русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ՍԱՂՄՈՍՆԵՐ


1 Սաղմոս Դաւթի:
1 Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ յանցագործների հետ համախոհ չի լինում, 2 այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է նրա պատուիրանների մասին: 3 Նա նման է ջրերի հոսանքի վրայ տնկուած ծառի, որն իր պտուղը ժամանակին կտայ, իսկ նրա տերեւը չի թափուի, ու ամէն բան, ինչ էլ որ անի, կյաջողուի նրան: 4 Այսպէս չեն ամբարիշտները, այսպէս չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին: 5 Ուստի ամբարիշտները չեն դիմանայ դատաստանին, ոչ էլ մեղաւորները կլինեն արդարների հաւաքի մէջ, 6 քանզի Տէրը գիտէ արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստեան են տանում:

2 Անվերնագիր. եբրայերէնում այս երկուսը մի համարի տակ են:
1 Ինչո՞ւ խռովութիւն արեցին հեթանոսները, եւ ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին: 2 Հաւաքուեցին երկրի թագաւորները, եւ միաւորուեցին իշխաններն ընդդէմ Տիրոջ ու նրա Օծեալի՝ ասելով. 3 «Քանդենք նրանց կապանքները եւ թօթափենք նրանց լուծը մեզնից»: 4 Երկնքում Բնակուողը կծիծաղի նրանց վրայ, եւ Տէրը կարհամարհի նրանց: 5 Այնժամ կխօսի նրանց հետ իր բարկութեամբ եւ իր զայրոյթով կսարսափեցնի նրանց: 6 Ես թագաւոր կարգուեցի նրանից իր սուրբ լեռան՝ Սիոնի վրայ, որ հռչակեմ Տիրոջ հրամանները: 7 Տէրն ասաց ինձ. «Դու իմ Որդին ես, ես այսօր ծնեցի քեզ: 8 Խնդրի՛ր ինձնից, եւ հեթանոսներին քեզ կտամ որպէս ժառանգութիւն ու իշխանութիւն՝ երկրի բոլոր ծագերում: 9 Նրանց կհովուես երկաթեայ գաւազանով եւ բրուտի անօթի պէս կփշրես նրանց»: 10 Արդ, թագաւորնե՛ր, ո՛ւշ դարձրէք սրան, եւ խրատուեցէ՛ք ամէնքդ, որ մարդկանց էք դատում: 11 Ծառայեցէ՛ք Տիրոջը երկիւղով եւ ցնծացէ՛ք նրա առջեւ դողալով: 12 Ընդունեցէ՛ք նրա խրատը, որ Տէրը չբարկանայ, որ դուք չկորչէք արդարութեան ճանապարհից, երբ նրա զայրոյթը բորբոքուած լինի: 13 Երանի՜ բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են Տիրոջ վրայ»:

3
1 Սաղմոս Դաւթի, երբ նա փախել էր իր որդու՝ Աբիսողոմի երեսից: 2 Տէ՛ր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները, եւ շատերը ելան իմ դէմ: 3 Շատերն էին ասում իմ մասին. «Սա փրկութիւն չունի իր Աստծուց»: 4 Բայց դու, Տէ՛ր, իմ օգնականն ես, իմ փառքը եւ գլուխս բարձր պահողը: 5 Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, եւ նա լսեց ինձ իր սուրբ լեռան վրայից: 6 Ես ննջեցի ու քուն մտայ. զարթնեցի, եւ Տէրն իմ ապաւէնն է: 7 Չեմ սոսկայ ես նրանց բիւրաւոր զօրքերից, որոնք ամէն կողմից պատել ու պաշարել էին ինձ: 8 Արի՛, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, Աստուա՛ծ իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. դու մեղաւորների ատամները կփշրես: 9 Տիրոջից է փրկութիւնը, քո օրհնութիւնը ժողովրդիդ վրայ թող լինի:

4
1 Դպրապետին. Դաւթի օրհնութեան սաղմոսերգութիւնը: 2 Երբ ձայն տուեցի, իմ արդարութեան համար լսեցիր ինձ, Աստուա՛ծ, նեղութեան մէջ ինձ անդորր տուեցիր. ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր իմ աղօթքին: 3 Մարդկա՛նց որդիներ, մինչեւ ե՞րբ պիտի խստասիրտ լինէք. ինչո՞ւ էք ունայնութիւն սիրում եւ ստութիւն փնտրում: 4 Իմացէ՛ք, որ Տէրը զարմանահրաշ գործեր արեց իր սրբի համար, եւ Տէրը կլսի ինձ, երբ օգնութեան կանչեմ նրան: 5 Եթէ բարկանաք, մի՛ մեղանչէք, ձեր անկողնու մէջ, ինչ էլ որ ասէք ձեր սրտում, զղջացէ՛ք: 6 Արդարութեան զոհե՛ր մատուցէք եւ Տիրոջ վրայ յո՛յս դրէք: 7 Շատերն ասացին. «Ո՞վ ցոյց կտայ մեզ Տիրոջ բարութիւնը»: Քո երեսի լոյսը ծագեց մեզ վրայ, 8 եւ ուրախութիւն տուեցիր մեր սրտերին, ցորենի, գինու, ձէթի բարիքով յագեցրիր նրանց: 9 Այսուհետեւ մենք խաղաղութեամբ կննջենք ու կարթնանանք, 10 քանզի դու միայն, Տէ՛ր, ապահովութեան մէջ բնակեցրիր մեզ:

5
1 Դպրապետին. ժառանգորդների մասին, սաղմոս: 2 Ակա՛նջ դիր իմ խօսքերին, Տէ՛ր, եւ ո՛ւշ դարձրու աղաղակիս, 3 ընդունի՛ր ձայնն աղօթքներիս, Թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ: 4 Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, որ առաւօտեան լսես ձայնն իմ. առաւօտեան պատրաստ կլինեմ քո առջեւ կանգնելու: 5 Դու անօրինութիւն կամեցող Աստուած չես, եւ քեզ մօտ չարամիտներ չեն բնակւում: 6 Թող յանցագործները չապրեն աչքիդ առջեւ: 7 Դու ատեցիր անօրինութիւն գործողներին, կործանում ես բոլոր ստախօսներին, արիւնահեղ ու նենգ մարդուց գարշում ես, Տէ՛ր: 8 Իսկ ես քո ամէնառատ ողորմութեան շնորհիւ կմտնեմ տունդ եւ քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ սուրբ տաճարիդ մէջ: 9 Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջեւ ճանապարհները քո, 10 քանզի նրանց բերանում ճշմարտութիւն չկայ, եւ նրանց սրտերն ունայնացած են: 11 Գերեզմանի պէս բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները՝ լի նենգութեամբ: Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. իրենց անչափ ամբարշտութեան համար վանի՛ր նրանց, քանզի դառնացրին քեզ: 12 Թող ուրախանան բոլոր նրանք, որ յոյս են դնում քեզ վրայ, յաւիտեան թող ցնծան, եւ դու ապրես նրանց մէջ. թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, 13 քանզի դու պիտի օրհնես արդարին. Տէ՛ր, քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ:

6
1 Դպրապետին. ութերորդական եղանակով, Դաւթի օրհնութեան սաղմոս: 2 Տէ՛ր, զայրոյթով քո մի՛ յանդիմանիր ինձ եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր: 3 Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի հիւանդ եմ ես, բժշկի՛ր ինձ, քանզի ոսկորներս խախտուել են: 4 Անձն իմ յոյժ խռովուած է, եւ դու, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ… 5 Դարձի՛ր, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, ազատի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ, 6 քանզի չկայ մէկը, որ մահուան մէջ յիշի քեզ կամ դժոխքում գոհանայ քեզնից: 7 Ես յոգնեցի իմ հառաչանքներից, ամէն գիշեր հեծեծանքով լուացի մահիճն իմ եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի: 8 Սրտնեղութիւնից այլայլուեց աչքն իմ, ես հիւծուեցի բոլոր թշնամիներիս ձեռքից: 9 Հեռացէ՛ք ինձնից ամէնքդ, որ անօրինութիւն էք գործում: 10 Տէրը լսեց իմ լացի ձայնը, Տէրն ականջ դրեց իմ աղօթքներին, Տէրն ընդունեց իմ խնդրանքները: 11 Բոլոր թշնամիներս թող ամաչեն ու խիստ խռովուեն, թող ետ դառնան եւ իսկոյն խիստ ամաչեն ու զարհուրեն:

7
1 Սաղմոս Դաւթի, որ Տիրոջն ասաց Յեմինի որդի Քուսի խօսքերի առթիւ: 2 Տէ՛ր իմ Աստուած, քեզ վրայ դրեցի յոյսն իմ, փրկի՛ր ինձ եւ իմ բոլոր հալածիչներից ազատի՛ր ինձ: 3 Չլինի թէ առիւծի նման յօշոտեն ինձ, եւ չգտնուի մէկը, որ փրկի ինձ եւ պահպանի: 4 Տէ՛ր իմ Աստուած, եթէ արել եմ այս բանը, եթէ իմ ձեռքով անօրինութիւն եմ գործել, 5 եթէ երբեւէ իմ չարակամներին չարութեամբ եմ հատուցել, թող ես էլ իսպառ կորչեմ թշնամիներիս ձեռքով: 6 Թող ուրեմն թշնամին հալածի ինձ, թող վրայ հասնի եւ խորտակի կեանքն իմ՝ կոխոտելով ինձ, իսկ փառքս հողին թող հաւասարեցնի: 7 Ելի՛ր, Տէ՛ր, բարկութեամբ քո եւ բարձրացի՛ր իսպառ վերացնելու իմ թշնամիներին: Արթնացի՛ր, Տէ՛ր իմ Աստուած, յանուն քո սահմանուած կարգի: 8 Ժողովուրդների բազմութիւնները շուրջդ կհաւաքուեն, իսկ դու, Տէ՛ր, բազմի՛ր բարձունքում 9 (Տէրն է դատում իր ժողովրդին): Դատի՛ր ինձ, Տէ՛ր, իմ մէջ եղած արդարութեան եւ անմեղութեան համեմատ: 10 Մեղաւորների վրայ չարիք կգայ, իսկ արդարին յաջողութիւն կտաս, սրտերի ու երիկամների քննիչ արդա՛ր Աստուած: 11 Յիրաւի, օգնողը Աստուածն է, որ փրկում է նրանց, ովքեր շիտակ են սրտով: 12 Արդար, հզօր եւ համբերատար դատաւոր է Աստուած, որն իր զայրոյթը չի թափում հանապազ: 13 Սակայն եթէ չդառնաք դէպի նա, սուրն իր սրած է, եւ աղեղն իր՝ լարած: 14 Նա պատրաստել է մահուան գործիքները, իսկ նետերն իր հրանիւթով է սարքել: 15 Ահաւասիկ, ով որ անօրինութիւն երկնեց, չարիք յղացաւ եւ անիրաւութիւն ծնեց, 16 նա փոս փորեց, խորացրեց, հէնց ինքն էլ ընկաւ այն փոսը, որ նա պատրաստեց: 17 Նրա գլխին կթափուեն իր չարագործութիւնները, նրա գագաթին կիջնեն իր անօրինութիւնները: 18 Գոհութիւն կմատուցեմ Տիրոջն իր արդարութեան համար, սաղմոս կերգեմ բարձրեալ Տիրոջ համար:

8
1 Այսուհետեւ՝ հնձանների մասին, սաղմոս Դաւթի: 2 Տէ՛ր, ո՛վ մեր Տէր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում: Քո փառքը բարձրացաւ երկնքից վեր: 3 Մանկահասակ եւ ծծկեր երեխաների բերանից թող օրհնութիւն ելնի ընդդէմ քո թշնամիների, Տէ՛ր, որպէսզի ոսոխն ու հակառակորդը կործանուեն: 4 Տեսնեմ երկինքը՝ քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որոնք դու հաստատեցիր: 5 Մարդն ի՞նչ է, որ յիշում ես նրան, կամ՝ մարդու որդին, որ այցի գաս նրան: 6 Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրեցիր նրան եւ փառք ու պատուով պսակեցիր նրան: 7 Նրան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրայ: 8 Ամէն ինչ դրեցիր նրա ոտքերի ներքոյ՝ ոչխար, արջառ եւ ամէն ինչ, 9 նաեւ՝ վայրի երէ, երկնքի թռչուններ, ծովի ձկներ, որ շրջում են ծովերի հոսանքներում: 10 Տէ՛ր, ո՛վ մեր Տէր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում:

9
1 Այսուհետեւ՝ որդու գաղտնիքների մասին, սաղմոս Դաւթի: 2 Իմ ամբողջ սրտով գոհութիւն կմատուցեմ քեզ, Տէ՛ր, կպատմեմ բոլոր հրաշագործութիւններդ: 3 Կուրախանամ ու կցնծամ քեզնով, սաղմոս կերգեմ քո անուանը, ո՛վ Բարձրեալ: 4 Թշնամիներս, ետ դառնալով, կթուլանան ու կկորչեն քո առաջից: 5 Դատաստանս եւ իրաւունքս դու տեսար, բազմեցիր աթոռին, ո՛վ Դատաւոր արդար: 6 Սաստեցիր հեթանոսներին, եւ ամբարիշտն անհետացաւ. նրանց անունները ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից: 7 Եւ թշնամու զէնքը իսպառ վերացաւ. դու քաղաքներ աւերեցիր, եւ յիշատակը դրանց կորաւ աղաղակով: 8 Բայց Աստուած մնում է յաւիտեան, նա պատրաստեց իր աթոռը դատաստանի համար: 9 Ինքն է դատում աշխարհն այս արդարութեամբ եւ իր ժողովրդին՝ ուղղամտութեամբ: 10 Տէրը եղաւ տնանկի ապաւէնը եւ նեղութեան ժամանակ օգնականը: 11 Քեզ վրայ թող յոյս դնեն բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո, քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, Տէ՛ր: 12 Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, որ բնակւում է Սիոնում. հեթանոսների մէջ պատմեցէ՛ք գործերը նրա: 13 Տնանկների արեան համար վրէժխնդիր լինելիս Տէրը յիշեց եւ չմոռացաւ աղօթքը նրանց: 14 Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, եւ տե՛ս իմ նուաստացումն իմ թշնամիներից: 15 Դու բարձրացրիր ինձ մահուան դռներից, որ պատմեմ քո բոլոր օրհներգութիւնները Սիոնի քաղաքի դռներին եւ ցնծամ քո փրկագործութեամբ: 16 Հեթանոսներն ընկղմուեցին իրենց գործած ապականութեան մէջ, եւ իրենց լարած թակարդն իրենց իսկ ոտքերն է բռնելու: 17 Տէրն իրեն ճանաչեցրեց դատաստան անելով, եւ մեղաւորները կպատժուեն ըստ իրենց ձեռքի գործերի: 18 Մեղաւորները կրկին դժոխք կընկնեն, նաեւ բոլոր հեթանոսները, որոնք մոռացան Աստծուն: 19 Տէրն ամենեւին չի մոռանայ աղքատին, եւ տնանկների համբերութիւնը երբեք չի սպառուի: 20 Ելի՛ր, Տէ՛ր, եւ թող մարդը չզօրանայ, թող հեթանոսները դատուեն քո առջեւ: 21 Նրանց վրայ օրէնսդի՛ր կարգիր, Տէ՛ր, եւ թող հեթանոսներն իմանան, որ իրենք մարդիկ են:

1 Ինչո՞ւ, Տէ՛ր, հեռու մնացիր, անտարբեր եղար նեղութեան ժամանակ: 2 Ամբարշտի յոխորտալուց տոչորում է աղքատը. թող խափանուեն այն հնարքները, որ խորհեցին նրանք, 3 քանզի գովաբանւում է մեղաւորն իր ցանկութիւնների համար, գովաբանւում է եւ նա, ով զրկում է: 4 Իսկ մեղաւորն ինչո՞ւ բազում դառնութեամբ զայրացրեց Աստծուն, թէ չի ստանայ հատուցում: 5 Չկայ Աստուած նրա աչքերի առջեւ, մշտապէս պիղծ են նրա ճանապարհները: Իրաւունք ասուածը վերացել է նրա մտքից, նա կտիրի իր բոլոր հակառակորդներին: 6 Նա ասում է իր սրտում, թէ չի սասանուի, դարէդար կապրի առանց փորձանքի: 7 Անէծքով, դառնութեամբ ու նենգութեամբ լի է բերանը նրա, իսկ լեզուի տակ ցաւ է ու տառապանք: 8 Մեծամեծների հետ դարան է մտնում, որ գաղտնաբար սպանի անմեղին: 9 Նրա աչքն աղքատի վրայ է, դարանակալում է թաքստոցում, ինչպէս առիւծն իր որջում, դարանակալում է՝ յափշտակելու աղքատին, յափշտակելու աղքատին եւ ճանկելու նրան: 10 Նրան կգցի իր որոգայթը, բայց տիրելով տնանկներին՝ նա կխոնարհուի ու կընկնի: 11 Նա ասում է իր սրտում, թէ Աստուած մոռացել է, շրջել է երեսն իր՝ բնաւ չտեսնելու համար: 12 Ելի՛ր, Տէ՛ր իմ Աստուած, թող բարձրանայ քո ձեռքը, եւ մի՛ մոռացիր տնանկներին: 13 Իսկ ամբարիշտն ինչո՞ւ բարկացրեց Աստծուն՝ ասելով իր սրտում, թէ ինքը չի քննուի: 14 Տէ՛ր, տեսնում ես դու աղքատին՝ նայելով նրա ցաւին ու սրտմտութեանը նրան քո ձեռքը վերցնելու համար: Քեզ է ապաւինել աղքատը, եւ դու ես որբի օգնականը: 15 Թող խորտակուի մեղաւորի ու չարագործի բազուկը, թող փնտրուեն նրա մեղքերն ու այլեւս չգտնուեն: 16 Տէրը թագաւոր է յաւիտեանս յաւիտենից. թող կորչեն հեթանոսները նրա երկրից: 17 Տնանկների ցանկութիւնը լսեցիր, Տէ՛ր, քո ականջը ուշ դարձրեց նրանց սրտի պատրաստակամութեանը՝ 18 տեսնելու որբի ու տնանկի դատաստանը, որպէսզի մարդը չշարունակի իր յոխորտանքը երկրի երեսին:

10
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի: 2 Յոյսս դրեցի Տիրոջ վրայ. ինչո՞ւ էք ասում ինձ, որ ճնճղուկի պէս լեռները թռչեմ: 3 Չէ՞ որ մեղաւորներն ահա լարել են աղեղներն իրենց, պատրաստել են նետերը կապարճներում, որ մութն ընկնելիս ձգեն ուղղամիտների վրայ: 4 Ինչ դու շինեցիր, աւերեցին նրանք, իսկ արդարն ի՞նչ արեց: 5 Տէրն իր սուրբ տաճարում է, Տէրը երկնքում է՝ իր գահի վրայ: Նրա աչքերը նայում են տնանկներին, իսկ արտեւանունքները զննում են մարդկանց որդիներին: 6 Տէրը քննում է արդարին եւ ամբարշտին. ով սիրում է մեղքը, ատում է անձն իր: 7 Մեղաւորների վրայ որոգայթ, հուր եւ ծծումբ կտեղայ, փոթորկի շունչն է նրանց բաժակի բաժինը: 8 Արդար է Տէրը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը նրա:

11
1 Այսուհետեւ՝ ութերորդականների մասին, սաղմոս Դաւթի: 2 Փրկի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի սուրբ չմնաց, նուազեց ճշմարտութիւնը մարդկանց որդիների մէջ: 3 Ստութեամբ խօսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցուեցին նենգ շրթունքներով: 4 Տէրը կոչնչացնի բոլոր նենգ շրթունքներն ու լեզուները մեծախօս, 5 որոնք ասացին. «Երկարացնենք մեր լեզուները, մենք շրթունք ունենք. արդ, ո՞վ է մեր տէրը»: 6 «Աղքատի տառապանքի եւ տնանկի հեծութեան համար այժմ ես կելնեմ,– ասում է Տէրը,– կբերեմ իմ փրկութիւնը եւ վստահ կլինեմ նրանց վրայ»: 7 Տիրոջ խօսքերը սուրբ խօսքեր են, ինչպէս ընտիր ու փորձուած արծաթ՝ եօթապատիկ մաքրուած եւ զտուած հողից: 8 Դու, Տէ՛ր, պահպանեցիր մեզ եւ փրկեցիր այս ազգից մինչեւ յաւիտենութիւն: 9 Ամէն կողմ ամբարիշտներ են շրջում. քո բարձրութեան համեմատ դու մեծութի՛ւն տուր մարդկանց որդիներին:

12 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի:
1 Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչեւ ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից: 2 Մինչեւ ե՞րբ խռովք ունենամ իմ հոգում եւ ամէնօրեայ ցաւ՝ իմ սրտում: 3 Մինչեւ ե՞րբ թշնամին պիտի բռնանայ ինձ վրայ: 4 Նայի՛ր եւ լսի՛ր ինձ, Տէ՛ր իմ Աստուած, լո՛յս տուր, Տէ՛ր, իմ աչքերին, որ երբեք մահուան քուն չմտնեմ: 5 Թշնամիս թող չասի, թէ՝ յաղթեցի նրան, կամ հալածիչներս ցնծան, եթէ սասանուեմ: 6 Ես ողորմութեանդ վրայ յոյս դրեցի, Տէ՛ր, սիրտս հրճուեց քո փրկագործութեամբ. կօրհներգեմ քեզ, Տէ՛ր, բարերա՛րդ իմ:

13 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի:
1 Անզգամն ասաց իր սրտում, թէ չկայ Աստուած. ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրինութեան մէջ, եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի: 2 Տէրը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն փնտրի: 3 Բոլորը խոտորուեցին, միասին անպիտան դարձան. բարութիւն անող չկայ, ոչ իսկ մէկ հոգի: 4 Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր անօրինութիւն են գործում, ովքեր խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակուր ու հաց եւ Տիրոջը չեն դիմում: 5 Այնտեղ են երկիւղից սարսում, ուր երկիւղ չկայ, քանզի Տէրը արդարների ազգի մէջ է: 6 Աղքատի մտածմունքը ամօթ համարեցին, Տէրն է յոյսը նրա: 7 Ո՞վ կտայ Սիոնից փրկութիւնն Իսրայէլի: Երբ Տէրն իր ժողովրդին վերադարձնի գերութիւնից, Յակոբը կցնծայ, եւ Իսրայէլն ուրախ կլինի:

14 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի:
1 Տէր, ո՞վ պիտի ապրի քո վրանում կամ ո՞վ պիտի բնակուի քո սուրբ լեռան վրայ. 2 նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում, ճշմարտութիւն խօսում իր սրտում: 3 Ով չի նենգել իր լեզուով եւ ընկերոջը վատութիւն չի արել, 4 Մերձաւորներից նախատինք նա չի ստանում, եւ չարագործն անարգուած է նրա աչքում: Այդպիսին փառաբանում է նրանց, ովքեր երկիւղ ունեն Տիրոջից, երդւում է իր բարեկամին եր երդումն իր չի դրժում: 5 Իր արծաթը վաշխով չի տալիս, իրաւունքի դէմ կաշառք չի վերցնում: Ով անում է այս, նա յաւիտեան չի սասանուի:

15
1 Սաղմոս Դաւթի, արձանագիր: 2 Պահպանի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի քեզ վրայ դրեցի յոյսն իմ: Տիրոջն ասացի. «Իմ Տէրն ես դու, ինձ արուած բարիքները քեզնից են»: 3 Քո սրբերին, որոնք քո երկրում են, սքանչելագործութեամբ ցոյց տուեցիր իմ բոլոր ցանկութիւնները: 4 Շատացան նրանց հիւանդութիւնները, որ այսուհետեւ յաճախակի են դառնալու: Չեմ մասնակցի նրանց արիւնալի հաւաքներին եւ նրանց անունը չեմ յիշատակի իմ շրթունքներով: 5 Տէ՜ր, իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժի՛ն, ժառանգութիւնս դու ես կրկին ինձ վերադարձնելու: 6 Ինձ վիճակ ընկաւ ընտրեալների մէջ լինելու, եւ իմ բաժին ժառանգութիւնը հաճելի եղաւ ինձ: 7 Պիտի օրհներգեմ Տիրոջը, որ իմաստուն դարձրեց ինձ, եւ գիշերն անգամ երիկամներս ինձ խրատում էին: 8 Սկզբից եւեթ Տիրոջը մշտապէս տեսնում էի իմ առջեւ. նա իմ աջ կողմում է, որպէսզի չսասանուեմ: 9 Դրա համար ուրախ եղաւ սիրտն իմ, եւ ցնծաց լեզուն իմ, իսկ մարմինն իմ կհանգստանայ յոյսով. 10 քանզի դժոխքում չես թողնի դու ինձ եւ քո սրբին ապականութիւն տեսնել չես տայ: 11 Ինձ ցոյց տուեցիր կեանքի քո ճանապարհները, քո աջի քաղցրութիւնից ու վայելչութիւնից լիովին յագեցրիր ինձ երեսիդ ուրախութեամբ:

16
1 Աղօթք Դաւթի: Արդարութեանն ակա՛նջ դիր, Տէ՛ր, նայի՛ր իմ խնդրանքին եւ լսի՛ր աղօթքս, որ նենգ շրթներով չէ: 2 Դատաստանս քեզնից թող չլինի, եւ աչքերն իմ ճշմարտութիւնը թող տեսնեն: 3 Փորձեցիր սիրտն իմ եւ քննեցիր գիշերով, փորձեցիր ինձ, եւ իմ մէջ անիրաւութիւն չգտնուեց: 4 Բերանն իմ չի պատմի մարդկանց որդիների գործերը. քո շրթների խօսքերի շնորհիւ ես հաստատ կմնամ դժուարին ճանապարհներին: 5 Հաստատո՛ւն պահիր շաւիղն իմ քո ճանապարհին, որ ընթացքս չխոտորուի: 6 Ես քե՛զ կանչեցի, Տէ՛ր, քանի որ լսեցիր ինձ, Աստուա՛ծ. դէպի ի՛նձ խոնարհեցրու ականջդ եւ լսի՛ր իմ խօսքերը: 7 Սքանչելի դարձրիր քո ողորմութիւնները, դու, որ աջիդ գտնուող հակառակորդներից փրկում ես նրանց, որոնք իրենց յոյսը դրել են քեզ վրայ: 8 Պահպանի՛ր ինձ աչքի բիբի պէս, քո թեւերի հովանու տակ ծածկի՛ր ինձ 9 ամբարիշտների երեսից, որոնք տառապեցրին ինձ: Թշնամիներն ինձ պաշարեցին, 10 խիստ պարարտացան, եւ նրանց բերանն ամբարտաւանութիւն բարբառեց: 11 Վռնդեցին ինձ եւ արդ, դարձեալ շուրջս պատելով, մտադրուեցին ինձ գետնին տապալել: 12 Ինձ թուացին իբրեւ առիւծ, որ պատրաստ է որսի վրայ նետուելու, իբրեւ կորիւն առիւծի՝ նստած դարանում: 13 Ելի՛ր, Տէ՛ր, հասի՛ր եւ արգելի՛ր նրանց, փրկի՛ր ինձ ամբարիշտների սրից ու թշնամու ձեռքից: 14 Տէ՛ր, վերացրո՛ւ նրանց աշխարհից, ցրի՛ր նրանց եւ խորտակի՛ր կեանքը նրանց: Քո պահեստներից լցուեց որովայնը նրանց, յագեցան նրանք կերակուրներով եւ մնացածը թողեցին իրենց երեխաներին: 13 Իսկ ես արդարութեամբ կերեւամ քո առաջ, կյագենամ՝ տեսնելով փառքը քո:

17
1 Այսուհետեւ՝ Տիրոջ ծառայ Դաւթի՝ քաջամարտիկի մասին, որն օրհնութեան այս խօսքերը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տէրը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սաւուղի ձեռքից. եւ ասաց. 2 Սիրում եմ քեզ, Տէ՛ր, զօրութի՛ւն իմ. ո՛վ Տէր, պահպանի՛չ իմ, ապաւէ՛ն իմ եւ փրկի՛չ: 3 Աստուած օգնականս է, ես յոյսս դրել եմ նրա վրայ. իմ ապաւէնն է, փրկութեանս եղջիւրը, ինձ ընդունողը: 4 Օրհնելով կկանչեմ Տիրոջը եւ իմ թշնամիներից կազատուեմ: 5 Մահուան տառապանքը շրջապատեց ինձ, եւ անօրինութեան հեղեղն ինձ վրդովեց: 6 Դժոխքի ցաւերը պաշարեցին ինձ, եւ մահացու վտանգներն ինձ հասան: 7 Նեղութեանս մէջ ես Տիրոջը դիմեցի եւ իմ Աստծուն աղաղակեցի. Նա լսեց ինձ եւ իմ աղօթքի ձայնն իր սուրբ տաճարից, նրան ուղղուած աղաղակս նրա ականջին է հասնելու: 8 Ցնցուեց ու դողաց երկիրը, եւ լեռների հիմքերը սասանուեցին ու խախտուեցին, քանզի բարկացաւ նրանց վրայ Աստուած: 9 Նրա բարկութիւնից ծուխ բարձրացաւ, երեսից հուր բորբոքոեւց, եւ կայծակներ ճարճատեցին նրանից: 10 Ցածրացրեց նա երկինքն ու իջաւ, եւ նրա ոտքերի տակ մառախուղ էր: 11 Ելաւ նա քերովբէների վրայ ու թռաւ, սլացաւ հողմի թեւերով: 12 Խաւարն իր համար ծածկոյթ դարձրեց, եւ շուրջբոլորն իր տունը եղաւ՝ օդի ամպերի թանձր ջրերով: 13 Նա փայլատակեց նրանց առջեւ, ամպերը կարկուտ եւ հրեղէն կայծակներ արձակեցին: 14 Որոտաց Տէրը երկնքից, եւ Բարձրեալն իր ձայնը լսել տուեց կարկտով ու հուր կայծակներով: 15 Ուղարկեց իր նետերն ու ցրեց դրանք, շատացրեց իր կայծակները եւ սփռեց դրանք: 16 Քո զայրոյթից, Տէ՛ր, եւ քո բարկութեան հողմի շառաչից երեւացին ջրերի ակունքները, եւ յայտնուեցին հիմքերն աշխարհի: 17 Վերից փութալով՝ Տէրը վերցրեց ինձ, վերցրեց ինձ ջրերի հեղեղից: 18 Տէրը կփրկի ինձ իմ զօրեղ թշնամիներից ու ինձ ատողներից, որոնք աւելի հզօր են, քան ես: 19 Նրանք ինձ վրայ հասան չարչարանքներիս օրերին, բայց Տէրն ինձ զօրութիւն տուեց 20 ու անդորրութիւն պարգեւեց: Եւ Տէրը կփրկի ինձ, քանզի նա ինձ հաւանեց: 21 Տէրն ինձ կհատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ անբծութեան կհատուցի ինձ: 22 Ես կպահեմ Տիրոջ ճանապարհը եւ իմ Աստծոյ դէմ ամբարշտութիւն չեմ անի: 23 Նրա բոլոր օրէնքներն իմ առջեւ են, նա արդարութիւնն իր չհեռացրեց ինձնից: 24 Եւ ես անբասիր կլինեմ նրա հանդէպ, կզգուշանամ իմ անօրինութիւնից: 25 Տէրն ինձ կհատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ ձեռքերի մաքրութեան, որ նրա աչքի առջեւ է: 26 Սրբի հետ սուրբ կլինես, Տէ՛ր, անարատ մարդու հետ՝ անարատ: 27 Ընտրեալների հետ ընտրեալ կլինես եւ խոտորուածներին կկործանես: 28 Դու փրկում ես հեզ ժողովուրդներին, իսկ ամբարտաւանների աչքերը խոնարհեցնում: 29 Դու լոյս ես տալիս իմ ճրագին, Տէ՛ր. Աստուա՛ծ իմ, լուսաւորի՛ր ինձ խաւարում: 30 Քեզնով կփրկուեմ ես փորձութիւնից, Աստծուս շնորհիւ պարիսպներ կյաղթահարեմ: 31 Աստուա՛ծ իմ, անթերի են քո ճանապարհները, ընտիր են խօսքերը Տիրոջ, նա ապաւէնն է բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են նրա վրայ. 32 քանզի Տիրոջից բացի ո՞վ է Աստուած կամ ո՞վ է Աստուած մեր Աստծուց բացի: 33 Աստուա՛ծ, դու ինձ ուժ պարգեւեցիր եւ իմ ճանապարհն անբիծ դարձրիր: 34 Ինձ ոտքեր տուեցիր եղջերուի ոտքերի նման եւ բարձր տեղերի վրայ կանգնեցրիր ինձ: 35 Ձեռքերս վարժեցրիր պատերազմի, իսկ բազուկն իմ դարձրիր ինչպէս հաստ աղեղ: 36 Տուեցիր ինձ նաեւ քո փրկարար պաշտպանութիւնը: Աջդ զօրավիգ եղաւ ինձ, իսկ խրատդ միշտ կանգուն պահեց. քո խրատն իմաստուն կդարձնի ինձ: 37 Ընդարձակեցիր ուղիս իմ ոտքերի տակ, եւ ընթացքն իմ չտկարացաւ: 38 Հալածելով թշնամիներիս՝ ես կհասնեմ նրանց ու ետ չեմ դառնայ, մինչեւ չոչնչացնեմ նրանց: 39 Ես կընկճեմ նրանց, որ այլեւս չկարողանան կանգնել, եւ նրանք կընկնեն իմ ոտքերի տակ: 40 Դու ինձ պատերազմելու զօրութիւն տուեցիր, դէմս ելնողներին ոտքերիս տակ գցեցիր: 41 Թշնամիներիս դու հալածեցիր, իսկ ինձ ատողներին ոչնչացրիր: 42 Աղաղակեցին նրանք, բայց չկար մէկը, որ փրկէր նրանց, կանչեցին Տիրոջը, բայց նա չլսեց նրանց: 43 Ես կփշրեմ, հողմափոշի կդարձնեմ նրանց, փողոցների ցեխի պէս կտրորեմ նրանց: 44 Տէրն ինձ կփրկի ժողովրդի ըմբոստութիւնից եւ ինձ հեթանոսների գլուխ կկարգի: 45 Իմ չճանաչած ժողովուրդն ինձ ծառայեց եւ համակ ականջ դարձած՝ լսեց ինձ: 46 Օտարների որդիներն ինձ ստեցին, օտարների որդիները մաշուեցին՝ խոտորուելով իրենց շաւղից: 47 Կենդանի է Տէրը, եւ օրհնեալ է Աստուած եւ թող բարձր լինի Աստուածն իմ փրկութեան: 48 Աստուածն իմ, որ լուծում է վրէժն իմ եւ ժողովուրդներին ինձ է հնազանդեցնում, 49 որ փրկում է ինձ իմ գազազած թշնամիներից. դու բարձր դասեցիր ինձ իմ հակառակորդներից, անիրաւ մարդուց ազատեցիր ինձ: 50 Դրա համար գոհութիւն պիտի մատուցեմ քեզ հեթանոսների մէջ եւ քո անուանը սաղմոս պիտի երգեմ: 51 Դու փրկութեամբ մեծարեցիր թագաւորիդ՝ ողորմելով քո օծեալ Դաւթին ու նրա սերնդին յաւիտեանս յաւիտենից:

18
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի: 2 Երկինքը պատմում է Աստծոյ փառքը, եւ երկնքի հաստատութիւնը յայտնում է նրա ձեռքի գործերը: 3 Օրը օրուան միտք է հաղորդում, եւ գիշերը գիշերուան գիտութիւն է ցոյց տալիս: 4 Չկան բառեր, ոչ էլ խօսքեր, դրանց հնչիւնները լսելի չեն: 5 Ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց, եւ մինչեւ աշխարհի ծայրն են հասել խօսքերը նրանց: 6 Արեւի մէջ նա վրանն իր խփեց, իսկ ինքն ասես փեսայ լինի, որ ելնում է իր առագաստից. ցնծում է նա որպէս հսկայ՝ ընթանալով իր ճանապարհով: 7 Երկնքի ծայրերից է նրա ծագումը, իսկ դադարը՝ մինչեւ ծայրերը նրա, ու չկայ մէկը, որ թաքնուի նրա տապից: 8 Տիրոջ օրէնքն անբիծ է եւ վերափոխում է հոգիները. Տիրոջ վկայութիւնը ստոյգ է եւ իմաստուն է դարձնում տհասներին: 9 Տիրոջ արդարութիւնն ուղիղ է եւ զուարճացնում է սրտերը. Տիրոջ պատուիրանները լոյս են ու լոյս են տալիս աչքերին: 10 Տիրոջ երկիւղը սուրբ է եւ սուրբ է մնում յաւիտեան: Տիրոջ դատաստանները ճշմարիտ են եւ ինքնին արդար: 11 Ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք, աւելի քաղցր, քան մեղրի խորիսխը: 12 Եւ քանի որ քո ծառան պահպանում է դրանք, պահպանելու վարձը մեծ կլինի: 13 Իր յանցանքներն ո՞վ կարող է մտքում պահել. իմ գաղտնիքներից մաքրի՛ր ինձ, Տէ՛ր: 14 Օտարներից պահպանի՛ր քո ծառային, որ նրանք ինձ չտիրեն. այնժամ ես անբիծ կլինեմ ու կմաքրուեմ մեծ մեղքերից: 15 Թող քեզ հաճելի լինեն բերանիս խօսքերը, եւ սրտիս խորհուրդները յարաժամ քո առջեւ լինեն, Տէ՛ր, օգնակա՛ն իմ եւ փրկի՛չ իմ:

19
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի: 2 Անձկութեան օրը կլսի քեզ Տէրը, եւ օգնական կլինի քեզ Յակոբի Աստծոյ անունը: 3 Տէրն իր սուրբ Սիոնից քեզ օգնութիւն կուղարկի եւ կընդունի քեզ: 4 Թող յիշի Տէրը քո բոլոր ընծաները եւ ողջակէզներդ ընդունելի թող համարի: 5 Տէրը քեզ կտայ, ինչ որ ուզի քո սիրտը, եւ քո բոլոր մտադրութիւնները նա կկատարի: 6 Մենք կցնծանք քո փրկութեամբ, Աստծոյ անունով մենք կմեծարուենք: Տէրը կկատարի քո բոլոր խնդրանքները: 7 Այժմ հասկացանք, որ Տէրը փրկեց իր օծեալին: Նա կլսի նրան իր սուրբ երկնքից իր փրկարար աջի զօրութեամբ: 8 Ոմանց աչքը ռազմակառքերին է, ուրիշներինը՝ երիվարներին: Իսկ մենք մեր Աստծոյ անունն ենք կանչում: 9 Նրանք կործանուեցին ու ընկան, իսկ մենք ոտքի կանգնեցինք եւ ուղղուեցինք: 10 Տէ՛ր, պահպանի՛ր թագաւորին եւ լսի՛ր մեզ այն օրը, երբ ձայն տանք քեզ:

20
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի: 2 Տէ՛ր, զօրութեամբ քո պիտի ուրախանայ թագաւորը եւ յոյժ ցնծայ քո փրկութեամբ: 3 Նրա սրտի ուզածը տուեցիր նրան եւ նրա շրթունքների ցանկութիւնը չմերժեցիր: 4 Քո քաղցր օրհնութեամբ այցելեցիր նրան եւ թանկագին քարերով ընդելուզուած պսակ դրեցիր նրա գլխին: 5 Կեանք խնդրեց քեզնից, եւ նրան տուեցիր երկար օրեր՝ յաւիտեանս յաւիտենից: 6 Մեծ է նրա փառքը քեզնից եղած փրկութեամբ, փառք ու պարծանք կդնես նրա վրայ: 7 Օրհնութեան մէջ կհաստատես նրան յաւիտեանս յաւիտենից, կուրախացնես նրան քո երեսի խնդութեամբ: 8 Թագաւորն իր յոյսը դրեց Տիրոջ վրայ եւ Բարձրեալի ողորմութեամբ նա չի սասանուի: 9 Թող ձեռքդ անպակաս լինի քո թշնամիների վրայ, եւ աջդ հասնի բոլոր քեզ ատողներին: 10 Երբ դու երեւաս, նրանց հրաբորբոք հնոց կդարձնես. Տէրն իր զայրոյթով կխռովի նրանց, եւ հուրը նրանց կլափի: 11 Երկրից կկորչի պտուղը նրանց, իսկ մարդկանց որդիներից՝ սերունդը նրանց: 12 Չարամտութեամբ խոտորուեցին քեզնից, դաւեր նիւթեցին, բայց չեն կարող իրագործել դրանք: 13 Դու նրանց հալածական կանես եւ նրանց երեսը կուղղես քո հաւատարիմների կողմը: 14 Բա՛րձր եղիր, Տէ՛ր, քո զօրութեամբ. օրհնենք եւ սաղմոս երգենք քո զօրութեանը:

21
1 Այսուհետեւ՝ առաւօտեան օգնութեան մասին. սաղմոս Դաւթի: 2 Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ, նայի՛ր ինձ, ինչո՞ւ լքեցիր ինձ, յանցանքներիս պատճառով հեռու մնացիր իմ փրկութիւնից: 3 Աստուա՛ծ իմ, քեզ կանչեցի ցերեկով, բայց չլսեցիր ինձ, կանչեցի գիշերով, բայց չանսացիր ինձ: 4 Դու ապրում ես սրբերի մէջ եւ գովերգւում Իսրայէլում: 5 Քեզ վրայ յոյս դրեցին հայրերը մեր, յոյս դրեցին քեզ վրայ, եւ դու փրկեցիր նրանց: 6 Առ քեզ աղաղակեցին ու ապրեցին, քեզ վրայ յոյս դրեցին եւ ամօթով չմնացին: 7 Բայց ես որդ եմ եւ ոչ թէ մարդ, մարդկանց համար նախատինք եմ եւ անարգանք՝ ժողովուրդներին: 8 Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ, խօսում շրթունքներով եւ շարժում գլուխներն իրենց՝ ասելով. 9 «Յոյսը դրել է Տիրոջ վրայ, դէ թող փրկի ու ազատի նրան, եթէ սիրում է նրան»: 10 Դո՛ւ հանեցիր ինձ արգանդից, իմ յոյսը դարձար մօրս կաթով սնուելու օրից: 11 Քե՛զ յանձնուեցի ես արգանդից, մօրս որովայնից սկսած՝ դու ես Աստուածն իմ: 12 Մի՛ հեռացիր ինձնից, քանզի մօտ են վտանգները, եւ չկայ մէկը, որ օգնի ինձ: 13 Բազում եզներ շրջապատեցին ինձ, եւ պարարտ ցուլերը պաշարեցին ինձ: 14 Մռնչացող ու յափշտակող առիւծների պէս ինձ վրայ բացեցին բերաններն իրենց: 15 Հոսեցի ես ինչպէս ջուր, խախտուեցին իմ բոլոր ոսկորները, եւ սիրտս հալուած մոմ դարձաւ որովայնիս մէջ: 16 Զօրութիւնն իմ չորացաւ խեցու նման, լեզուս կպաւ քիմքիս, եւ ինձ իջեցրին մահուան հողի մէջ: 17 Չորս կողմս բազում շներ հաւաքուեցին, եւ չարագործների ամբոխն ինձ պաշարեց: 18 Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ, հաշուեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ: 19 Հագուստներս բաժանեցին իրար մէջ եւ պատմուճանիս վրայ վիճակ գցեցին: 20 Դու, Տէ՛ր, օգնութիւնդ ինձնից հեռու մի՛ պահիր, այլ օգնի՛ր ինձ, Տէ՛ր: 21 Փրկի՛ր ինձ սրից, փրկի՛ր միամօրիկիս շների ձեռքից: 22 Ազատի՛ր ինձ առիւծի բերանից եւ խեղճ անձն իմ՝ միեղջերուի եղջիւրից: 23 Անունդ պիտի հռչակեմ իմ եղբայրներին, ժողովատեղում պիտի օրհնեմ քեզ: 24 Աստուածավախնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, եւ թող Յակոբի բոլոր զաւակները փառաբանեն նրան: 25 Իսրայէլի ողջ սերունդը երկիւղ պիտի կրի Տիրոջից, քանզի Տէրը չարհամարհեց ու չանարգեց աղօթքն աղքատիս եւ երեսն ինձնից չշրջեց, այլ երբ ձայն տուեցի նրան, լսեց ինձ: 26 Քո մասին է գովքն իմ, մեծ հաւաքներում պիտի օրհնեմ քեզ: Ուխտս պիտի կատարեմ նրա բոլոր երկիւղածների առջեւ: 27 Տնանկները պիտի ուտեն ու յագենան, Տիրոջը փնտրողները պիտի օրհնեն նրան: Նրանց սրտերը կապրեն յաւիտեանս յաւիտենից: 28 Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կվերյիշեն ու կդառնան Տիրոջը: Բոլոր ազգատոհմերը կերկրպագեն նրան, 29 քանզի Տիրոջն է արքայութիւնը, եւ նա է տիրում բոլոր հեթանոսների վրայ: 30 Լիացան եւ երկրպագեցին նրան երկրի բոլոր մեծամեծները, եւ ամէն ոք, որ գերեզման է իջնում, նրա առջեւ պիտի ընկնի: 31 Նրանով է ապրում անձն իմ, եւ իմ սերունդը պիտի ծառայի նրան: 32 Գալիք սերունդներին պիտի պատմեմ Տիրոջ մասին, Տիրոջ գործած արդարութիւնը պիտի աւանդուի այն ժողովրդին, որ ծնուելու է:

22
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի: 2 Տէրն իմ հովիւն է, եւ ինձ ոչինչ չի պակասի: 3 Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց եւ հանդարտ ջրերի մօտ ինձ սնուցեց: 4 Նա կենդանացրեց ինձ, յանուն իր անուան առաջնորդեց ինձ արդարութեան ճանապարհներով: 5 Եթէ նոյնիսկ անցնեմ մահուան ստուերների միջով, չեմ վախենայ չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գաւազանն ինձ կմխիթարեն: 6 Իմ առջեւ սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց: Գլուխս իւղով օծեցիր, եւ քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պէս: 7 Ողորմութիւնը քո, Տէ՛ր, պիտի հետեւի ինձ կեանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակուեմ:

23 Դաւթի կիրակնօրեայ սաղմոսը:
1 Տիրոջն է երկիրն իր ամբողջութեամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով: 2 Նրա հիմքերն անձամբ գցեց ծովի վրայ եւ գետերի վրայ հաստատեց այն: 3 Ո՞վ կբարձրանայ Տիրոջ լեռը կամ ո՞վ կկանգնի նրա սրբավայրում. 4 նա, ով մաքուր ձեռքեր եւ անբիծ սիրտ ունի, ով յանձն չի առել ունայնութիւն ու նենգութեամբ չի երդուել իր ընկերոջը: 5 Նա է, որ օրհնութիւն կստանայ Տիրոջից եւ ողորմութիւն՝ իր փրկարար Աստծուց: 6 Այս սերունդն է, որ փնտրում է Տիրոջը, որ ուզում է տեսնել երեսը Յակոբի Աստծոյ: 7 Վե՛ր քաշեցէք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացուեն յաւիտենական դռները, եւ փառքի Արքան թող ներս մտնի: 8 Ո՞վ է այս փառքի Արքան. կարողութեամբ հզօր Տէրն է նա, պատերազմում զօրեղ Տէրը: 9 Վե՛ր քաշեցէք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացուեն յաւիտենական դռները, եւ փառքի Արքան թող ներս մտնի: 10 Ո՞վ է այս փառքի Արքան. Զօրութիւնների Տէրը՝ նա ինքն է փառքի Արքան:

24
1 Այսուհետեւ՝ Սաղմոս Դաւթի: 2 Դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս: 3 Աստուա՛ծ իմ, քեզ վրայ դրեցի յոյսն իմ, թող ամօթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրայ: 4 Բոլոր նրանք, ովքեր յոյսով սպասում են քեզ, ամօթով պիտի չմնան, այլ ամօթով պիտի մնան անօրէններն իրենց ունայնութեան մէջ: Տէ՛ր, ցո՛յց տուր ինձ քո ճանապարհները եւ քո շաւիղները սովորեցրո՛ւ ինձ: 5 Ինձ առաջնորդի՛ր քո ճշմարտութեան մէջ եւ ուսուցանի՛ր ինձ, քանզի դու ես փրկիչ Աստուածն իմ, ու ես հանապազ քեզ եմ սպասում: 6 Յիշի՛ր, Տէ՛ր, քո գթութիւններն ու ողորմութիւնները, որոնք յաւիտենական են: 7 Իմ մանկութեան եւ տհասութեան մեղքերը մի՛ յիշիր, այլ յիշի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ՝ ըստ քո բարութեան, 8 քանզի դու քաղցր եւ ուղիղ ես, Տէ՛ր: Դրա համար էլ մեղաւորներին դնում ես օրէնքի գիտութեան ճանապարհի վրայ: 9 Հեզերին առաջնորդում ես դատաստանի մէջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները: 10 Տիրոջ բոլոր ուղիները ողորմութիւն ու ճշմարտութիւն են նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայութիւնը: 11 Յանուն քո անուան, Տէ՛ր, քաւութի՛ւն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք: 12 Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից, Տէրը նրան սովորեցնելու է Իր ընտրած ուղին: 13 Նա բարութեան մէջ պիտի հանգի, եւ նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի: 14 Տէրը զօրացուցիչն է իր երկիւղածների եւ իր ուխտը նրանց է սովորեցնում: 15 Աչքերն իմ մշտապէս Տիրոջն են ուղղուած, եւ նա՛ պիտի հանի ոտքերս թակարդից: 16 Նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ, քանզի միամօրիկ եմ ես եւ աղքատ: 17 Սրտիս նեղութիւնները խիստ շատացան, ազատի՛ր ինձ իմ վշտերից: 18 Տե՛ս իմ նուաստացումն ու տառապանքը եւ թողութի՛ւն արա իմ բոլոր մեղքերին: 19 Տե՛ս, թշնամիներս որքա՜ն բազմացան եւ անիրաւ ատելութեամբ ինձ ատեցին: 20 Պահպանի՛ր ինձ ու փրկի՛ր ինձ, եւ թող ամօթով չմնամ, որ յոյսս դրեցի քեզ վրայ: 21 Անբիծներն ու արդարներն ինձ կցորդ եղան, եւ ես սպասեցի քեզ: 22 Փրկի՛ր, Աստուա՛ծ, Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից:

25
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի: Դա՛տ արա ինձ, Տէ՛ր, քանզի անբասիր ընթացայ, յոյսս դրեցի Տիրոջ վրայ, որ չլինեմ տկար: 2 Փորձի՛ր ինձ, Տէ՛ր, եւ քննի՛ր ինձ, փորձի՛ր երիկամներս ու սիրտս: 3 Ողորմութիւնդ, Տէ՛ր, աչքիս առջեւ է, եւ ճշմարտութիւնդ հաճելի է ինձ: 4 Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի եւ անօրէնների մօտ ես չեմ գնայ: 5 Չարագործների ամբոխը ես ատեցի եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի: 6 Սրբութեամբ կլուանամ ձեռքերն իմ եւ սեղանիդ շուրջը կնստեմ, Տէ՛ր. 7 թող լսեմ քո օրհնութեան ձայնը եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները: 8 Տէ՛ր, սիրեցի քո տան վայելչութիւնը եւ քո փառքի բնակութեան վայրը: 9 Մի՛ կործանիր ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ կեանքս՝ արիւնահեղների հետ, 10 որոնց ձեռքերն անօրինութեան մէջ են, եւ աջը նրանց լի է կաշառքով: 11 Ես անբասիր ընթացայ, փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ողորմի՛ր ինձ: 12 Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրայ թող լինի, մեծ հաւաքներում քեզ պիտի օրհնեմ:

26 Սաղմոս Դաւթի, երբ դեռ օծուած չէր:
1 Տէրն իմ լոյսն է ու կեանքը, ումի՞ց վախենամ. Տէրն իմ կեանքի ապաւէնն է, ումի՞ց ես դողամ: 2 Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մօտեցան ինձ՝ մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան: 3 Եթէ իմ դէմ պատերազմ պատրաստուի, սիրտս չի սոսկայ. եթէ իմ դէմ ճակատամարտի ելնեն, միեւնոյն է, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ եմ դնելու: 4 Մի բան եմ խնդրել Տիրոջից եւ նոյնն եմ աղաչում, որ կեանքիս բոլոր օրերին բնակուեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելչութիւնը եւ վերահսկեմ նրա տաճարում: 5 Չար օրերին նա ինձ թաքցրեց իր վրանում, պատսպարեց ինձ իր վրանի ծածկի տակ: 6 Ժայռից բարձր պահեցիր ինձ, այժմ էլ գլուխն իմ բարձրացրո՛ւ թշնամիներիս վրայ: Շրջեմ եւ օրհնութեան պատարագ մատուցեմ նրա վրանում, օրհներգեմ եւ սաղմոս երգեմ Տիրոջը: 7 Լսի՛ր ձայնն իմ, Տէ՛ր, քանզի քեզ կանչեցի, ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր, 8 քանզի սիրտն իմ քեզ դիմեց, եւ հայեացքն իմ փնտրեց, փնտրեց քո երեսը, Տէ՛ր: 9 Մի՛ դարձրու երեսդ ինձնից եւ բարկութեամբ մի՛ շրջուիր քո ծառայից: Իմ օգնականը եղիր, Տէ՛ր, եւ մի՛ անարգիր ինձ ու մի՛ լքիր, փրկիչ Աստուա՛ծ իմ: 10 Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տէրն ինձ ընդունեց: 11 Սովորեցրո՛ւ ինձ, Տէ՛ր, քո ճանապարհը եւ առաջնորդի՛ր ինձ քո ուղիղ շաւիղներով: 12 Իմ թշնամիների պատճառով ինձ նեղողների ձեռքը մի՛ մատնիր. իմ դէմ մեղսագործ վկաներ ելան եւ չարախօսեցին ինձ իրենց անիրաւութեամբ: 13 Հաւատում եմ, որ կտեսնեմ Տիրոջ բարութիւնը ողջերի երկրում: 14 Սպասի՛ր Տիրոջն ու քաջալերուի՛ր, սիրտդ թող ամրապնդուի, Տիրո՛ջը սպասիր:

27 Սաղմոս Դաւթի:
1 Քեզ կանչեցի, Տէ՛ր, անարձագանք մի՛ թող ինձ, Աստուա՛ծ իմ. եթէ երբեւէ լուռ մնաս, կնմանուեմ նրանց, ովքեր գերեզման են իջնում: 2 Լսի՛ր, Տէ՛ր, պաղատանքիս ձայնը, երբ ես աղաչեմ քեզ, երբ ձեռքերս դէպի սուրբ տաճարդ պարզեմ: 3 Ամբարիշտների շարքը մի՛ դասիր ինձ եւ մի՛ կործանիր ինձ նրանց հետ, որ անօրինութիւն են գործում, որ հաշտութեան մասին են խօսում իրենց ընկերների հետ, բայց սրտներում չարութիւն կայ: 4 Վարձատրի՛ր նրանց, Տէ՛ր, ըստ իրենց արարքների, իրենց անօրէն վարքի համեմատ հատուցի՛ր նրանց, նրանց ձեռքերի գործին նայելով՝ տո՛ւր իրենց հատուցումն իրենց: 5 Նրանք ուշ չդարձրին Տիրոջ արածներին, ոչ էլ նայեցին նրա ձեռքի գործերին: Դու կկործանես նրանց, եւ այլեւս նրանք ոտքի չեն կանգնի: 6 Օրհնեալ է Տէրը, քանզի լսեց ձայնն իմ աղօթքի: 7 Տէրն իմ օգնականն է ու պաշտպանը. նրա վրայ դրեց իր յոյսը սիրտն իմ, եւ մարմինս գոհացաւ ու զուարճացաւ. ես յօժարակամ պիտի փառաբանեմ նրան: 8 Տէրը զօրութիւնն է իմ ժողովրդի, ապաւէնն իր օծեալի փրկութեան: 9 Փրկի՛ր քո ժողովրդին եւ օրհնի՛ր քո ժառանգորդներին, հովուի՛ր ու յաւէտ բարձրացրո՛ւ նրանց:

28 Սաղմոս Դաւթի. տաճարի նաւակատիքի օրհնութիւնը:
1 Աստծո՛յ որդիներ, մատուցէ՛ք Տիրոջը, մատուցէ՛ք Տիրոջը խոյերի ձագեր: 2 Մատուցէ՛ք Տիրոջը փառք ու պատիւ, տուէ՛ք Տիրոջը փառքն իր անուան եւ երկրպագեցէ՛ք Տիրոջն իր սուրբ սրահում: 3 Տիրոջ ձայնը ջրերի վրայ է. փառքի Աստուածը որոտաց, Տէրն ինքն է անսպառ ջրերի վրայ: 4 Տիրոջ ձայնը ահարկու է, Տիրոջ ձայնը փառահեղ է: 5 Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, Տէրը կոտրատում է մայրիները Լիբանանի: 6 Տէրը կոտրատում է դրանք, ինչպէս Լիբանանի մատաղ տունկերը, որոնք սիրասուն են միեղջերուի ձագերի պէս: 7 Տիրոջ ձայնը ճեղքում է կրակի բոցը: 8 Տիրոջ ձայնը ցնցում է անապատը, Տէրը դողացնում է Կադէսի անապատը: 9 Տիրոջ ձայնը ոտքի է կանգնեցնում եղնիկներին եւ մերկացնում անտառները: Նրա տաճարում բոլորը թող գովեն փառքը նրա: 10 Տէրը զսպում եւ ցածրացնում է ջրհեղեղները, Տէրը յաւիտեան պիտի թագաւորի: 11 Տէրն իր ժողովրդին զօրութիւն պիտի տայ, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղութիւն պարգեւելով:

29 Սաղմոս Դաւթի. տաճարի նաւակատիքի օրհնութիւնը:
1 Պանծացնում եմ քեզ, Տէ՛ր, քանզի ընդունեցիր ինձ եւ չթողեցիր, որ թշնամիներս չարախնդան վրաս: 2 Տէր Աստուա՛ծ իմ, 3 կանչեցի քեզ, եւ բուժեցիր ինձ: 4 Տէ՛ր, հոգիս դժոխքից հանեցիր եւ փոսն իջնողների միջից փրկեցիր ինձ: 5 Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, գոհութի՛ւն մատուցէք նրա սուրբ յիշատակին: 6 Նրա բարկութեան մէջ ցասում կայ, իսկ նրա կամեցողութեան մէջ՝ կեանք: Երեկոյեան լացը կդադարի, իսկ առաւօտեան ուրախութիւն կլինի: 7 Իմ բարկութեան մէջ ես ասացի, թէ յաւէտ չեմ սասանուի: 8 Տէ՛ր, քո կամքով ուժ տուեցիր իմ վայելչութեանը, բայց երբ երեսդ դարձրիր ինձնից, ես խռովայոյզ եղայ: 9 Քե՛զ կանչեցի, Տէ՛ր, աղաչեցի իմ Աստծուն: 10 Ի՞նչ օգուտ ունես իմ արիւնից, եթէ ապականութեան գբի մէջ թաղուեմ: Մի՞թէ հողը գոհութիւն կմատուցի քեզ կամ կպատմի քո ճշմարտութիւնը: 11 Լսեց ինձ Տէրն ու ողորմեց, Տէրը եղաւ իմ օգնականը: 12 Սուգս դարձրեց ուրախութիւն, հանեց քուրձն իմ եւ խնդութիւն հագցրեց ինձ, 13 փառքս սաղմոս պիտի երգի քեզ, որպէսզի այլեւս չզղջամ ես: Տէ՛ր իմ Աստուած, յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ քեզ:

30
1 Այսուհետեւ՝ Դաւթի հերոսութեան գովքի սաղմոսը: 2 Յոյսս դրեցի քեզ վրայ, Տէ՛ր, թող յաւէտ ամօթով չմնամ. քո արդարութեամբ փրկի՛ր եւ ազատի՛ր ինձ: 3 Դէպի ի՛նձ խոնարհիր ականջը քո, փութա՛ ինձ պաշտպանելու: Եղի՛ր իմ պահապանը, Աստուա՛ծ, եւ իմ փրկութեան ապաստարանը, քանզի իմ ուժն ու ապաւէնն ես դու: 4 Քո անուան համար ինձ առաջնորդ եղար եւ սնուցեցիր ինձ: 5 Ինձ կհանես այն որոգայթից, որ լարեցին իմ դէմ: 6 Դու ես պաշտպանն իմ, Տէ՛ր, եւ քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին: Տէ՛ր Աստուած, փրկեցիր ինձ քո ճշմարտութեամբ: 7 Ատեցիր նրանց, ովքեր երկիւղ են կրում սնոտիաբար: 8 Ես յոյսս դրեցի Տիրոջ վրայ, պիտի ցնծամ եւ ուրախանամ քո տուած փրկութեամբ: Տեսար իմ նուաստացումն ու ինձ փրկեցիր վշտերից: 9 Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքը եւ ոտքերս լայնարձակ վայրում հաստատեցիր: 10 Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի ճնշուած եմ ես. սրտնեղութիւնից խռովուած են իմ աչքը, հոգին ու որովայնը: 11 Կեանքս սպառուեց վիշտ ու ցաւերով, եւ տարիներս՝ հոգոց հանելով: Թշուառութիւնից տկարացաւ ուժն իմ, եւ ոսկորներս մաշուեցին: 12 Իմ բոլոր թշնամիներից աւելի ես դրացիներիս համար նախատինք եղայ եւ ծանօթներիս համար՝ սոսկալի ահ ու սարսափ: Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին ինձ, հեռու էին փախչում ինձնից: 13 Սրտերից մոռացուեցի ես ինչպէս մեռեալ եւ նմանուեցի անպէտք անօթի, 14 քանզի բամբասանք լսեցի շատերից, որոնք իմ շուրջն էին: Հաւաքուած իրար գլխի՝ նրանք ուզում էին առնել իմ հոգին: 15 Բայց ես, Տէ՛ր, յոյսս դրեցի քեզ վրայ՝ ասելով. «Դու ես Աստուածն իմ, 16 եւ քո ձեռքում է իմ ժառանգութիւնը: Փրկի՛ր ինձ թշնամիներիս ձեռքից եւ իմ հալածիչներից: 17 Ցո՛յց տուր երեսդ քո այս ծառային, պահպանի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ»: 18 Տէ՛ր, ամօթով թող չմնամ, որ քեզ դիմեցի. թող ամբարիշտնե՛րն ամաչեն ու դժոխք իջնեն: 19 Եւ թող պապանձուեն նենգ շրթունքները, որոնք ամբարտաւանութեամբ եւ արհամարհանքով չարախօսում են արդարի մասին: 20 Որքա՜ն շատ է քո ողորմութեան քաղցրութիւնը, Տէ՛ր, որ պահեցիր երկիւղածներիդ համար: Դու այն շնորհեցիր նրանց, որոնք իրենց յոյսը դրել են քեզ վրայ մարդկանց որդիների առջեւ: 21 Մարդկանց խռովութիւնից պաշտպանեցիր նրանց քո երեսի ծածկոյթով, լեզուների հակառակութիւնից թաքցրիր նրանց քո վրանում: 22 Օրհնեալ է Տէրը, քանզի ողորմութիւնն իր հրաշագործեց ամուր քաղաքում: 23 Շփոթութեան մէջ ես ասացի, թէ այլեւս հեռու մնացի աչքերիդ առջեւից: Սակայն դու լսեցիր ձայնն իմ աղօթքի, երբ աղաղակեցի քեզ: 24 Սիրեցէ՛ք Տիրոջը, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի Տէրը ճշմարտութիւն է փնտրում եւ խստութեամբ հատուցում նրանց, ովքեր շատ են ամբարտաւանանում: 25 Քաջալերուեցէ՛ք ամէնքդ, որ յոյս էք դրել Տիրոջ վրայ, եւ ձեր սրտերը թող զօրանան:

31 Դաւթի իմաստութիւնը:
1 Երանի՜ նրան, ում մեղքերին թողութիւն տրուեց, եւ ում բոլոր յանցանքները ծածկուեցին: 2 Երանի՜ այն մարդուն, որին Տէրն այլեւս մեղաւոր չի համարում, եւ որի բերանում նենգութիւն չկայ: 3 Ես լռեցի, եւ իմ բոլոր ոսկորները մաշուեցին՝ ամէն օր գիշեր-ցերեկ Տիրոջը կանչելուց: 4 Քո ձեռքը ծանրացաւ ինձ վրայ. ես կրկին ընկայ թշուառութեան մէջ, քանզի փշերն ինձ ծակեցին: 5 Մեղքերս քեզ ցոյց կտամ եւ անօրինութիւնս չեմ ծածկի քեզնից: Ասացի, թէ կխոստովանեմ մեղքերն իմ, եւ դու թողութիւն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտութեանը: 6 Դրա համար բոլոր սրբերը յարմար ժամին աղօթքի կկանգնեն քո առջեւ, եւ սաստիկ ջրհեղեղների ժամանակ նրանց ոչինչ չի պատահի: 7 Դու ես իմ յենարանն այն նեղութեան մէջ, որը շուրջս պատեց: Ո՛վ ցնծութիւն իմ, փրկի՛ր ինձ նրանցից, ովքեր պաշարեցին ինձ: 8 «Քեզ կիմաստնացնեմ ու խելամիտ կդարձնեմ քո ընթացած ճանապարհին եւ աչքերս վրադ կպահեմ»,– ասում է Տէրը: 9 Մի՛ եղէք ձիերի եւ ջորիների պէս, որոնք գիտակցութիւն չունեն. սանձով ու պախուրցով պէտք է նրանց կզակը ճմլել, որ քեզ չմօտենան: 10 Շատ են մեղաւորների տանջանքները, բայց ովքեր իրենց յոյսը դրել են Տիրոջ վրայ, Տիրոջ ողորմութիւնը կպարուրի նրանց: 11 Ուրա՛խ եղէք եւ ցնծացէ՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. պարծեցէ՛ք բոլորդ, որ ուղիղ էք սրտով:

32 Սաղմոս Դաւթի:
1 Ցնծացէ՛ք, արդարնե՛ր, Տիրոջով. արդարներին է վայել օրհնութիւնը: 2 Գոհութի՛ւն յայտնեցէք Տիրոջը օրհներգութեամբ, տասլարանի նուագարանով սաղմո՛ս երգեցէք նրան: 3 Օրհներգեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի հաճելի է այն: Սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ: 4 Ճշմարիտ են Տիրոջ պատգամները, եւ յուսալի՝ նրա բոլոր գործերը: 5 Տէրը ողորմութիւն եւ իրաւունք է սիրում, Տիրոջ ողորմութեամբ է լցուած երկիրը: 6 Տիրոջ խօսքով ստեղծուեց երկինքը, եւ իր բերանի շնչով՝ նրա բոլոր զօրութիւնները: 7 Ինչպէս մի տիկի մէջ՝ հաւաքեց ծովի ջրերը եւ իր գանձը դրեց անդունդների յատակը: 8 Թող երկիւղ կրի Տիրոջից ողջ երկիրը, եւ նրանից թող դողան բոլոր բնակիչներն աշխարհի, 9 քանզի նա ասաց, եւ ստեղծուեցին, նա հրամայեց, եւ հաստատուեցին: 10 Տէրը խափանում է հեթանոսների մտադրութիւնները, Տէրն անարգում է ժողովուրդների դիտաւորութիւնները, Տէրն արհամարհում է իշխանների խորհուրդները: 11 Տիրոջ մտածումը յաւիտեան կմնայ, եւ նրա սրտի խորհուրդը՝ սերնդից սերունդ: 12 Երանի՜ այն ազգին, որի օգնականը Տէր Աստուած է, երանի՜ այն ժողովրդին, որին իր համար նա ժառանգութիւն ընտրեց: 13 Տէրը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին: 14 Իր պատրաստած բնակատեղից դիտեց աշխարհի բոլոր բնակիչներին: 15 Նա, որ ստեղծել է նրանցից իւրաքանչիւրի սիրտը, հաշուի է առնում նրանց բոլոր գործերը: 16 Թագաւորն իր զօրքի բազմութեամբ չի փրկուի, եւ ոչ էլ հսկան՝ իր մեծ ուժով: 17 Ձին անօգուտ է փրկութեան համար, իր մեծ ուժով հանդերձ չի փրկի հեծեալին: 18 Տիրոջ աչքն իր երկիւղածների եւ իր ողորմութեանը յուսացողների վրայ է՝ 19 մահից փրկելու նրանց անձը եւ սովի ժամանակ կերակրելու համար նրանց: 20 Մեր հոգիները սպասում են Տիրոջը, քանզի նա մեր օգնականն է ու պաշտպանը: 21 Նրանով թող ուրախանան մեր սրտերը, եւ մենք նրա սուրբ անուան վրայ յոյս դնենք: 22 Թող ողորմութիւնդ, Տէ՛ր, լինի մեզ վրայ, ինչպէս որ մեր յոյսը դրեցինք քեզ վրայ:

33
1 Սաղմոս Դաւթի, երբ նա կերպարանափոխեց իր դէմքը Աբիմելէքի առջեւ, եւ սա բաց թողեց նրան, որ գնայ: 2 Ամէն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնութիւնն ամէն ժամ բերանումս լինի: 3 Անձս Տիրոջով թող պարծենայ, հեզերը թող լսեն եւ ուրախանան: 4 Մեծարեցէ՛ք Տիրոջն ինձ հետ մէկտեղ, բարձրացնենք նրա անունը միասին: 5 Խնդրեցի Տիրոջն, ու նա լսեց ինձ եւ իմ բոլոր նեղութիւններից փրկեց ինձ: 6 Մօտեցէ՛ք Տիրոջն ու լո՛յս առէք, եւ թող ձեր երեսը չամաչի: 7 Աղքատն այս Տիրոջը դիմեց, եւ Տէրը նրան լսեց ու իր բոլոր նեղութիւններից փրկեց նրան: 8 Տիրոջ հրեշտակների բանակն իր երկիւղածների շուրջն է եւ պահպանում է նրանց: 9 Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք, թէ որքան քաղցր է Տէրը. երանելի է այն մարդը, որ յոյսը դրել է նրա վրայ: 10 Վախեցէ՛ք Տիրոջից, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի նրանից վախեցողները ոչ մի պակասութիւն չեն ունենայ: 11 Մեծամեծներն աղքատացան ու սովի մատնուեցին, բայց ովքեր Տիրոջն են փնտրում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու: 12 Եկէ՛ք, իմ որդինե՛ր, եւ լսեցէ՛ք ինձ. ես կսովորեցնեմ ձեզ Տիրոջ երկիւղը: 13 Ո՞վ է մարդն այն, որ սիրում է կեանքը եւ ուզում է իր օրերը բարութեան մէջ տեսնել: 14 Լեզուդ պահի՛ր չարութիւնից, եւ շրթներդ թող նենգութիւն չխօսեն: 15 Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր, խաղաղութի՛ւն փնտրիր եւ դրա՛ն հետեւիր: 16 Տիրոջ աչքերն ուղղուած են արդարներին, իսկ ականջները՝ նրանց աղօթքին: 17 Տիրոջ հայեացքը չարագործների վրայ է նրանց յիշատակն աշխարհից ջնջելու համար: 18 Արդարները Տիրոջն աղօթեցին, եւ Տէրը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղութիւններից: 19 Տէրը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, եւ նա փրկում է հոգով խոնարհներին: 20 Արդարների նեղութիւնները շատ են, Տէրն ազատում է նրանց այդ բոլորից: 21 Պահպանում է նրանց բոլոր ոսկորները, եւ դրանցից ոչ մէկը չի փշրուելու: 22 Մեղաւորի մահը չարաչար է, իսկ արդարին ատողը կզղջայ: 23 Տէրը փրկում է իր ծառաներին, եւ բոլոր նրանք, որ յոյս են դնում նրա վրայ, չպիտի զղջան:

