SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ (I դ.) | ԱԲԴԻՈՒ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. վերջ) | Ս. ԱԲԴԼՄՍԵՀ (VI դ. երկրորդ կես) | ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ | ԱԲԵՂԱ | Ս. ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՎԱԳ (+311) | ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ | ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (III-IV դդ.) | ԱԳԱՊԵ | ԱԳՈՒԼԻՍԻ Ս. ԹՈՎՄԱ ՎԱՆՔ | ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ | ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔ | Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) | ԱԹՈՌ | ԱԼԵԼՈՒԻԱ | ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ | Ս. ԱԿԱԿԻՈՍ ԱՄԱՍԻԱՑԻ (+310) | ԱՀԱՐՈՆ | ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ | ԱՂԱՆԴ | ԱՂԱՎՆԻ | ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ | ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՂՈԹՔ | ԱՂՋՈՑ ՎԱՆՔ | ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ | ԱՄԲԱԿՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. վերջ) | ԱՄԵՆ | ԱՄՈՍ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. կես) | ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) | ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) | ԱՆԱՊԱՏ | ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ | ԱՆԳԵ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. սկիզբ) | ԱՆԴԱՍՏԱՆ | ԱՆԻԻ ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՆՔ | ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ | ԱՆԻԻ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) | ԱՇԽԱՐՀ | ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄ | ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆ | ԱՇՏԱՆԱԿ | ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ | ԱՋ | ԱՌԱԿ | ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ | ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) | ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔՅԱԼՆԵՐ | ԱՍԱ | ԱՍՏԾՈ ԳԱՌ | ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾ | ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ (ՍՈՒՐԲ ԳԻՐՔ) | ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒ-ԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ | ԱՎԱԳ ՇԱԲԱԹ | ԱՎԱՆԴԱՏՈՒՆ | ԱՎԵՏԱՐԱՆ | ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ | ԱՎԵՏԻՍ | ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ | ԱՎԵՏՈՒՄ | ԱՏՅԱՆ | Ս. ԱՏՈՄՅԱՆՔ (+449) | ԱՐԱԳԱԾ ԼԵՌ | ԱՐԱՐԱՏ ԼԵՌ | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ | ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (մոտ 264-333) | ԱՐԻՈՒԹՅՈՒՆ | ԱՐԾԻՎ | ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ | ԱՐՏԱԽՈՒՐԱԿՆԵՐ | ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ (ՍՈՒՐԲ ԳԻՐՔ)
id056Քրիստոնեության այս սրբազան մատյանը ստեղծվել է շուրջ մեկուկես հազարամյակի ընթացքում՝ սուրբ մարգարեների և առաքյալների ձեռքով: Այն տարբերվում է բոլոր մյուս հոգևոր գրվածքներից նրանով, որ ամբողջովին ներկայացնում է Աստծո հայտնությունը, քանի որ նրա հեղինակները Աստծո ընտրյալներն են և իրենց գրքերը գրել են Սուրբ Հոգու կենդանի ներշնչմամբ, Տիրոջ կամքով և հրամանով: Այս պատճառով այս մատյանը կոչվում է աստվածաշունչ, այսինքն՝ Աստծո շնչով գրված, ինչպես նաև Սուրբ Գիրք՝ իբրև Աստծո սրբազան խոսքը՝ տրված մարդկությանը:
Սուրբ Գիրքն Աստծո նախախնամությամբ ճշմարիտ տեղեկություններ է պարունակում աշխարհի և մարդու ստեղծման, չարի, տառապանքի ու մահվան առաջացման մասին, պատասխանում է մեզ հուզող կարևորագույն հարցերին: Սուրբ Գրքով հաղորդակցվում ենք Աստծո իմաստությանն ու սրբությանը, իմանում Նրա կամքը ի դեմս օրենքների և պատվիրանների, ճանաչում Նրա սերը մարդկության հանդեպ, Նրա հավատարմությունն ու ողորմածությունը, ստանում նախազգուշացումներ և հանդիմանություններ, ինչպես նաև հայտնություններ գալիք իրադարձությունների մասին: Եկեղեցու բոլոր՝ թե՛ դավանական, թե՛ աստվածպաշտական սկզբունքները հիմնված են Սուրբ Գրքի վրա:
Յուրաքանչյուր մարդու համար Աստվածաշունչ Մատյանը ամենաիմաստուն և ամենամտերիմ զրուցակիցն է, քանի որ այն ընթերցելիս, հիրավի, Աստված է խոսում մեզ հետ՝ օրհնելով և մխիթարելով, իմաստնացնելով ու զորացնելով, խրատելով ու հանդիմանելով և մղելով գործնական ապաշխարության:
Սուրբ Գիրքը՝ իր բազմաբնույթ գրքերով, Աստծո և մարդու փոխհարաբերության իսկական վկայարան է: Նրանում տեղ են գտել թե՛ ժողովուրդների պատմություններ ու հրաշքներ, թե՛ սրբակեցության կանոններ և օրենքներ, թե՛ շնորհառատ աղոթքներ ու երգեր, թե՛ ուսուցողական խրատներ և առակներ, թե՛ մարգարեություններ ու տեսիլքներ: Սակայն Աստվածաշունչ Մատյանի առանցքը Ինքը՝ Աստծո կենդանի Բանն է՝ Հիսուս Քրիստոս, քանզի նրա բոլոր գրքերն անուղղակի կամ ուղղակի կերպով Նրա մասին են վկայում և պատրաստում մեր սրտերը՝ հավատալու և ընդունելու Նրան, Ով եկավ և կատարեց այն ամենը, ինչ գրված էր Իր մասին՝ փրկություն պարգևելով աշխարհին:
Ոչ մի գիրք այնքան չի հրատարակվել, որքան Աստվածաշունչ Մատյանը: Այն թարգմանված է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Եվ սա Աստծո Որդու կամքի իրագործումն է. «Նախ պետք է, որ ավետարանը քարոզվի բոլոր հեթանոսների մեջ» [Մարկ. 13.10]:
Սուրբ Գիրքը բաժանվում է երկու հիմնական մասերի՝ Հին և Նոր Կտակարանների կամ ուխտերի:
Հին Կտակարանը վկայարանն է այն ուխտի, որ Աստված Մովսես մարգարեի ձեռքով կնքեց Իսրայելի հետ, իսկ Նոր Կտակարանը նոր ուխտն է՝ կնքված նոր Իսրայելի՝ քրիստոնյաների հետ Հիսուս Քրիստոսի միջնորդությամբ:
Հին Կտակարանի մեջ են մտել բոլոր այն գրքերը, որոնք գրվել են նախքան Քրիստոսի գալուստը: Դրանք, ըստ էության, Քրիստոսի մասին վկայող, շատ իրողություններով Նրա գործը խորհրդանշող, Նրա ավետաբերը հանդիսացող բազմաթիվ իրադարձությունների, հայտնությունների և մարգարեությունների ժողովածու են: Իսկ Նոր Կտակարանի գրքերը գրվել են Քրիստոսի գալուստից հետո՝ ներկայացնելով Նրա կյանքն ու տնօրինությունները, և ցույց են տալիս շնորհ և քավություն ստացած մարդկության նոր փուլը:
Հին ուխտը համարվում է ստվերը նոր ուխտի, նրա նախապատրաստությունը, իսկ նոր ուխտը իրականացումն ու կատարումն է հնի՝ ի դեմս Հիսուս Քրիստոսի և Նրա փրկագործության:


Սուրբ Գրքի կանոնը
Ի թիվս աստվածային գրքերի, քրիստոնեության առաջին դարերում ի հայտ եկան զանազան այլ գրքեր, որոնց հեղինակները հավակնում էին իրենց երկերը ներկայացնել իբրև սրբազան գրքեր: Բացի այդ, առաջին քրիստոնյաների շրջանում մեծ տարածում և գործածություն ունեցող, դեռևս մ. թ. ա. III դ. Եբրայերենից հունարեն թարգմանված, այսպես կոչված «Յոթանասնից թարգմանության» գրքում ընդգրկված էին գրքեր, որոնք բացակայում էին եբրայական բնագրում և չունեին աստվածային գրքերի արժեքն ու հեղինակությունը: Ուստի և այս խառնակությունից խուսափելու համար Եկեղեցու հայրերը կանոն հաստատեցին, ըստ որի՝ հավաստի և անառարկելիորեն աստվածային ճանաչվեցին 66-ը (հինկտակարանյան 39 և նորկտակարանյան 27 գրքեր), որոնք կոչվեցին կանոնական, իսկ մյուսները կոչվեցին ոչ կանոնական: Սակայն վերջիններից որոշ գրքեր, չլինելով հանդերձ աստվածային և անսխալ, իրենց օգտակար և ուսուցողական նշանակության շնորհիվ նույնպես ներառվեցին Սուրբ Գրքի մեջ իբրև երկրորդականոն գրքեր: Բոլոր մնացած գրքերը բնորոշվեցին իբրև վնասակար ու կեղծ և մերժվեցին Եկեղեցու կողմից՝ անվանվելով պարականոն:
Ինչպես հայտնի է, V դարում, գրերի գյուտից անմիջապես հետո, Սուրբ Գիրքը թարգմանվեց հայերեն: Այդ թարգմանության մեջ տեղ գտան 9 երկրորդականոն գրքեր. Ուստի և հայերեն Աստվածաշունչը բաղկացած է 75 անուն գրքից:


Հին Կտակարանի գրքերը
Հին Կտակարանը բաղկացած է 4 հիմնական մասերից՝ օրենսդրական, պատմական, ուսուցողական, մարգարեական:


Օրենսդրական գրքեր
Ներկայացնում է Մովսես մարգարեի ձեռքով գրված 5 օրենսդրական գրքերի ժողովածուն, որը կոչվում է Հնգամատյան, ինչպես նաև Օրենքի մատյան կամ պարզապես Օրենք (եբրայերեն՝ Թորա): Հնգամատյանը Հին Կտակարանի հիմքն է և նրանում այնպիսի տեղ է զբաղեցնում, ինչպիսին Ավետարանները՝ Նոր Կտակարանում: Այն բաղկացած է հետևյալ 5 գրքերից՝ Ծննդոց, Ելք, Ղևտական, Թվեր, Երկրորդ օրենք:


Ծննդոց
Կոչվում է նաև Գիրք արարածոց: Պատմում է աշխարհի և մարդու ստեղծման, նախամարդու մեղանչման ու դրախտից վտարման, մարդկության նախահայրերի, համաշխարհային ջրհեղեղի և նրանից հետո աշխարհի նորոգության, ինչպես նաև Իսրայելի նախահայրերի և ընտրյալ ժողովրդի ստեղծման մասին, որից պետք է սերվեր աշխարհի Փրկիչը:


Ելք
Գրքում շարունակվում է Տիրոջ ընտրյալ ժողովրդի պատմությունը Հովսեփ Գեղեցիկի մահից մինչև վկայության խորանի կառուցումը: Նկարագրված է Իսրայելի ժողովրդի ծանր ստրկությունը Եգիպտոսում, Մովսես մարգարեի առաջնորդությամբ այնտեղից նրանց դուրս գալը, պատմվում է նաև Սինա լեռան վրա Աստծո կողմից ժողովրդին տրված Տասնաբանյա օրենքի և նրա հետ կնքած ուխտի մասին:


Ղևտական
Այս գիրքը գրեթե ամբողջությամբ օրենսդրական է, որի գլխավոր գաղափարն է Իսրայելից Աստծո ժողովուրդ կազմելը: Գրքում հանգամանորեն շարադրվել և իր հետագա զարգացումն է գտել Ելքում տրված օրենքը: Նրանում զետեղված են զոհաբերությանը, քահանաներին, սննդին, հիվանդություններին, մաքրությանն ու անմաքրությանը, իսրայելացիների անձնական սրբությանը, ծեսերին և տոներին վերաբերող կանոններ: Բոլոր այդ արարողությունները, սակայն, «գալիք բարիքների ստվերն ու կերպարանքն» էին [Եբր. 10.1] և նախօրինակը Աստծո Գառի, որ «Ինքն Իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն» [Եբր. 9.14]:


Թվեր
Այսպես է կոչվում երկու մարդահամարների պատճառով, որոնք նկարագրված են գրքի առաջին 3 գլուխներում: Մյուս գլուխներում պատմվում է անապատում Իսրայելի ժողովրդի 40-ամյա դեգերումների մասին, շարադրված է օրենքի բովանդակությունը, որ տրվեց Իսրայելին անապատով անցնելու ժամանակ: Այն պատմում է նաև իսրայելացիների և այլ ժողովուրդների միջև եղած պատերազմների մասին:


Երկրորդ օրենք
Պարունակում է անապատում ծնված Իսրայելի նոր սերնդին տրված օրենքի կրկնությունը: Պատմվում է ժողովրդին Ավետյաց երկիր հասցնելու առաքելությունը Մովսեսի կողմից Հեսուի վրա դնելու, ինչպես նաև Մովսեսի կյանքի վերջին օրերի մասին:


Պատմական գրքեր
Ներկայացնում են Իսրայելի պատմությունը Ավետյաց երկիր մտնելուց մինչև հռոմեական իշխանության դեմ մղվող ազատագրական պայքարը:


Նավեի որդի Հեսուի գիրքը
Պատմվում է Ավետյաց երկրի գրավման մասին, նաև՝ թե ինչպես Հեսուն այն բաժանեց 12 մասի՝ ըստ Իսրայելի 12 ցեղերի, ինչը հայրերին տրված և Մովսեսի հետ նորոգված խոստման իրականացումն էր: Իսրայելացիների բնակեցումը Ավետյաց երկրում մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից կյանքի կոչված շնորհի ուղու նախօրինակն էր:


Դատավորներ
Նկարագրված է Հեսուի մահից մինչև առաջին թագավորության հաստատումն ընկած ժամանակաշրջանը, որի ընթացքում, միմյանց հաջորդելով, երկիրը կառավարում էին մերթ արդար, մերթ անօրեն դատավորներ: Գրքում հանդիմանվում են կռապաշտության հակում ցուցաբերած Իսրայելի ցեղերը: Որոշակիորեն շեշտվում և հաստատվում է այն գաղափարը, որն արտահայտվում է Եսայու մարգարեության մեջ. «Եթե հոժար լինեք և լսեք Ինձ, կճաշակեք երկրի բարիքները. Իսկ եթե չկամենաք Ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ» [Ես. 1.19-20]:


Հռութ
Գիրքը դատավորների ժամանակաշրջանում ապրած հեթանոս Հռութի մասին է, որն ընդունում է հրեական կրոնը: Հռութին կնության է առնում Բոոս անունով մի հրեա, և նրանք դառնում են Հեսսեի և Դավիթ թագավորի նախնիները: Այդպիսով, այլազգի Հռութը տեղ է գտնում Քրիստոսի նախօրինակի՝ Դավթի ազգաբանության մեջ: Այս առումով Հռութի գիրքը մեսիական բնույթ ունի, քանզի Աստծո շնորհը տարածվում է նաև հեթանոսների վրա:


Ա և Բ Թագավորություններ
Այս երկու գրքերը նախկինում մեկ գիրք են կազմել: Նրանց հեղինակն է համարվում Սամուել մարգարեն: Գրքերում պատմվում է Իսրայելի առաջին թագավոր Սավուղից մինչև Դավթի թագավորության ավարտն ընկած ողջ ժամանակաշրջանի մասին:


Գ և Դ Թագավորություններ
Սրանք նույնպես նախկինում կազմել են մեկ գիրք և Սամուելի գրքերի շարունակությունն են հանդիսանում: Պատմվում է Սողոմոնի, նրա իմաստության ու փառքի, Երուսաղեմի Տաճարի կառուցման, ինչպես նաև Սողոմոնի մահից հետո տեղի ունեցած երկպառակության մասին, որի հետևանքով առաջանում են երկու առանձին՝ Իսրայելի և Հուդայի թագավորությունները, որոնք երկուսն էլ ի վերջո կործանվում են, և ողջ ժողովուրդը գերեվարվում է Բաբելոն:


Ա և Բ Մնացորդաց
Սկզբում ամբողջական գիրք են կազմել: Դրանք հիմնականում կրկնում են Ա, Բ, Գ, Դ Թագավորությունների պատմական իրադարձությունները և լրացնում մի կողմ մնացած (այստեղից՝ անվանումը) տվյալներով: Գրքերում համառոտ կերպով ներկայացված է Իսրայելի ժողովրդի տարեգրությունը մինչև բաբելոնյան գերությունն ու վերադարձը: Պատումի կենտրոնական թեման է Երուսաղեմի Տաճարը և նրանում իրականացվող պաշտամունքը, որ մեծ մխիթարություն է գերությունից ազատագրված ժողովրդի համար:


Ա Եզրաս (երկրորդականոն)
Հունարեն բնագրով գոյություն ունեցող այս գիրքը կրկնում է Բ Մնացորդացի, Բ Եզրասի և Նեեմիի գրքերի պատմությունները՝ աննշան փոփոխություններով և միայն մի ինքնատիպ մասի հավելմամբ: Շարունակում է հրեաների պատմությունը բաբելոնյան գերությունից վերադառնալուց մինչև Եզրասի բարեփոխությունները:


Բ Եզրաս
Հրեական կանոնում այս գիրքը միավորված է եղել Նեեմիի գրքի հետ: Գրքի հեղինակը ղևտացի քահանա Եզրասն է, որը նկարագրում է բաբելոնյան գերությունից Իսրայելի ժողովրդի դարձը Երուսաղեմ, տաճարի շինարարությունը, վերածնվող հայրենիքում օրենքի և աստվածպաշտական կարգերի վերականգնման ընթացքը:


Նեեմիի գիրքը
Պատմվում է Նեեմիի գլխավորությամբ Երուսաղեմում հրեաների վերաբնակեցման, քաղաքի պարիսպների շինարարության, ինչպես նաև հրեաներին այլազգիներից ու նրանց ազդեցությունից զերծ պահելու նախանձախնդրության մասին:


Եսթերի գիրքը
Այս գիրքը պատմում է կոտորածից Իսրայելի ժողովրդի ձերբազատվելու մասին, որն Աստծո նախախնամությամբ իրականացավ Եսթեր անունով մի կնոջ միջոցով:


Հուդիթ (երկրորդականոն)
Այս գիրքը հրեուհի Հուդիթի հերոսական արարքի մասին է, որի շնորհիվ ընտրյալ ժողովուրդը հաղթեց թշնամուն:


Տոբիթ (երկրորդականոն)
Գիրքը պատմում է Տոբիթի բարեպաշտ ընտանիքի մասին, որը ենթարկվելով փորձությունների ու նեղությունների՝ ի վերջո արժանանում է Աստծո մեծ ողորմությանը Ռափայել հրեշտակի միջոցով:


Ա և Բ Մակաբայեցիներ (երկրորդականոն)
Գրքերը նկարագրում են հելլենիստական շրջանում հրեա ժողովրդի հետ պատահած աղետալի իրադարձությունները, որոնց ժամանակ ավերվեց ու պղծվեց Երուսաղեմի Տաճարը: Հավատի և հայրենիքի հանդեպ մեծ նախանձախնդրությամբ տոգորված Մակաբայեցի եղբայրների գլխավորած ապստամբությունը պսակվեց կրոնական, այնուհետև նաև քաղաքական ազատության ձեռքբերումով:


Գ Մակաբայեցիներ (երկրորդականոն)
Գիրքը, որ կազմվել է ավելի վաղ, քան Ա և Բ Մակաբայեցիների գրքերը, նկարագրում է Եգիպտոսում Քրիստոսից շուրջ 200 տարի առաջ ապրած հրեաների հալածանքները, որոնց մեջ Աստված հրաշքով պահպանում է Իր ժողովրդին. Հրեաների վրա արձակված ռազմական փղերը ետ դառնալով կոտորում են դահիճներին: Պատմվում է նաև, թե ինչպես եգիպտական թագավորին չհաջողվեց մտնել Երուսաղեմի Տաճարի սրբություն սրբոցը:


Ուսուցողական գրքեր
Այս խմբի մեջ մտնող գրքերն արծարծում են կրոնաբարոյական ճշմարտություններ: Սովորեցնելով խորհել և ճանաչել տալով երևույթների էությունն ու մարդկանց սրտերի խորքերը՝ այս գրքերն օգնում են, որ մեր մտածումները համահունչ դառնան աստվածադիր օրենքներին, և ձեռք բերենք հոգևոր իմաստություն, որի հիմքը Տիրոջ երկյուղն է:


Սաղմոսներ
Սաղմոս նշանակում է բանաստեղծություն, հոգևոր երգ կամ օրհներգություն: 150 հոգևոր-քնարական երգերի այս ժողովածուի զգալի մասը պատկանում է Դավիթ թագավորի՝ Իսրայելի երգչի գրչին: Այդ իսկ պատճառով Սաղմոսարանը կոչվում է նրա անունով:
Սաղմոսներից շատերը ներթափանցված են սպասվող Մեսիայի գալստյան մարգարեությամբ: Անհնար է պատկերացնել քրիստոնեական պաշտամունքն առանց Սաղմոսարանի, որն Ավետարանից հետո քրիստոնյաների ամենասիրելի գիրքն է եղել թե՛ հնում, թե՛ այսօր:


Առակներ
Սողոմոն թագավորի Առակների գիրքն ընդգրկում է կենցաղային և հոգևոր բովանդակության խրատներ, որոնք սահմանում են մարդու գործնական կյանքի բարոյական չափանիշները: Սողոմոնի առակները տարբերվում են մյուս ազգերի իմաստուն ասույթներից իրենց հայտնութենական բնույթով և կրոնական ուղղվածությամբ: Իրենց պարզության շնորհիվ այս առակները մատչելի են բոլոր տարիքի մարդկանց և օգնում են հասկանալ կյանքի իմաստը և ապրել աստվածահաճ կյանքով:


Ժողովող
Հեղինակին նույնացնում են Սողոմոն թագավորի հետ, ինչի համար հիմք է հանդիսանում տեքստում առկա անուղղակի ցուցումը [տե՛ս Ժող. 1.12]:
Գիրքը բովանդակում է իմաստասիրական մտորումներ աշխարհի անցավոր արժեքների (երիտասարդության, փառքի, առողջության, հարստության, վայելքների և այլն) ունայնության մասին, որոնք երբեք չեն երջանկացնում մարդուն, եթե նրա համար ոչինչ չկա երկրային կյանքից անդին:


Երգ երգոց
Գրքի վերնագիրը բառացի նշանակում է «երգերի երգ», այսինքն՝ սրբազան գրքերի մեջ ամենագերազանց երգ:
Հեղինակը՝ Սողոմոն արքան, գովերգում է հարսի և փեսայի ջերմ սերը, նրանց միության անսահման ուրախությունը, ինչպես նաև արտահայտում է բաժանման վիշտը: Ըստ ուղղափառ ընկալման՝ գրքի բովանդակությունն այլաբանորեն վերաբերում է Քրիստոսի և Եկեղեցու հոգևոր ամուսնությանը՝ մարդկային հոգու և Սեր-Աստծո վերջնական միավորմանը: Երգ երգոցը միաժամանակ հինկտակարանյան բարձրագույն մարգարեությունն է Մեսիայի մասին:


Իմաստություն Սողոմոնի (երկրորդականոն)
Սողոմոն թագավորի հեղինակությանը վերագրվող այս գիրքը կազմվել է Ալեքսանդրիայի հրեաների կողմից, հավանաբար մ. թ. ա. I դ.:
Հեղինակը կոչ է անում փնտրել Աստծուց ելնող իմաստությունը՝ Նրա հավիտենական հատկություններից մեկը, որը ձեռք է բերվում աղոթքով և առաքինության ու ամենայն բարիքի աղբյուր է հանդիսանում:


Սիրաքի իմաստությունը (երկրորդականոն)
Այս գրքի հեղինակը՝ Սիրաքի որդին, Պաղեստինում իմաստության ուսմունքի վերջին ներկայացուցիչն է: Նրա գիրքը մեզ է հասել միայն հունարեն թարգմանությամբ: Այն համառոտ խրատների և ասույթների ժողովածու է, որտեղ հեղինակը փորձում է պաշտպանել հրեական հոգևոր և մշակութային ժառանգությունը հելլենիզմի կործանարար ազդեցություններից: Հեղինակն իմաստությունը նույնացնում է Մովսեսի օրենքի հետ, որի պահպանումը նա տեսնում է աստվածպաշտական կանոնների ճշգրիտ կատարման մեջ:


Հոբի գիրքը
Գիրքն իր ներկայիս խմբագրությամբ, ամենայն հավանականությամբ, կազմվել է Սողոմոն թագավորի օրոք: Ենթադրվում է, որ այն ստեղծվել է դեռևս մ. թ. ա. X դ.:
Հոբ Երանելու գիրքը մի արդար մարդու մասին է, որը հավատարիմ մնաց Տիրոջը նույնիսկ ծանրագույն փորձությունների մեջ: Գրքի նպատակն է արդարության մարդկային, թյուր ընկալման սրբագործումը աստվածային ճշմարտությամբ:


Մարգարեական գրքեր
Գրավոր մարգարեություններ թողած աստվածաշնչյան մարգարեները 16-ն են, որոնց գրքերը վերնագրված են իրենց հեղինակների անուններով: Այդ մարգարեներից 4-ը՝ Եսային, Երեմիան, Եզեկիելը և Դանիելը, կոչվում են մեծ մարգարեներ իրենց գրքերի ընդարձակության պատճառով, իսկ մյուս 12-ը՝ փոքր: Մարգարեների գրքերում առկա մարգարեություններն օժտված են կենդանի պատկերներով և խորհրդանիշներով, որոնց միջոցով Աստված հայտնել է գալիք իրադարձությունների մասին: Միաժամանակ մարգարեների միջոցով Աստված հանդիմանել է իսրայելացիների՝ օրենքից խոտորված վարքը՝ կոչ անելով ապաշխարել և ներում հայցել Տիրոջից: Սակայն մարգարեների գրքերի կարևորագույն բովանդակությունը Մեսիայի գալստյան և Նրա արքայության կանխահայտնումն է:


Եսայու մարգարեությունը
Եսային (մ. թ. ա. VIII դ.) Փրկչի մասին կանխահայտնող մեծագույն մարգարեն է: Իր հայտնած մարգարեությունների զարմանալի ստուգության համար նրան կոչում են նաև հինկտակարանյան ավետարանիչ:
Մարգարեն կոչ է անում Իսրայելի ժողովրդին բոլոր դժբախտությունների մեջ հավատալ և ապավինել միայն Աստծուն: Գրքի առաջին մասը հիմնականում լի է քննադատական ոգով, իսկ երկրորդ մասը բովանդակում է իսրայելացիներին ուղղված մխիթարական խոսքեր՝ կապված բաբելոնյան գերության հետ: Այս գիրքը սաղմոսների հետ մեկտեղ Նոր Կտակարանում ամենավկայակոչված գրվածքն է: Այն օգնում է քրիստոնյաներին հասկանալ ավետարանական շատ ճշմարտություններ:


Օսեեի մարգարեությունը
Օսեեն Իսրայելի Հյուսիսային թագավորության մեջ վերջին մարգարեն է:
Գրքում հեղինակը ներկայացնում է սերը և ամուսնությունն իբրև Աստծո և հավատացյալների հարաբերության խորհրդանիշ, ինչպես նաև ցույց է տալիս, որ կռապաշտությունն ու բռնությունը դավաճանություն են Տիրոջ հանդեպ, որ Աստված ոչ միայն արդարադատ է, այլև ողորմած:


Ամոսի մարգարեությունը
Ամոսը (մ. թ. ա. VIII դ.) մատենագիր մարգարեների սերնդի առաջին ներկայացուցիչն է: Նախքան մարգարեական ծառայության կանչվելը նա հասարակ հովիվ է եղել:
Գիրքը բովանդակում է Ամոսի տեսիլքները, ժողովուրդների և Իսրայելի անօրինությունների մերկացումը, ինչպես նաև մի պատմություն մարգարեի կյանքից: Արծարծվում է Աստծո մեծության, իշխանության և արդարության թեման, ինչպես նաև հիշեցվում է օրենքի, պաշտամունքի և աղքատների իրավունքների մասին:


Միքիայի մարգարեությունը
Այս մարգարեն գործել է Հրեաստանում Աքազ և Եզեկիա թագավորների օրոք:
Նրա գիրքը բովանդակում է նախազգուշացում, սպառնալիք, մեղադրական ճառեր, փրկության խոստումներ և այլն: Միքիան, մերկացնելով հասարակության արատները, բացահայտորեն խոսում է Սամարիայի և Երուսաղեմի մոտալուտ կործանման մասին՝ միևնույն ժամանակ հավատալով Իսրայելի վերջնական նորոգության և փրկության գաղափարին: Նա մարգարեանում է Բեթղեհեմ քաղաքում Փրկչի ծնվելու մասին:


Հովելի մարգարեությունը
Ենթադրվում է, որ Հովել մարգարեն քարոզել է Երուսաղեմում մ. թ. ա. V դ. Վերջում: Նրա գիրքը պատմում է Հրեաստանի ծանր փորձությունների, հեթանոսներին սպասող պատժի, նաև ճշմարիտ Աստծո և Իսրայելի վերջնական հաղթանակի մասին:
Հովելի զղջման, պահքի և աղոթքի կոչերը հետագայում ներմուծվել են քրիստոնեական աստվածպաշտության մեջ: Նա առաջին մարգարեն էր, որը մարգարեացավ Աստծո ժողովրդի վրա Սուրբ Հոգու հեղման՝ հոգեգալստի մասին:


Աբդիուի մարգարեությունը
Այս ամենակարճ մարգարեական գիրքը, որ ըստ էության տեսիլքի նկարագրություն է, կազմվել է հավանաբար մ. թ. ա. 587 թ.ից հետո: Այն պատմում է Մեսիայի գալստյան մասին, երբ փրկվելու է Նրա ժողովուրդը, և սկսվելու է Տիրոջ թագավորությունը:


Հովնանի մարգարեությունը
Այս գիրքը մի ճշմարիտ պատմություն է Նինվե քաղաք քարոզելու առաքված և կետ ձկան որովայնում 3 օր մնացած Հովնան մարգարեի մասին: Մարգարեն այս դրվագում խորհրդանշում է Քրիստոսին, որ գալով աշխարհ՝ խաչվեց և երրորդ օրը մեռելներից հարություն առնելով՝ փրկություն շնորհեց մարդկությանը:
Հովնանի գրքի նպատակն է ցույց տալ, որ Աստված միայն հրեաներինը չէ, այլ՝ բոլոր մարդկանցը: Այն կոչված է նախապատրաստելու հրեաներին Մեսիայի արքայության համապարփակ գաղափարի ընկալմանը:


Նավումի մարգարեությունը
Նավում անունը թարգմանվում է «մխիթարիչ» և «զորացնող»: Եվ իրոք, Նավում մարգարեն մխիթարում և զորացնում էր մերձավորներին իր հավատի և հույսի շնորհիվ:
Գրքում նկարագրված իրադարձությունները թվագրվում են մոտավորապես մ. թ. ա. 616-612 թթ.: Այն բովանդակում է դատավոր Աստծո հայտնությունը, օրհնություններ և սպառնալիքներ, ինչպես նաև մարգարեություն Նինվե քաղաքի մոտալուտ կործանման ու դրա պատճառների մասին:
Հեղինակի լեզուն այնքան արտահայտիչ է և գունեղ, որ շատերը նրան համարում են Իսրայելի մեծագույն բանաստեղծներից մեկը:


Ամբակումի մարգարեությունը
Գրվել է մ. թ. ա. 609-597 թթ. Միջև ընկած ժամանակաշրջանում, երբ Երուսաղեմն առաջին անգամ գրավվեց Նաբուքոդոնոսոր արքայի կողմից:
Ամբակումի մարգարեությունը Աստծո վկայությունն է Իր իսկ մասին՝ ի հեճուկս կռապաշտության: Այն ընդգրկում է մարգարեի երկխոսությունն Աստծո հետ, մտորումներ ամբարտավան ու դաժան ստրկացնողների ճակատագրի վերաբերյալ, ինչպես նաև մարգարեի հավատի խոստովանության աղոթքը: Վերջինս իբրև սաղմոս կատարվել է աստվածպաշտական արարողությունների ժամանակ:


Սոփոնիայի մարգարեությունը
Սոփոնիան Երեմիայի ժամանակակիցն է և իր մարգարեական գործունեությունը ծավալել է Հոսիա թագավորի օրոք՝ մ. թ. ա. VII դ. երկրորդ կեսին:
Գիրքը կազմվել է հավանաբար նրա մահից հետո: Գրքի հիմքում ընկած են մարգարեի քարոզները և օրհներգությունները, որոնք պատմում են ազգերի դատաստանի և այնուհետև Մեսիայի արքայության հաստատման մասին:


Անգեի մարգարեությունը
Անգեն 70-ամյա բաբելոնյան գերությունից վերադարձած Իսրայելի ժողովրդի մարգարեն է: Նա ապրել է մինչև Երուսաղեմի երկրորդ տաճարի օծումը: Մարգարեի խոսքերը գրառվել են մ. թ. ա. 520 թ.:
Գրքի հիմնական միտքը տաճարի կառուցման անհրաժեշտությունն է մեսիական արքայության նախօրեին: Անգեի գիրքը Մեսիայի գալստյան նկատմամբ հավատի վկայությունն է, հակառակ հրեաների ընդհանուր թերահավատության և հուսահատական տրամադրությունների:


Զաքարիայի մարգարեությունը
Զաքարիա մարգարեն հոգևորական էր և Անգե մարգարեի ժամանակակիցը: Նրա քարոզչության սկիզբը համարվում է մ. թ. ա. 520 թ.:
Գրքում զետեղված է Աստծո դիմումը ժողովրդին, ինչպես նաև մարգարեի 9 տեսիլքները: Զաքարիան մարգարեացել է, որ վերականգնվելու է Դավթի տունը, և հեզ ու խոնարհ Մեսիան մտնելու է Սուրբ քաղաք՝ Երուսաղեմ, ոչ թե մարտական նժույգով, այլ ավանակի վրա նստած:


Մաղաքիայի մարգարեությունը
Մաղաքիայի մասին մեզ հայտնի է միայն այն, որ նրա գործունեությունը ծավալվել է մ. թ. ա. 480-460 թթ.:
Գրքում մարգարեն խոսում է աստվածպաշտական կարգը՝ ծեսերը և զոհաբերությունները չպահպանելու անթույլատրելիության մասին: Նաև մարգարեանում է Փրկչի գալստյան մասին, որին նախորդելու է Նրա մեծ ավետաբերը՝ ս. Հովհաննես Մկրտիչը:


Երեմիայի մարգարեությունը
Մ. թ. ա. 626 թ., տակավին պատանի հասակում, Երեմիան մարգարեական ծառայության է կանչվում և իր կյանքն անցկացնում առանձնության մեջ՝ երբևէ չարժանանալով սիրո և գնահատանքի: Գրքում զետեղված են մարգարեի նախազգուշացումները՝ ուղղված Հրեաստանին և Երուսաղեմին, կանխասացություններ հեթանոսների մասին, ինչպես նաև դրվագներ նրա կյանքից:
Երեմիան բացահայտում է ճշմարիտ աստվածպաշտության էությունը. Տերը բարեհաճ չէ արտաքին արարողությունների հանդեպ, եթե դրանց չի համապատասխանում աղոթողի ներքին տրամադրությունը:


Բարուքի թուղթը (երկրորդականոն)
Գրվել է բաբելոնյան գերության ժամանակ և ուղարկվել Երուսաղեմ աստվածպաշտական հավաքներում ընթերցելու համար: Այն կազմված է 4 անկախ մասերից:
Առաջինը պատմական առաջաբան է, որը պարզաբանում է գրքի ստեղծման հանգամանքները և նպատակը: Երկրորդը մեղքերի խոստովանության աղոթք է՝ փոխառված Դանիել մարգարեի գրքից՝ որոշ հատվածների կրճատմամբ: Երրորդ մասը խորհրդածություն է իմաստության մասին, իսկ չորրորդը մխիթարության և քաջալերանքի խոսք է Երուսաղեմին՝ մեսիական խոստումների հիշեցմամբ:


Երեմիա մարգարեի ողբը
Երուսաղեմի կործանումից հետո մ. թ. ա. 587 թ. գրված այս երկը եղերերգական բնույթ ունի: Ըստ երևույթին այն ընթերցվել է ծեսերի ժամանակ, որոնք շարունակում էին կատարվել ավերված տաճարի տեղում:
Հեղինակը՝ Երեմիան, սրտակեղեք արտահայտություններով նկարագրում է քաղաքի և նրա բնակիչների վշտալի վիճակը: Սակայն գրքում առկա են նաև խորին զղջումը և աներեր ապավինությունն առ Աստված, ինչը և առանձնահատուկ գեղեցկություն է հաղորդում գրքին:


Դանիելի մարգարեությունը
Գրքում պատմվում է բաբելոնյան գերության ընթացքում Դանիել մարգարեի փորձությունների մասին: Նրանում զետեղված մարգարեություններն ընդգրկում են համաշխարհային հեթանոսական տերության անկումը և Մեսիայի արքայության վերջնական հաստատումը:


Եզեկիելի մարգարեությունը
Գիրքը բովանդակում է հանդիմանություններ և ահեղ նախազգուշացումներ՝ ուղղված իսրայելացիներին Երուսաղեմի պաշարման նախօրեին: Որպես Մովսեսի օրենքի նախանձախնդիր պահապան՝ նա պատիժ է կանխահայտնում հեթանոսներին ու նրանց կամակիցներին, ինչպես նաև մխիթարում է հրեաներին՝ խոստանալով լավագույն ապագա:
Գրքում կարևորագույն տեղ է գրավում Եզեկիելի տեսիլքների նկարագրությունը, որոնք արտացոլում են աստվածային առեղծվածի առջև մարգարեի ապրած սրբազան երկյուղը:


Նոր Կտակարանի գրքերը
Նոր Կտակարանը բաղկացած է 27 գրքից: Այն վկայարանն է նոր ուխտի, որ Հիսուս Քրիստոսի արյունով կնքվեց Աստծո և մարդկանց միջև: I դ. երկրորդ կեսում հիմնականում հունարենով գրված նորկտակարանյան գրքերը բաժանվում են հետևյալ խմբերի.
ա. Ավետարաններ,
բ. Գործք առաքելոց,
գ. Առաքելական թղթեր,
դ. Հովհաննես առաքյալի Հայտնությունը:


Ավետարաններ
Ավետում են Քրիստոսի գալստյան և հաղթանակի լուրը, ներկայացնում Հիսուսի կյանքի և առաքելության նկարագրությունը: Ավետարանները 4-ն են և կոչվում են իրենց հեղինակների անուններով՝ ըստ Մատթեոսի, ըստ Մարկոսի, ըստ Ղուկասի և ըստ Հովհաննեսի: Առաջին 3 Ավետարաններն իրենց լեզվի, նյութի և դասավորության նմանության պատճառով կոչվում են համատեսական, իսկ չորրորդ՝ Հովհաննեսի Ավետարանը զգալիորեն տարբերվում է մյուսներից թե՛ շարադրանքով և թե՛ առավել աստվածաբանական բովանդակությամբ:


Ավետարան ըստ Մատթեոսի
Գրվել է հրեա քրիստոնյաների համար, հավանաբար 70-80-ական թթ.:
Մատթեոսը Քրիստոսին ներկայացնում է իբրև Հին Կտակարանում բազմիցս վկայված, խոստացված Փրկչի: Ուստի և նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի ծննդաբանությամբ և լի է հինկտակարանյան մարգարեություններով ու դրանց կատարման հավաստումով: Գիրքն ընդգրկում է Տիրոջ ծննդյան, մանկության, մկրտության, Նրա քարոզության և հրաշագործությունների նկարագրությունը, ինչպես նաև Նրա հայտնի Լեռան քարոզը, մուտքը Երուսաղեմ (տե՛ս Ծաղկազարդ) և չարչարանքների ու հարության պատմությունը:


Ավետարան ըստ Մարկոսի
Մարկոսի Ավետարանն ամենակարճն է և ամենահինը՝ գրված 64 թ. վերջին՝ դարձի եկած հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի աստվածության հանդեպ հավատը հաստատելու նպատակով:
Այն բովանդակում է Հովհաննես Մկրտչի քարոզությունը, Տիրոջ մկրտությունը և անապատի փորձությունը, Նրա գործունեությունը Գալիլիայում, Պետրոսի զղջումը, Հիսուսի պայծառակերպությունը, մուտքը Երուսաղեմ (տե՛ս Ծաղկազարդ), այնուհետև չարչարանքները և հարությունը:


Ավետարան ըստ Ղուկասի
Ամենայն հավանականությամբ, գրվել է մինչև 70 թ.: Գրքում առավել ամբողջական, քան մյուս Ավետարաններում, ներկայացված է Քրիստոսի երկրային կյանքի պատմությունը:
Ավետարանը պատմում է Հովհաննես Մկրտչի ծննդյան, Հիսուսի ծննդյան ու մանկության, Գալիլիայում Նրա գործունեության, Երուսաղեմ մտնելու (տե՛ս Ծաղկազարդ) և քարոզելու, չարչարանքների և հարության մասին: Ղուկասի Ավետարանում առանձնահատուկ գորովանքով է ներկայացված Աստծո սերը խոնարհների, աղքատների, զրկվածների և օտարականների հանդեպ:


Ավետարան ըստ Հովհաննեսի
Այս Ավետարանը գրվել է 90-ական թթ.: Հովհաննես ավետարանիչն այն սկսում է յուրօրինակ աստվածաբանական նախաբանով. Քրիստոս Աստծո Խոսքն է, Որով ստեղծվեց ամեն ինչ, Ով մեր փրկության համար մարմին առավ և բնակվեց մեր մեջ: Ավետարանչի նպատակն է, որ մենք հավատանք, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, և Նրա անունով հավիտենական կյանքն ընդունենք [տե՛ս Հովհ. 20.31]:
Այնուհետև նկարագրվում են Տիրոջ անապատի փորձությունը և դրան հաջորդած զանազան հրաշքներ, որոնք բացահայտում են, որ Նա Աստծո Որդին է և խոստացված Փրկիչը:


Գործք առաքելոց
Գրվել է Ղուկաս ավետարանչի կողմից մինչև 70 թ.՝ իբրև շարունակություն իր Ավետարանի: Գրքի նպատակն է ներկայացնել, թե ինչպես առաքյալների միջոցով Քրիստոսի ավետարանը տարածվեց «Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» [Գործ. 1.8]: Գրքում նշվում է Սուրբ Հոգու դերը, որ Պենտեկոստեի օրը իջնելով աշակերտների վրա՝ զորացրեց, շնորհներ բաշխեց և առաջնորդեց նրանց աստվածային ծրագրերն իրագործելու:
Գրքի մի շարք ճառերում ամփոփվում է քրիստոնեության վարդապետութունը:


Առաքելական թղթեր
Առաքյալների գրած թղթերը՝ նամակները, 21-ն են, որոնցից 14-ը պատկանում է Պողոս առաքյալին:
Նրա թղթերը, որոնք գրվել են որոշակի առիթներով, ուղղված են կոնկրետ անձանց ու համայնքների և պարունակում են բազմաթիվ անմիջական խրատներ ու գովեստներ, քաջալերանքի և հանդիմանության խոսքեր, ինչպես նաև որոշ անարդար մեղադրանքների դիմագրավումներ: Այնուհանդերձ նրանք բովանդակում են շատ ընդհանուր վարդապետական սկզբունքներ, ընդ որում՝ այնպիսի խոր և ամփոփ մատուցմամբ, որ Եկեղեցու կողմից միշտ ճանաչվել են իբրև քրիստոնեական վարդապետության աղբյուր:
Մնացած 7 թղթերը (Հակոբոս և Հուդա առաքյալների 1-ական, Պետրոս առաքյալի 2 և Հովհաննես առաքյալի 3 թղթերը) կոչվում են ընդհանրական, որովհետև, ի տարբերություն Պողոսի թղթերի, առավել ընդհանրական բնույթ ունեն և հիմնականում հասցեագրված են ընդհանուր Եկեղեցուն:


Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին
Այս գիրքը, որը գրվել է շուրջ 58 թ., զետեղված է Պողոսի թղթերի ամենասկզբում, քանի որ նրա մեջ առավել ամբողջական է շարադրված առաքյալի աստվածաբանական ուսմունքը, որն առ այսօր հսկայական ազդեցություն ունի քրիստոնեական մտքի զարգացման վրա:
Թուղթը գրվել է մարդու արդարացման վերաբերյալ Հռոմի հրեական և հեթանոսական ծագում ունեցող քրիստոնյաների միջև եղած տարաձայնության առիթով: Այստեղ ցույց է տրված, որ ճշմարիտ կյանքն Աստծո մեջ և փրկությունը չեն կարող ձեռք բերվել ո՛չ հեթանոսական «իմաստությամբ», ո՛չ էլ հրեական օրենքի կանոնների պահպանմամբ (որը սովորեցնում է, թե ինչպես պետք է ապրի հավատացյալը, սակայն չի օգնում պահել պատվիրանները), այլ՝ Քրիստոսին հավատալու շնորհիվ, քանզի Նա Իր փրկագործությամբ մեղավորներին հաշտեցրեց Հայր Աստծո հետ և մարդկանց միավորեց Իր հետ:
Այնուհետև առաքյալը բացահայտում է այդ հավատի հատկությունները և շարադրում նրանից բխող պարտականությունները՝ հիմնված հնազանդության և սիրո վրա, քանզի «սերն է օրենքի լրումը» [Հռոմ. 13.10]:


Պողոս առաքյալի Ա և Բ թղթերը կորնթացիներին
Քարոզելով Կորնթոս քաղաքում 50-52 թթ.՝ Պողոս առաքյալն այնտեղ ստեղծեց մեծ և ծաղկուն քրիստոնեական մի համայնք: Կորնթոսը հունական մշակույթի օջախ էր և տարբեր կրոնների ու գաղափարական հոսանքների խաչմերուկ: Հայտնի էր այնտեղ տիրող անառակությամբ: Այդ հեթանոսական միջավայրում, առաքյալի մեկնումից շատ չանցած, նորադարձների համար դժվարություններ են ծագում, որոնք վերածվում են ճգնաժամի՝ երկպառակություն, անբարոյականություն, կռապաշտություն, անհավատություն համընդհանուր հարության նկատմամբ և այլն:
Այս ամենը հաղթահարելու գործում նրանց օգնելու նպատակով Պողոս առաքյալը 57 թ. գրում է իր առաջին թուղթը:
Նույն թվականի վերջում առաքյալը գրում է իր երկրորդ նամակը, որն առավելապես ջատագովական բնույթ ունի: Այն կոչված է սուտ վարդապետների հերյուրանքներից պաշտպանելու իր քարոզած ավետարանական ճշմարտությունը և իր առաքելական իրավունքը:


Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին
Գրվել է Եփեսոս քաղաքից, որտեղ առաքյալը գտնվել է 54-57 թթ.:
Գաղատիան Հռոմեական կայսրության՝ Փոքր Ասիայում գտնվող մարզերից մեկն էր: Տեղի համայնքում, որի անդամները հիմնականում նախկին հեթանոսներ էին, անվստահություն է առաջանում Պողոսի՝ իբրև հեթանոսներ առաքյալի հանդեպ, ինչը վերջինիս բացակայության ընթացքում վերածվում է բացահայտ թշնամանքի: Իմանալով, որ հակառակորդները վիճարկում են իր լիազորությունների օրինականությունը և իր քարոզության ճշմարտացիությունը, Պողոսը գրում է խոր վշտով տոգորված մի նամակ, ուր վկայում է, որ իր առաքելությունը ինքն Աստծուց է ստացել, ոչ թե մարդկանցից:
Միաժամանակ անդրադառնալով հրեա սուտ վարդապետներին, որոնք ուսուցանում էին, թե քրիստոնյաները պետք է ենթարկվեն օրենքին ու թլփատությանը, նա գրում է, որ մարդն արդարանում է ոչ թե օրենքի գործադրությամբ, այլ Քրիստոսի հանդեպ հավատով: Վերջում առաքյալը կոչ է անում գաղատացիներին ապրել ըստ Սուրբ Հոգու և չհետևել մարմնի ցանկություններին:


Պողոս առաքյալի թուղթը եփեսացիներին
Առավել հավանական է, որ այս թուղթը գրվել է 63 թ.:
Առաքյալի ուշադրության կենտրոնում Եկեղեցու՝ որպես Քրիստոսի մարմնի խնդիրն է: Նա քննարկում է հրեաների և քրիստոնեությանը դարձած հեթանոսների փոխհարաբերության հարցը՝ ցույց տալով, որ Քրիստոս սպանեց թշնամությունը, որպեսզի Իրենով «խաղաղություն հաստատի և Իր խաչով հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ Աստծո հետ» [Եփես. 2.15-16]:
Թղթում առաքյալը կոչ է անում եփեսացիներին ապրել այնպիսի կյանքով, որ Քրիստոսի հետ միությունը իրականություն դառնա Եկեղեցու մեջ, ընտանիքում և այլուր՝ սիրով, հնազանդությամբ և հոգատարությամբ:


Պողոս առաքյալի թուղթը փիլիպեցիներին
Այս մակեդոնական քաղաքում 50-52 թթ. Պողոսը ստեղծել էր մի փոքրաթիվ համայնք: Գիտենալով նրա անդամների նվիրվածությունը և հավատարմությունն իր հանդեպ՝ առաքյալը բանտարկության ընթացքում միայն նրանցից էր նյութական օգնություն ընդունում: Այս թուղթը, որ գրվել է հավանաբար 62-63 թթ., Պողոսի երախտագիտության արտահայտությունն է, ուր նա ձգտել է պաշտպանել իր սիրելի հոտին նրան սպառնացող բազմաթիվ վտանգներից: Այն բովանդակում է նաև առաքյալի կոչը միասնության և խոնարհության, որի կերպարը հանդիսանում է Ինքը Քրիստոս:
Այս թուղթը կոչվում է ուրախության թուղթ. ուրախություն, որն արդյունք է Տիրոջը հավատարիմ լինելու գիտակցության:


Պողոս առաքյալի թուղթը կողոսացիներին
Այս փոքրասիական քաղաքում ևս քրիստոնեական համայնք կար, որը ստեղծվել էր Պողոս առաքյալի հանձնարարությամբ՝ նրա աշակերտի կողմից: 60-ական թթ. այնտեղ ի հայտ եկան բարոյալքության նշաններ, և վտանգ առաջացավ հավատալ կեղծ վարդապետությունների, որոնք ուսուցանում էին փրկության համար պաշտամունք մատուցել հրեշտակներին, թլփատվել, սննդի նկատմամբ խիստ օրենքներ կիրառել և այլն: Այս առիթով առաքյալը գրեց մի նամակ, երբ 61-63 թթ. բանտարկված էր Հռոմում:
Իր թղթում Պողոս առաքյալը հիշեցնում է, որ փրկությունը միայն Քրիստոսով է, և պետք չէ հետևել մարդկային պատիր ուսմունքների և իմաստություն փնտրել որևէ փիլիսոփայության կամ ավանդության մեջ:


Պողոս առաքյալի Ա և Բ թղթերը թեսաղոնիկեցիներին
Թեսաղոնիկում՝ Հռոմեական կայսրության գլխավոր նավահանգիստներից մեկում, գտնվում էր Պողոս առաքյալի կողմից 50 թ. ստեղծված մի համայնք:
Առաջին թուղթը, որը գրվել է 50-51 թթ. ձմռանը, առաքյալի հայրական ուղերձն է այդ համայնքին, որով նա իր գոհությունն է հայտնում Աստծուն համայնքի դրսևորած հավատի և սիրո համար: Միաժամանակ ամրապնդում է տատանվողներին և խրատում մոլորվածներին: Նամակի կենտրոնական թեման Քրիստոսի հարությունն է և Նրա երկրորդ գալուստը փառքով:
Հավանաբար մի քանի ամիս անց Պողոսը թեսաղոնիկեցիներին է առաքում իր երկրորդ ուղերձը: Այն պարզաբանում է, որ Աստծո դատաստանը լինելու է սատանայի զորությամբ գործող Դերաքրիստոսի՝ Նեռի հայտնվելուց հետո (տե՛ս Աշխարհի վախճան): Իսկ այդ սպասման ընթացքում քրիստոնյաները չպիտի փոխեն իրենց սովորական կենսակերպը, այլ քրտինքով վաստակեն իրենց հացը, խույս տան ծուլությունից և հարատևեն աղոթքի ու բարի գործերի մեջ:


Պողոս առաքյալի Ա և Բ թղթերը Տիմոթեոսին
Առաքյալի՝ Տիմոթեոս և Տիտոս եպիսկոպոսներին հասցեագրած նամակները կոչվում են հովվական թղթեր, քանի որ պարունակում են ցուցումներ՝ ուղղված Եկեղեցու հովիվներին:
Տիմոթեոսը քրիստոնեություն ընդունած հրեուհու և հեթանոսի զավակ էր՝ մանկուց քաջատեղյակ Սուրբ Գրքին: Նա դարձավ Պողոս առաքյալի աշակերտն ու մերձավոր գործակիցը: Նրան ուղղված առաջին թղթում, որը գրվել է մոտ 65 թ., երբ նա Եփեսոսի եպիսկոպոսն էր, առաքյալը ցուցումներ է տալիս հովվական ծառայության, ինչպես նաև հովվի անձնական հատկանիշների վերաբերյալ՝ ուսուցանելով, թե ինչպես պետք է գործակցել հավատացյալների հետ՝ «Քրիստոսի բարի պաշտոնյան» [Ա Տիմ. 4.6] լինելու համար:
Երկրորդ թուղթը, որն առաջինի շարունակությունն ու լրացումն է և հանդիսանում է առաքյալի կտակը իր «սիրելի որդուն», գրվել է 67 թ.-ից ոչ ուշ: Այն ամփոփում է առաքյալի խրատները՝ ուղղված Եկեղեցու անդամներին, ինչպես նաև նրա կոչը՝ «որպես Հիսուս Քրիստոսի բարի զինվոր» [Բ Տիմ. 2.3] արիաբար դիմագրավել ոչ միայն արտաքին թշնամիների հալածանքներին, այլև կեղծ վարդապետների հարձակումներին:


Պողոս առաքյալի թուղթը Տիտոսին
Տիտոսը, որ սկզբում հեթանոս էր, դարձի գալով Պողոս առաքյալի շնորհիվ, դարձավ նրա մերձավորագույն գործակիցներից մեկը: Իր առաջին և երկրորդ բանտարկությունների միջև այցելելով Կրետե կղզի՝ առաքյալն այնտեղ եպիսկոպոս նշանակեց Տիտոսին՝ նրան հանձնարարելով երեցներ կարգել կղզու բոլոր քաղաքներում: Նոր ասպարեզում իր հավատարիմ աշակերտին քաջալերելու նպատակով էլ Պողոսը գրեց այս՝ հովվական ցուցումներ պարունակող ուղերձը:


Պողոս առաքյալի թուղթը Փիլիմոնին
Այս թուղթն ուղղված է փոքրասիական Եկեղեցիներից մեկի անդամ Փիլիմոնին՝ վերջինիս փախստական ստրուկի վերադարձի առիթով: Առաքյալը, չհրամայելոով և բնավ չպարտադրելով իր կամքը, մեղմորեն հորդորում է Փիլիմոնին, որ նա ների քրիստոնեություն ընդունած ստրուկին և նրան ընդունի որպես սիրելի եղբոր: Այս նամակը կարևոր նշանակություն ունի՝ հասկանալու համար Պողոս առաքյալի վերաբերմունքը ստրկատիրության խնդրին և ցույց է տալիս, թե ինչպես կարող են Քրիստոսի հանդեպ հավատն ու սերը էապես բարեփոխել մարդկային փոխհարաբերությունները:


Պողոս առաքյալի թուղթը եբրայեցիներին
Ենթադրվում է, որ այս թուղթը գրվել է 60-ական թթ. վերջին՝ ուղղված հրեա քրիստոնյաներին, որոնք հալածանքների և մովսիսական օրենքի կույր հետևորդների հարձակումների պատճառով ցանկանում էին հեռանալ քրիստոնեությունից՝ խորհելով, թե մովսիսական աստվածպաշտությունը թերևս անգերազանցելի է և անփոխարինելի:
Ձգտելով զորացնել քրիստոնյաների հավատը՝ առաքյալը ցույց է տալիս, որ Քրիստոս Աստծո Որդին է, Նրա էության պատկերը: Նա Աստծո կողմից կարգված հավիտենական քահանա է ըստ Մելքիսեդեկի կարգի, Նրա քավչական մահը գերազանցում է ղևտական արարողություններին և կենդանական զոհաբերություններին, որոնք ընդամենը նախօրինակն ու ստվերն էին Քրիստոսի: Ուստի Նա գերիվերո է Հին ուխտի մարգարեներից, քահանաներից ու հրեշտակներից, և Նրա հանդեպ ճշմարիտ հավատը մարդուն ազատագրում է մեղքից և մահից:


Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը
Հեղինակն է Հակոբոս Տյառնեղբայրը: Այս թուղթը, որ գրվել է 50-62 թթ. միջև, կարելի է համարել ասույթների և կարճ խրատների մի ժողովածու՝ ուղղված աշխարհով մեկ սփռված համայն Իսրայելի ժողովրդին: Հեղինակը կենդանի խոսքով բացահայտում է քրիստոնեական ճշմարիտ վարքի խորհուրդը, դիտարկում մի շարք հարցեր (հարստություն և աղքատություն, փորձություն, լեզվի չափավորություն, իմաստություն և այլն): Այս նամակում առանձնահատուկ կերպով շեշտվում է հավատը գործով արտահայտելու կարևորությունը:


Պետրոս առաքյալի Ա և Բ ընդհանրական թղթերը
Պետրոսի առաջին թուղթն ուղղված է Փոքր Ասիայի քրիստոնյաներին, որոնք փորձությունների և հալածանքների շրջան էին ապրում: Առաքյալը քաջալերում է նրանց՝ հիշեցնելով Քրիստոսի չարչարանքները, մահը, հարությունը և խոստացված գալուստը: Նա հորդորում է բոլոր քրիստոնյաներին ապրել սուրբ կյանքով, հնազանդ լինել երկրային իշխանություններին և երբեք չկորցնել Տիրոջ արդար դատաստանի հույսը:
Երկրորդ թուղթը առաքյալի կտակն է, որով նա հորդորում է հավատացյալներին անսասան պահել հավատը և խուսափել սուտ վարդապետություններից: Այս նամակի գլխավոր գաղափարը Քրիստոսի երկրորդ գալուստն է, որը հապաղում է, քանզի Աստված կամենում է, որ բոլորն ապաշխարեն:


Հովհաննես առաքյալի Ա ընդհանրական թուղթը
68. թ. գրված այս նամակում Հովհաննես առաքյալը կոչ է անում քրիստոնյաներին հեռու մնալ Հիսուսի աստվածությունը մերժող հերձվածներից և քրիստոնեությանն անհարիր օտարամուտ գաղափարներից, ապրել սուրբ վարքով, քայլել լույսի մեջ, սիրել միմյանց և մխիթարվել հավիտենական երանության հույսով:


Հովհաննես առաքյալի Բ ընդհանրական թուղթը
Հովհաննեսի Բ և Գ նամակները առաքյալների ընդհանրական թղթերի մեջ բացառություն են կազմում այն առումով, որ հասցեագրված են որոշակի անձանց:
Այս թղթում Հովհաննես առաքյալն իրեն անվանում է երեց, իսկ նամակը հասցեագրում է ոմն Կյուրիայի և նրա որդիներին, որ, անտարակույս, վերաբերում է տեղական Եկեղեցիներից մեկին: Կոչ է անում հարատևել սիրո և ճշմարտության մեջ և զգուշանալ սուտ վարդապետներից:


Հովհաննես առաքյալի Գ ընդհանրական թուղթը
Առաքյալի այս թուղթը հասցեագրված է Գայոսին՝ Եկեղեցու առաջնորդներից մեկին: Հեղինակը դրվատում է նրան հավատարմության և մատուցած հոգևոր ծառայությունների համար, ինչպես նաև զգուշացնում է ոմն Դիոտրեփեսից:


Հուդա առաքյալի ընդհանրական թուղթը
Այս համառոտ ուղերձում, որ գրվել է հրեա քրիստոնյաների համար, Հուդա առաքյալը մերկացնում է կեղծ վարդապետներին նրանց պղծությունների, անառակության և Տիրոջ ու հրեշտակների դեմ ուղղված հայհոյանքների համար՝ նշելով, որ այդ ամենի դիմաց նրանք խստագույնս պիտի պատժվեն:



Հովհաննես առաքյալի Հայտնությունը
Նոր Կտակարանի, հետևաբար և Աստվածաշունչ Մատյանի վերջին գիրքը՝ գրված Պատմոս կղզի աքսորված Հովհաննես առաքյալի կողմից, մարգարեական է: Այն կազմված է տեսիլքներից ու հայտնություններից, լի է այլաբանությամբ և խորհրդանիշներով: Հոգևոր հափշտակության մեջ հեղինակը տեսնում է Տեր Հիսուս Քրիստոսին, Որը հրամայում է Իր հակիրճ ուղերձները հղել Փոքր Ասիայի 7 Եկեղեցիներին: Այնուհետև պատկերվում են աշխարհին սպասվող ապագա իրադարձությունները՝ չընդհատվող պայքարը բարի և չար ուժերի միջև, որն ավարտվում է սատանայի ու նրա ծառաների վերջնական պարտությամբ, երկնքի ու երկրի վերափոխմամբ և Աստծո Գառի ու Նրա հավատարիմների հավիտենական հաղթանակով: