русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ՆԱՒԷԻ ՈՐԴԻ ՅԵՍՈՒԻ ԳԻՐՔԸ


1
1 Տիրոջ ծառայ Մովսէսի վախճանուելուց յետոյ Տէրը խօսեց Մովսէսի օգնականի՝ Նաւէի որդի Յեսուի հետ եւ ասաց. 2 «Իմ ծառայ Մովսէսը վախճանուեց, հիմա վե՛ր կաց, անցի՛ր Յորդանան գետով քո ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալու եմ իսրայէլացիներին: 3 Այն բոլոր տեղերը, ուր ձեր ոտքերը կկոխեն, ձեզ պիտի տամ, ինչպէս որ ասել եմ Մովսէսին. 4 անապատը եւ Լեռնալիբանանը մինչեւ Եփրատ մեծ գետը, Քետացիների ամբողջ երկիրը մինչեւ արեւմուտքի վերջին ծովը ձեր սահմանները կլինեն: 5 Ոչ ոք դէմ չի կանգնի ձեզ քո կեանքի բոլոր օրերում: Ինչպէս Մովսէսի հետ էի, այդպէս կլինեմ նաեւ քեզ հետ, չեմ լքի քեզ եւ անտես չեմ անի: 6 Զօրացի՛ր եւ արիացի՛ր, որովհետեւ դու պիտի բաժին տաս այս ժողովրդին այն երկիրը, որ երդուեցի տալ քո հայրերին: 7 Արդ, զօրացի՛ր եւ շա՛տ քաջ եղիր, որպէսզի պահես եւ կատարես այն բոլոր օրէնքները, որ իմ ծառայ Մովսէսը քեզ պատուիրեց: Դրանցից չշեղուես աջ կամ ձախ, որ խելամտօրէն անես այն ամէնը, ինչ որ պիտի անես: 8 Այս օրէնքների գիրքը քո շուրթերից չհեռացնես, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածի՛ր, որպէսզի գիտենաս կատարել բոլոր դրա մէջ գրուածները. այն ժամանակ յաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս եւ խելամտօրէն կգործես: 9 Ահա պատուիրում եմ քեզ, զօրացի՛ր եւ արիացի՛ր, մի՛ վախեցիր եւ մի՛ երկնչիր, որովհետեւ քեզ հետ է քո Տէր Աստուածը ամէն տեղ, ուր էլ որ գնաս»: 10 Յեսուն պատուիրեց ժողովրդի վերակացուներին եւ ասաց. «Մտէ՛ք ժողովրդի բազմութեան մէջ եւ հրաման տալով ժողովրդին՝ ասացէ՛ք. 11 “Ձեզ համար պաշար պատրաստեցէ՛ք, որովհետեւ երեք օրից յետոյ դուք պիտի անցնէք Յորդանան գետով, որպէսզի մտնէք ու գրաւէք այն երկիրը, որ ձեր հայրերի Տէր Աստուածը տալու է ձեզ որպէս ժառանգութիւն”»: 12 Յեսուն խօսեց նաեւ Ռուբէնի, Գադի եւ Մանասէի կէս ցեղի հետ եւ ասաց. 13 «Յիշեցէ՛ք Տիրոջ խօսքը, որ պատուիրեց ձեզ նրա ծառայ Մովսէսը՝ ասելով. “Ձեր Տէր Աստուածը տեղաւորեց ձեզ եւ տուեց ձեզ այս երկիրը: 14 Ձեր կանայք, ձեր մանուկները եւ ձեր անասունները թող ապրեն այն երկրում, որ Մովսէսը Յորդանան գետի այս կողմում տուեց ձեզ: Բայց դուք զինուած՝ ձեր եղբայրների առա՛ջն անցէք եւ ամբողջ զօրութեամբ նրանց մարտակի՛ց եղէք, 15 մինչեւ որ ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրներին էլ ձեզ պէս տեղաւորի, եւ նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է նրանց: Ապա իւրաքանչիւրդ ե՛տ դարձէք ձեր ժառանգութեան երկիրը եւ ժառանգեցէ՛ք այն, որ Տիրոջ ծառայ Մովսէսը տուեց ձեզ Յորդանան գետի արեւելեան կողմում”»: 16 Նրանք պատասխան տալով՝ Յեսուին ասացին. «Ամէն ինչ, որ պատուիրում ես մեզ, կանենք եւ 17 կգնանք այն բոլոր տեղերը, ուր ուղարկում ես մեզ, ամէն բանում ինչպէս լսում էինք Մովսէսին, այդպէս կլսենք եւ քեզ, միայն թէ մեր Տէր Աստուածը քեզ հետ լինի, ինչպէս որ Մովսէսի հետ էր: 18 Այն մարդը, որ անհնազանդ կլինի քեզ եւ չի լսի քո խօսքերը, ինչ էլ որ հրամայես նրան, նա կսպանուի. միայն թէ դու զօրացի՛ր եւ արիացի՛ր»:

2
1 Նաւէի որդի Յեսուն Սատիմից երկու երիտասարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար եւ ասաց. «Գնացէք լրտեսեցէ՛ք այն երկիրը եւ Երիքովը»: Գնացին երկու երիտասարդները եւ եկան Երիքով ու մտնելով Ռահաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ այնտեղ օթեւանեցին: 2 Երիքովի թագաւորին լուր տուեցին եւ ասացին. «Այս գիշեր այստեղ իսրայէլացիներից մարդիկ են մտել երկիրը լրտեսելու»: 3 Երիքովի թագաւորը մարդ ուղարկեց, որ Ռահաբին ասի. «Գիշերը քեզ մօտ եկած եւ տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետեւ եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»: 4 Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց, խօսեց նրանց հետ եւ ասաց. «Ինձ մօտ մարդիկ մտան, բայց ես չգիտէի, թէ որտեղից են: 5 Առաւօտեան աղջամուղջին, դարպասները փակուելու ժամանակ, այդ մարդիկ դուրս եկան, եւ չգիտեմ, թէ ուր գնացին: Շուտ հետապնդեցէ՛ք նրանց, գուցէ հասնէք»: 6 Իսկ ինքը նրանց հանեց կտուրը եւ թաքցրեց վուշի խրձերի տակ, որ դիզել էր կտուրի վրայ: 7 Մարդիկ Յորդանան գետի հունով մինչեւ գետանցը նրանց ետեւից ընկան, եւ դարպասը փակուեց, երբ հետապնդողներն ընկան նրանց ետեւից: 8 Նրանք դեռ չէին քնել, որ կինը նրանց մօտ՝ կտուրը ելաւ եւ ասաց. 9 «Գիտեմ, որ Տէրն այս երկիրը ձեզ է տուել, որովհետեւ ձեր ահն ընկել է մեզ վրայ, եւ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել, 10 քանի որ մենք լսել ենք, թէ ինչպէս Տէրը Կարմիր ծովը ցամաքեցրեց ձեր առաջ, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից, եւ թէ ինչ արեցիք դուք ամորհացիների երկու թագաւորներին՝ Յորդանան գետի այն կողմում գտնուող Սեհոնին եւ Օգին, որոնց սպանեցիք: 11 Երբ մենք լսեցինք, զարհուրեցին մեր սրտերը, եւ մեզնից ոչ մէկի մէջ շունչ չի մնացել ձեր պատճառով, որովհետեւ ձեր Տէր Աստուածն Աստուած է երկնքում՝ վերեւում, եւ երկրի վրայ՝ ներքեւում: 12 Հիմա երդուեցէ՛ք ինձ Տէր Աստծով, որ ինչպէս ես եմ ձեզ ողորմութիւն անում, այդպէս էլ դուք ողորմութիւն կանէք իմ հօր տան նկատմամբ: 13 Ինձ մի ճշմարիտ նշան տուէ՛ք, որ ողջ կթողնէք իմ հօր ընտանիքը՝ իմ մօրը, իմ եղբայրներին եւ քոյրերին, ու այն ամէնը, ինչ ունեն նրանք, եւ կազատէք ինձ մահից»: 14 Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք ձեր փոխարէն թող մեռնենք, միայն թէ մեր մասին այս բաները չպատմէք»: Եւ կինն ասաց. «Երբ Տէրն այս քաղաքը ձեր ձեռքը յանձնի, ինձ ողորմութի՛ւն արէք եւ ինձ հետ արդա՛ր վարուեցէք»: 15 Եւ պարանով կախեց իջեցրեց նրանց պատուհանից, որովհետեւ նրա տունը պարսպի մէջ էր, եւ ինքն էլ բնակւում էր պարսպի մէջ: 16 Նա ասաց նրանց. «Լեռների վրայով գնացէ՛ք, որպէսզի խուսափէք ձեզ փնտրողներից: Երեք օր թաքնուեցէ՛ք այնտեղ, մինչեւ որ ձեզ փնտրողները ետ դառնան, եւ յետոյ գնացէ՛ք ձեր ճանապարհով»: 17 Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք ազատ կլինենք այդ երդումից, որով մեզ երդուեցրիր. 18 երբ մենք մտնենք քաղաքը, դու այս կարմիր պարանը որպէս նշան կդնես եւ կկապես այն պատուհանից, որից մեզ իջեցրիր, եւ քո հօրը, մօրը, եղբայրներին եւ քո հօր ամբողջ ընտանիքը կհաւաքես քեզ մօտ՝ այս տանը: 19 Ով որ քո տնից դուրս գայ, ինքը թող իր համար պատասխանատու լինի, մենք ազատ կլինենք քեզ տուած մեր երդումից: Ով քեզ հետ քո տանը լինի, մենք պատասխանատու կլինենք, եթէ մէկի ձեռքը դիպչի նրան: 20 Իսկ եթէ մէկը վնասի մեզ, կամ յայտնես մեր այս գործը, մենք ազատ կլինենք քեզ տուած մեր երդումից»: 21 Եւ կինն ասաց. «Թող լինի ձեր ասածի պէս, թող այդպէս լինի»: Արձակեց նրանց, եւ նրանք գնացին: Եւ նա կարմիր նշանը կապեց պատուհանին: 22 Նրանք գնացին եւ եկան լեռնակողմը եւ այնտեղ մնացին երեք օր, մինչեւ որ փնտրողները ետ դարձան: Փնտրողները հետախուզեցին ամբողջ ճանապարհը, բայց չգտան նրանց: 23 Երկու երիտասարդները ետ դարձան, իջան սարից, անցնելով այն կողմ՝ հասան Նաւէի որդի Յեսուի մօտ եւ պատմեցին իրենց հետ պատահած բոլոր դէպքերը: 24 Նրանք ասացին Յեսուին, թէ՝ «Տէր Աստուած այդ ամբողջ երկիրը մատնել է մեր ձեռքը, եւ այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»:

3
1 Յեսուն առաւօտեան վաղ վեր կացաւ, եւ ինքն ու բոլոր իսրայէլացիները մեկնեցին Սատիմից, եկան մինչեւ Յորդանան գետը եւ գետանցումից առաջ բանակատեղի դրեցին այնտեղ: 2 Երեք օր յետոյ վերակացուներն անցան բանակատեղիի միջով 3 եւ պատուէր տուեցին ժողովրդին՝ ասելով. «Երբ տեսնէք ձեր Տէր Աստծոյ ուխտի տապանակը, այն տանող ղեւտացիներին ու մեր քահանաներին, դուք էլ ելէ՛ք ձեր տեղերից եւ գնացէ՛ք տապանակի յետեւից: 4 Բայց ձեր եւ նրանց միջեւ երկու հազար կանգունի չափ հեռաւորութիւն պիտի լինի: Կանգնեցէ՛ք եւ մի՛ մօտեցէք նրան, որպէսզի իմանաք այն ճանապարհը, որով պիտի գնաք, որովհետեւ երէկուայ եւ նախորդ օրուայ ճանապարհով չէք գնալու»: 5 Եւ Յեսուն ասաց ժողովրդին. «Մաքրուեցէ՛ք առաւօտեան, որովհետեւ Տէրը վաղը ձեր մէջ զարմանահրաշ գործեր է անելու»: 6 Յեսուն խօսեց քահանաների հետ ու ասաց. «Առէ՛ք Տիրոջ ուխտի տապանակը եւ գնացէ՛ք ժողովրդի առջեւից»: Քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը եւ գնացին ժողովրդի առջեւից: 7 Տէրն ասաց Յեսուին. «Այսօր կսկսեմ քեզ մեծարել բոլոր իսրայէլացիների առաջ, որպէսզի իմանան, թէ, ինչպէս որ Մովսէսի հետ էի, այդպէս կլինեմ եւ քեզ հետ: 8 Հիմա պատուիրի՛ր ուխտի տապանակը տանող քահանաներին եւ ասա՛. “Երբ որ մտնէք Յորդանան գետի եզերքի ջրի մէջ, կանգնեցէ՛ք այնտեղ”»: 9 Եւ Յեսուն ասաց իսրայէլացիներին. «Մօտեցէ՛ք այստեղ եւ լսեցէ՛ք մեր Տէր Աստծոյ պատգամները»: 10 Յեսուն ասաց. «Դրանով դուք կիմանաք, որ կենդանի Տէրը ձեր մէջ է, եւ որ նա իսպառ ոչնչացնելու է ձեր առաջից քանանացիներին, քետացիներին, խեւացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին եւ յեբուսացիներին: 11 Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը ձեր առջեւից պիտի անցնի Յորդանան գետով: 12 Հիմա դուք իսրայէլացիներից ընտրեցէ՛ք տասներկու մարդ՝ ամէն ցեղից մի մարդ, 13 եւ երբ ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաների ոտքերը մտնեն Յորդանան գետի ջրի մէջ, վերեւից իջնող ջուրը կկտրուի, կկանգնի ինչպէս քարակոյտ»: 14 Երբ ժողովուրդը Յորդանան գետն անցնելու համար դուրս ելաւ վրաններից, քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը եւ տարան ամբողջ ժողովրդի առաջից: 15 Երբ ուխտի տապանակը կրող քահանաները մտնում էին Յորդանան գետը, եւ տապանակը կրող քահանաների ոտքերը խրուեցին Յորդանան գետի ջրի մէջ – մինչ Յորդանան գետը գալիս էր ափէափ լցուած, ինչպէս ցորենի հնձի օրերին – 16 վերեւից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձոյլ, անջրպետուած, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտէս քաղաքից, որը Կարիաթարիմի մասն է. իսկ ցած իջնող ջրերը թափուեցին Արաբացիների ծովը՝ Աղի ծովը, մինչեւ որ իսպառ կտրուեցին, եւ ժողովուրդն արդէն կանգնած էր Երիքովի դիմաց: 17 Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները հաստատ կանգնեցին Յորդանան գետի հունի մէջ՝ ցամաքի վրայ: Եւ բոլոր իսրայէլացիներն անցան ցամաքով, մինչեւ որ ամբողջ ժողովուրդն աւարտեց Յորդանան գետի անցումը:

4
1 Երբ ամբողջ ժողովուրդն աւարտեց Յորդանան գետի անցումը, Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց. 2 «Ա՛ռ դու ժողովրդից տասներկու մարդ՝ ամէն ցեղից մի մարդ, 3 հրամա՛ն տուր նրանց ու ասա՛. “Այդտեղից՝ Յորդանան գետի միջից, հաստատ կանգնած քահանաների ոտնատեղերից տասներկու քարեր առէ՛ք, տարէ՛ք ձեզ հետ եւ դրէ՛ք ձեր այն բանակատեղիում, որտեղ իջեւանելու էք այս գիշեր”»: 4 Եւ Յեսուն տասներկու փառաւոր իսրայէլացիներ կանչեց՝ իւրաքանչիւր ցեղից մէկ մարդ, 5 եւ նրանց ասաց. «Իմ աչքի առաջ մօտեցէ՛ք Տիրոջը յանդիման՝ Յորդանան գետի մէջտեղում, եւ ամէն մէկդ այնտեղից Իսրայէլի ցեղերի թուի համեմատ մի քար վերցրէ՛ք ձեր ուսերին, 6 որպէսզի դրանք ձեզ համար միշտ նշան լինեն: Երբ վաղը ձեր որդիները ձեզ հարցնեն եւ ասեն՝ “Ի՞նչ են նշանակում այս քարերը ձեզ համար”, 7 դուք ձեր որդիներին կպատմէք եւ կասէք, թէ՝ “Յորդանան գետի ջրերը կտրուեցին ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակի առջեւ, երբ այն անցնում էր Յորդանան գետով. Յորդանան գետի ջուրը կտրուեց”: Այս քարերը յաւիտեան յիշատակ թող լինեն իսրայէլացիների մէջ»: 8 Եւ իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս Տէրը պատուիրեց Յեսուին: Առնելով տասներկու քարեր Յորդանան գետի միջից, ինչպէս Տէրը հրամայել էր Յեսուին իսրայէլացիների անցնելուց յետոյ, դրանք իրենց հետ տարան բանակատեղի եւ դրեցին այնտեղ: 9 Յեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Յորդանան գետի մէջ՝ այնտեղ, ուր ոտք էին դրել Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաները. եւ մինչեւ այսօր դրանք այնտեղ են: 10 Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաները կանգնեցին Յորդանան գետի մէջտեղում, մինչեւ որ Յեսուն աւարտեց հաղորդել այն ամէնը, որ Տէրը Յեսուին պատուիրել էր ժողովրդին ասելու, ճիշտ այնպէս, ինչպէս Մովսէսը պատուիրել էր Յեսուին: Եւ ժողովուրդը շտապեց ու անցաւ գետը: 11 Երբ ամբողջ ժողովուրդն անցաւ, Տիրոջ ուխտի տապանակն ու տասներկու քարերը տանողները անցան ժողովրդի առաջ: 12 Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը սպառազինուած անցան իսրայէլացիների գլուխը, ինչպէս պատուիրել էր նրանց Մովսէսը: 13 Կռուի պատրաստ քառասուն հազար սպառազինեալներ անցան Տիրոջ առջեւ՝ պատերազմելու Երիքով քաղաքի դէմ: 14 Այդ օրը Տէրը մեծարեց Յեսուին Իսրայէլի ամբողջ ազգի առաջ. նրանից վախենում էին, ինչպէս որ վախենում էին Մովսէսից նրա կենդանութեան բոլոր օրերին: 15 Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց. 16 «Հրամա՛ն տուր վկայութեան ուխտի տապանակը տանող քահանաներին, որ դուրս գան Յորդանան գետից»: 17 Եւ Յեսուն հրաման տուեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկէք Յորդանան գետից»: 18 Երբ Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները դուրս եկան Յորդանան գետի միջից, եւ քահանաները ոտք դրեցին ցամաքի վրայ, Յորդանան գետի ջուրը յետ իր տեղը դարձաւ եւ հոսեց իր ամբողջ հունով, ինչպէս երէկ եւ նախորդ օրը: 19 Ժողովուրդը Յորդանան գետից դուրս եկաւ առաջին ամսի տասներորդ օրը, եւ իսրայէլացիներն իջեւանեցին Գաղգաղայում՝ Երիքովի արեւելեան կողմում: 20 Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Յորդանան գետից, Յեսուն կանգնեցրեց Գաղգաղայում: 21 Նա ասաց իսրայէլացիներին. «Երբ վաղը ձեր որդիները հարցնեն եւ ասեն՝ “Այս ի՞նչ քարեր են”, 22 ասացէ՛ք ձեր որդիներին, որ Իսրայէլը ցամաքով անցաւ Յորդանան գետով, 23 երբ մեր Տէր Աստուածը ցամաքեցրեց Յորդանան գետի ջուրը նրանց առաջ, մինչեւ որ անցան: 24 Այսպէս արեց մեր Տէր Աստուածը Կարմիր ծովում. մեր Տէր Աստուածն այն ցամաքեցրեց մեր առաջ, մինչեւ որ անցանք, 25 որպէսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ մեծ է Տիրոջ զօրութիւնը, եւ դուք միշտ պաշտէք մեր Տէր Աստծուն»:

5
1 Ամորհացիների բոլոր թագաւորները, որոնք Յորդանան գետի այն կողմում էին՝ ծովեզերքին, եւ փիւնիկեցիների թագաւորները, որոնք ծովեզերքին էին, երբ լսեցին, թէ Տէր Աստուած նրանց գետանցման ժամանակ իսրայէլացիների առաջ ցամաքեցրել է Յորդանան գետը, նրանք սրտամաշ եղան, զարհուրեցին, եւ նրանց մէջ խոհականութիւն չմնաց իսրայէլացիների պատճառով: 2 Այն ժամանակ Տէրը Յեսուին ասաց. «Գայլախազ քարից դանակ շինիր եւ նստիր, կրկին թլփատիր իսրայէլացիներին»: 3 Եւ Յեսուն գայլախազէ դանակներ շինեց եւ թլփատեց իսրայէլացիներին այն վայրում, որ կոչւում էր Անթլփատների բլուր: 4 Եւ այդպէս Յեսուն թլփատեց այն իսրայէլացիներին, որոնք ճանապարհին էին ծնուել Եգիպտոսից դուրս գալուց յետոյ եւ բնաւ չէին թլփատուել. բոլորին էլ թլփատեց Յեսուն: Ահա այս բազմութեանն է, որ թլփատեց Յեսուն՝ Եգիպտոսից դուրս եկած ամբողջ ժողովրդի արու մանուկներին: Բոլոր պատերազմող մարդիկ մեռան անապատում՝ Եգիպտոսից իրենց դուրս գալու ճանապարհին: 5 Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատուած էր: Եգիպտոսից դուրս գալուց յետոյ ճանապարհին ծնուած բազմութիւնը 6 (քանի որ իսրայէլացիները քառասուներկու տարի շրջել էին Աբդարի անապատում), այդ բազմութիւնից շատերը՝ Եգիպտոսից դուրս եկած պատերազմիկներ, որոնք չէին հնազանդուել Աստծոյ պատուիրաններին, անթլփատ էին: Նրանց համար Տէրը որոշեց, որ նրանք չպիտի տեսնեն այն երկիրը, որ երդուել էր նրանց հայրերին, թէ կտայ նրանց, մի երկիր, ուր կաթ եւ մեղր է բխում: 7 Եւ նրանց փոխարէն տարաւ նրանց որդիներին, որոնց թլփատեց Յեսուն: Նրանք անթլփատ էին, քանի որ ճանապարհին չէին թլփատուել: 8 Երբ ամբողջ ժողովուրդը թլփատուեց, հանգիստ առնելով մնացին բանակատեղիում, մինչեւ որ ապաքինուեցին: 9 Եւ Տէրն ասաց Յեսուին. «Այսօր ձեզ վրայից վերացրի եգիպտացիների նախատինքը»: Եւ այդ տեղն անուանեց Գաղգաղա. այդպէս է կոչւում մինչեւ այսօր: 10 Այնտեղ իջեւանեցին իսրայէլացիները: Իսրայէլացիները Երիքովի արեւելեան կողմում գտնուող դաշտում ամսի տասնչորսերորդ օրը, իրիկնադէմին, Զատիկ արեցին: 11 Եւ առաւօտեան այդ երկրի ցորենից բաղարջ եւ աղանձ կերան: 12 Այդ օրը, այդ երկրի ցորենից ուտելուց յետոյ, մանանան դադարեց, եւ իսրայէլացիները այլեւս մանանայ չգտան: Եւ այդ տարի նրանք հաւաքեցին փիւնիկեցիների երկրի պտուղը: 13 Եւ մինչ Յեսուն Երիքովում էր, նա, բարձրացնելով իր աչքերը, տեսաւ իր առաջ կանգնած մի մարդու, որի ձեռքին մերկացրած սուր կար: Յեսուն մօտեցաւ եւ ասաց նրան. «Մեզնի՞ց ես, թէ՞ մեր թշնամիներից»: 14 Նա ասաց. «Ես Տիրոջ զօրքի զօրավարն եմ եւ հիմա եկայ»: 15 Յեսուն երեսնիվայր գետնին ընկաւ, երկրպագեց եւ ասաց նրան. «Տէ՛ր, ի՞նչ հրաման կտաս քո ծառային»: 16 Տիրոջ զօրավարն ասաց Յեսուին. «Հանի՛ր կօշիկները քո ոտքերից, որովհետեւ քո կանգնած տեղը սուրբ է»: Եւ Յեսուն այդպէս արեց:

6
1 Երիքովն ամուր փակուած եւ ամրացուած էր իսրայէլացիների պատճառով, ոչ ոք դուրս չէր գալիս այնտեղից եւ ոչ ոք չէր մտնում: 2 Տէրը Յեսուին ասաց. «Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մէջ գտնուող թագաւորին եւ զօրաւոր քաջերին: 3 Բայց դուք, երբ լսէք եղջերափողի ձայնը, բոլոր մարտիկներդ շեփորներով շրջապատեցէ՛ք քաղաքը: Երբ փողերը հնչեցնէք, բոլոր պատերազմող մարդիկդ քաղաքի շուրջը պտոյտ տուէ՛ք օրական մէկ անգամ: Այսպէս արէ՛ք վեց օր: 4 Եօթ քահանայ թող առնեն տանեն տօնական եղջերափողերը տապանակի առջեւից: Եօթերորդ օրը քաղաքի շուրջը պտոյտ տուէ՛ք եօթ անգամ, քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը, 5 եւ առհասարակ ամբողջ ժողովուրդը թող աղաղակի: Երբ նրանք աղաղակեն, քաղաքի պարիսպներն իրենք իրենց հիմնայատակ կկործանուեն, ամբողջ ժողովուրդը կմտնի քաղաք՝ ամէն մէկն ընթանալով ուղիղ իր դիմաց»: 6 Նաւէի որդի Յեսուն գնաց քահանաների մօտ եւ ասաց նրանց. «Առէ՛ք ուխտի տապանակը, եւ եօթ քահանաներ, եօթ տօնական եղջերափողեր առած, թող գնան Տիրոջ տապանակի առջեւից»: 7 Նա նրանց ասաց. «Կարգադրեցէ՛ք ժողովրդին, որ գնան, պտոյտ տան քաղաքի շուրջը: Մարտիկները զինուած գնան Տիրոջ տապանակի առջեւից, 8 եօթ նուիրական շեփորներ կրող քահանաները նոյնպէս թող անցնեն Տիրոջ ուխտի տապանակի առաջ եւ ուժգին հնչեցնեն փողերը: Տիրոջ ուխտի տապանակը թող գնայ նրանց ետեւից, 9 մարտիկները թող ընթանան առջեւից, իսկ քահանաները եւ եղջերափողերը հնչեցնողները, որպէս վերջապահներ, թող գնան Տիրոջ տապանակի ետեւից՝ հնչեցնելով եղջերափողերը»: 10 Իսկ ժողովրդին Յեսուն պատուիրեց եւ ասաց. «Մի՛ աղաղակէք, թող ոչ ոք չլսի ձեր ձայնը, եւ ոչ մի խօսք դուրս չգայ ձեր բերանից մինչեւ այն օրը, երբ ես ինքս ազդարարեմ ձեզ աղաղակել, եւ ապա կաղաղակէք»: 11 Տիրոջ ուխտի տապանակը, պտտուելով քաղաքի շուրջը, գնաց նորից բանակատեղի եւ իջեւանեց այնտեղ: 12 Երկրորդ օրն առաւօտեան Յեսուն վեր կացաւ, քահանաները վերցրին Տիրոջ տապանակը, 13 եօթ քահանաներն առան եօթ նուիրական փողերը եւ ընթացան Տիրոջ ուխտի տապանակի առջեւից: Քահանաները հնչեցրին փողերն ու մնացեալ ամբողջ բազմութեան հետ վերադարձան բանակատեղի. ապա Տիրոջ ուխտի տապանակի ետեւից անցան մարտիկներն ու մնացած ամբոխը. գնում եւ հնչեցնում էին եղջերափողերը: 14 Երկրորդ օրն էլ մէկ անգամ մօտիկից պտտուեցին քաղաքի շուրջը եւ դարձեալ եկան բանակատեղի: Այդպէս արեցին վեց օր: 15 Իսկ եօթերորդ օրը լուսաբացին վեր կացան եւ նոյն ձեւով քաղաքի շուրջը պտտուեցին եօթ անգամ: 16 Եօթերորդ անգամ պտտուելիս քահանաները հնչեցրին փողերը, եւ Յեսուն ասաց իսրայէլացիներին. «Հիմա աղաղակեցէ՛ք, որովհետեւ Տէրն այս քաղաքը մեր ձեռքը մատնեց: 17 Քաղաքն ու նրա մէջ եղած ամէն ինչ նզովուած պիտի լինի Զօրութիւնների Տիրոջից: Ազատեցէ՛ք միայն պոռնիկ Ռահաբին եւ այն ամէնը, ինչ նրա տանը կայ, որովհետեւ նա թաքցրեց մեր ուղարկած լրտեսներին: 18 Բայց դուք զգուշացէ՛ք նզովքից. չլինի թէ ցանկանաք մի բան առնել այդ նզովուածից. իսրայէլացիների բանակատեղին նզովքի կենթարկէք եւ կկործանէք մեզ: 19 Ամբողջ ոսկին, արծաթը, պղինձը եւ երկաթը Տիրոջ սրբութիւնը պիտի լինեն եւ Տիրոջ գանձարանը պիտի մտնեն»: 20 Եւ ժողովուրդն աղաղակեց, ու քահանաները հնչեցրին փողերը: Երբ ժողովուրդը լսեց փողի ձայնը, բոլորն աղաղակեցին մեծ եւ ուժգին աղաղակով, պարիսպն ընկաւ շուրջանակի, եւ ժողովուրդը բարձրացաւ մտաւ քաղաք՝ ամէն մէկն ընթանալով ուղիղ իր դիմաց: Քաղաքը գրաւեցին եւ նզովեցին այն: 21 Ինչ որ կար քաղաքում՝ տղամարդ թէ կին, երիտասարդ թէ ծեր, արջառ, ոչխար եւ էշ, բոլորին սրի քաշեցին: 22 Երկիրը լրտեսող երկու երիտասարդներին Յեսուն ասաց. «Մտէ՛ք այն պոռնիկ կնոջ տունը եւ, ինչպէս որ երդուել էք, հանէք այնտեղից նրան ու այն ամէնը, ինչ որ նա ունի»: 23 Եւ երկու երիտասարդները, որոնք լրտեսել էին քաղաքը, մտան այն կնոջ տունը, հանեցին պոռնիկ Ռահաբին, ինչպէս նաեւ նրա հօրը, մօրը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցուածքն ու նրա ամբողջ ազգատոհմին եւ կանգնեցրին նրանց Իսրայէլի բանակատեղիից դուրս: 24 Քաղաքն ու նրա մէջ եղած ամէն ինչ այրուեց հրով, բացի ոսկուց, արծաթից, պղնձից եւ երկաթից, որ Տիրոջ գանձարանը մտցրին: 25 Պոռնիկ Ռահաբին, նրա հօրենական տունը եւ նրա ամբողջ ունեցուածքը փրկեց Յեսուն: Ռահաբը բնակւում է Իսրայէլի մէջ մինչեւ այսօր, որովհետեւ թաքցրեց այն լրտեսներին, որոնց Յեսուն այն օրն ուղարկել էր Երիքովը լրտեսելու: 26 Յեսուն այդ օրը նզովեց Երիքովը եւ ասաց. «Տիրոջ առաջ անիծեալ լինի այն մարդը, որ կվերականգնի եւ կշինի Երիքով քաղաքը, իր անդրանիկ որդու վրայ նրա հիմքերը կդնի ի գին իր անդրանիկ որդու եւ նրա պարսպի դարպասները կկանգնեցնի ի գին իր կրտսեր որդու: Այդպէս էլ արեց Ազան Բեթէլացին. իր անդրանիկի՝ Աբիրոնի վրայ դրեց նրա հիմքերը եւ Ազատուածի՝ կրտսերի վրայ կանգնեցրեց նրա դարպասները»: 27 Տէրը Յեսուի հետ էր, եւ նրա անունը տարածուեց ամբողջ երկրում:

7
1 Բայց իսրայէլացիները յանցանք գործեցին եւ գողացան նզովուած բաներից: Յուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քարմիի, եւ սա՝ որդին Զամբրիի, իսկ սա՝ որդին Զարայի, առաւ նզովուած բաներից, եւ Տէրը սաստիկ բարկացաւ իսրայէլացիների վրայ: 2 Յեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որ Բեթէլի դիմաց է, եւ ասաց նրանց. «Լրտեսեցէ՛ք Գային»: Այդ մարդիկ գնացին, լրտեսեցին Գային, 3 ետ դարձան Յեսուի մօտ ու ասացին. «Այս ամբողջ ժողովուրդը թող չգնայ, այլ երկու կամ երեք հազարի չափ մարդիկ թող գնան եւ պաշարեն քաղաքը: Մի՛ տար այնտեղ ամբողջ ժողովրդին, որովհետեւ նրանք քիչ են»: 4 Եւ ժողովրդից մօտ երեք հազար մարդիկ գնացին այնտեղ, բայց փախան Գայիի մարդկանց առջեւից: 5 Գայիի մարդիկ նրանցից երեսունվեց մարդու կոտորեցին եւ նրանց հալածեցին դարպասի առաջից, վիրաւորեցին զառիվայրի վրայ, մինչեւ որ ջարդեցին նրանց: Ժողովրդի սիրտը դողաց, եւ նրանք ասես ջուր դարձան: 6 Յեսուն պատռեց իր զգեստները, երեսի վրայ ընկաւ գետնին Տիրոջ տապանակի առաջ, եւ ինքն ու Իսրայէլի ծերերը այդպէս մնացին մինչեւ երեկոյ եւ իրենց գլխի վրայ հող ցանեցին: 7 Յեսուն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, Տէ՛ր, ինչո՞ւ քո ծառան այս ժողովրդին անցկացրեց Յորդանան գետից, որ սրանց մատնես ամորհացիներին եւ կործանես մեզ: Երանի՜ թէ այնտեղ՝ Յորդանան գետի եզերքին մնացած ու բնակուած լինէինք: 8 Օ՜հ, Տէ՛ր, հիմա ես ի՞նչ անեմ, երբ Իսրայէլն իր վիզը ծռել է իր թշնամիների առաջ: 9 Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչներն, այդ լսելով, կպաշարեն եւ կջնջեն մեզ երկրի երեսից: Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անուան համար»: 10 Եւ Տէրը Յեսուին ասաց. «Վե՛ր կաց, ինչո՞ւ ես ընկել երեսիդ վրայ: 11 Ժողովուրդը մեղք գործեց, դրժեց իմ ուխտը, որ ուխտեցի նրանց, նրանք գողացան առան նզովուած բաներից, ստեցին եւ դրեցին իրենց ամանների մէջ: 12 Իսրայէլացիներն այլեւս չեն կարող կանգնել իրենց թշնամիների առաջ, այլ թիկունք կդարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետեւ նզովք դարձան: Այլեւս ձեզ հետ չեմ լինի, քանի այդ նզովուածը չէք վերացնի ձեր միջից: 13 Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին. սրբագործել կտաս առաւօտեան: Այսպէս է ասում Տէր Աստուած իսրայէլացիներին. իսրայէլացինե՛ր, նզովք կայ ձեր մէջ, դուք չէք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչեւ որ նզովքը ձեր միջից չվերացնէք: 14 Առաւօտեան հաւաքուեցէ՛ք ամէնքդ ձեր ցեղերով. այն ցեղը, որին ցոյց կտայ Տէրը, մօտեցրէ՛ք տոհմերով, այն տոհմը, որին ցոյց կտայ Տէրը, մօտեցրէ՛ք տներով, եւ այն տունը, որին ցոյց կտայ Տէրը, մօտեցրէ՛ք իր մարդկանցով, 15 եւ ով որ մեղադրուի նզովուածը գողանալու մէջ, թող հրով այրուի ինքը, իր ամբողջ տունը եւ այն ամէնը, ինչ որ նա ունի, որովհետեւ նա դրժել է Տիրոջ ուխտը եւ անիրաւութիւն է արել Իսրայէլի մէջ»: 16 Եւ Յեսուն առաւօտ կանուխ վեր կացաւ, ներկայացրեց ժողովրդին ըստ իրենց ցեղերի, եւ մեղադրուեց Յուդայի ցեղը: 17 Յուդայի ցեղը ներկայացաւ տոհմերով, եւ մեղադրուեց Զարայի տոհմը: Զարայի տոհմը ներկայացաւ տներով, եւ մեղադրուեց Զամբրիի տունը: 18 Նրա տունը ներկայացաւ իր մարդկանցով, եւ մեղադրուեց Յուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քամրիի, եւ սա՝ որդին Զամբրիի, իսկ սա՝ որդին Զարայի: 19 Յեսուն Աքարին ասաց. «Որդեա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Իսրայէլի Տէր Աստծուն, խոստովանի՛ր եւ պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, եւ մի՛ թաքցրու ինձնից»: 20 Աքարը պատասխան տուեց եւ ասաց Յեսուին. «Արդարեւ, ես մեղք գործեցի Իսրայէլի Տէր Աստծոյ առաջ եւ այս բանը արեցի. 21 աւարի մէջ տեսայ մի գեղեցիկ նկարազարդ վերարկու, երկու հարիւր սիկղ արծաթ եւ մի ձուլակտոր ոսկի, որի ծանրութիւնը յիսուն սիկղ էր, սաստիկ ցանկացայ եւ առայ դրանք: Ահա դրանք թաքցուած են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը թաքցուած է դրանց տակ»: 22 Յեսուն պատգամաւորներ ուղարկեց, նրանք գնացին բանակատեղի՝ դէպի վրանը. դրանք պահուած էին այնտեղ՝ նրա վրանում, իսկ արծաթը դրանց տակ էր: 23 Նրանք հանեցին դրանք վրանից, բերեցին Յեսուի եւ Իսրայէլի ծերերի մօտ եւ դրեցին Տիրոջ առաջ: 24 Յեսուն, նրա հետ եւ բոլոր իսրայէլացիները վերցրին Զարայի որդի Աքարին, նրա որդիներին եւ դուստրերին, նրա արջառը, էշը, նրա բոլոր ոչխարները, բոլոր վրանները, նրա ամբողջ ունեցուածքը եւ բերեցին Աքորի ձորը: 25 Յեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր, Տէրն այսօր քեզ կկործանի»: Եւ բոլոր իսրայէլացիները նրան քարկոծեցին քարերով ու նրա ունեցուածքը այրեցին հրով, քարկոծեցին նրա իւրայիններին եւ դիզեցին նրանց վրայ մեծ քարակոյտ, որ կայ մինչեւ այսօր: Եւ իջաւ Տիրոջ սաստիկ բարկութիւնը: Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքորի ձոր, եւ այդպէս է կոչւում մինչեւ այսօր:

8
1 Տէրը Յեսուին ասաց. «Մի՛ վախեցիր եւ մի՛ զարհուրիր, քեզ հետ վերցրո՛ւ բոլոր պատերազմող մարդկանց եւ վեր կաց գնա՛ դէպի Գայի: Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագաւորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը եւ նրա երկիրը: 2 Գայիի եւ նրա թագաւորի հետ վարուի՛ր այնպէս, ինչպէս վարուեցիր Երիքովի եւ նրա թագաւորի հետ. կողոպտի՛ր նրա աւարը եւ անասունները: Քաղաքի ետեւի կողմից դարանակալներ կարգի՛ր»: 3 Յեսուն եւ ամբողջ պատերազմող ժողովուրդը վեր կացան, որ գնան Գայիի վրայ: Յեսուն երեսուն հազար զօրաւոր մարդ ընտրեց եւ նրանց ուղարկեց գիշերով: 4 Նա նրանց պատուիրեց՝ ասելով. «Տեսէ՛ք, դուք դարանամուտ պիտի լինէք քաղաքի ետեւի կողմից: Քաղաքից շատ մի՛ հեռացէք, եւ ամէնքդ պատրա՛ստ եղէք: 5 Ես եւ ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմօտենանք քաղաքին, եւ երբ Գայիի բնակիչները մեր դէմ դուրս գան, ինչպէս առաջին անգամ, կփախչենք նրանց առաջից: 6 Երբ ելնեն մեր ետեւից, կհեռացնենք նրանց այդ քաղաքից, եւ նրանք կասեն. “Փախան մեր առջեւից ինչպէս առաջին անգամ”: 7 Երբ փախչենք նրանց առջեւից, դուք ելէ՛ք դարանից, մտէ՛ք քաղաք եւ հարուածեցէ՛ք քաղաքին, եւ Իսրայէլի Տէր Աստուածը նրանց մեր ձեռքը կյանձնի: 8 Երբ առնէք քաղաքը, այրեցէ՛ք այն կրակով: Կանէք այնպէս, ինչպէս ձեզ պատուիրեցի»: 9 Յեսուն նրանց ուղարկեց, նրանք գնացին դէպի դարանը, մտան թաքնուեցին Բեթէլի եւ Դանի միջեւ՝ Գայիի ծովահայեաց կողմից: Այն գիշեր Յեսուն ժողովրդի մէջ մնաց: 10 Առաւօտը վաղ վեր կենալով՝ Յեսուն աչքի անցկացրեց ժողովրդին, եւ ինքն ու Իսրայէլի ծերերը ժողովրդի առաջից դուրս ելան Գայիի դէմ: 11 Ամբողջ պատերազմող զօրքը ելաւ նրանց հետ: Նրանք եկան քաղաքի դիմաց արեւելեան կողմից, իսկ քաղաքի դարանակալները ծովի կողմում էին, եւ բանակ դրեցին Գայիի հիւսիսային կողմում: Նրանց ու Գայիի միջեւ մի ձոր կար: 12 Եւ Յեսուն, առնելով հինգ հազար մարդ, նրանց դարան մտցրեց Բեթաւի եւ Գայիի ծովի միջեւ, 13 իսկ ժողովրդին ու ամբողջ բանակը տեղաւորեց քաղաքի հիւսիսային կողմում: Նրանց վերջապահ զօրքը քաղաքի ծովահայեաց կողմում էր: Յեսուն այդ գիշերն անցկացրեց ձորում: 14 Երբ Գայիի թագաւորն այս տեսաւ, առաւօտեան շտապ վեր կացաւ եւ ելաւ նրանց դէմ: Քաղաքի մարդիկ, ինքը եւ ամբողջ ժողովուրդն այն ժամանակ պատերազմի գնացին Արաբի դիմաց գտնուող ձորը՝ Իսրայէլի դէմ: Բայց Գայի թագաւորը չգիտէր, որ իր համար քաղաքի ետեւի կողմում դարան են պատրաստել: 15 Երբ Յեսուն տեսաւ, կրկին ետ դարձաւ, եւ բոլոր իսրայէլացիները նրանց առաջից փախան անապատի ճանապարհով: 16 Գայիի թագաւորը երկրի ամբողջ ժողովրդին շտապեցրեց, որ հետապնդեն նրանց. եւ նրանք հետապնդելով գնացին իսրայէլացիների ետեւից ու հեռացան քաղաքից: 17 Գայիում ու Բեթէլում մարդ չմնաց, որ իսրայէլացիներին հետապնդելու գնացած չլինէր. քաղաքը թողեցին բաց եւ յարձակուեցին իսրայէլացիների վրայ: 18 Տէրը Յեսուին ասաց. «Մեկնի՛ր ձեռքիդ նիզակը դէպի քաղաքը, որովհետեւ քո ձեռքն եմ մատնել այն, եւ դարանակալները թող շտապ դուրս գան իրենց տեղից»: Յեսուն մեկնեց իր ձեռքում եղած նիզակը դէպի քաղաքը: 19 Դարանակալները վեր կացան իրենց տեղից, եւ հէնց որ նա ձեռքը մեկնեց, ելան, մտան քաղաքը, գրաւեցին այն եւ քաղաքն անմիջապէս այրեցին հրով: 20 Գայիի բնակիչները ետ նայելով տեսան, որ քաղաքի ծուխը մինչեւ երկինք է ելնում: Նրանք չէին կարող փախչել այս կամ այն կողմ, իսկ ժողովուրդը, որ թաքնուած էր անապատում, յարձակուեց հետապնդողների վրայ: 21 Երբ Յեսուն եւ ամբողջ ժողովուրդը տեսան, որ դարանակալները գրաւեցին քաղաքը, եւ քաղաքի ծուխը մինչեւ երկինք է հասնում, նորից կրնկի վրայ ետ դարձան եւ հարուածեցին Գայիի մարդկանց: 22 Միւսները քաղաքից դուրս եկան նրանց ընդառաջ, եւ Գայիի մարդիկ մնացին բանակի մէջտեղը: Իսրայէլացիների մի մասը այն կողմից, միւսները այս կողմից այնքան հարուածեցին Գայիի զինուորներին, մինչեւ որ նրանցից ազատուող եւ փախչող չմնաց: 23 Իսկ Գայիի թագաւորին ձերբակալեցին եւ բերեցին Յեսուի մօտ: 24 Երբ իսրայէլացիները դադարեցին բոլոր գայիցիներին կոտորելուց, ոմանց դաշտերում, ոմանց լեռներում՝ զառիվայրի վրայ, մինչեւ այնտեղ, ուր հալածել էին նրանց, եւ ամէնքը սրակոտոր եղան իսպառ, Յեսուն շրջուեց դէպի Գայի եւ սրի քաշեց նրա բոլոր բնակիչներին: 25 Այդ օրն ընկածները՝ տղամարդ եւ կին, տասներկու հազար էին՝ Գայիի բոլոր բնակիչները: 26 Յեսուն նիզակ մեկնած ձեռքը ետ չքաշեց, մինչեւ որ բնաջնջեց Գայիի բոլոր բնակիչներին, 27 բացի անասուններից եւ քաղաքի աւարից, որ կողոպտեցին իսրայէլացիները՝ Տիրոջ՝ Յեսուին տուած հրամանի համաձայն: 28 Յեսուն քաղաքը կրակով այրեց եւ այն դարձրեց հողաբլուր, որ յաւիտեան անշէն մնաց մինչեւ այսօր: 29 Իսկ Գայիի թագաւորին կախեց երկճիւղ ծառից, եւ նա մնաց ծառից կախուած մինչեւ երեկոյ: Եւ արեւը մայր մտնելու ժամանակ Յեսուն հրամայեց, նրան իջեցրին ծառից, գցեցին մի փոսի մէջ՝ քաղաքի դարպասի մօտ, եւ նրա վրայ քարերի կոյտ դիզեցին, որ կայ մինչեւ այսօր: 30 Այն ժամանակ Յեսուն Իսրայէլի Տէր Աստծոյ համար զոհասեղան շինեց Գեբաղ լեռան վրայ, 31 ինչպէս պատուիրել էր Տիրոջ ծառայ Մովսէսը իսրայէլացիներին, որ գրուած է Մովսէսի օրէնքի գրքում, զոհասեղան ամբողջական քարերից, որոնց երկաթ չէր դիպել, եւ այնտեղ Տիրոջ համար ողջակէզ եւ փրկութեան զոհ մատուցեց: 32 Իսրայէլացիների առաջ այդ քարերի վրայ Յեսուն գրեց Մովսէսի երկրորդ օրէնքը: 33 Բոլոր իսրայէլացիները, նրանց ծերերը, դատաւորները եւ օրէնսգէտները գնում էին տապանակի դիմացից՝ այս ու այն կողմից, թէ՛ օտարականը եւ թէ՛ բնիկը: Ղեւտացի քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը: Ուղեկցողների կէսը Գարիզին լեռան մօտ էր, կէսը՝ Գեբաղ լեռան մօտ, ինչպէս առաջ պատուիրել էր Տիրոջ ծառայ Մովսէսը, որ ժողովրդին օրհնեն: 34 Ապա Յեսուն կարդաց այս օրէնքի բոլոր խօսքերը, օրհնութիւններն ու անէծքները, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքի գրքում: 35 Այն բոլորից, որ Մովսէսը պատուիրել էր Յեսուին, չկար մի խօսք, որ Յեսուն չկարդար Իսրայէլի ամբողջ ժողովրդի՝ տղամարդկանց, կանանց, մանուկների եւ Իսրայէլի մէջ եղած օտարականների առաջ:

9
1 Երբ Յորդանան գետի այն կողմի ամորհացիների բոլոր թագաւորները՝ լեռնայինները, դաշտայինները, ե՛ւ նրանք, որ մեծ ծովի ամբողջ եզերքին էին, ե՛ւ նրանք, որ Լեռնալիբանանի մօտ էին, նաեւ քետացիները, ամորհացիները, գերգեսացիները, քանանացիները, փերեզացիները, խեւացիները, յեբուսացիները լսեցին, 2 ամէնքը միասին եկան պատերազմ մղելու Յեսուի եւ իսրայէլացիների դէմ: 3 Բայց Գաբաւոնի բնակիչները, լսելով, թէ ինչ է արել Յեսուն Երիքովին եւ Գայիին, 4 իրենք էլ խորամանկութիւն արեցին. եկան պաշարով եւ պատրաստութեամբ՝ իրենց ուսերի վրայ հնացած քուրձեր, մաշուած, պատառոտուն եւ կարկատած գինու տիկեր դրած: 5 Նրանց կօշիկների կարերը քանդուած էին, նրանց ոտքերի հողաթափները հնացած եւ կարկատած էին, նրանց վրայի զգեստները հնացած էին, եւ նրանց հացի պաշարը չորացած եւ բորբոսնած էր: 6 Նրանք եկան Յեսուի մօտ՝ իսրայէլացիների բանակատեղին, Գաղգաղա, եւ Յեսուին ու բոլոր իսրայէլացիներին ասացին. «Հեռու երկրից ենք եկել, արդ, մեզ հետ դաշի՛նք կնքեցէք»: 7 Իսկ իսրայէլացիներն ասացին քոռացիներին. «Գուցէ մեզ մօտիկ էք բնակւում, ձեզ հետ ինչպէ՞ս դաշինք կնքենք»: 8 Նրանք ասացին Յեսուին. «Մենք քո ծառաներն ենք»: Յեսուն նրանց ասաց. «Ո՞վ էք եւ որտեղի՞ց էք եկել»: 9 Նրանք ասացին. «Շատ հեռու երկրից են եկել քո ծառաները յանուն քո Տէր Աստծոյ, որովհետեւ լսեցինք նրա անունը եւ այն, ինչ նա արել է Եգիպտոսում, 10 եւ այն, ինչ նա արել է Յորդանան գետի այն կողմի ամորհացիների երկու թագաւորներին՝ Եսեբոնի Սեհոն թագաւորին եւ Բասանի Օգ թագաւորին, որ բնակւում էր Աստարոթում եւ Եդրայինում: 11 Մեր ծերերը եւ մեր երկրի բոլոր բնակիչները խօսեցին մեզ հետ եւ ասացին. “Ձեզ համար ճանապարհի պաշար առէ՛ք, գնացէ՛ք նրանց ընդառաջ եւ ասացէ՛ք նրանց. "Մենք ձեր ծառաներն ենք, արդ, մեզ հետ դաշինք կնքեցէք"”: 12 Այն օրը, որ մենք ելանք մեր տներից եւ եկանք ձեզ մօտ, մեր այս հացի պաշարը դեռ տաք էր, իսկ հիմա չորացել եւ բորբոսնել է, 13 այս տիկերը, որ լցրինք գինիով, նոր էին, բայց պատռուեցին, մեր շորերը եւ կօշիկները մաշուեցին շատ երկար ճանապարհից»: 14 Իսրայէլի իշխաններն առան նրանց պաշարը, բայց Տիրոջը չհարցրին: 15 Յեսուն նրանց հետ խաղաղութիւն հաստատեց եւ ուխտեց, որ ողջ կպահի նրանց. ժողովրդի իշխաններն էլ երդուեցին նրանց: 16 Նրանց հետ դաշինք կնքելուց երեք օր յետոյ լսեցին, որ նրանք դրացիներ են եւ իրենց մօտ են բնակւում: 17 Իսրայէլացիները ճանապարհ ընկան եւ երրորդ օրը հասան նրանց քաղաքները: Նրանց քաղաքներն էին Գաբաւոնը, Կեփիրոնը, Բերոթը եւ Յարիմի քաղաքները: 18 Իսրայէլացիները չպատերազմեցին նրանց դէմ, որովհետեւ ժողովրդի բոլոր իշխանները Իսրայէլի Տէր Աստծով երդուել էին նրանց. եւ ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դէմ: 19 Իշխաններն ասացին ժողովրդին. «Մենք Իսրայէլի Տէր Աստծով երդուել ենք եւ չենք կարող խաբել նրանց: 20 Հիմա այսպէս անենք. ողջ թողնենք նրանց, պահպանենք, որ մեզ վրայ բարկութիւն չգայ այն երդման համար, որ տուեցինք նրանց»: 21 Իշխաններն ասացին նրանց. «Թող ապրեն եւ ամբողջ ժողովրդի համար լինեն փայտահատներ եւ ջրկիրներ»: Եւ նրանք եղան փայտահատներ ու ջրկիրներ, ինչպէս որ իշխաններն ասացին նրանց: 22 Յեսուն նրանց բոլորին կանչեց, խօսեց նրանց հետ եւ ասաց. «Ինչո՞ւ խաբեցիք ինձ եւ ասացիք՝ “Ձեզնից շատ հեռու ենք”, մինչդեռ դուք մեր գաւառի բնակիչներ էք: 23 Հիմա դուք անիծուած էք եւ ինձ ու իմ Աստծոյ համար միշտ պիտի մնաք փայտահատ եւ ջրկիր ծառայ»: 24 Նրանք պատասխան տուեցին եւ ասացին Յեսուին. «Մեզ լուր հասաւ եւ յայտնի եղաւ, որ քո Տէր Աստուածը իր ծառայ Մովսէսին հրամայել է, որ այս երկիրը ձեզ տայ եւ մեզ ու այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջ բնաջնջի, ուստի մենք խիստ վախեցանք ձեզնից եւ այդ բանն արեցինք: 25 Հիմա ձեր ձեռքի տակ ենք, վարուեցէ՛ք այնպէս, ինչպէս հաճելի է ձեզ եւ ինչպէս կամենում էք»: 26 Եւ նրանց հետ վարուեցին այսպէս. այն օրը Յեսուն նրանց ազատեց իսրայէլացիների ձեռքից, եւ չկոտորեցին նրանց: 27 Այն օրը նրանց փայտահատներ ու ջրկիրներ կարգեց ամբողջ ժողովրդի եւ Տիրոջ զոհասեղանի համար, եւ մինչեւ այսօր նրանք ծառայում են այդպէս այն տեղում, որ Տէրը կընտրի:

10
1 Երբ Երուսաղէմի թագաւոր Ադոնիբեզեկը լսեց, որ Յեսուն գրաւել է Գային ու կործանել այն, եւ ինչպէս Երիքովի ու նրա թագաւորի հետ էր վարուել, այդպէս էլ վարուել է Գայիի ու նրա թագաւորի հետ, եւ թէ Գաբաւոնի բնակիչներն անձնատուր են եղել Յեսուին ու իսրայէլացիներին եւ նրանց մէջ մնացել, 2 խիստ զարհուրեցին ինքն ու իր ժողովուրդը, որովհետեւ գիտէին, որ Գաբաւոնը մեծ քաղաք է, ինչպէս որեւէ թագաւորանիստ մայրաքաղաք: Դա Գայիից մեծ էր, եւ նրա բոլոր մարդիկ զօրաւոր էին: 3 Երուսաղէմի թագաւոր Ադոնիբեզեկը մարդ ուղարկեց Քեբրոնի թագաւոր Ելամի, Յերիմութի թագաւոր Քերամի, Լաքիսի թագաւոր Յեփիէի եւ Օդողոմի թագաւոր Դաբիրի մօտ ու ասաց. 4 «Բարձրացէք եկէ՛ք ինձ մօտ եւ օգնեցէ՛ք ինձ, որ պատերազմենք Գաբաւոնի դէմ, որովհետեւ անձնատուր են եղել Յեսուին եւ իսրայէլացիներին»: 5 Եւ յեբուսացիների հինգ թագաւորները՝ Երուսաղէմի թագաւորը, Քեբրոնի թագաւորը, Յերիմութի թագաւորը, Լաքիսի թագաւորը եւ Օդողոմի թագաւորը, իրենց ամբողջ ժողովրդով հաւաքուեցին եկան, բանակ դրեցին Գաբաւոնի շուրջը եւ պաշարեցին այն: 6 Գաբաւոնի բնակիչները մարդ ուղարկեցին Յեսուի մօտ Իսրայէլի բանակատեղի՝ Գաղգաղա, եւ ասացին. «Մի՛ լքիր քո ծառաներին, շուտ մեզ մօտ ե՛կ, մեզ ազատի՛ր եւ մեզ օգնի՛ր, որովհետեւ ամորհացիների բոլոր թագաւորները, որ բնակւում են լեռնակողմում, կուտակուել են մեր դէմ»: 7 Յեսուն իր ամբողջ պատերազմող զօրքի ու բոլոր նրանց հետ, ովքեր զօրաւոր էին, ելաւ Գաղգաղայից: 8 Տէրը Յեսուին ասաց. «Չվախենաս նրանցից, որովհետեւ նրանց քո ձեռքն եմ մատնելու, եւ նրանցից ոչ մէկը չի դիմանայ ձեր առաջ»: 9 Ամբողջ գիշերը Գաղգաղայից գալով՝ Յեսուն յանկարծակի յարձակուեց նրանց վրայ: 10 Տէրը իսրայէլացիների ահը գցեց նրանց մէջ եւ Գաբաւոնում մեծ ջարդ տուեց նրանց. նրանց հալածեցին Բեթորոնի զառիվայրի ճանապարհին եւ կոտորեցին նրանց մինչեւ Ազեկա եւ Մակեդա: 11 Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին իսրայէլացիների առաջից, Տէրը նրանց վրայ երկնքից կարկտի քարեր թափեց մինչեւ Ազեկա: Կարկտի քարերից մեռածներն աւելի շատ էին, քան նրանք, որոնց իսրայէլացիները պատերազմում սրով կոտորեցին: 12 Այն օրը, երբ Տէր Աստուած ամորհացիներին մատնեց իսրայէլացիների ձեռքը, երբ նրանց կոտորեց Գաբաւոնում, եւ նրանք ջախջախուեցին Իսրայէլի առաջ, Յեսուն խօսեց Տիրոջ հետ եւ ասաց. «Թող արեգակը կանգնի Գաբաւոնի դիմաց, իսկ լուսինը՝ Ելոնի ձորի դիմաց»: 13 Եւ արեգակն ու լուսինը կանգնեցին իրենց տեղում, մինչեւ որ Աստուած նրանց թշնամիներից վրէժն առաւ: Չէ՞ որ այս գրուած է Ուղիղի գրքում: Եւ արեգակը կանգնեց երկնքի մէջտեղում եւ չշարժուեց դէպի արեւմուտք մէկ ամբողջ օր: 14 Այսպիսի օր չէր եղել ո՛չ առաջ, ո՛չ յետոյ, որ Աստուած լսէր մարդու ձայնը, որովհետեւ Տէրն Իսրայէլի հետ միասին պատերազմեց: 15 Ապա Յեսուն եւ նրա հետ բոլոր իսրայէլացիները ետ դարձան բանակատեղի՝ Գաղգաղա: 16 Այն հինգ թագաւորները փախան Մակեդա եւ թաքնուեցին քարայրի մէջ: 17 Իմաց տուեցին Յեսուին եւ ասացին. «Հինգ թագաւորները գտնուեցին Մակեդայում՝ քարայրի մէջ թաքնուած»: 18 Յեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծամեծ քարեր գլորեցէ՛ք եւ նրանց վրայ մարդիկ կարգեցէ՛ք, որ հսկեն նրանց: 19 Բայց դուք մի՛ դադարէք ձեր թշնամիներին հետապնդելուց, հասէ՛ք նրանց վերջապահներին եւ մի՛ թոյլ տուէք, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետեւ Տէր Աստուած նրանց մատնեց մեր ձեռքը»: 20 Երբ Յեսուն եւ բոլոր իսրայէլացիները դադարեցին մեծ կոտորածով նրանց իսպառ բնաջնջելուց, եւ նրանցից ազատուածները մտան ամրացուած քաղաքները, 21 ամբողջ ժողովուրդը ողջ-առողջ վերադարձաւ բանակատեղի՝ Յեսուի մօտ, Մակեդա: Եւ ոչ ոք չյանդգնեց խօսել իսրայէլացիների դէմ: 22 Եւ Յեսուն ասաց. «Բացէ՛ք քարայրը եւ այնտեղից հանէ՛ք, բերէ՛ք ինձ մօտ այն հինգ թագաւորներին»: 23 Այդպէս էլ արեցին. հինգ թագաւորներին՝ Երուսաղէմի թագաւորին, Քեբրոնի թագաւորին, Յերիմութի թագաւորին, Լաքիսի թագաւորին եւ Օդողոմի թագաւորին, քարայրից հանեցին ու տարան նրա մօտ: 24 Երբ նրանց տարան Յեսուի մօտ, Յեսուն կանչեց բոլոր իսրայէլացիներին, իր հետ գնացած առաջամարտիկներին եւ ասաց նրանց. «Մօտեցէ՛ք եւ ձեր ոտքերը դրէ՛ք նրանց պարանոցների վրայ»: Նրանք մօտեցան եւ իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրայ: 25 Յեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցէք նրանցից եւ մի՛ զարհուրէք, արիացէ՛ք եւ զօրացէ՛ք, որովհետեւ Տէրն այսպէս պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի մարտնչէք»: 26 Ապա Յեսուն նրանց սպանեց եւ նրանց հինգին էլ կախեց ծառերից, եւ նրանք կախուած մնացին ծառերից մինչեւ երեկոյ: 27 Արեւամուտին Յեսուն հրամայեց, եւ նրանց իջեցրին ծառերից, գցեցին այն քարայրի մէջ, որտեղ թաքնուել էին. եւ քարայրի մուտքին գլորեցին մեծամեծ քարեր, որոնք կան մինչեւ այսօր: 28 Այդ օրը գրաւեցին նաեւ Մակեդան, սրի քաշեցին այն ու նրա թագաւորին, բնաջնջեցին այն եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց, ոչ մի ազատուած կամ փախստական չմնաց նրանցից: Յեսուն Մակեդայի թագաւորի հետ էլ վարուեց այնպէս, ինչպէս վարուել էր Երիքովի թագաւորի հետ: 29 Յեսուն, նրա հետ նաեւ բոլոր իսրայէլացիները Մակեդայից գնացին Լեբնա եւ պաշարեցին Լեբնան: 30 Տէրը մատնեց այն իսրայէլացիների ձեռքը, եւ Յեսուն նուաճեց այն ու նրա թագաւորին, սրի քաշեց այն ու նրա մէջ եղած բոլոր մարդկանց, նրա մէջ ոչ մի ազատուած եւ փախստական չմնաց: Նրա թագաւորի հետ վարուեց այնպէս, ինչպէս վարուել էր Երիքովի թագաւորի հետ: 31 Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Լեբնայից գնաց Լաքիս, բանակատեղի դրեց նրա շուրջը եւ պաշարեց այն: 32 Տէրը Լաքիսն Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ երկրորդ օրը Յեսուն գրաւեց այն, սրի քաշեց եւ բնաջնջեց այն, ինչպէս որ Լեբնայի հետ էր վարուել: 33 Այն ժամանակ Գազերի Ելամ թագաւորը ելաւ օգնելու Լաքիսին, բայց Յեսուն սրի քաշեց նրան ու նրա զօրքերին այնպէս, որ նրանցից ոչ մի ազատուած եւ փախստական չմնաց: 34 Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Լաքիսից մեկնեց Օդողոմ, բանակատեղի դրեց նրա շուրջը եւ պաշարեց այն: Տէրը մատնեց Օդողոմն Իսրայէլի ձեռքը, 35 եւ Յեսուն այն օրը գրաւեց ու սրի քաշեց այն: Նրա մէջ եղած բոլոր մարդկանց այն օրը կոտորեցին, ինչպէս որ վարուել էին Լաքիսի հետ: 36 Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Օդողոմից գնաց Քեբրոն ու բանակ դրեց նրա շուրջը: 37 Գրաւեցին ու սրակոտոր արեցին այն, նրա թագաւորին եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց. նրա մէջ ապրող ոչ մէկը չազատուեց: Նրա հետ վարուեցին այնպէս, ինչպէս վարուել էին Օդողոմի հետ. բոլոր բնակիչներին սպանեցին ու նրա մէջ եղած ամէն ինչ ոչնչացրին: 38 Ապա Յեսուն եւ ամբողջ Իսրայէլը շրջուեցին դէպի Դաբիր եւ շրջապատելով 39 գրաւեցին այն, գերեվարեցին նրա թագաւորին եւ նրա ամբողջ զօրքը, սրակոտոր արեցին ամբողջ քաղաքը, բնաջնջեցին այն եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց. ոչ մէկին ողջ չթողեցին: Ինչպէս վարուել էին Քեբրոնի հետ եւ ինչպէս վարուել էին Լեբնայի ու նրա թագաւորի հետ, այդպէս էլ վարուեցին Դաբիրի եւ նրա թագաւորի հետ: 40 Յեսուն հարուածեց ամբողջ լեռնային երկրին, Նագեբին եւ դաշտային երկրներին, Ասեդոթին եւ նրա բոլոր թագաւորներին: Նրանցից ոչ մէկին ողջ չթողեց, բոլոր բնակիչներին սպանեց, ինչպէս Իսրայէլի Տէր Աստուածն էր պատուիրել: 41 Յեսուն կոտորեց նրանց Կադէսբառնեայից մինչեւ Գազա, Գոսոմի ամբողջ երկիրը մինչեւ Գաբաւոն: 42 Նրանց բոլոր թագաւորներին եւ նրանց երկիրը Յեսուն նուաճեց միաժամանակ, քանի որ Իսրայէլի Տէր Աստուածը կռւում էր իսրայէլացիների հետ միասին: 43 Եւ Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ ետ դարձաւ բանակատեղի՝ Գաղգաղա:

11
1 Երբ Ասորի Յաբին թագաւորն այս բաները լսեց, մարդ ուղարկեց Մառոնի թագաւոր Յոբաբի, Սեմերոնի թագաւորի, Աքիփայի թագաւորի 2 եւ այն թագաւորների մօտ, որոնք մեծ Սիդոնի լեռներում եւ Քեներեթի դիմաց Ռաբաթում էին՝ դաշտերում եւ Նաբեթդորում, 3 արեւելեան կողմից ծովեզրեայ քանանացիների, ծովեզրեայ ամորհացիների, քետացիների, փերեզացիների, լեռնաբնակ յեբուսացիների եւ Ահերմոնի տակ Մասեփայում ապրող խեւացիների մօտ: 4 Նրանք իրենց թագաւորների ու ծովափի աւազի չափ բազմաքանակ զօրքերի հետ ճամփայ ելան: Նրանք չափազանց շատ ձիեր ու կառքեր ունէին: 5 Հաւաքուեցին այս բոլոր թագաւորները, եկան միասին եւ մէկտեղ բանակ դրեցին Մառոնի ջրի մօտ, որ պատերազմեն Իսրայէլի դէմ: 6 Տէրը Յեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, քանի որ վաղը այս ժամին ես նրանց բոլորին փախուստի պիտի մատնեմ իսրայէլացիների առաջ. նրանց ձիերին ջղակտոր կանես, նրանց կառքերը հրով կայրես»: 7 Յեսուն ու նրա հետ ամբողջ պատերազմող զօրքը Մառոնի ջրի մօտ յանկարծակի նրանց դէմ գնացին եւ լեռնակողմում ընկան նրանց վրայ: 8 Տէրը նրանց Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ կոտորելով նրանց՝ հալածեցին մինչեւ մեծ Սիդոն, մինչեւ Մասրեփոթմայիմ եւ մինչեւ Մասեփայի դաշտն արեւելքում: Կոտորեցին նրանց, մինչեւ որ նրանցից ոչ մի ազատուած մարդ չմնաց: 9 Յեսուն նրանց հետ այնպէս վարուեց, ինչպէս որ Տէրը պատուիրել էր նրան. նրանց ձիերը ջղակոտոր արեց եւ նրանց կառքերը հրով այրեց: 10 Այն ժամանակ Յեսուն ետ դարձաւ եւ գրաւեց Ասորը եւ նրա թագաւորին, սպանեց նրան, որովհետեւ Ասորն առաջ այն բոլոր թագաւորութիւնների գլուխն էր: 11 Նրա մէջ եղած բոլոր մարդկանց սրակոտոր արեցին, բնաջնջեցին բոլորին, նրա մէջ ոչ մի շնչաւոր էակ չմնաց: Ասորն էլ կրակով այրեցին: 12 Այդ թագաւորութիւնների բոլոր քաղաքներն ու նրանց թագաւորներին գերեց Յեսուն, նրանց սրի քաշեց եւ բնաջնջեց, ինչպէս որ իրենց հրամայել էր Տիրոջ ծառայ Մովսէսը: 13 Բայց հողաբլուրների վրայ եղած բոլոր քաղաքները չայրեցին իսրայէլացիները, այլ միայն Ասորը, որ Յեսո՛ւն այրեց: 14 Նրա ամբողջ աւարն ու անասունները իսրայէլացիները կողոպտեցին, բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչեւ որ բնաջնջեցին նրանց եւ ոչ մի շնչաւոր էակ չթողեցին: 15 Ինչպէս Տէրը հրամայել էր իր ծառայ Մովսէսին, եւ ինչպէս Մովսէսը պատուիրել էր Յեսուին, այդպէս արեց Յեսուն եւ ոչ մի բան զանց չարեց այն ամէնից, ինչ նրան պատուիրել էր Մովսէսը: 16 Յեսուն նուաճեց այն ամբողջ երկիրը, լեռնակողմը եւ ամբողջ Նագեբ երկիրը, ամբողջ Գոսոմ երկիրը, դաշտային եւ արեւմտեան կողմը, Իսրայէլի լեռն ու նրա հովիտը, որ լեռան մօտ է, 17 Աքել սարից մինչեւ Սուրի ելքը, մինչեւ Բաալգադ եւ Լիբանանի դաշտավայրերը՝ Ահերմոնի ստորոտում, նրանց բոլոր թագաւորներին նա բռնեց եւ կոտորեց: 18 Այդ բոլոր թագաւորների դէմ Յեսուն շատ օրեր պատերազմ մղեց, 19 եւ չկար մի քաղաք, որ Տէրը իսրայէլացիների ձեռքը մատնած չլինէր, բացի Գաբաւոնում բնակուող խեւացիներից. Յեսուն բոլորին նուաճեց պատերազմով: 20 Արդարեւ, Տէրն էր, որ կարծրացրեց նրանց սրտերը, եւ նրանք պատերազմով դիմաւորեցին Իսրայէլին, որպէսզի չմեռնեն, Տէրը չողորմի նրանց, այլ բնաջնջուեն, ինչպէս որ Տէրն ասել էր Մովսէսին: 21 Այն ժամանակ Յեսուն եկաւ եւ Քեբրոնի ու Դաբիրի լեռնակողմում, Անոբի եւ Իսրայէլի բոլոր լեռներում եւ Յուդայի երկրի բոլոր լեռներում կոտորեց ենակիմներին, ոչնչացրեց նրանց իրենց քաղաքներով հանդերձ: Այո՛, Յեսուն կոտորեց նրանց, 22 եւ իսրայէլացիների երկրում ենակիմներից ոչ ոք չմնաց. մնացին միայն Գազայում, Գեթում եւ Ասեդոթում: 23 Յեսուն նուաճեց ամբողջ երկիրը, ինչպէս որ Տէրը պատուիրել էր Մովսէսին, եւ որպէս ժառանգութիւն տուեց Իսրայէլին բաժիններով՝ ըստ նրանց ցեղերի: Եւ երկիրը դադարեց պատերազմելուց:

12
1 Սրանք են այն թագաւորները, որոնց կոտորեցին Մովսէսն ու իսրայէլացիները եւ որոնց երկիրը ժառանգեցին Յորդանան գետից այն կողմ՝ դէպի արեւմուտք, Առնոնի ձորից մինչեւ Ահերմոն լեռը եւ ամբողջ Արաբան՝ արեւելեան կողմից. 2 ամորհացիների թագաւոր Սեհոնը, որը բնակւում էր Եսեբոնում եւ տիրում էր Արոյերից մինչեւ Առնոնի ձորը՝ ձորաբերանը, Գաղաադի կէսին, մինչեւ Յաբոկի հեղեղատը, որ ամոնացիների սահմաններում է, 3 եւ Արաբային՝ մինչեւ Քեներեթի ծովը արեւելեան կողմից, մինչեւ Արաբայի ծովը, այսինքն՝ Աղի ծովը, արեւելքից՝ Ասեմոթի ճանապարհով դէպի Թեման, եւ հարաւից՝ այն տեղերին, որ Ասեդոթ Փասգայի ստորոտում են: 4 Բասանի Օգ թագաւորը, որը հսկաների ցեղից էր մնացել եւ որը բնակւում էր Աստարոթում եւ Եդրայինում, տիրում էր 5 Ահերմոն լեռանը, Սելքային եւ ամբողջ Բասանին՝ մինչեւ Գեսուրի սահմանները, Մաքաթիին եւ Գաղաադի կէսին՝ մինչեւ Եսեբոնի Սեհոն թագաւորի սահմանները: 6 Տիրոջ ծառայ Մովսէսը եւ իսրայէլացիները ջարդեցին սրանց, եւ Տիրոջ ծառայ Մովսէսը որպէս ժառանգութիւն այն տուեց Ռուբէնի եւ Գադի ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին: 7 Սրանք են ամորհացիների թագաւորները, որոնց կոտորեցին Յեսուն եւ իսրայէլացիները Յորդանան գետի այն կողմում՝ Գաղաադի ծովեզրին, Լիբանանի դաշտում մինչեւ Ալոկ լեռը, որ բարձրանում է դէպի Սէիր (Յեսուն Իսրայէլի ցեղերին իրենց բաժինների համեմատ որպէս ժառանգութիւն տուեց դրանք՝ 8 լեռան վրայ, դաշտում, Արաբայում, Ասեդոթում, անապատում, Նագեբում բնակուող քետացիների, ամորհացիների, քանանացիների, փերեզացիների, խեւացիների, գերգեսացիների, յեբուսացիների երկրները). 9 Երիքովի թագաւորը, Բեթէլի մօտ գտնուող Գայիի թագաւորը, 10 Երուսաղէմի թագաւորը, Քեբրոնի թագաւորը, 11 Յերիմութի թագաւորը, Լաքիսի թագաւորը, 12 Եգլոնի թագաւորը, Գազեի թագաւորը, 13 Դաբիրի թագաւորը, Գեսեմի թագաւորը, 14 Հերմէի թագաւորը, Աբերի թագաւորը, 15 Լոբնայի թագաւորը, Օդողոմի թագաւորը, 16 Մակեդայի թագաւորը, 17 Թափուայի թագաւորը, Օփերի թագաւորը, 18 Նափէկի թագաւորը, 19 Ասորի թագաւորը, 20 Սամրոնի թագաւորը, Մառոնի թագաւորը, Ասքափի թագաւորը, 21 Թանաքի թագաւորը, Մակեդդովի թագաւորը, 22 Կեդէսի թագաւորը, Յեկնոմի Քերմել թագաւորը, 23 Դորի Նափեդոր թագաւորը, Գելիմի Գելգել թագաւորը եւ 24 Թերսայի թագաւորը: Այս բոլոր թագաւորների թիւը քսանինն է:

13
1 Յեսուն ծերացել էր եւ տարիքն առել: Տէրը ասաց Յեսուին. «Դու ծերացել ես եւ օրերդ անց ես կացրել, բայց շատ երկրներ են մնացել ժառանգելու: 2 Մնացած երկրները սրանք են. փղշտացիների բոլոր սահմանները, Գեսուրը եւ Քանանը. 3 Եգիպտոսի դիմացի անշէն վայրից մինչեւ Ակկարոնի սահմանները աջ կողմում. քանանացիներին են պատկանում փղշտացիների հինգ թագաւորութիւնները՝ գազացիներինը, ազոտացիներինը, ասկաղոնացիներինը, գեթացիներինը, ակկարոնացիներինը եւ խեւացիներինը. 4 Թեմանից՝ քանանացիների ամբողջ երկիրը, Գազան, Սիդոնը, մինչեւ Յափեկա, մինչեւ ամորհացիների սահմանները, 5 եւ փղշտացիներից՝ ամբողջ Արաբա երկիրը եւ ամբողջ Լիբանանը արեւելքից, Ահերմոն լեռան ստորոտի Գաղգաղայից մինչեւ Եմաթի մուտքը: 6 Բոլոր լեռնաբնակներին՝ Լիբանանից մինչեւ Մասերեփոթմայիմ, եւ բոլոր սիդոնացիներին ես կկոտորեմ իսրայէլացիների առաջ: Բայց դու դրանք բաժանի՛ր իսրայէլացիներին որպէս ժառանգութիւն, ինչպէս որ քեզ պատուիրեցի»: 7 Հիմա այս երկիրը որպէս ժառանգութիւն բաժանի՛ր ինը ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին. Յորդանան գետից մինչեւ Մեծ ծովը դէպի արեւմուտք կտաս նրանց, եւ Մեծ ծովը սահման կդառնայ: 8 Իսկ երկու ցեղերը՝ Ռուբէնի եւ Գադի ցեղերը, Մանասէի կէս ցեղի հետ ստացան իրենց ժառանգութիւնը, որ տուել էր Մովսէսը Յորդանան գետի այն կողմում՝ արեւելքում. Տիրոջ ծառայ Մովսէսը նրանց մէջ բաժանեց 9 Առնոն հեղեղատի եզերքին գտնուող Արոյերից եւ ձորի մէջ գտնուող քաղաքից մինչեւ Դեբոն, նաեւ ամբողջ Միսորը, Մեդաբան, 10 Եսեբոնում թագաւորող ամորհացիների արքայ Սեհոնի բոլոր քաղաքները, մինչեւ ամոնացիների սահմանները, 11 Գաղաադը եւ Գեսուրի ու Մաքաթիի սահմանները, ամբողջ Ահերմոն լեռը, ամբողջ Բասանաստանը, մինչեւ Սելքա, 12 Բասանի մէջ ամբողջ թագաւորութիւնն Օգի, որ թագաւորում էր Աստարոթում եւ Եդրայինում: Հսկաների մնացորդներից միայն սա էր մնացել, եւ Մովսէսը հարուածեց ու սպանեց նրան: 13 Բայց իսրայէլացիները չբնաջնջեցին գեսուրացիներին, մաքաթացիներին եւ քանանացիներին. եւ գեսուրացիներն ու մաքաթացիները բնակւում են Իսրայէլի մէջ մինչեւ այսօր: 14 Բայց Ղեւիի ցեղին բաժին եւ ժառանգութիւն չտրուեց, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածն է նրանց ժառանգութիւնը, ինչպէս նրանց ասել էր Տէրը: Սրանք այն բաժիններն են, որ Մովսէսը բաժանեց իսրայէլացիներին Ռաբոթ Մովաբում՝ Յորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց: 15 Մովսէսը Ռուբէնի ցեղին ժառանգութիւն տուեց ըստ նրա տոհմերի, 16 եւ նրանց սահմանները եղան Առնոն ձորի դիմաց գտնուող Արոյերը, Առնոն ձորում գտնուող քաղաքը, ամբողջ Միսորը 17 եւ Մեդաբան մինչեւ Եսեբոնը. նրանց բոլոր քաղաքները, որ Միսորում են, Դեբոնը, Բամոթբահաղը, Բաելմոթի տունը, 18 Յասան, Կեդմոթը, Մեփայաթը, 19 Կարիաթեմը, Սեբաման, Սարեթը եւ Սիորը Ենակ լեռան վրայ, 20 Բեթփագորը, Ասեդոթփասգան, Բեթսիմոթը եւ Միսորի բոլոր քաղաքները, 21 ամբողջ թագաւորութիւնն ամորհացիների Սեհոն թագաւորի, որ թագաւորում էր Եսեբոնում: Սրան, ինչպէս նաեւ Մադիամի իշխաններին՝ Եւիին, Րոկոմին, Սուրին, Ուրին, Ռոբէին եւ այդ երկրում բնակուող Սեհոնի մերձակայքի իշխաններին, ջարդեց Մովսէսը: 22 Նաեւ Բէորեան Բաղաամ վհուկին մի վայրկեանում սրով սպանեցին իսրայէլացիները: 23 Ռուբէնի սահմանը եղաւ Յորդանան գետը: Այս է Ռուբէնի որդիների ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի, սրանք են նրանց քաղաքներն ու աւանները: 24 Մովսէսը բաժին տուեց նաեւ Գադի որդիներին ըստ իրենց տոհմերի: 25 Նրանց սահմանները եղան Յազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, Ամոնացիների երկրի կէսը մինչեւ Արոյեր, որը Արաբայի դիմաց է, 26 Եսեբոնից մինչեւ Մասփայի մօտի Հռամոթը, Բոտանիմը, Մանայէմը՝ մինչեւ Դաբիրի սահմանները 27 եւ Եմակում Բեթարամը, Բեթնամրան, Սոքովն ու Սափոնը եւ Եսեբոնի արքայ Սեհոնի մնացած թագաւորութիւնը: Սահմանը Յորդանան գետն է մինչեւ Քեներեթի ծովեզերքը՝ Յորդանան գետի այն կողմը, դէպի արեւելք: 28 Այս է Գադի որդիների ժառանգութիւնը ըստ իրենց տոհմերի, նրանց քաղաքները եւ ագարակները: 29 Մովսէսը բաժին տուեց նաեւ Մանասէի կէս ցեղին, որը եղաւ Մանասէի որդիների կէս ցեղի կալուածքը ըստ իրենց տոհմերի: 30 Նրանց սահմանները եղան Մանայէմից սկսած ամբողջ Բասանը, Բասանի արքայ Օգի ամբողջ թագաւորութիւնը, Յայիրի բոլոր աւանները, որոնք Բասանաստանում են, ընդամէնը՝ վաթսուն քաղաք: 31 Իսկ Գաղաադի կէսը, Աստարոթը, Եդրայինը, Բասանաստանում Օգի թագաւորութեան քաղաքները տրուեցին Մանասէի որդի Մաքիրի որդիներին եւ Մանասէի կէս ցեղի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի: 32 Սրանք են այն տեղերը, որ Մովսէսը ժառանգութիւն տուեց Յորդանան գետի այն կողմում՝ Մովաբի Ռաբոթ բնակավայրում, Երիքովի դիմաց՝ արեւելքում: 33 Ղեւիի ցեղին Մովսէսը ժառանգութիւն չտուեց, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածն ինքն է նրանց ժառանգութիւնը, ինչպէս ասել էր նրանց:

14
1 Սրանք են այն տեղերը, որ քանանացիների երկրում իսրայէլացիներին ժառանգութիւն տուեցին Եղիազար քահանան, Նաւէի որդի Յեսուն եւ իսրայէլացիների ցեղերի նահապետութեան իշխանները: 2 Վիճակով տուեցին ժառանգութիւնը այն ինը ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին, ինչպէս որ պատուիրել էր Տէրը Յեսուի միջոցով, 3 որովհետեւ Մովսէսը երկու ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին ժառանգութիւն տուել էր Յորդանան գետի այն կողմում: Ղեւտացիներին ժառանգութիւն չէր տուել նրանց մէջ: 4 Քանի որ երկու ցեղ էին Յովսէփի որդիները՝ Մանասէն եւ Եփրեմը, ղեւտացիներին երկրի մէջ բաժին չտուեցին, այլ միայն քաղաքներ՝ բնակուելու համար եւ դրանց արուարձանները նրանց ոչխարների համար: 5 Ինչպէս Տէրը պատուիրել էր Մովսէսին, այդպէս արեցին իսրայէլացիները եւ բաժանեցին երկիրը: 6 Յուդայի որդիները Գաղգաղայում մօտեցան Յեսուին, եւ կենեզացի Յեփոնէի որդի Քաղէբն ասաց նրան. «Դու ինքդ գիտես, թէ ինչ խօսեց Տէրը Կադէսբառնեայում Աստծոյ մարդու՝ Մովսէսի հետ իմ եւ քո մասին: 7 Ես քառասուն տարեկան էի, երբ Տիրոջ ծառայ Մովսէսն ինձ Կադէսբառնեայից ուղարկեց երկիրը լրտեսելու, եւ նրան մենք լուր բերեցինք նրա ուզածի պէս: 8 Բայց ինձ հետ գնացող իմ եղբայրները ժողովրդի միտքը շեղեցին. իսկ ես շարունակեցի հետեւել իմ Տէր Աստծուն»: Այն օրը Մովսէսը երդուեց եւ ասաց. 9 «Այն երկիրը, ուր դու հասար, յաւիտեան քոնը եւ քո որդիներինը թող լինի որպէս ժառանգութիւն, քանի որ ես շարունակեցի հետեւել իմ Տէր Աստծուն: 10 Եւ արդ, սնուցել է ինձ Տէրը, ինչպէս որ ասել էր. սա քառասունհինգերորդ տարին է, ինչ Տէրն ասել է այս խօսքը Մովսէսին, երբ իսրայէլացիները թափառում էին անապատում: Այժմ ահա ես այսօր ութսունհինգ տարեկան եմ 11 եւ ուժեղ եմ այսօր, ինչպէս այն ժամանակ, երբ Մովսէսն ինձ ուղարկեց: Այժմ նոյնպէս կարող եմ պատերազմի մէջ մտնել եւ դուրս գալ: 12 Այժմ խնդրում եմ քեզնից ինձ տալ այն լեռը, ինչպէս որ Տէրն ասաց այն օրը: Դու ինքդ այս բանը լսեցիր այն օրը: Հիմա այնտեղ ենակիմներն են, եւ նրանց քաղաքներն ամրացուած են եւ մեծ: Հիմա եթէ Տէրն ինձ հետ լինի, կբնաջնջեմ նրանց, ինչպէս Տէրն ինձ ասաց»: 13 Եւ Յեսուն օրհնեց նրան եւ Քեբրոնը որպէս ժառանգութիւն տուեց կենեզացի Յեփոնէի որդի Քաղէբին: 14 Դրա համար Քեբրոնը եղաւ կենեզացի Յեփոնէի որդի Քաղէբի ժառանգութիւնը, որովհետեւ նա հետեւեց Իսրայէլի Տէր Աստծոյ պատուիրանին: 15 Քեբրոն քաղաքի անունն առաջ Արբոկ էր, նա ենակիմների մայրաքաղաքն էր: Եւ երկիրը հանգստացաւ պատերազմից:

15
1 Յուդայի որդիների ցեղի սահմանները, ըստ իրենց տոհմերի, եղան եդոմայեցիների սահմաններից, Սին անապատից մինչեւ Կադէս՝ հարաւային կողմում: 2 Հարաւային կողմից նրանց սահմանները գնում են մինչեւ Աղի ծովի եզրը՝ նրա հարաւակողմն իջնող բարձրաւանդակից, 3 անցնում են մինչեւ Ակրաբիմի զառիվերը, անցնում են Սինաքը, բարձրանում են հարաւից դէպի Կադէսբառնեայ, ելնում են Հռոն, ձգւում Ադդարի մօտով եւ պտտւում Կադէսի արեւմտեան կողմը, գնում հասնում են մինչեւ Ասեմոնա եւ դուրս գալիս մինչեւ Եգիպտոսի ձորը: 4 Այս սահմանը վերջանում է ծովի կողմում: Սրանք նրանց սահմաններն են հարաւից: 5 Արեւելքից սահմանն ամբողջ Աղի ծովն է՝ մինչեւ Յորդանան գետի եզերքը: Նրանց հիւսիսային սահմանը ծովածոցից՝ Յորդանան գետի եզերքից 6 հասնում է Բեթագղա, անցնում հիւսիսով մինչեւ Բեթարաբա, բարձրանում է մինչեւ Ռուբէնի որդիների Բէոն քարը: 7 Ապա սահմանը բարձրանում է Աքորի ձորի չորրորդ մասով, հարաւային կողմից իջնում է Գաղգաղ, որը Եդոմիմի զառիվերի դիմաց է՝ հարաւային կողմում: Սահմանը հասնում է Արեգ աղբիւրի ջրին եւ վերջանում է Ռոգեղի աղբիւրի մօտ: 8 Ապա սահմանը բարձրանում է ենոմացիների ձորը Յեբուսի ետեւից՝ հարաւային կողմից, ուր գտնւում է Երուսաղէմը: Ապա հասնում է այն լեռան գլուխը, որը ծովակողմից Ենոմի ձորի դիմաց է եւ որը հիւսիսից Ռափայինների երկրի ծայրին է: 9 Այս սահմանը լեռան գլխից հասնում է մինչեւ Նափթովի ջրի աղբիւրը, Գայիում հատում է Եփրեմի լեռը, հասնում է Բաաղ, այսինքն՝ Յարիմ քաղաքը. 10 ապա Բաաղից շրջւում է Ասարէսի ծովակողմը՝ դէպի Սէիր լեռը, հիւսիսից անցնում է Յարիմ քաղաքի ետեւով, ուր գտնւում է Քասղոնը, իջնում է Արեգ քաղաքն ու անցնում հարաւ: 11 Ապա սահմանը Ակկարոնի ետեւից կտրում անցնում է դէպի հիւսիս, հասնում է Սարքայոն, անցնում Բաաղ երկրի լեռան մօտով եւ հասնում մինչեւ Աբնեղ. սահմանը վերջանում է ծովակողմում: 12 Արեւմուտքից նրանց սահմանը Մեծ ծովն է բաժանում: Սրանք Յուդայի որդիների սահմաններն են շուրջանակի՝ ըստ իրենց տոհմերի: 13 Յեսուն Յեփոնէի որդի Քաղէբին բաժին տուեց Յուդայի որդիների երկրի մէջ Աստծոյ հրամանով: Յեսուն նրան տուեց Արբոկ քաղաքը, որը Ենակի մայրաքաղաքն է, այսինքն՝ Քեբրոնը: 14 Յեփոնէի որդի Քաղէբն այնտեղ բնաջնջեց Ենակի երեք որդիներին՝ Սուսին, Թոմայիին եւ Աքիմանին՝ Ենակի զաւակներին: 15 Քաղէբն այնտեղից գնաց Դաբիրի բնակիչների դէմ. Դաբիրի անունն առաջ Նամակաց քաղաք էր: 16 Քաղէբն ասաց. «Ով որ գրաւի Նամակաց քաղաքը եւ տիրի նրան, իմ դուստր Ասքային նրան կնութեան կտամ»: 17 Եւ այն գրաւեց Քաղէբի եղբայր Կենեզի կրտսեր որդի Գոդոնիէլը, եւ Քաղէբն իր դուստր Ասքային նրան կնութեան տուեց: 18 Երբ կինը գնում էր, խորհուրդ արեց Գոդոնիէլի հետ եւ ասաց. «Իմ հօրից ագարակ ուզեմ». եւ ձայն տուեց էշի վրայից: Քաղէբն ասաց նրան. «Ի՞նչ եղաւ քեզ»: 19 Աղջիկն ասաց. «Ինձ օրհնութի՛ւն տուր: Քանի որ ինձ տուեցիր Նագեբ երկիրը, տո՛ւր ինձ նաեւ Գոլաթմայիմը»: Եւ Քաղէբը նրան տուեց Վերին Գոլաթն ու Ներքին Գոլաթը: 20 Այս էր Յուդայի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի: 21 Եդոմի սահմանների մօտ, անապատում, Յուդայի որդիների ցեղի առաջին քաղաքները սրանք են՝ Կասբէեղը, Եդրայինը, Յագուրը, 22 Կինան, Դեմոնան, Ադադան, 23 Կադէսը, Իթնանզիփը, 24 Տէղէմը, Բաաղոթը, 25 Ասեբոն քաղաքը, այսինքն՝ Ասորը, 26 Ամամը, Սաման, Մոլադան, 27 Ասերգադդան, Բեթփաղէթը, 28 Ասարսուղան, Բերսաբէէն եւ նրանց աւաններն ու ագարակները, 29 Բաաղան, Աւիմը, Ասեմը, 30 Եղթոլադը, Քուղը, Երման, 31 Սիկելէկը, Մադեբենան, Սանսաննան, 32 Ղամոթը, Սեղէմին, Ռեմոնը՝ քսանինը քաղաքներ եւ նրանց աւանները: 33 Դաշտավայրերում՝ Եսթաւուլը, Սարաան, Ասնան, Ռամոնը, 34 Զանովը, Ադիաթեմը, Ենայիմը, 35 Յերիմութը, Ոդողամը, Ներման, Սոքովը, Ազեկան, 36 Սագարիմը, Գադերան եւ նրանց ագարակները. տասնչորս քաղաքներ եւ նրանց աւանները. 37 Սենանը, Ադասան, Մակդաղդադը, 38 Դաղաանը, Մասփան, Յեքթայէղը, 39 Ղաքիսը, Բազկաթը, Ագղոմը, 40 Քաբբան, Լամասը, Քասղոմը, 41 Գադերոթը, Բեթղագոնը, Մակեդդան. տասնվեց քաղաքներ եւ նրանց աւանները. 42 Ղեբնան, Աթերը, 43 Յեփթան, Ասեննան, Նեսիբը, 44 Կէիլան, Աքեզիբը, Մարեսան, Ելեմոմը. ինը քաղաքներ եւ նրանց աւանները. 45 Ակկարոնը, նրա աւաններն ու ագարակները. 46 Ակկարոնից մինչեւ Էմէն, Ազդարոդի բոլոր արուարձանները, նրանց աւաններն ու ագարակները. 47 Գազան, նրա աւաններն ու ագարակները մինչեւ Եգիպտոսի հեղեղատը եւ Մեծ ծովը, որը սահմանն է: 48 Լեռնավայրերի վրայ՝ Սափիրը, Յեթերը, Սոքովը, 49 Դեննան, Ահերմոն լեռը, Նամակաց քաղաքը, այսինքն՝ Դաբիրը, 50 Անոբը, Եսթեմովը, Անիմը, 51 Գոսոմը, Քիղվոնը, Գեղոնը. տասնմէկ քաղաքներ եւ նրանց աւանները. 52 Երեբը, Եսանը, Երուման, 53 Յանումը, Բեթթափուէն, Ափական, 54 Քամմատան, Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, Սիորը. ինը քաղաքներ եւ նրանց աւանները. 55 Մաւոնը, Քերմէլը, Զիփը, Յետտան, 56 Յեզրայէլը, Յեկտամը, Զանովան, Եկիմը, 57 Գաբաան, Թամնան. ինը քաղաքներ եւ նրանց աւանները. 58 Ալուլը, Բեթսուրը, Գեդորը, 59 Մարոթը, Բեթանոթը, Եղթեկէն. վեց քաղաքներ եւ նրանց աւանները. Թեկովը եւ Եփրաթան, այսինքն՝ Բեթղահէմը, Բագորը, Ետամը, Կուղոնը, Տատամին, Սորէսը, Կարէմը, Գաղղիմը, Բեթերը, Մանոքովը. տասնմէկ քաղաքներ եւ նրանց աւանները. 60 Կարիաթբաաղը, այսինքն՝ Յարիմ քաղաքը, եւ Արաբան. երկու քաղաքներ, նրանց աւանները իրենց ագարակներով հանդերձ, 61 Բեթբարգիսը, Բեթարաբան, Մադոնը, Սոքովան, 62 Նեբսանը, Աղահանքի քաղաքները, Ենդագիսը. եօթ քաղաքներ եւ նրանց աւանները: 63 Յեբուսացիները բնակւում էին Երուսաղէմում, եւ Յուդայի որդիները չկարողացան մարտնչել նրանց դէմ, ուստի յեբուսացիները մինչեւ այսօր Երուսաղէմում բնակւում են Յուդայի որդիների հետ:

16
1 Յովսէփի որդիների սահմանները եղան Յորդանան գետից, Երիքովի դիմացից՝ Երիքովի դիմացի ջրի արեւելեան կողմից դէպի անապատ: Երիքովից սահմանները բարձրանում են անապատի լեռնակողմը՝ Բեթէղղուզ. 2 Բեթէղղուզից բարձրանում եւ անցնում են Արքիատարոթի սահմանների մօտով, 3 դուրս են գալիս ծովի կողմը՝ Յեփաղթիի սահմանները, մինչեւ Ներքին Բեթորոնի սահմաններն ու մինչեւ Գազեր եւ վերջանում են ծովի կողմում: 4 Սա ժառանգութիւն ստացան Յովսէփի որդիները՝ Եփրեմը եւ Մանասէն: 5 Եփրեմի որդիների սահմանները եղան ըստ իրենց տոհմերի. այսինքն՝ նրանց ժառանգութեան սահմանները եղան արեւելքից Աստարոթ Ադարը՝ մինչեւ Վերին Բեթորոնը եւ Գազերը. 6 սահմաններն անցնում են հիւսիսից դէպի ծովի կողմը՝ Մաքոթ, եւ պտտւում են արեւելեան կողմից Թենաթսելով, անցնում են արեւելքից Յանովի մօտով: 7 Յանովից իջնում են Աստարոթ եւ Նաարաթա, նրանց աւաններն անցնում են Երիքովի մօտով ու հասնում Յորդանան գետը. 8 Թափուայից սահմաններն անցնում են արեւմուտք՝ Կանայի հեղեղատը, եւ վերջանում են ծովակողմում: Այս է Եփրեմի ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի: 9 Եփրեմի որդիների համար առանձնացուած քաղաքները Մանասէի որդիների ժառանգութեան մէջ են՝ բոլոր քաղաքներն իրենց աւաններով: 10 Եփրեմեանները չհալածեցին Գազերում բնակուող քանանացիներին, եւ քանանացիները բնակուեցին եփրեմեանների մէջ, ու այդպէս է այսօր էլ, մինչեւ որ եգիպտացիների փարաւոն արքան ելաւ գրաւեց քաղաքը, այրեց այն հրով, ջարդեց Գազերում բնակուող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տուեց իր դստերը, եւ նրանք դարձան հարկատու ծառաներ:

17
1 Մանասէի՝ Յովսէփի անդրանիկ որդու ցեղի սահմանները սրանք են. Մանասէի անդրանիկին՝ Մաքիրին՝ Գաղաադի հօրը, որովհետեւ պատերազմող մարդ էր, բաժին հասաւ Գաղաադը Բասանաստանում: 2 Մանասէի միւս որդիներին, Աբիեզերի որդիներին, Քեղեկի որդիներին, Եսրիէլի որդիներին, Սիւքէմի որդիներին, Սեմիրայիի որդիներին, Օփերի որդիներին բաժին հասաւ ըստ իրենց տոհմերի: Սրանք են Յովսէփի որդու՝ Մանասէի որդիները՝ արու զաւակներ ըստ իրենց տոհմերի: 3 Մանասէի որդու Մաքիրի որդու Գաղաադի որդու Օփերի որդի Սաղպաադը արու զաւակ չունէր, այլ միայն՝ դուստրեր: Սաղպաադի դուստրերի անունները սրանք են՝ Մաաղա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա: 4 Նրանք կանգնեցին Եղիազար քահանայի, Նաւէի որդի Յեսուի եւ իշխանների առաջ եւ ասացին. «Աստուած Մովսէսի միջոցով պատուիրեց, որ մեզ ժառանգութիւն տրուի մեր հօրենական եղբայրների մէջ»: Եւ Տիրոջ հրամանով նրանց ժառանգութիւն տրուեց իրենց հօրենական եղբայրների մէջ: 5 Մանասէին բաժին ընկան Ղաբեկի դաշտը եւ Գաղաադն ու Բասանը, որ Յորդանան գետի այն կողմում են, 6 որովհետեւ Մանասէի որդիների դուստրերը ժառանգութիւն ստացան իրենց եղբայրների մէջ, ուստի Գաղաադ երկիրը Մանասէի միւս որդիներինը եղաւ: 7 Մանասէի որդիների սահմանները գնում են Սիւքէմի դիմաց գտնուող Ասերմաքթոթից մինչեւ Յամին եւ Ասեբ՝ Թափթոթայի աղբիւրը: 8 Թափթոթայի երկիրը Մանասէինը եղաւ, իսկ Մանասէի սահմանների վրայ գտնուող Թափթոթա քաղաքը՝ Եփրեմի որդիներինը: 9 Սահմանները հարաւային կողմից իջնում են Կանայի ձորը՝ Յայիրի ձորի դիմաց. եւ Եփրեմի բեւեկնի ծառը ընկնում է Մանասէի քաղաքի մէջ: Մանասէի սահմանը հիւսիսից գնում է մինչեւ հեղեղատը եւ վերջանում է ծովում: 10 Հարաւային կողմը Եփրեմինն է, իսկ հիւսիսային կողմը՝ Մանասէինը, եւ նրանց սահմանը ծովն է: Հիւսիսային կողմից նրանք յարում են Ասերին, իսկ արեւելեան կողմից՝ Իսաքարին: 11 Իսաքարի եւ Ասերի միջեւ Մանասէինը եղան Բեթսանն ու նրա աւանները, Ամբղանն ու նրա աւանները, Ենդորի բնակիչներն ու նրա աւանները, Մակեդդովի բնակիչներն ու նրա աւանները, Տանաքի բնակիչներն ու նրա աւանները, Նափեթի երրորդ մասն ու նրա աւանները: 12 Մանասէի որդիները չկարողացան բնաջնջել այս քաղաքները, եւ քանանացիները շարունակեցին բնակուել այդ երկրում: 13 Եւ երբ իսրայէլացիները զօրացան, նրանք հնազանդեցրին քանանացիներին, բայց ամբողջովին չբնաջնջեցին նրանց: 14 Յովսէփի որդիներն ընդդիմացան Յեսուին եւ ասացին. «Ինչո՞ւ մեզ մէկ բաժին ժառանգութիւն եւ մէկ կալուածք տուեցիր: Մենք բազմամարդ ենք, եւ Աստուած մեզ օրհնել է»: 15 Յեսուն նրանց ասաց. «Եթէ դուք բազմամարդ էք, գնացէ՛ք անտառ, ձեզ համար տե՛ղ մաքրեցէք Փերեզացիների ու Ռափայինների երկրում, եթէ ձեզ համար նեղ է Եփրեմի լեռը»: 16 Յովսէփի որդիներն ասացին. «Եփրեմի լեռը մեզ բաւական չէ. այնտեղ, մեր երկրում՝ Բեթսանում, նրա աւաններում եւ Յեզրայէլի ձորում մեզ հետ բնակուող բոլոր քանանացիներն ընտիր երիվարներ ու զէնքեր ունեն»: 17 Յեսուն խօսեց Յովսէփի որդիների՝ Եփրեմի եւ Մանասէի հետ եւ ասաց. «Դուք բազմամարդ ժողովուրդ էք եւ շատ զօրութիւն ունէք, թող ձեզ մէկ կալուածք չլինի, 18 անտառը ձերը լինի: Անտառ է, կմաքրէք այն, մինչեւ ծայրը այն ձերը կլինի, երբ բնաջնջէք քանանացիներին. թէպէտ նրանք ընտիր երիվարներ ունեն եւ ձեզնից ուժեղ են, բայց դուք կյաղթէք նրանց»:

18
1 Իսրայէլի ամբողջ ժողովուրդը հաւաքուեց Սելովում, եւ այնտեղ կանգնեցրին վկայութեան խորանը, քանի որ երկիրը նուաճուեց նրանց կողմից: 2 Իսրայէլացիներից եօթ ցեղ էր մնացել, որ իր ժառանգութիւնը չէր ստացել: 3 Յեսուն նրանց ասաց. «Մինչեւ ե՞րբ պէտք է ծուլանաք եւ չմտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ ձեզ տուեց մեր հայրերի Տէր Աստուածը: 4 Ամէն ցեղից ինձ երեքական մարդ տուէ՛ք, ես կուղարկեմ նրանց, որ վեր կենան անցնեն երկրով եւ չափագրեն այն իմ առաջ՝ պարզելով, թէ ինչպէս պէտք է բաժանել այն»: Նրանք եկան նրա մօտ, 5 ու նա բաժանեց երկիրը նրանց մէջ եօթ մասի: Եւ ասաց. «Յուդայի երկիրը թող մնայ նրանց սահմանը հարաւից, Յովսէփի որդիներն իրենց սահմաններում մնան հիւսիսից, 6 իսկ դուք երկիրը բաժանեցէ՛ք եօթ մասի եւ չափագրութիւնը բերէք ներկայացրէ՛ք ինձ այստեղ. ես ձեզ համար այստեղ Աստծոյ առաջ վիճակ կհանեմ: 7 Ղեւիի որդիները ձեր մէջ բաժին չունեն, որովհետեւ նրանց բաժինը Տիրոջ համար արուած քահանայութիւնն է. Գադը, Ռուբէնը եւ Մանասէի կէս ցեղը Յորդանան գետի այն կողմում՝ արեւելքում ստացան իրենց ժառանգութիւնը, որ Տիրոջ ծառայ Մովսէսը տուել էր նրանց»: 8 Եւ մարդիկ վեր կացան գնացին: Երկիրն աչքի անցկացնելու գնացած մարդկանց Յեսուն պատուիրեց եւ ասաց. «Անցէք գնացէ՛ք, աչքի անցկացրէ՛ք երկիրն ու վերադարձէ՛ք ինձ մօտ, իսկ ես Սելովում Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ կգցեմ»: 9 Մարդիկ գնացին շրջեցին երկրում, հետազօտեցին ու տեսան երկիրը եւ այն, ըստ նրա քաղաքների եօթ բաժին անելով, չափագրեցին մի գրքի մէջ եւ բերեցին Յեսուի մօտ՝ բանակատեղի, Սելով: 10 Յեսուն Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց Սելովում եւ այնտեղ երկիրը բաժանեց իսրայէլացիներին՝ ըստ իրենց բաժինների: 11 Առաջին վիճակն ընկաւ Բենիամինի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի: Նրանց բաժնի սահմանն ընկաւ Յուդայի եւ Յովսէփի որդիների միջեւ: 12 Նրանց սահմանները եղան Յորդանան գետի հիւսիսից, որոնք Երիքովի հարաւից բարձրանում են դէպի հիւսիս, ելնում են լեռան վրայ դէպի ծովի կողմը, եւ նրանց վերջը հասնում է մինչեւ Բեթաւանի Մաբդարա բնակավայրը. 13 այնտեղից անցնում են Լուզի սահմանները հարաւային կողմից՝ Լուզի ետեւից, այսինքն՝ Բեթէլից, եւ սահմաններն իջնում են Ադարի Աստարոթ բնակավայրը՝ դէպի լեռան կողմը, որը Ներքին Բեթորոնի հարաւում է: 14 Սահմաններն անցնում, պտոյտ են տալիս հարաւից ծովահայեաց ափով՝ այն սարից, որ հարաւում Բեթորոնի դիմաց է: Նրա վերջը հասնում է Կարիաթբաաղ, այսինքն՝ Յուդայի որդիների Կարիաթարիմ քաղաքը: 15 Ծովի կողմում ծայրը այս է: Իսկ հարաւային կողմում Կարիաթբաաղի ծայրից սահմաններն անցնում են Գայի եւ դուրս են գալիս դէպի Նափթովայի ջրերի աղբիւրը: 16 Սահմաններն իջնում են ենոմացիների հովտի դիմացի լեռան եզերքը, որ հիւսիսում Ենակի ռափայինների մասն է, եւ հարաւից՝ Յեբուսի ետեւից իջնում են Ենոմի Գայի բնակավայրը եւ գնում Ռոգէլի աղբիւրը: 17 Հիւսիսից կտրում անցնում են Բեթսամիւսի աղբիւրը, գնում են Եդոմինի զառիվերի դիմաց գտնուող Գալիլոթ, իջնում են մինչեւ Ռուբէնի որդու Բաան վէմը. 18 Բեթարաբայի թիկունքից անցնում են հիւսիս եւ իջնում Արաբա: 19 Ապա սահմաններն անցնում են Բեթագղայի ետեւից, ծովի հիւսիսից եւ վերջանում են Աղի ծովի հիւսիսային ու Յորդանան գետի հարաւային ծայրում: 20 Այս է նրանց սահմանը հարաւից. իսկ արեւելեան կողմի սահմանը Յորդանան գետն է: Այս է Բենիամինի որդիների ժառանգութիւնը, եւ սրանք են նրանց սահմանները շուրջանակի՝ ըստ իրենց տոհմերի: 21 Բենիամինի որդիների ցեղի քաղաքներն ըստ իրենց տոհմերի սրանք են՝ Երիքովը, Բեթագղան, Ամենգասիմը, 22 Բեթարաբան, Սեմարիմը, Բեթէլը, 23 Աւիմը, Ափարը, Արփան, 24 Կարեմը, Քափերամինը եւ Գարաան. տասներկու քաղաքներ եւ նրանց աւանները. 25 Գաբաւոնը, Ռամման, Բերոթը, 26 Մասփան, Կեփիրան, Ամուսան, 27 Ռէկէմը, Յերփայէլը, Թարաղան, 28 Սելալէփը, Յեբուսը, այսինքն՝ Երուսաղէմը, Գաբաաթը եւ Արեմ քաղաքը. տասներկու քաղաքներ եւ նրանց աւանները: 29 Այս է Բենիամինի որդիների ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի:

19
1 Երկրորդ վիճակն ընկաւ Շմաւոնին, Շմաւոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգութիւնն ընկած էր Յուդայի որդիների ժառանգութեան մէջ: 2 Նրանց բաժինը եղան Բերսաբէէն, Սաբէէն, Մողադան, 3 Ասերսուաղը, Բաթուղը, Բողան, Ասոմը, 4 Եղթուղաադը, Երման, 5 Սիկեղան, Բեթմարքաբոթը, Ասերսուսիմը, 6 Բեթղաբաթը եւ նրանց ագարակները. տասներկու քաղաքներ ու նրանց աւանները. 7 Այինը, Ռեմոնը, Եթերը եւ Ասանը. չորս քաղաքներ եւ նրանց աւանները. 8 այդ քաղաքների շուրջը եղած բոլոր ագարակները՝ մինչեւ Բաաղեթ Բերամմոթ, հարաւային Ռամաթայի մուտքի մօտ: Այս է Շմաւոնի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի: 9 Շմաւոնի որդիների ցեղի ժառանգութիւնն ընկած էր Յուդայի որդիների բաժնի մէջ, որովհետեւ Յուդայի որդիների բաժինն աւելի մեծ էր, քան նրանցը, ուստի Շմաւոնի որդիները ժառանգութիւն ստացան նրանց բաժնի մէջ: 10 Երրորդ վիճակը դուրս եկաւ Զաբուղոնի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգութեան սահմանները եղան մինչեւ Սարիդ: 11 Նրանց սահմանները ելնում են դէպի ծովը եւ Մարաղա, հասնում են մինչեւ Դաբասթէ, հանդիպում Եկնամի դիմաց գտնուող ձորին, 12 Սարիդից ետ են դառնում Բեթսամէի արեւելեան կողմը՝ դէպի Քասաղոթ Թաբորի սահմանները, անցնում Դաբարաթ եւ բարձրանում Յաբագայի մօտով. 13 այնտեղից անցնում են արեւելք՝ ձգուելով դէպի Կատասիմ քաղաքը, անցնում են Ռեմմոն, Ամաթարիմ Աննուա, 14 շրջւում են հիւսիսային սահմաններով՝ մինչեւ Եկանթով, եւ վերջանում Գայիում՝ Եփթայեղում. 15 նաեւ՝ Կատտամաթը, Նաաղողը, Սեմրոնը, Յադեղան եւ Բեթղեհէմը. տասներկու քաղաքներ եւ նրանց աւանները: 16 Այս է Զաբուղոնի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով եւ աւաններով հանդերձ: 17 Չորրորդ վիճակը դուրս եկաւ Իսաքարին, Իսաքարի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի: 18 Նրանց սահմանները եղան Յեզրայէլը, Աքասեղոթը, Սունամը, 19 Ափերեմը, Սիանը, 20 Ռամաթը, Ենդանիմը, Ռենաթը, Անարեթը, 21 Ռաբբոթը, Կէսիոնը, Այեմէսը, Ռենաթը, Ենգադիսը, Ենգադդան եւ Բեթմասեմը: 22 Այս սահմանները ծովային կողմից յարում են Թաբոթին եւ Կասիմին ու Բեթսամիւսին. նրանց սահմանները վերջանում են Յորդանան գետում. տասնվեց քաղաքներ ու նրանց աւանները: 23 Այս է Իսաքարի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու աւաններով հանդերձ: 24 Հինգերորդ վիճակը դուրս եկաւ Ասերի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի: 25 Նրանց սահմանները եղան Քեղկաթը, Ոողին, Բատնէն, Աքսափը, 26 Ամաթը եւ Մասաղը: Ծովային կողմից սահմանները յարում են Կարմեղին, Սիորին եւ Բաղանայէին 27 եւ արեւելեան կողմից ետ են դառնում դէպի Բեթդագոն, հիւսիսից յարում են Զաբուղոնին, Գայիին, Եփթայէղին, մտնում են Սափաթա Բեթամեկ, գնում են Անայէլի սահմաններով եւ ձախ կողմից անցնում են Քաբող, 28 Աքրան, Ռոբ, Ամմոն եւ Կանայի՝ մինչեւ մեծ Սիդոն: 29 Ապա սահմանները ետ են դառնում Ռամա՝ մինչեւ ամրացուած Տիւրոս քաղաքը, շրջւում են դէպի Սոսա եւ վերջանում են ծովում՝ Ակզիփի կալուածքում. 30 ապա՝ Ամման, Ափեկան եւ Ռաւոբան. քսաներկու քաղաքներ ու նրանց աւանները: 31 Այս է Ասերի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու աւաններով հանդերձ: 32 Վեցերորդ վիճակը դուրս եկաւ Նեփթաղիմին, Նեփթաղիմի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի: 33 Նրանց սահմանները եղան Մէեղէփը, Մայեղոմը, Բերսանայիմը, Արմէն, Նագեբը եւ Յաբնեղը՝ մինչեւ Ղակու. սահմանները վերջանում են Յորդանան գետում: 34 Այս սահմանները ետ են դառնում դէպի Ազանոթ Թաբորի ծովը, այնտեղից անցնում են Կոկ, հարաւից հատում են Զաբուղոնը, ծովային կողմից՝ Ասերը, արեւելեան կողմից՝ Յուդայի երկիրը եւ Յորդանան գետը, 35 նաեւ՝ տիւրացիների պարսպապատ քաղաքները՝ Տիւրոսը, Ամաթը, Ռեկկաթը, Քեներեթը, 36 Ադամին, Ռամման, Ասորը, 37 Կադէսը, Եդրայինը, Ակնասորը, 38 Յարոնը, Մակդաղիէլը, Օրամը, Բեթանաթը եւ Թասմուսը. տասնինը քաղաքներ եւ նրանց աւանները: 39 Այս է Նեփթաղիմի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու աւաններով հանդերձ: 40 Դանի որդիների ցեղին, ըստ իրենց տոհմերի, դուրս եկաւ եօթերորդ վիճակը: 41 Նրանց ժառանգութեան սահմանները եղան Սարաան, Եսթաւուլը, 42 Սաղաբինը, Յեթղան, Թամնան, 43 Եղթեկովը, Բաաղոթը, 44 Բանեբարակը եւ Սամես, Յաաղոն, 45 Եղոն, Ակկարոն, Գաբաթոն, Յութ եւ Գեթրեմոն քաղաքները, 46 Բազէից ծովը եւ Բակրոնան՝ Յոպպէի մօտի սահմանի հետ: 47 Դանի որդիների սահմանը նրանց ժառանգութիւնից դուրս մնաց: Այս է Դանի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով եւ աւաններով հանդերձ: Դանի որդիները չբնաջնջեցին ամորհացիներին՝ լեռան վրայի իրենց նեղողներին, իսկ ամորհացիները նրանց չէին թողնում իջնել հովիտները եւ նրանցից խլում էին նրանց բաժնի սահմանները: Դանի որդիները գնացին եւ պատերազմեցին Ղեսէմի դէմ, առան այն եւ սրի քաշեցին բնակիչներին, ժառանգեցին այն եւ բնակուեցին նրա մէջ ու իրենց հօր անունով Ղեսէմն անուանեցին Դան: 48 Այս է Դանի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ այս քաղաքներով եւ նրանց աւաններով հանդերձ: 49 Եւ վերջացրին երկրի բաժանումն իրենց սահմաններով: Ամորհացիները շարունակեցին ապրել Եղովում եւ Սաղամիմում, բայց Եփրեմի ձեռքը ծանրացաւ նրանց վրայ, եւ նրանք Եփրեմին հարկատու դարձան: Եւ գնացին աչքի անցկացնելու երկիրն իր սահմաններով: Իսրայէլացիները Նաւէի որդի Յեսուին ժառանգութիւն տուեցին իրենց տարածքի մէջ. 50 Տիրոջ հրամանով նրան տուեցին նրա ուզած Թամնաթսարա քաղաքը, որ Եփրեմի լեռան վրայ է, եւ նա շինեց քաղաքը եւ բնակուեց նրա մէջ: 51 Սրանք են այն հողաբաժինները, որ Եղիազար քահանան, Նաւէի որդի Յեսուն եւ Իսրայէլի ցեղերի նահապետները Սելովում, Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դռանը, վիճակով բաժանեցին: Եւ գնացին աչքի անցկացնելու երկիրը:

20
1 Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց. «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛. 2 տուէ՛ք այն ապաստանի քաղաքները, որոնց մասին Մովսէսի միջոցով ձեզ ասել եմ, 3 որպէս ապաստան այն սպանողի համար, որ մարդ է սպանել ակամայ՝ դիպուածաբար: Դրանք ձեզ համար թող ապաստանի քաղաքներ լինեն, որպէսզի սպանողը սպանուածի արիւնակցի կողմից չսպանուի, մինչեւ որ ժողովրդի առաջ ատեանում կկանգնի: 4 Ակամայ սպանողը թող փախչի այդ քաղաքներից մէկը, կանգնի քաղաքի դռան մօտ եւ այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր խօսքը: Ժողովուրդը թող նրան ընդունի իր մօտ, նրան տեղ տայ, եւ նա բնակուի նրանց հետ: 5 Եւ եթէ սպանուածի արիւնակիցը գնայ նրա ետեւից, սպանողին նրա ձեռքը թող չմատնեն, քանի որ նա իր ընկերոջը դիպուածաբար է սպանել եւ նրա դէմ նախկինում ատելութիւն չի ունեցել: 6 Թող նա այդ քաղաքում բնակուի, մինչեւ որ կանգնի ժողովրդի առաջ ատեանում, մինչեւ որ այն օրերին եղող մեծ քահանան վախճանուի: Յետոյ սպանողը թող ետ դառնայ եւ գայ իր տեղը՝ իր տունը, այն քաղաքը, որտեղից փախել է»: 7 Եւ առանձնացրին Կադէսը Գալիլիայում՝ Նեփթաղիմի լեռան վրայ, Սիւքէմը՝ Եփրեմի լեռան վրայ, եւ Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, Յուդայի լեռան վրայ. 8 Յորդանան գետի այն կողմում, Երիքովի արեւելքում, Ռուբէնի ցեղից առանձնացրին Բոսորը, որ անապատում մի հարթավայր էր, Գադի ցեղից՝ Ռամոթը Գաղաադում, Մանասէի ցեղից՝ Գողանը Բասանաստանում: 9 Սրանք են բոլոր իսրայէլացիների եւ եկած, նրանց մէջ բնակուածների համար որոշուած հոյակապ քաղաքները, ուր կարող է փախչել ամէն ոք, որ ակամայ մարդ է սպանել, որպէսզի չսպանուի սպանուածի արիւնակցի ձեռքով, մինչեւ որ կկանգնի ժողովրդի առաջ՝ ատեանում:

21
1 Ղեւտացիների նահապետները մօտեցան Եղիազար քահանային, Նաւէի որդի Յեսուին եւ Իսրայէլի որդիների ցեղերի ու տոհմերի նահապետներին, 2 խօսեցին նրանց հետ Սելովում՝ Քանանացիների երկրում, եւ ասացին. «Տէրը Մովսէսի միջոցով հրամայել է, որ մեզ բնակուելու համար քաղաքներ եւ մեր անասունների համար նրանց արտերը տրուեն»: 3 Եւ իսրայէլացիները Տիրոջ հրամանով ղեւտացիներին ժառանգութիւն տուեցին այս քաղաքներն ու դրանց արտերը: 4 Վիճակը դուրս եկաւ Կահաթի տոհմին. եւ Ահարոնի որդիներին՝ ղեւտացի քահանաներին, վիճակով հասան տասներեք քաղաքներ Յուդայի ցեղից, Շմաւոնի ցեղից եւ Բենիամինի ցեղից: 5 Իսկ Կահաթի միւս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմից, Դանի ցեղից եւ Մանասէի կէս ցեղից վիճակով բաժին հասան տասը քաղաքներ: 6 Գեթսոնի որդիներին Իսաքարի ցեղի ազգատոհմից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից եւ Բասանի մէջ եղող Մանասէի կէս ցեղից վիճակով հասան տասներեք քաղաքներ: 7 Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբէնի ցեղից, Գադի ցեղից եւ Զաբուղոնի ցեղից վիճակով հասան տասներկու քաղաքներ: 8 Իսրայէլացիները վիճակով ղեւտացիներին տուեցին այս քաղաքները եւ դրանց արտերը, ինչպէս որ Տէրը պատուիրել էր Մովսէսին: 9 Յուդայի, Շմաւոնի եւ Բենիամինի որդիների ցեղերը իրենց անունով կոչուած այս քաղաքները տուեցին 10 Ահարոնի որդիներին, որոնք Ղեւիի որդիներից՝ Կահաթի տոհմից էին, քանի որ առաջին վիճակը նրանց էր դուրս եկել: 11 Նրանց տուեցին Ենակի քաղաքամայր Կարիաթարբոկը, այսինքն՝ Քեբրոնը Յուդայի լեռան վրայ, նրա շուրջը եղած արտերը, 12 նրա ագարակները եւ աւանները: Դրանք Յեսուն որպէս կալուածք տուեց Յեփոնիի որդի Քաղէբին: 13 Ահարոնի որդիներին՝ քահանաներին, տուեցին նաեւ սպանողի համար ապաստանի քաղաքներ Քեբրոնը եւ նրա արուարձանները, Ղեբնան եւ նրա արուարձանները, 14 Յեթերը եւ նրա արուարձանները, Յեսթեմովը եւ նրա արուարձանները, 15 Աղոնը եւ նրա արուարձանները, Դաբիրը եւ նրա արուարձանները, 16 Այինը եւ նրա արուարձանները, Յետտան եւ նրա արուարձանները, Բեթսամիւսը եւ նրա արուարձանները՝ ինը քաղաքներ այդ երկու ցեղից: 17 Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբաւոնը եւ նրա արուարձանները, 18 Անաթոթը եւ նրա արուարձանները, Սաղմոնը եւ նրա արուարձանները, Գաբէէն եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ: 19 Ահարոնի որդիների՝ քահանաների բոլոր քաղաքները տասներեքն էին իրենց արտերով: 20 Կահաթի որդիների տոհմի ղեւտացիներին՝ Կահաթի մնացած որդիներին, քաղաքներ բաժին հասան Եփրեմի ցեղից: 21 Նրանց տուեցին սպանողի համար ապաստանի քաղաքներ Սիւքէմը եւ նրա արուարձանները՝ Եփրեմի լեռան վրայ, Գազերը եւ նրա արուարձանները, 22 Կաբսեմը եւ նրա արուարձանները, Վերին Բեթորոնը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ: 23 Դանի ցեղից՝ Եղթեկովը եւ նրա արուարձանները, Գեբեթոնը եւ նրա արուարձանները, 24 Յաղոնը եւ նրա արուարձանները, Գեթրեմոնը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ: 25 Մանասէի կէս ցեղից՝ Թանաքը եւ նրա արուարձանները, Բեթսանը եւ նրա արուարձանները՝ երկու քաղաքներ: 26 Կահաթի որդիների մնացած տոհմերի բոլոր քաղաքներն իրենց արուարձաններով թուով տասն էին: 27 Գեթսոնի որդիներին՝ ղեւտացիների ազգականներին, Մանասէի կէս ցեղից տուեցին սպանողի համար առանձնացուած ապաստանի քաղաքներ Գողանը Բասանաստանում ու նրա արուարձանները եւ Բէեստարան ու նրա արուարձանները՝ երկու քաղաքներ: 28 Իսաքարի ցեղից՝ Կեսիոնը եւ նրա արուարձանները, Դաբրաթը եւ նրա արուարձանները, 29 Երիմոթը եւ նրա արուարձանները, Նամակաց աղբիւրը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ: 30 Ասերի ցեղից՝ Մասաաղը եւ նրա արուարձանները, Աբդոնը եւ նրա արուարձանները, 31 Քեղկաթը եւ նրա արուարձանները, Ռոբը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ: 32 Նեփթաղիմի ցեղից՝ սպանողի համար առանձնացուած ապաստանի քաղաքներ Կադէսը Գալիլիայում եւ նրա արուարձանները, Եմաթդորը եւ նրա արուարձանները, Նոյեմոնը եւ նրա արուարձանները՝ երեք քաղաքներ: 33 Գեթսոնի բոլոր քաղաքներն ըստ իրենց տոհմերի տասներեքն էին՝ իրենց արուարձաններով հանդերձ: 34 Մերարիի որդիների տոհմին, այսինքն՝ մնացած ղեւտացիներին, տուեցին Զաբուղոնի որդիների ցեղից Յեկնամը եւ նրա արտերը, Կադէսը եւ նրա արտերը, Կարթան եւ նրա արտերը, 35 Դեմնան եւ նրա արտերը, Նաաղողը եւ նրա արտերը՝ հինգ քաղաք: 36 Յորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց, Ռուբէնի ցեղից, որպէս ապաստանի քաղաքներ, սպանողի համար տուեցին Բոսորը Միսորի անապատում եւ նրա արտերը, Յազերը եւ նրա արտերը, 37 Կեդսոնը եւ նրա արտերը, Մասփան եւ նրա արտերը՝ չորս քաղաք: 38 Գադի ցեղից, որպէս ապաստանի քաղաքներ, սպանողի համար տուեցին Ռամոթը Գաղաադում եւ նրա արտերը, Մանայամը եւ նրա արտերը, 39 Եսեբոնը եւ նրա արտերը, Ազերը եւ նրա արտերը՝ ընդամէնը չորս քաղաք: 40 Ղեւիի ցեղից մնացած Մերարիի որդիների բոլոր քաղաքները, ըստ իրենց տոհմերի, եղան տասներկուսը: 41 Իսրայէլացիների կալուածքների մէջ ղեւտացիների բոլոր քաղաքներն ընդամէնը քառասունութն էին՝ այդ քաղաքների շուրջը եղած իրենց արտերով հանդերձ: 42 Այդ քաղաքներն իրենց շուրջն ունէին արտեր. այդպէս էին այդ բոլոր քաղաքները: Եւ Յեսուն աւարտեց երկրի բաժանումն իր սահմաններով: Իսրայէլացիները, Տիրոջ հրամանի համաձայն, Յեսուին բաժին տուեցին այն քաղաքը, որ նա խնդրեց՝ Թամնասաքարը Եփրեմի լեռան վրայ: Յեսուն շինեց քաղաքը եւ բնակուեց նրա մէջ: Եւ Յեսուն վերցրեց այն քարէ սրերը, որոնցով թլփատել էր անապատի ճանապարհին ծնուած իսրայէլացիներին, քանի որ նրանք չէին թլփատուել անապատում: Յեսուն այդ քարերը վար դրեց Թամնասաքարում: 43 Եւ Տէրն իսրայէլացիներին տուեց այն ամբողջ երկիրը, որ երդուել էր տալ նրանց հայրերին. եւ նրանք ժառանգեցին այն ու բնակուեցին նրա մէջ: 44 Տէրը նրանց հանգիստ տուեց երկրի բոլոր սահմաններում, ինչպէս երդուել էր նրանց հայրերին. եւ նրանց թշնամիներից ոչ ոք դուրս չեկաւ նրանց դէմ, որովհետեւ նրանց բոլոր թշնամիներին Տէրը մատնել էր նրանց ձեռքը: 45 Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խօսքերից, որ ասել էր Տէրն իսրայէլացիներին, այլ ամէն բան կատարուեց:

22
1 Այն ժամանակ Յեսուն կանչեց Ռուբէնի եւ Գադի որդիներին եւ Մանասէի կէս ցեղին 2 ու նրանց ասաց. «Դուք ինքներդ անսացիք այն ամէնին, ինչ որ հրամայել էր ձեզ Տիրոջ ծառայ Մովսէսը, եւ լսեցիք իմ խօսքը ամէն ինչում, որ պատուիրեցի ձեզ. 3 այսքան օրեր չլքեցիք ձեր եղբայրներին. դեռ աւելին, մինչեւ այսօր պահեցիք ձեր Տէր Աստծոյ պատուիրանները: 4 Հիմա մեր Տէր Աստուածը տեղաւորեց, հանգստացրեց ձեր եղբայրներին, ինչպէս որ նրանց ասել էր, ուստի ե՛տ դարձէք, գնացէ՛ք ձեր տներն ու ձեր կալուածքի երկիրը, որ ձեզ տուել է Տիրոջ ծառայ Մովսէսը Յորդանան գետի այն կողմում: 5 Միայն թէ շատ զգո՛յշ եղէք, որ կատարէք այն պատուիրաններն ու օրէնքը, որ պատուիրել է մեզ Տիրոջ ծառայ Մովսէսը. որ դուք սիրէք մեր Տէր Աստծուն, ընթանաք նրա բոլոր ճանապարհներով, պահէք նրա պատուիրանները, յարէք նրան եւ պաշտէք նրան ձեր ամբողջ սրտով եւ ձեր ամբողջ հոգով»: 6 Եւ Յեսուն օրհնեց նրանց ու արձակեց, եւ նրանք գնացին իրենց տները: 7 Մանասէի կէս ցեղին Մովսէսը կալուածք էր տուել Բասանաստանում, իսկ միւս կէսին Յեսուն նրանց եղբայրների հետ կալուածք տուեց ծովեզերքին: Երբ Յեսուն նրանց արձակեց իրենց տները, օրհնեց նրանց, 8 խօսեց նրանց հետ եւ ասաց. «Շատ հարստութեամբ գնացէ՛ք ձեր տները. չափազանց շատ անասուն, արծաթ, ոսկի, պղինձ, երկաթ եւ խիստ շատ զգեստներ, որոնք աւար են առնուած թշնամուց, բաժանեցէ՛ք ձեր եղբայրների միջեւ»: 9 Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը Քանանացիների երկրում գտնուող Սելովում բաժանուեցին իսրայէլացիներից, որպէսզի գնան Գաղաադի երկիրը՝ իրենց կալուածքը հանդիսացող երկիրը, որ ժառանգել էին Մովսէսի միջոցով տրուած՝ Տիրոջ հրամանով: 10 Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը եկան Յորդանան գետի Գալիլոթ վայրի սահմանները, որ Քանանացիների երկրում է, եւ Յորդանան գետի եզերքին զոհասեղան շինեցին՝ վեհատեսիլ մի զոհասեղան: 11 Իսրայէլացիները լսեցին եւ ասացին. «Ահա Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը զոհասեղան են շինել Քանանացիների երկրի սահմաններում՝ Յորդանան գետի Գալիլոթ վայրում, իսրայէլացիներից այն կողմ»: 12 Երբ իսրայէլացիներն այս լսեցին, հաւաքուեցին Սելովում, որ ելնեն պատերազմելու նրանց դէմ: 13 Իսրայէլացիները Ռուբէնի որդիների, Գադի որդիների եւ Մանասէի կէս ցեղի մօտ՝ Գաղաադ ուղարկեցին Ահարոն քահանայի որդու՝ Եղիազարի որդի Փենէէսին 14 եւ նրա հետ իշխաններից տասը մարդ՝ Իսրայէլի բոլոր ցեղերի նահապետներից մի-մի իշխան: Նահապետների տների այդ իշխաններն Իսրայէլի հազարապետներ էին: 15 Նրանք եկան Գաղաադ՝ Ռուբէնի որդիների, Գադի որդիների եւ Մանասէի կէս ցեղի մօտ, խօսեցին նրանց հետ ու ասացին. 16 «Տիրոջ ամբողջ ժողովուրդն այսպէս է ասում. “Այդ ի՞նչ յանցանք գործեցիք Իսրայէլի Տէր Աստծոյ դէմ՝ խոտորուելով Տիրոջից, ձեզ համար զոհասեղան շինելով եւ մեր Տէր Աստծոյ դէմ ապստամբելով: 17 Մի՞թէ քիչ է մեզ համար Փեգորի մեղքը, որից մինչեւ հիմա չենք մաքրուել, եւ որի համար Տիրոջ ժողովրդի վրայ հարուածներ եկան. 18 եւ դուք էլ այսօր խոտորուեցիք Տիրոջից: Եթէ դուք այսօր ապստամբէք Տիրոջ դէմ, վաղը բարկութիւն կթափուի ամբողջ Իսրայէլի վրայ: 19 Եթէ ձեր կալուածքի երկիրը փոքր է ձեզ համար, անցէ՛ք Տիրոջ կալուածքի երկիրը, որտեղ կանգնած է Տիրոջ խորանը, եւ մեր մէջ կալուածք վերցրէ՛ք, բայց մի՛ ապստամբէք Տիրոջ դէմ եւ մեր դէմ էլ մի՛ ապստամբէք՝ մեր Տէր Աստծոյ զոհասեղանից զատ ձեզ համար զոհասեղան շինելով: 20 Չէ՞ որ Զարայի շառաւիղ Աքարը յանցանք գործեց՝ նզովուած իրերից վերցնելով, իսկ բարկութիւնը Իսրայէլի ամբողջ ժողովրդի վրայ թափուեց. նա միայնակ էր, բայց մի՞թէ միայն ինքը մեռաւ իր մեղքերի համար”»: 21 Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը պատասխան տուեցին եւ խօսելով հազարապետների հետ՝ ասացին. 22 «Աստուած Տէր Աստուած է եւ Բարձրեալ Աստուած, Աստուած ինքը գիտէ, եւ Իսրայէլն ինքն էլ թող իմանայ. եթէ ապստամբելով յանցանք գործեցինք Տիրոջ դէմ, թող չփրկի մեզ այսօր: 23 Եթէ մեզ համար զոհասեղան շինեցինք, որ ապստամբենք Տիրոջ դէմ, նրա վրայ ողջակէզ մատուցենք կամ փրկութեան զոհ անենք, Տէրն ինքը թող վրէժխնդիր լինի: 24 Մենք երկիւղի պատճառով արեցինք այս՝ ասելով, թէ՝ գուցէ ձեր որդիները խօսեն մեր որդիների հետ եւ ասեն, թէ՝ “Ռուբէնի՛ որդիներ եւ Գադի՛ որդիներ, ի՞նչ գործ ունէք դուք Իսրայէլի Տէր Աստծոյ հետ, 25 Տէրը մեր եւ ձեր միջեւ Յորդանան գետը սահման դրեց, եւ դուք Տիրոջից բաժին չունէք”: Եւ ձեր որդիները մեր որդիներին կխրտնեցնեն, որ չպաշտեն Տիրոջը: 26 Ուստի ասացինք, այսպէս անենք. շինենք այս զոհասեղանը ոչ թէ ողջակէզների եւ զոհերի համար, 27 այլ որպէսզի սա վկայութիւն լինի մեր եւ ձեր միջեւ, մեզնից յետոյ՝ նաեւ մեր որդիների միջեւ, որ մեր ընծաներով, մեր ողջակէզներով եւ մեր փրկութեան զոհերով Տիրոջը պաշտամունք մատուցենք, որ վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին, թէ՝ “Դուք բաժին չունէք Տիրոջից”: 28 Մենք ասացինք. “Եթէ վաղը մեզ կամ մեր սերունդներին այսպէս ասելու լինեն, մեր սերունդները կասեն, թէ՝ "Տեսէ՛ք Տիրոջ զոհասեղանի օրինակով պատրաստուած զոհասեղանը, որ մեր հայրերը շինեցին ոչ թէ ողջակէզների եւ զոհերի համար, այլ որպէս վկայութիւն մեր եւ ձեր միջեւ եւ մեր որդիների միջեւ": 29 Քա՛ւ լիցի, որ մենք այսօր ապստամբենք մեր Տիրոջ դէմ եւ զոհի, ողջակէզի կամ փրկութեան զոհի համար զոհասեղան շինենք, բացի մեր Տէր Աստծոյ զոհասեղանից, որ նրա խորանի առաջ է”»: 30 Երբ Փենէէս քահանան, ժողովրդի բոլոր իշխանները եւ Իսրայէլի հազարապետները, որ նրա հետ էին, լսեցին այս խօսքերը, որ ասացին Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը, դա նրանց հաճելի թուաց: 31 Տիրոջ քահանայ Եղիազարի որդի Փենէէսը ասաց Ռուբէնի որդիներին, Գադի որդիներին եւ Մանասէի կէս ցեղին. «Այսօր իմացանք, որ Տէրը մեզ հետ է, որովհետեւ դուք Տիրոջ առաջ այս յանցանքը չգործեցիք եւ իսրայէլացիներին ազատեցիք Տիրոջ ձեռքից»: 32 Եւ Եղիազարի որդի Փենէէս քահանան եւ տոհմերի իշխանները վերադարձան Ռուբէնի որդիների, Գադի որդիների եւ Մանասէի կէս ցեղի մօտից՝ Գաղաադ երկրից Քանանացիների երկիրը, իսրայէլացիների մօտ, եւ նրանց պատգամ բերեցին: 33 Այս բանը հաճելի թուաց իսրայէլացիներին, որոնք օրհնեցին իսրայէլացիների Աստծուն, խօսեցին իսրայէլացիների հետ ու ասացին, որ այլեւս պատերազմի դուրս չեն գայ նրանց դէմ կործանելու համար Ռուբէնի որդիների, Գադի որդիների եւ Մանասէի կէս ցեղի երկիրը, ուր նրանք բնակւում էին: 34 Յեսուն անուն դրեց Ռուբէնի ցեղի, Գադի ցեղի եւ Մանասէի կէս ցեղի զոհասեղանին եւ ասաց, որ դա վկայութիւն է նրանց մէջ, թէ Տէրը նրանց Աստուածն է:

23
1 Շատ օրեր յետոյ, երբ Տէրը հանգստացրել էր Իսրայէլին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից, եւ Յեսուն ծերացել ու տարիքն առել էր, 2 նա կանչեց բոլոր իսրայէլացիներին, նրանց ծերակոյտին, իշխաններին, դատաւորներին, օրէնսգէտներին՝ բոլորին միասին, եւ ասաց նրանց. «Ես ծերացել եմ եւ տարիքս առել: 3 Դուք ինքներդ տեսաք այն ամէնը, ինչ մեր Տէր Աստուածն արեց այն բոլոր ազգերին, որոնց վերացրեց ձեր առջեւից, որովհետեւ Տէր Աստուած ինքն էր պատերազմում ձեզ համար: 4 Արդ, տեսէ՛ք, տարածքներն այս մնացած ազգերի, բոլոր ազգերի, որոնց ջարդեցի Յորդանան գետից մինչեւ Մեծ ծովը՝ դէպի արեւմուտք, ձեզ ժառանգութիւն թողեցի՝ ըստ ձեր ցեղերի: 5 Մեր Տէր Աստուածն ինքը կկոտորի նրանց ձեր առաջ, մինչեւ որ ոչնչանան, նրանց դէմ վայրի գազաններ կարձակի, մինչեւ որ ձեր առաջ բնաջնջի նրանց ու նրանց թագաւորներին, եւ դուք ժառանգութիւն կստանաք նրանց երկիրը, ինչպէս որ մեր Տէր Աստուածն ասել էր մեզ: 6 Ուստի շա՛տ զօրացէք եւ զգո՛յշ եղէք, որ կատարէք այն ամէնը, ինչ գրուած է Մովսէսի օրէնքի գրքում, որ չխոտորուէք նրանից աջ կամ ձախ: 7 Չլինի թէ մտնէք այն մնացած ազգերի մէջ. թող նրանց աստուածների անունները չտրուեն ձեր մէջ, նրանցով չերդուէք, չպաշտէք նրանց եւ նրանց երկրպագութիւն չանէք, 8 այլ մեր Տէր Աստծոյ ետեւից գնաք, ինչպէս որ արել էք մինչեւ այսօր: 9 Տէրը ձեր առաջ կոտորեց նրանց՝ մեծամեծ եւ հզօր ազգերին, եւ ոչ ոք դէմ չկանգնեց ձեզ մինչեւ այսօր: 10 Ձեզնից մէկը հազարներին հալածեց, որովհետեւ Տէր Աստուած ինքն էր պատերազմում ձեզ համար, ինչպէս որ ասել էր ձեզ: 11 Շա՛տ զգոյշ եղէք ձեր նկատմամբ, որ սիրէք ձեր Տէր Աստծուն: 12 Իսկ եթէ ետ դառնաք, ձեր մէջ մնացած ազգերին յարէք, նրանց հետ խնամութիւն անէք, խառնակուէք նրանց հետ, եւ նրանք էլ՝ ձեզ հետ, 13 իմացած եղէք, որ Տէրն այլեւս չի կոտորի այն ազգերին ձեր առաջ, եւ նրանք ձեզ համար որոգայթ եւ գայթակղութիւն կլինեն, խոչընդոտ՝ ձեր գարշապարների համար եւ նետեր՝ ձեր աչքերի համար, մինչեւ որ կորչէք այս բարի երկրից, որ տուեց ձեզ ձեր Տէր Աստուածը: 14 Եւ ահա ես այսօր մահուան ճանապարհն եմ գնում, ինչպէս այս երկրի վրայ եղող բոլոր մարդիկ: Իմացէ՛ք ձեր ամբողջ սրտով եւ ձեր ամբողջ հոգով, որ այն բոլոր խօսքերից, որ ասաց ձեր Տէր Աստուածը, ոչ մի բան անկատար չմնաց, այլ ամէն ինչ կատարուեց ձեզ համար. դրանցից ոչ մի խօսք սխալ դուրս չեկաւ: 15 Եւ ինչպէս որ ձեզ վրայ կատարուեցին այն բոլոր բարի խօսքերը, որ ասաց ձեզ համար Տէրը, այդպէս էլ Տէրը ձեզ վրայ կկատարի ամէն տեսակ չար խօսքեր, մինչեւ որ բնաջնջի ձեզ այս բարի երկրից, որ տուել է ձեզ ձեր Տէր Աստուածը, 16 եթէ դրժէք ձեր Տէր Աստծոյ ուխտը, որ պատուիրել է ձեզ, եւ գնաք ծառայէք օտար աստուածներին ու նրանց երկրպագութիւն անէք: Տէրը կբարկանայ ձեզ վրայ, եւ դուք անմիջապէս կկորչէք այս բարի երկրից, որ Տէրը տուել է ձեզ»:

24
1 Յեսուն Իսրայէլի բոլոր ցեղերին հաւաքեց Սելովում, կանչեց Իսրայէլի բոլոր ծերերին, նրանց իշխաններին, օրէնսգէտներին ու դատաւորներին, եւ նրանք կանգնեցին Տիրոջ առաջ: 2 Յեսուն խօսեց ամբողջ ժողովրդի հետ ու ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Նախկինում ձեր նախահայրերը, Թարան՝ Աբրահամի հայրը եւ Նաքորի հայրը, պանդխտել են գետի այն կողմը եւ պաշտել օտար աստուածներին: 3 Գետի այն կողմից ես վերցրի ձեր հայր Աբրահամին եւ նրան առաջնորդեցի Քանանացիների ամբողջ երկրով, բազմացրի նրա սերունդը, նրան տուեցի Իսահակին, իսկ 4 Իսահակին տուեցի Յակոբին եւ Եսաւին, Եսաւին որպէս ժառանգութիւն տուեցի Սէիր լեռը: Յակոբը եւ նրա որդիներն իջան Եգիպտոս եւ այնտեղ մեծ, բազմամարդ ու հզօր ազգ դարձան: Եգիպտացիները նրանց չարչարեցին, 5 եւ Տէրը հարուածեց եգիպտացիներին նրանց դէմ գործադրած նշաններով եւ զարմանահրաշ գործերով: 6 Յետոյ Տէրը ձեզ հանեց Եգիպիտոսից, դուք մտաք ծովը, եւ եգիպտացիները կառքերով ու ձիերով հետապնդեցին ձեր հայրերին մինչեւ Կարմիր ծովը: 7 Մենք աղաղակեցինք Տիրոջը, եւ նա ամպ ու մէգ դրեց մեր եւ եգիպտացիների միջեւ, ծովը նրանց վրայ լցրեց եւ ծածկեց նրանց: Մեր աչքերը տեսան, թէ ինչ արեց Տէրը Եգիպտացիների երկրում: Ապա շատ օրեր մնացիք անապատում: 8 Եւ նա ձեզ բերեց Յորդանան գետի այն կողմում բնակուող Ամորհացիների երկիրը, նրանք ձեր դէմ պատերազմեցին, Տէրը նրանց մատնեց ձեր ձեռքը, դուք ժառանգեցիք նրանց երկիրն ու կոտորեցիք նրանց ձեր առաջ: 9 Մովաբի արքայ Սեպփորի որդի Բաղակը վեր կացաւ եւ պատերազմ մղեց Իսրայէլի դէմ. մարդ ուղարկեց, կանչեց Բէորի որդի Բաղաամին, որ ձեզ նզովի: 10 Բայց ձեր Տէր Աստուածը չկամեցաւ ձեզ կորստեան մատնել, օրհնեց ձեզ, ազատեց ձեզ նրանց ձեռքից եւ նրանց մատնեց ձեր ձեռքը: 11 Դուք անցաք Յորդանան գետը եւ եկաք Երիքով: Երիքովի բնակիչները, ամորհացիները, քանանացիները, փերեզացիները, խեւացիները, յեբուսացիները, քետացիները եւ գերգեսացիները պատերազմեցին ձեր դէմ, եւ Տէրը մատնեց նրանց ձեր ձեռքը: 12 Ձեզնից առաջ իշամեղուներ ուղարկեց եւ նրանց՝ ամորհացիների տասներկու թագաւորներին, քշեց ձեր առաջից: Ո՛չ քո սրով եւ ո՛չ քո աղեղով արուեց այդ: 13 Տէրը ձեզ տուեց այս երկիրը, որտեղ դուք չէք աշխատել, եւ բնակւում էք այն քաղաքներում, որ դուք չէք շինել, ուտում էք այն այգիներից եւ թզենիներից, որ դուք չէք տնկել”: 14 Արդ, դուք վախեցէ՛ք Տիրոջից, ծառայեցէ՛ք նրան շիտակութեամբ եւ արդարութեամբ, հեռացրէ՛ք օտար աստուածներին, որոնց պաշտեցին ձեր հայրերը գետի այն կողմում եւ Եգիպտոսում, եւ պաշտեցէ՛ք Տիրոջը: 15 Իսկ եթէ ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա որոշեցէ՛ք այսօր, թէ ում էք պաշտելու. ձեր հայրերի՞ աստուածներին, որոնք գետի այն կողմում էին, թէ՞ ամորհացիների աստուածներին, որոնց երկրում դուք բնակւում էք: Իսկ ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետեւ նա սուրբ է»: 16 Ժողովուրդը պատասխան տուեց եւ ասաց. «Քա՛ւ լիցի, որ մենք թողնենք մեր Տէր Աստծուն եւ օտար աստուածներին պաշտենք, 17 որովհետեւ Տէրն է մեր Աստուածը, նա հանեց մեզ եւ մեր հայրերին Եգիպտացիների երկրից՝ ծառայութեան տնից, մեզ համար նա մեծամեծ նշանները գործեց, պահպանեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին, պահպանեց բոլոր ազգերի մէջ, որոնց միջով մենք անցանք: 18 Տէրը մեր առաջից քշեց ամորհացիներին եւ այս երկրում բնակուող բոլոր ազգերին. ուրեմն մենք էլ Տիրոջն ենք պաշտելու, որովհետեւ նա է մեր Աստուածը»: 19 Յեսուն ասաց ժողովրդին. «Դուք չէք կարող Տիրոջը պաշտել, որովհետեւ նա սուրբ է. նա, նախանձոտ լինելով, չի ների ձեր մեղքերն ու անօրինութիւնները, 20 երբ թողնէք Տիրոջը եւ օտար աստուածներին պաշտէք: Նա կչարչարի եւ կոչնչացնի ձեզ այն բարիքների փոխարէն, որ արել է ձեզ համար»: 21 Ժողովուրդն ասաց Յեսուին. «Այդպէս չէ, մենք Տիրոջն ենք պաշտելու»: 22 Յեսուն ասաց ժողովրդին. «Ահա դուք ինքներդ ձեր վկաներն էք, որ դուք Տիրոջն ընտրեցիք նրան պաշտելու համար»: Նրանք ասացին. «Վկայ ենք»: 23 Նա ասաց. «Հեռացրէ՛ք ձեզնից օտար աստուածներին եւ ձեր սիրտը Իսրայէլի Տէր Աստծո՛ւն դարձրէք»: 24 Ժողովուրդը Յեսուին ասաց. «Մեր Տէր Աստծուն պիտի պաշտենք եւ նրա խօսքը պիտի լսենք»: 25 Եւ այդ օրը Յեսուն ժողովրդի հետ ուխտ արեց եւ Սելովում, Իսրայէլի Աստծոյ խորանի առաջ, նրան օրէնքներ եւ կանոններ տուեց: 26 Յեսուն դրանք գրեց Աստծոյ օրէնքի գրքում, առաւ մի մեծ քար եւ այն կանգնեցրեց Տիրոջ առաջ եղած բեւեկնի ծառի տակ: 27 Եւ Յեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը ձեզ վկայ լինի, որովհետեւ սա լսեց Տիրոջ բոլոր խօսքերը, որ նա այսօր ձեզ ասաց. սա թող վկայ լինի ձեզ հետագայ օրերին, երբ պատահի, որ ուրանաք ձեր Տէր Աստծուն»: 28 Եւ Յեսուն արձակեց ժողովրդին, ու ամէն մէկը գնաց իր տեղը: 29 Եւ Իսրայէլը պաշտեց Տիրոջը Յեսուի կենդանութեան բոլոր օրերին եւ այն ծերերի կենդանութեան բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Յեսուից յետոյ եւ որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայէլի համար: 30 Սրանից յետոյ Նաւէի որդի Յեսուն՝ Տիրոջ ծառան, հարիւր տասը տարեկանում մեռաւ: 31 Նրան թաղեցին իր ժառանգութեան սահմաններում՝ Թամնասաքարում, Եփրեմի լեռան վրայ, Գայաս լեռան հիւսիսային կողմում: Այնտեղ, որտեղ թաղեցին նրան, որպէս յիշատակ նրա հետ դրեցին այն քարէ սրերը, որոնցով նա Գաղգաղայում թլփատել էր իսրայէլացիներին, երբ նրանց հանեց Եգիպտոսից, ինչպէս հրամայել էր Տէրը. դրանք այնտեղ են մինչեւ այսօր: 32 Իսրայէլացիները Եգիպտոսից հանեցին Յովսէփի ոսկորները եւ դրանք թաղեցին Սիկիմում՝ ագարակի այն մասում, որ հարիւր գառով առել էր Յակոբը Սիկիմում բնակուող ամորհացիներից եւ բաժին էր տուել Յովսէփին: 33 Դրանից յետոյ վախճանուեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, եւ թաղուեց իր որդի Փենէէսին պատկանող Գաբաաթում, որ տուել էին նրան Եփրեմի լեռան վրայ: Այդ օրերին իսրայէլացիներն, առնելով Աստծոյ ուխտի տապանակը, տանում էին իրենց հետ: Եւ Փենէէսը քահանայ դարձաւ իր հօր՝ Եղիազարի փոխարէն, մինչեւ որ մեռաւ եւ թաղուեց Գաբաաթի իր կալուածքում: Իսրայէլացիները գնացին ամէն մէկն իր տեղն ու իր քաղաքը: Նրանք պաշտեցին Աստարտին, Աստարոթին եւ իրենց շրջակայքում եղած ազգերի աստուածներին: Եւ Տէրը նրանց մատնեց Մովաբի արքայ Եգղոմի ձեռքը, որը տիրեց նրանց վրայ տասնութ տարի: