русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
id568Բուն բարեկենդանը մյուս բարեկենդաններից տարբերվում է ոչ միայն նրանով, որ նախորդում է Մեծ պահքի առավել տևական պահեցողության շրջանին, այլև՝ նրանով, որ իր աստվածպաշտական կարգով և խորհրդաբանությամբ ներառված է Մեծ պահքի խորհրդում: Թեև այս օրը ուտիք է, բայց նրանում դրախտային կյանքի վայելչության հետ մեկտեղ հիշատակվում է նաև հենց դրախտում օրինադրված պատվիրանը, որը պահքի նախօրինակն էր: Թեև պահքը և ուտիքն անհամատեղելի են, բայց այս ներհակությունը խոր աստվածաբանական իմաստ ունի. պահքն իբրև պատվիրան եթե կայանար դրախտում, պիտի առավելացներ նրա վայելչությունը, ուստի այն իր խորքում, իր նախաստեղծ բնությամբ չի առնչվում սգին ու տրտմությանը: Եվ եթե մենք այժմ պատրաստակամությամբ ու սիրով ենք ընդունում տևական պահքի հրահանգը, եթե մեր հնազանդությունը հոժար սրտով է, ապա այն թեև տրտմություն է մարմնի համար, բայց ուրախություն է հոգու համար:
Բուն բարեկենդանին արդեն փակ է խորանի վարագույրը, և չի համբուրվում Ավետարանը. այս ծիսական խորհրդանիշները դրդում են այսօրվանից ավաղել նախամարդու անհնազանդության և դրախտից արտաքսվելու համար, սակայն Բուն բարեկենդանի հիմնական խորհուրդը շարունակում է մնալ դրախտային վայելչությունը, մարդու ստեղծման օրրանն ու ճշմարիտ հայրենիքը, որի կորուստն անդառնալի չէ շնորհիվ Քրիստոսի փրկագործության, Ում քառասնօրյա պահքի օրինակով այսօր քրիստոնյաներս, հիշելով, թե որտեղից ընկանք [տե՛ս Հայտ. 2.5], ուխտադրվում ենք, ի տարբերություն նախամարդու, հնազանդվել պատվիրանին և մտնել երկարատև պահքի ու ապաշխարության սխրանքի մեջ՝ որպես նորոգության ճանապարհի, որի ավարտը՝ սուրբ Զատիկը, նույն ինքը բարեկենդանն է՝ դրախտային երանությունը՝ լի առաքինություններով ու երկնային շնորհի լուսառատ վայելմամբ:
Արդ, այսպիսի հորդորով է ավարտվում Բուն բարեկենդանի «Հարց» շարականը. «Եկե՛ք, Քրիստոսի՛ հավատացյալներ, ցնծությամբ պահենք [պահքը]՝ Անմահի մահվան հետ մեռնելով մեղքերի [համար], որպեսզի Նրա հարությամբ կենդանանանք արդարությամբ»: