SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՈՏՆԼՎԱ
id391Խորհրդավոր ընթրիքին, երբ բոլոր աշակերտները Հիսուսի հետ էին (այդ թվում և՝ Հուդա Իսկարիովտացին, որ պատրաստվում էր մատնել իր Արարչին), Տերը վեր կացավ սեղանից, մի կողմ դրեց զգեստները, սրբիչը կապեց մեջքին, ապա սափորով ջուր վերցրեց և սկսեց լվանալ աշկերտների ոտքերը:
Երբ Նա մոտեցավ Պետրոսին, վերջինս ասաց. «Տե՛ր, Դո՞ւ ես իմ ոտքերը լվանում»: Ի պատասխան Հիսուսն ասաց. «Ինչ որ Ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս»: Պետրոսը համառեց՝ ասելով. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»: Իսկ Հիսուսը պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, Ինձ հետ մաս չունես»: Այդժամ Պետրոսն ասաց. «Տե՛ր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև ձեռքերս ու գլո՛ւխս էլ լվա»: Հիսուսը նրան պատասխանեց. «Լվացվածին այլ բան պետք չէ, բայց միայն՝ ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ՝ բոլորդ» [Հովհ. 13.6-10]: Այս ասելով՝ Տերը նկատի ուներ Հուդային:

Ոտնլվա
Երևան, ձեռ. 5786, էջ 106ա, Արքունական Ավետարան, 1336 թ.
Ծաղկող՝ Սարգիս Պիծակ

Բոլորի ոտքերը լվանալուց և Իր զգեստները հագնելուց հետո Հիսուսը դարձյալ սեղան նստեց ու ասաց. «Գիտե՞ք, թե այդ ինչ արեցի ձեզ: Դուք Ինձ Վարդապետ և Տեր եք կոչում. և լավ եք անում, քանի որ իսկապես եմ: Իսկ արդ, եթե Ես՝ Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ» [Հովհ. 13.12-14]: Այսպես Քրիստոս խաչելությունից առաջ Իր իսկ օրինակով առաքյալների սրտում տպավորեց խոնարհության խորհուրդը, որը հիմքն է բոլոր քրիստոնեական առաքինությունների:
Հիսուս Քրիստոսի այս տնօրինության հիշատակին Եկեղեցում հաստատվեց ոտնլվայի խորհրդավոր արարողությունը:
Ոտնլվան կատարվում է Ավագ հինգշաբթի (տե՛ս Ավագ շաբաթ) երեկոյան: Այն իրականացնում է եպիսկոպոսը կամ ավագ քահանան՝ լվանալով կրտսեր սպասավորների ոտքերը: Հայ Եկեղեցում լվանալուց հետո ոտքն օծում են օրհնված յուղով: Սա կատարվում է ի հիշատակ Ղազարոսի հարությունից հետո նրա քրոջ՝ Մարիամի կողմից Հիսուսի ոտքերը յուղով օծելու, որը, համաձայն Քրիստոսի խոսքի, կանխանշում էր Իր թաղումը:
Այսպիսով, ոտնլվայի արարողությունը մեր մեջ վերարծարծում է Տիրոջ անճառելի խոնարհության խորհուրդը, որով Նա իջավ երկնքից և խոնարհվեց մինչև գերեզման, որպեսզի մեզ երկինք բարձրացնի:
 
sacredtradition.am