русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ԱՄԲԱԿՈՒՄԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ


1
1 Պատում, որ տեսաւ Ամբակում մարգարէն: 2 Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, աղօթեմ, բայց դու չլսես, զրկուած՝ ձայն տամ քեզ, եւ դու չփրկես: 3 Ինչո՞ւ ինձ ջանք ու յոգնութիւն պատճառեցիր՝ թշուառութիւն եւ ամբարշտութիւն տեսնելու: Իմ առաջ եղաւ դատաստանը, եւ դատաւորը կաշառք էր առնում: 4 Այդ պատճառով օրէնքը խափանուեց, եւ արդարութիւնը գլուխ չի գալիս. քանի որ ամբարիշտը ճնշում է արդարին, դրա համար էլ սխալ դատաստան էր լինում: 5 «Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր, նայեցէ՛ք, մեծապէս զարմացէ՛ք եւ չքուեցէ՛ք, որովհետեւ մի բան պիտի անեմ ես ձեր օրերին, որին չէք հաւատայ, նոյնիսկ եթէ մէկը պատմի ձեզ: 6 Ահա ես կարթնացնեմ քաղդէացիներին՝ դաժան եւ արագընթաց մի ազգ, որ արշաւում է երկրի լայնքով մէկ՝ ժառանգելու այն բնակավայրերը, որոնք իրենը չեն: 7 Նա ահեղ է ու սարսափելի, եւ նրա դատաստանը իր կողմից կլինի, ինքն է վճռում իր դատաստանը, եւ իր իշխանութիւնը իրեն է պատկանում: 8 Ընձառիւծներից առաւել արագ կվազեն նրանց ձիերը. աւելի արագ, քան արաբական գայլերը, նրանց զինեալները կասպատակեն, կգան հեռուներից եւ կսլանան, ինչպէս արծիւն է հաճոյքով սլանում դէպի կերակուրը: 9 Նրանց դէմ կանգնող ամբարիշտների վերջը կգայ: Գերիներ կկուտակի աւազի չափ: 10 Նա թագաւորների հետ զեխութիւն կանի, բռնակալները նրան խաղալիք կդառնան, բոլոր ամրոցների հետ խաղ կանի, հող կկուտակի եւ կգրաւի դրանք: 11 Այն ժամանակ կփոխուի նրա միտքը, նա անց կկենայ եւ կդառնայ բարեհաճ. սա է իմ Աստծոյ զօրութիւնը»: 12 Արդարեւ, դու չե՞ս մեր Տէր Աստուածը սկզբից, ուրեմն չենք մեռնի. Տէ՛ր, նրան դատաստանի ենթարկեցիր եւ ստեղծեցիր ինձ, որ յանդիմանեմ նրա խաղը: 13 Մաքուր է քո աչքը՝ չարիք տեսնելուց հեռու. կատարուածին նայել չես կարող. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին եւ չնկատեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին: 14 Մարդկանց ծովի ձկների պէ՞ս ես դարձնում եւ սողունների պէ՞ս, որոնք առաջնորդ չունեն: 15 Բաբելոնը նրանց կարթով հանեց, ձգեց իր ցանցով եւ հաւաքեց իր ուռկաններով: 16 Այդ պատճառով կուրախանայ եւ կցնծայ նրա սիրտը, դրա համար զոհ կմատուցի իր ուռկանին եւ խունկ կծխի իր ցանցին, քանի որ նա նրանցով ուռճացրեց իր բաժինը, եւ իր կերակուրը ընտիր եղաւ: 17 Այդ պատճառով նա կտարածի իր ցանցը եւ երբեք չի խնայի կոտորելու ազգերին:

2
1 Իմ պահակակէտում կկանգնեմ, կբարձրանամ ժայռի վրայ եւ կտեսնեմ, թէ ինչ կխօսի ինձ հետ եւ ինչ պատասխան կտայ իմ յանդիմանութեանը: 2 Պատասխանեց ինձ Տէրը եւ ասաց. «Պարզորոշ գրի՛ր այդ տեսիլքդ տախտակի վրայ, որպէսզի ով որ կարդայ, համարձակ կարդայ. 3 որովհետեւ տեսիլքիդ կատարման համար տակաւին ժամանակ կայ, այն կծագի անպայման եւ ոչ իզուր տեղը: Բայց եթէ ուշանայ, համբերի՛ր, որովհետեւ ինչ որ պիտի գայ, կգայ եւ չի ուշանայ: 4 Եւ եթէ որեւէ մէկը երկմտի, իմ անձը բարեհաճ չի լինի նրա նկատմամբ»: 5 Արդարեւ արդարը հաւատքով կապրի, իսկ կասկածողն ու արհամարհողը ամբարտաւան մարդ է եւ ոչինչ աւարտին չի հասցնի: Ով իր հոգին ընդարձակում է ինչպէս գերեզման եւ անյագ է, ինչպէս մահը, իր շուրջը կհաւաքի բոլոր հեթանոսներին եւ իր մէջ կամփոփի բոլոր ազգերին: 6 Արդարեւ, սրանք, այս բոլորը նրա մասին պատմութիւններ չե՞ն յօրինի. նրան կմտցնեն երգերի մէջ եւ կասեն. «Վա՜յ նրան, ով իւրացնում է այն, ինչ իրենը չէ». մինչեւ ե՞րբ նա այդքան շատ պիտի ծանրացնի իր տանջօղակները, 7 որովհետեւ յանկարծ կելնեն նրան ուտողները, կզարթնեն նրա դաւաճանները, եւ դու աւար կդառնաս նրանց համար: 8 Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, ժողովուրդների ամբողջ մնացորդը քեզ կկողոպտի մարդկանց արեան, երկրի, քաղաքի եւ նրա բոլոր բնակիչների ամբարշտութեան համար: 9 Վա՜յ նրան, ով իր տան համար ագահութիւն կանի, իր բոյնը բարձր տեղ կդնի չար ձեռքերից ազատելու համար: 10 Քո տան ամօթը հաստատեցիր. ոչնչացրիր բազում ազգերի եւ դու յանցանք գործեցիր. 11 քանի որ քարը հիմքից կաղաղակի, եւ որդը փայտի միջից այդ մասին ձայն կտայ: 12 Վա՜յ նրան, ով քաղաքը արեան վրայ է կառուցում եւ քաղաք է հաստատում անիրաւութեամբ: 13 Այդ բոլորը Ամենակալ Տիրոջ կողմից չի՞ լինում. շատ ժողովուրդներ պակասեցին կրակի պատճառով, եւ շատ ազգեր նուազեցին, 14 որպէսզի երկիրը լցուի Տիրոջ փառքի գիտութեամբ, ինչպէս ծովերը ծածկող բազում ջրերն են: 15 Վա՜յ նրան, ով պղտոր հրապոյրներով արբեցնում է ընկերոջը, արբեցնում է, որպէսզի նայի նրանց մերկութեանը: 16 Փառքի փոխարէն անարգանքով լիացար. դու էլ խմի՛ր, շարժուի՛ր եւ դողա՛: Պաշարեց քեզ Տիրոջ աջի բաժակը, եւ անարգութիւն կուտակուեց քո փառքի վրայ. 17 քանի որ Լիբանանի ամբարշտութիւնը կծածկի քեզ, գազանների թշուառութիւնը կզարհուրեցնի քեզ մարդկանց արեան, երկրի, քաղաքի ու նրա բոլոր բնակիչների ամբարշտութեան պատճառով: 18 Ի՛նչ օգուտ ունի քանդակուած արձանը, երբ քանդակեցին, ձուլեցին այն. սուտ երեւոյթ. իսկ ստեղծողը յոյսը դրեց իր ստեղծածի վրայ՝ իր համար անօգուտ կուռքեր շինելով: 19 Վա՜յ նրան, ով փայտին ասում է՝ սթափուի՛ր եւ զարթնի՛ր, իսկ քարին՝ բարձրացի՛ր. մինչդեռ դրանք աչքի առաջ գտնուող երեւոյթ են՝ արծաթից ու ոսկուց կռուած, եւ բոլորովին շունչ չկայ դրանց մէջ: 20 Սակայն Տէրը իր սուրբ տաճարի մէջ է, եւ ամբողջ երկիրը թող վախենայ նրանից:

3
1 Ամբակում մարգարէի աղօթքը՝ երգով: 2 Տէ՛ր, քո լուրը լսեցի եւ վախեցայ, նայեցի քո գործերին եւ զարհուրեցի. դու կճանաչուես երկու գազանների միջեւ. երբ տարիները մօտենան, կյայտնուես. երբ ժամանակը հասնի, կերեւաս. երբ իմ անձը բարկութիւնից խռովուի, ողորմութիւնս կյիշես: 3 Աստուած Թեմանից կգայ, Սուրբը՝ զով եւ անտառախիտ լեռից. նրա փառքը ծածկեց երկինքը, նրա օրհնութեամբ լցուեց երկիրը (դադար): 4 Նրա ճառագայթները լոյսի պէս կլինեն, եւ եղջիւրներ կային նրա ձեռքում: Նա ուժգին սէր հաստատեց իր զօրութեան նկատմամբ: 5 Նրա առջեւից լուրը կգնայ եւ դաշտ դուրս կգայ նրանից յետոյ: 6 Նա կանգնեց, եւ շարժուեց երկիրը. նայեց, եւ հալուեցին ազգերը, լեռները բռնութեամբ խորտակուեցին, եւ հալուեցին յաւերժական բլուրները: 7 Նրա ընթացքը յաւիտենական տեսայ, զարհուրեցին եթովպացիների վրանները եւ Մադիամի երկրի վրանները: 8 Մի՞թէ գետերի դէմ ես բարկանում, Տէ՛ր, կամ քո բարկութիւնը գետերի վրայ է ընկնում, կամ քո ասպատակութիւնը՝ ծովերի վրայ, որպէսզի բարձրանաս քո ձիու վրայ, իսկ քո հեծնելը փրկութիւն է: 9 «Շատ ձիգ կլարես քո աղեղը իշխանութեան դէմ,– ասում է Տէրը,– երկիրը գետերով պատռուեց»: 10 Քեզ կտեսնեն ժողովուրդները եւ երկունքի ցաւեր կունենան. դու ես հաստատում ջրերի ընթացքը: Անդունդները ձայն տուեցին սաստիկ բարձրութեամբ: 11 Բարձրացաւ արեգակը, եւ լուսինը կանգնեց իր տեղում: Քո նետերը կթռչեն լոյսի մէջ, եւ քո զէնքերի փայլը կլինի փայլատակումների պէս: 12 Սպառնալիքներով խոնարհեցրիր երկիրը եւ բարկութեամբ կտկարացնես ազգերին: 13 Ելար քո ժողովրդի փրկութեան համար՝ փրկելու քո օծեալներին. մահ բերեցիր անօրէնների գլխին. կապանքներ բարձրացրիր ամբողջ պարանոցն ի վեր (դադար): 14 Ապուշ դարձնելով՝ խորտակեցիր բռնակալների գլուխը: Նրանք կսասանուեն դրանից, կարձակեն իրենց երասանները ինչպէս գաղտագողի ուտող աղքատ: 15 Ծով հանեցիր քո ձիերը՝ շատ ջրեր պղտորելու: 16 Նայեցի, եւ իմ սիրտը զարհուրեց իմ շրթների աղօթքների ձայնից, դող ընկաւ ոսկորներիս մէջ, եւ փորս անհանգստացաւ ներսից: Կհանգստանամ նեղութեան օրը, որպէսզի ելնեմ գնամ դէպի իմ պանդուխտ ժողովուրդը. 17 քանզի եթէ անգամ թզենին իր պտուղը չտայ, որթատունկը ծնունդ չունենայ, ձիթենին բերք չտայ, դաշտերը կերակուր չտան, հօտերը դադարեն արածելուց, եւ մսուրների մէջ եզներ չլինեն, 18 ես պիտի ուրախանամ Տիրոջով, ուրախանամ իմ փրկիչ Աստծով: 19 Տէր Աստուած է իմ զօրութիւնը, նա կհաստատի իմ ոտքերը մինչեւ վերջ եւ ինձ բարձունք կհանի՝ յաղթելու իր երգով:
 
sacredtradition.am