русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԳՈՂԳՈԹԱ
id107Այսպես էր կոչվում Երուսաղեմի պարիսպներից դուրս՝ դեպի հյուսիս-արևմուտք ընկած բարձունքը, որի վրա խաչեցին Քրիստոսին: Այժմ այն գտնվում է քաղաքի մեջ՝ Ս. Հարության տաճարի ներսում, և մեկն է նրա բազմաթիվ խորաններից:
Եկեղեցու ավանդության համաձայն՝ այստեղ է թաղված մեր նախահայր Ադամը: Այնտեղ, ուր նախամարդը կնքեց իր մահկանացուն՝ հատուցելով իր մեղքի վերջնական պատիժը, խաչ բարձրացավ Քրիստոս, որպեսզի բոլորիս ազատի այդ մեղքի ժառանգությունից:

Գողգոթայի խորանը
Երուսաղեմի Ս. Հարության տաճար

Գողգոթան՝ ադամական մեղքի այս հնագույն վկայարանը, դարձավ ավարտն ու լրումը Հիսուսի երկրային կյանքի և տնօրինությունների: Իր խաչելությամբ Նա այստեղ խորտակեց սատանայի զորությունը և Իր սոսկալի չարչարանքներով ու մահվամբ վերացրեց մահն ու ադամական մեղքի պատուհասը: Այստեղ Նա մեզ հաշտեցրեց Աստծո հետ՝ փրկություն պարգևելով աշխարհին:
Ուխտավոր այցելուները մեծ ակնածանքով երկրպագում են Գողգոթայի խորանի առջև՝ համակվելով այս սրբազան խորհրդածություններով:
 
sacredtradition.am