русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ
id204Բոլոր մարդիկ էլ ուզում են իմաստուն լինել, այսինքն՝ ունենալ մտքի այնպիսի կարողություն և այնքան գիտելիքներ, որ երբեք չսխալվեն: Սակայն քչերին է հաջողվում այդ՝ նախ և առաջ այն պատճառով, որ իմաստությունը ձեռք է բերվում ոչ թե մտքի հմտությամբ ու գիտելիքների կուտակումով, այլ Աստծուն հավատալով և երկյուղածությամբ ձգտելով միշտ հաճելի լինել Նրան. ինչպես Սողոմոն թագավորն է ասում, «իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» [Առակ. 1.7]:
Շատ հին իմաստասերներ, ուսումնասիրելով երկիրը և նրա արարածներին, երկինքը և նրա լուսատուները, այդպես էլ չհավատացին ու չճանաչեցին Աստծուն և հիմար կույսերի պես (տե՛ս Առակ) չմտան երկնքի արքայություն: Իսկ շատ պարզամիտ, սովորական մարդիկ, հավատալով ու նվիրվելով Աստծուն և ընթանալով Նրա առջև երկյուղով ու զգոնությամբ, լցվեցին այնպիսի շնորհներով, որ նրանց օգնությանն էին դիմում նույնիսկ իշխանները և թագավորները, գիտուններն ու մեծահարուստները և հիացած ու գոհ հեռանում: Որովհետև այդ պարզ, խոնարհ և անձնվեր մարդկանց մեջ բնակվում էր Ինքը Իմաստությունը՝ Աստված:
Արդ, ո՞վ է առավել իմաստուն, եթե ոչ նա, ով մշտապես Աստծուն է փնտրում և ձգտում ամեն ինչում հաճելի լինել Նրան ու դառնալ Նրա բնակարանը: Այդպիսի մարդն օրեցօր առավել իմաստնանում է և կարողանում զանազանել չարը բարուց, վնասակարը օգտակարից, երկրորդականը կարևորից և հաղթահարել բոլոր փորձությունները:
 
sacredtradition.am