русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԻՍՐԱՅԵԼԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ
id206Ավետյաց երկրում բնակվելու համար, համաձայն Տիրոջ հրամանի, իսրայելացիները պարտավոր էին դուրս քշել տեղաբնակներին, որոնք կռապաշտ էին ու բազում մեղքեր էին գործում: Սակայն իսրայելացիները չհնազանդվեցին Աստծուն և չկատարեցին Նրա կամքը: Ապրելով հեթանոս քանանացիների հարևանությամբ՝ նրանք ևս հակվեցին կռապաշտության, որի հետևանքով զրկվեցին Աստծո շնորհից և օժանդակությունից: Արդյունքում իսրայելացիները ստրկացվեցին հեթանոս ժողովուրդների կողմից: Սակայն հետագայում զղջացին ու վերստին դարձան ճշմարիտ Աստծուն: Եվ Տերն Իր անսահման ողորմածությամբ լսեց նրանց աղերսը՝ առաքելով Իր ազատարարներին: Դրանք Իսրայելի դատավորներն էին՝ արդարամիտ, արիասիրտ և Աստծուն ապավինող այրեր, որոնք երկրի կառավարումը ստանձնելով՝ հաղթեցին կռապաշտներին և իրենց ժողովրդին խաղաղություն պարգևեցին:
Իսրայելի դատավորները, փաստորեն, նրա առաջնորդներն էին, որոնց իշխանությունը ժառանգական չէր, բայց ցմահ էր: Նրանք ընտրվում էին Աստծո ցուցումով, երբեմն էլ՝ ժողովրդի կողմից: Ի տարբերություն թագավորների՝ նրանք ունեին սահմանափակ իշխանություն և ապրում էին համեստ կյանքով:
Իսրայելի պատմության մեջ դատավորներից վերջինը Սամուել մարգարեն էր, որը վերածնեց Իսրայելի մարած աստվածպաշտությունը և բազում տարիներ նրանց ղեկավարեց կատարյալ անշահախնդրությամբ ու իմաստությամբ:
 
sacredtradition.am