 7 Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ. եւ փշերը, նրա հետ բուսնելով, այն խեղդեցին: 8 Եւ ուրիշ մի մաս ընկաւ լաւ ու պարարտ հողի վրայ եւ բուսնելով՝ հարիւրապատիկ պտուղ տուեց»: Երբ այս խօսեց, ասաց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»: 9 Աշակերտները նրան հարցնում էին, թէ այդ առակն ինչ է նշանակում: 10 Եւ նա ասաց. «Ձեզ տրուած է գիտենալ Աստծոյ արքայութեան խորհուրդները, իսկ ուրիշներին՝ առակներով, որպէսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան: 11 Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծոյ խօսքն է: 12 Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, եւ ապա սատանան գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան եւ չփրկուեն: 13 Եւ որոնք որ ապառաժի վրայ են, այդ նրանք են, որ երբ լսեն, խնդութեամբ են ընդունում խօսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հաւատում են, իսկ փորձութեան ժամանակ՝ հեռանում: 14 Իսկ այն, որ փշերի մէջ ընկաւ, այդ նրանք են, որ երբ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստութեամբ եւ զուարճութեամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում: 15 Իսկ այն, որ պարարտ հողի վրայ է, նրանք են, որ բարի եւ զուարթագին սրտով լսելով խօսքը՝ ընդունում են այն եւ յարատեւելով պտուղ են տալիս: 16 Ոչ ոք ճրագ չի վառի եւ կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրայ, որպէսզի ովքեր մտնեն, լոյսը տեսնեն: 17 Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ՝ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ: 18 Այսուհետեւ զգո՛յշ եղէք, թէ ինչպէս էք դուք լսում. որովհետեւ ով որ ունի, նրան կտրուի, իսկ ով որ չունի, եւ այն, ինչ որ նա կարծում է, թէ ունի, կվերցուի նրանից»: 19 Նրա մօտ եկան իր մայրն ու եղբայրները եւ չէին կարողանում նրան մօտենալ բազմութեան պատճառով: 20 Իմաց տուեցին նրան եւ ասացին. «Քո մայրը եւ քո եղբայրները դրսում կանգնել են եւ ուզում են քեզ տեսնել»: 21 Եւ նրանց ասաց. «Իմ մայրը եւ եղբայրները սրանք են, որ Աստծոյ խօսքը լսում են եւ կատարում»: 22 Մի օր ինքը նաւակ նստեց իր աշակերտների հետ եւ նրանց ասաց. «Եկէք ծովակի միւս կողմն անցնենք»: Եւ գնացին: 23 Մինչ նաւարկում էին, նա քուն մտաւ: Եւ ծովակի վրայ քամու մի մրրիկ իջաւ. ծովն ուռչում էր, նաւակը ջրով լցնում. եւ նրանք տագնապի էին մատնուել: 24 Մօտեցան արթնացրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»: Եւ նա վեր կենալով սաստեց քամուն ու աղմկայոյզ կոհակներին, եւ նրանք հանդարտուեցին, եւ խաղաղութիւն տիրեց: 25 Եւ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հաւատը»: Եւ նրանք սարսափած զարմացան եւ ասում էին միմեանց. «Ո՞վ է արդեօք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, եւ դրանք հնազանդւում են նրան»: 26 Ապա նաւարկեցին իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլիայի հանդիպակաց կողմն է: 27 Եւ երբ նա ցամաք ելաւ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մէջ դեւեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել եւ ոչ էլ տան մէջ էր բնակուել, այլ՝ գերեզմանների: 28 Եւ տեսնելով Յիսուսին՝ աղաղակեց, ընկաւ նրա առաջ եւ բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծոյ Որդի՛, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր». 29 որովհետեւ Յիսուս հրաման էր տալիս պիղծ ոգուն, որ դուրս գայ այդ մարդուց, քանի որ շատ անգամ տիրացել էր նրան, եւ նա կապւում էր շղթաներով, պահւում էր երկաթների մէջ, բայց կոտրում էր կապանքները եւ դեւից քշւում էր անբնակ վայրեր: 30 Յիսուս հարցրեց նրան եւ ասաց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց՝ Լեգէոն. որովհետեւ նրա մէջ շատ դեւեր էին մտել. 31 աղաչում էին նրան, որ հրաման չտայ իրենց, որ անդունդ գնան: 32 Եւ այնտեղ մեծ թուով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լեռան վրայ: Աղաչեցին նրան, որ հրաման տայ իրենց գնալ մտնել նրանց մէջ: Եւ նա թոյլատրեց նրանց, 33 եւ դեւերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մէջ. եւ երամակը գահաւանդից դիմեց դէպի ծովակ ու խեղդուեց: 34 Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան եւ պատմեցին քաղաքում ու ագարակներում: 35 Եւ երբ մարդիկ դուրս եկան կատարուածները տեսնելու եւ եկան Յիսուսի մօտ ու գտան այն մարդուն, որից դեւերը ելել էին – որը, հագնուած եւ զգաստացած, նստած էր Յիսուսի ոտքերի մօտ – վախեցան: 36 Նրանք, որ ականատես էին եղել, պատմեցին նրանց, թէ ինչպէս փրկուեց դիւահարը: 37 Եւ գերգեսացիների երկրի շրջակայքում գտնուող ամբողջ բնակչութիւնը աղաչում էր Յիսուսին հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետեւ մեծ վախով տագնապում էին: Եւ նա, նաւակ նստելով, վերադարձաւ: 38 Այն մարդը, որից դեւերը դուրս էին եկել, աղաչում էր նրան, որ ինքը նրա հետ շրջի: Բայց Յիսուս արձակեց նրան եւ ասաց. 39 «Վերադարձի՛ր քո տունը եւ պատմի՛ր, ինչ որ Աստուած արեց քեզ համար»: Նա գնաց քաղաք եւ տարածում էր այն, ինչ Յիսուս արեց իրեն: 40 Եւ երբ Յիսուս վերադարձաւ ծովի միւս կողմը, ժողովուրդը նրան լաւ ընդունեց, որովհետեւ ամէնքը նրան սպասում էին: 41 Եւ ահա եկաւ մի մարդ, որի անունը Յայրոս էր, եւ որը ժողովրդապետ էր: Յիսուսի ոտքերն ընկնելով՝ նա աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, 42 որովհետեւ նա մօտ տասներկու տարեկան մի միամօրիկ դուստր ունէր, որ մահամերձ էր: Եւ երբ Յիսուս գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր: 43 Եւ մի կին, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր եւ հնար չէր եղել նրան որեւէ մէկից բժշկուել, 44 յետեւից մօտեցաւ եւ դիպաւ նրա զգեստի քղանցքին, եւ նոյն ժամին նրա արիւնահոսութիւնը դադարեց: 45 Եւ Յիսուս ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպաւ»: Եւ երբ բոլորն ուրանում էին, Պետրոսը եւ նրա հետ եղողները ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է քեզ»: 46 Եւ Յիսուս ասաց. «Մէկն ինձ դիպաւ, որովհետեւ զգացի, որ ինձնից զօրութիւն դուրս եկաւ»: 47 Երբ կինը տեսաւ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկաւ եւ ընկաւ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջեւ պատմեց, թէ ինչու դիպաւ նրան եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեց: 48 Եւ նա ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»: 49 Եւ մինչ նա խօսում էր, ժողովրդապետի տնից մէկը եկաւ եւ Յայրոսին ասաց. «Աղջիկդ մեռաւ, յոգնութիւն մի՛ պատճառիր նրան»: 50 Իսկ երբ Յիսուս լսեց, նրան պատասխանեց եւ ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հաւատա՛, եւ նա կապրի»: 51 Եւ նրա տունը մտնելով՝ ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Յակոբոսից, Յովհաննէսից եւ երեխայի հօրից ու մօրից: 52 Ամէնքը լալիս ու ողբում էին նրա վրայ: Եւ նա ասաց. «Լաց մի՛ եղէք, որովհետեւ մեռած չէ, այլ ննջում է»: 53 Իսկ նրանք ծաղրում էին նրան, որովհետեւ գիտէին, որ մեռած էր: 54 Եւ ամէնքին դուրս հանելով՝ բռնեց նրա ձեռքից, գոչեց եւ ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»: 55 Եւ նրա հոգին վերադարձաւ, եւ մանուկն իսկոյն կանգնեց: Եւ Յիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան: 56 Եւ նրա ծնողները զարմացած մնացին, իսկ նա պատուիրեց, որ ոչ ոքի չասեն, ինչ որ եղել էր:

9
1 Եւ նա, կանչելով տասներկու առաքեալներին, նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները: 2 Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին: 3 Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք՝ ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. 4 որ տունն էլ մտնէք, այնտեղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք: 5 Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»: 6 Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ: 7 Հերովդէս չորրորդապետը լսեց այս բոլոր գործերը եւ զարմանում էր ոմանց ասածի վրայ, 8 թէ՝ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, իսկ ոմանց ասածի վրայ, թէ՝ Եղիան յայտնուեց, եւ ուրիշների՝ թէ՝ նախկին մարգարէներից մէկը յարութիւն է առել: 9 Հերովդէսն ասաց. «Յովհաննէսին ես գլխատեցի, իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»: Եւ ուզում էր նրան տեսնել: 10 Առաքեալները վերադարձան եւ Յիսուսին պատմեցին այն ամէնը, ինչ որ արեցին. եւ նա, նրանց իր հետ առնելով, քաշուեց առանձնացաւ ամայի մի տեղ՝ մօտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչւում: 11 Եւ երբ ժողովուրդն իմացաւ, գնաց նրա յետեւից. եւ նա, ընդունելով նրանց, խօսում էր նրանց հետ Աստծոյ արքայութեան մասին. եւ ովքեր բժշկուելու կարիք ունէին, բժշկում էր նրանց: 12 Եւ օրը սկսեց տարաժամել: Տասներկուսը մօտեցան եւ նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայ գիւղերն ու ագարակները, հանգստանան եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ ամայի վայրում ենք»: 13 Նա ասաց նրանց. «Դո՛ւք տուէք նրանց ուտելու բան»: Եւ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից եւ երկու ձկից աւելին չունենք, եթէ չգնանք եւ այս ժողովրդի համար բաւարար ուտելիք չգնենք». 14 որովհետեւ շուրջ հինգ հազար մարդ կար: Նա աշակերտներին ասաց. «Նստեցրէ՛ք նրանց խումբ-խումբ՝ յիսուն-յիսուն»: 15 Եւ այդպէս արեցին ու ամէնքին նստեցրին: 16 Եւ նա, վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձուկը, նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ աշակերտներին տուեց, որպէսզի ժողովրդի առաջ դնեն: 17 Ամէնքը կերան եւ յագեցան. իսկ կտորտանքները վերցրին տասներկու սակառ լիքը: 18 Եւ երբ նա առանձին աղօթքի էր կանգնել, նրա հետ էին նաեւ իր աշակերտները: Նրանց հարցրեց եւ ասաց. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ»: 19 Եւ նրանք պատասխանեցին եւ ասացին՝ Յովհաննէս Մկրտիչը. եւ ոմանք թէ՝ Եղիան, իսկ ուրիշներ թէ՝ նախնիներից մի մարգարէ յարութիւն է առել: 20 Ասաց նրանց. «Դո՞ւք իմ մասին ինչ էք ասում. ո՞վ եմ»: Պետրոսը պատասխանեց եւ ասաց. «Աստծոյ Քրիստոսը»: 21 Նա սաստեց նրանց եւ պատուիրեց ոչ ոքի չասել այդ: 22 Ապա ասաց. «Մարդու Որդին պէտք է շատ չարչարուի եւ անարգուի քահանայապետներից եւ ծերերից ու օրէնսգէտներից. եւ սպանուի ու երրորդ օրը յարութիւն առնի»: 23 Եւ ամէնքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. 24 որովհետեւ ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձն ինձ համար կորցնի, այն պիտի փրկի: 25 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. 26 որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով: 27 Բայց արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծոյ արքայութիւնը»: 28 Եւ այս խօսքերից մօտ ութ օր յետոյ, իր հետ վերցնելով Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, նա լեռ ելաւ աղօթքի կանգնելու: 29 Եւ երբ աղօթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպուեց, նրա զգեստը փոխուեց եւ փայլուն-սպիտակ դարձաւ: 30 Եւ ահա երկու մարդիկ խօսում էին նրա հետ: Նրանք Մովսէսն ու Եղիան էին, 31 որոնք, փառքով երեւալով, խօսում էին նրա վախճանի մասին, որ պիտի տեղի ունենար Երուսաղէմում: 32 Իսկ Պետրոսը եւ նրա հետ գտնուողները քնի ծանրութեան տակ արթնացան ու տեսան նրա փառքը եւ երկու մարդկանց, որոնք նրա մօտ կանգնած էին: 33 Եւ երբ սրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկը՝ Եղիայի համար»: Եւ չէր իմանում, թէ ինչ է խօսում: 34 Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հովանի եղաւ. եւ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան: 35 Ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա է իմ ընտրեալ Որդին, նրա՛ն լսեցէք»: 36 Եւ մինչ խօսքի ձայնը դեռ գալիս էր, Յիսուս միայնակ գտնուեց. եւ նրանք լսեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից եւ ոչ մի բան: 37 Յաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռից, Յիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմութիւն: 38 Եւ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց եւ ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետեւ իմ մինուճարն է. 39 ահա չար ոգին դէսուդէն է զարնւում նրա մէջ եւ յանկարծ գոչում է. եւ նրան սաստիկ ցնցում է, թաւալեցնում, փրփրեցնում եւ խորտակելով նրան՝ հազիւ է հեռանում նրանից: 40 Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»: 41 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ ձեզ հանդուրժեմ. բե՛ր այստեղ քո որդուն»: 42 Եւ մինչդեռ նա մօտենում էր, դեւը գետնին խփեց նրան ու ցնցեց: 43 Յիսուս սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը եւ տուեց նրան նրա հօրը: 44 Եւ ամէնքը զարմանում էին Աստծոյ մեծագործութիւնների վրայ: Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամէնի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը, որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»: 45 Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ այն ծածկուած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան: 46 Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ով է մեծ: 47 Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ 48 եւ ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ Ուղարկողին. որովհետեւ ով որ ձեր մէջ փոքրագոյնն է, նա է մեծ»: 49 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որ քո անունով դեւեր էր հանում, եւ արգելեցինք նրան, որովհետեւ մեզ հետ չի շրջում»: 50 Յիսուս ասաց նրանց. «Մի՛ արգելէք նրան, որովհետեւ ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»: 51 Եւ երբ աշխարհից նրա վերանալու օրերը լրանում էին, որոշեց գնալ Երուսաղէմ: 52 Եւ իրենից առաջ պատգամաւորներ ուղարկեց, որոնք երբ գնացին, մտան սամարացիների մի գիւղ՝ նրա համար պատրաստութիւն տեսնելու: 53 Բայց սրանք չընդունեցին նրան, որովհետեւ նա ուղեւորւում էր դէպի Երուսաղէմ: 54 Երբ նրա աշակերտները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, այդ տեսան, ասացին. «Տէ՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, եւ երկնքից կրակ իջնի ու բնաջնջի նրանց»: 55 Նա դարձաւ, սաստեց նրանց եւ ասաց. «Չգիտէք ի՛նչ հոգուց էք դուք. 56 որովհետեւ մարդու Որդին չեկաւ մարդկանց հոգիները կորստեան մատնելու, այլ՝ փրկելու»: Եւ մի ուրիշ գիւղ գնացին: 57 Եւ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրայ մէկը նրան ասաց. «Կգամ քո յետեւից, ինչ տեղ էլ գնաս»: 58 Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջեր ունեն, եւ երկնքի թռչունները՝ հանգստանալու տեղ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»: 59 Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ յետեւից»: Եւ սա ասաց. «Տէ՛ր, հրաման տուր ինձ գնալ նախ թաղել իմ հօրը»: 60 Յիսուս նրան ասաց. «Թող որ մեռածները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա քարոզի՛ր Աստծոյ արքայութիւնը»: 61 Մէկ ուրիշն էլ ասաց. «Քո յետեւից կգամ, Տէ՛ր, բայց նախ թո՛յլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»: 62 Յիսուս նրան ասաց. «Ոչ ոք իր ձեռքը մաճի վրայ չի դնի եւ ապա յետ նայի, եթէ յարմար է Աստծոյ արքայութեանը»:

10
1 Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգու եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր: 2 Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, խնդրեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար: 3 Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ: 4 Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք: 5 Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. “Խաղաղութի՜ւն այս տանը”. 6 եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կհանգչի. ապա թէ ոչ՝ ձեզ կվերադառնայ: 7 Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք: 8 Որ քաղաքը որ մտնէք, եւ ձեզ ընդունեն, կերէ՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն: 9 Եւ բժշկեցէ՛ք այնտեղ եղած հիւանդներին եւ նրանց ասացէ՛ք. “Մօտեցել է ձեզ Աստծոյ արքայութիւնը”: 10 Իսկ որ քաղաքը որ մտնէք, եւ ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրա հրապարակները, ասացէ՛ք. 11 “Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թօթափում ենք ձեզ վրայ. բայց իմացէ՛ք, որ մօտեցել է Աստծոյ արքայութիւնը”: 12 Ասում եմ ձեզ, որ սոդոմայեցիների համար դատաստանի օրը աւելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար: 13 Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա, որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում եղած լինէին այն զօրաւոր գործերը, որ կատարուեցին ձեր մէջ, արդարեւ վաղուց իսկ քուրձերի մէջ ու մոխրի վրայ նստած՝ ապաշխարած կլինէին: 14 Բայց Տիւրոսի եւ Սիդոնի համար դատաստանի ժամանակ աւելի տանելի կլինի, քան ձեզ համար: 15 Եւ դու, Կափառնայո՛ւմ, որ մինչեւ երկինք ես բարձրացել, պիտի իջնես մինչեւ դժոխք: 16 Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով որ ինձ է մերժում, ինձ Ուղարկողին է մերժում, եւ ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»: 17 Եօթանասուներկուսը վերադարձան խնդութեամբ եւ ասացին. «Տէ՛ր, դեւերն էլ են մեզ հնազանդւում քո անունով»: 18 Եւ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպէս փայլակը: 19 Ահա ձեզ իշխանութիւն տուեցի՝ կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ: Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու: 20 Բայց մի՛ ուրախացէք այն բանի համար, որ դեւերը ձեզ հնազանդւում են, այլ ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում»: 21 Նոյն ժամին Յիսուս ցնծաց Սուրբ Հոգով եւ ասաց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ: 22 Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ով է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ով է Հայրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում կկամենայ Որդին յայտնել»: 23 Եւ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք տեսնում էք: 24 Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»: 25 Եւ ահա օրինականներից մէկը վեր կացաւ, փորձում էր նրան եւ ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 26 Եւ նա նրան ասաց. «Օրէնքում ի՞նչ է գրուած, ինչպէ՞ս ես ընթերցում»: 27 Սա պատասխանեց եւ ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: 28 Եւ Յիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տուեցիր, այդ արա՛ եւ կփրկուես»: 29 Եւ նա, կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Յիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»: 30 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում եւ ընկաւ աւազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրաւորեցին եւ կիսամեռ թողեցին ու գնացին: 31 Պատահեց, որ մի քահանայ նոյն ճանապարհով իջաւ. նրան տեսաւ եւ թողեց-անցաւ. 32 նոյնպէս եւ մի ղեւտացի նոյն տեղով անցնելիս տեսաւ եւ թողեց-անցաւ: 33 Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկաւ նոյն տեղով նրա մօտ եւ տեսնելով նրան՝ գթաց: 34 Եւ մօտենալով կապեց նրա վէրքերը, վրան ձէթ ու գինի ածեց եւ դնելով նրան իր գրաստի վրայ՝ տարաւ մի իջեւան եւ խնամեց նրան: 35 Եւ յաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջեւանատիրոջը երկու դահեկան հանեց տուեց եւ ասաց. “Խնամի՛ր նրան, եւ ինչ որ ծախսես նրա վրայ, իմ միւս անգամ գալուն կհատուցեմ քեզ”: 36 Արդ, ըստ քեզ՝ այդ երեքից ո՞րը մերձաւորի պէս վերաբերուեց նրան, ով աւազակների ձեռքն էր ընկել»: 37 Եւ սա ասաց. «Նա, ով նրան բարիք արեց»: Յիսուս նրան ասաց. «Գնա եւ դու նոյն ձեւո՛վ արա»: 38 Եւ մինչ նրանք գալիս էին, Յիսուս մտաւ մի գիւղ, եւ Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ: 39 Եւ սա մի քոյր ունէր, որի անունը Մարիամ էր, որ եկաւ նստեց Տիրոջ ոտքերի առաջ եւ լսում էր նրա խօսքերը: 40 Իսկ Մարթան, որ զբաղուած էր տնային շատ գործերով, եկաւ կանգնեց նրա մօտ եւ ասաց. «Տէ՛ր, քեզ փոյթ չէ՞, որ քոյրս ինձ մենակ է թողել ծառայութեան գործի մէջ. արդ, ասա՛ նրան, որ օգնի ինձ»: 41 Յիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղուած, 42 բայց այստեղ քիչ բան է պէտք. Մարիամն ընտրել է լաւ մասը, որ նրանից չպիտի վերցուի»:

11
1 Եւ եղաւ, որ Յիսուս մի տեղ աղօթքի էր կանգնած. եւ երբ վերջացրեց, նրա աշակերտներից մէկն ասաց նրան. «Տէ՛ր, մեզ աղօթե՛լ սովորեցրու, ինչպէս Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին»: 2 Նա նրանց ասաց. «Երբ աղօթքի կանգնէք, ասացէ՛ք. Հա՛յր մեր, սուրբ թող լինի քո անունը. քո արքայութիւնը թող գայ: 3 Մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ ամէն օր: 4 Եւ մեր մեղքերը մեզ ների՛ր, ինչպէս մենք էլ ներում ենք ամէն մարդու, որ յանցանք է գործում մեր դէմ. եւ մի՛ տար մեզ փորձութեան»: 5 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, գնայ նրա մօտ կէսգիշերին եւ ասի նրան՝ “Բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փոխ տուր, 6 որովհետեւ իմ բարեկամը ճանապարհից եկաւ ինձ մօտ, եւ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ”, 7 իսկ նա ներսից պատասխանի եւ ասի. “Ինձ նեղութիւն մի՛ տուր, որովհետեւ դռները փակուած են, եւ երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ եւ քեզ հաց տալ”: 8 Ասում եմ ձեզ, եթէ բարեկամութեան համար էլ վեր չկենայ եւ հաց չտայ նրան, նրա թախանձանքի պատճառով վեր կենալով կտայ նրան, ինչ որ պէտք է: 9 Եւ ես ասում եմ ձեզ. խնդրեցէ՛ք, եւ Աստծուց կտրուի ձեզ, փնտրեցէ՛ք եւ կգտնէք, բախեցէ՛ք, եւ կբացուի ձեզ համար, 10 որովհետեւ ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է, եւ ով որ բախում է, բացւում է նրա առաջ: 11 Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, մի՞թէ ձկան փոխարէն օձ կտայ նրան. 12 եւ կամ ձու ուզի, մի՞թէ կարիճ կտայ նրան: 13 Իսկ եթէ դուք, որ չար էք, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդիներին, որչա՜փ եւս առաւել ձեր երկնաւոր Հայրը բարիքներ կտայ նրանց, ովքեր ուզում են իրենից»: 14 Եւ Յիսուս մի համր դեւ էր հանում. եւ երբ դեւը ելաւ, համրը խօսեց. եւ ամբողջ ժողովուրդը զարմացաւ: 15 Եւ նրանցից ոմանք ասացին. «Նա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»: 16 Իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից: 17 Իսկ նա, իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կործանւում: 18 Արդ, եթէ սատանան էլ ինքն իր մէջ բաժանուեց, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ. որովհետեւ իմ մասին ասում էք, թէ՝ “Նա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով”: 19 Եթէ ես դեւերին հանում եմ Բէեղզեբուղի միջոցով, ձեր հետեւորդնե՞րն ինչով պիտի հանեն. դրա համար նրանք պիտի լինեն ձեր դատաւորները: 20 Իսկ եթէ Աստծոյ մատով եմ հանում դեւերին, ապա Աստծոյ արքայութիւնը հասել է ձեզ վրայ: 21 Երբ որ զինուած հզօր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է: 22 Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կհանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կբաժանի: 23 Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է: 24 Երբ պիղծ դեւը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտրում. եւ երբ չի գտնում, ասում է. “Վերադառնամ իմ տունը, որտեղից ելայ”: 25 Եւ գալիս է ու գտնում այն մաքրուած եւ կարգի բերուած: 26 Այն ժամանակ գնում եւ վերցնում է իրենից աւելի չար եօթ այլ դեւեր եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այն մարդու վերջին վիճակը լինում է աւելի վատ, քան նախկինը»: 27 Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ յղացաւ եւ սնեց քեզ»: 28 Եւ նա ասաց. «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծոյ խօսքը եւ կպահեն»: 29 Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից. 30 որովհետեւ ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կլինի այս սերնդի համար: 31 Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ՝ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ: 32 Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ: 33 Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյսը տեսնի: 34 Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կլինի: 35 Արդ, զգո՛յշ եղիր. գուցէ այն լոյսը, որ քո մէջ է, խաւար լինի: 36 Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրա մէջ խաւարի մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կլինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»: 37 Եւ մինչդեռ նա խօսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մօտ ճաշի: Եւ նա մտնելով սեղան նստեց: 38 Երբ փարիսեցին տեսաւ, զարմացաւ, որովհետեւ Յիսուս ճաշից առաջ չլուացուեց: 39 Տէրը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի եւ պնակի արտաքինն էք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է յափշտակութեամբ եւ չարութեամբ: 40 Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց: 41 Բայց տեսէ՛ք, թէ ինչն է իսկապէս արժան. ողորմութի՛ւն տուէք, եւ ահա ձեր ամէն ինչը մաքուր կլինի: 42 Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ էք տալիս անանուխից, փեգենայից եւ ամէն տեսակ բանջարեղէնից, բայց զանց էք առնում Աստծոյ արդարութիւնն ու սէրը. այս բաները պէտք էր անել, բայց միւսները զանց չառնել: 43 Վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն էք սիրում եւ հրապարակներում՝ առաջին ողջոյնները ստանալ: 44 Վա՜յ ձեզ, որ անյայտ գերեզմանների պէս էք. մարդիկ քայլում են նրանց վրայով եւ չգիտեն»: 45 Օրէնսգէտներից մէկը պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բաներն ասելով՝ մեզ էլ ես նախատում»: 46 Եւ նա ասաց. «Վա՜յ ձեզ եւս, օրէնսգէտնե՛ր, որ մարդկանց դժուարակիր բեռներ էք բարձում, բայց դուք ինքներդ մէկ մատով իսկ բեռներին չէք դիպչում: 47 Վա՜յ ձեզ, որ մարգարէներին շիրիմներ էք շինում, իսկ ձեր հայրերը նրանց սպանեցին: 48 Դրանով իսկ դուք վկայում էք, թէ կամակից էք ձեր հայրերի գործերին, որովհետեւ նրանք կոտորեցին մարգարէներին, իսկ դուք նրանց գերեզմաններ էք շինում: 49 Դրա համար Աստծոյ իմաստութիւնն ասաց. նրանց մէջ մարգարէներ եւ առաքեալներ կուղարկեմ, եւ նրանցից ոմանց պիտի սպանեն եւ հալածեն, 50 որպէսզի այդ սերնդից պահանջուի արիւնը բոլոր մարգարէների՝ թափուած աշխարհի սկզբից՝ 51 Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Զաքարիայի, որը կորստեան մատնուեց խորանի եւ տաճարի միջեւ. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջուի այդ սերնդից: 52 Վա՜յ ձեզ՝ օրէնսգէտներիդ, որ թաքցնում էք գիտութեան բանալիները. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ արգելում էք»: 53 Եւ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամօթահար եղան. եւ օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ եւ բանավէճի բռնուել նրա հետ շատ բաների համար: 54 Եւ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խօսքեր որսալ, որպէսզի չարախօսեն նրա մասին:

12
1 Մինչ Յիսուսի շուրջը բիւրաւոր ժողովուրդ հաւաքուեց իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛յշ պահեցէք փարիսեցիների խմորից, որ կեղծաւորութիւնն է, 2 որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3 քանի որ ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ: 4 Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցէ՛ք Նրանից: 6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծոյ առաջ մոռացուած չէ: 7 Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշւուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները: 8 Ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: 9 Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի: 10 Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի: 11 Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների եւ իշխանաւորների առաջ, մի՛ մտահոգուէք, թէ ինչպէս կամ ինչ պատասխան պիտի տաք եւ կամ ինչ պիտի ասէք, 12 որովհետեւ Սուրբ Հոգին նոյն ժամին կսովորեցնի ձեզ, թէ ինչ պէտք է խօսել»: 13 Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա՛ եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»: 14 Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեզ վրայ»: 15 Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»: 16 Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տուեցին. 17 եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. “Տեսնեմ ի՞նչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ: 18 Գիտեմ,– ասաց նա,– թէ ինչ պէտք է անեմ. կքանդեմ իմ շտեմարաններն ու աւելի մեծերը կշինեմ եւ այնտեղ կհաւաքեմ ցորենն ու իմ ամբողջ բարիքները. 19 եւ ինքս ինձ կասեմ. ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարուած բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր”: 20 Աստուած նրան ասաց. “Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”: 21 Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կհաւաքի եւ Աստծով չի հարստանայ»: 22 Եւ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արէք ձեր հոգու համար, թէ ինչ էք ուտելու, ոչ էլ՝ մարմնի համար, թէ ինչ էք հագնելու. 23 որովհետեւ հոգին առաւել է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան հագուստը: 24 Նայեցէ՛ք ագռաւներին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն եւ ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն եւս առաւել՝ ձեզ, որ շատ աւելի յարգի էք, քան թռչունները: 25 Ձեզնից ո՞վ հոգս անելով կկարողանայ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել: 26 Արդ, եթէ փոքր բանի մէջ անկարող էք, այլ բաների համար ինչո՞ւ էք հոգս անում: 27 Նայեցէ՛ք շուշանին՝ ինչպէս է աճում. ո՛չ աշխատում է եւ ո՛չ հիւսում: Ասում եմ ձեզ. Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մէջ նրանցից մէկի նման չհագնուեց: 28 Իսկ եթէ խոտը, որ այսօր բաց դաշտի մէջ է, իսկ վաղը հնոց է նետուելու, Աստուած այդպէս է հագցնում, որչա՜փ եւս առաւել ձեզ պիտի հագցնի, թերահաւատնե՛ր: 29 Եւ դուք մի՛ մտահոգուէք, թէ ինչ էք ուտելու կամ ինչ էք խմելու, եւ մի՛ մտատանջուէք, 30 որովհետեւ այդ ամէնը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են: Իսկ ձեր Հայրը գիտէ, որ այդ ամէնը պէտք է ձեզ: 31 Այլ դուք հետամուտ եղէք Աստծոյ արքայութեանը, եւ այդ ամէնը աւելիով կտրուի ձեզ: 32 Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: 33 Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34 որովհետեւ ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն: 35 Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած: 36 Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ երբ կվերադառնայ հարսանիքից, որպէսզի երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն: 37 Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կկապի մէջքին, սեղան կնստեցնի նրանց եւ կանցնի նրանց սպասարկելու: 38 Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ եւ գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները: 39 Բայց այն էլ իմացէք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ որ ժամին գող կգայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն: 40 Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կգայ մարդու Որդին»: 41 Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»: 42 Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակին կերակուր տալու համար: 43 Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կգտնի: 44 Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կկարգի: 45 Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տէրն ուշանում է գալ”, եւ սկսի ծեծել ծառաներին ու աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, 46 այդ ծառայի տէրը կգայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կանի եւ նրա բաժինը անհաւատների հետ կդնի: 47 Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի: 48 Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կուզուի, եւ ում շատ է վստահուած, նրանից աւելին կպահանջեն»: 49 «Երկրի վրայ կրակ գցելու եկայ եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի: 50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի: 51 Կարծում էք, թէ երկրին խաղաղութիւն տալո՞ւ եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. 52 որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն՝ երեքը երկուսի դէմ եւ երկուսը երեքի: 53 Հայրը պիտի բաժանուի որդուց, եւ որդին՝ հօրից, մայրը՝ աղջկանից, եւ աղջիկը՝ մօրից, սկեսուրը՝ հարսից, եւ հարսը՝ իր սկեսրոջից»: 54 Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կասէք, թէ անձրեւ կգայ: Այդպէս էլ լինում է: 55 Եւ երբ հարաւի քամին փչի, կասէք, թէ խորշակ կլինի: Եւ այդպէս էլ լինում է: 56 Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում: 57 Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում: 58 Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատուես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ բանտ նետի: 59 Ասում եմ քեզ. այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին գրոշը»:

13
1 Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ: 2 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծում էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւո՞ր էին, քան բոլոր գալիլիացիները: 3 Ո՛չ, ասում եմ ձեզ. սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք: 4 Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ: 5 Ո՛չ, ասում եմ ձեզ. սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»: 6 Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտրելու եւ չգտաւ: 7 Այգեգործին ասաց. “Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտրելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողը զբաղեցնում”: 8 Այգեգործը պատասխանեց եւ ասաց. “Տէ՛ր իմ, դա այս տարի՛ էլ թող, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. 9 գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կկտրես այն”»: 10 Եւ մի շաբաթ օր Յիսուս մի ժողովարանում ուսուցանում էր: 11 Եւ ահա այնտեղ կար մի կին, որին չար դեւը տասնութ տարի բռնած էր պահում. եւ կուչ էր եկած ու ամենեւին վեր նայել չէր կարողանում: 12 Եւ Յիսուս, նրան տեսնելով, կանչեց իր մօտ եւ ասաց. «Ո՛վ կին, բժշկուած ես քո հիւանդութիւնից»: 13 Եւ ձեռքը դրեց նրա վրայ, ու նոյն ժամին հիւանդը ուղղուեց եւ Աստծուն փառք էր տալիս: 14 Ժողովրդապետը բարկացաւ, թէ ինչու Յիսուս շաբաթ օրով բուժեց. եւ ասաց ժողովրդին. «Վեց օր կայ, երբ պատշաճ է գործել, ա՛յդ օրերին եկէք բուժուեցէք եւ ոչ թէ՝ շաբաթ օրը»: 15 Տէրը նրան պատասխանեց եւ ասաց. «Կեղծաւորնե՛ր, ձեզնից իւրաքանչիւր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում եւ չի՞ տանում ջուր տալու: 16 Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, մի՞թէ պատշաճ չէր շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»: 17 Եւ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառաւոր գործերի համար, որ կատարւում էին Յիսուսի կողմից: 18 Եւ ասաց. «Ինչի՞ նման է Աստծոյ արքայութիւնը, եւ ինչի՞ նմանեցնեմ այն: 19 Նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց եւ նետեց իր պարտէզը: Սա աճեց ու ծառ եղաւ, եւ երկնքի թռչունները ապրում էին նրա ճիւղերի վրայ»: 20 Եւ դարձեալ ասաց. «Ինչի՞ նմանեցնեմ Աստծոյ արքայութիւնը. 21 նման է այն խմորին, որ մի կին վերցնելով խառնեց երեք գրիւ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»: 22 Եւ Յիսուս շրջում էր քաղաքներով ու գիւղերով եւ ուսուցանում էր: Երբ ճանապարհ էր ընկել դէպի Երուսաղէմ, 23 մէկը նրան ասաց. «Տէ՛ր, սակաւաթի՞ւ են նրանք, որ փրկուելու են»: 24 Եւ նա նրանց ասաց. «Ջանացէ՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանայ: 25 Այն բանից յետոյ, երբ տանտէրը մտնի եւ դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կսկսէք դուռը բախել եւ ասել. “Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց մեզ համար”. իսկ նա պատասխանելով կասի ձեզ. “Չգիտեմ, թէ որտեղից էք”: 26 Այն ժամանակ կսկսէք ասել. “Մենք քո առաջ կերանք ու խմեցինք, եւ դու հրապարակներում ուսուցանեցիր”: 27 Եւ տանտէրը կասի. “Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թէ որտեղից էք. հեռացէ՛ք ինձնից, դո՛ւք՝ բոլոր անիրաւ մշակներդ”: 28 Այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում, երբ տեսնէք Աբրահամին, Իսահակին, Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստծոյ արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանուած: 29 Եւ կգան մարդիկ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից ու հարաւից եւ կբազմեն Աստծոյ արքայութեան մէջ: 30 Եւ ահա վերջիններ կան, որ առաջին կլինեն, եւ առաջիններ, որ կլինեն վերջին»: 31 Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան ու ասացին նրան. «Վեր կաց գնա՛ այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»: 32 Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէ՛ք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կաւարտեմ: 33 Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. որովհետեւ մարգարէն պէտք չէ, որ Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի: 34 Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜-քանի անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար: 35 Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք. “Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով”»:

14
1 Երբ մի շաբաթ օր նա մտաւ փարիսեցիների իշխանաւորներից մէկի տունը՝ հաց ուտելու, նրանք դիտում էին նրան: 2 Եւ ահա այնտեղ նրա առաջ ջրգողով հիւանդ մի մարդ կար: 3 Յիսուս պատասխանեց օրէնսգէտներին ու փարիսեցիներին եւ ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինաւո՞ր է, թէ՞ ոչ»: 4 Նրանք լուռ մնացին: Յիսուս, նրան բռնելով, բուժեց եւ արձակեց: 5 Եւ նրանց ասաց. «Ձեզնից ո՞ւմ եզը կամ էշը ընկնի ջրհորի մէջ, նա իսկոյն այն չի հանի շաբաթ օրով»: 6 Եւ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան: 7 Հրաւիրուածներին էլ մի առակ ասաց՝ տեսնելով, թէ ինչպէս նրանք պատուոյ տեղերն էին ընտրում: 8 Նրանց ասաց. «Երբ մէկը քեզ հարսանիքի կամ հրաւէրքի կանչի, առաջին տեղը մի՛ նստիր. գուցէ քեզնից աւելի պատուական մէկը նրա կողմից կանչուած լինի: 9 Եւ քեզ ու նրան կանչողը գայ ու քեզ ասի. “Սրան տե՛ղ տուր”: Եւ ապա սկսես ամօթով վերջին տեղը գրաւել: 10 Այլ երբ հրաւիրուես, գնա բազմի՛ր վերջին տեղը, որպէսզի երբ քեզ կանչողը գայ եւ քեզ ասի՝ “Բարեկա՛մ, աւելի վե՛ր մօտեցիր”, այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառաւորուես. 11 որովհետեւ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհուի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանայ»: 12 Իրեն հրաւիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին եւ ո՛չ էլ քո հարուստ հարեւաններին, որպէսզի նրանք էլ փոխարէնը քեզ չհրաւիրեն, եւ քեզ հատուցում լինի: 13 Այլ երբ ընդունելութիւն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին 14 եւ երանելի կլինես, որովհետեւ փոխարէնը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եւ դրա փոխարէն քեզ կհատուցուի արդարների յարութեան օրը»: 15 Երբ սեղանակիցներից մէկը այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծոյ արքայութեան մէջ»: 16 Եւ Յիսուս ասաց. «Մի մարդ ընթրիք սարքեց ու հրաւիրեց շատերին: 17 Եւ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց կանչելու հրաւիրուածներին, թէ՝ “Եկէ՛ք, որովհետեւ ահա ամէն ինչ պատրաստ է”: 18 Եւ ամէնքը մէկ-մէկ սկսեցին հրաժարուել: Առաջինն ասաց. “Ագարակ գնեցի, եւ պէտք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուած համարիր”: 19 Եւ միւսն ասաց. “Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուած համարիր”: 20 Իսկ միւսն ասաց. “Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ”: 21 Եւ ծառան եկաւ ու իր տիրոջը պատմեց այս: Այդ ժամանակ բարկանալով՝ տանտէրն իր ծառային ասաց. “Իսկոյն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները եւ աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին բեր մտցրո՛ւ այստեղ”: 22 Եւ ծառան ասաց. “Տէ՛ր, ինչ հրամայեցիր, կատարուեց, եւ էլի տեղ կայ”: 23 Եւ տէրը ծառային ասաց. “Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատերի առաջ եւ մարդկանց այստե՛ղ մտցրու, որպէսզի տունս լցուի”: 24 Ասում եմ ձեզ, որ այդ հրաւիրուածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի»: 25 Եւ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում. նա դարձաւ եւ ասաց նրանց. 26 «Եթէ մէկը ինձ մօտ գայ եւ չնախընտրի ինձ իր հօրից ու մօրից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քոյրերից, նոյնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել. 27 որովհետեւ ով որ չվերցնի իր խաչը եւ իմ յետեւից չգայ, չի կարող իմ աշակերտը լինել: 28 Ձեզնից ո՞վ, եթէ կամենայ աշտարակ շինել, նախ նստելով չի հաշուի իր ծախսերը, թէ աւարտելու համար բաւական դրամ ունի՞, 29 որպէսզի գուցէ, երբ հիմքը դնի եւ չկարողանայ աւարտել, բոլոր նրանք, որ տեսնեն, չսկսեն նրան ծաղրել 30 եւ ասել, թէ՝ “Այս մարդը սկսեց կառուցել եւ չկարողացաւ աւարտել”: 31 Կամ ո՞ր թագաւորը, եթէ գնայ պատերազմելու մի այլ թագաւորի դէմ, նախ չի նստի եւ խորհի, թէ տասը հազարով կկարողանա՞յ դիմադրել նրան, որ իր վրայ քսան հազարով է գալիս: 32 Ապա թէ ոչ, մինչ սա դեռ հեռու է, պատգամաւորութիւն ուղարկելով՝ խաղաղութիւն կխնդրի: 33 Արդ, այսպէս էլ ձեզնից ով որ իր ամբողջ ունեցուածքից չհրաժարուի, չի կարող իմ աշակերտը լինել: 34 Աղը լաւ բան է, բայց եթէ աղն էլ անհամանայ, ինչո՞վ այն պիտի համեմուի: 35 Ո՛չ հողի համար է պիտանի եւ ո՛չ էլ պարարտանիւթի, այլ՝ դուրս թափելու: Ով լսելու ականջ ունի, թող լսի»:

15
1 Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտ էին, որպէսզի լսեն նրան: 2 Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է նա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»: 3 Յիսուս նրանց այս առակն ասաց. 4 «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի: 5 Եւ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ 6 եւ կգնայ տուն, կկանչի բարեկամներին ու հարեւաններին եւ նրանց կասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը: 7 Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կլինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ: 8 Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենայ եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի աւլի տունը փութով ու չի փնտրի, մինչեւ որ գտնի: 9 Եւ երբ գտնի, կկանչի բարեկամներին ու հարեւաններին եւ կասի. «Ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորցրած դրամը»: 10 Ասում եմ ձեզ. Աստծոյ հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կլինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»: 11 Եւ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր. 12 նրանցից կրտսերը հօրն ասաց. “Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը”: Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց: 13 Քիչ օրեր յետոյ կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում: 14 Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ: 15 Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու: 16 Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: 17 Ապա խելքի եկաւ եւ ասաց. “Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ: 18 Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ 19 եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը”: 20 Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչդեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ ու վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան: 21 Եւ որդին ասաց նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու”: 22 Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէք նրան, մատանին նրա մատը դրէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ. 23 բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, 24 որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց”. եւ սկսեցին ուրախանալ: 25 Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը. 26 եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ինչ է: 27 Եւ սա նրան ասաց. “Քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ-առողջ ընդունեց նրան”: 28 Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան: 29 Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. “Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ առել. ինձ երբեք մի ուլ չտուեցիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անեմ: 30 Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր”: 31 Հայրը նրան ասաց. “Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է. 32 բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց”»:

16
1 Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը: 2 Տէրը կանչեց նրան ու ասաց. “Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող”: 3 Տնտեսն իր մտքում ասաց. “Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: 4 Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընունեն ինձ իրենց տները”: 5 Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով՝ առաջինին ասում է. “Իմ տիրոջն ինչքա՞ն պարտք ունես”: 6 Եւ սա ասում է. “Հարիւր տակառիկ ձէթ”. եւ տնտեսը նրան ասում է. “Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու անմիջապէս գրիր յիսուն”: 7 Ապա դարձեալ միւսին ասում է. “Դու ինչքա՞ն պարտք ունես”. եւ սա ասաց. “Հինգ հարիւր պարկ ցորեն”: Տնտեսը նրան ասաց. “Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու գրիր չորս հարիւր”: 8 Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետեւ հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիներն իրենց սերնդի մէջ: 9 Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ: 10 Քչի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը շատի մէջ էլ անիրաւ է: 11 Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը: 12 Եւ եթէ ուրիշինի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտայ ձեզ: 13 Ոչ մի ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետեւ եթէ մէկին ատի, միւսին կսիրի. կամ եթէ մէկին մեծարի, միւսին էլ կարհամարհի: Չէք կարող ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ մամոնային»: 14 Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, նրան պախարակում էին, քանի որ արծաթասէր էին: 15 Եւ նրանց ասաց. «Դուք էք, որ մարդկանց առաջ ձեզ արդար էք ձեւացնում, սակայն Աստուած ձեր սրտերը գիտէ. որովհետեւ այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծոյ առաջ զազրելի է: 16 Օրէնքն ու մարգարէները մինչեւ Յովհաննէսն էին. այնուհետեւ աւետարանւում է Աստծոյ արքայութիւնը, եւ ամէն ոք ուժով է այն նուաճում: 17 Աւելի հեշտ է, որ երկինք ու երկիր անցնեն, քան թէ օրէնքից մէկ նշանախեց ընկնի: 18 Ով որ իր կնոջն արձակում է եւ մի ուրիշին առնում, շնանում է. իսկ ով որ արձակուածին է առնում, շնանում է: 19 Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում եւ ամէն օր առատապէս ուրախութիւն էր անում: 20 Եւ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ վէրքերով ծածկուած: 21 Եւ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափւում էին մեծահարուստի սեղանից: Եւ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վէրքերը: 22 Երբ աղքատը մեռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռաւ ու թաղուեց: 23 Եւ դժոխքում, մինչ սա տանջանքների մէջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռուից տեսաւ Աբրահամին եւ Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած: 24 Եւ նա աղաղակեց ու ասաց. “Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ եւ ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով ու զովացնի լեզուս, որովհետեւ այս տապից պապակում եմ”: 25 Եւ Աբրահամը նրան ասաց. “Որդեա՛կ, յիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ՝ քո կեանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարւում է, իսկ դու այդտեղ պապակում ես: 26 Եւ այս բոլորից բացի, մեծ վիհ կայ մեր եւ ձեր միջեւ. եթէ ուզեն այստեղից ձեզ մօտ անցնել, չեն կարողանայ. ոչ էլ այդտեղից մէկը կարող է մեզ մօտ անցնել”: 27 Մեծահարուստն ասաց. “Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հօր տունը, 28 որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպէսզի նրանց վկայութիւն տայ, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը”: 29 Եւ Աբրահամն ասաց. “Նրանք ունեն Մովսէս եւ մարգարէներ, թող նրանց լսեն”: 30 Եւ նա ասաց. “Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթէ մեռելներից մէկը նրանց մօտ գնայ, նրանք կապաշխարեն”: 31 Եւ Աբրահամը նրան ասաց. “Եթէ Մովսէսին եւ մարգարէներին չեն լսում, մեռելներից մէկն էլ եթէ յարութիւն առնի, չպիտի համոզուեն”»:

17
1 Յիսուս ասաց նաեւ իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղութիւնը չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգայ: 2 Նրա համար լաւ կլինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղէր: 3 Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար: Եթէ քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. եւ եթէ զղջայ, ների՛ր նրան: 4 Եւ եթէ եօթ անգամ մեղանչի քո դէմ եւ եօթ անգամ դառնայ քեզ եւ ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»: 5 Եւ առաքեալները Տիրոջն ասացին. «Աւելացրո՛ւ մեր հաւատը»: 6 Եւ Տէրն ասաց. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ այս թթենուն ասէք՝ “Արմատախի՛լ եղիր եւ տնկուի՛ր ծովի մէջ”, նա իսկ կհնազանդուի ձեզ: 7 Իսկ ձեզնից ո՞վ է, որ հողագործ կամ հովիւ ծառայ ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կասի իսկոյն. “Անցիր, սեղա՛ն նստիր”. 8 այլ նրան չի՞ ասի. “Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, եւ գօտի կապած ծառայի՛ր ինձ, մինչեւ որ ուտեմ ու խմեմ, եւ ապա կուտես եւ կխմես դու”: 9 Մի՞թէ տէրը շնորհապարտ կլինի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց: 10 Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ “Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, այն արեցինք”»: 11 Եւ մինչ նա դէպի Երուսաղէմ էր գնում, անցնում էր Սամարիայի եւ Գալիլիայի միջով: 12 Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, 13 բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. «Յիսո՛ւս Վարդապետ, ողորմի՛ր մեզ»: 14 Եւ երբ նրանց տեսաւ, ասաց նրանց. «Գնացէք, դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք»: Երբ գնում էին, նոյն ժամին մաքրուեցին: 15 Նրանցից մէկը երբ տեսաւ, որ բժշկուեց, վերադարձաւ եւ բարձր ձայնով փառաւորում էր Աստծուն. 16 երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան. եւ ինքը սամարացի էր: 17 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են, 18 որ չվերադարձան փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»: 19 Եւ ասաց նրան. «Վեր կաց գնա, որովհետեւ քո հաւատը քեզ փրկեց»: 20 Երբ փարիսեցիների կողմից հարց տրուեց, թէ երբ պիտի գայ Աստծոյ արքայութիւնը, նա պատասխանեց եւ ասաց. «Աստծոյ արքայութիւնը դրսից տեսանելի կերպով չի գալիս, 21 եւ չեն ասի, թէ ահաւասիկ, այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծոյ արքայութիւնը ներսում՝ ձեր մէջ է»: 22 Իսկ իր աշակերտներին ասաց. «Կգան օրեր, երբ դուք կուզենաք մարդու Որդու օրերից մէկը տեսնել եւ չէք տեսնի: 23 Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ “Ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ”, մի՛ շտապէք գնալ, 24 որովհետեւ ինչպէս որ փայլակը երկնքի ներքեւից փայլատակելով՝ երկնքի երեսը լուսաւորում է, այնպէս էլ կլինի մարդու Որդին իր օրում: 25 Բայց նախ նա պէտք է շատ չարչարուի եւ մերժուի այս սերնդից: 26 Եւ ինչպէս եղաւ Նոյի օրով, այնպէս կլինի եւ մարդու Որդու օրով: 27 Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդի էին գնում՝ մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտաւ, եւ ջրհեղեղը եկաւ ու բոլորին կորստեան մատնեց: 28 Նոյնպէս՝ ինչպէս Ղովտի օրով էլ եղաւ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում: 29 Եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելաւ, երկնքից կրակ ու ծծումբ տեղաց եւ բոլորին կորստեան մատնեց: 30 Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու: 31 Այն օրը ով որ տանիքում է, եւ իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. եւ ով որ հանդում է, նոյնպէս թող յետ չդառնայ: 32 Յիշեցէ՛ք Ղովտի կնոջը: 33 Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն: 34 Ասում եմ ձեզ. այն գիշերը, եթէ երկու հոգի լինեն մի մահճի մէջ, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի: 35 Եւ եթէ երկու կին միասին աղալիս լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի: Եւ եթէ հանդում երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի»: 36 Պատասխան տուեցին եւ ասացին նրան. «Որտե՞ղ, Տէ՛ր»: 37 Եւ նա ասաց նրանց. «Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կհաւաքուեն արծիւները»:

18
1 Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, որ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան: 2 Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: 3 Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. “Իմ ոսոխի դէմ իմ դատը տե՛ս”: 4 Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. “Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, 5 բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի”»: 6 Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը: 7 Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կլինի: 8 Այո՛, ասում եմ ձեզ. նրանց իսկոյն արդարութիւն կանի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կգտնի՞»: 9 Այս առակն էլ ասաց ոմանց, ովքեր իրենց ներսում պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին: 10 «Երկու մարդ տաճար ելաւ աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր: 11 Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ ինքն իրեն այս աղօթքն էր ասում. “Աստուա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս յափշտակողները, անիրաւներն ու շնացողները եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. 12 այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”: 13 Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. “Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս”: 14 Ասում եմ ձեզ. սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ՝ միւսը. ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացուի»: 15 Մանուկներին էլ մօտեցնում էին նրան, որպէսզի նրանց դիպչի. երբ աշակերտներն այդ տեսան, սաստեցին բերողներին: 16 Իսկ Յիսուս, կանչելով մանուկներին իր մօտ, ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին, որ ինձ մօտ գան, եւ մի՛ արգելէք նրանց, որովհետեւ այդպիսիներինն է Աստծոյ արքայութիւնը: 17 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով որ Աստծոյ արքայութիւնը չընդունի ինչպէս մի մանուկ, այնտեղ չի մտնի»: 18 Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 19 Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած: 20 Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»: 21 Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»: 22 Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կունենաս. եւ արի՛ իմ յետեւից»: 23 Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր: 24 Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծոյ արքայութիւնը կմտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն: 25 Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծոյ արքայութիւնը մտնի»: 26 Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»: 27 Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծոյ համար հնարաւոր է»: 28 Եւ Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամէն ինչը թողեցինք եւ եկանք քո յետեւից»: 29 Եւ Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկայ մէկը, որ թողած լինի տունը կամ ծնողներին կամ եղբայրներին կամ կնոջը կամ զաւակներին՝ Աստծոյ արքայութեան համար, 30 եւ այս ներկայ ժամանակում բազմապատիկ չստանայ ու յաւիտենական կեանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է»: 31 Եւ տասներկուսին առանձին մի կողմ տանելով՝ նրանց ասաց. «Ահաւասիկ ելնում ենք դէպի Երուսաղէմ, եւ մարգարէների միջոցով մարդու Որդու մասին բոլոր գրուածները պիտի կատարուեն. 32 որովհետեւ նա պիտի մատնուի հեթանոսներին եւ պիտի ծաղրուի. 33 նրան պիտի ձաղկեն ու սպանեն, եւ երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: 34 Եւ առաքեալները այս բոլորից ոչինչ չիմացան, այլ խօսքը նրանցից ծածկուած էր, եւ ասուածները չէին ըմբռնում: 35 Եւ երբ նա մօտենում էր Երիքովին, ճանապարհի վրայ նստել էր մի կոյր մուրացկան: 36 Երբ սա լսեց, որ ժողովուրդն անցնում է, հարցրեց, թէ այդ ինչ է: 37 Եւ նրան պատմեցին, որ անցնում է Յիսուս Նազովրեցին: 38 Նա աղաղակեց ու ասաց. «Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: 39 Եւ առջեւից գնացողները սաստեցին նրան, որ լռի: Իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: 40 Յիսուս տեղում կանգնեց եւ հրամայեց իր մօտ բերել նրան. եւ երբ կոյրը մօտեցաւ, նրան հարցրեց եւ ասաց. 41 «Ի՞նչ ես կամենում դու, որ ես քեզ համար անեմ»: Եւ նա ասաց. «Որ բացուեն աչքերս, եւ տեսնեմ, Տէ՛ր»: 42 Եւ Յիսուս նրան ասաց. «Նայի՛ր, քո հաւատը քեզ փրկեց»: 43 Եւ իսկոյն կոյրը տեսաւ. գնում էր Յիսուսի յետեւից եւ փառք էր տալիս Աստծուն: Եւ ամբողջ ժողովուրդը, տեսնելով այս, Աստծուն գոհութիւն էր տալիս:

19
1 Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր: 2 Եւ ահա մի մարդ՝ Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, 3 ուզում էր տեսնել, թէ ով է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր: 4 Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու: 5 Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»: 6 Զակքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ: 7 Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին ու ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու: 8 Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կտամ աղքատներին եւ, եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»: 9 Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է, 10 որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտրելու եւ փրկելու կորածին»: 11 Եւ մինչ նրանք լսում էին այս, Յիսուս մի առակ էլ աւելացրեց նրա համար, որ ինքը մօտենում էր Երուսաղէմին, եւ նրանք կարծում էին, թէ Աստծոյ արքայութիւնը շուտով յայտնուելու է: 12 Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար: 13 Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց ու ասաց. “Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ”: 14 Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. “Մենք չենք կամենում, որ նա մեզ վրայ թագաւորի”: 15 Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնը ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ է շահել: 16 Եկաւ առաջինը եւ ասաց. “Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց”: 17 Եւ տէրը նրան ասաց. “Ազնիւ եւ բարի՛ ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ”: 18 Եկաւ երկրորդը եւ ասաց. “Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց”: 19 Տէրը նրան ասաց. “Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ”: 20 Միւսն էլ եկաւ ու ասաց. “Տէ՛ր, ահա՛ քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի. 21 վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել”: 22 Եւ տէրը նրան ասաց. “Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, եւ հնձում եմ, ուր չեմ սերմանել: 23 Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուեցիր, որպէսզի ես գալով՝ տոկոսներով հանդերձ պահանջէի այն”: 24 Եւ սպասաւորներին ասաց. “Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէք տուէք նրան, ով տասը մնաս ունի”: 25 Եւ ծառաներն ասացին նրան. “Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի”: 26 “Ասում եմ ձեզ, թէ ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի: 27 Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ”»: 28 Եւ երբ այս ասաց, առաջ գնաց Երուսաղէմ ելնելու համար: 29 Եւ երբ մօտեցաւ Բեթփագէին եւ Բեթանիային՝ այն լեռան մօտ, որ կոչւում է Ձիթենեաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին 30 եւ ասաց. «Գնացէ՛ք այն գիւղը, որ մեր դիմաց է. երբ այնտեղ մտնէք, կգտնէք կապուած մի աւանակ, որի վրայ ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք: 31 Եւ եթէ մէկը ձեզ հարցնի, թէ ինչու էք արձակում, նրան այսպէս ասացէք. “Իր տիրոջը պէտք է”»: 32 Երբ գնացին նրանք, որ ուղարկուել էին, գտան այնպէս, ինչպէս ասել էր նրանց. աւանակը կար: 33 Եւ մինչ աւանակն արձակում էին, նրա տէրերն ասացին նրանց. «Աւանակն ինչո՞ւ էք արձակում»: 34 Եւ աշակերտներն ասացին. «Իր տիրոջը պէտք է»: 35 Եւ այն բերեցին Յիսուսի մօտ. զգեստներ գցեցին նրա վրայ եւ Յիսուսին նստեցրին: 36 Եւ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրայ: 37 Եւ երբ նա մօտեցաւ Ձիթենեաց լեռան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմութիւնը ուրախութեամբ եւ բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն կատարուած բոլոր զօրութիւնների համար, որ տեսան: 38 Եւ ասում էին. «Օրհնեա՜լ է այդ Թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում»: 39 Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»: 40 Նա պատասխանեց եւ ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ նրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն»: 41 Եւ երբ մօտեցաւ, տեսնելով քաղաքը՝ լաց եղաւ նրա վրայ եւ ասաց. 42 «Գոնէ այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղութիւնը. բայց այժմ ծածկուեց քո տեսողութիւնից. 43 որովհետեւ օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնէշ պիտի կանգնեցնեն եւ պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից 44 ու հիմնայատակ պիտի անեն քեզ եւ սպանեն քո մէջ քո որդիներին. եւ քարը քարի վրայ բնաւ չպիտի թողնեն, քանի որ քո այցելութեան ժամանակը չճանաչեցիր»: 45 Եւ տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել աղաւնեվաճառներին ու գնողներին եւ լումայափոխների սեղանները ցրեց 46 ու ասաց նրանց. «Գրուած է՝ “Իմ տունը պէտք է աղօթքի տուն լինի”, իսկ դուք աւազակների որջերի էք վերածել այն»: 47 Եւ նա ամէն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, օրէնսգէտները եւ ժողովրդի գլխաւորները հնար էին փնտրում նրան կորստեան մատնելու, 48 բայց չէին գտնում, թէ ինչ անեն, որովհետեւ ամբողջ ժողովուրդը, նրանով տարուած, լսում էր նրան:

20
1 Եւ այն օրերից մէկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին եւ աւետարանում, վրայ հասան քահանայապետներն ու օրէնսգէտները՝ ծերերով հանդերձ, 2 եւ ասացին նրան. «Ասա՛ մեզ. ի՞նչ իշխանութեամբ ես դու անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տուեց այդ իշխանութիւնը»: 3 Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ դուք ինձ ասացէ՛ք. 4 Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞ մարդկանցից»: 5 Եւ նրանք իրենց մտքում խորհեցին ու ասացին. 6 «Եթէ ասենք՝ երկնքից էր, կասի. “Իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան”. եւ եթէ ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետեւ իրենց մտքում Յովհաննէսի մասին հաստատ համոզում կայ, թէ նա մարգարէ է»: 7 Եւ պատասխան տուեցին, թէ չգիտեն որտեղից է: 8 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ անում այս»: 9 Եւ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց եւ այն յանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդութեան գնաց: 10 Եւ յարմար ժամանակին մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որպէսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան եւ ձեռնունայն արձակեցին: 11 Տէրը դարձեալ մէկ ուրիշ ծառայ եւս ուղարկեց. նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամփու դրեցին: 12 Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի. նրանք սրան էլ վիրաւորեցին եւ այգուց դուրս հանեցին: 13 Այգու տէրն ասաց. “Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերեւս նրանից պատկառեն”: 14 Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին եւ ասացին. “Սա է ժառանգը. սպանենք նրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի”: 15 Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին: Արդ, այգու տէրը նրանց ի՞նչ կանի: 16 Չէ՞ որ կգայ ու կորստեան կմատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կտայ»: 17 Երբ այս լսեցին, ասացին՝ քա՛ւ լիցի: Եւ Յիսուս, նրանց նայելով, ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրուած է, թէ՝ “Այն վէմը, որ անարգեցին շինողները, նա է, որ անկիւնաքար եղաւ”: 18 Ով որ այս վէմին բախուի, կխորտակուի, եւ ում վրայ որ այն ընկնի, կճզմի նրան»: 19 Եւ օրէնսգէտներն ու քահանայապետները նոյն պահին ուզում էին նրա վրայ ձեռք դնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, որ այն առակը իրենց մասին ասաց: 20 Եւ ապա յարմար առիթի սպասեցին եւ ուղարկեցին խաբեբաների, որոնք իրենք իրենց կեղծաւորութեամբ արդար էին ձեւացնում, որպէսզի նրան խօսքերով բռնեն մատնելու համար պետութեան եւ իշխանութեան կուսակալին: 21 Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճիշտ ես խօսում եւ ուսուցանում եւ աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծոյ ճանապարհն ես սովորեցնում: 22 Օրինաւո՞ր է մեզ համար կայսրին հարկ տալ, թէ՞ ոչ»: 23 Եւ նկատելով նրանց խորամանկութիւնը՝ ասաց նրանց. 24 «Ցո՛յց տուէք ինձ դահեկանը»: Եւ նրանք ցոյց տուեցին: 25 Եւ նա ասաց. «Ո՞ւմ պատկերը եւ գիրը ունի դա»: Պատասխանեցին եւ ասացին՝ կայսրինը: Եւ նա նրանց ասաց. «Արդ, գնացէք տուէ՛ք կայսրինը կայսերը, իսկ Աստծունը՝ Աստծուն»: 26 Եւ չկարողացան նրան խօսքերով բռնել ժողովրդի առաջ եւ զարմանալով նրա պատասխանի վրայ՝ լռեցին: 27 Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակում էին, թէ յարութիւն չկայ, մօտենալով հարցրին նրան եւ ասացին. 28 «Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. “Եթէ մէկի եղբայրը, որը կին ունի, մեռնի, եւ նա անժառանգ լինի, թող նրա եղբայրն առնի այդ կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի”: 29 Արդ, եօթ եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ անժառանգ մեռաւ: 30 Նրան առաւ նաեւ երկրորդը. եւ նա էլ անժառանգ մեռաւ: 31 Նրան առաւ նաեւ երրորդը. եւ նոյն ձեւով՝ եօթն էլ: Եւ ժառանգներ չթողեցին: 32 Մեռաւ եւ կինը: 33 Արդ, յարութեան ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կլինի, որովհետեւ եօթն էլ նրան կին առան»: 34 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդի են գնում. 35 իսկ նրանք, որոնք արժանի կլինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդի են գնում, 36 քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծոյ որդիներ, քանի որ յարութեան որդիներ են: 37 Իսկ որ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին. «Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի»: 38 Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են»: 39 Օրէնսգէտներից ոմանք նրան պատասխանեցին եւ ասացին. «Վարդապե՛տ, լա՛ւ ասացիր»: 40 Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան որեւէ բան հարցնել: 41 Յիսուս նրանց էլ ասաց. «Քրիստոսի համար ինչպէ՞ս են ասում, թէ Դաւթի Որդին է. 42 քանի որ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. “Տէրն ասաց իմ Տիրոջը. նստի՛ր իմ աջ կողմում, 43 մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դնեմ”: 44 Իսկ արդ, եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, Նա ինչպէ՞ս նրա որդին կլինի»: 45 Եւ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց իր աշակերտներին. 46 «Զգուշացէ՛ք օրէնսգէտներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել եւ սիրում են ողջոյններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրաւել ժողովարաններում եւ պատուոյ տեղերը նստել ընթրիքների ժամանակ, 47 որոնք իւրացնում են այրիների տները եւ ձեւականօրէն երկարում են իրենց աղօթքները: Նրանք աւելի խիստ դատավճիռ պիտի ստանան»:

21
1 Եւ Յիսուս նայեց ու տեսաւ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մէջ իրենց նուէրներն էին գցում: 2 Տեսաւ եւ մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումայ գցեց այնտեղ: 3 Եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան բոլորը: 4 Նրանք ամէնքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրուած նուէրների մէջ, իսկ նա իր կարօտութեան մէջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց»: 5 Եւ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թէ գեղեցիկ քարերով եւ աշտարակներով է զարդարուած, նա ասաց. 6 «Այդ բոլորը, որ տեսնում էք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնուի քար քարի վրայ, որ չքանդուի»: 7 Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, ե՞րբ կլինի այդ, եւ ի՞նչ կլինի նշանը, երբ այդ պատահելու լինի»: 8 Եւ նա ասաց. «Զգո՛յշ կացէք, չխաբուէք. որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն, թէ՝ “Ես եմ Քրիստոսը”, եւ թէ՝ “Ժամանակը մօտեցաւ”. նրանց յետեւից չգնա՛ք: 9 Եւ երբ լսէք պատերազմների եւ խռովութիւնների մասին, չզարհուրէ՛ք. որովհետեւ պէտք է, որ նախ այդ բաները պատահեն. բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»: 10 Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ. 11 եւ մեծ երկրաշարժեր եւ տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհաւիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից: 12 Բայց այս բոլորից առաջ ձեզ վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: 13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: 14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15 որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակուել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: 16 Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: 17 Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: 18 Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: 19 Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները: 20 Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է: 21 Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմում են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն, 22 որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարուեն բոլոր գրուածները: 23 Բայց այն օրերին վայ է յղիներին եւ ստնտուներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ, եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ: 24 Նրանք սրի պիտի քաշուեն, գերի պիտի տարուեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները: 25 Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ: Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով, 26 աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն: 27 Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով: 28 Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»: 29 Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի. 30 երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը: 31 Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարուած, իմացէ՛ք, որ Աստծոյ արքայութիւնը մօտ է»: 32 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 33 Երկինքը եւ երկիրը կանցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի: 34 Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով, եւ յանկարծակի հասնի ձեզ վրայ այն օրը. 35 որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամէնքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին: 36 Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամէնից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»: 37 Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարում, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լեռան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց: 38 Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ տաճարում նրան լսելու համար:

22
1 Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք: 2 Իսկ քահանայապետներն ու օրէնսգէտները հնար էին փնտրում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից: 3 Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ տասներկուսի թւում էր: 4 Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրէնսգէտների եւ ժողովրդի իշխանաւորների հետ, որ Յիսուսին նրանց մատնի: 5 Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ: 6 Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտրում նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի: 7 Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել պասեքը: 8 Եւ նա ուղարկեց Պետրոսին ու Յովհաննէսին եւ ասաց. «Գնացէք պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»: 9 Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»: 10 Եւ նրանց ասաց. «Ահա, երբ քաղաք մտնէք, ձեզ կհանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կմտնի: 11 Եւ կասէք տանտիրոջը. “Վարդապետը քեզ ասում է. ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը”: 12 Եւ նա ձեզ ցոյց կտայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կպատրաստէք»: 13 Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը: 14 Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ: 15 Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել: 16 Բայց ասում եմ ձեզ, որ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծոյ արքայութեան մէջ»: 17 Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. 18 ասում եմ ձեզ, որ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծոյ արքայութիւնը»: 19 Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»: 20 Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած: 21 Բայց ահաւասիկ, իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է: 22 Եւ մարդու Որդին աշխարհից կգնայ՝ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կմատնուի»: 23 Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ով է, որ այդ անելու է: 24 Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ով պիտի մեծ համարուի: 25 Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում: 26 Բայց դուք այդպէս չլինէք, այլ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը: 27 Ո՞վ է մեծ՝ սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր: 28 Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ: 29 Եւ ես խոստանում եմ ձեզ, ինչպէս եւ իմ Հայրն ինձ խոստացաւ տալ արքայութիւնը, 30 որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին»: 31 Եւ Տէրն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել: 32 Բայց ես աղօթեցի քեզ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին»: 33 Եւ Պետրոսն ասաց. «Տէ՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ ե՛ւ բանտ, ե՛ւ դէպի մահ»: 34 Եւ նա նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր դեռ աքաղաղը կանչած չպիտի լինի, երբ դու երեք անգամ կուրանաս՝ ասելով, թէ ինձ չես ճանաչում»: 35 Եւ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի եւ կօշիկների, մի՞թէ որեւէ բանի կարօտ մնացիք»: 36 Եւ նրանք ասացին. «Եւ ոչ մի բանի»: Ապա ասաց. «Իսկ այժմ ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նոյնպէս եւ՝ մախաղ. իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն եւ իր համար սուր գնի: 37 Բայց ասում եմ ձեզ. այս եւս, որ գրուած է, պէտք է, որ կատարուի ինձ վրայ, թէ՝ “Անօրէնների հետ դասուեց”. որովհետեւ ինչ որ ինձ համար է գրուած, կատարուելու վրայ է»: 38 Եւ նրանք ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ այստեղ երկու սուր կայ»: Եւ նրանց ասաց. «Բաւական են»: 39 Եւ Յիսուս, ըստ իր սովորութեան, ելաւ գնաց Ձիթենեաց լեռը. նրա յետեւից գնացին եւ աշակերտները: 40 Երբ տեղ հասաւ, ասաց նրանց. «Աղօթքի՛ կանգնեցէք, որ փորձութեան մէջ չընկնէք»: 41 Եւ ինքը հեռացաւ նրանցից մօտ մի քարընկէց, ծնրադրեց, աղօթում էր եւ ասում. 42 «Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ իմ կամքը, այլ քոնը թող լինի»: 43 Եւ նրան երկնքից երեւաց մի հրեշտակ եւ ուժ էր տալիս նրան. նա տագնապի մէջ էր եւ ամբողջ հոգով էր աղօթում: 44 Եւ նրանից քրտինքը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետնին թափուելով: 45 Եւ վեր կենալով աղօթքից՝ եկաւ աշակերտների մօտ, նրանց քնած գտաւ տրտմութիւնից 46 եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք քնել. վեր կացէք աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք»: 47 Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա երեւաց մի ամբոխ. եւ նա, որ Յուդա էր կոչւում՝ տասներկուսից մէկը, առաջնորդում էր նրանց. երբ Յուդան մօտեցաւ Յիսուսին, համբուրեց նրան, որովհետեւ այն նշանն էր տուել նրանց, թէ՝ «Ում հետ ես համբուրուեմ, նա է, նրա՛ն բռնեցէք»: 48 Յիսուս նրան ասաց. «Յուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»: 49 Երբ նրա շուրջը գտնուողները տեսան եղածը, նրան ասացին. «Տէ՛ր, սրով նրանց հարուածե՞նք»: 50 Եւ աշակերտներից մէկը հարուածեց քահանայապետի ծառային եւ կտրեց դէն գցեց նրա աջ ականջը: 51 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Թո՛յլ տուէք, բաւ է եղածը»: Եւ դիպչելով ականջին՝ այն բժշկեց: 52 Եւ իր վրայ եկած քահանայապետներին, տաճարի իշխանաւորներին եւ ծերերին ասաց. «Ինչպէս աւազակի վրա՞յ էք գալիս սրերով ու մահակներով. 53 միշտ ձեզ հետ էի տաճարում, եւ դուք ինձ վրայ ձեռք չերկարեցիք. սակայն այս է ձեր ժամը եւ խաւարի իշխանութեան զօրութիւնը»: 54 Եւ բռնելով նրան՝ տարան եւ մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռուից գնում էր նրա յետեւից: 55 Երբ գաւթի մէջ կրակ վառեցին ու նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մէջ: 56 Մի աղախին տեսաւ նրան կրակի լոյսի մօտ նստած, հայեացքը սեւեռեց նրան ու ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին»: 57 Իսկ Պետրոսն ուրացաւ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»: 58 Եւ քիչ յետոյ մէկ ուրիշը տեսաւ նրան ու ասաց. «Դու էլ նրանցից ես»: Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»: 59 Եւ երբ մի ժամ էլ անցաւ, մէկ ուրիշը վիճում էր ու ասում. «Ճիշտ որ, սա էլ նրա հետ էր, որովհետեւ գալիլիացի է»: 60 Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ՝ այդ ինչ ես խօսում»: Եւ նոյն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց: 61 Տէրը դարձաւ եւ նայեց Պետրոսին. եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թէ ինձ չես ճանաչում»: 62 Եւ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնօրէն լաց եղաւ: 63 Եւ այն մարդիկ, որ նրան պահպանում էին, ծիծաղում էին նրա վրայ ու խփում, 64 ծածկում էին նրա երեսը եւ տանջում, հարցնում էին նրան եւ ասում. «Մարգարէացի՛ր, ո՞վ է, որ քեզ խփեց»: 65 Եւ հայհոյելով ուրիշ շատ բաներ էլ էին ասում նրա երեսին: 66 Եւ երբ լոյսը բացուեց, հաւաքուեց ժողովրդի ծերակոյտը՝ քահանայապետներ եւ օրէնսգէտներ, եւ Յիսուսին քաշեցին բերեցին իրենց ատեանի առաջ եւ ասացին. «Եթէ դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»: 67 Նրանց ասաց. «Եթէ ձեզ ասեմ իսկ, չէք հաւատայ: 68 Եւ եթէ ես ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չէք տայ կամ չէք արձակի ինձ: 69 Բայց սրանից յետոյ մարդու Որդին պիտի նստի Աստծոյ զօրութեան աջ կողմը»: 70 Եւ ամէնքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծոյ Որդի՞ն ես»: Եւ նա նրանց ասաց. «Դուք էք ասում, թէ ես եմ»: 71 Եւ նրանք ասացին. «Էլ ի՞նչ վկայութիւն է պէտք մեզ, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրա բերանից»:

23
1 Եւ նրանց ամբողջ բազմութիւնը վեր կենալով՝ նրան տարաւ Պիղատոսի մօտ: 2 Եւ սկսեցին ամբաստանել նրան ու ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ եւ ինքն իր մասին ասում էր, թէ՝ Քրիստոս Թագաւորն է»: 3 Իսկ Պիղատոսը հարցրեց նրան ու ասաց. «Հրեաների Թագաւորը դո՞ւ ես»: Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Դո՛ւ ասացիր»: 4 Պիղատոսը քահանայապետներին եւ ժողովրդին ասաց. «Այս մարդու մէջ ես որեւէ յանցանք չեմ գտնում»: 5 Իսկ նրանք պնդում էին ու ասում, թէ ըմբոստութեան է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրէաստանում՝ Գալիլիայից սկսած մինչեւ այստեղ: 6 Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլիայի մասին, հարցրեց, թէ այդ մարդը գալիլիացի՞ է: 7 Եւ երբ իմացաւ, որ Հերովդէսի իշխանութիւնից է, յանձնեց, որ նրան տանեն Հերովդէսի մօտ, որովհետեւ այդ օրերին նա էլ Երուսաղէմում էր: 8 Եւ երբ Հերովդէսը տեսաւ Յիսուսին, շատ ուրախացաւ, որովհետեւ երկար ժամանակից ի վեր ցանկանում էր նրան տեսնել, քանի որ յաճախ լսում էր նրա մասին եւ ակնկալում էր նրա ձեռքով կատարուած որեւէ նշան տեսնել: 9 Հերովդէսը նրան հարցաքննեց շատ խօսքերով, իսկ Յիսուս նրան ոչ մի պատասխան չտուեց: 10 Քահանայապետներն ու օրէնսգէտները վեր էին կենում եւ նրան բուռն կերպով ամբաստանում: 11 Հերոդէսն էլ՝ իր զօրականներով հանդերձ, արհամարհեց նրան եւ ծիծաղելով նրա վրայ՝ սպիտակ զգեստներ հագցնել տուեց նրան ու վերստին յանձնեց, որ տանեն նրան Պիղատոսի մօտ: 12 Եւ Պիղատոսն ու Հերովդէսը այդ օրերին բարեկամներ եղան, որովհետեւ առաջ իրար հանդէպ թշնամի էին: 13 Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանաւորներին ու ժողովրդին եւ ասաց. 14 «Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ՝ որպէս ժողովրդին մոլորեցնողի. եւ ահաւասիկ, ձեր առաջ դատաքննութիւն արեցի եւ այս մարդու մէջ չգտայ մէկն այն յանցանքներից, որոնցով դուք ամբաստանում էք նրան. 15 եւ ոչ էլ՝ Հերովդէսը, որի մօտ հրամայեցի, որ Յիսուսին տանեն: 16 Արդ, նա մահուան արժանի ոչինչ չի արել, նրան գանահարել կտամ եւ կարձակեմ» 17 (որովհետեւ հարկաւոր էր իւրաքանչիւր տօնի առթիւ մի բանտարկեալ արձակել նրանց համար): 18 Եւ նրանք ամբողջ բազմութեամբ աղաղակում էին ու ասում. «Նրան վերացրո՛ւ եւ արձակի՛ր մեզ համար Բարաբբային» 19 (որը քաղաքում պատահած մի խռովութեան եւ սպանութեան համար բանտարկուել էր): 20 Պիղատոսը նորից սկսեց խօսել, որովհետեւ կամենում էր Յիսուսին արձակել: 21 Եւ նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր նրան»: 22 Եւ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ի՞նչ չար բան է արել նա. նրա վրայ մահուան արժանի որեւէ յանցանք չգտայ. նրան գանահարել կտամ եւ կարձակեմ»: 23 Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին եւ ուզում, որ նրան խաչը հանի: Եւ նրանց ու քահանայապետների ձայները աւելի ուժեղանում էին: 24 Եւ Պիղատոսը հաւանութիւն տուեց, որ նրանց պահանջը կատարուի: 25 Նա արձակեց Բարաբբային, որը խռովութեան եւ սպանութեան համար բանտ էր նետուած, եւ որին էլ հէնց ուզում էին. իսկ Յիսուսին յանձնեց նրանց կամքին: 26 Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կիւրենացի անունով մէկին, որը հանդից էր գալիս. նրա վրայ դրեցին խաչը, որ այն բերի Յիսուսի յետեւից: 27 Եւ նրա յետեւից գնում էր ժողովրդի մի մեծ բազմութիւն եւ կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան: 28 Յիսուս դարձաւ ու ասաց նրանց. «Երուսաղէմի՛ դուստրեր, ինձ վրայ լաց մի՛ եղէք, այլ լա՛ց եղէք ձեր եւ ձեր որդիների վրայ, 29 որովհետեւ օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն. “Երանի՜ չբեր կանանց եւ նրանց, որոնք բնաւ չծնեցին եւ չսնեցին”: 30 Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թէ՝ ընկէ՛ք մեզ վրայ, եւ բլուրներին թէ՝ ծածկեցէ՛ք մեզ, 31 որովհետեւ երբ դալար փայտին այսպէս անեն, չորի՛ն ինչ կպատահի»: 32 Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար: 33 Երբ հասան Գագաթ կոչուած տեղը, այնտեղ նրան խաչ հանեցին. եւ չարագործներին էլ, մէկին աջ կողմը, միւսին ձախ կողմը, խաչեցին: 34 Եւ Յիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»: Եւ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին: 35 Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանաւորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան ու ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթէ դա է Քրիստոսը՝ Աստծոյ ընտրեալ Որդին»: 36 Զինուորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան ու ասում. 37 «Եթէ դու ես հրեաների Թագաւորը, փրկի՛ր ինքդ քեզ»: 38 Եւ նրա խաչի վրայ մի գրութիւն կար՝ գրուած յունարէն, լատիներէն եւ եբրայերէն գրերով, թէ՝ սա է հրեաների Արքան: 39 Իսկ կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նրան ու ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ»: 40 Նրա ընկերը, նրան սաստելով, պատասխան տուեց եւ ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դո՛ւ, որ նոյն պատիժն ես կրում: 41 Եւ մենք իրաւացիօրէն արժանի հատուցում ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որեւէ վատ բան չի արել»: 42 Եւ ասաց Յիսուսին. «Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ գաս քո արքայութեամբ»: 43 Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. այսօր ինձ հետ դրախտում կլինես»: 44 Եւ համարեա կէսօր էր. եւ խաւար եղաւ ամբողջ երկրի վրայ մինչեւ ժամը երեքը. արեգակը խաւարեց: 45 Եւ տաճարի վարագոյրը մէջտեղից պատռուեց: 46 Եւ Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»: Երբ այս ասաց, հոգին աւանդեց: 47 Եւ հարիւրապետը, տեսնելով, ինչ որ պատահեց, փառաւորեց Աստծուն եւ ասաց. «Իսկապէս, այս մարդը արդար էր»: 48 Եւ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանն ու կատարուածը, ծեծում էր կուրծքը եւ վերադառնում: 49 Նրա բոլոր ծանօթներն էլ կանգնել էին հեռւում. եւ կանայք, որոնք Գալիլիայից նրա յետեւից էին եկել, տեսնում էին այս բաները: 50 Եւ ահա Յովսէփ անունով մի մարդ կար հրեաների Արիմաթէ քաղաքից: Նա հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ եւ արդար մի մարդ 51 (սա չէր միաբանել նրանց մտադրութիւններին ու գործերին): Եւ ինքն էլ էր սպասում Աստծոյ արքայութեանը: 52 Սա, Պիղատոսի մօտ գալով, ուզեց Յիսուսի մարմինը: 53 Եւ նրան խաչից իջեցնելով՝ փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մէջ, որտեղ բնաւ ոչ ոք չէր դրուած: 54 Եւ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը: 55 Եւ Յովսէփի յետեւից գնում էին կանայք, որոնք Գալիլիայից էին եկել Յիսուսի հետ. նրանք տեսան գերեզմանը, եւ թէ ինչպէս նրա մարմինը այնտեղ դրուեց: 56 Վերադարձան, խնկեր ու իւղեր պատրաստեցին եւ շաբաթ օրը, օրէնքի համաձայն, հանգիստ արեցին:

24
1 Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ՝ ուրիշ կանայք: 2 Եւ քարը գերեզմանից գլորած գտան 3 ու ներս մտնելով՝ Տէր Յիսուսի մարմինը չգտան: 4 Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մօտ: 5 Եւ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետնին խոնարհեցին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտրում: 6 Այստեղ չէ, այլ յարեաւ: Յիշեցէ՛ք՝ ինչպէս խօսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. 7 ասում էր, թէ պէտք է, որ մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»: 8 Եւ նրանք յիշեցին նրա խօսքերը: 9 Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը տասնմէկին եւ բոլոր միւսներին: 10 Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին: 11 Բայց նրանց խօսքերը բարբաջանք թուացին աշակերտներին, եւ չէին հաւատում նրանց: 12 Սակայն Պետրոսը վեր կացաւ ու վազեց դէպի գերեզման, նայեց եւ տեսաւ, որ կտաւները միայն կային: Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել: 13 Եւ ահա նոյն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գիւղ, որի անունը Էմմաւուս էր, եւ որը Երուսաղէմից հեռու էր հարիւր վաթսուն ասպարէզով: 14 Եւ նրանք միմեանց հետ խօսում էին կատարուած բոլոր անցուդարձերի մասին: 15 Եւ մինչ նրանք խօսում էին ու վիճում, ինքը Յիսուս մօտեցաւ եւ գնում էր նրանց հետ: 16 Բայց նրանց աչքերը բռնուած էին, որպէսզի նրան չճանաչեն: 17 Եւ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում էք միմեանց հետ եւ տրտմած էք»: 18 Նրանցից մէկը, որի անունը Կղէոպաս էր, ասաց նրան. «Երուսաղէմում միայն դու ես, որ չես իմացել, թէ ինչեր կատարուեցին այնտեղ այս օրերին»: 19 Եւ նրանց ասաց՝ ի՞նչ: Եւ նրանք ասացին Յիսուս Նազովրեցու մասին, որ եղաւ մարգարէ մարդ, հզօր՝ գործերով եւ խօսքերով, Աստծոյ եւ ամբողջ ժողովրդի առաջ, 20 եւ թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանաւորները նրան մատնեցին մահուան դատաստանի ու խաչը հանեցին նրան: 21 Մենք ակնկալում էինք, թէ նա է, որ փրկելու է Իսրայէլը. սակայն, այս բոլորով հանդերձ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարուեցին: 22 Այլ նաեւ մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առաւօտեան գերեզման էին գնացել 23 եւ նրա մարմինը չէին գտել. նրանք եկան ու ասացին, թէ նաեւ մի տեսիլ էլ էին տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թէ կենդանի է: 24 Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին եւ գտան այնպէս, ինչպէս կանայք ասել էին: Բայց նրան չտեսան: 25 Եւ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտ եւ թուլասիրտ մարդիկ, որ դժուարանում էք հաւատալ այն ամէնին, որ ասացին մարգարէները: 26 Չէ՞ որ Քրիստոս պէտք է նոյն այդ չարչարանքները կրէր եւ այնպէս մտնէր իր փառքի մէջ»: 27 Եւ սկսած Մովսէսից ու բոլոր մարգարէներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրուած է իր մասին բոլոր Գրքերում: 28 Երբ մօտեցան այն գիւղին, ուր գնում էին, Յիսուս պատճառաբանեց, թէ ինքը գնալու է աւելի հեռու տեղ: 29 Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մօ՛տ գիշերիր, որովհետեւ երեկոյ է, եւ օրը տարաժամել է»: Եւ նա ներս մտաւ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու: 30 Եւ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հացը վերցնելով օրհնեց, կտրեց այն ու տուեց նրանց: 31 Եւ նրանց աչքերը բացուեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքից անհետացաւ: 32 Եւ նրանք ասացին միմեանց. «Մեր սրտերն էլ մի՞թէ չէին ճմլւում մեր մէջ, մինչ նա ճանապարհին խօսում էր մեզ հետ. եւ ինչպէ՜ս էր մեզ բացատրում Գրքերը»: 33 Ապա անմիջապէս վեր կացան ու Երուսաղէմ վերադարձան եւ հաւաքուած գտան տասնմէկին ու նրանց հետ եղածներին, 34 որոնք ասում էին, թէ՝ «Իսկապէս յարութիւն առաւ Տէրը եւ երեւաց Սիմոնին»: 35 Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, եւ թէ ինչպէս Յիսուս իրեն ճանաչել էր տուել նրանց՝ հաց կտրելու ժամանակ: 36 Մինչ դեռեւս նրանք այս էին խօսում, Յիսուս ինքը եկաւ կանգնեց նրանց մէջ եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցէք»: 37 Իսկ նրանք զարհուրած վախենում եւ կարծում էին, թէ մի ոգի են տեսնում: 38 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում. 39 տեսէ՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նոյն ինքը ես եմ. շօշափեցէ՛ք ինձ եւ տեսէ՛ք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկորներ չունի. ինչպէս տեսնում էք, ես ունեմ»: 40 Եւ այս ասելով՝ ցոյց տուեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը: 41 Եւ մինչ դեռեւս ուրախութիւնից չէին հաւատում եւ զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունէ՞ք»: 42 Եւ նրանք տուեցին նրան խորոված ձկան մի կտոր եւ մեղրախորիսխ: 43 Եւ նա առաւ կերաւ նրանց առաջ, իսկ մնացածները տուեց նրանց ու ասաց. 44 «Սրանք այն խօսքերն են, որ խօսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թէ՝ պէտք է կատարուի այն ամէնը, որ գրուած է իմ մասին Մովսէսի օրէնքում, մարգարէների մէջ եւ սաղմոսներում»: 45 Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը: 46 Եւ ասաց նրանց. «Այսպէս պէտք է չարչարուէր Քրիստոս, յարութիւն առնէր մեռելներից երրորդ օրը, 47 եւ քարոզուէր նրա անունով ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն բոլոր ազգերի մէջ՝ Երուսաղէմից սկսած: 48 Եւ այս բաների վկաներ էք դուք: 49 Եւ ահա ես ուղարկում եմ ձեզ իմ Հօր խոստումը, իսկ դուք նստեցէ՛ք Երուսաղէմ քաղաքում, մինչեւ որ երկնքից զօրութեամբ զգեստաւորուէք»: 50 Ապա նրանց տարաւ հանեց մինչեւ Բեթանիա եւ բարձրացնելով իր ձեռքերը՝ օրհնեց նրանց: 51 Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանուեց նրանցից եւ դէպի երկինք էր վերանում: 52 Իսկ նրանք երկրպագեցին Յիսուսին եւ մեծ ուրախութեամբ վերադաձան Երուսաղէմ: 53 Եւ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն:
 
sacredtradition.am