SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ
id283Հավատո հանգանակը քրիստոնեական հավատի, նրա ողջ դավանության հակիրճ շարադրանքն է, որի հիմնական բովանդակությունը հաստատվել Նիկիայի առաջին տիեզերական ժողովում (325 թ.), այնուհետև վերահաստատվել և լրացվել է Կոստանդնուպոլսի երկրորդ տիեզերական ժողովում (381 թ.):
Հավատո հանգանակը պաշտոնապես ընդունում և խոստովանում են բոլոր առաքելական Եկեղեցիները:
Անսխալ ձևակերպված և սրբագործված դավանական ճշմարտությունների շնորհիվ այն դարեր շարունակ քրիստոնեությունը զերծ է պահում հոգևոր ճանաչողության մեջ էական անհամաձայնություններից՝ փարատելով շփոթություններն ու տարակարծությունները: Ուստի այն բոլոր քրիստոնեական Եկեղեցիների միության հիմքն է:
Հավատո հանգանակը դարձել է յուրաքանչյուր քրիստոնյայի հավատի անհատական և ընդհանրական խոստովանությունը: Այն ընթերցվում է մկրտության ժամանակ, ինչպես նաև պատարագի և Ճաշու ժամերգության անհրաժեշտ մասն է կազմում՝ հաջորդելով Ավետարանի ընթերցվածքին և իբրև ասերգ կատարվելով սարկավագի և ողջ հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ:
Միասնաբար խոստովանելով Հավատո հանգանակը՝ քրիստոնյաներն արտահայտում են Եկեղեցու անդամների միությունը, վերահաստատում նրա ուղղափառ վարդապետության իսկությունը:
Հավատի բարձրաձայն խոստովանությամբ քրիստոնյան հայտնում է իր լիակատար հավատարմությունը Աստծուն և ճշմարտության ծառա լինելու խոստումը, որը փրկության գրավականն է. «Արդարացման համար սրտով եք հավատում և փրկության համար՝ խոստովանում բերանով»,- ասում է Պողոս առաքյալը [Հռոմ. 10.10]: Մշտապես կրկնելով և հոգում տպավորելով Հավատո հանգանակի խոսքերը՝ հավատացյալն օրեցօր ամրապնդում է իր ուղղափառ հավատը և պատսպարվում Եկեղեցու դավանությանը հակասող աղանդավորական մոլորություններից:
Այն ասվում է հոտնկայս՝ դեմքով դեպի խորանը դարձած: Ասերգելիս, իբրև միասնության խորհրդանիշ, միացրած և ուղիղ պահած մատներով ափերը սեղմում են իրար՝ աջ բթամատը դնելով ձախի վրա:

Ձեռքերի դիրքը Հավատո հանգանակն ասելիս
Գծանկար՝ Խորեն Հակոբյանի

Հավատո հանգանակը կոչվում է նաև Հավատամք՝ ըստ իր գրաբարյան սկսվածքի, որ նշանակում է «հավատում ենք»:

«Հավատում ենք մի Աստծո՝ ամենակալ Հորը, երկնքի ու երկրի, երևելիների և աներևույթների Արարչին:
Եվ մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ միածին, այսինքն՝ Հոր էությունից. Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ՝ արարած: Նույն Ինքը՝ Հոր բնությունից, Որով ամեն ինչ եղավ երկնքում և երկրի վրա՝ երևելիներ և աներևույթներ: Որ մեզ՝ մարդկանց համար և հանուն մեր փրկության իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց սուրբ Կույս Մարիամից: Որով վերցրեց մարմինը, հոգին ու միտքը և ամեն ինչ, որ ունի մարդը՝ ճշմարտապես և ոչ կարծեցյալ կերպով: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք և նստեց Հոր աջ կողմում: Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մեռյալներին, Ում թագավորությունը չունի վախճան:
Հավատում ենք և Սուրբ Հոգուն՝ Անեղին և Կատարյալին, որ խոսեց Օրենքում, Մարգարեներում և Ավետարաններում. որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սրբերի մեջ:
Հավատում ենք նաև միայն մի ընդհանրական և առաքելական սուրբ Եկեղեցուն, մի մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի քավությանը և թողությանը, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին»:


Մենք հավատում ենք մի Աստծո. Աստված մի է, և Նրանից բացի չկա ուրիշ Աստված:
Նա վեր է մեր պատկերացումներից, սակայն Իր իսկ հայտնության շնորհիվ Նրան ճանաչում և անվանում ենք երկնավոր Հայր, կենդանի և ինքնագո, հավիտենական ու անփոփոխ, ամենատես ու ամենակարող, ամենողորմ և ամենօրհնյալ:
Աստված մի է, բայց միայնակ չէ, այլ՝ երեք Անձ մի բնությամբ՝ Սուրբ Երրորդություն: Հայրը, Որդին և Սուրբ Հոգին անվերջ սիրում են Միմյանց: Այդ սիրուց էլ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը՝ անտեսանելի և տեսանելի արարածներին: Այդ սիրով էլ նախախնամում և պահպանում է Նա ողջ արարչությունը:
Մենք հավատում և խոստովանում ենք, որ Սուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդի Աստված, ծնվել է Հորից բոլոր ժամանակներից առաջ՝ հավիտենության մեջ: Նա հավիտենապես Հոր հետ է, և Նրա ծնունդը ոչ թե արարվելով է, այլ՝ Հոր հետ համագոյությամբ, ինչպես արևից ծնվող լույսի ճառագայթը: Նա Հոր հետ մասնակից էր աշխարհի ստեղծմանը, և ոչինչ չի ստեղծվել առանց Նրա:
Մեր փրկության համար Նա իջավ երկնքից և Սուրբ Հոգով ծնվեց ս. Մարիամ Աստվածածնից: Նա մարդացավ՝ վերցնելով ոչ միայն մարդկային մարմինը, այլև հոգին, միտքը և ամեն ինչ՝ բացի մեղքից: Նա չարչարվեց՝ կամովին Իր վրա վերցնելով ողջ աշխարհի մեղքը, և Իր խաչելությամբ մեզ հաշտեցրեց Հոր հետ:
Հավատում և խոստովանում ենք, որ Քրիստոս Իր մահվան երրորդ օրը հարություն առավ, քանզի Նա, ըստ Իր իսկ խոսքի, իշխանություն ուներ Իր կյանքը տալու և վերստին այն առնելու: Նրա հարությունը խոստովանելով՝ արտահայտում ենք մեր լուսավոր հավատը աստվածապարգև շնորհի կենդանարար և հոգեղինացնող զորության նկատմամբ, ինչպես նաև կանխաճաշակում ենք չարիքի ու մահվան վերջնական պարտությունը:
Հավատում ենք, որ Քրիստոս նույն՝ հարություն առած մարմնով համբարձվեց, այսինքն՝ ելավ երկինք, և նստեց Հոր աջ կողմում: Այս խոսքերն արտահայտում են Քրիստոսի մեջ մարդկային բնության վերջնական և կատարյալ նորոգությունն ու աստվածացումը, մարդու ներթափանցումը Աստվածության անհունի մեջ:
Մենք հավատում ենք, որ նույն մարմնով և Հոր փառքով Նա գալու է աշխարհի վախճանին՝ իրականացնելու ահեղ դատաստանը, հաստատելու Իր կատարյալ արդարությունը և հավիտենական թագավորությունը:
Հավատում և խոստովանում ենք նաև Սուրբ Հոգուն, որ բխում է Հորից, համագո և փառակից է Հորն ու Որդուն, Նրանց պես անսկիզբ է ու անվախճան և երկրպագելի ու պաշտելի է իբրև Աստվածություն: Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ Քրիստոսի վրա Նրա մկրտվելու պահին և հրեղեն լեզուներով նստեց առաքյալների վրա հոգեգալստի ժամանակ: Նա բնակվում է բոլոր մկրտված քրիստոնյաների մեջ, պարգևում է աղոթքի և առաքինության շնորհներ և հոգեղինացնում է նրանց ողջ կյանքը եկեղեցական ծեսերի ու խորհուրդների միջոցով:
Մենք խոստովանում ենք նաև մեր հավատը սուրբ Եկեղեցու՝ նրա միության, սրբության, ընդհանրական և առաքելական լինելու նկատմամբ: Սրանով արտահայտում ենք մեր պատկանելությունը և որդեգրությունը Եկեղեցուն, որի մայրական ծոցում մշտապես նորոգվում և զորանում ենք՝ մարտնչելու աշխարհի չարիքի դեմ և ստանալու վերջնական հաղթության պսակը:
Մենք խոստովանում և հավատում ենք մի մկրտությանը՝ մեր հոգևոր ծննդին, որով մեկընդմիշտ որդեգրվում ենք Քրիստոսին և Եկեղեցուն: Հավատում ենք նաև ապաշխարությանը և Եկեղեցու մյուս խորհուրդներին, որոնցով անտեսանելիորեն քավվում են մեր հանցանքները, և բաշխվում նոր, աստվածահաճ կյանքով ապրելու շնորհներ:
Հավատում ենք նաև համընդհանուր հարությանը, ահեղ դատաստանին, երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին, որը ժառանգելու են բոլոր ճշմարիտ քրիստոնյաները:
Հավատո հանգանակի ավարտին սարկավագն ասում է հետևյալ նզովքը.

«Իսկ ովքեր ասում են, թե կար ժամանակ, երբ չկար Որդին, կամ կար ժամանակ, երբ չկար Սուրբ Հոգին, կամ թե՝ այլ էությունից են Աստծո Որդին և կամ Սուրբ Հոգին, և թե՝ փոփոխելի են կամ այլայլելի, այնպիսիներին նզովում է կաթողիկե և առաքելական սուրբ Եկեղեցին»:


Սրանով շեշտվում է, որ Քրիստոսի և Սուրբ Հոգու աստվածության մերժումը մեծագույն մոլորություն է և տանում է կորստյան: Ուստի նզովքին հաջորդում է Սուրբ Երրորդության ուղղափառ հավատի ամփոփ խոստովանությունը՝ երկրպագությամբ.

«Իսկ մենք երկրպագելով փառավորենք Սուրբ Երրորդությանը՝ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, որ առաջ է հավիտյաններից, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»: