SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.)
id203Վաղ քրիստոնեական ավանդության համաձայն՝ նա էր այն մանուկը, որին Հիսուսն իր մոտ կանչեց, կանգնեցրեց աշակերտների մեջ և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի։ Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա է մեծ» [Մատթ. 18.3-4]: Այս պատճառով նրան կոչում են նաև Աստվածազգյաց, այսինքն՝ Աստծուն զգեցած-հագած՝ Նրան իր վրա կրող, Նրանով պատված:

Ս. Իգնատիոս Աստվածազգյաց (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 7391, էջ 177բ, Հայսմավուրք, 1713 թ., Կաֆա (Ղրիմ)
Ծաղկող՝ Քրիստոսատուր

Այս մեծ սուրբը աշակերտել է ս. Հովհաննես ավետարանչին: 98-117 թթ. եղել է Անտիոքի եպիսկոպոսը և Տիրոջն անմնացորդ նվիրած իր երկրային կյանքը ավարտել նահատակությամբ: Իր համարձակ քարոզների և անօրեն Տրայանոս կայսերը հանդիմանելու պատճառով Իգնատիոսին տանում են Հռոմ և գցում կրկեսի առյուծների առջև, որ նրանք հոշոտեն: Սուրբը տենչում էր օր առաջ ընդունել մարտիրոսության պսակը և գնալ իր Արարչի մոտ: Այդ պատճառով Հռոմի ճանապարհին նա բազմաթիվ նամակներ է հղում այնտեղի հավատացյալներին՝ աղաչելով նրանց չխոչընդոտել իր մահվանը: Իբրև իր բանավոր հոտի հավատարիմ հովիվ և Եկեղեցու հայր՝ այդ նամակներում նա պատգամում էր հավատացյալներին ամեն ինչում համախոհ և հնազանդ լինել եպիսկոպոսին, հարգալից՝ քահանաների ու սարկավագների հանդեպ, խուսափել աղանդներից, հարատև աճել հավատով ու առաքինություններով:
Ս. Իգնատիոսի մարմնից մնաց միայն մի քանի ոսկոր, որոնք հետագայում իբրև սուրբ մասունք տարվեցին Անտիոք: Նրա վախճանից հետո ոմանք տեսան երազում, որ սուրբը ողջունում և համբուրում է իրենց, ոմանք էլ նրան տեսան Քրիստոսի առջև, և նրա դեմքից քրտինք էր ծորում:
 
sacredtradition.am