SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽԱՉԱԿՆՔՈՒՄ
id217Խաչակնքումը քրիստոնեական աստվածպաշտության ծիսական արտահայտչաձևերից է: Ձեռքի հատուկ խաչաձև շարժմամբ քրիստոնյան հաճախ հրավիրում կամ հայցում է խաչի զորությունը և Խաչյալի օրհնությունը: Ծեսի ժամանակ քահանան որոշակի պահերի հանդես է գալիս այս խորհրդավոր շարժմամբ՝ խաչի նշանով օրհնելով համապատասխան իրերը և ժողովրդին: Քահանայի խաչակնքումը կոչվում է նաև տյառնագրություն, այսինքն՝ Տիրոջ նշանի պատկերում:
Հավատացյալները խաչակնքում են ինչպես առանձնական, այնպես էլ ընդհանրական աստվածպաշտության մեջ՝ «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ» ասելով՝ խաչի նշանը պատկերելով սեփական անձի վրա: Այն կատարվում է աջ ձեռքով: Երեք մատները՝ բութը, ցուցամատը և միջնամատը, միացվում են, իսկ մյուս երկուսը՝ ծալվում ափի մեջ. երեք միացրած մատներով հպվում են նախ՝ ճակատին, ապա՝ կրծքին, հետո՝ ձախ և աջ ուսին՝ այսպիսով սեփական անձի վրա պատկերելով խաչի նշանը. այնուհետև, ձեռքի ափը սեղմելով կրծքին, խոնարհվում են՝ ասելով «ամէն»:
Միացրած երեք մատները խորհրդանշում են քրիստոնյայի հավատը Սուրբ Երրորդության հանդեպ, իսկ երկուսը՝ Քրիստոսի՝ խոստովանելով Նրա մեջ կատարյալ մարդու և կատարյալ Աստծո միությունը:

Մատների դասավորությունը խաչակնքելիս
Գծանկար՝ Խորեն Հակոբյանի

Խաչակնքելով սեփական անձը՝ քրիստոնյան արտահայտում է իր ակնածանքն ու հավատարմությունը Աստծո և Նրա շնորհի նկատմամբ: Ընդունված է խաչակնքել և խոնարհվել եկեղեցի մտնելիս ու դուրս գալիս, սրբապատկերների կամ այլ սրբությունների մոտենալիս, ծեսի ընթացքում Քրիստոսի կամ Սուրբ Երրորդության անունները լսելիս, խնկարկության կամ քահանայի տյառնագիր օրհնության ժամանակ: Խաչակնքումն անբաժան է հավատացյալից նրա առանձնական աղոթքների ժամանակ, ինչպես նաև վտանգի, փորձության, չար խորհուրդների այցելության պահերին. խաչակնքելով՝ նա օգնության է կանչում Տիրոջը՝ իրեն պատսպարելով խաչի զորությամբ:
 
sacredtradition.am