SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ
id476Եկեղեցական ժողովների շարքում իրենց կարևորությամբ առանձնանում են տիեզերական կոչվող ժողովները, որոնց մասնակցել են տիեզերական (կամ ընդհանրական) Եկեղեցու ներկայացուցիչները:
Հայ Եկեղեցին ընդունում է միայն առաջին 3 տիեզերական ժողովները, որոնց որոշումները լուծել են քրիստոնեական դավանության ամենահիմնական հարցերը. դրանք են Նիկիայի (325 թ.), Կոստանդնուպոլսի (381 թ.) և Եփեսոսի (431 թ.) ժողովները:

Առաջին տիեզերական ժողովը գումարվեց արիոսականության առիթով: Այն մերժեց Արիոսի ուսմունքը և հաստատեց Հավատո հանգանակը, որը հիմք դարձավ հետագա դավանական ըմբռնումների համար:

Երկրորդ ժողովը գումարվեց հոգեմարտության առիթով: Այն դատապարտեց Մարկիոնի տեսակետը Սուրբ Հոգու վերաբերյալ, վերահաստատեց Հավատո հանգանակը և ընդունեց Սուրբ Երրորդության ուսմունքը, ըստ որի՝ երեք աստվածային Անձերը համագո են Իրենց բնությամբ, և Յուրաքանչյուրին պետք է խոստովանել կատարյալ Աստված: Այս ժողովում քննադատվեց ու մերժվեց նաև Քրիստոսի մարդեղության վերաբերյալ Ապողինարի սխալ տեսությունը, ըստ որի՝ Քրիստոս մարմնանալով ոչ թե վերցրեց մարդկային մարմին, հոգի և միտք, ինչպես ասվում է Հավատո հանգանակում, այլ՝ միայն մարմին. այսինքն՝ Նա ոչ թե մարդացավ, այլ սոսկ մարմին ստացավ:

Երրորդ տիեզերական ժողովը կապված էր նեստորականության հետ: Այն դատապարտեց Նեստորի քրիստոսաբանական ուսմունքը, որը Քրիստոսի մեջ տեսնում էր երկու բնություն և երկու դեմք, և հաստատեց ս. Կյուրեղ Ալեքսանդրացու դավանական տեսակետը, որի համաձայն՝ «մի է մարմնացած Բանի բնությունը»:

Հայ Եկեղեցին, որդեգրելով այս երեք տիեզերական ժողովների դավանությունը, հավատարիմ մնաց նրանց և մերժեց Քաղկեդոնի ժողովը (451 թ.)՝ ոչ համոզիչ համարելով նրա «մի Անձ և երկու բնություն» քրիստոսաբանական բանաձևը:


 
sacredtradition.am