русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ՄԱՂԱՔԻԱՅԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ


1
1 Տիրոջ մարգարէական պատգամը Իսրայէլի մասին իր պատգամաբերի միջոցով: 2 «Հաստատեցէ՛ք ձեր սրտում, որ ես սիրեցի ձեզ,– ասում է Տէրը.– դուք ասում էք. “Ինչո՞վ սիրեցիր մեզ”: Եսաւը Յակոբի եղբայրը չէ՞ր,– ասում է Տէրը,– ես սիրեցի Յակոբին, բայց Եսաւին ատեցի, 3 նրա սահմանները ամայութեան դարձրի եւ նրա ժառանգութիւնը՝ անապատի բաժին: 4 Եթէ Եդոմն ասի, թէ՝ “Ահա կործանուեցինք, դառնանք եւ շինենք աւերուած քաղաքները”, այն ժամանակ այսպէս կասի Ամենակալ Տէրը. “Թող նրանք շինեն, իսկ ես կկործանեմ, եւ նրանց սահմանները կկոչուեն անօրինութեան սահմաններ, իսկ ժողովուրդը, որի հետ Տէրը յաւիտեան պատերազմ պիտի մղի, կկոչուի անօրէն”: 5 Ձեր աչքերը կտեսնեն, եւ դուք իսկ կասէք, թէ՝ Տէրը բարձրացաւ Իսրայէլի սահմանների վրայ: 6 Որդին փառաւորում է Հօրը, եւ ծառան երկնչում է իր Տիրոջից: Իսկ արդ, եթէ ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթէ Տէր եմ, ո՞ւր է իմ պատիւը,– ասում է Ամենակալ Տէրը:– Դուք, քահանանե՛ր, անարգում էք իմ անունը եւ ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”. 7 դուք իմ սեղանին պիղծ հաց էք մատուցում եւ ասում. “Ինչո՞վ պղծեցինք այն”: Ձեր այն խօսքով, թէ՝ “Տիրոջ սեղանը արհամարհուած է”, եւ ինչ որ դրւում է նրա վրայ, արհամարհում էք: 8 Իսկ եթէ մի կոյր անասուն էք զոհ մատուցում, ապա չար գործ չէ՞ դա. եւ եթէ կաղ կամ հիւանդ անասուն էք զոհ մատուցում, ապա զուր գործ չէ՞ դա. լաւ, այն քո իշխանի՛ն մատուցիր, տե՛ս, թէ կընդունի՞ քեզ կամ քեզ նկատի կառնի՞,– ասում է Ամենակալ Տէրը:– 9 Իսկ այժմ խնդրեցէ՛ք ձեր Աստծուն եւ հաշտեցրէ՛ք նրան. ձեր ձեռքով եղաւ դա, ապա որեւէ բան կառնե՞մ ձեզնից բարեհաճութեամբ,– ասում է Ամենակալ Տէրը:– 10 Ձեր առջեւ դռները կփակուեն, եւ դուք զուր տեղը մի՛ մօտեցէք իմ սեղանին, որովհետեւ յօժարակամ չեմ ձեր նկատմամբ,– ասում է Ամենակալ Տէրը,– եւ զոհ չեմ ընդունի ձեր ձեռքից: 11 Արեւածագից մինչեւ մայրամուտ իմ անունը փառաւորուած է ազգերի մէջ, եւ ամէն տեղ խունկ եւ սուրբ պատարագ է մատուցւում իմ անուանը, որովհետեւ մեծ է իմ անունը հեթանոսների մէջ,– ասում է Ամենակալ Տէրը:– 12 Իսկ դուք պղծեցիք այն ձեր այն խօսքով, թէ՝ “Տիրոջ սեղանը պիղծ է, եւ այն կերակուրը, որ դրւում է նրա վրայ, արհամարհուած է”: 13 Ասում էիք, թէ՝ “Դա տաժանքով է բերուած”. ես այն քամուն կտամ,– ասում է Ամենակալ Տէրը:– Եւ եթէ գողացուած, կաղ ու նիհար անասուն զոհ մատուցէք ինձ, կընդունե՞մ դրանք ձեր ձեռքից,– ասում է Ամենակալ Տէրը:– 14 Թող անիծեալ լինի այն մարդը, որն ունեւոր է, իր հօտի մէջ որձ ունի եւ ուխտ է արել մատուցել, սակայն արատաւորն է մատուցում Տիրոջը: Մինչդեռ ես յաղթող Թագաւոր եմ,– ասում է Ամենակալ Տէրը,– եւ իմ անունը յայտնի է ազգերի մէջ:

2
1 Եւ արդ, այս է իմ պատուիրանը ձեզ, քահանանե՛ր: 2 Եթէ չլսէք եւ չմտածէք փառք տալ իմ անուանը,– ասում է Ամենակալ Տէրը,– ձեզ վրայ անէծք կուղարկեմ, կանիծեմ ձեր օրհնութիւնները, կնզովեմ դրանք, քամուն կտամ ձեր օրհնութիւնները, եւ չեն մնայ ձեր մէջ, քանի որ դրանք չդրեցիք ձեր սրտերում: 3 Ահա ես որոշեցի թիկունքս դարձնել ձեզ, ձեր երեսին շաղ տալ ձեր աղտն ու կեղտը եւ ձեր տօների աղտեղութիւնը. ես այդպէս պիտի վերացնեմ ձեզ: 4 Այն ժամանակ դուք կիմանաք, որ ես ուղարկեցի ձեզ այս պատուէրը, որ իմ ուխտը ղեւտացիների հետ է,– ասում է Ամենակալ Տէրը:– 5 Իմ ուխտը Ղեւիի հետ կեանքի եւ խաղաղութեան ուխտ է, եւ ես նրան երկիւղ ներշնչեցի՝ վախենալու ինձնից, ակնածելու իմ անունից: 6 Ճշմարիտ օրէնքն էր նրա բերանում եւ անիրաւութիւն չգտնուեց նրա շրթունքներին, նա խաղաղութեամբ եւ ուղիղ ընթացաւ ինձ հետ եւ շատերին անիրաւութիւնից դարձի բերեց: 7 Արդարեւ, քահանայի շրթունքները զգոյշ պիտի վարուեն գերութեան հետ, նրա բերանից պիտի օրէնքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը: 8 Իսկ դուք խոտորուեցիք ճանապարհից, շատերին թուլացրիք օրէնքը պահելուց եւ ապականեցիք Ղեւիի ուխտը,– ասում է Ամենակալ Տէրը:– 9 Ուստի ես ձեզ բոլոր ազգերից լքուած եւ արհամարհուած դարձրի, քանի որ իմ ճանապարհը չպահեցիք, այլ կեղծաւորութիւն էիք անում օրէնքի առաջ: 10 Արդարեւ, մէկ չէ՞ ձեր բոլորի Հայրը, մէկ Աստուած չհաստատե՞ց ձեզ, ինչո՞ւ էք իւրաքանչիւրդ թոյլ տալիս ձեր եղբօրը պղծելու ձեր հայրերի ուխտը: 11 Լքուեց Յուդայի երկիրը, գարշելի բաներ արուեցին Իսրայէլում եւ Երուսաղէմում, որովհետեւ Յուդայի երկիրը պղծեց Տիրոջ սրբութիւնները նրանց ձեռքով, ում սիրեց, եւ յարեց օտար աստուածներին: 12 Տէրը պիտի կործանի այն մարդուն, որն այդպէս կանի, մինչեւ որ նա հալածուի Յակոբի տնից եւ դադարի Ամենակալ Տիրոջը զոհեր մատուցելուց: 13 Ինչ որ ես ատում էի, այն էիք անում. արցունքներով ծածկեցիք իմ սեղանը, տանջանքի լաց ու ողբով: Արժէ՞ արդեօք վերստին նայել ձեր զոհաբերումին եւ կամ այն ընդունել ձեր ձեռքերից: 14 Դուք ասացիք. “Ինչո՞ւ այդպէս”: Նրա համար, որ Տէրը ուխտ դրեց քո եւ քո երիտասարդութեան օրերի կնոջ միջեւ, որին թողեցիր. իսկ նա քո ուխտի ամուսինն ու կինն էր: 15 Չէ՞ որ Տէրը ձեզ մէկ մարմին եւ հոգի արեց նրա հետ: Եւ ասացէ՛ք, թէ ուրիշ ինչ է խնդրում Աստուած, եթէ ոչ՝ զաւակ: Զգո՛յշ վարուեցէք ձեր հոգու հետ. քո երիտասարդութեան օրերի կնոջը մի՛ թող, 16 իսկ եթէ ատելու պատճառով արձակես նրան, ամբարշտութիւնը կծածկի քո խորհուրդը,– ասում է Իսրայէլի Տէր Աստուածը:– Զգո՛յշ վարուեցէք եւ անհաւատարիմ մի՛ եղէք,– ասում է Ամենակալ Տէրը.– 17 դուք, որ բարկացնում էք Աստծուն ձեր խօսքերով եւ ասում էք. “Ինչո՞վ բարկացրինք նրան”: Ձեր այն խօսքով, թէ՝ “Ով որ չար գործ է անում, բարի է համարւում Տիրոջ առաջ, բարեհաճ է նրա նկատմամբ: Էլ ո՞ւր է արդարութեան Աստուածը”:

3
1 Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կտեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կգայ Տէրը, որին դուք փնտրում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք: 2 Ահա գալիս է,– ասում է Ամենակալ Տէրը,– ո՞վ կդիմանայ նրա մուտքի օրուան եւ կամ ո՞վ հանգիստ կմնայ նրա յայտնութեան ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպէս հալոցի բոց եւ որպէս լուացարանների օճառ: 3 Նա կնստի ձուլելու եւ մաքրելու որպէս արծաթ եւ որպէս ոսկի, կմաքրի Ղեւիի որդիներին եւ կհալեցնի նրանց ոսկու նման եւ արծաթի պէս: Եւ այն ժամանակ արդարութեամբ զոհ կմատուցեն Տիրոջը: 4 Յուդայի երկրի ու Երուսաղէմի զոհաբերումը հաճելի կլինի Տիրոջը, ինչպէս վաղնջական օրերին, ինչպէս առաջին տարիներին: 5 Եւ ձեզ վրայ պիտի գամ դատաստանով ու արագ վկայ պիտի լինեմ կախարդների եւ շնացած կանանց դէմ, նաեւ նրանց դէմ, ովքեր սուտ երդում են անում իմ անուամբ, որոնք կտրում են վարձկանի վարձը, որոնք նեղում են այրիներին եւ ծեծում որբերին, որոնք խեղաթիւրում են պանդուխտի իրաւունքը եւ որոնք չեն վախենում ինձնից,– ասում է Ամենակալ Տէրը:– 6 Ահա ես եմ ձեր Տէր Աստուածը եւ չեմ փոխուի: 7 Իսկ դուք, Յակոբի՛ որդիներ, հեռու չէք մնում ձեր հայրերի մեղքերից, խուսափում էք իմ օրէնքներից եւ չէք պահում դրանք: Դարձէ՛ք դէպի ինձ, եւ ես կդառնամ դէպի ձեզ,– ասում է Ամենակալ Տէրը:– Դուք ասում էք. “Ինչո՞վ դառնանք”: 8 Մարդ Աստծուն կխաբի՞, քանի որ դուք խաբեցիք ինձ եւ ասացիք, թէ՝ “Ինչո՞վ խաբեցինք քեզ”: 9 Չէ՞ որ տասանորդներն ու պտուղները ձեզ մօտ են, եւ դուք չարութեամբ նախանձում եւ խաբում էք ինձ: 10 Տարին աւարտուեց, եւ ամբողջ բերքը հաւաքեցիք մեր շտեմարաններում. ձեր տներում յափշտակութիւն կլինի, ե՛տ կանգնէք դրանից,– ասում է Ամենակալ Տէրը:– Մի՞թէ չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները եւ իմ օրհնութիւնը լիառատ չեմ թափի ձեզ վրայ: 11 Ուշադիր կլինեմ ձեր կերակուրների նկատմամբ, չեմ ապականի ձեր երկրի բերքը, եւ չի փչանայ ձեր որթատունկը այգում,– ասում է Ամենակալ Տէրը:– 12 Բոլոր ազգերը երանի կտան ձեզ, քանի որ դուք կլինէք իմ ցանկալի երկիրը,– ասում է Ամենակալ Տէրը:– 13 Ծանր են ձեր խօսքերն ինձ համար,– ասում է Տէրը:– 14 Դուք ասում էք. “Ինչո՞վ բամբասեցինք քեզ”: Նրանով, որ ասում էիք, թէ՝ “Զուր է այն ամէնը, ինչ ծառայում է Աստծուն, եւ ի՞նչ աւելի օգուտ եղաւ, որ պահեցինք նրա հրահանգները եւ պաղատանքով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը: 15 Եւ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին. բարեշէն են բոլոր նրանք, ովքեր անօրինութիւն են գործում, Աստծոյ դէմ դուրս եկան եւ ապրեցին”»: 16 Այսպէս տրտնջացին Տիրոջից երկիւղ կրողները՝ իւրաքանչիւրն իր ընկերոջ հետ: Տէրն անսաց, լսեց եւ յիշատակի գիրք գրեց Տիրոջից երկիւղ կրողների առաջ եւ նրանց առաջ, որոնք սարսում են իր անունից: 17 Եւ Ամենակալ Տէրն ասում է. «Նրանք իմը կլինեն այն օրը, երբ ես փրկութիւն կանեմ, կփայփայեմ նրանց, ինչպէս հայրն է փայփայում իրեն բարութեամբ ծառայած որդուն: 18 Դուք կդառնաք եւ կտեսնէք այն տարբերութիւնը, որ կայ արդարի ու անօրէնի, Աստծուն ծառայածի եւ չծառայածի միջեւ:

4
1 Ահա պիտի գայ Տիրոջ օրը՝ հնոցի նման բորբոքուած, եւ պիտի այրի նրանց. բոլոր այլազգիներն ու ովքեր անօրինութիւն են գործում, պիտի վառուեն ինչպէս եղէգ այն օրը, որը պիտի գայ,– ասում է Ամենակալ Տէրը,– եւ նրանցից ոչ մի արմատ եւ ոչ մի ուռ չի մնայ: 2 Բայց ձեզ՝ իմ անունից երկիւղ կրողներիդ համար Արդարութեան արեգակը պիտի ծագի, եւ բժշկութիւն պիտի լինի նրա շողերի մէջ, եւ դուք պիտի ելնէք ու խայտաք ինչպէս կապից արձակուած հորթեր, 3 պիտի տրորէք անօրէններին, եւ նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ ես եմ պատրաստելու,– ասում է Ամենակալ Տէրը:– 4 Ահա ես ձեզ մօտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, նախքան որ կգայ Տիրոջ մեծ ու երեւելի օրը, 5 որպէսզի նա հօր սիրտը դաձնի դէպի որդին, մարդու սիրտը՝ դէպի իր ընկերը. չլինի այնպէս, որ գալով հարուածեմ երկիրը միանգամից: 6 Յիշեցէ՛ք իմ ծառայ Մովսէսի օրէնքները, ինչպէս որ պատուիրեցի նրան Քորէբում, բոլոր հրամաններն ու պատուիրանները»:
 
sacredtradition.am