SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ (335-394)
id114Ս. Գրիգոր Նյուսացին՝ 12 տիեզերական վարդապետներից մեկը, վարքագիրների կողմից կոչվել է Եկեղեցու սյուն և աղանդների հզոր հակառակորդ:
Նրա ավագ եղբայրը ս. Բարսեղ Կեսարացին է, որին ս. Գրիգոր Աստվածաբանը կոչել է Մովսես, իսկ իրեն Գրիգորին՝ Ահարոն:
Ս. Գրիգորը ծնվել է Նեոկեսարիա քաղաքում: Չափահաս դառնալով՝ նա ամուսնանում է և ձեռնադրվում քահանա: Գրիգորի առաքինի և պարկեշտ կինը օգնում էր նրան որպես սարկավագուհի: Կնոջ մահից հետո, մոտ 371 թ., նա ձեռնադրվում է Նյուսա քաղաքի եպիսկոպոս: Հետագայում, ուղղափառ եպիսկոպոսների դեմ ծավալված հալածանքների ժամանակ, նա աքսորվում է Վաղես կայսեր կողմից՝ արիոսականներին արիաբար հանդիմանելու պատճառով:
Ս. Գրիգոր Նյուսացին մասնակցել է Կոստանդնուպոլսի II տիեզերական ժողովին (381 թ.) և կարևոր դեր խաղացել այնտեղ: Եղել է Հայոց աշխարհում, ինչպես նաև Երուսաղեմում՝ այցելելով սուրբ վայրերը: Նրան գրեթե հավասար են համարում ս. Բարսեղ Կեսարացուն և ս. Գրիգոր Աստվածաբանին: Գրել է մեկնություններ, ներբողներ, ճառեր, թղթեր, հակաճառություններ: Նրա երկերից հատկապես կարևոր են Ժողովողի, ինչպես նաև Երգ երգոցի մեկնությունները: