SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԶԱՏԻԿ
id168Այսպես է կոչվում ամենամեծ, կարևոր և սիրված տոներից մեկը թե՛ նախկինում՝ Իսրայելի, թե՛ այժմ՝ քրիստոնյաներիս համար: Եբրայերեն այն կոչվում է Պասեք, որ նշանակում է անցում որևէ տեղից կամ վիճակից դեպի մյուսը: «Զատիկ» բառը հավանաբար սրա ոչ բառացի թարգմանությունն է՝ «զատում, անջատում» իմաստով:
Աստված Պասեքը Իսրայելի մեջ հաստատեց Եգիպտոսից նրանց դուրս գալուց առաջ՝ խորհրդանշելով նրանց ազատագրումը Եգիպտոսի գերությունից և զատումը հեթանոսական միջավայրից: Այն ժամանակ Տերը պատվիրեց, որ յուրաքանչյուր իսրայելացի ընտանիք մի գառ մորթի, նրա արյունը քսի իր տան մուտքի դռան սեմին, իսկ միսը խորովի և ուտի մինչև առավոտ: Սրանով իսրայելացիները զերծ մնացին այն պատուհասից, որ այդ գիշեր Տերը բերեց ողջ Եգիպտոսի վրա. նա ոչնչացրեց եգիպտական բոլոր ընտանիքների առաջնեկներին, և դրանից սարսափելով՝ փարավոնն ազատություն շնորհեց իսրայելացիներին:
Այս մեծ իրադարձության հիշատակն Իսրայելը տոնում էր դարեր շարունակ:
Սակայն Զատիկը, ինչպես և ամեն ինչ հին ուխտում, խորհրդանիշն էր նոր ուխտի՝ այն մեծագույն իրադարձության, որ կատարվեց Քրիստոսի կողմից. քանզի մորթվող զատկական գառը խորհրդանշում էր Աստծո Գառի զոհաբերությունը խաչի վրա. դռան սեմին քսվող գառան արյամբ պատուհասից զերծ մնալը խորհրդանշում էր մեր մեղքերի թողությունը Քրիստոսի արյամբ՝ ս. հաղորդության միջոցով. իսկ իսրայելացիների ելքը Եգիպտոսից՝ քրիստոնյաների զատումն էր հեթանոսությունից, ազատագրումը մեղսալից կյանքի ստրկությունից:
Այս խորհրդով էլ Քրիստոս խաչ բարձրացավ հրեաների Զատիկի տոնին և երրորդ օրը հարություն առնելով՝ մեզ հարություն տվեց մեղքի մահից: Նրա հարության հիշատակը մեզ համար դարձավ քրիստոնեական Ս. Զատիկի փառավոր տոնը, որով եզրափակվում է Ավագ շաբաթը:
Այն տոնվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լիալուսնին հաջորդող կիրակի օրը:
 
sacredtradition.am