34 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի:
1 Տէ՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչի՛ր նրանց դէմ, ովքեր մարտնչում են իմ դէմ: 2 Ա՛ռ զէնքն ու զրահը քո եւ հասի՛ր ինձ օգնութեան: 3 Սուրդ հանի՛ր ընդդէմ իմ հալածիչների, վանի՛ր նրանց եւ ասա՛ ինձ, թէ՝ «Քո փրկութիւնը ես եմ»: 4 Թող խայտառակուեն ու ամօթով մնան ինձ հետապնդողները, թող ընկրկեն եւ ամօթահար լինեն ինձ չար կամեցողները: 5 Նրանք թող վերածուեն հողմից քշուող փոշու, եւ թող Տիրոջ հրեշտակը չարչարի նրանց: 6 Նրանց ճանապարհը թող խաւար լինի ու սայթաքուն, եւ Աստծոյ հրեշտակը թող հալածի նրանց: 7 Իզուր որոգայթ լարեցին իմ դէմ իրենց ապականութեամբ եւ իզուր նախատեցին ինձ: 8 Նրանց վրայ կհասնի մի որոգայթ, որի մասին չգիտեն նրանք. իրենց թաքցրած թակարդը կբռնի ոտքը նրանց, եւ նրանք կընկնեն այդ որոգայթի մէջ: 9 Իսկ հոգիս կցնծայ Տիրոջով, ուրախ կլինի նրա տուած փրկութեամբ: 10 Իմ բոլոր ոսկորները կասեն. «Տէ՛ր, ո՞վ է քեզ նման»: Նա փրկեց աղքատին բռնակալի ձեռքից եւ խեղճին ու տնանկին՝ իրենց յափշտակողներից: 11 Իմ դէմ բարձրացան վկաները չար, հարցաքննեցին ինձ, մինչ ես անտեղեակ էի: 12 Բարու փոխարէն չար հատուցեցին ինձ, խորհուրդ արեցին ինձ անժառանգ թողնել մարդկանց մէջ: 13 Նրանց հալածանքի ժամանակ ես քուրձ էի հագնում, ծոմով խղճալի էի դարձնում ինձ, եւ իմ աղօթքներն ինձ վերադարձան: 14 Եղբօր ու ընկերոջ նման սիրալիր էի, սգաւորի ու վշտացեալի պէս՝ խոնարհ: 15 Հաւաքուեցին ու չարախնդացին ինձ վրայ. տանջանքներ կուտակուեցին իմ դէմ, եւ ես չիմացայ. նրանք ցրուեցին, բայց չզղջացին. 16 Փորձեցին ինձ ու անարգեցին, ատամներն իրենց արհամարհանքով կրճտացրին իմ դէմ: 17 Տէ՛ր, մինչեւ ե՞րբ պիտի տեսնես: Հեռո՛ւ պահիր ինձ նրանց խորամանկութիւնից եւ միամօրիկիս՝ առիւծներից: 18 Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, մեծ հաւաքներում եւ ժողովրդի բազմութեան մէջ պիտի օրհներգեմ քեզ: 19 Թշնամիներն իմ թող վրաս չխնդան, նրանք, որ ատում էին ինձ առանց պատճառի, եւ նրանց աչքն ինձ վրայ էր: 20 Հետս խաղաղութիւնից էին խօսում, բայց իրենք զայրացած՝ նենգութիւն էին խորհում: 21 Բացեցին ինձ վրայ բերաններն իրենց եւ ասացին. «Այո՛, այո՛, մեր աչքերը տեսան»: 22 Տէ՛ր, ինքդ տեսար, մի՛ լռիր. Տէ՛ր, մի հեռացի՛ր ինձնից: 23 Զարթնի՛ր, Տէ՛ր, նայի՛ր իմ իրաւունքին ու արդարութեանը, Աստուա՛ծ իմ եւ Տէ՛ր իմ: 24 Իմ դատն արա՛, արդարացրո՛ւ ինձ ըստ քո արդարութեան, ո՛վ Տէր իմ Աստուած: Թշնամիներն իմ թող չուրախանան ինձնով: 25 Եւ չասեն իրենց մտքում. «Երնե՜կ, երնե՜կ մեզ, քանզի խորտակեցինք նրան»: 26 Թող խայտառակուեն ու ամօթով մնան ինձ հասած չարիքի համար ուրախացողները. թող նախատինք ու անարգանք կրեն իմ դէմ մեծախօսողները: 27 Բոլոր նրանք, ովքեր իմ արդարութիւնն են կամենում եւ քո ծառային խաղաղութիւն ցանկանում, թող ուրախութեամբ ցնծան քեզնով եւ միշտ ասեն. «Մեծ է Աստուած»: 28 Լեզուս պիտի քո արդարութիւնը պատմի եւ հանապազ քեզ գովաբանի:

35
1 Այսուհետեւ՝ Տիրոջ ծառայ Դաւթի սաղմոսը: 2 Անօրէնն ասում է իր մտքում մեղանչելիս, թէ իր աչքերի առջեւ Աստծոյ վախ չկայ: 3 Նա խորամանկութիւն է գործում նրա իսկ հանդէպ, որ չտեսնի իր անօրինութիւնն ու չատի այն: 4 Նրա բերանի խօսքերն անարդար ու նենգամիտ են, նա չկամեցաւ հասկանալ բարին: 5 Անօրինութիւն խորհեց իր անկողնում, կանգնեց այն բոլոր ուղիների վրայ, որոնք բարի չեն, եւ չարից չձանձրացաւ: 6 Տէ՛ր, երկնքում է քո ողորմութիւնը, իսկ ճշմարտութիւնդ՝ մինչեւ ամպերը: 7 Արդարութիւնդ, Աստուա՛ծ, լեռների պէս է, իրաւունքդ՝ խոր անդունդի պէս. մարդ ու անասուն դու ես ապրեցնում, Տէ՛ր: 8 Որքա՜ն առատ է քո ողորմութիւնն, Աստուա՛ծ, մարդկանց որդիները թեւերիդ հովանուն պիտի ապաւինեն: 9 Նրանք պիտի յագենան քո տան լիութիւնից, եւ նրանց պիտի խմեցնես քո գրգանքի գետերից: 10 Տէ՛ր, քեզնից է կեանքի աղբիւրը, եւ երեսիդ լոյսով ենք լոյսը տեսնում: 11 Ողորմութիւնդ շնորհի՛ր քեզ ճանաչողներին եւ արդարութիւնդ՝ սրտով ուղիղներին: 12 Թող ամբարտաւանների ոտքը մեզ չհասնի, եւ մեղաւորների ձեռքը չդողացնի մեզ: 13 Այնտեղ բոլոր անօրինութիւն գործողները պիտի ընկնեն, մերժուեն ու չկարողանան այլեւս ոտքի կանգնել:

36 Սաղմոս Դաւթի:
1 Մի՛ նախանձիր չարամիտներին եւ ոչ էլ նրանց, ովքեր անօրինութիւն են գործում, 2 քանզի նրանք խոտի պէս իսկոյն կչորանան, դալար խոտի պէս արագ կանցնեն: 3 Յոյսդ դի՛ր Տիրոջ վրայ ու բարութի՛ւն գործիր, բնակուի՛ր երկրում եւ արածի՛ր նրա ընդարձակութեան մէջ: 4 Պաղատի՛ր Տիրոջը, եւ նա քեզ կտայ սրտիդ ուզածները: 5 Յայտնի՛ դարձրու քո ճանապարհները Տիրոջը եւ դի՛ր յոյսդ նրա վրայ: 6 Նա այնպէս կանի, որ արդարութիւնդ երեւայ ինչպէս լոյս, եւ իրաւունքդ՝ ինչպէս ցերեկ: 7 Հնազա՛նդ եղիր Տիրոջն ու ծառայի՛ր նրան. մի՛ նախանձիր նրանց, որոնց ճանապարհը նշաւակելի է, ոչ էլ՝ այն մարդուն, որ անօրինութիւն է գործում: 8 Դադարի՛ր բարկանալուց, հանդարտուի՛ր սրտմտութիւնից եւ մի՛ նախանձիր չարամիտներին: 9 Չարագործները շուտով կվերանան, իսկ Տիրոջը սպասողները կժառանգեն երկիրը: 10 Եւս մի փոքր ժամանակ, եւ այլեւս ամբարիշտ չի մնայ, կփնտրես նրա տեղն ու չես գտնի: 11 Իսկ ովքեր հեզ են, նրանք կժառանգեն երկիրը եւ կզուարճանան մեծ խաղաղութեան մէջ: 12 Մեղաւորը հետապնդում է արդարին եւ իր ատամներն է կրճտացնում նրա վրայ: 13 Բայց Տէրը կծիծաղի նրա վրայ, քանզի նախապէս գիտէ, որ հասել է նրա օրը: 14 Մեղաւորները սուր քաշեցին եւ լարեցին իրենց աղեղները՝ աղքատին ու տնանկին հարուածելու, սրտով խոնարհներին սպանելու համար: 15 Նրանց սրերը կմխուեն իրենց սրտերը, եւ նրանց աղեղները կփշրուեն: 16 Արդարի քիչն աւելի լաւ է, քան մեղաւորների մեծ հարստութիւնը: 17 Ամբարիշտների բազուկները կխորտակուեն, եւ Տէրն արդարներին հաստատ կպահի: 18 Նա գիտէ անմեղների օրերը, նրանց ժառանգութիւնը յաւիտեան կլինի: 19 Փորձանքի ժամանակ նրանք ամօթով չեն մնայ, իսկ սովի օրերին կյագենան: 20 Արդ, մեղաւորները կորստեան կմատնուեն, եւ Տիրոջ թշնամիներն իրենց փառքի ու վերելքի ժամին կսպառուեն, ինչպէս ծուխն է սպառւում: 21 Մեղաւորը փոխ է առնում ու չի վճարում, իսկ արդարը ողորմում է ու տալիս: 22 Ովքեր օրհնում են Տիրոջը, կժառանգեն երկիրը, իսկ ովքեր անիծում են, կջնջուեն Տիրոջ ձեռքով: 23 Տէրն ուղղում է այն մարդու ընթացքը, ով շատ է սիրում իր ճանապարհը: 24 Եթէ անգամ նա սայթաքի, չի կործանուի, քանզի Տէրը բռնել է նրա ձեռքը: 25 Մանուկ էի ես եւ ծերացայ, բայց արդարին արհամարհուած չտեսայ կամ նրա զաւակին՝ հաց մուրալիս: 26 Ամէն օր նա ողորմում ու փոխ է տալիս, նրա սերունդը յաւիտեան օրհնեալ կլինի: 27 Խուսափի՛ր չարից ու բարութի՛ւն արա եւ յաւիտեան կապրես երկրի վրայ: 28 Տէրը սիրում է իրաւունքը եւ իր սրբերին երեսի վրայ չի թողնում, այլ յաւիտեան պահպանում է նրանց: Անօրէնները կքշուեն-կգնան միասին, եւ ամբարիշտների սերունդը կոչնչանայ: 29 Իսկ արդարները կժառանգեն երկիրը եւ յաւիտեանս յաւիտենից կբնակուեն նրա մէջ: 30 Արդարի բերանն իմաստութիւն է բարբառում, իսկ լեզուն արդարութիւն է խօսում: 31 Նրա սրտում իր Աստծոյ օրէնքն է, ուստի նրա երթն անսայթաք կլինի: 32 Մեղաւորը նայում է արդարին եւ ձգտում սպանել նրան: 33 Սակայն Տէրը նրա ձեռքում չի թողնի նրան եւ դատաստանի ժամանակ նրան չի դատապարտի: 34 Սպասի՛ր Տիրոջն ու պահի՛ր նրա ճանապարհները, նա քեզ կբարձրացնի՝ երկիրը ժառանգելու, եւ դու կտեսնես մեղաւորների կործանումը: 35 Տեսայ ամբարշտին մեծացած ու բարձրացած, ինչպէս Լիբանանի մայրիները: 36 Ես մօտով անցայ, եւ ահա նա չկար, փնտրեցի, ու նրա տեղը չերեւաց: 37 Անարա՛տ ապրիր եւ նայի՛ր արդարութեանը, քանզի խաղաղասէր մարդը ժառանգութիւն կունենայ: 38 Անօրէնները կքշուեն-կգնան գլխովին, եւ ամբարիշտների սերունդը կորստեան կմատնուի: 39 Արդարների փրկութիւնը Տիրոջից է, նեղութեան ժամանակ նա է նրանց օգնականը: 40 Տէրը կօգնի ու կփրկի նրանց, կազատի մեղաւորներից ու կպահպանի նրանց, քանզի նրանք իրենց յոյսը դրել են նրա վրայ:

37
1 Սաղմոս Դաւթի՝ շաբաթօրեայ յիշատակի առթիւ: 2 Տէ՛ր, քո զայրոյթով մի՛ յանդիմանիր ինձ եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր, 3 քանզի քո նետերն ինձ հարուածեցին, եւ քո ձեռքն ինձ վրայ ծանրացաւ: 4 Մարմնիս համար բուժում չկայ քո բարկութեան դէմ, ոսկորներս հանգստութիւն չունեն իմ մեղքերի պատճառով: 5 Անօրինութիւններս գլխիցս վեր բարձրացան, սաստիկ բեռան պէս ծանրացան վրաս: 6 Վէրքերն իմ նեխեցին ու փտեցին անզգամութեանս հետեւանքով: 7 Տառապեցի եւ խիստ նուաստացայ, գիշեր-ցերեկ շրջեցի վշտացած, 8 քանզի հոգիս լցուեց տանջանքներով, եւ մարմնիս համար բուժում չկայ: 9 Չարչարուեցի եւ սաստիկ կորացայ, մռնչացի սրտիս հեծութիւնից: 10 Տէ՛ր, ամբողջ ցանկութիւնս առջեւդ է, եւ հառաչանքս չծածկուեց քեզնից: 11 Սիրտս պղտորուեց իմ մէջ, եւ ուժս լքեց ինձ, աչքերիս մէջ լոյսի նշոյլ իսկ չմնաց: 12 Բարեկամներս եւ ընկերներս մօտեցան ու կանգնեցին իմ առջեւ, եւ մերձաւորներս ինձնից հեռու մնացին: 13 Ինձ հետապնդողները բռնադատեցին ինձ, իմ դէմ չարիք նիւթողները անօրինութիւն խօսեցին եւ գիշեր-ցերեկ նենգութիւն մտածեցին: 14 Իսկ ես դարձայ ինչպէս խուլ, որ չի լսում, ինչպէս համր, որ բերանն իր չի բացում: 15 Ես դարձայ ինչպէս մարդ, որ չի լսում, եւ որի բերանում խօսք չկայ: 16 Ես յոյսս քեզ վրայ դրեցի, ո՛վ Տէր, ու դու կլսես ինձ, Տէ՛ր իմ Աստուած: 17 Ասացի. «Թող թշնամիներս չծիծաղեն վրաս». երբ ոտքս սայթաքեց, նրանք յոխորտացին իմ դէմ: 18 Ես պատրաստ եմ տանջանքների, եւ իմ ցաւերը միշտ առջեւս են: 19 Կպատմեմ իմ անօրինութիւնները եւ կհոգամ իմ մեղքերի մասին: 20 Բայց թշնամիներն իմ ողջ են ու աւելի հզօր, քան ես, եւ բազմացել են նրանք, ովքեր յանիրաւի ատում են ինձ, 21 ովքեր ինձ չարութեամբ հատուցեցին բարու փոխարէն եւ չարախօսեցին իմ մասին, քանզի ես արդարութեամբ էի ընթանում: 22 Մի՛ լքիր ինձ, Տէ՛ր իմ Աստուած, եւ մի՛ հեռացիր ինձնից: 23 Ո՛ւշ դարձրու, որ ինձ օգնես, ո՛վ իմ Փրկիչ Տէր:

38
1 Այսուհետեւ՝ օրհնութիւն Իդիթոմին: 2 Ասացի. «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզուովս չմեղանչեմ»: Բերանիս պահպանակ դրեցի, երբ մեղաւորը հակառակուեց ինձ: 3 Խուլ եղայ եւ խոնարհ դարձայ, բարիքս լռութեան մատնեցի, եւ ցաւերս նորոգուեցին իմ մէջ: 4 Սիրտս կրակ կտրեց իմ ներսում, եւ մտքիս մէջ հուր բորբոքուեց: 5 Խօսեցի լեզուովս եւ ասացի. «Տէր, ցո՛յց տուր ինձ, թէ երբ է իմ վախճանը, եւ որքան է կեանքիս օրերի թիւը, որպէսզի իմանամ, թէ ինչքան կորուստ եմ ունեցել»: 6 Ահա սահման դրեցիր իմ օրերին, եւ կարողութիւնս ոչինչ է իմ աչքում, բոլորովին ոչնչութիւն է ամէն մարդ, որ մարմին ունի: 7 Արդարեւ, մարդ շրջում է ինչպէս մի ուրուական. բայց իզուր է նա տագնապում, գանձ կուտակում՝ չիմանալով, թէ ում համար: 8 Իսկ արդ, ո՞վ է իմ համբերութիւնը, եթէ ոչ՝ դու, Տէ՛ր, կամ իմ ուժն ու կարողութիւնը քեզնից չէ՞ միթէ: 9 Բոլոր յանցանքներիցս փրկեցիր եւ անզգամների համար նախատինք դարձրիր ինձ: 10 Ես խուլ եղայ եւ չբացեցի բերանն իմ, քանզի դու էիր գործում: 11 Հեռացրո՛ւ ինձնից իմ տանջանքները, որովհետեւ քո ձեռքի զօրութիւնից հիւծուեցի ես: 12 Մեղքերի համար կշտամբելով՝ խրատեցիր դու մարդուն, սարդոստայնի պէս մաշեցիր նրան, բայց սուտ է ամէն մարդ: 13 Տէ՛ր, լսի՛ր իմ աղօթքը, ակա՛նջ դիր խնդրանքներիս եւ արտասուքս լռութեան մի՛ մատնիր: Պանդուխտ եմ ես քո առաջ, օտարական եւ անցորդ, ինչպէս իմ բոլոր նախնիները: 14 Թո՛յլ տուր ինձ, որ հանգստանամ մինչեւ իմ գնալն այնտեղ, ուր այլեւս չեմ լինի:

39
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի: 2 Համբերութեամբ սպասեցի Տիրոջը, եւ նա նայեց ինձ ու լսեց իմ աղօթքը: 3 Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից. ոտքերս ժայռի վրայ հաստատեց եւ ուղղեց իմ քայլերը: 4 Բերանս դրեց մի նոր օրհներգ՝ օրհներգը մեր Տէր Աստծոյ: Շատերը պիտի տեսնեն ու վախենան եւ իրենց յոյսը դնեն Տիրոջ վրայ: 5 Երանի՜ այն մարդուն, որի յոյսը Տիրոջ անունն է, եւ որը ունայնութեանն ու սուտ մոլորութեանն ուշ չի դարձրել: 6 Բազում են քո սքանչելիքները, Տէ՛ր իմ Աստուած, քո խորհուրդներում ոչ ոք նման չէ քեզ: Պատմեցի ու խօսեցի դրանց մասին, բայց դրանք անթիւ են: 7 Զոհերն ու ընծաները հաճելի չեղան քեզ, ինձ լսողութիւն տուեցիր եւ ողջակէզ ու մեղայագին չպահանջեցիր: 8 Այն ժամանակ ասացի, թէ՝ «Ահա գալիս եմ ես, գրքի գլուխներում գրուած է իմ մասին: 9 Ուզեցի կամքդ կատարել, Աստուա՛ծ իմ, եւ օրէնքդ, որ իմ ներսում է»: 10 Մեծ հաւաքներում ես քո արդարութիւնն աւետեցի. եւ արդ, շրթունքներս չեմ կտրում քեզնից: 11 Տէ՛ր, դու գիտես, որ քո արդարութիւնը, քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը ծածուկ չեմ պահել իմ սրտում, պատմել եմ եւ մեծ հաւաքներից չեմ թաքցրել քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը: 12 Իսկ դու, Տէ՛ր, գթութիւնդ հեռու մի՛ պահիր ինձնից, քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը թող միշտ պահապան լինեն ինձ: 13 Ինձ պաշարեցին չարիքներ, որոնք անթիւ էին. անօրինութիւններս ինձ վրայ հասան, եւ ես չկարողացայ նկատել. գլխիս մազերից աւելի շատ եղան դրանք, եւ սիրտս ինձ լքեց: 14 Կամեցի՛ր փրկել ինձ, Տէ՛ր, նայի՛ր, որ օգնես ինձ, Տէ՛ր: 15 Թող խայտառակուեն ու ամօթահար լինեն նրանք, որ ուզում էին կործանել ինձ. թող ետ դառնան ու ամօթով մնան ինձ չար կամեցողները: 16 Թող շուտափոյթ անարգանք կրեն նրանք, որ չարախնդում էին իմ դէմ: 17 Թող քեզնով ցնծան ու ուրախանան բոլոր նրանք, որ փնտրում են քեզ, Տէ՛ր: Քո տուած փրկութիւնը սիրողներն ամէն ժամ թող ասեն. «Մեծ է Աստուած»: 18 Ես աղքատ եմ եւ տնանկ, Աստուա՛ծ, հո՛գ տար իմ մասին. իմ օգնականն ու պաշտպանը դու ես. Աստուած իմ, մի՛ ուշացիր:

40
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի: 2 Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տէրը կփրկի նրան: 3 Տէրը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին եւ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը: 4 Տէրը նրան կօգնի տառապանքի մահճում եւ նրա անկողինն ամբողջովին կմաքրի իր հիւանդութիւնից: 5 Ես ասացի. «Տէ՛ր, ողորմի՛ր ինձ եւ բուժի՛ր անձն իմ, ես մեղանչեցի քո դէմ»: 6 Թշնամիներս չարութեամբ ասացին իմ մասին. «Ե՞րբ պիտի մեռնի նա, եւ նրա անունը ջնջուի»: 7 Ինձ այցելութեան եկողը դատարկ բաներ էր խօսում իր սրտում, անօրինութիւն կուտակում իր մէջ, դուրս էր գալիս եւ նոյն բանն էր պատմում: 8 Բոլոր թշնամիներս քրթմնջացին իմ մասին եւ չարիք նիւթեցին իմ դէմ: 9 Նրանք անօրէն խօսքեր բարդեցին ինձ վրայ. «Ով ննջում է, մի՞թէ այլեւս յարութիւն չի առնի»: 10 Անգամ իմ բարեկամ մարդը, որին ես վստահում էի, եւ որն ուտում էր հացն իմ, յաճախակի իմ դէմ խաբէութիւն գործեց: 11 Բայց դու, Տէ՛ր, ողորմի՛ր եւ ոտքի՛ կանգնեցրու ինձ, որ հատուցեմ նրանց: 12 Եթէ թշնամիներս չչարախնդան վրաս, դրանից ես կիմանամ, որ բարեհաճ ես իմ հանդէպ: 13 Դու իմ անմեղութեան համար ընդունեցիր ինձ եւ յաւիտեան հաստատեցիր քո առջեւ: 14 Օրհնեալ լինի Տէր Աստուածն Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. ամէն, ամէն:

41
1 Այսուհետեւ՝ Կորխի որդիների իմաստութիւնը: 2 Ինչպէս եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպէս էլ ես քեզ եմ փափագում, ո՛վ Աստուած. 3 հոգիս ծարաւ է քեզ, Աստուա՛ծ հզօր եւ կենդանի. ե՞րբ պիտի գամ ու երեւամ Աստծոյ առաջ: 4 Գիշեր-ցերեկ իմ արցունքներով սնուեցի, քանզի ամէն օր ինձ ասում էին. «Քո Աստուածն ո՞ւր է»: 5 Դա յիշելիս հոգիս տառապում էր իմ ներսում, բայց քաջալերւում էի, որ պիտի մտնեմ Աստծոյ տան սքանչելի յարկի տակ ցնծութեան ու օրհնութեան ձայնով եւ ձայնով բարեբանութեան: 6 Արդ, ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովում ինձ. յոյսդ դի՛ր Աստծոյ վրայ, օրհներգի՛ր նրան, իմ անձը փրկողն Աստուած է: 7 Հոգին իմ խիստ խռովուեց, դրա համար քեզ յիշեցի Յորդանանի երկրից ու Հերմոնի փոքր սարից: 8 Անդունդից քեզ կանչեցին քո յորձանքների ձայնով: Քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան ինձ վրայով: 9 Ցերեկը Տէրն իր ողորմութիւնը հաստատեց, գիշերը՝ նոր օրհներգութիւն. ես աղօթում եմ Աստծուն իմ կեանքի համար: 10 Աստծուն ասացի. «Ինձ ընդունողը դու ես, ինչո՞ւ մերժեցիր ինձ, ինչո՞ւ տխուր լինեմ թշնամուս հալածանքի ժամանակ»: 11 Երբ ոսկորներս փշրուեցին, թշնամիներն իմ նախատեցին ինձ՝ ամէն օր ասելով. «Քո Աստուածն ո՞ւր է»: 12 Արդ, ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովում. յոյսդ դի՛ր Աստծոյ վրայ, օրհներգի՛ր նրան, իմ անձը փրկողն Աստուած է:

42 Սաղմոս Դաւթի:
1 Դատի՛ր ինձ, Աստուա՛ծ, եւ դատաստանիս ժամին արդարացրո՛ւ ինձ: Անսուրբ ազգից, մեղսագործ ու նենգ մարդուց փրկի՛ր ինձ: 2 Դու ինձ ուժ տուողն ես, Աստուա՛ծ, ինչո՞ւ ինձ մոռացար, ինչո՞ւ տխուր լինեմ, երբ թշնամիս ինձ հալածի: 3 Առաքի՛ր, Տէ՛ր, քո լոյսն ու ճշմարտութիւնը, որ ինձ առաջնորդեն եւ հասցնեն քո սուրբ լեռն ու օթեւանը: 4 Ես կմօտենամ Աստծոյ սեղանին, Աստծուն, որ երջանկացնում է իմ երիտասարդութիւնը: Գոհութիւն կմատուցեմ քեզ օրհներգերով, Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ: 5 Արդ, ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովում, յոյսդ դի՛ր Աստծոյ վրայ, օրհներգի՛ր նրան, նա իմ Փրկիչ Աստուածն է:

43
1 Այսուհետեւ՝ Կորխի որդիների իմաստութիւնը. սաղմոս Դաւթի: 2 Աստուա՛ծ, մեր ականջներով լսեցինք, մեր հայրերը մեզ պատմեցին այն գործը, որ կատարեցիր նրանց օրերում՝ հին օրերում: 3 Քո ձեռքն արմատախիլ արեց հեթանոսներին, եւ նրանց փոխարէն մեզ տնկեցիր, հաստատեցիր. չարչարեցիր ժողովուրդներին ու արտաքսեցիր նրանց: 4 Նրանք երկիրն իրենց սրով չժառանգեցին, ոչ էլ իրենց բազուկն էր, որ նրանց փրկեց, այլ՝ քո աջը, քո բազուկը եւ քո երեսի լոյսը, քանզի դու բարեհաճ եղար նրանց հանդէպ: 5 Դու ինքդ ես իմ Թագաւորն ու իմ Աստուածը, որ Յակոբի փրկութեան հրամանն արձակեց: 6 Քեզնով պիտի կործանենք մեր թշնամիներին եւ քո անուամբ արհամարհենք մեր դէմ ելնողներին: 7 Յոյսս չեմ դրել իմ աղեղի վրայ, եւ ոչ էլ սուրս պիտի փրկի ինձ: 8 Այլ դու փրկեցիր մեզ մեր թշնամիներից եւ մեզ ատողներին ամօթահար արեցիր: 9 Հանապազ Աստծով պարծենանք եւ յաւիտեան գոհութիւն մատուցենք նրա անուանը: 10 Սակայն դու մերժեցիր ու խայտառակեցիր մեզ եւ մեր զօրքերի հետ մարտի չելար, ո՛վ Աստուած: 11 Մեզ յետ մղեցիր մեր թշնամիներից, եւ մեզ ատողները մեզ կողոպտեցին: 12 Մեզ ոչխարի պէս մորթելու յանձնեցիր եւ մեզ ցրեցիր հեթանոսների մէջ: 13 Քո ժողովրդին վաճառեցիր ոչինչ գնով, եւ մեր աղաղակը չափ չունեցաւ: 14 Մեր հարեւանների նախատինքին արժանացրիր մեզ եւ մեր շուրջը գտնուողների խայտառակ ծաղրուծանակին: 15 Մեզ խաղք դարձրիր հեթանոսների մէջ, եւ ժողովուրդները գլուխ թափ տուեցին: 16 Ամէն օր իմ նախատինքն առջեւս է, եւ երեսիս ամօթը պատել է ինձ 17 նախատողի ու չարախօսի ձայնից, թշնամու եւ հալածողի երեսից: 18 Այս ամէնը մեզ վրայ եկաւ, բայց մենք քեզ չմոռացանք, չդրժեցինք քո ուխտը 19 եւ մեր սրտերով յետ չդարձանք քեզնից. դու շեղեցիր մեր շաւիղը քո ճանապարհից: 20 Տաժանավայրում մեզ ծնկի բերեցիր, եւ մահուան ստուերները պատեցին մեզ: 21 Մի՞թէ մոռացել ենք մեր Աստծոյ անունը կամ ձեռք ենք մեկնել օտար աստուածների. 22 չէ՞ որ Աստուած դա կիմանայ, քանի որ նա քննում է գաղտնիքները մեր սրտի: Մենք ամէն օր զոհւում ենք քեզ համար, կարծես մորթելու ոչխարներ լինենք: 23 Զարթնի՛ր, ինչո՞ւ ես ննջում, Տէ՛ր. ելիր եւ մի՛ մերժիր մեզ իսպառ: 24 Ինչո՞ւ ես երեսդ շրջում մեզնից, մոռանում մեր աղքատութիւնն ու նեղութիւնները: 25 Մեր անձերը մինչեւ գետին կորացան, եւ մեր մէջքը դիպաւ հողին: 26 Ելի՛ր, Տէ՛ր, օգնի՛ր եւ փրկի՛ր մեզ յանուն քո անուան:

44
1 Այսուհետեւ՝ անցած ժամանակի մասին. Կորխի որդիների իմաստութիւնը. օրհնութեան սաղմոս սիրելիի մասին: 2 Սրտիցս քո բարի պատգամներն են բխում, եւ իմ գործերը պատմում եմ թագաւորին: Լեզուս նման է արագ գրող դպրի գրչի: 3 Տեսքով գեղեցիկ ես բոլոր մարդկանց որդիներից, շրթունքներիցդ շնորհ է թափւում. դրա համար Աստուած օրհնեց քեզ յաւիտեան: 4 Մէջքիդ սո՛ւր կապիր, ո՛վ Հզօր, քո վայելչութեամբ ու գեղեցկութեամբ: 5 Լարի՛ր աղեղդ, ուղղի՛ր եւ թագաւորի՛ր յանուն ճշմարտութեան, հեզութեան ու արդարութեան, եւ քո աջը թող սքանչելապէս առաջնորդի քեզ: 6 Քո նետերը սրուած են, ո՛վ Հզօր, ընդդէմ Թագաւորի թշնամիների. եւ ժողովուրդները պիտի ընկնեն ոտքերիդ տակ: 7 Քո գահը յաւիտեանս յաւիտենից է, Աստուա՛ծ. քո արքայական գաւազանն արդարութեան գաւազան է: 8 Սիրեցիր արդարութիւնն ու ատեցիր անօրինութիւնը, դրա համար Աստուած՝ քո՛ Աստուածն օծեց քեզ ուրախութեան իւղով՝ աւելի, քան քո ընկերներին: 9 Քո զգեստներից ու փղոսկրեայ պալատներից զմուռս, հալուէ եւ կինամոն է բուրում: 10 Արքայադուստրերն ուրախացնում ու պատւում են քեզ: Թագուհին կանգնած է քո աջից՝ զարդարուած ու պաճուճուած ոսկեհուռ զգեստներով: 11 Դո՛ւստր, լսի՛ր ու տե՛ս, մօտեցրո՛ւ ականջը քո, մոռացի՛ր քո ժողովրդին եւ քո հօր տունը, քանզի Թագաւորը ցանկացաւ քո գեղեցկութիւնը: 12 Նա ինքն է քո Տէրը, որին պիտի երկրպագես. նրան պիտի երկրպագի եւ դուստրը Տիւրոսի, 13 եւ ժողովրդի մեծամեծները պիտի պաշտեն նրան ընծաներով: 14 Արքայադստեր ողջ փառքը իր մէջ է՝ ոսկեհուռ զգեստների զարդարանքի ու պաճուճանքի տակ: 15 Թագաւորի մօտ նրա հետ կոյսեր պիտի տարուեն, իր ընկերուհիները պիտի տարուեն նրա մօտ: 16 Ցնծութեամբ եւ ուրախութեամբ պիտի բերեն նրանց, եւ պիտի տարուեն Թագաւորի պալատը: 17 Եւ քո հայրերի փոխարէն որդիներ պիտի լինեն քեզ, որոնց իշխան պիտի կարգես ողջ երկրի վրայ: 18 Քո անունը պիտի յիշուի սերնդից սերունդ. դրա համար ժողովուրդները քեզ պիտի գովեն յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից:

45
1 Այսուհետեւ՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին: 2 Աստուած ապաւէնն ու զօրութիւնն է մեր եւ մեր օգնականը մեզ հասած խիստ նեղութիւնների մէջ: 3 Ուստի մենք չենք վախենայ, երբ երկիրը ցնցուի, եւ լեռները ծովի խորքը տեղափոխուեն: 4 Դղրդացին ու ալեկոծուեցին ջրերը նրա, լեռները դողացին նրա սաստկութիւնից: 5 Գետերի յորձանքները զուարճացնում են Աստծոյ քաղաքը. եւ Բարձրեալը սրբացրել է իր օթեւանը: 6 Աստուած դրա մէջ է, եւ այն չի սասանուի. Աստուած կօգնի դրան վաղորդայնից վաղորդայն: 7 Հեթանոսները խռովուեցին, ու թագաւորութիւնները հնազանդ եղան. Բարձրեալը ձայն տուեց, եւ երկիրը երերաց: 8 Մեզ հետ է Զօրութիւնների Տէրը, Յակոբի Աստուածը ապաւէնն է մեր: 9 Եկէք տեսէ՛ք գործերն Աստծոյ, որ նշաններ ու զարմանահրաշ գործեր արեց երկրի վրայ: 10 Դադարեցրեց պատերազմը երկրի մի ծայրից մինչեւ միւսը, աղեղներ փշրեց, զէնքեր խորտակեց եւ վահանները մատնեց հրի: 11 Շտապեցէ՛ք ու իմացէ՛ք, որ ես Աստուածն եմ. ես պիտի բարձրացուեմ հեթանոսների մէջ, պիտի բարձրացուեմ երկրի երեսին: 12 Մեզ հետ է Զօրութիւնների Տէրը, Յակոբի Աստուածը ապաւէնն է մեր:

46
1 Այսուհետեւ՝ Կորխի որդիների մասին. սաղմոս Դաւթի: 2 Բոլո՛ր հեթանոսներ, ծա՛փ զարկէք, ցնծութեան աղաղակով դիմեցէ՛ք Աստծուն: 3 Տէրը բարձրեալ եւ ահարկու է, մեծ թագաւոր է ամբողջ երկրի վրայ: 4 Ժողովուրդներին մեզ հնազանդեցրեց եւ հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց: 5 Ընտրեց մեզ համար որպէս ժառանգութիւն իրեն՝ Յակոբի վայելչութիւնը, որին նա սիրեց: 6 Աստուած բարձրացաւ օրհնութեամբ, եւ մեր Տէրը՝ շեփորի ձայնով: 7 Սաղմո՛ս երգեցէք մեր Աստծուն, սաղմո՛ս երգեցէք մեր Թագաւորին, սաղմո՛ս երգեցէք: 8 Ամբողջ երկրի մեծ Թագաւորն Աստուած է. սաղմո՛ս երգեցէք նրան իմաստութեամբ: 9 Աստուած թագաւորեց հեթանոսների վրայ, Աստուած բազմեց իր սրբութեան գահին: 10 Ժողովուրդների իշխանները հաւաքուեցին Աբրահամի Աստծոյ մօտ, քանզի Աստծոյ զօրութիւնները շատ բարձրացան երկրից:

47
1 Կորխի որդիների երկուշաբթի օրուայ օրհնութեան սաղմոսը: 2 Մեծ է Տէրը եւ յոյժ օրհնեալ մեր Աստծոյ քաղաքում՝ իր սուրբ լեռան վրայ: 3 Մեծ ցնծութեամբ ցնծում է ամբողջ երկիրը հաստատարմատ, ցնծում են Սիոնի լեռները, հիւսիսային կողմերը, մեծ Թագաւորի քաղաքը: 4 Աստուած յայտնւում է իր տաճարում, երբ օգնական է դառնում նրանց: 5 Ահա երկրի թագաւորութիւնները հաւաքուեցին ու միասին եկան անցան: 6 Անձամբ տեսնելով այդ բանը՝ նրանք զարմացան, խռովուեցին ու սասանուեցին: 7 Այնտեղ դողը բռնեց նրանց եւ երկունքը, ինչպէս ծննդաբերութեան ժամանակ: 8 Սաստիկ հողմով նա պիտի փշրի նաւերը Թարսիսում: 9 Ինչ որ լսեցինք, այն էլ տեսանք Զօրութիւնների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծոյ քաղաքում. Աստուած դրա հիմքերը գցեց յաւիտեան: 10 Ստացանք ողորմութիւնդ, Աստուա՛ծ, քո ժողովրդի մէջ: 11 Ինչպէս որ անունդ է, այնպէս էլ օրհնութիւնդ է ողջ տիեզերքում, եւ քո աջը լի է արդարութեամբ: 12 Տէ՛ր, քո արդարադատութեամբ թող ուրախանայ լեռը Սիոնի, եւ ցնծան դուստրերը Յուդայի երկրի: 13 Պտտուեցէ՛ք Սիոնի շուրջը, շրջա՛նն արէք նրա եւ պատեցէ՛ք նրա աշտարակները: 14 Թող ձեր սրտերը կապուեն նրա ամրութիւններին, զննեցէ՛ք նրա բերդերը, որ պատմել կարողանաք մէկ ուրիշ սերնդի: 15 Սա է Աստուածը՝ մեր Աստուածը յաւիտեանս յաւիտենից, եւ նա պիտի հովուի մեզ մինչեւ յաւիտենութիւն:

48
1 Այսուհետեւ՝ Կորխի որդիների սաղմոսը: 2 Լսեցէ՛ք այս, համա՛յն ազգեր, ակա՛նջ դրէք բոլորդ, որ բնակւում էք աշխարհում, 3 երկրածիննե՛ր եւ մարդկա՛նց որդիներ, ե՛ւ մեծամեծներ, ե՛ւ տնանկներ: 4 Բերանս իմաստութիւն պիտի խօսի, եւ սրտիս խորհուրդը՝ խոհեմութիւն: 5 Առակներին պիտի ականջ դնեմ եւ օրհներգով պիտի մեկնեմ առակները սկզբից: 6 Ինչո՞ւ արդեօք վախենամ չար օրերին, երբ կեանքիս անօրինութիւններն ինձ պաշարեցին: 7 Իրենց կարողութեան վրայ յոյս դնողները պարծենում են իրենց մեծ հարստութեամբ: 8 Եղբայրն իր եղբօրը չի փրկի, ոչ էլ մարդը կփրկի նրան. նա փրկանք չի տայ Աստծուն, 9 ոչ էլ իր հոգու փրկանքը: 10 Յաւիտեան ջա՛նք թափիր եւ դու կապրես անվերջ ու ապականութիւն չես տեսնի: 11 Երբ տեսնես, որ իմաստունները մեռնում են, նրանց հետ կկորչեն նաեւ անզգամներն ու անմիտները՝ իրենց հարստութիւնը թողնելով օտարներին: 12 Նրանց գերեզմանը յաւիտեան իրենց տունը կլինի եւ սերնդից սերունդ՝ իրենց օթեւանը. նրանց հողերը կկոչուեն իրենց անունով: 13 Մարդը պատիւ ունէր եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց: 14 Այս է ճանապարհը նրանց գայթակղութեան, որին յետոյ իրենց բերանով հաւանութիւն պիտի տան: 15 Ոչխարների պէս դժոխքի պիտի մատնուեն, ու մահը պիտի հովուի նրանց, եւ առաւօտեան արդարները պիտի նրանց տիրեն: Նրանց օգնութիւնը կսպառուի դժոխքում, եւ նրանք իրենց փառքը կկորցնեն: 16 Սակայն երբ դժոխքն ինձ ընդունելու լինի, Աստուած կփրկի իմ հոգին: 17 Մի՛ վախեցիր, երբ մարդ հարստանում է, եւ մեծանում է փառքը նրա տան, 18 քանզի մեռնելիս հետը ոչինչ չի տանի, եւ նրա տան փառքն իր հետ չի թաղուի: 19 Նրա անձը կօրհնուի իր կենդանութեան ժամանակ եւ քեզ շնորհակալ կլինի, երբ բարիք գործես նրան: 20 Նա կմիանայ իր նախնիների սերնդին, մինչեւ յաւիտենութիւն լոյսը չի տեսնի: 21 Մարդը պատիւ ունէր եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց:

49 Սաղմոս Ասափի:
1 Աստուածների Աստուած Տէրը խօսեց, ձայն տուեց երկրին արեւելքից մինչեւ արեւմուտք: 2 Սիոնից է նրա մեծ վայելչութիւնն ու փրկութեան գեղեցկութիւնը: 3 Մեր Աստուածը պիտի գայ յայտնապէս եւ մեր Աստուածը պիտի չլռի, նրա առջեւ հուր պիտի բորբոքուի, եւ նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ: 4 Նա վերեւից ձայն պիտի տայ երկնքին ու երկրին՝ իր ժողովրդին դատելու համար: 5 Մօտն է հաւաքելու իր սրբերին եւ նրանց, ովքեր ուխտի զոհ են մատուցում իր սեղանին: 6 Երկինքը պատմելու է նրա արդարութիւնը, քանզի Աստուած դատաւոր է: Հանգիստ: 7 Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես քեզ կասեմ եւ, Իսրայէ՛լ, քեզ կվկայեմ, որ Աստուածը, քո՛ Աստուածը ես եմ: 8 Քո զոհաբերութիւնների համար չէ, որ կշտամբում եմ քեզ, քանզի ողջակէզներդ միշտ առջեւս են: 9 Քո տնից հորթեր չեմ ընդունում, ոչ էլ քո հօտից՝ նոխազներ: 10 Իմն են անտառի բոլոր գազանները, լեռների երէները եւ բոլոր անասունները: 11 Գիտեմ ես երկնքի բոլոր թռչուններին, եւ դաշտի գեղեցկութիւնն իմն է: 12 Եթէ քաղց զգամ, քեզ բան չեմ ասի, քանզի իմն է աշխարհն իր ամբողջութեամբ: 13 Ես չեմ ուտում քո հորթերի միսը եւ քո նոխազների արիւնը չեմ խմում: 14 Աստծուն օրհնութեան պատարագ մատուցի՛ր եւ Բարձրեալի առջեւ ուխտդ կատարի՛ր: 15 Քո նեղութեան օրը կանչի՛ր ինձ, ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես ինձ: 16 Սակայն մեղաւորին Աստուած ասում է. «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարութիւնը կամ բերանդ առնում իմ ուխտը: 17 Չէ՞ որ դու ատեցիր իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խօսքերը: 18 Երբ գողեր էիր տեսնում, նրանց հետ էիր ընթանում եւ ընկերակցում շնացողներին: 19 Բերանդ չարութիւն էր տարածում, եւ լեզուդ նենգութիւն էր նիւթում: 20 Նստած չարախօսում էիր եղբօրդ մասին եւ մօրդ որդու վրայ զրպարտութիւն բարդում: 21 Այս բոլորն արեցիր, ու ես լուռ մնացի. դու՝ անօրէնդ, կարծեցիր քո մտքում, թէ ես էլ կնմանուեմ քեզ: Արդ, պիտի յանդիմանեմ քեզ եւ այս ամէնը առջեւդ դնեմ»: 22 Իմացէ՛ք բոլորդ, որ մոռացել էք Աստծուն. գուցէ երբեւէ յափշտակուէք-տարուէք, եւ ձեզ փրկող չգտնուի: 23 Օրհնութեան պատարագն ինձ կփառաւորի. եւ ճանապարհն այնտեղ է, ուր ես նրան ցոյց պիտի տամ Աստծոյ փրկութիւնը:

50
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի. 2 այն ժամանակ, երբ նրա մօտ եկաւ Նաթան մարգարէն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբէին: 3 Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո մեծ ողորմութեամբ եւ քո գթառատութեամբ ջնջի՛ր իմ յանցանքները: 4 Առաւել եւս լուա՛ ինձ իմ անօրինութիւնից եւ իմ մեղքերից մաքրի՛ր ինձ: 5 Իմ անօրինութիւնները ես ինքս գիտեմ, եւ մեղքերն իմ միշտ առջեւս են: 6 Քո դէմ միայն մեղանչեցի, Տէ՛ր, եւ չարիք գործեցի քո առջեւ, որպէսզի արդար լինես քո խօսքերում եւ յաղթող՝ քո դատաստանի մէջ: 7 Անօրինութեամբ յղիացաւ եւ մեղքերի մէջ ծնեց ինձ մայրն իմ: 8 Դու, Տէ՛ր, ճշմարտութիւնը սիրեցիր եւ քո իմաստութեան անյայտն ու ծածուկն ինձ յայտնեցիր: 9 Ցօղի՛ր ինձ սպունգով, եւ ես կմաքրուեմ, լուա՛, ու ձիւնից ճերմակ կլինեմ: 10 Ինձ ցնծութիւն եւ ուրախութի՛ւն լսել տուր, եւ թող տառապեալ ոսկորներս ցնծան: 11 Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից եւ իմ բոլոր յանցանքները ջնջի՛ր ինձնից: 12 Իմ մէջ մաքուր սի՛րտ հաստատիր, Աստուա՛ծ, եւ արդար հոգի՛ նորոգիր իմ որովայնում: 13 Մի՛ գցիր ինձ, Տէ՛ր, քո երեսից եւ Սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից: 14 Ինձ փրկութեան ցնծութի՛ւն տուր եւ քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ: 15 Անօրէններին կսովորեցնեմ քո ճանապարհը, եւ ամբարիշտները քո կողմը կդառնան: 16 Փրկի՛ր ինձ արիւնից, Աստուա՛ծ, իմ փրկութեա՛ն Աստուած. լեզուս թող ցնծայ քո արդարութեամբ: 17 Տէ՛ր, եթէ շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնութիւնը քո: 18 Եթէ ուզէիր, պատարագ կմատուցէինք, բայց դու ողջակէզներ չես սիրում: 19 Խոնարհ հոգին է պատարագն Աստծոյ, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստուած չի արհամարհում: 20 Քո բարեհաճութեամբ բարի՛ք գործիր Սիոնին, Տէ՛ր, եւ Երուսաղէմի պարիսպները թող կառուցուեն: 21 Այնժամ դու կհաւանես արդարութեան պատարագները, եւ, իբրեւ ուխտի զոհեր, քո սեղանին հորթեր կմատուցեն:

51
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի, 2 այն ժամանակ, երբ Դովեկ Եդոմայեցին եկաւ պատմեց Սաւուղին, թէ ահա Դաւիթն Աքիմելէքի տանն է: 3 Ինչո՞ւ է հզօրը պարծենում չարութեամբ ու անօրինութեամբ: 4 Գիշեր-ցերեկ նա անիրաւութիւն նիւթեց իր լեզուով, սուր ածելու նման նենգութիւն գործեց: 5 Բարութիւնից աւելի չարութիւն սիրեց եւ արդար խօսքից աւելի՝ անօրինութիւն: 6 Սիրեց նա ամէն տեսակ կործանարար խօսքեր եւ նենգ լեզուներ: 7 Դրա համար Աստուած կկործանի նրան իսպառ, կխլի ու կհանի նրան իր օթեւանից եւ նրա արմատները՝ ողջերի երկրից: 8 Արդարները կտեսնեն ու կվախենան եւ կծաղրեն նրան՝ ասելով. 9 «Սա է այն մարդը, որն Աստծոյ օգնութեանը չապաւինեց, այլ յոյսը դրեց իր մեծ հարստութեան վրայ եւ զօրացաւ իր ունայնութեամբ»: 10 Իսկ ես Աստծոյ տան պտղաբեր ձիթենու նման եմ. յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից յոյսս դրեցի Աստծոյ ողորմութեան վրայ: 11 Քեզ յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ արածիդ համար եւ յոյսս պիտի դնեմ քո անուան վրայ, քանզի բարի ես սրբերիդ հանդէպ:

52 Այսուհետեւ՝ Մալալէթի մասին, իմաստութիւն Դաւթի:
1 Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ «Աստուած չկայ»: 2 Ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրինութեան մէջ, եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի: 3 Աստուած երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն է փնտրում: 4 Բոլորը միասին խոտորուեցին եւ անպէտք դարձան: Բարութիւն անող չկայ, չկայ նոյնիսկ մէկ հոգի: 5 Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, որ անօրինութիւն են գործում, նրանք, որ խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակրահաց եւ չեն դիմում Աստծուն: 6 Այնտեղ, ուր երկիւղ չկայ, երկիւղից սարսում են նրանք, քանզի Աստուած ցրելու է երեսպաշտների ոսկորները: Նրանք պիտի խայտառակուեն ու ամօթահար լինեն, քանզի Աստուած անարգեց նրանց: 7 Ո՞վ կտայ Սիոնից Իսրայէլի փրկութիւնը: Երբ Տէրն իր ժողովրդին վերադարձնի գերութիւնից, Յակոբը կցնծայ, եւ Իսրայէլն ուրախ կլինի:

53
1 Այսուհետեւ՝ Դաւթի իմաստութեան օրհնութիւնը, 2 այն ժամանակ, երբ զիփացիները եկան եւ ասացին Սաւուղին. «Ահա Դաւիթը թաքուն նստած է մեզ մօտ»: 3 Աստուա՛ծ, քո անուամբ փրկի՛ր ինձ եւ քո զօրութեամբ արդա՛ր հանիր ինձ: 4 Աստուա՛ծ, լսի՛ր իմ աղօթքները, ակա՛նջ դիր բերանիս խօսքերին: 5 Օտարները ելան իմ դէմ, հզօրներն իմ կեանքն ուզեցին եւ քեզ իրենց աչքում Աստուած չհամարեցին: 6 Ահա Աստուած իմ օգնականն է, եւ Տէրը՝ իմ հոգու ապաւէնը: 7 Չարիքը շրջելով թշնամիներիս դէմ՝ քո ճշմարտութեամբ կործանի՛ր նրանց: 8 Ես իմ բարի կամքով զոհ պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, եւ գոհանամ քո անուամբ, քանի որ այն բարի է: 9 Իմ ողջ նեղութիւնից փրկեցիր ինձ, եւ աչքս տեսաւ կորուստը թշնամիներիս:

54
1 Այսուհետեւ՝ իմաստութեան օրհնութիւնը, սաղմոս Դաւթի: 2 Ակա՛նջ դիր, Աստուա՛ծ, իմ աղօթքին եւ խնդրանքներս մի՛ անտեսիր: 3 Նայի՛ր ինձ ու լսի՛ր ինձ, քանզի անձկութեամբ տրտմեցի ու խռովուեցի: 4 Թշնամու ձայնից եւ մեղսագործի հալածանքից նրանք անիրաւութեամբ դէպի ինձ շրջուեցին, բարկութեամբ ոխ պահեցին իմ դէմ: 5 Սիրտս խռովուեց իմ մէջ, եւ մահուան երկիւղն ինձ համակեց: 6 Ահ ու դող ընկաւ վրաս, եւ խաւարը ծածկեց ինձ: 7 Ասացի. «Մէկն ինձ աղաւնու թեւեր տար, որ թռչելով բարձրանայի 8 եւ հեռանալով հանգիստ առնէի անապատում: 9 Յոյս ունէի, որ Աստուած ինձ կփրկէր կարճամիտ զայրոյթից եւ փոթորկուող նեղսրտութիւնից»: 10 Կորստեա՛ն մատնիր, Տէ՛ր, եւ թող նրանք իրար լեզու չհասկանան, քանզի անիրաւութիւն եւ հակառակութիւն տեսայ քաղաքում: 11 Գիշեր-ցերեկ նրա պարիսպների շուրջը անօրինութիւն է գործւում, իսկ դրա ներսում՝ չարիք ու մեղք: 12 Եւ վաշխառութիւնն ու նենգութիւնը չվերացան նրա հրապարակներից: 13 Եթէ թշնամին լինէր ինձ նախատողը, կհամբերէի, կամ իմ ատելին լինէր իմ դէմ մեծախօսողը, կթաքնուէի նրանից: 14 Այլ դու, մա՛րդ, իմ հաւասարն ես, իմ առաջնորդն ու ծանօթը: 15 Չէ՞ որ դու էիր քաղցրացնում իմ ու քո կերակուրը, եւ միաբանութեամբ էինք գործում Աստծոյ տանը: 16 Մահը նրանց վրայ կհասնի, եւ նրանք ողջ-ողջ դժոխք կիջնեն, քանզի իրենց բնակարանում ու իրենց մէջ չարութիւն կայ: 17 Ես Աստծուն ձայն տուեցի, եւ Տէրն ինձ լսեց: 18 Երեկոյեան, առաւօտեան ու կէսօրին պատմեցի ու խօսեցի, եւ նա իմ ձայնը կլսի: 19 նա ինձ խաղաղութեամբ կփրկի ինձ մերձեցողներից, քանզի ուժով յարձակուեցին ինձ վրայ: 20 Կլսի եւ կընկճի նրանց Աստուած, որ կար յաւիտենութիւնից առաջ, քանզի չեն փոխւում նրանք եւ չեն վախենում Աստծուց: 21 Նա մեկնեց իր ձեռքը՝ պատժելու նրանց. նրանք պղծել էին նրա օրէնքները: 22 Բաժանուեցին նրա երեսի զայրոյթից, բայց նա հասաւ նրանց սրտերին: Ձէթից փափուկ էին նրանց խօսքերը, բայց իրենք կարծես նետեր լինէին: 23 Հոգսդ դի՛ր Տիրոջ վրայ, ու նա քեզ կկերակրի եւ չի թողնի, որ արդարը յաւիտեան սասանուի: 24 Դու, Աստուա՛ծ, նրանց կիջեցնես ապականութեան փոսը. արիւնահեղ ու նենգ մարդիկ իրենց կեանքի օրերի կէսին չեն հասնի. իսկ ես, Տէ՛ր, յոյսս դրեցի քեզ վրայ:

55
1 Այսուհետեւ՝ ժողովրդի մասին, որը հեռացել էր սրբերից. արձանագիր սաղմոս Դաւթի, երբ այլազգիները նրան բռնել էին Գէթում: 2 Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի մարդն ինձ կոխոտեց, ամէնօրեայ պատերազմներն ինձ նեղեցին: 3 Թշնամիներս գիշեր-ցերեկ ինձ ոտնատակ արեցին, եւ շատերն իմ դէմ մարտնչեցին բարձունքից: 4 Օրը ցերեկով չեմ վախենայ, քանզի յոյսս դրել եմ Տիրոջ վրայ: 5 Աստծոյ խօսքով պիտի կատարեմ իմ գովաբանութիւնը. Աստծոյ վրայ դրեցի իմ յոյսը ու չեմ սոսկալու. մարդն ինձ ի՞նչ կարող է անել: 6 Ամէն օր խօսքերս անարգեցին, նրանց չար խորհուրդներն իմ դէմ եղան: 7 Նրանք պանդուխտ կլինեն ու գաղտագողի կշրջեն: Նրանք հետապնդում են ինձ, ինչպէս իմ մահը ցանկացող մարդիկ: 8 Որպէս ոչնչութիւն դու կմերժես նրանց, քո բարկութեամբ հնազանդ կդարձնես ժողովուրդներին: 9 Աստուա՛ծ, կեանքս քեզ կպատմեմ, արցունքներս առջեւդ կդնեմ, ինչպէս դու ինձ խոստացար: 10 Թշնամիներս ետ կդառնան այն օրը, երբ օգնութեան կանչեմ քեզ. ահա իմացայ, որ դու իմ Աստուածն ես: 11 Աստծուն պիտի օրհնեմ իմ խօսքով եւ Տիրոջը պիտի գովեմ իմ բառերով: Աստծոյ վրայ դրեցի իմ յոյսը եւ վախ չունեմ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել: 12 Ինձնից է ուխտն իմ, որ օրհնութեամբ քեզ պիտի մատուցեմ, Աստուա՛ծ: 13 Ինձ փրկեցիր մահուանից, աչքս՝ արտասուքից եւ ոտքս՝ գայթակղութիւնից. ողջերի երկրում ես հաճելի կերեւամ Տիրոջ առջեւ:

56
1 Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի, երբ նա Սաւուղի երեսից փախել թաքնուել էր քարայրում: 2 Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, ողորմի՛ր ինձ, քանզի յոյսս դրեցի քեզ վրայ. քո թեւերի հովանուն պիտի ապաւինեմ, մինչեւ անօրինութիւնն անցնի: 3 Աղաղակեցի բարձրեալ Աստծուն՝ իմ բարերար Աստծուն: 4 Նա օգնութիւն ուղարկեց երկնքից եւ փրկեց ինձ, նախատելի դարձրեց ինձ ոտնահարողներին: Աստուած իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնն ուղարկեց: 5 Գազանների միջից ազատեց ինձ, քանզի ես խռովուած ննջում էի: Մարդկանց որդիների ատամները զէնք եւ նետ են, իսկ նրանց լեզուները՝ ինչպէս սուր սուսեր: 6 Դու երկինք ես բարձրացել, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո: 7 Որոգայթ պատրաստեցին ոտքերիս համար, ընկճեցին ինձ, առջեւս փոս փորեցին, բայց նրա մէջ իրենք ընկան: 8 Պատրաստ է սիրտն իմ, Աստուա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու եւ սաղմոսերգելու քեզ իմ փառաբանութեամբ: 9 Արթնացի՛ր, փա՛ռք իմ, արթնացի՛ր սաղմոսներով եւ օրհներգութեամբ, եւ ես կարթնանամ առաւօտեան: 10 Գոհութիւն կմատուցեմ քեզ ժողովուրդների մէջ, Տէ՛ր, եւ ազգերի մէջ քեզ սաղմոս կերգեմ: 11 Քո ողորմութեան մեծութիւնը հասաւ մինչեւ երկինք, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը: 12 Դու երկինք ես բարձրացել, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո:

57
1 Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի: 2 Եթէ դուք արդարութեամբ խօսէիք, ուղիղ կլինէին ձեր դատաստանները, մարդկա՛նց որդիներ: 3 Չէ՞ որ այժմ իսկ ձեր սրտում անօրինութիւն էք գործում երկրի երեսին, եւ ձեր ձեռքերն անիրաւութիւն են նիւթում: 4 Մեղաւորներն իրենց ծննդեան օրից իսկ խոտորուեցին, արգանդից մոլորուեցին եւ սուտ խօսեցին: 5 Նրանց կատաղութիւնը նման է օձի թոյնի, վիշապ օձի թոյնի, որ խցել է իր ականջները, 6 որպէսզի ճարտար օձահմայի ձայնը չլսի եւ դեղ չառնի իմաստուն դեղատուից: 7 Աստուած պիտի փշրի նրանց ատամներն իրենց բերանում. Տէրը կոտրատեց ժանիքներն առիւծների: 8 Թող նրանք թափուող ջրի պէս անպիտան լինեն: Երբ նրանք իրենց աղեղները լարեն, 9 թող հալուեն մոմի նման ու սպառուեն: Հուր թափուեց, եւ նրանք արեւ չտեսան: 10 Դեռ իրենց փշերը չզգացած՝ Աստուած նրանց դժնիկի պէս ողջ-ողջ պիտի այրի բարկութեամբ: 11 Արդարը պիտի ուրախանայ՝ տեսնելով հատուցումը, եւ ձեռքերն իր պիտի լուանայ մեղաւորի արեան մէջ: 12 Ու մարդ պիտի ասի, թէ իսկապէս արդարի համար վարձատրութիւն կայ, եւ կայ Աստուած, որ երկրի վրայ դատում է նրանց:

58
1 Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի, երբ Սաւուղը զօրք ուղարկեց՝ պաշարելու նրա տունը եւ սպանելու նրան. սաղմոս Դաւթի: 2 Աստուա՛ծ, թշնամիներիցս փրկի՛ր ինձ, ազատի՛ր նրանցից, ովքեր ելել են իմ դէմ: 3 Ինձ փրկի՛ր անօրինութիւն գործողներից, արիւնահեղ մարդկանցից պահպանի՛ր ինձ: 4 Որսալ ուզեցին ինձ, եւ հզօր մարդիկ ինձ վրայ յարձակուեցին: 5 Ո՛չ մեղք ունեմ եւ ո՛չ յանցանք, առանց մեղքի ընթացայ ու արդար եղայ: 6 Ինձ ընդառա՛ջ ել եւ տե՛ս դու, Զօրութիւնների՛ Տէր, Աստուա՛ծ Իսրայէլի: Նայի՛ր ու այցելի՛ր բոլոր հեթանոսներին եւ մի՛ ողորմիր բոլոր նրանց, ովքեր անօրինութիւն են գործում: 7 Նրանք ետ կդառնան երեկոյեան, քաղց կզգան շների պէս եւ քաղաքի շուրջը կպտտուեն: 8 Նրանք կվայրահաչեն իրենց բերանով ու կսրեն շուրթերն իրենց: 9 Իսկ արդ, ո՞վ կլսի դա. դու, Տէ՛ր, կծիծաղես նրանց վրայ եւ կարհամարհես բոլոր հեթանոսներին: 10 Զօրութիւնս քեզնո՛վ կպահեմ, քանզի Աստուած իմ օգնականն է: 11 Իմ Աստծոյ ողորմութիւնը կհասնի ինձ, եւ իմ Աստուածն ինձ համար ի ցոյց կհանի թշնամիներիս: 12 Մի՛ սպանիր նրանց, որ չմոռանան քո ժողովրդին: Ցրի՛ր եւ ընկճի՛ր նրանց քո զօրութեամբ, քանզի դու իմ պաշտպանն ես, Տէ՛ր: 13 Իրենց բերանի մեղքերի եւ շրթունքների խօսքերի համար թող նրանք ընկղմուեն իրենց ամբարտաւանութեան մէջ եւ անէծքի ու ստութեան մատնուեն: 14 Բարկութեան ներգործութեամբ թող սպառուեն ու անհետանան: Թող իմանան, որ Աստուած տիրում է Յակոբին ու երկրի բոլոր ծագերին: 15 Նրանք ետ կդառնան երեկոյեան, քաղց կզգան շների պէս եւ քաղաքի շուրջը կպտտուեն: 16 Նրանք կթափառեն ուտելու համար, եւ եթէ չկշտանան, կտրտնջան: 17 Ես պիտի օրհնաբանեմ քեզ, Տէ՛ր, պիտի ցնծամ առաւօտեան քո ողորմութեամբ, 18 քանզի դո՛ւ եղար իմ պաշտպանն ու ապաստանը եւ նեղութեանս օրերի օգնականը: 19 Քեզ սաղմոս պիտի երգեմ, իմ ապաւէ՛ն Աստուած, իմ ողորմութեա՛ն Աստուած:

59
1 Այսուհետեւ անցած ժամանակների մասին ուսանելու համար. 2 արձանագիր սաղմոս Դաւթի, երբ նա հրի մատնեց Միջագետքն ու Սոբողի Ասորեստանը, իսկ ետ դառնալիս Յովաբն Աղի ձորում կոտորեց տասներկու հազար մարդ: 3 Աստուա՛ծ, մեզ լքեցիր ու քարուքանդ արեցիր, բարկացար, բայց պիտի գթաս մեզ: 4 Ցնցեցիր երկիրն ու խռովութեան մատնեցիր այն, բուժի՛ր նրա ստացած հարուածները, քանզի նա սասանուեց: 5 Քո ժողովրդին խստութիւն ցոյց տուեցիր եւ մեզ թմրութեան գինի խմեցրիր: 6 Երկիւղածներիդ նշան դու տուեցիր, որ փրկութիւն գտնեն աղեղից: 7 Ինչպէս որ քո սիրելիները փրկուեցին, այնպէս էլ քո աջով պահպանի՛ր եւ լսի՛ր մեզ: 8 Աստուած խօսեց իր սրբարանից. «Ես պիտի ցնծամ ու բարձրանալով՝ բաժանեմ Սիւքէմը եւ Վրանների հովիտը չափեմ: 9 Իմն է Գաղաադը, եւ իմն է Մանասէն, Եփրեմն իմ գլխի սաղաւարտն է: 10 Յուդան թագաւորս է, Մովաբը՝ յոյսիս աւազանը: Դէպի Եդոմէ պիտի ուղղեմ երթն իմ, քանզի այլազգիներն ինձ հնազանդուեցին»: 11 Ո՞վ ինձ կտանի բերդաքաղաք կամ ո՞վ ինձ կառաջնորդի մինչեւ Եդոմէ, 12 եթէ ոչ՝ դու, Աստուա՛ծ, որ լքեցիր մեզ եւ մեր զօրքերի հետ չելար, Աստուա՛ծ: 13 Նեղութեան մէջ օգնութի՛ւն ցոյց տուր մեզ, քանզի ունայն է փրկութիւնը մարդու: 14 Աստծով քաջութիւն կգործենք, եւ նա կարհամարհի մեզ նեղողներին:

60
1 Այսուհետեւ՝ օրհնութեամբ սաղմոս Դաւթի: 2 Լսի՛ր, Աստուա՛ծ, աղօթքն իմ եւ ո՛ւշ դարձրու, Տէ՛ր, աղօթքիս: 3 Երկրի ծայրերից ես քեզ կանչեցի, երբ սիրտս յոգնեց: 4 Ժայռից բարձր պահեցիր ինձ, առաջնորդեցիր ինձ ու եղար իմ յոյսը եւ թշնամու դէմ հզօր աշտարակ դարձար ինձ համար: 5 Ես յաւիտեան պիտի բնակուեմ քո խորանում ու թեւերիդ հովանու տակ պատսպարուեմ: 6 Դու, Աստուա՛ծ, աղօթքս լսեցիր եւ ժառանգութիւն տուեցիր քո անունից ակնածողներին: 7 Թագաւորի կեանքի տարիներին օրեր աւելացրիր, օրեր սերնդէսերունդ: 6 Նա կայ եւ յաւիտեան կմնայ Աստծոյ առջեւ, նաեւ՝ նրանք, որոնք ողորմութիւն ու ճշմարտութիւն կխնդրեն նրանից: 9 Այսպէս սաղմոս պիտի երգեմ քեզ յաւիտեանս յաւիտենից եւ օրըստօրէ աղօթք պիտի մատուցեմ:

61
1 Այսուհետեւ՝ Իդիթոմի մասին սաղմոս Դաւթի: 2 Միայն Աստծո՛ւն հնազանդ եղիր, հոգի՛ իմ, քանզի նրանից է փրկութիւնս: 3 Նա է Աստուածն իմ ու փրկիչն իմ, ապաւէնն իմ, որ էլ չսասանուեմ: 4 Մինչեւ ե՞րբ ամէնքդ պիտի յարձակուէք մարդու վրայ՝ կործանելու նրան թեքուած պարսպի ու խախտուած ցանկապատի պէս: 5 Նրանք ինձ պատուից զրկելու մասին էին մտածում միայն՝ տոչորուելով նախանձից: Իրենց բերանով օրհնում էին, բայց իրենց սրտով անիծում: 6 Սակայն իմ հոգին հնազանդ կմնայ Աստծուն, քանզի նրանից է իմ համբերութիւնը: 7 Նա է Աստուածն իմ ու փրկիչն իմ, ապաւէնն իմ, որ չսասանուեմ: 8 Աստծուց է զօրութիւնն ու փառքն իմ, Աստուած է օգնականն իմ, եւ Աստծոյ վրայ է յոյսն իմ: 9 Ձեր յոյսը դրէ՛ք նրա վրայ, ժողովուրդների ո՛ղջ բազմութիւններ, բացէ՛ք նրա առջեւ սրտերը ձեր, քանզի Աստուած օգնականն է մեր յաւիտեանս յաւիտենից: 10 Սակայն ունայն են մարդկանց որդիները, սուտ են որդիները մարդկանց, իրենց կշռով անարդար են եւ իրենք ամէնքն էլ ունայնութեան մէջ են: 11 Յոյս մի՛ դրէք անիրաւութեան վրայ, յափշտակութիւն մի՛ ցանկացէք, եթէ հարստութիւնն առուի պէս իսկ հոսի, թող ձեր սրտերը չցանկանան: 12 Մի անգամ խօսեց Աստուած, եւ երկու անգամ լսեցինք այս բանը: 13 Աստծունն է զօրութիւնը, եւ քոնն է, Տէ՛ր, ողորմութիւնը, դու ես հատուցում իւրաքանչիւրին ըստ իր գործերի:

62
1 Սաղմոս Դաւթի, մինչ նա գտնւում էր Հրէաստանի անապատում: 2 Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ, ես առաւօտից քեզ եմ դիմում. հոգիս ծարաւ է քեզ, առաւել եւս՝ մարմինն իմ, 3 ինչպէս մի անապատ եւ անջուր երկիր, ուր ճամփայ չկայ: Այդպէս էլ պիտի երեւամ քո սրբարանում՝ տեսնելու փառքդ եւ զօրութիւնդ, 4 քանզի ինձ համար քո ողորմութիւնն աւելի լաւ է, քան կեանքս, եւ շրթունքներն իմ պիտի գովեն քեզ: 5 Այսպէս իմ կեանքում քեզ պիտի օրհնեմ եւ քո անունով ձեռքս բարձրացնեմ: 6 Ասես պարարտ ճարպով պիտի յագենայ իմ հոգին, եւ բերանս ցնծալից շրթունքներով քեզ պիտի օրհնի: 7 Երբ քեզ յիշում էի իմ անկողնում, առաւօտեան կանուխ խօսում էի քեզ հետ: 8 Քանի որ դու եղար իմ օգնականը, քո թեւերի հովանու տակ ես պիտի ցնծամ: 9 Քեզ հետեւեց իմ հոգին, եւ աջդ ընդունեց ինձ: 10 Նրանք, որ ինձ իզուր հետապնդեցին, թող երկրի անդունդների խորքը մտնեն: 11 Թող սրի մատնուեն նրանք եւ աղուէսների բաժին դառնան: 12 Թագաւորը յոյսը դրեց Տիրոջ վրայ. թող պարծենան բոլոր նրանք, որ երդւում են նրանով. թող խցուեն բերանները նրանց, ովքեր անիրաւութիւն են խօսում:

63
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի: 2 Աստուա՛ծ, երբ աղաչեմ քեզ, աղօթքս լսի՛ր, թշնամու սարսափից փրկի՛ր ինձ: 3 Թաքցրո՛ւ ինձ չարագործների ամբոխից եւ անօրինութիւն գործողների բազմութիւնից: 4 Նրանք սուսերի պէս սրեցին իրենց լեզուները եւ իրենց աղեղները լարեցին դառը գործի համար, 5 որպէսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, յանկարծակի նետահարեն նրանց առանց երկիւղի: 6 Նրանք զօրացան իրենց չարախօսութեամբ, մտածեցին իմ դէմ որոգայթ լարել եւ ասացին. «Տէրը դա չի տեսնի»: 7 Անօրինութիւն փնտրեցին, յոգնեցին փնտրելուց ու քննելուց: 8 Թող մարդ մերձենայ իր սրտի խորութեամբ, եւ Աստուած թող բարձր լինի: 9 Մանուկների նետարձակումները խոցեցին նրանց, նրանց լեզուները տկարացան, եւ բոլոր նրանց տեսնողները պիտի խռովուեն: 10 Բոլոր մարդիկ վախեցան ու պատմեցին Աստծոյ գործերը եւ հասու եղան նրա արածներին: 11 Արդարը պիտի ուրախանայ Տիրոջով՝ յոյսը դնելով նրա վրայ. սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով:

64
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի. Երեմիայի, Եզեկիէլի եւ ժողովրդի օրհնութիւնը, երբ ուզում էին վերադառնալ պանդխտութիւնից: 2 Աստուա՛ծ, քեզ վայել է օրհնութիւն Սիոնում, եւ քեզ աղօթք պիտի մատուցուի Երուսաղէմում: 3 Լսի՛ր աղօթքս, քանզի քեզ մօտ է գալու ամէն մարմին: 4 Անօրէնների խօսքերը ծանրացան մեզ վրայ, դո՛ւ պիտի քաւութիւն տաս մեր ամբարշտութիւններին: 5 Երանի՜ նրանց, որոնց ընտրեցիր ու ընդունեցիր, որ բնակուեն քո գաւիթներում: Մենք պիտի յագենանք քո տան բարիքներից, սուրբ է քո տաճարը: 6 Սքանչելի արդարութեամբ լսի՛ր մեզ, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր՝ յոյսը երկրի բոլոր ծագերի եւ հեռաւոր ծովաբնակների: 7 Նա, որ իր կարողութեամբ լեռներ է հաստատում եւ զօրութիւն է հագել: 8 Նա, որ ալեկոծում է ծովի ընդարձակութիւնը եւ ցածրացնում նրա ալիքների ձայնը: 9 Հեթանոսները պիտի խռովուեն, եւ երկրի բնակիչները պիտի սարսափեն քո նշաններից, այգաբացին ու երեկոյեան պիտի զուարճանան: 10 Նայեցիր երկրին, ջրով յագեցրիր այն եւ բազմացրիր նրա հարստութիւնը: Աստծոյ գետը լցուեց ջրով. դու պատրաստեցիր նրա կերակուրը, քանզի այսպէս է պատրաստութիւնը. 11 դու ոռոգեցիր նրա ակօսն ու բազմացրիր նրա արմտիքը, քո ցօղը զուարթ պիտի դարձնի նրա բոյսը: 12 Տարուայ պսակը պիտի օրհնուի քո քաղցրութեամբ, դաշտերդ պարարտութեամբ պիտի լցուեն: 13 Անապատի գեղեցկութիւնները պիտի փթթեն, բլուրները ցնծութեամբ պիտի զգեստաւորուեն: 14 Մաքիների խոյերը պիտի զուգուեն, հովիտներն առատ ցորեն պիտի բերեն, պիտի ցնծան ու օրհներգեն:

65
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի. յարութեան մասին: 2 Աղաղակի՛ր Աստծուն, ամենա՛յն երկիր. սաղմո՛ս ասացէք նրա անուանը եւ փա՛ռք տուէք նրա օրհնութեանը: 3 Ասացէ՛ք Աստծուն. «Որքա՜ն ահեղ են քո գործերը. ի տես քո մեծ զօրութեան քո թշնամիները ստեցին քո դէմ: 4 Ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ, սաղմոս պիտի երգի քեզ ու քո անուանը սաղմոս ձօնի»: 5 Եկէ՛ք եւ տեսէ՛ք գործերն Աստծոյ, թէ որքան աւելի ահեղ են խորհուրդներով, քան գործերը մարդկանց բոլոր որդիների: 6 Նա էր, որ ծովը ցամաք դարձրեց, եւ մարդիկ ոտքով անցան գետի միջով: 7 Ահա պիտի ցնծանք նրանով, որ յաւէտ տիրում է իր զօրութեամբ: Նրա աչքերը նայում են հեթանոսներին, որոնք դառնացրին իրեն. թող նրանք չպարծենան իրենց հոգում: 8 Օրհնեցէ՛ք, հեթանոսնե՛ր, մեր Աստծուն եւ լսելի՛ դարձրէք նրա օրհնութեան ձայնը: 9 Նա իմ հոգին դարձրեց կեանքին եւ թոյլ չտուեց, որ ոտքերս դողան: 10 Քննեցիր մեզ, Աստուա՛ծ, ու փորձեցիր, ինչպէս արծաթն է փորձւում: 11 Մեզ որոգայթի մէջ գցեցիր, նեղութիւն դրեցիր մեր թիկունքին 12 եւ մարդկանց անցկացրիր մեր գլխի վրայով: Մենք անցանք հրի ու ջրի միջով, բայց դու մեզ անդորր տուեցիր: 13 Զոհաբերութիւններով պիտի մտնեմ տունը քո եւ քեզ պիտի հատուցեմ իմ ուխտերը, 14 որ խոստացան քեզ իմ շրթունքները, եւ բերանն իմ խօսեց նեղութեան մէջ: 15 Պարարտ ողջակէզներ պիտի մատուցեմ քեզ՝ խոյերով ու խնկերով, քեզ պիտի մատուցեմ արջառներ ու նոխազներ: 16 Եկէ՛ք ու լսեցէ՛ք ինձ, Աստծոյ բոլո՛ր երկիւղածներ, որ ձեզ պատմեմ, թէ ինչ արեց նա իմ անձի համար: 17 Ես նրան դիմեցի իմ բերանով եւ լեզուովս մեծարեցի նրան: 18 Եթէ սրտումս մեղք տեսնէի, Տէրն ինձ չէր ունկնդրի: 19 Դրա համար Աստուած լսեց ինձ եւ ուշ դարձրեց իմ խնդրանքի ձայնին: 20 Օրհնեալ է Աստուած, որ չվանեց աղօթքն իմ, ոչ էլ ողորմութիւնն իր՝ ինձնից:

66
1 Այսուհետեւ՝ Դաւթի օրհնութեան սաղմոսը: 2 Աստուա՛ծ, ողորմի՛ր մեզ եւ օրհնի՛ր, ցո՛յց տուր երեսդ եւ գթա՛ մեզ, 3 որպէսզի երկրի վրայ ճանաչեն ճանապարհը քո եւ բոլոր ազգերի մէջ՝ փրկութիւնը քո: 4 Ժողովուրդները քեզ գոհութիւն պիտի մատուցեն, Աստուա՛ծ, գոհութիւն պիտի մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները: 5 Պիտի ուրախանան ու ցնծան ազգերը, քանզի դու արդարութեամբ ես դատում ժողովուրդներին եւ երկրի ազգերին դու ես առաջնորդում: 6 Թող ժողովուրդները քեզ օրհնաբանեն, Աստուա՛ծ, թող գոհութիւն մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները: 7 Երկիրը տուեց իր պտուղը, եւ Աստուած, Աստուածը մեր, օրհնեց մեզ: 8 Մեր Աստուածը պիտի օրհնի մեզ, եւ երկրի բոլոր ծագերում պիտի սոսկան նրանից:

67
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի: 2 Թող ելնի Աստուած, նրա բոլոր թշնամիները թող ցրուեն, ու նրան ատողները փախչեն իր առջեւից: 3 Ինչպէս ծուխն է ցնդում, այնպէս պիտի անհետանան նրանք. ինչպէս մոմն է հալւում կրակի դիմաց, այնպէս էլ մեղաւորները պիտի կորչեն Աստծոյ երեսից: 4 Արդարները թող ուրախ լինեն, թող ցնծան նրա առջեւ եւ զուարճանան իրենց ուրախութեամբ: 5 Օրհնեցէ՛ք Աստծուն, սաղմո՛ս երգեցէք նրա անուանը, ճանապա՛րհ տուէք նրան, ով նստում է արեւմուտքում. եւ Տէր է անունը նրա: Թող մարդիկ ցնծան նրա առջեւ եւ թող խռովուեն նրա երեսից, 6 որ հայրն է որբերի ու դատաւորն այրիների՝ Աստուած իր սուրբ բնակարանում: 7 Աստուած բնակեցնում է միայնակներին տան մէջ եւ իր քաջութեամբ ազատում գերեալներին ու դառնացած գերեզմանաբնակներին: 8 Աստուա՛ծ, երբ քայլեցիր քո ժողովրդի առջեւից, երբ անցար անապատով, 9 ցնցուեց երկիրը, եւ երկինքը ցօղ թափեց Սինայում Աստծոյ շնորհիւ՝ Իսրայէլի Աստծոյ առջեւ: 10 Ցանկալի անձրեւ պատրաստեցիր, Աստուա՛ծ, քո ժառանգութեան համար, որը թէեւ տկարացաւ, բայց դու ոտքի կանգնեցրիր նրան: 11 Եւ քո ժողովուրդը պիտի բնակուի նրա մէջ: Աստուա՛ծ, քո քաղցրութեամբ պատրաստութիւն տեսար աղքատի համար: 12 Տէրը պատգամ պիտի տայ նրանց, ովքեր մեծ զօրութեամբ աւետիս են տալիս: 13 Սիրելիիդ զօրքերի՛ թագաւոր, քո տան գեղեցկութիւնը մատնուեց աւարի: 14 Թէկուզ եւ ննջէք կալուածքների մէջ, արծաթապատ թեւերով եւ ոսկեգոյն թիկնամէջով աղաւնի կլինէք: 15 Երբ երկնաւորը թագաւորներին հաւաքի այնտեղ, նրանք ձեան պէս կթափուեն Սաղմոնի լեռան վրայ: 16 Աստծոյ լեռը պարարտ լեռ է, հաստատուն լեռ եւ պարարտ լեռ: 17 Ո՛վ հպարտ լեռներ, ի՞նչ էք նախանձում այն լեռանը, որտեղ բարեհաճեց բնակուել Աստուած, եւ Տէրն իսկ բնակուելու է այնտեղ յաւիտեան: 18 Աստծոյ կառքերը բիւրապատիկ են՝ հազարաւոր կառավարներով, որոնց մէջ է Տէրն իր սուրբ Սինայից: 19 Նա ելաւ բարձունքներն ու գերեվարեց գերիներին. աւար առաւ, պարգեւներ բաշխեց ու տուեց մարդկանց որդիներին, որ թերահաւատներն անգամ բնակուեն այնտեղ: 20 Օրհնեալ է Տէր Աստուած, օրհնեալ է Տէրն ամէն օր. Աստուած՝ Փրկիչը մեր, պիտի առաջնորդի մեզ: 21 Աստուած մեր կենարար Աստուածն է, եւ Տիրոջ ձեռքում է ելքը մահուան: 22 Սակայն Աստուած պիտի փշրի մեր թշնամիների գլուխը եւ կարճամազ պիտի պահի նրանց, ովքեր ընթանում են իրենց անօրինութեամբ: 23 Տէրն ասաց. «Անդունդների խորքից ես պիտի վերադարձնեմ եւ ժանիքների միջից դուրս կորզեմ նրան: 24 Այնպէս որ ոտքդ արեան մէջ թրջուի, եւ քո շների լեզուները թրջուեն թշնամիներիդ արիւնից»: 25 Երեւաց քո երթն, Աստուա՛ծ, Աստծոյ՝ մեր սուրբ Թագաւորի երթը: 26 Իշխաններն առաջ անցան՝ օրհնութիւն մատուցելու կոյսերի եւ գովերգուների մէջ: 27 Խմբովին օրհնեցէ՛ք Աստծուն՝ Տիրոջը, Իսրայէլի աղբիւրների կողմից: 28 Այնտեղ են Բենիամին զարմանահրաշ մանուկը, Յուդայի երկրի առաջնորդ իշխանները եւ Զաբուղոնի ու Նեփթաղիմի իշխանները: 29 Հրամայի՛ր, Աստուա՛ծ, քո զօրութեամբ, զօրացրո՛ւ այն, ինչ հաստատեցիր մեր մէջ: 30 Երուսաղէմի քո տաճարից թագաւորները թող ընծաներ մատուցեն: 31 Սաստի՛ր եղէգնուտի գազանին՝ ցուլերի ու երինջների երամակներով հանդերձ: Թող արհամարհուեն նրանք, ովքեր ընտրուել են արծաթով: Ցրի՛ր հեթանոսներին ու պատերազմ կամեցողներին: 32 Եգիպտոսից պատգամաւորներ պիտի գան, եւ հնդիկներն աւելի առաջ ձեռք պիտի մեկնեն Աստծուն: 33 Աշխարհի՛ թագաւորութիւններ, օրհնեցէ՛ք Աստծուն եւ սաղմո՛ս երգեցէք Տիրոջը: 34 Ճանապա՛րհ բացէք նրա համար, ով նստում է երկինքների երկնքում՝ արեւելեան կողմում: Ահա նա ձայն պիտի տայ՝ ձայնն իր զօրութեան: 35 Փա՛ռք տուէք Աստծուն. նրա մեծ վայելչութիւնն Իսրայէլի վրայ է, իսկ զօրութիւնը հասնում է մինչեւ երկնքի ամպերը: 36 Սքանչելի է Աստուած իր սրբերի մէջ. նա Աստուածն է Իսրայէլի, որ իր ժողովրդին հաստատ զօրութիւն պիտի տայ. օրհնեալ է Աստուած:

68
1 Այսուհետեւ՝ անցած ժամանակների մասին սաղմոս Դաւթի: 2 Փրկի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին, ես ընկղմուեցի խոր անդնդի մէջ, որտեղ ինձ համար հանգիստ չկայ: 3 Մտայ ես խորքերը ծովի, եւ յորձանքներն ինձ ընկղմեցին: 4 Ես յոգնեցի աղաղակելուց, կոկորդն իմ կերկերաց, եւ աչքերս նուաղեցին քեզ վրայ յոյս դնելուց, Տէ՛ր իմ Աստուած: 5 Գլխիս մազերից շատ եղան նրանք, ովքեր յանիրաւի ատում էին ինձ, թշնամիներս եւ ինձ իզուր ատողները զօրացան ինձնից աւելի, իմ չյափշտակած բաների համար ես վճարեցի նրանց: 6 Աստուա՛ծ, դու իմացար անմտութիւնն իմ, եւ յանցանքներս չծածկուեցին քեզնից: 7 Թող իմ պատճառով չամաչեն քեզ սպասողները, Տէ՛ր, Զօրութիւնների՛ Տէր. թող իմ պատճառով չամաչեն քեզ փնտրողները, Աստուա՛ծ Իսրայէլի: 8 Քեզ համար նախատինք հանդուրժեցի, եւ ամօթը ծածկեց երեսն իմ: 9 Եղբայրներիս համար ես օտար եղայ եւ մօրս որդիների համար՝ հիւր: 10 Քո տան նախանձախնդրութիւնն ինձ կերաւ, եւ նախատողներիդ նախատինքն ընկաւ ինձ վրայ: 11 Ծոմապահութեամբ խոնարհեցրի ինձ, եւ դա ինձ համար նախատինք եղաւ: 12 Քուրձն ինձ հագուստ դարձրի եւ նրանց համար ծաղրուծանակի առարկայ եղայ: 13 Ինձ չարախօսում էին դռանը նստողները, գինի խմողները ծաղրում էին ինձ: 14 Ընդունելի ժամին ես աղօթում էի քեզ, Տէ՛ր: Լսի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո առատ ողորմութեամբ, քո փրկութեան ճշմարտութեամբ: 15 Ազատի՛ր ինձ ցեխից, որ չխրուեմ եւ փրկուեմ իմ ատելիներից ու խոր ջրերից: 16 Ջրերի յորձանքները թող չկլանեն ինձ, եւ անդունդներն ինձ թող չընկղմեն, ոչ էլ ջրհորն ինձ վրայ բերանն իր փակի: 17 Լսի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քաղցր է ողորմութիւնը քո, նայի՛ր ինձ քո գթառատութեամբ: 18 Եւ մի՛ շրջիր երեսդ քո ծառայից, փութով լսի՛ր ինձ, քանզի նեղութեան մէջ եմ ես: 19 Հայեացքդ դարձրո՛ւ ինձ վրայ ու փրկի՛ր ինձ եւ իմ թշնամիներից ինձ պահպանի՛ր: 20 Դու գիտես իմ կրած նախատինքն ու ամօթը եւ խայտառակութիւնն իմ: 21 Քո առջեւ են բոլոր ինձ նեղողները: Սիրտս համբերեց նախատինքների եւ թշուառութեան: Սպասում էի, թէ ով ինձ արդեօք պիտի վշտակցէր, բայց ոչ ոք չկար, եւ ինձ համար մխիթարիչ չգտնուեց: 22 Կերակրի տեղ ինձ լեղի տուեցին եւ ծարաւելիս քացախ խմեցրին: 23 Թող նրանց սեղաններն իրենց առջեւ դառնան որոգայթ, պատիժ ու գայթակղութիւն: 24 Թող նրանց աչքերը խաւարեն, որպէսզի չտեսնեն, եւ նրանց թիկունքը միշտ ծռա՛ծ պահիր: 25 Նրանց վրա՛յ թափիր քո զայրոյթը, եւ քո բարկութեան սաստկութիւնը թող հարուածի նրանց: 26 Նրանց բնակավայրերը թող աւերակ դառնան, եւ նրանց յարկերի տակ ոչ ոք չապրի. 27 քանզի ում որ դու հարուածեցիր, նրանք հալածեցին եւ իմ վէրքերին ցաւեր աւելացրին: 28 Նրանց մեղքերին մեղքե՛ր գումարիր, որպէսզի մուտք չունենան քո արդարութեան մէջ: 29 Թող նրանք ջնջուեն կեանքի քո մատեանից եւ քո արդարների շարքում չարձանագրուեն: 30 Աղքատ ու վշտացած եմ ես. թող քո պարգեւած փրկութիւնն, Աստուա՛ծ, ինձ բռնած պահի: 31 Օրհնութեամբ պիտի օրհնեմ անունն իմ Աստծոյ եւ գովաբանութեամբ պիտի մեծարեմ նրան: 32 Դա հաճելի կլինի Աստծուն մատաղացու հորթից աւելի, որ եղջիւրներ ու կճղակներ ունի: 33 Աղքատները կտեսնեն ու կուրախանան. փնտրեցէ՛ք Աստծուն, եւ ձեր հոգիները կփրկուեն, 34 քանզի Տէրը լսեց տնանկներին եւ իր գերեալներին չարհամարհեց: 35 Թող նրան օրհնեն երկինքն ու երկիրը եւ ծովն իր մէջ վխտացող բոլոր կենդանի էակներով: 36 Աստուած կփրկի Սիոնը, եւ Հրէաստանի քաղաքները կծաղկեն: Մարդիկ կկառուցեն, կբնակեցնեն ու կժառանգեն այն: 37 Քո ծառաների սերունդները կհաստատուեն այնտեղ, եւ քո անունը սիրողները կբնակուեն նրա մէջ:

69
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի՝ ի յիշատակ այն բանի, որ Տէրը փրկեց նրան: 2 Աստուա՛ծ, ինձ օգնութեա՛ն հասիր. Տէ՛ր, փութա՛ ընկերակցել ինձ: 3 Թող խայտառակուեն ու ամօթահար լինեն ինձ հետապնդողները, թող ետ դառնան ու անարգուեն իմ մասին չար խորհողները: 4 Թող խայտառակուած ընկրկեն նրանք, ովքեր ինձ վա՜շ-վա՜շ էին ասում: 5 Թող ցնծան եւ քեզնով ուրախանան բոլոր նրանք, ովքեր փնտրում են քեզ, Տէ՛ր: Քո պարգեւած փրկութիւնը սիրողները թող միշտ ասեն. «Մեծ է Աստուած»: 6 Ես աղքատ եւ տնանկ եմ, Աստուա՛ծ, օգնի՛ր ինձ. օգնականն ու փրկիչն իմ դու ես. Տէ՛ր իմ, մի՛ ուշացիր:

70
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի՝ Յոնադաբի որդիներից եւ առաջին գերութիւնից: 2 Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրեցի, թող յաւէտ ամօթով չմնամ, քո արդարութեամբ ինձ փրկի՛ր ու պահպանի՛ր: Ականջդ մօտեցրո՛ւ ինձ եւ ազատի՛ր ինձ: 3 Ինձ համար ապաւէն եւ ամուր վա՛յր եղիր, Աստուա՛ծ, որ ինձ փրկես, քանզի իմ հիմքն ու յենարանը դու ես: 4 Աստուա՛ծ իմ, փրկի՛ր ինձ մեղաւորի ձեռքից, անօրէնի եւ անիրաւի ձեռքից: 5 Դու ես իմ ակնկալութիւնը, Տէ՛ր. Տէ՛ր, դու ես իմ յոյսը մանկութիւնիցս ի վեր: 6 Քեզ կռուան ունեցայ ես արգանդից, մօրս որովայնից դու ես իմ ապաւէնը, եւ յարաժամ քեզնից է իմ օգնութիւնը: 7 Ես շատերի համար ծաղր դարձայ, բայց դու իմ օգնականն ու քաջալերողը եղար: 8 Բերանս թող գովաբանութեամբ լցուի, որ օրհնեմ փառքը քո եւ յաւիտեան՝ քո մեծ վայելչութիւնը: 9 Ծերութեան ժամանակ ինձ մի՛ վանիր, Տէ՛ր. երբ ուժս պակասի, դու ինձ մի՛ լքիր: 10 Թշնամիներս իմ մասին խօսեցին, եւ ինձ պաշարողները միասին խորհուրդ արեցին ու ասացին. 11 «Աստուած լքել է նրան, հալածենք նրան ու հասնենք նրա վրայ, քանզի չկայ մէկը, որ նրան փրկի»: 12 Աստուա՛ծ իմ, հեռու մի՛ մնայ ինձնից եւ ինձ օգնութեա՛ն հասիր, Աստուա՛ծ: 13 Թող ամաչեն ու կորստեան մատնուեն ինձ չարախօսողները, թող ամօթանք ու խայտառակութիւն կրեն իմ դէմ չար խորհողները: 14 Ես յարաժամ պիտի յուսամ եւ աւելի ու աւելի պիտի օրհնեմ քեզ: 15 Բերանս պիտի պատմի քո արդարութիւնն ու ամէն օր՝ քո գովքը, եւ ես մատեանում արձանագրուած դրանց թիւը չպիտի խարդախեմ: 16 Ես պիտի մտնեմ Տիրոջ զօրութեան տակ եւ պիտի յիշեմ քո արդարութիւնը միայն, Տէ՛ր: 17 Աստուա՛ծ իմ, ինձ սովորեցրիր մանկութիւնից ի վեր, եւ այժմ էլ քո արդարութիւնը պիտի պատմեմ: 18 Մինչեւ իմ ալեւորութիւնն ու ծերութիւնը ինձ մի՛ լքիր, Աստուա՛ծ իմ, մինչեւ որ գալիք բոլոր սերունդներին պատմուի ուժը քո բազկի: Քո զօրութիւնն ու արդարութիւնը հասնում են մինչեւ բարձունքները, 19 նոյնպէս եւ՝ քո մեծամեծ գործերը, ո՛վ Աստուած. ո՞վ է քեզ նման: 20 Որքան էլ որ բազում նեղութիւն եւ չարչարանք ցոյց տուեցիր ինձ, դարձեալ մխիթարեցիր ինձ եւ հանեցիր երկրի խոր անդունդներից: 21 Բազմապատկեցիր քո զօրութիւնը, դարձեալ մխիթարեցիր ինձ եւ մի անգամ եւս հանեցիր երկրի խոր անդունդներից: 22 Եւ արդ, սաղմոսերգութեամբ գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, ո՛վ ճշմարիտ Աստուած. պիտի օրհնութեամբ սաղմոս երգեմ քեզ, Սո՛ւրբդ Իսրայէլի: 23 Երբ քեզ սաղմոս երգեմ, պիտի ցնծան շրթունքներն իմ եւ իմ հոգին, որը դու փրկեցիր: 24 Ու լեզուս ամէն օր քո արդարութիւնից պիտի խօսի: Իր ժամանակին պիտի խայտառակուեն ու ամօթահար լինեն իմ մասին չար խորհողները:

71
1 Սաղմոս Սողոմոնի համար: 2 Աստուա՛ծ, դատաստանդ արքայի՛ն տուր եւ արդարութիւնդ՝ թագաւորի որդուն, որ քո ժողովրդին արդարութեամբ դատի ու քո աղքատների իրաւունքը պահի: 3 Լեռները խաղաղութիւն կբերեն ժողովրդին, եւ բլուրներն՝ արդարութիւն: 4 Թող արքան իրաւունք տայ ժողովրդի աղքատներին, պահպանի տնանկների որդիներին եւ ընկճի ամբարտաւաններին: 5 Նա թող ապրի ու մնայ, որքան որ արեւը լինի, լուսնից առաջ, սերնդից սերունդ: 6 Նա թող իջնի որպէս անձրեւ հնձած խոտի վրայ եւ որպէս ցօղ՝ երկրի վրայ: 7 Նրա օրօք արդարութիւն եւ մեծ խաղաղութիւն թող տիրեն մինչեւ լուսնի վախճանը: 8 Նա թող իշխի ծովից մինչեւ ծով եւ գետերից մինչեւ ծագերն աշխարհի: 9 Հնդիկները ծնկի թող գան նրա առջեւ, եւ նրա թշնամիները հող ուտեն: 10 Թարսիսի եւ կղզիների թագաւորները նուէրներ թող մատուցեն նրան, Արաբիայի եւ Սաբայի արքաներն ընծաներ թող բերեն նրան: 11 Աշխարհի բոլոր թագաւորները թող խոնարհուեն նրա առաջ, եւ բոլոր ազգերը թող ծառայեն նրան, 12 քանզի հզօրի ձեռքից նա փրկեց աղքատին՝ աղքատին ու տնանկին, որոնք օգնական չունեն: 13 Նա կխղճայ աղքատին ու տնանկին եւ տնանկների հոգին կփրկի: 14 Չար վաշխառուներից կազատի նրանց: Նրա անունը փառաւոր է նրանց առաջ: 15 Նա կապրի, եւ արաբների ոսկին նրան պիտի տրուի: Ամէն ժամ աղօթքի կկանգնեն նրա առջեւ եւ գիշեր-ցերեկ կօրհնեն նրան: 16 Ամբողջ երկրում եւ լեռների գագաթներին հաստատութիւն կտիրի: Նրա բերքի առատութիւնը Լիբանանից աւելի բարձր կլինի, Տիրոջ քաղաքում նա կծաղկի երկրի խոտի նման: 17 Տիրոջ անունը կօրհնուի յաւիտեան, քանզի արեւից հին է անունը նրա: Աշխարհի բոլոր ազգերը կօրհնեն նրան, եւ բոլոր ժողովուրդները երանի կտան նրան: 18 Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ միայն ինքն է սքանչելիքներ գործում: 19 Եւ օրհնեալ է յաւիտեան սուրբ անունը նրա փառքի, թող նրա փառքով ողջ երկիրը լցուի. թող լինի, թող լինի:

72 Սաղմոս Ասափի:
1 Որքա՜ն բարի է Աստուած Իսրայէլի համար եւ սրտով շիտակների համար: 2 Բայց ոտքերս քիչ մնաց որ սասանուէին, մի փոքր եւս, եւ քայլերս պիտի մոլորուէին: 3 Նախանձեցի ես անօրէններին՝ մեղաւորների խաղաղութիւնը տեսնելով: 4 Նրանք մահուան տագնապ չունեն: Սովորական են տանջանքները նրանց: 5 Մարդկանց տքնութիւնը չեն կրում նրանք եւ մարդկանց պէս չեն տանջւում: 6 Դրա համար ամբարտաւանութիւնը պատեց նրանց, եւ նրանք համակուեցին իրենց ամբարշտութեամբ ու անիրաւութեամբ: 7 Նրանց անիրաւութիւնները կարծես ճարպից են դուրս գալիս, քանզի նրանք իրենց սրտի խորհրդով են շարժւում: 8 Չարամտօրէն մտածեցին ու խօսեցին եւ մեծամտութեամբ ապիրատութիւն խորհեցին: 9 Բերաններն իրենց ուղղեցին երկնքին եւ լեզուները երկրով մէկ քարշ տուեցին: 10 Դրա համար ժողովուրդն իմ պիտի վերադառնայ այստեղ, եւ իմ օրերը լեցուն պիտի անցնեն նրանց հետ: 11 Ասացին՝ «Ինչպէ՞ս իմացաւ Աստուած», կամ՝ «Կա՞յ արդեօք իմացութիւն Բարձրեալի մօտ»: 12 Ահա մեղաւոր են, եւ սակայն բարգաւաճում են նրանք, կան եւ ունեն հարստութիւնն աշխարհի: 13 Ասացի. «Իզուր, ուրեմն, արդար դարձրի սիրտն իմ եւ ձեռքերս սրբութեամբ լուացի»: 14 Գիշեր-ցերեկ ես խոշտանգուած էի եւ առաւօտները կշտամբանք կրեցի: 15 Թէպէտ ես ասում էի, թէ՝ եթէ այսպէս պատմեմ, դիմացս պիտի գտնեմ քո որդիների սերնդին, որոնց ուխտ արեցի: 16 Բայց հասկացայ, որ սա եւս դժուար է ինձ համար, 17 մինչեւ մտնեմ Աստծոյ սրբարանը եւ իմանամ նրանց վախճանը: 18 Բայց դու նրանց տարագիր կանես իրենց նենգութեան համար եւ կկործանես նրանց իրենց ամբարտաւանութեան մէջ: 19 Իսկ ինչպէ՞ս նրանք յանկարծակի աւերակ դարձան, կործանուեցին, սպառուեցին ու անհետացան իրենց անօրինութեան համար 20 եւ եղան ինչպէս քնից արթնացող մարդու երազ: Տէ՛ր, դու արթնանալով՝ պիտի անարգես նրանց երազի պատկերը. 21 քանզի հուր բորբոքուեց իմ սրտում, եւ երիկամներս գունափոխուեցին: 22 Ես արհամարհուած եղայ ու չիմացայ այդ, քո առջեւ անասուն համարուեցի: 23 Բայց ես միշտ քեզ հետ եմ. դու բռնեցիր իմ աջ ձեռքից, 24 քո խորհուրդներով ինձ առաջնորդեցիր եւ փառքով ընդունեցիր ինձ: 25 Արդարեւ, ինձ համար ի՞նչ կայ երկնքում, կամ քեզնից բացի ի՞նչ փնտրեմ երկրի վրայ: 26 Սիրտս ու մարմինս մաշուեցին, իմ սրտի՛ Աստուած, յաւիտեան ինձ բաժի՛ն ընկած Աստուած: 27 Ահաւասիկ իրենց անձը քեզնից հեռացնողները պիտի կորչեն, դու պիտի կործանես բոլոր նրանց, ովքեր ապստամբեցին քո դէմ: 28 Ինձ համար բարիք է մերձենալ Աստծուն, յոյսս դնել Տիրոջ վրայ եւ աւետել քո ամբողջ օրհնութիւնը Սիոնի դստեր դռների առաջ:

73 Իմաստութիւն Ասափի:
1 Աստուա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ, եւ զայրոյթդ սաստկացաւ քո արօտի ոչխարների վրայ: 2 Յիշի՛ր քո ժողովրդին, որ սկզբից ստացար եւ փրկեցիր քեզ վիճակուած ժառանգութիւնը՝ լեռն այս Սիոնի, որտեղ դու բնակուեցիր: 3 Նրանց ամբարտաւանութեան վրայ բարձրացրո՛ւ քո ձեռքն ընդմիշտ, քանզի թշնամին անիրաւութիւն գործեց քո սրբարանում: 4 Քեզ ատողները պարծեցան իրենց բարօրութեամբ, նշաններն իրենց իբրեւ զինանշան դրեցին մուտքին, 5 բայց իրենք չհասկացան, որ վերից է ելքը: 6 Ինչպէս անտառի փայտահատներ, կացիններով ջարդեցին դռները նրա, տապարներով ու մուրճերով կործանեցին այն: 7 Հրի մատնեցին քո սրբարանը եւ հողին հաւասարեցրին քո անուան խորանը: 8 Նրանց ազգակիցներն իրենց սրտում միասնաբար ասացին. «Եկէք վերացնենք Աստծոյ բոլոր տօները երկրի երեսից»: 9 Նշաններ մենք չտեսանք, այլեւս մարգարէ չմնաց, եւ ոչ ոք մեզ չի ճանաչում: 10 Մինչեւ ե՞րբ, Աստուա՛ծ, թշնամին պիտի նախատի, եւ հակառակորդն անարգի սուրբ անունդ: 11 Ինչո՞ւ ես ետ քաշում քո ձեռքը, եւ քո աջը ծոցիդ մէջ է ընդմիշտ: 12 Աստուա՛ծ, դու մեր թագաւորն ես յաւիտենութիւնից ի վեր, դու, որ փրկութիւն գործեցիր երկրի վրայ: 13 Դու քո զօրութեամբ ծովը հաստատեցիր եւ վիշապների գլուխը խորտակեցիր ջրերում: 14 Դու վիշապի գլուխը փշրեցիր եւ որպէս կերակուր տուեցիր հնդիկների զօրքերին: 15 Դու աղբիւրներ ու վտակներ բխեցրիր եւ անցամաքելի գետեր ցամաքեցրիր: 16 Քոնն է ցերեկը, եւ քոնն է գիշերը, լոյսն ու արեւը դո՛ւ հաստատեցիր: 17 Դո՛ւ հաստատեցիր երկրի բոլոր սահմանները, գարունն ու ամառը դո՛ւ ստեղծեցիր: 18 Յիշի՛ր այս. թշնամին նախատեց Տիրոջը, անզգամ ժողովուրդն անարգեց քո սուրբ անունը: 19 Քեզ խոստովանողին մի՛ մատնիր գազաններին եւ քո տնանկներին մի՛ մոռացիր երբեք: 20 Նայի՛ր քո ուխտին, քանզի ապշահարների տները երկրի վրայ լցուեցին անիրաւութեամբ: 21 Թող խեղճն ամօթով ետ չդառնայ, եւ աղքատն ու տնանկը թող օրհնեն սուրբ անունդ: 22 Ելի՛ր, Աստուա՛ծ, եւ կատարի՛ր դատաստանդ, յիշի՛ր անզգամի ամէնօրեայ նախատինքը: 23 Մի՛ մոռացիր պաշտօնեաներիդ ձայնը. քեզ ատողների ամբարտաւանութիւնն անընդհատ պիտի աճի:

74
1 Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. Ասափի օրհներգութեան սաղմոսը: 2 Գոհութիւն մատուցենք քեզ, Աստուա՛ծ, գոհութիւն մատուցենք եւ տանք քո անունը: 3 Ես պիտի պատմեմ քո բոլոր հրաշագործութիւնները. երբ ժամը հասնի, ճշմարիտ դատաստան պիտի տեսնեմ: 4 Մաշուեցին երկիրն ու նրա բոլոր բնակիչները, ես հաստատեցի նրա սիւները: 5 Անօրէններին ասացի, թէ՝ անօրինութիւն մի՛ գործէք, մեղաւորներին, թէ՝ մի՛ ցցէք ձեր կոտոշները: 6 Ձեր կոտոշները վեր մի՛ տնկէք եւ Աստծոյ մասին անիրաւաբար մի՛ խօսէք: 7 Մեծութիւնը գալիս է ո՛չ արեւելքից, ո՛չ արեւմուտքից, ո՛չ էլ լեռների անապատից, 8 այլ Աստուած է դատաւոր, որ ցածրացնում է մէկին եւ միւսին՝ բարձրացնում: 9 Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, որ մատուցում է սրան ու նրան: Սակայն նրա մրուրը չի պակասի, եւ երկրի բոլոր մեղաւորները կխմեն այն: 10 Ես պիտի ցնծամ յաւիտեան, սաղմոս պիտի երգեմ Յակոբի Աստծուն: 11 Մեղաւորների բոլոր եղջիւրները դու պիտի փշրես, եւ արդարի եղջիւրը պիտի բարձրանայ:

75
1 Այսուհետեւ՝ Ասափի օրհնութեան սաղմոսը. երգ ասորեստանցիների մասին: 2 Աստուած յայտնի է Հրէաստանում, եւ Իսրայէլում մեծ է անունը նրա: 3 Նրա տեղը խաղաղութեան մէջ է, եւ նրա բնակութիւնը՝ Սիոնում: 4 Այնտեղ խորտակեց Տէրն աղեղի զօրութիւնը եւ զէնքը, սուրն ու ճակատամարտը: 5 Դու սքանչելի լուսատուն ես յաւերժական լեռների: 6 Բոլոր անմիտ սիրտ ունեցողները պիտի խռովուեն, պիտի ննջեն եւ ոչինչ չգտնեն. բոլոր մարդիկ, որոնց ձեռքում հարստութիւն կար, ննջեցին եւ ոչինչ չգտան: 7 Յակոբի՛ Աստուած, քո սաստից քուն մտան նաեւ ձի հեծնողները: 8 Դու ահաւոր ես, եւ ո՞վ կարող է կանգնել քո առջեւ: 9 Երբ երեւացիր դու երկնքից, յայտնուեց քո բարկութիւնը: 10 Երկիրը սարսափեց ու դողաց, երբ Աստուած ելաւ դատաստան տեսնելու, փրկելու աշխարհի բոլոր հեզերին: 11 Մարդկանց խորհուրդները պիտի խոստովանեն քեզ, եւ իմաստութեամբ ծածկուածները պիտի օրհնեն քեզ: 12 Ո՛ւխտ դրէք եւ կատարեցէ՛ք այն մեր Տէր Աստծոյ համար ամէնքդ, որ շուրջն էք նրա: 13 Ընծանե՛ր մատուցէք Ահաւորին՝ նրան, որ քաղում է հոգիներն իշխանների. ահաւոր է նա աշխարհի բոլոր թագաւորներից աւելի:

76
1 Այսուհետեւ՝ Իդիթոմի մասին. սաղմոս Ասափի: 2 Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, իմ ձայնով դիմեցի Աստծուն, եւ նա նայեց ինձ: 3 Նեղութեանս օրերին Աստծուն փնտրեցի՝ ձեռքերս գիշերով պարզած նրա առջեւ, եւ չխաբուեցի: 4 Հոգիս չէր ուզում մխիթարուել: Յիշեցի Աստծուն եւ ուրախացայ, իսկ երբ հառաչում էի, նուաղում էր հոգիս իմ մէջ: 5 Աչքերն իմ բաց մնացին գիշերուայ պահին, խռովուեցի ու չխօսեցի: 6 Խորհեցի հին օրերի մասին եւ վաղնջական տարիները յիշեցի: 7 Գիշերը սրտիս հետ խօսեցի, հառաչելիս տառապում էր հոգիս իմ մէջ: 8 Մի՞թէ յաւէտ մերժելու է Տէրն ինձ եւ այլեւս չի շարունակելու բարեհաճ լինել: 9 Կամ ընդմիշտ զրկելո՞ւ է ինձ իր ողորմութիւնից եւ դադարեցնելո՞ւ է խօսքն իր սերնդից սերունդ: 10 Կամ այլեւս մոռանալո՞ւ է Աստուած գթալ ինձ եւ բարկութեամբ մերժելո՞ւ է գթութիւնն իր: 11 Ասացի. «Այժմ հասկացայ. սա է նորացած աջը Բարձրեալի»: 12 Յիշեցի գործերը Տիրոջ, սկզբից յիշեցի սքանչելագործութիւնները նրա: 13 Մտաբերեցի գործերը քո բոլոր եւ քո ձեռակերտների մասին խորհեցի: 14 Աստուա՛ծ, քո ճանապարհները սրբութեան մէջ են. ո՞ր աստուածն է մեծ մեր Աստծոյ նման: 15 Դու ես հրաշագործ Աստուածը. զօրութիւնդ ցոյց տուեցիր քո ժողովրդին: 16 Բազկովդ փրկեցիր քո ժողովրդին՝ Յակոբի եւ Յովսէփի որդիներին: 17 Քեզ տեսան ջրերը, Աստուա՛ծ, տեսան քեզ ջրերն ու սոսկացին, եւ անդունդները խռովուեցին յորդառատ ջրերի ձայնից: 18 Ամպերը ձայն տուեցին, ուստի եւ քո նետերը սլացան քո անուի որոտման ձայնից: 19 Երեւացին քո փայլակները տիեզերքի, եւ երկիրը խռովուեց ու դողաց: 20 Քո ճանապարհները ծովում են, շաւիղներդ՝ յորդառատ ջրերում, եւ քո հետքերը չեն երեւում: 21 Քո ժողովրդին ոչխարների պէս առաջնորդեցիր Մովսէսի եւ Ահարոնի ձեռքով:

77 Իմաստութիւն Ասափի:
1 Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դարձրէք իմ օրէնքներին եւ մօտեցրէ՛ք ձեր ականջները բերանիս խօսքերին: 2 Առակով պիտի բացեմ բերանն իմ, սկզբից եւեթ առակներով պիտի խօսեմ, 3 ինչպէս լսեցինք ու իմացանք դրանք, եւ ինչպէս մեր հայրերը պատմեցին մեզ: 4 Մենք ոչինչ չթաքցրինք նրանց որդիներից, միւս սերնդին պատմեցինք օրհնութիւնն ու զօրութիւնը Տիրոջ եւ այն սքանչելագործութիւնները, որ նա արեց: 5 Յակոբի համար հաստատեց իր վկայութիւնը եւ օրէնքներ դրեց Իսրայէլի վրայ՝ մէկընդմիշտ պատուիրելով մեր հայրերին, որ նրանք այդ բոլորը ցոյց տան իրենց որդիներին, որ սովորեցնեն միւս սերնդին: 6 Որդիները, որ ծնուելու են, պիտի ելնեն եւ պատմեն դա իրենց զաւակներին, 7 որպէսզի իրենց յոյսը դնեն Աստծոյ վրայ եւ չմոռանան Աստծոյ գործերը՝ հետեւելով նրա պատուիրաններին, 8 որ իրենց հայրերի պէս չար եւ դառնացող ազգ չլինեն, ազգ, որ չուղղեց սիրտն իր եւ իր հոգին չհաստատեց Աստծոյ վրայ: 9 Եփրեմի որդիները ուժեղ աղեղնաւորներ էին, բայց պատերազմի օրը իրենց կապարճները ետ դարձրին. 10 նրանք չմնացին Տիրոջ ուխտի մէջ եւ չուզեցին ընթանալ ըստ նրա օրէնքների: 11 Մոռացան նրա երախտիքներն ու այն սքանչելագործութիւնները, 12 որ գործեց նրանց հայրերի առջեւ Եգիպտացիների երկրում եւ Տայանի դաշտում: 13 Նա ճեղքեց ծովը եւ անցկացրեց նրանց, ջրերը պահեց, ինչպէս տիկերի մէջ: 14 Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց, իսկ ողջ գիշեր՝ հրեղէն լոյսով: 15 Պատռեց ժայռն անապատում եւ նրանց խմեցրեց, ինչպէս մեծ անդնդից: 16 Ժայռից ջուր բխեցրեց եւ ջրերը հոսեցրեց գետերի պէս: 17 Սակայն նրանք շարունակեցին մեղանչել եւ աւելի եւս բարկացրին Բարձրեալին անապատում: 18 Փորձեցին Աստծուն իրենց սրտերում՝ կերակուր խնդրելով իրենց համար: 19 Տրտնջացին Աստծուց ու ասացին. «Մի՞թէ Աստուած կարող է սեղան պատրաստել անապատում: 20 Ճիշտ է, որ նա հարուածեց ժայռին, եւ ջրեր հոսեցին ու վտակներ բխեցին դրանից: Բայց կարո՞ղ է նաեւ հաց տալ մեզ կամ իր ժողովրդի համար սեղան պատրաստել»: 21 Դրա համար էլ Տէրը լսեց այս ու յապաղեց. հուր բորբոքուեց Յակոբի սերնդի մէջ, եւ բարկութիւն իջաւ Իսրայէլի վրայ: 22 Նրանք Աստծուն չհաւատացին ու յոյս չդրեցին նրա փրկութեան վրայ: 23 Տէրը վերեւից հրաման տուեց ամպերին ու բացեց դռները երկնքի: 24 Եւ մանանայ տեղացրեց նրանց վրայ որպէս կերակուր: 25 Երկնքի հացը տուեց նրանց, մարդիկ հրեշտակների հացը կերան. եւ նա լիուլի ուտելիք իջեցրեց նրանց համար: 26 Հանեց հարաւի հողմը եւ իր զօրութեամբ բերեց հիւսիսի կողմը: 27 Նրանց վրայ հողի պէս միս տեղացրեց եւ ծովի աւազի պէս՝ թեւաւոր թռչուններ: 28 Նա դրանք նետեց նրանց բանակատեղիի մէջ եւ նրանց վրանների շուրջը: 29 Կերան եւ լիապէս յագեցան, իրենց ցանկացածը տուեց նրանց: 30 Եւ նրանք իրենց ցանկութիւնից ոչնչով զուրկ չմնացին: Մինչ կերակուրն իրենց բերանում էր, 31 Աստծոյ բարկութիւնն իջաւ նրանց վրայ. նրանցից շատերին նա սպանեց եւ Իսրայէլի ընտրեալներին ոչնչացրեց: 32 Հակառակ այս բոլորի՝ նրանք նորից մեղանչեցին ու չհաւատացին նրա հրաշագործութիւններին: 33 Նրանց օրերն ունայնաբար սպառուեցին, եւ նրանց տարիներն արագ անցան: 34 Երբ Տէրը սպանում էր նրանց, նրանք փնտրում էին իրեն, դարձի էին գալիս եւ փութով դիմում էին Աստծուն: 35 Նրանք յիշեցին, որ Աստուած իրենց օգնականն էր, բարձրեալն Աստուած փրկիչն էր իրենց: 36 Սիրեցին նրան իրենց բերաններով, բայց իրենց լեզուներով ստեցին նրան: 37 Նրանց սրտերը շիտակ չէին նրա հանդէպ, եւ նրանք չհաւատացին նրա ուխտին: 38 Բայց ինքը գթասիրտ էր, քաւութիւն էր տալիս նրանց մեղքերին ու չէր կործանում նրանց: Յաճախ զսպում էր իր բարկութիւնը եւ չէր թափում իր ողջ զայրոյթը: 39 Յիշում էր, որ նրանք մարմին են՝ շունչ, որ դուրս ելնելով՝ այլեւս ետ չի դառնում: 40 Քանի՜-քանի՜ անգամ դառնացրին նրան անապատում, բարկացրին Բարձրեալին անջրդի վայրում, 41 վերադարձան, փորձեցին Աստծուն եւ Իսրայէլի Սրբին զայրացրին: 42 Չյիշեցին նրա ձեռքը, որը մի օր փրկեց նրանց իրենց նեղողներից: 43 Չյիշեցին, թէ նա ինչպէս սքանչելիքներ ու զարմանահրաշ գործներ արեց Եգիպտացիների երկրում եւ Տայանի դաշտում: 44 Նրանց գետերն ու անձրեւներն արիւն դարձրեց, որ չխմեն: 45 Նրանց վրայ շնաճանճեր ուղարկեց, որոնք յօշոտեցին նրանց, եւ գորտերով նրանց ապականեց: 46 Նրանց բերքը որդնոտութեան մատնեց եւ նրանց վաստակը բաժին դարձրեց մարախի: 47 Նրանց այգիները կարկտահար արեց եւ նրանց թզենիները ծածկեց եղեամով: 48 Նրանց անասուններին կարկտահար արեց եւ նրանց ունեցուածքը հրոյ ճարակ դարձրեց: 49 Նրանց դէմ ուղղեց իր սաստիկ բարկութիւնը՝ բարկութիւնը, զայրոյթն ու նեղուածութիւնը, չար հրեշտակի ձեռքով տանջանքներ ուղարկեց նրանց վրայ: 50 Նրանց վրայ թափեց իր զայրալից բարկութիւնը, նրանց հոգին զերծ չպահեց մահուանից եւ կոտորեց նրանց անասունները: 51 Նա հարուածեց Եգիպտոսի բոլոր անդրանիկ ծնունդներին՝ իրենց վաստակի առաջնեկներին, Քամի վրանների տակ: 52 Իր ժողովրդին քշեց ոչխարների պէս եւ, ինչպէս հօտ, նրանց հանեց անապատ: 53 Նրանց առաջնորդեց յոյսով, եւ նրանք չվախեցան, եւ ծովը ծածկեց նրանց թշնամիներին: 54 Նրանց բարձրացրեց իր սուրբ լեռը՝ լեռն այն, որ իր աջն էր նուաճել: 55 Նրանց առջեւից վանեց հեթանոսներին, իր ժառանգութիւնից բաժին բաշխեց նրանց եւ Իսրայէլի ցեղերին բնակեցրեց նրանց վրաններում: 56 Նրանք փորձեցին, դառնացրին բարձրեալ Աստծուն ու նրա վկայութիւնը չպահեցին: 57 Դարձեալ խոտորուեցին, ինչպէս իրենց հայրերը, դարձեալ նմանուեցին ծուռ աղեղի: 58 Դարձեալ բարկացրին նրան իրենց բագիններով եւ իրենց կուռքերով շարժեցին նախանձը նրա: 59 Լսեց Աստուած ու զայրացաւ նրանց վրայ եւ խիստ անարգեց Իսրայէլը: 60 Մերժեց նա խորանը Սելովի՝ խորանն այն, որ հաստատել էր մարդկանց մէջ: 61 Նրանց զօրութիւնը գերութեան մատնեց, իսկ նրանց գեղեցկութիւնն՝ իրենց թշնամիների ձեռքը: 62 Իր ժողովրդին սրի մատնեց եւ անտեսեց իր իսկ ժառանգութիւնը: 63 Նրանց երիտասարդներին հուրը լափեց, եւ նրանց կոյսերի համար ոչ ոք չսգաց: 64 Նրանց քահանաները սրի քաշուեցին, եւ նրանց այրիներին ոչ ոք չվշտակցեց: 65 Տէրը կարծես քնից արթնացաւ ինչպէս գինուց սթափուող հսկայ: 66 Նա թշնամիներին ետ շպրտեց՝ յաւիտենական նախատինք տալով նրանց: 67 Մերժեց նա խորանը Յովսէփի եւ Եփրեմի ցեղին նա չընտրեց, 68 այլ նա ընտրեց Յուդայի ցեղին, լեռը Սիոնի, որը եւ սիրեց: 69 Նրա սրբարանը շինեց միեղջերուի նմանութեամբ՝ յաւիտեան գետնի վրայ հաստատելով այն: 70 Ընտրեց Դաւթին՝ իր ծառային, եւ նրան դուրս քաշեց ոչխարների հօտից: 71 Նորածին գառների միջից վերցրեց նրան, որ հովուի իր ծառայ Յակոբի ցեղին եւ իր ժառանգութիւնը՝ Իսրայէլը: 72 Նա արածեցնում էր նրանց իր սրտի իմաստութեամբ, իր անմեղունակ ձեռքերով առաջնորդում էր նրանց:

78 Սաղմոս Ասափի:
1 Աստուա՛ծ, հեթանոսները մտան քո ժառանգութեան մէջ, պղծեցին քո սուրբ տաճարը, Երուսաղէմը դարձրին ինչպէս մրգապահի հիւղակ: 2 Քո ծառաների դիակները որպէս կեր նետեցին երկնքի թռչուններին եւ քո սրբերի մարմինները՝ երկրի գազաններին: 3 Նրանց արիւնը ջրի պէս Երուսաղէմի շուրջը թափեցին, եւ չկար մէկը, որ թաղէր նրանց: 4 Մենք դարձանք մեր դրացիների նախատինքը եւ մեր շուրջը եղողների ծաղրուծանակը: 5 Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի բարկանաս դու անվերջ, եւ քո նախանձը պիտի բորբոքուի հրի պէս: 6 Բարկութիւնդ թափի՛ր այն ազգերի վրայ, որոնք քեզ չեն ճանաչում, այն թագաւորների վրայ, որոնք անունդ չեն ոգեկոչում: 7 Նրանք յօշոտեցին Յակոբի ցեղին եւ նրա տեղն աւերեցին: 8 Մի՛ յիշիր հին մեղքերը մեր, թող ողորմութիւնդ շուտով հասնի մեզ, Տէ՛ր, քանզի սաստիկ աղքատացանք: 9 Օգնի՛ր մեզ, մեր փրկի՛չ Աստուած, քո անուան փառքի համար. Տէ՛ր, յանուն քո անուան փրկի՛ր մեզ ու թողութի՛ւն տուր մեր մեղքերին: 10 Թող հեթանոսների մէջ երբեք չասեն. «Ո՞ւր է նրանց Աստուածը». այլ հեթանոսների մէջ, մեր աչքի առջեւ, թող յայտնուի քո ծառաների թափած արեան վրէժխնդրութիւնը: 11 Բանտարկեալների հեծեծանքը թող հասնի քեզ. դու քո բազկի զօրութեամբ փրկի՛ր սպանուածների որդիներին: 12 Մեր դրացիների նախատինքը, որով անարգեցին մեզ, եօթապատիկ իրենց գի՛րկը վերադարձրու, Տէ՛ր: 13 Մենք՝ քո ժողովուրդն ու քո արօտի ոչխարները, յաւիտեան քեզ գոհութիւն պիտի մատուցենք, սերնդից սերունդ պիտի պատմենք քո օրհնութիւնը:

79
1 Այսուհետեւ՝ անցած ժամանակների մասին Ասափի վկայութիւնը. սաղմոս եթովպացիների մասին: 2 Դու, որ հովւում ես Իսրայէլին, ո՛ւշ դարձրու, դու, որ առաջնորդում ես Յովսէփի ցեղին ինչպէս հօտ, դու, որ քերովբէների վրայ ես նստում, յայտնուի՛ր 3 Եփրեմի, Բենիամինի ու Մանասէի առջեւ, արթնացրո՛ւ քո զօրութիւնը եւ արի՛ մեզ փրկելու: 4 Զօրութիւնների՛ Աստուած, մեզ ե՛տ դարձրու, ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք: 5 Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, մինչեւ ե՞րբ պիտի բարկանաս քո ծառաների աղօթքի վրայ: Մեզ արտասուախառն հացով սնեցիր եւ անչափ արտասուք խմեցրիր մեզ: 7 Մեզ դարձրիր նախատինքը մեր հարեւանների եւ ծաղրուծանակը մեր թշնամիների: 8 Զօրութիւնների՛ Աստուած, մեզ ե՛տ դարձրու, ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք: 9 Դու Եգիպտոսից Իսրայէլ-որթատունկը հանեցիր, վռնդեցիր հեթանոսներին եւ այդ որթատունկը տնկեցիր: 10 Առաջնորդեցիր նրան, հաստատուն դարձրիր նրա արմատները, եւ այն լցրեց երկիրը: 11 Նրա ստուերը ծածկեց լեռները, եւ նրա ճիւղը՝ Աստծոյ մայրիները: 12 Որթատունկ իր ճիւղերը ձգեց մինչեւ ծով, իսկ բողբոջները՝ մինչեւ Եփրատ գետը: 13 Ինչո՞ւ քանդեցիր ցանկապատը նրա, ճանապարհի անցորդները պոկոտում էին այն: 14 Ապականեց նրան խոզն անտառի, եւ վայրի երէն արածեց նրա մէջ: 15 Զօրութիւնների՛ Աստուած, դարձի՛ր, նայի՛ր երկնքից ու տե՛ս, այցելի՛ր այս որթատունկին 16 եւ խնա՛մք տար նրան, որին տնկեց աջը քո, նաեւ՝ մարդու որդուն, որին դու զօրացրիր քեզնով: 17 Այլապէս, հրով վառուած ու աւերուած, պիտի կորչեն քո խստութիւնից: 18 Քո ձեռքը թող լինի մարդու վրայ, քո աջը՝ այն մարդու որդու վրայ, որին դու զօրացրիր քեզնով: 19 Մենք այլեւս չենք հեռանայ քեզնից, դու պիտի փրկես մեզ, եւ մենք քո անունը պիտի ոգեկոչենք, Տէ՛ր: 20 Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, մեզ ե՛տ դարձրու, ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք:

80
1 Այսուհետեւ՝ հնձանների մասին. Ասափի հինգշաբթի օրուայ սաղմոսը: 2 Ցնծացէ՛ք Աստծոյ առջեւ, որ օգնականն է մեր, աղաղակեցէ՛ք Յակոբի Աստծուն: 3 Սաղմո՛ս ասացէք եւ օրհնութի՛ւն տուէք, նրան քաղցրաձայն սաղմո՛ս երգեցէք: 4 Փո՛ղ հնչեցրէք ամսագլխին՝ մեր նշանաւոր օրուայ տարեդարձին: 5 Դա հրաման է Իսրայէլի համար եւ օրէնք՝ Յակոբի Աստծոյ համար: 6 Յովսէփի ուխտն է դա, որը կնքեց նրա հետ, երբ նա դուրս էր գալիս Եգիպտացիների երկրից: Նա լսեց մի լեզու, որ չգիտէր. 7 «Նրանց թիկունքներն ազատի՛ր բեռներից եւ նրանց ձեռքերը՝ այգու ու բահի ծառայութիւնից: 8 Նեղութեան մէջ ինձ ձայն տուեցիր, եւ փրկեցի քեզ. քեզ լսեցի մրրիկի ծածկոյթի տակ ու փորձեցի քեզ Հակառակութեան ջրերի վրայ: 9 Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես վկայ կլինեմ քեզ, եւ, Իսրայէ՛լ, եթէ ինձ լսում ես: 10 Ժամանակաւորապէս պաշտուող աստուածներ չունենաս ու չերկրպագես օտար աստծոյ: 11 Ես եմ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտացիների երկրից. բա՛ց բերանդ, եւ ես պիտի լցնեմ այն: 12 Իմ ժողովուրդը չունկնդրեց ձայնիս, եւ Իսրայէլն ինձ չնայեց: 13 Բարձիթողի մատնեցի նրան, որ գնան իրենց սրտի թելադրանքով, քանզի շարժուեցին իրենց կամքով: 14 Եթէ իմ ժողովուրդը լսէր ինձ, կամ Իսրայէլն ընթանար իմ ճանապարհով, 15 ապա որպէս ոչնչութիւն կընկճէի նրա թշնամիներին եւ ձեռքս կիջեցնէի նրան նեղողների վրայ: 16 Տիրոջ թշնամիները ստեցին նրան, ուստի նրանց ժամանակն աշխարհում կսպառուի: 17 Նրանց կերակրեց ցորենի առատութեամբ, ժայռից հոսող մեղրով յագեցրեց նրանց»:

81 Սաղմոս Ասափի:
1 Աստուած կանգնեց աստուածների ժողովում եւ նրանց մէջ դատապարտեց նրանց՝ ասելով. 2 «Մինչեւ ե՞րբ պիտի անիրաւութեամբ դատէք եւ աչառութիւն անէք մեղաւորներին: 3 Տեսէ՛ք դատաստանը որբի եւ այրու, արդա՛ր դատեցէք աղքատին ու խեղճին: 4 Փրկեցէ՛ք աղքատին ու տնանկին, մեղաւորի ձեռքից փրկեցէ՛ք նրանց»: 5 Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խաւարի մէջ, եւ երկրի բոլոր հիմքերը ցնցուեցին: 6 Ես ասացի. «Աստուածներ էք դուք կամ բոլորդ էլ որդիներն էք Բարձրեալի: 7 Բայց ահա մեռնում էք դուք որպէս մարդ եւ ընկնում էք ինչպէս մի իշխան»: 8 Ելի՛ր, Աստուա՛ծ, ու դատի՛ր աշխարհը, քանզի դու պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին:

82
1 Ասափի օրհնութեան սաղմոսը: 2 Աստուա՛ծ, ո՞վ է քեզ նման. մի՛ լռիր ու կանգ մի՛ առ, Աստուա՛ծ: 3 Ահա թշնամիներդ աղաղակեցին, եւ ատելիներդ բարձրացրին իրենց գլուխները: 4 Քո ժողովրդի դէմ խորամանկութիւն մտածեցին, խորհուրդ արեցին քո սրբերի դէմ՝ ասելով. 5 «Եկէք ազգերի միջից վերացնենք նրանց, որ այլեւս Իսրայէլի անունը չյիշուի»: 6 Միաբանած՝ խորհեցին համատեղ, դաշինք կնքեցին քո դէմ 7 եդոմայեցիների բանակներն ու իսմայէլացիները, մովաբացիներն ու հագարացիները, 8 Գեբաղի, Ամոնի, Ամաղէկի բնակիչներն ու բոլոր այլազգիները՝ Տիւրոսի բնակիչներով հանդերձ: 9 Նաեւ Ասուրի բանակն էր եկել նրանց հետ. սրանք բոլորը զօրավիգ էին Ղովտի որդիներին: 10 Նրանց արա՛ այնպէս, ինչպէս արեցիր Մադիամին, Սիսարային ու Յաբինին Կիսոնի հեղեղատներում: 11 Նրանք կոտորուեցին Դորի ակունքներում եւ եղան ինչպէս գետնի աղբ: 12 Նրանց իշխաններին արա՛ այնպէս, ինչպէս արեցիր Զեբէէին, Սաղմանային ու նրանց բոլոր իշխաններին, 13 որոնք ասացին. «Մեր ժառանգութիւնը դարձնենք Աստծոյ սրբարանը»: 14 Աստուա՛ծ իմ, նրանց արա՛ ինչպէս անիւ, ինչպէս եղէգ՝ քամու հանդէպ, 15 ինչպէս հուր, որ անտառն է այրում, ինչպէս բոց, որ լեռներն է խանձում: 16 Այսպէս հալածի՛ր նրանց քո մրրիկով ու քո բարկութեամբ խռովի՛ր նրանց: 17 Նրանց երեսն անարգանքո՛վ պատիր, որ քո անունը փնտրեն, Տէ՛ր: 18 Թող ամաչեն ու խռովուեն յաւիտեանս յաւիտենից եւ ամօթահար թող կորստեան մատնուեն: 19 Թող իմանան, որ քո անունը Տէր է, եւ դու միակ Բարձրեալն ես ամբողջ երկրի վրայ:

83
1 Այսուհետեւ՝ հնձանների մասին. սաղմոս Կորխի որդիներին: 2 Որքա՜ն հաճելի է քո յարկի տակ, Զօրութիւնների՛ Տէր. իմ հոգին քո գաւիթն է ցանկանում ու փափագում: 3 Սիրտս ու մարմինս ցնծում են կենդանի Աստծով. 4 քանզի ճնճղուկը գտաւ տունն իր, տատրակն՝ իր բոյնը, որտեղ ձագեր պիտի դնի. գտաւ քո սեղանը, Զօրութիւնների՛ Տէր, Թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ: 5 Երանի՜ բոլոր նրանց, ովքեր բնակւում են Տիրոջ տանը, նրանք յաւիտեանս յաւիտենից պիտի օրհնեն քեզ: 6 Երանի՜ այն մարդուն, որի օգնութիւնը քեզնից է, եւ որը մտքում դրեց ելնել 7 տրտմութեան հովտից այն վայրը, որտեղ ուխտ արեց: Նա օրհնութիւն պիտի մատուցի օրէնսդրին: 8 Զօրութիւնից զօրութիւն պիտի ընթանայ, եւ Աստուած պիտի երեւայ Սիոնում: 9 Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, լսի՛ր իմ աղօթքը, ակա՛նջ դիր, Յակոբի՛ Աստուած: 10 Դու ապաւէնն ես մեր. տե՛ս, Աստուա՛ծ, ու նայի՛ր քո օծեալի երեսին, 11 քանզի ինձ համար քո գաւթում լինելու մէկ օրը հազար օր արժէ: Ես նախընտրեցի ընկեցիկ լինել Աստծոյ տան մէջ, քան մեղաւորների յարկի տակ բնակուել: 12 Ողորմութիւն ու ճշմարտութիւն է սիրում Տէր Աստուածը մեր, որը շնորհ ու փառք պիտի տայ: 13 Տէրն իր ողորմութիւնը չի զլանայ նրանց, ովքեր անմեղութեամբ են ընթանում: Զօրութիւնների՛ Տէր Աստուած, երանելի է այն մարդը, ով յոյսը քեզ վրայ է դրել:

84
1 Այսուհետեւ՝ սաղմոս Կորխի որդիներին: 2 Տէ՛ր, հաւանեցիր քո երկիրը ու ե՛տ դարձրիր Յակոբին գերութիւնից: 3 Ներեցիր ժողովրդիդ անիրաւութիւնը, ջնջեցիր նրա բոլոր մեղքերը: 4 Զսպեցիր ողջ սրտնեղութիւնդ, ետ դարձար քո սաստիկ բարկութիւնից: 5 Դէպի մե՛զ դարձիր, մեր փրկի՛չ Աստուած, ու ե՛տ պահիր զայրոյթդ մեզնից: 6 Մեզ վրայ յաւիտեան մի՛ բարկացիր, Տէ՛ր, եւ բարկութիւնդ սերնդից սերունդ թող չձգուի: 7 Աստուա՛ծ, դու դարձեալ մեզ պիտի փրկես, եւ ժողովուրդդ պիտի ուրախանայ քեզնով: 8 Ցո՛յց տուր մեզ քո ողորմութիւնը, Տէ՛ր, եւ քո փրկութիւնը շնորհի՛ր մեզ: 9 Լսեցինք, թէ ինչ է խօսում Տէր Աստուածը մեր. խաղաղութեան մասին պիտի խօսի իր ժողովրդի, իր սրբերի եւ սրտով դէպի իրեն դարձողների հետ: 10 Արդարեւ, մօտ է նրա շնորհելիք փրկութիւնն իր երկիւղն ունեցողների համար, որպէսզի մեր երկրում նրա փառքը հաստատուի: 11 Ողորմութիւնն ու ճշմարտութիւնը պիտի հանդիպեն, արդարութիւնն ու խաղաղութիւնը պիտի համբուրուեն: 12 Ճշմարտութիւնը երկրից բուսաւ, արդարութիւնը երկնքից երեւաց: 13 Տէրը բարութիւն պիտի գործի, իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տայ: 14 Արդարութիւնը նրա առջեւից պիտի գնայ՝ ճանապարհ տալով նրա ընթացքին:

85 Աղօթք Դաւթի:
1 Մօտեցրո՛ւ, Տէ՛ր, ականջը քո եւ լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես: 2 Հոգիս իմ սո՛ւրբ պահիր, Տէ՛ր. փրկի՛ր, Աստուա՛ծ իմ, քո ծառային, որ յոյսը դրել է քեզ վրայ: 3 Որորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի: 4 Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, Տէ՛ր, քանզի հոգիս դէպի քեզ բարձրացրի. 5 որովհետեւ դու, Տէ՛ր, բարի ու շիտակ ես, գթառատ ես նրանց հանդէպ, ովքեր կանչում են քեզ: 6 Ակա՛նջ դիր, Տէ՛ր, իմ աղօթքներին եւ ո՛ւշ դարձրու խնդրանքիս ձայնին: 7 Իմ նեղութեան օրը ես կանչեցի քեզ, եւ դու լսեցիր ինձ: 8 Աստուածների մէջ քեզ նմանը չկայ, Տէ՛ր, եւ ոչինչ չկայ, որ նմանուի քո գործերին: 9 Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, պիտի գան երկրպագեն քո առջեւ, յաւիտեան փառք պիտի տան քո անուանը: 10 Մեծ ես դու, Տէ՛ր, եւ հրաշագործութիւններ ես անում եւ միայն դու ես Աստուած: 11 Առաջնորդի՛ր ինձ քո ճանապարհով, որ ընթանամ քո ճշմարտութեամբ, եւ սիրտս ուրախանայ՝ ակնածելով քո անունից: 12 Ամբողջ սրտովս գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր Աստուած իմ, յաւիտեան փառք պիտի տամ քո անուանը: 13 Մեծ եղաւ քո ողորմութիւնն իմ հանդէպ, հոգիս փրկեցիր խոր դժոխքից: 14 Աստուա՛ծ, անօրէնները յարձակուեցին ինձ վրայ, բռնակալների ամբոխները հետապնդեցին ինձ եւ քեզ իրենց առջեւ Աստուած չհամարեցին: 15 Բայց դու, Տէ՛ր Աստուած իմ, գթասիրտ ու ողորմած ես, համբերատար, ողորմաշատ ու ճշմարիտ: 16 Նայի՛ր ու ողորմի՛ր ինձ, զօրութի՛ւն տուր քո ծառային, պահպանի՛ր աղախնիդ որդուն: 17 Եւ ինձ բարութեան նշա՛ն ցոյց տուր. թող ատելիներն իմ տեսնեն ու ամօթահար լինեն, որ դու, Տէ՛ր, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ:

86
1 Կորխի որդիներին՝ օրհնութեան սաղմոս: 2 Նրա հիմքերն իր սուրբ լեռան վրայ են. Տէրը սիրում է Սիոնի դարպասներն աւելի, քան Յակոբի բոլոր վրանները: 3 Ահաւասիկ փառաւորեալը խօսեց քո մասին, քաղա՛քդ Աստծոյ: 4 Յիշեցի Ռահաբն ու Բաբելոնը, որոնք ճանաչում են ինձ. ահա եւ այլազգիներն ու Տիւրոսը եւ Հնդկաստանի ժողովուրդները, որոնք գոյացան այնտեղ: 5 Սիոնը պիտի մայր կոչուի, որտեղ մարդը ծնուեց, եւ նրա հիմքերը Բարձրեալն անձամբ գցեց: 6 Տէրը գրքերում պիտի պատմի այն ժողովուրդների եւ իշխանների մասին, որոնք գոյացան այնտեղ: 7 Որքա՜ն պիտի ուրախանան քեզնով բոլոր նրանք, որոնց բնակութիւնը քեզնից է:

87
1 Այսուհետեւ՝ Մալալէթի իմաստութեան մասին. իմաստութիւն, որով պատասխան տուեց Եման Յեզրայէլացին: 2 Իմ փրկութեա՛ն Տէր Աստուած, գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի: 3 Թող աղօթքս հասնի քեզ, Տէ՛ր, ականջդ թող մօտենայ խնդրանքիս, 4 քանզի հոգիս չարչարանքով լցուեց, եւ կեանքս դժոխքին մերձեցաւ: 5 Ես համարուեցի նրանցից, ովքեր մահուան փոսն են իջնում, եղայ անօգնական մի մարդ՝ լքուած մեռեալների մէջ, 6 գերեզմանում պառկած սպանուածների պէս, որոնց դու չես յիշում, եւ որոնք մերժուած են քեզնից: 7 Ինձ խորախոր փոսի մէջ դրեցին, խաւարի եւ մահուան ստուերների մէջ: 8 Բարկութիւնդ ծանրացաւ ինձ վրայ, ողջ յորձանքներդ իմ դէմ ուղղեցիր: 9 Իմ ծանօթներին ինձնից հեռացրիր, եւ նրանք ինձ նշաւակ դարձրին. ես մատնուած էի դժբախտութեան ու դուրս չէի գալիս: 10 Աչքերս տկարացան թշուառութիւնից, գիշեր-ցերեկ առ Տէր աղաղակեցի եւ դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ: 11 Մի՞թէ մեռելների համար պիտի հրաշագործութիւններ անես, կամ բժիշկները պիտի կենդանացնեն նրանց, եւ նրանք գոհութիւն պիտի մատուցեն քեզ: 12 Մի՞թէ որեւէ մէկը երբեւէ պիտի պատմի քո ողորմութիւնը գերեզմանում կամ քո ճշմարտութիւնը՝ կորստեան մէջ: 13 Քո հրաշալի գործերը մի՞թէ խաւարի մէջ պիտի ճանաչուեն, կամ քո արդարութիւնը՝ մոռացուած երկրում: 14 Ես, Տէ՛ր, առ քեզ աղաղակեցի, առաւօտեան իմ աղօթքը քեզ պիտի հասնի: 15 Ինչո՞ւ, Տէ՛ր, մերժում ես իմ հոգին կամ շրջում երեսդ ինձնից: 16 Տնանկ եւ չարքաշ եմ ես մանկութիւնից ի վեր, բարձրութիւնից ընկայ ու շուարեցի: 17 Քո բարկութիւնը ծանրացաւ ինձ վրայ, քո արհաւիրքները խռովեցին ինձ: 18 Ջրի պէս օրնիբուն շրջապատեցին ինձ, պաշարեցին ինձ բոլորը միասին: 19 Իմ թշուառութեան պատճառով բարեկամներիս ու ծանօթներիս հեռացրիր ինձնից:

88
1 Եման Յեզրայէլացու իմաստութիւնը: 2 Քո ողորմութիւնները, Տէ՛ր, յաւիտեան պիտի օրհնեմ, սերնդից սերունդ պիտի պատմեմ իմ բերանով: 3 Ասացիր. «Աշխարհս ողորմութեամբ պիտի շինուի». քո ճշմարտութիւնը երկնքում պիտի հաստատուի: 4 Ուխտ կնքեցի իմ ընտրեալների հետ, երդուեցի իմ Դաւիթ ծառային, 5 որ իր սերունդը յաւիտեան պիտի հաստատեմ եւ նրա աթոռը դարէդար պիտի կառուցեմ: 6 Երկինքը պիտի պատմի քո հրաշագործութիւնը, Տէ՛ր, եւ քո ճշմարտութիւնը՝ սրբերի ժողովում: 7 Ամպերի մէջ ո՞վ է քեզ հաւասար կամ Աստծոյ որդիների մէջ ո՞վ է Տիրոջը նման: 8 Աստուած փառաւորուած է իր սրբերի խորհրդում, մեծ եւ ահաւոր է նա իր շուրջը եղողների համար: 9 Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, ո՞վ է քեզ նման. հզօր ես դու, Տէ՛ր, եւ ճշմարտութիւնդ քո շուրջն է: 10 Դու տիրում ես ծովի զօրութիւններին եւ նրա ալիքների խռովքը դու ես հանդարտեցնում: 11 Դու վիրաւորների պէս խոնարհեցրիր ամբարտաւաններին եւ բազկիդ ուժով ցրեցիր քո թշնամիներին: 12 Քոնն է երկինքը, եւ քոնն է երկիրը, աշխարհն իր մէջ եղածով դո՛ւ հաստատեցիր: 13 Հիւսիսն ու հարաւը դո՛ւ ստեղծեցիր, Թաբորն ու Հերմոնը քո անուամբ պիտի ցնծան: 14 Քոնն է բազուկը, եւ քոնն է կարողութիւնը, թող զօրանայ քո աջը, եւ բարձր լինի քո ձեռքը: 15 Քո աթոռը հաստատուած է արդարութեան ու իրաւունքի վրայ, ողորմութիւնն ու ճշմարտութիւնը քո առաջից պիտի ընթանան: 16 Երանի՜ այն ժողովրդին, որը գիտակցում է քո օրհնութիւնը, Տէ՛ր. նա քո երեսի լոյսով պիտի ընթանայ: 17 Նա քո անուամբ պիտի ցնծայ գիշեր-ցերեկ ու քո արդարութեամբ բարձր պիտի լինի: 18 Դու ես պարծանքը մեր զօրութեան, եւ մեր եղջիւրը քո կամքով պիտի բարձրանայ: 19 Տիրոջից է Իսրայէլի Սրբի՝ մեր Թագաւորի օգնութիւնը: 20 Այնժամ դու տեսիլքի մէջ խօսեցիր որդիներիդ հետ՝ ասելով. «Օգնութիւն ցոյց կտամ հզօրին եւ կբարձրացնեմ ժողովրդիս ընտրեալին: 21 Գտայ իմ Դաւիթ ծառային, սուրբ իւղովս օծեցի նրան: 22 Ձեռքս կընդունի նրան, եւ բազուկս նրան կզօրացնի: 23 Թշնամին չի վնասի նրան, եւ անօրինութեան որդին նրան չի չարչարի: 24 Նրա թշնամիներին կհարուածեմ նրա առաջ եւ նրան ատողներին պարտութեան կմատնեմ: 25 Իմ ճշմարտութիւնն ու ողորմութիւնը նրա հետ են, եւ նրա եղջիւրն իմ անուամբ բարձր կլինի: 26 Նրա ձեռքը կհաստատեմ ծովի վրայ եւ նրա աջը՝ գետերի վրայ: 27 Նա ձայն կտայ ինձ. “Իմ հայրն ես դու, Աստուա՛ծ, հաճեցնողն իմ փրկութեան”: 28 Ես իմ անդրանիկ որդին կդարձնեմ նրան եւ աւելի բարձր, քան երկրի բոլոր թագաւորները: 29 Յաւիտեան կպահեմ նրա համար իմ ողորմութիւնը, եւ ուխտս նրա հանդէպ հաւատարիմ կմնայ: 30 Նրա սերունդը կհաստատեմ յաւիտեանս յաւիտենից եւ նրա գահն՝ ինչպէս օրերը երկնքի: 31 Եթէ նրա որդիները լքեն իմ օրէնքը եւ իմ դատաստանով չկամենան ընթանալ, 32 եթէ անարգեն իմ արդարութիւնը եւ իմ պատուիրանները չպահեն, 33 գաւազանով կհարուածեմ նրանց անօրինութիւններին եւ տանջանքներով՝ նրանց անիրաւութիւններին: 34 Բայց իմ ողորմութիւնից չեմ զրկի նրանց եւ ճշմարտութեանս չեմ դաւաճանի: 35 Ոչ էլ իմ ուխտը կանարգեմ կամ կարհամարհեմ այն, ինչ դուրս է գալիս իմ շուրթերից: 36 Մէկ անգամ ընդմիշտ ես երդուեցի իմ սրբութեամբ, որ Դաւթին չեմ խաբի: 37 Նրա սերունդը յաւիտեան կմնայ, եւ ինչպէս արեւ, 38 ինչպէս լուսին՝ նրա աթոռն իմ առջեւ յաւերժ հաստատուած կմնայ երկնքում որպէս հաւատարիմ վկայ»: 39 Բայց արդ, դու մերժեցիր, անարգեցիր ու գետին տապալեցիր քո օծեալին: 40 Հրաժարուեցիր քո ծառայի ուխտից, նրա սրբութիւնը հողին հաւասարեցրիր: 41 Քանդեցիր նրա բոլոր պարիսպները եւ նրա բերդերը խարխլեցիր: 42 Ճանապարհի անցորդները կողոպտեցին նրան, եւ նա իր հարեւանների նախատինքը դարձաւ: 43 Բարձրացրիր նրան նեղողների աջը, ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին: 44 Նրա սրից ետ դարձրիր քո օգնութիւնը եւ պատերազմի մէջ նրան չհովանաւորեցիր: 45 Անարգեցիր նրա սրբութիւնը եւ նրա գահը գետին տապալեցիր: 46 Նրա կեանքի օրերը նուազեցրիր եւ նրան ամօթով ծածկեցիր: 47 Մինչեւ ե՞րբ պիտի երեսդ շրջես իսպառ, եւ բարկութիւնդ բորբոքուի հրի պէս: 48 Իսկ արդ, յիշի՛ր ու տե՛ս, թէ որն է իմ հանգիստը. մի՞թէ իզուր ստեղծեցիր մարդկանց բոլոր որդիներին: 49 Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի ու մահ չտեսնի կամ իր հոգին պիտի փրկի դժոխքից: 50 Ո՞ւր են քո նախկին ողորմութիւնները, Տէ՛ր, որոնք քո ճշմարտութեամբ խոստացար Դաւթին: 51 Յիշի՛ր ծառայիդ նախատինքները, որ ծոցումս կրեցի բազում ազգերից: 52 Տէ՛ր, քո թշնամիները նախատեցին նրան, նախատելով հատուցեցին քո օծեալին: 53 Օրհնեալ է Տէր Աստուած յաւիտեանս յաւիտենից. թող լինի, թող լինի:

89 Աստծոյ մարդու՝ Մովսէսի աղօթքը:
1 Տէ՛ր, սերնդից սերունդ մեր ապաւէնը եղար: 2 Դու կայիր, երբ դեռ չէին հաստատուել լեռները, եւ չէին ստեղծուել երկիրն ու ողջ տիեզերքը, յաւիտենութիւնից մինչեւ յաւիտենութիւն: 3 Մարդուն մի՛ մատնիր տառապանքի, քանզի ասացիր. «Մարդկա՛նց որդիներ, վերադարձէ՛ք ինձ»: 4 Հազար տարին Տիրոջ աչքում երէկուայ օրուայ պէս է, որ անցաւ, կամ գիշերուայ մի պահի պէս: 5 Նրանց տարիները տառապալից պիտի լինեն. առաւօտեան խոտի պէս պիտի բուսնեն, 6 առաւօտեան խոտի պէս պիտի դալարեն ու ծաղկեն. երեկոյեան պիտի թառամեն, չորանան ու ընկնեն: 7 Մենք մաշուեցինք քո բարկութիւնից եւ քո զայրոյթից մենք խռովուեցինք: 8 Մեր մեղքերը առջեւդ դրեցիր, իսկ մեր կեանքը՝ երեսիդ լոյսի տակ: 9 Մեր օրերը բոլորովին նուազեցին, եւ մենք խռովուեցինք քո բարկութիւնից: Մեր կեանքի ժամանակը դադար չունի սարդի նման: 10 Մեր կեանքի օրերի թիւն է եօթանասուն տարի, կամ առաւելագոյնը՝ ութսուն տարի, որոնց մեծ մասն անցնում է ցաւով ու հեծութեամբ: Մեզ վրայ հեզութիւն իջաւ, եւ մենք խրատուեցինք: 11 Իսկ ո՞վ գիտէ քո բարկութեան ուժը կամ քո պատճառած ահից ո՞վ կչափի քո զայրոյթը: 12 Այսպէս ինձ ցո՛յց տուր քո աջը եւ սրտով խոնարհներին՝ քո իմաստութիւնը: 13 Դարձի՛ր, Տէ՛ր: Մինչեւ ե՞րբ... Մխիթարի՛ր քո ծառաներին: 14 Առաւօտեան լիացանք քո ողորմութեամբ, ցնծացինք եւ ուրախ եղանք մեր կեանքի բոլոր օրերին: 15 Ուրախացանք այն օրերի փոխարէն, երբ հնազանդեցրիր մեզ, եւ այն տարիների, երբ չարչարանք տեսանք: 16 Նայի՛ր, Տէ՛ր, քո ծառաներին ու քո ձեռակերտներին եւ առաջնորդի՛ր նրանց որդիներին: 17 Տէր Աստծոյ լոյսը թող մեզ վրայ իջնի. ուղղի՛ր մեր ձեռքի գործերը, Տէ՛ր, մեր ձեռքի գործերը յաջողի՛ր մեզ:

90 Դաւթի օրհներգը:
1 Ով ապրում է Բարձրեալի աջակցութեամբ, երկնքում կհանգչի Աստծոյ հովանու տակ: 2 Տիրոջը կասի. «Դու ես ինձ ընդունողը, ապաւէ՛ն իմ Աստուած, որի վրայ եմ դրել իմ յոյսը»: 3 Նա ինձ կփրկի որսորդի թակարդից ու խռովեցուցիչ խօսքերից: 4 Իր ծոցում կպահի կպաշտպանի քեզ, եւ դու ապահովութիւն կունենաս նրա թեւերի հովանու տակ: 5 Նրա ճշմարտութիւնը, որպէս զէնք, քո շուրջը կլինի: 6 Դու չես վախենայ գիշերուայ զարհուրանքից եւ ոչ էլ ցերեկուայ սլացող նետից, խաւարում շրջող բանից եւ կէսօրին դեւի գայթակղութիւնից: 7 Քո կողքին հազարներ կընկնեն, եւ քո աջին՝ տասնեակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենայ: 8 Բաւական է, որ քո աչքով նայես, եւ դու կտեսնես մեղաւորների ստացած հատուցումը: 9 Դու, Տէ՛ր, իմ յոյսն ես: Բարձրեալին քեզ ապաւէն դարձրիր: 10 Չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները չեն մօտենայ քո տան յարկին: 11 Իր հրեշտակներին հրամայուած է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին: 12 Իրենց բազուկների վրայ պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես: 13 Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առիւծին ու վիշապին: 14 Քանի որ յոյսն ինձ վրայ դրեց, ես կփրկեմ նրան, նրան հովանի կլինեմ, քանզի անունս ճանաչեց: 15 Ինձ ձայն կտայ, ու կլսեմ նրան եւ նրա հետ կլինեմ նեղութեան մէջ. կփրկեմ ու կփառաւորեմ նրան: 16 Բազում օրերով նրան կլիացնեմ ու ցոյց կտամ նրան իմ փրկութիւնը:

91
1 Շաբաթօրեայ օրհնութեան սաղմոսը: 2 Բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս երգել քո անուանը, ո՛վ Բարձրեալ, 3 առաւօտեան պատմել քո ողորմութիւնը եւ գիշերը՝ քո ճշմարտութիւնը, 4 տասնալար սաղմոսարանով, օրհնութեան ձայնով գովաբանել: 5 Ուրախացրիր ինձ, Տէ՛ր, քո արարումներով, եւ պիտի ցնծամ ձեռքիդ գործերով: 6 Որքա՜ն մեծ են քո գործերը, Տէ՛ր, եւ չափազանց խոր են խորհուրդները քո: 7 Անզգամ մարդը չի ըմբռնի, եւ անմիտը չի հասկանայ այս: 8 Մեղաւորները բուսնելով ինչպէս խոտ եւ անօրինութիւն գործողները ծաղկելով՝ կկործանուեն յաւիտեանս յաւիտենից: 9 Բայց դու, Տէ՛ր, բարձրեալ ես յաւիտեան: 10 Ահա քո թշնամիները, Տէ՛ր, ահա քո թշնամիները կկորչեն. կցրուեն բոլոր նրանք, ովքեր անօրինութիւն են գործում: 11 Միեղջերուի պէս բարձր կլինի եղջիւրն իմ, իսկ ծերութիւնն իմ՝ առատ օծանելիքով: 12 Աչքս դիպաւ թշնամիներիս, որոնք չարութեամբ յարձակուել են վրաս: Ականջս կլսի նրանց: 13 Արդարներն արմաւենու պէս կծաղկեն, Լիբանանի մայրիների պէս կբազմանան: 14 Դրանք կտնկուեն Տիրոջ տանը ու կծաղկեն մեր Աստծոյ գաւիթներում: 15 Դրանք պտղաբեր կլինեն նաեւ ծերութեան ժամանակ՝ գիրգ ու փափուկ, 16 որպէսզի աւետեն, թէ ճշմարիտ է Տէրը, եւ նրա մէջ անիրաւութիւն չկայ:

92 Առաջին շաբաթուայ օրը, երբ հաստատուեց երկիրը. Դաւթի օրհներգը:
1 Տէրը թագաւորեց, վայելչութիւն հագաւ, զօրութիւն հագաւ Տէրն ու գօտեւորուեց, հաստատեց աշխարհը, որ չսասանուի: 2 Սկզբից է պատրաստուած գահը քո, եւ յաւերժ ես դու: 3 Բարձրացան գետերը, Տէ՛ր, գետերը բարձրացրին ձայնն իրենց. գետերը պիտի յորդեն իրենց հունից դուրս: 4 Առատ ջրի ձայնից ծովի ալիքները սքանչելի դարձան. սքանչելի ես դու բարձունքներում, Տէ՛ր: 5 Մենք անչափ հաւատացինք քո վկայութիւններին. սրբութիւնը վայել է քո տանը, Տէ՛ր, երկար օրեր:

93 Դաւթի չորեքշաբթի օրուայ սաղմոսը:
1 Աստուած՝ վրէժխնդի՛ր Տէր, Աստուա՛ծ վրէժխնդիր, դու յայտնուեցիր: 2 Բա՛րձր եղիր, որ երկիրը դատես, հատուցո՛ւմ տուր ամբարտաւաններին: 3 Մինչեւ ե՞րբ մեղաւորները, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ մեղաւորները պիտի պարծենան, 4 յոխորտալով անիրաւութիւն բարբառեն, բարբառեն բոլորը, որ անօրինութիւն են գործում: 5 Քո ժողովրդին, Տէ՛ր, ճնշեցին եւ քո ժառանգութիւնը չարչարեցին: 6 Այրուն ու պանդուխտին սպանեցին, որբերին կոտորեցին ու ասացին. 7 «Տէրը դա չի տեսնում, եւ Յակոբի Աստուածն ուշ չի դարձնում»: 8 Ուշքի՛ եկէք, ժողովրդի անզգամնե՛ր ու անմիտնե՛ր, մինչեւ ե՞րբ պիտի չըմբռնէք: 9 Մի՞թէ ականջ ստեղծողն ինքը չի լսի, կամ աչք ստեղծողն ինքը չի տեսնի: 10 Ազգերին խրատողն ու մարդուն գիտութիւն ուսուցանողը մի՞թէ չի յանդիմանի: 11 Տէրը գիտէ մարդկանց խորհուրդները, որոնք ունայն են: 12 Երանի՜ այն մարդուն, որին խրատում ես դու, Տէ՛ր, եւ օրէնքներդ նրան սովորեցնում: 13 Դու նրան հանդարտեցնում ես չար օրերին, մինչեւ որ մեղաւորի համար խոր փոս փորուի: 14 Տէրը չի մերժի իր ժողովրդին եւ իր ժառանգութիւնը չի անտեսի, 15 մինչեւ որ դատաստանն արդար դառնայ, եւ բոլոր նրանք, որ սրտով ուղիղ են, ընդունեն այն: 16 Ո՞վ ինձ հետ պիտի ելնի չարամիտների դէմ կամ ո՞վ ինձ հետ պիտի միաբանուի ընդդէմ նրանց, ովքեր անօրինութիւն են գործում: 17 Եթէ Տէրն ինձ չաջակցէր, մի փոքր եւս, եւ հոգիս կբնակուէր դժոխքում: 18 Երբ ասում էի, թէ ահա ոտքերս սասանուեցին, քո ողորմութիւնը, Տէ՛ր, օգնում էր ինձ: 19 Սրտիս ցաւերի բազմանալու ժամին քո մխիթարութիւնը հրճուեցնում էր իմ հոգին: 20 Թող չհաւասարուի քեզ աթոռն անօրինութեան, որ վնաս է պատճառում օրէնքին: 21 Արդարի հոգին որսացին եւ անմեղի արիւնն էին դատապարտում: 22 Տէրը եղաւ իմ ապաւէնը, իմ յոյսի օգնական Աստուածը: 23 Տէրը նրանց պիտի հատուցի իրենց անօրինութեան համեմատ, իրենց չարութեան համեմատ պիտի կործանի նրանց Տէր Աստուածը մեր:

94 Դաւթի օրհներգը:
1 Եկէ՛ք ցնծանք Տիրոջ առջեւ, աղաղակենք մեր փրկիչ Աստծուն: 2 Փութանք նրա մօտ խոստովանութեամբ, սաղմոսերգութիւններով աղաղակենք առ Աստուած: 3 Տէրը մեծ Աստուած է, մեծ թագաւոր ողջ աշխարհում: 4 Նրա ձեռքում են բոլոր եզերքները երկրի, եւ նրանն են բարձունքները լեռների: 5 Նրանն է ծովը, եւ նա արարեց այն, ու ցամաքը նրա ձեռքերը ստեղծեցին: 6 Եկէք երկրպագենք նրան, խոնարհուենք ու լաց լինենք մեր Արարչի՝ Տիրոջ առջեւ: 7 Տէր Աստուածն է նա մեր, մենք՝ նրա ձեռքի տակի ժողովուրդը եւ նրա արօտի ոչխարները: 8 Այսօր, երբ լսէք ձայնը նրա, մի՛ խստացրէք սրտերը ձեր դառնութեամբ, ինչպէս փորձութեան օրն անապատում, 9 որտեղ ինձ փորձեցին ձեր հայրերը, քննեցին ինձ ու տեսան իմ գործերը: 10 Քառասուն տարի տքնեցի այդ ազգի համար եւ ասացի. «Նրանք միշտ մոլորուած են սրտով ու ճանապարհներս չճանաչեցին»: 11 Ուստի երդուեցի զայրոյթիս պահին, որ նրանք չեն մտնի իմ հանգստի մէջ:

95 Սաղմոս Դաւթի, այն ժամանակ, երբ տաճարը շինուեց:
1 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, օրհնեցէ՛ք Տիրոջը, համայն աշխարհի՛ մարդիկ: 2 Օրհնեցէ՛ք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա, օրըստօրէ աւետեցէ՛ք փրկութիւնը նրա: 3 Հեթանոսների մէջ փառքը պատմեցէ՛ք նրա եւ բոլոր ժողովուրդների մէջ՝ սքանչելագործութիւնները նրա: 4 Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ, ահարկու է նա բոլոր կուռքերից աւելի: 5 Հեթանոսների բոլոր կուռքերը դեւեր են, իսկ Տէրն արարիչն է երկնքի: 6 Խոստովանութիւն եւ վայելչութիւն կայ նրա առջեւ, սրբութիւն եւ մեծափառութիւն՝ նրա սրբարանում: 7 Մատուցէ՛ք Տիրոջը, ազգատոհմե՛ր, մատուցէ՛ք Տիրոջը փառք ու պատիւ: 8 Մատուցէ՛ք Տիրոջը փառքն իր անուան, ընծանե՛ր վերցրէք ու մտէ՛ք սրահները նրա: 9 Երկրպագեցէ՛ք Տիրոջն իր սրբարանի գաւիթներում, քանզի ամբողջ երկիրը պիտի խռովուի նրա ներկայութիւնից: 10 Հեթանոսների մէջ ասացէ՛ք, թէ՝ «Տէրը թագաւորեց, նա աշխարհը հաստատեց, որ չսասանուի, եւ նա իր ժողովրդին արդարութեամբ պիտի դատի»: 11 Թող ուրախ լինի երկինքը, եւ ցնծայ երկիրը, թող զուարճանայ ծովն իր մէջ եղած բոլոր կենդանի էակներով: 12 Թող հրճուեն դաշտերը եւ նրանցում եղած ամէն ինչ, թող այնժամ ցնծան անտառի բոլոր ծառերը 13 Տիրոջ առջեւ, որ գալիս է, գալիս է դատելու երկիրը: Նա պիտի դատի տիեզերքն արդարութեամբ եւ բոլոր ժողովուրդներին՝ իր ճշմարտութեամբ:

96 Սաղմոս Դաւթի՝ այն ժամանակ, երբ երկիրը հաստատուեց:
1 Տէրը թագաւորեց, թող երկիրը ցնծայ, թող ուրախ լինեն բազում կղզիները: 2 Ամպ եւ մէգ է շուրջը նրա, իրաւունքով ու արդարութեամբ է հաստատուած աթոռը նրա: 3 Նրա առջեւից հուր պիտի ընթանայ՝ այրելով իր շուրջը եղող թշնամիներին: 4 Նրա կայծակները երեւացին տիեզերքում, երկիրը տեսաւ դրանք ու սասանուեց: 5 Լեռները մոմի պէս պիտի հալուեն Տիրոջ ներկայութիւնից, ամբողջ երկիրը՝ Տիրոջ ներկայութիւնից: 6 Երկինքը պիտի պատմի արդարութիւնը նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը նրա: 7 Թող խայտառակուեն բոլոր նրանք, ովքեր երկրպագում են կուռքերին եւ պարծենում իրենց արձաններով: Նրա բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն իրեն, 8 քանզի լսեց եւ ուրախ եղաւ Սիոնը. Յուդայի երկրի դուստրերը պիտի ցնծան քո դատաստանների համար, Տէ՛ր: 9 Դու բարձրեալ ես ողջ երկրի վրայ, անչափ վեր եղար բոլոր կուռքերից: 10 Տիրո՛ջը սիրողներ, ատեցէ՛ք չարութիւնը. Տէրը պահպանում է իր սրբերի հոգիները, մեղաւորների ձեռքից փրկում է նրանց: 11 Արդարների համար լոյս ծագեց, եւ սրտով շիտակների համար ուրախութիւն եղաւ: 12 Ցնծացէ՛ք, արդարնե՛ր, Տիրոջով, գոհաբանեցէ՛ք յիշատակը նրա սրբութեան:

97 Սաղմոս Դաւթի:
1 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի սքանչելագործութիւններ արեց նա: Իր աջն ու իր սուրբ բազուկը փրկեցին նրան: 2 Տէրը ցոյց տուեց իրենից եկող փրկութիւնը, ազգերի առջեւ յայտնեց իր արդարութիւնը: 3 Իր ողորմութեամբ յիշեց Յակոբին, իր ճշմարտութեամբ՝ տունն Իսրայէլի. եւ երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծոյ շնորհած փրկութիւնը: 4 Աղաղակի՛ր Տիրոջ առջեւ, ո՛ղջ երկիր. օրհնեցէ՛ք, ցնծացէ՛ք ու սաղմո՛ս երգեցէք: 5 Սաղմո՛ս երգեցէք մեր Աստծուն օրհնութեամբ, օրհնութեամբ ու սաղմոսերգութեամբ: 6 Կոփածոյ շեփորի օրհնութեան ձայնով, օրհնութեամբ, ցնծութեամբ ու եղջերափողի ձայնով աղաղակեցէ՛ք Տիրոջ՝ Թագաւորի առջեւ: 7 Թող խռովուի ծովն իր մէջ եղած բոլոր կենդանի էակներով, տիեզերքն իր ամբողջ բնակիչներով: 8 Եւ գետերը թող ծափ տան միասին իրենց ձեռքերով, ու լեռները ցնծան Տիրոջ առջեւ, 9 քանզի Տէրը եկել հասել է՝ երկիրը դատելու: Նա պիտի դատի աշխարհն արդարութեամբ եւ իր ժողովուրդներին՝ ճշմարտութեամբ:

98 Սաղմոս Դաւթի:
1 Տէրը թագաւորեց, ժողովուրդները բարկացան: Ո՛վ քերովբէների վրայ նստողդ, երկիրը սասանուեց: 2 Տէրը մեծ է Սիոնում ու բարձր, քան ժողովուրդները բոլոր: 3 Գոհութիւն մատուցենք քո մեծ անուանը, քանզի ահաւոր ու սուրբ է այն: 4 Իրաւունք սիրելը պատիւ է բերում թագաւորին. դո՛ւ հաստատեցիր իրաւունքն ու արդարութիւնը Յակոբի մէջ: 5 Մեծարեցէ՛ք մեր Տէր Աստծուն, երկրպագեցէ՛ք նրա ոտքերի պատուանդանին, քանզի նա սուրբ է: 6 Մովսէսն ու Ահարոնը՝ երէցները նրա, Սամուէլը, որ նրա անունը կանչողների մէջ էր, ձայն էին տալիս Տիրոջն, ու նա լսում էր նրանց 7 եւ ամպի սիւնով խօսում նրանց հետ: Նրանք պահպանում էին վկայութիւնը նրա եւ հրամանները, որ տուեց իրենց: 8 Տէ՛ր Աստուած մեր, դու լսում էիր նրանց. Աստուա՛ծ, դու քաւիչ եւ վրէժխնդիր էիր լինում նրանց բոլոր գործերի համար: 9 Մեծարեցէ՛ք մեր Տէր Աստծուն, երկրպագեցէ՛ք նրա սուրբ լեռանը, քանզի սուրբ է Տէր Աստուածը մեր:

99
1 Դաւթի խոստովանութեան սաղմոսը: 2 Աղաղակեցէ՛ք Տիրոջ առջեւ, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցէ՛ք Տիրոջն ուրախութեամբ: 3 Նրա առջե՛ւ ելէք ցնծութեամբ. իմացէ՛ք, որ նա է Տէր Աստուածը մեր. նա ստեղծեց մեզ, եւ ոչ թէ մենք եղանք. նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները նրա արօտի: 4 Մտէ՛ք նրա դռներով խոստովանութեամբ եւ մտէ՛ք նրա սրահները օրհնութեամբ. գոհութի՛ւն մատուցէք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա: 5 Քաղցր է Տէրը, նրա ողորմութիւնը յաւերժ է, նրա ճշմարտութիւնը՝ սերնդից սերունդ:

100 Սաղմոս Դաւթի:
1 Ողորմութեանդ ու արդարութեանդ մէջ պիտի օրհնեմ քեզ, Տէ՛ր, սաղմոս պիտի երգեմ, 2 պիտի ուսանեմ անբիծ ճանապարհով ընթանալ, մինչեւ որ նա գայ ինձ մօտ. քանզի ես իմ տան մէջ սրտիս անարատութեամբ էի ընթանում: 3 Աչքերիս առջեւ անիրաւ բան չդրեցի եւ ուրացութիւն անողներին ատեցի: 4 Ծուռ սիրտ ունեցողն ինձ չմօտեցաւ. անզգամն ինձնից խոտորուեց, բայց ես հոգ չարեցի: 5 Ով ծածուկ խօսեց իր ընկերոջ դէմ, նրան բացէիբաց հալածեցի, ով ամբարտաւան էր աչքով եւ ագահ՝ սրտով, նրա հետ հաց իսկ չկերայ: 6 Աչքերս սեւեռուած էին երկրի հաւատացեալներին, որպէսզի նրանք ինձ հետ նստեն. ով գնում էր անբիծ ճանապարհով, նա էր ինձ ծառայում: 7 Ամբարտաւանութիւն անողն իմ տան մէջ չէր բնակւում, անիրաւութիւն խօսողն աչքերիս առջեւ յաջողութիւն չունէր: 8 Առաւօտները սպանում էի երկրի բոլոր մեղաւորներին, որ Տիրոջ քաղաքից վերացնեմ բոլոր նրանց, ովքեր անօրինութիւն են գործում:

101
1 Բորոտի աղօթքը, երբ նա իր անձկութեան մէջ Տիրոջ առաջ դրեց իր խնդրանքները: 2 Տէ՛ր, լսի՛ր իմ աղօթքը, աղաղակս թող հասնի քեզ: 3 Մի՛ շրջիր երեսդ ինձնից, նեղութեանս օրը ի՛նձ մօտեցրու ականջը քո. երբ ձայն տամ քեզ, իսկոյն լսի՛ր ինձ: 4 Ծխի պէս սպառուեցին օրերն իմ, եւ ոսկորներս չորացան ինչպէս խռիւ: 5 Սիրտս խոցուեց եւ ցամաքեց խոտի պէս, հեծութեանս ձայնից հաց ուտելս մոռացայ: 6 Ոսկորս մարմնիս կպաւ, եւ նմանուեցի անապատի հաւալուսնին: 7 Եղայ ինչպէս բու աւերակներում, տքնեցի ու դարձայ ինչպէս մենաւոր ճնճղուկ տանիքում: 8 Թշնամիներս ամէն օր նախատեցին ինձ, եւ ինձ գովողներն ինձնով երդուեցին: 9 Մոխիր կերայ հացի տեղ եւ ըմպելիքս արտասուքով խառնեցի 10 քո բարկութեան ու զայրոյթի պատճառով, քանզի դու ինձ բարձրացրիր եւ վայր գցեցիր: 11 Օրերս անցան ստուերի պէս, եւ ես ցամաքեցի ինչպէս խոտ: 12 Դու, Տէ՛ր, յաւերժ ես, եւ սերնդից սերունդ է յիշատակը քո: 13 Դու պիտի ելնես, որ գթաս Սիոնին. ժամանակն է գթալու նրան, հասել է ժամը: 14 Ծառաներդ նրա քարերը հաւանեցին ու գթացին նրա հողին: 15 Հեթանոսները պիտի սոսկան քո անունից, եւ երկրի բոլոր թագաւորները՝ քո փառքից: 16 Տէրը պիտի Սիոնը վերաշինի եւ իր փառքով երեւայ այնտեղ: 17 Ուշ դարձրեց նա խեղճերի աղօթքին եւ չարհամարհեց խնդրանքը նրանց: 18 Սա պիտի գրուի այլ սերնդի համար, որպէս ժառանգութիւն ստացած նրա ժողովուրդը պիտի օրհնի Տիրոջը: 19 Նայեց նա իր սրբութեան բարձրութիւնից, Տէրը երկնքից երկիր նայեց՝ 20 բանտարկեալների հառաչանքը լսելու եւ մահապարտների որդիներին ազատ արձակելու համար, 21 որ Սիոնում պատմեն անունը Տիրոջ եւ Երուսաղէմում՝ գովքը նրա, 22 որ ժողովուրդներն իրար մօտ հաւաքուեն, եւ թագաւորները Տիրոջը ծառայեն: 23 Նա պատասխանեց նրան իր հզօրութեան ճանապարհին. «Ասա՛ ինձ սակաւութիւնն իմ օրերի 24 եւ ինձ մի՛ վերցրու օրերիս կէսին, քանզի յաւերժ են տարիները քո»: 25 Ի սկզբանէ, Տէ՛ր, երկրի հիմքերը հաստատեցիր, եւ երկինքն էլ գործն է քո ձեռքերի: 26 Կանցնեն դրանք, բայց դու կաս եւ կմնաս յաւիտեան. ամէն ինչ ձորձի պէս կմաշուի, դու վերարկուի պէս կփոխես դրանք, ու դրանք կփոխուեն: 27 Բայց դու նոյնը կմնաս, եւ քո տարիները չեն անցնի: 28 Քո ծառաների որդիները կբնակուեն այնտեղ, եւ նրանց սերնդին յաւիտեան յաջողութիւնը կուղեկցի:

102 Սաղմոս Դաւթի:
1 Օրհնի՛ր, հոգի՛ իմ, Տիրոջը, եւ բոլո՛ր իմ ոսկորներ, սուրբ անունը նրա: 2 Օրհնի՛ր, հոգի՛ իմ, Տիրոջը եւ մի՛ մոռացիր բոլոր պարգեւները նրա, 3 ով քաւութիւն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր: 4 Նա, որ քո կեանքը փրկում է ապականութիւնից, քեզ պսակում է ողորմութեամբ ու գթութեամբ, 5 որ բարութեամբ յագեցնում է ցանկութիւնը քո, եւ քո երիտասարդութիւնը նորոգւում է արծուի պէս: 6 Ողորմութիւն ու արդարութիւն է շնորհում Տէրը բոլոր զրկեալներին: 7 Տէրն իր ուղիները ցոյց տուեց Մովսէսին եւ իր կամքը՝ Իսրայէլի որդիներին: 8 Գթասիրտ, ողորմած է Տէրը, համբերատար ու ողորմաշատ: 9 Տէրն իսպառ չի բարկանում եւ յաւիտեան ոխ չի պահում: 10 Մեր մեղքերի համեմատ չվարուեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրինութեան համեմատ հատուցեց մեզ: 11 Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զօրեղ է Տիրոջ ողորմութիւնն իրենից երկիւղ կրողների վրայ: 12 Որքան հեռու է արեւելքն արեւմուտքից, այնքան հեռացրեց նա մեր անօրինութիւնները մեզնից: 13 Ինչպէս որ մի հայր գթում է իր որդիներին, այնպէս Տէրը պիտի գթայ իրենից երկիւղ կրողներին: 14 Նա գիտէ կազմուածքը մեր եւ յիշում է, որ հող ենք մենք: 15 Մարդու օրերը խոտի պէս են. նա ծաղկում է ինչպէս վայրի ծաղիկ: 16 Երբ փչի քամին, նա կանհետանայ, եւ նրա տեղն իսկ չի երեւայ: 17 Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտեանս յաւիտենից իրենից երկիւղ կրողների վրայ է, եւ նրա արդարութիւնը՝ որդուց որդի նրանց հանդէպ, 18 որոնք պահում են ուխտը նրա, յիշում նրա պատուիրաններն ու կատարում դրանք: 19 Տէրը երկնքում հաստատեց իր աթոռը, նրա թագաւորութիւնը տիրում է բոլորին: 20 Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ, որ հզօր էք ուժով, կատարում էք խօսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների: 21 Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր զօրքեր, սպասաւորնե՛ր եւ նրա կամքը կատարողնե՛ր: 22 Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր գործեր. ամէնուրեք է տէրութիւնը նրա: Օրհնի՛ր, հոգի՛ իմ, Տիրոջը:

103 Սաղմոս Դաւթի՝ աշխարհագործ արարածների մասին:
1 Օրհնիր Տիրոջը, ո՛վ իմ անձ. Տէ՛ր իմ Աստուած, անչափ մեծ ես, գովաբանութեամբ ու մեծափառութեամբ զգեստաւորուեցիր: 2 Լոյսը կրեցիր ինչպէս վերարկու, երկինքը փռեցիր վրանի պէս, 3 քո վերնայարկը հաստատեցիր ջրերի վրայ: Երթեւեկում է նա ամպերի մէջ եւ շրջում հողմերի թեւերին: 4 Նա քամիները հրեշտակներ դարձրեց իրեն եւ կիզիչ հուրը՝ սպասաւորներ: 5 Երկիրը հաստատեց իր հիմքերի վրայ, որ յաւիտեան չսասանուի: 6 Խոր ծովերն ասես նրա զգեցած վերարկուն լինեն: Ջրերը կանգնած են լեռների վրայ: 7 Նրանք պիտի փախչեն քո սաստից եւ քո որոտի ձայնից պիտի սարսափեն: 8 Լեռները պիտի ելնեն, ու դաշտերն իջնեն այնտեղ, ուր դու հաստատեցիր դրանք: 9 Սահման դրեցիր, որպէսզի չանցնեն եւ չողողեն երկիրը նորից: 10 Աղբիւրները դէպի ձորերն ուղղեցիր, եւ ջրերը լեռների միջով պիտի հոսեն՝ 11 յագեցնելու ծարաւը բոլոր գազանների ու վայրի էշերի: 12 Այնտեղ երկնքի թռչունները բոյն պիտի դնեն եւ ժայռերի միջից ձայն պիտի տան: 13 Նա ջուր պիտի խմեցնի լեռներին իր շտեմարաններից, նրա գործերի պտուղներով պիտի երկիրը լցուի: 14 Մարդկանց կարիքների համար լեռներում խոտ աճեցրիր ու բանջար եւ հողից հաց հանեցիր: 15 Գինին ուրախացնում է մարդուն, իւղը՝ զուարթացնում, եւ հացն ամրացնում է մարդու սիրտը: 16 Թող յագենան Տիրոջ ծառերն ու մայրիները Լիբանանի, որ դու տնկեցիր: 17 Այնտեղ երկնքի թռչունները ձագ կհանեն, եւ արագիլի բոյնը նրանց ապաստան կլինի: 18 Բարձր լեռները եղջերուների համար են, իսկ ժայռերը ապաստան են նապաստակների համար: 19 Դու հաստատեցիր լուսինը ժամանակը չափելու համար, արեգակն իմացաւ պահն իր մայրամուտի: 20 Դու խաւարը ստեղծեցիր, ու գիշեր եղաւ, որի մէջ շրջում են բոլոր գազաններն անտառի: 21 Առիւծների կորիւնները մռնչում են ու յօշոտում՝ Աստծուց իրենց ուտելիքը խնդրելով: 22 Արեւածագին նրանք հաւաքւում են եւ հանգում իրենց որջերում: 23 Մարդ մինչեւ երեկոյ գնում է իր գործին ու վաստակին իր ձեռքերի: 24 Որքա՜ն մեծ են գործերը քո, Տէ՛ր, ամէն ինչ իմաստութեամբ ստեղծեցիր դու, եւ աշխարհը լցուեց քո ստեղծածներով: 25 Ահա ծովը՝ մեծ եւ լայնատարած, որի մէջ վխտացող կենդանիներին թիւ չկայ. այնտեղ կան մեծամեծ ու փոքր գազաններ. 26 այնտեղ նաեւ նաւերն են լողում: Այնտեղ է վիշապը, որ դու ստեղծեցիր, որ խաղ անի ծովի հետ: 27 Բոլորը քեզ են սպասում, որ նրանց ուտելիքը ժամանակին տաս: 28 Տալիս ես նրանց, ու նրանք կերակրւում են, բացում ես ձեռքդ եւ քո հաճութեամբ սնում բոլորին: 29 Երբ շրջում ես երեսդ նրանցից, խռովւում են նրանք, երբ նրանցից հանում ես նրանց շունչը, սպառւում եւ հող են դառնում: 30 Ուղարկում ես քո շունչը եւ վերստեղծում նրանց ու նորոգում երեսը երկրի: 31 Թող Տիրոջ փառքը յաւիտեան լինի, եւ Տէրն ուրախանայ իր արարածներով: 32 Նա նայում է երկրին ու դող պատճառում նրան, մերձենում լեռներին, եւ նրանք ծուխ են արձակում: 33 Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի դեռ կամ: 34 Օրհնութիւնն իմ քաղցր կլինի նրան, եւ ես կուրախանամ Տիրոջով: 35 Թող մեղաւորները պակասեն աշխարհից, եւ ամբարիշտներ թող չգտնուեն նրա մէջ: Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը: Ալէլուիա:

104 Ալէլուիա:
1 Գոհութի՛ւն մատուցէք Տիրոջն ու նրա անո՛ւնը կանչեցէք, հեթանոսների մէջ պատմեցէ՛ք գործերը նրա: 2 Օրհնեցէ՛ք ու սաղմո՛ս երգեցէք նրան, պատմեցէ՛ք բոլոր հրաշագործութիւնները նրա: 3 Պարծեցէ՛ք նրա սուրբ անունով, թող ուրախ լինի սիրտը նրանց, ովքեր փնտրում են Տիրոջը: 4 Փնտրեցէ՛ք Տիրոջն ու հզօրացէ՛ք, փնտրեցէ՛ք նրա երեսն ամէն ժամ: 5 Յիշեցէ՛ք հրաշագործութիւնները նրա, սքանչելիքներն ու բերանի պատուիրանները նրա: 6 Աբրահամի՛ սերունդներ, դուք ծառաներն էք նրա, ընտրեալներն էք նրա, դո՛ւք՝ Յակոբի՛ որդիներ: 7 Նա ինքը Տէր Աստուածն է մեր, եւ ողջ աշխարհում են դատաստանները նրա: 8 Իր ուխտը նա յաւիտեան յիշեց եւ իր պատուիրած խօսքը՝ մինչեւ հազար տարի. 9 ուխտ, որ Աբրահամի հետ կնքեց, եւ երդումն իր՝ Իսահակի հետ: 10 Յակոբի համար իր հրամանը հաստատեց եւ Իսրայէլի համար՝ ուխտն իր յաւիտենական: 11 Ասաց. «Ձեզ պիտի տամ երկիրը Քանանի՝ բաժինը ձեր ժառանգութեան»: 12 Երբ սակաւ էին նրանք թուով, տկար էին եւ օտար այդ երկրում, 13 դեգերում էին սերնդից սերունդ, մի թագաւորութիւնից դէպի մի այլ ժողովուրդ, 14 նա թոյլ չտուեց մարդկանց, որ վնասեն նրանց, կշտամբեց թագաւորներին նրանց համար: 15 «Մի՛ մօտեցէք,– ասաց,– իմ օծեալներին եւ մարգարէներիս վնաս մի՛ հասցրէք»: 16 Սովի մատնեց երկիրը նրանց, հացի ամբողջ զօրութիւնը կոտրեց: 17 Նրանց առաջից մարդ ուղարկեց՝ Յովսէփին, որ վաճառուեց որպէս ստրուկ: 18 Նրա ոտքերը ցաւեցրին շղթաների մէջ եւ նրա մարմինը երկաթով պնդացրին, 19 մինչեւ որ նրա խօսքը կատարուեց, եւ Տիրոջ խօսքը փորձեց նրան: 20 Թագաւորը մարդ ուղարկեց ու կապանքներից արձակեց նրան, ժողովրդի իշխանը բաց թողեց նրան, 21 իր տան վրայ նրան տէր կարգեց եւ իր ողջ ունեցուածքի տնօրինող, 22 որպէսզի իր ուզածի պէս խրատի նրանց իշխաններին եւ նրանց ծերերին իմաստուն դարձնի: 23 Իսրայէլը մտաւ Եգիպտոս, Յակոբը պանդխտութեան գնաց երկիրը Քամի: 24 Խիստ բազմացրեց Տէրն իր ժողովրդին եւ նրան իր թշնամիներից զօրեղ դարձրեց: 25 Թշնամիների սիրտը շրջեց, որ ատեն իր ժողովրդին եւ իր ծառաների դէմ նենգութիւն գործեն: 26 Տէրն ուղարկեց իր ծառայ Մովսէսին եւ իր ընտրեալ Ահարոնին՝ 27 տալով նրանց իր նշանների ու սքանչելիքների խօսքը Քամի երկրում: 28 Խաւար ուղարկեց ու խաւարի մէջ թողեց նրանց, քանզի դառնացրին իր խօսքը: 29 Նրանց գետերն արիւն դարձրեց եւ ոչնչացրեց բոլոր ձկները նրանց: 30 Նրանց երկիրն ու նրանց թագաւորների շտեմարանները լցրեց գորտերով: 31 Հրամայեց, եւ շնաճանճ ու մժեղ թափուեցին նրանց երկրի բոլոր սահմաններում: 32 Նրանց անձրեւները կարկտի վերածեց, եւ նրանց երկրում հուր բորբոքուեց: 33 Հարուածեց այգիներն ու թզենիները նրանց եւ փշրեց նրանց երկրի սահմաններում եղած ծառերը բոլոր: 34 Ասաց, եւ եկան մարախ ու խառնիճ, որոնց թիւ չկար: 35 Մարախը կերաւ նրանց երկրի ամբողջ խոտը, սպառեց նրանց դաշտի ամբողջ բերքը: 36 Տէրը հարուածեց եգիպտացիների բոլոր անդրանիկ ծնունդներին՝ իրենց ամբողջ վաստակի առաջնեկներին: 37 Նրանց հանեց Եգիպտոսից ոսկով ու արծաթով, եւ նրանց ցեղի մէջ հիւանդ չկար: 38 Եգիպտոսն ուրախացաւ, որ նրանք դուրս եկան, քանզի Տիրոջ ահն ընկել էր իրենց վրայ: 39 Ցերեկն ամպ սփռեց նրանց ստուերելու համար եւ գիշերը հրով լուսաւորեց նրանց: 40 Նրանք խնդրեցին, ու լորամարգիներ իջան, եւ Տէրը երկնային հացով կշտացրեց նրանց: 41 Հարուածեց ժայռին, ու ջրեր բխեցին, եւ գետեր հոսեցին անապատով: 42 Յիշեց խօսքն իր սուրբ, որ տուել էր իր ծառայ Աբրահամին: 43 Հանեց իր ժողովրդին ցնծութեամբ եւ իր ընտրեալներին՝ ուրախութեամբ: 44 Նրանց տուեց գաւառները հեթանոսների եւ ժողովուրդների վաստակի ժառանգ դարձրեց նրանց, 45 որ պահեն պատուիրաններն իր ու հետեւեն իր օրէնքներին:

105 Ալէլուիա:
1 Գոհութի՛ւն մատուցէք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 2 Ո՞վ պիտի պատմի զօրութիւնը Տիրոջ, լսելի դարձնի նրա ամբողջ օրհնութիւնը: 3 Երանի՜ նրանց, ովքեր իրաւունքն են պահում եւ ամէն ժամ արդարութիւն գործում: 4 Յիշի՛ր մեզ, Տէ՛ր, ի հաճութիւն քո ժողովրդի եւ այցելի՛ր մեզ քո շնորհելիք փրկութեամբ: 5 Տեսնենք բարութիւնը քո ընտրեալների, ուրախանանք քո ազգի ուրախութեամբ ու պարծենանք քո ժառանգութեամբ: 6 Մենք մեր հայրերի հետ մեղանչեցինք, անօրինութիւն եւ յանցանք գործեցինք: 7 Հայրերը մեր Եգիպտոսում չհասկացան քո հրաշագործութիւնները, չյիշեցին քո ողորմութեան առատութիւնը, քեզ բարկացրին Կարմիր ծովն անցնելիս: 8 Նա փրկեց նրանց իր անուան համար, որ ճանաչեն իր զօրութիւնը: 9 Սաստեց Կարմիր ծովին, եւ այն ցամաքեց, նրանց առաջնորդեց անդնդի միջով, ինչպէս անապատով: 10 Նրանց ազատեց իրենց ատողներից եւ նրանց փրկեց իրենց թշնամիների ձեռքից: 11 Ծովը ծածկեց նրանց հալածողներին, եւ սրանցից ոչ ոք չփրկուեց: 12 Հաւատացին նրա խօսքերին եւ օրհներգեցին նրան: 13 Բայց շուտով մոռացան գործերը նրա եւ չանսացին նրա խորհուրդներին: 14 Անապատում ցանկութեամբ վառուեցին ու փորձեցին Աստծուն անջրդի վայրում: 15 Իրենց խնդրածը նա տուեց նրանց եւ լիութիւն ուղարկեց նրանց: 16 Բանակատեղիում բարկացրին Մովսէսին եւ Տիրոջ սրբին՝ Ահարոնին: 17 Գետինը բացուեց ու կլանեց Դադանին, ծածկեց բանակն Աբիրոնի: 18 Հուր բորբոքուեց նրանց հաւաքավայրերում, եւ բոցը լափեց մեղաւորներին: 19 Քորէբում մի հորթ շինեցին եւ երկրպագեցին արձանին: 20 Իրենց փառքը փոխարինեցին խոտակեր հորթի պատկերով: 21 Մոռացան իրենց կեանք տուած Աստծուն, որը մեծ գործեր կատարեց Եգիպտոսում. 22 սքանչելագործութիւններ՝ Քամի երկրում եւ ահաւոր բաներ՝ Կարմիր ծովի վրայ: 23 Ասաց, թէ պիտի ոչնչացնի նրանց, եթէ նրա ընտրեալ Մովսէսն առջեւը կանգնած չլինէր: Նա դիմեց Տիրոջն ու վերացրեց բարկութիւնը նրա, որ նրանք չկոտորուեն: 24 Անարգեցին երկիրը ցանկալի ու չհաւատացին Տիրոջ խօսքին: 25 Տրտնջացին իրենց բանակատեղիում ու չլսեցին ձայնը Տիրոջ: 26 Տէրն իր ձեռքը բարձրացրեց նրանց վրայ, որ նրանց հարուածի անապատում, 27 որ նրանց սերունդը ցրուի հեթանոսների մէջ, նրանց սերունդը ցրուի գաւառներում: 28 Նրանք Բելփեգորին յարեցին, զոհի միս կերան ու մեռելոտի: 29 Բարկացրին Տիրոջն իրենց գործերով, եւ նրանց վրայ կոտորած իջաւ: 30 Ապա Փենէէսը եկաւ մէջտեղ, քաւութիւն տուեց, ու մահը վերջ գտաւ: 31 Նա արդարացի համարուեց սերնդից սերունդ՝ մինչեւ յաւիտենութիւն: 32 Նրան բարկացրին Հակառակութեան ջրերի մօտ, եւ Մովսէսը տանջուեց նրանց պատճառով, 33 քանզի դառնացրել էին նրա հոգին: Նա հրամայեց իր շրթունքներով, 34 եւ չկոտորուեցին այն ազգերը, որոնց մասին ասել էր Տէրը: 35 Խառնուեցին հեթանոսների մէջ ու սովորեցին գործերը նրանց: 36 Ծառայեցին նրանց կուռքերին, որոնք իրենց գայթակղութիւնը դարձան: 37 Իրենց որդիներին ու դուստրերին զոհեցին դեւերին 38 եւ անմեղ արիւն թափեցին՝ արիւնն իրենց որդիների ու դուստրերի, որ զոհեցին Քանանի կուռքերին: 39 Երկիրը շաղախուեց նրանց արեամբ ու պղծուեց նրանց գործերից, քանզի պոռնկացան իրենց ընթացքով: 40 Սրտնեղած բարկացաւ Տէրն իր ժողովրդի վրայ եւ խիստ զզուեց իր ժառանգութիւնից: 41 Նրանց մատնեց հեթանոսների ձեռքը, եւ իրենց ատողները տիրեցին նրանց: 42 Իրենց թշնամիները նեղեցին նրանց, եւ նրանք խեղճացան նրանց ձեռքի տակ: 43 Տէրը շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց չար խորհուրդներով եւ ընկղմուեցին իրենց անօրինութեան մէջ: 44 Տէրը նայեց նրանց նեղութեանը՝ լսելով ձայնը նրանց աղօթքի: 45 Յիշեց ուխտն իր եւ իր առատ ողորմածութեամբ զղջաց: 46 Նրանց գթութեան արժանացրեց իրենց բոլոր գերեվարողների դիմաց: 47 Փրկի՛ր մեզ, Տէ՛ր Աստուած մեր, եւ հաւաքի՛ր մեզ հեթանոսների միջից: Մենք գոհութիւն պիտի մատուցենք քո սուրբ անուանը եւ պիտի պարծենանք քո օրհնութիւններով: 48 Օրհնեալ է Տէր Աստուածն Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. ողջ ժողովուրդը թող ասի. «Թող լինի, թող լինի»:

106 Ալէլուիա:
1 Գոհութի՛ւն մատուցէք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի յաւերժ է ողորմութիւնը նրա: 2 Այսպէս թող ասեն Տիրոջից փրկուածները, որոնց նա ազատեց թշնամու ձեռքից: 3 Բոլոր գաւառներից հաւաքեց նրանց՝ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ ծովի կողմից: 4 Մոլորուեցին նրանք անապատում՝ անջրդի ճանապարհին, եւ բնակուելու քաղաք չգտան: 5 Քաղց զգացին ու ծարաւեցին, եւ նրանց հոգիները նուաղեցին իրենց ներսում: 6 Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա փրկեց նրանց իրենց վշտերից: 7 Առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ գնան քաղաքն իրենց բնակութեան: 8 Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար, 9 քանզի նա յագեցրեց քաղցած հոգիները եւ բարութեամբ լիացրեց կարօտեալ անձանց, 10 որոնք նստած էին խաւարում ու մահուան ստուերների մէջ՝ գամուած աղքատութեանը, ինչպէս երկաթին, 11 քանի որ դառնացրին խօսքն Աստծոյ եւ անարգեցին խորհուրդները Բարձրեալի: 12 Ցաւից սեղմուեցին սրտերը նրանց, տկարացան նրանք ու օգնող չունեցան: 13 Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա ազատեց նրանց իրենց վշտերից: 14 Նրանց փրկեց խաւարից ու մահուան ստուերներից եւ փշրեց շղթաները նրանց: 15 Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար, 16 քանզի նա փշրեց դռները պղնձեայ եւ երկաթեայ նիգերը խորտակեց: 17 Օգնեց նրանց, երբ իրենց անօրինութեան ճանապարհին էին, քանզի սաստիկ խեղճացել էին իրենց մեղքերից: 18 Ամէն տեսակ կերակրից գարշեց սիրտը նրանց, եւ նրանք մօտեցան մահուան դռներին: 19 Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա ազատեց նրանց իրենց վշտերից: 20 Առաքեց իր խօսքն ու բուժեց նրանց եւ փրկեց նրանց իրենց ապականութիւնից: 21 Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար: 22 Թող նրան օրհնութեան պատարագ մատուցեն եւ ցնծութեամբ նրա գործերը պատմեն: 23 Ովքեր ծով էին իջնում նաւերով եւ մեծ ջրերում գործեր կատարում, 24 նրանք տեսան Տիրոջ արարքները եւ նրա հրաշագործութիւններն անդնդի խորքերում: 25 Հրամայեց, եւ հողմ ու մրրիկ ելաւ, եւ բարձրացան ալիքները նրա: 26 Մարդիկ բարձրացան երկինք ու անդունդ իջան, եւ նրանց հոգիները մաշուեցին իրենց ներսում, 27 խռովուեցին նրանք, երերացին հարբածի պէս, եւ նրանց ողջ իմաստութիւնը կուլ գնաց: 28 Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա փրկեց նրանց իրենց վշտերից: 29 Մրրիկը վերածեց խաղաղ օդի, եւ ալիքները դադարեցին: 30 Նրանք ուրախացան, որ ալիքները հանդարտուեցին, եւ նա նրանց իրենց ուզած նաւահանգիստն առաջնորդեց: 31 Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար: 32 Թող պանծացնեն նրան ժողովուրդների հաւաքներում եւ ծերերի ատեաններում օրհնեն նրան, 33 քանզի գետերը ցամաքի վերածեց եւ ջրերի ընթացքը՝ ծարաւած հողի: 34 Պտղաբեր երկիրն աղուտ դարձրեց նրա բնակիչների չարութեան դիմաց: 35 Անապատը վերածեց ջրառատ վայրի եւ ծարաւած հողը՝ հոսող ջրերի: 36 Այնտեղ բնակեցրեց քաղցեալներին, որոնք իրենց համար բնակութեան քաղաք շինեցին: 37 Վարեցին արտերը, այգիներ տնկեցին եւ բերք աճեցրին իրենց համար: 38 Տէրն օրհնեց նրանց, ու խիստ բազմացան, եւ նրանց անասունները չպակասեցին: 39 Նուազեցին նրանք եւ տանջուեցին չարիքների նեղութիւնից ու վշտերից: 40 Անարգանք թափուեց նրանց իշխանների վրայ, Տէրը մոլորեցրեց նրանց ճանապարհազուրկ անապատներում: 41 Տնանկներին օգնեց աղքատութեան մէջ, ոչխարների պէս առաջնորդեց նրանց, որ ազգ դառնան: 42 Թող արդարները տեսնեն եւ ուրախանան, եւ բոլոր անօրէնները փակեն բերաններն իրենց: 43 Ո՞վ է իմաստունն այն, որ պիտի պահպանի սա եւ հասկանայ ողորմութիւնը Տիրոջ:

107
1 Դաւթի օրհնութեան սաղմոսը: 2 Պատրաստ է սիրտն իմ, Աստուա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու եւ սաղմոսերգելու քեզ իմ փառաբանութեամբ: 3 Արթնացի՛ր, փա՛ռք իմ, արթնացի՛ր սաղմոսով եւ օրհնութեամբ, եւ ես կարթնանամ առաւօտեան: 4 Գոհութիւն կմատուցեմ քեզ ժողովուրդների մէջ, Տէ՛ր, եւ ազգերի մէջ սաղմոս կերգեմ քեզ: 5 Մեծ է քո ողորմութիւնը եւ երկնքից բարձր, եւ քո ճշմարտութիւնը հասնում է ամպերին: 6 Դու երկինք ես բարձրացած, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո: 7 Որպէսզի սիրելիներդ փրկուեն, պահպանի՛ր քո աջով եւ լսի՛ր մեզ: 8 Աստուած խօսեց իր սրբարանից. «Ես պիտի բարձրանամ, բաժանեմ Սիւքէմը եւ Վրանների հովիտը պիտի չափեմ: 9 Իմն է Գաղաադը, եւ իմն է Մանասէն, Եփրեմն իմ գլխի սաղաւարտն է: 10 Յուդան թագաւորս է, Մովաբը՝ աւազանը յոյսիս: Դէպի Եդոմէ պիտի ուղղեմ երթն իմ. եւ այլազգիներն ինձ հնազանդուեցին»: 11 Ո՞վ ինձ կտանի բերդաքաղաք կամ ո՞վ ինձ կառաջնորդի մինչեւ Եդոմէ, 12 եթէ ոչ՝ դու, Աստուա՛ծ, որ լքեցիր մեզ եւ մեր զօրքերի հետ դուրս չելար, Աստուա՛ծ: 13 Նեղութեան մէջ օգնութի՛ւն տուր մեզ, քանզի ունայն է փրկութիւնը մարդու: 14 Աստծով զօրութիւն կստեղծենք, եւ նա ամօթահար կանի մեր թշնամիներին:

108
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի: 2 Ո՛վ իմ օրհնութեան Աստուած, մի՛ լռիր, քանզի մեղաւորի բերանը՝ բերանը նենգաւորի, բացուեց ինձ վրայ: Խօսեցին իմ մասին նենգամիտ լեզուով 3 եւ ատելութեան խօսքերով պաշարեցին ինձ՝ յանիրաւի մարտնչելով իմ դէմ: 4 Սիրուս փոխարէն մեղադրեցին ինձ, բայց ես աղօթքի կանգնեցի: 5 Հատուցեցին ինձ չար բարու փոխարէն եւ իմ սիրոյ դիմաց՝ ատելութիւն: 6 Նրա դէմ մի չարագո՛րծ հանիր, եւ սատանան թող կանգնի նրա աջ կողմում: 7 Իր դատաստանից թող նա յանցապարտ դուրս գայ, եւ նրա աղօթքը մեղք թող համարուի: 8 Թող նուազեն օրերը նրա, եւ նրա պաշտօնը թող ուրիշն առնի: 9 Նրա որդիները թող որբ դառնան, իսկ նրա կինն՝ այրի: 10 Նրա որդիները թող թափառական շրջեն ու մուրացիկ լինեն եւ թող նրանք հեռանան իրենց բնակավայրից: 11 Պարտատէրը թող խուզարկի ողջ ունեցուածքը նրա, օտարները թող յափշտակեն վաստակը նրա: 12 Թող ոչ ոք աջակից չլինի նրան եւ նրա որբերին ոչ ոք չգթայ: 13 Թող նրա որդիները կոտորուեն, եւ նրա անունը թող ջնջուի սերնդի միջից: 14 Թող Տիրոջ առջեւ յիշուեն նրա հօր մեղքերը եւ նրա մօր մեղքերը չսրբուեն: 15 Թող նրանք ամէն ժամ Տիրոջ առջեւ լինեն, եւ նրանց յիշատակը թող վերանայ երկրից, 16 քանզի նա ողորմութիւն անելը չյիշեց, հալածեց աղքատ ու տնանկ մարդուն, որ կործանի նրան, ով խոնարհ է սրտով: 17 Նա, որ անէծք սիրեց, թող այն իրեն դիպչի, նա, որ չուզեց օրհնութիւն, թող այն հեռու լինի նրանից: 18 Անէծքը, որ նա հագաւ ինչպէս հանդերձ, թող ջրի պէս լցուի նրա փորը եւ ձէթի պէս՝ նրա ոսկորների մէջ: 19 Թող նրա համար հագնելու զգեստ լինի այն եւ մէջքին կապելու մշտական գօտի: 20 Այս է վարձը նրանց, ովքեր բամբասում էին ինձ Տիրոջ առջեւ եւ ովքեր չարախօսում էին իմ մասին: 21 Բայց դու, Տէ՛ր, Տէ՛ր, ինձ հետ վարուի՛ր, ինչպէս վայել է անուանդ, քանզի քաղցր է ողորմութիւնը քո: 22 Եւ փրկի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես, եւ սիրտս խռովուած է իմ ներսում: 23 Ստուերի պէս երկարելով սպառուեցի եւ թափ տրուեցի ինչպէս մարախ: 24 Ծնկներս թուլացան ծոմապահութիւնից, եւ գունաթափուեց մարմինս իւղի պակասից: 25 Ես նրանց նախատինքը դարձայ, տեսան ինձ ու շարժեցին գլուխներն իրենց: 26 Օգնի՛ր ինձ, Տէ՛ր Աստուած իմ, եւ փրկի՛ր ինձ քո ողորմութեամբ: 27 Թող իմանան, որ քո ձեռքն այս է, եւ որ, Տէ՛ր, դու արեցիր այս: 28 Թող նրանք անիծեն, բայց դու օրհնի՛ր. ինձ վրայ յարձակուողները թող ամօթահար լինեն, բայց քո ծառան թող ուրախանայ քեզնով: 29 Իմ մասին չարախօսողները թող ամօթ հագնեն եւ իրենց ամօթը թիկնոցի պէս կրեն իրենց վրայ: 30 Իսկ ես մեծ գոհութիւն պիտի մատուցեմ Տիրոջն իմ բերանով, բազմութիւնների մէջ պիտի օրհնեմ քեզ, 31 քանզի նա կանգնեց տնանկիս աջ կողմը, որ փրկի ինձ նրանցից, ովքեր հալածում են ինձ:

109 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի:
1 Տէրն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դարձնեմ»: 2 Տէրը քեզ իշխանութեան գաւազան կուղարկի Սիոնից, եւ դու կիշխես քո թշնամիների մէջ: 3 Քեզնով է սկսւում զօրացումն իմ օրերի, քո սրբերի վայելչութեամբ. քեզ արշալոյսից առաջ ծնեցի արգանդից: 4 Երդուեց Տէրը եւ չի զղջայ, որ դու յաւիտենական քահանայ ես ըստ Մելքիսեդեկի կարգի: 5 Եւ Տէրը, որ քո աջ կողմում է, բարկութեան օրը կկործանի թագաւորներին: 6 Կդատի հեթանոսներին ու կբազմացնի իր հարուածները եւ շատերի գլուխը կջախջախի երկրի վրայ: 7 Ճանապարհին նա կխմեցնի հեղեղատի ջրերից եւ դրա համար էլ գլուխները վեր կպահի:

110 Ալէլուիա:
1 Ամբողջ սրտովս քեզ պիտի գոհութիւն մատուցեմ, Տէ՛ր, արդարների ժողովում, հաւաքոյթի մէջ: 2 Մեծ են գործերը Տիրոջ, եւ քննուած է նրա կամքը ամէն ինչում: 3 Փառաւոր եւ վայելուչ են նրա գործերը, նրա արդարութիւնը կտեւի յաւիտեանս յաւիտենից: 4 Արդարներին նա յիշեցրեց իր հրաշագործութիւնները. ողորմած եւ գթասիրտ է Տէրը: 5 Կերակուր է տալիս իրենից երկիւղ կրողերին, յաւիտեան յիշում իր ուխտը: 6 Իր գործերի զօրութիւնը յայտնեց նա իր ժողովրդին՝ նրանց տալով ժառանգութիւնը հեթանոսների: 7 Նրա ձեռքի գործերն արդար են ու իրաւացի, նրա բոլոր պատուիրանները՝ վստահելի: 8 Հաստատուած են դրանք յաւիտեանս յաւիտենից, ստեղծուած ճշմարտութեամբ եւ արդարութեամբ: 9 Տէրը փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին, յաւիտեանս պատգամեց իր ուխտը. սուրբ եւ ահեղ է նրա անունը: 10 Զգօնութեան սկիզբը երկիւղն է Տիրոջ հանդէպ, բարեմիտ են բոլոր նրանք, որ գործադրում են այն. նրա օրհնութիւնը կմնայ յաւիտեանս յաւիտենից:

111 Ալէլուիա:
1 Երանի՜ այն մարդուն, որ վախենում է Տիրոջից եւ խիստ կամեցող է նրա պատուիրանների: 2 Նրա սերունդը հզօր կլինի երկրի վրայ, եւ ուղղամիտների ազգը կօրհնուի: 3 Փառք եւ հարստութիւն կլինի նրա տան մէջ, նրա արդարութիւնը կմնայ յաւիտեանս յաւիտենից: 4 Արդարների համար լոյս ծագեց խաւարում. ողորմած, գթասիրտ եւ արդար է Տէրը: 5 Բարի մարդը ողորմած է եւ փոխ է տալիս, խօսքն իր կատարում արդարութեամբ, 6 որպէսզի յաւէտ նա չսասանուի, յաւիտեան մնայ յիշատակն արդարի: 7 Չար լուրից նա չի վախենայ, նրա սիրտը պատրաստ է յոյս դնելու Աստծոյ վրայ: 8 Հաստատուն է սիրտը նրա եւ չի սոսկայ, մինչեւ իր թշնամիների վերջը չտեսնի: 9 Բաժանեց նա ու տուեց աղքատներին. նրա արդարութիւնը կմնայ յաւիտեանս յաւիտենից, եւ նրա եղջիւրը բարձր կլինի փառքով: 10 Մեղաւորը, տեսնելով, կբարկանայ, կկրճտացնի ատամներն իր ու հալումաշ կլինի, եւ մեղաւորների ցանկութիւնը կկորչի:

112 Ալէլուիա:
1 Օրհնեցէ՛ք Տիրոջը, երիտասարդնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ: 2 Թող Տիրոջ անունն օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան: 3 Արեւելքից մինչեւ արեւմուտք օրհնեալ լինի անունը Տիրոջ: 4 Բարձր է Տէրը բոլոր ազգերից վեր, եւ երկնքում է փառքը նրա: 5 Ո՞վ է նման մեր Տէր Աստծուն, որ բնակւում է բարձունքներում: 6 Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրայ: 7 Բարձրացնում է աղքատներին գետնից եւ տառապեալներին վեր քաշում աղբանոցից: 8 Նրանց որպէս իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին: 9 Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մէջ՝ իբրեւ մայր, որ հրճւում է զաւակներով:

113 Ալէլուիա:
1 Երբ իսրայէլացիները ելան Եգիպտոսից, Յակոբի տունը՝ օտար ժողովրդի միջից, 2 Հրէաստանը եղաւ սրբարանը նրա, եւ Իսրայէլը՝ իշխանութիւնը նրա: 3 Ծովը տեսաւ ու փախաւ, եւ Յորդանան գետը ետ դարձաւ: 4 Լեռները ցնծացին խոյերի պէս, եւ բլուրները՝ ինչպէս մաքիների գառներ: 5 Ի՞նչ եղաւ քեզ, ծո՛վ, ո՞ւմ տեսար ու փախար, կամ դո՛ւ, գե՛տ Յորդանանի, ինչո՞ւ ետ դարձար: 6 Լեռնե՛ր, ցնծացիք ինչպէս խոյեր, եւ, բլուրնե՛ր, ինչպէս մաքիների գառներ: 7 Երկիրը սասանուեց Տիրոջ դիմաց՝ Յակոբի Աստծոյ դիմաց, նրա դիմաց, 8 ով ժայռը դարձրեց ջրի վտակ եւ ապառաժն՝ աղբիւրի ակունք:

1 Ոչ թէ մեզ, Տէ՛ր, ոչ թէ մեզ, այլ քո անուա՛նը փառք տուր քո ողորմութեան եւ ճշմարտութեան համար: 2 Թող երբեք հեթանոսների մէջ չասեն, թէ՝ «Նրանց Աստուածն ո՞ւր է»: 3 Մեր Աստուածը երկնքում է եւ երկրի վրայ. ինչ որ նա ուզեց, արեց: 4 Հեթանոսների կուռքերը ոսկի եւ արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների: 5 Բերան ունեն, բայց չեն խօսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում: 6 Ականջներ ունեն, բայց չեն լսում, քիթ ունեն, բայց չեն հոտոտում: 7 Ձեռքեր ունեն, բայց չեն շօշափում, ոտքեր ունեն, բայց չեն քայլում, եւ նրանց կոկորդում ձայն չկայ: 8 Նրանց նման կլինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ իրենց յոյսը դնում են դրանց վրայ: 9 Իսրայէլի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ, որը նրա օգնականն ու ապաւէնն է: 10 Ահարոնի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ, որը նրա օգնականն ու ընկերակիցն է: 11 Տիրոջից երկիւղ կրողները յոյսը դրեցին Տիրոջ վրայ, որը նրանց օգնականն ու փրկիչն է: 12 Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ, Տէրն օրհնեց տունն Իսրայէլի, Տէրն օրհնեց տունն Ահարոնի: 13 Տէրն օրհնեց իրենից երկիւղ կրողներին՝ փոքրերին ու մեծերին: 14 Տէրը պիտի լիացնի ձեզ՝ ձեզ եւ ձեր որդիներին: 15 Օրհնուած էք դուք Տիրոջից, որ երկինքն ու երկիրը ստեղծեց: 16 Երկինքների երկինքը Տիրոջն է, բայց երկիրը նա տուեց մարդկանց որդիներին: 17 Մեռելները չէ, որ պիտի օրհնեն քեզ, ոչ էլ՝ բոլոր նրանք, ովքեր դժոխք են իջնում, 18 այլ ողջերս Տիրոջը պիտի օրհնենք այսուհետեւ մինչեւ յաւիտեան:

114 Ալէլուիա:
1 Հաճելի է ինձ, որ Տէրը լսեց ձայնն իմ աղօթքի: 2 Ականջն իր մօտեցրեց ինձ, եւ ես իմ օրերում նրան դիմեցի: 3 Ինձ պատեց երկունքը մահուան, եւ դժոխքի վշտերն ինձ բռնեցին: Նեղութիւն եւ անձկութիւն գտայ 4 եւ Տիրոջ անունը կանչեցի՝ ասելով. «Ո՛վ Տէր, փրկի՛ր ինձ»: 5 Գթառատ եւ արդար է մեր Տէր Աստուածը: 6 Տէրը ողորմում եւ պահպանում է մանուկներին. ես խոնարհ եղայ, եւ Տէրն ինձ փրկեց: 7 Դարձի՛ր, հոգի՛դ իմ, դէպի հանգիստը քո, քանզի Տէրն օգնեց քեզ: 8 Նա ինձ փրկեց մահուանից, աչքերս՝ արտասուքից եւ ոտքերս՝ սայթաքումից: 9 Թող ոջերի երկրում հաճելի լինեմ Տիրոջ առջեւ:

115 Ալէլուիա:
10 Ինչ որ խօսեցի, հաւատացի դրան եւ չափազանց խղճալի եղայ: 11 Զարմանքիս մէջ ասացի. «Ամէն մարդ սուտ է»: 12 Ի՞նչ հատուցում պիտի անեմ Տիրոջն այն ամէնի համար, որ ինձ տուեց: 13 Փրկութեան բաժակը պիտի վերցնեմ եւ Տիրոջ անունը կանչեմ: 14 Աղօթքս Տիրոջը պիտի մատուցեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ: 15 Տիրոջ աչքում յարգելի է մահն իր սրբերի: 16 Ո՛վ Տէր, ես քո ծառան եմ, քո ծառան եւ քո աղախնի որդին: 17 Դու քանդեցիր իմ կապերը, ես քեզ օրհնութեան պատարագ պիտի մատուցեմ եւ Տիրոջ անունը կանչեմ: 18 Աղօթքս Տիրոջը պիտի նուիրեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ, 19 Տիրոջ տան սրահներում եւ քո մէջ, Երուսաղէ՛մ:

116 Ալէլուիա:
1 Օրհնեցէ՛ք Տիրոջը, բոլո՛ր ազգեր, գովեցէ՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ: 2 Թող նրա ողորմութիւնը հաստատուի մեզ վրայ, Տիրոջ ճշմարտութիւնը յաւիտեան թող մնայ:

117 Ալէլուիա:
1 Գոհութի՛ւն մատուցէք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է ողորմութիւնը նրա: 2 Տունն Իսրայէլի թող ասի, որ բարի է նա, որ յաւերժ է ողորմութիւնը նրա: 3 Տունն Ահարոնի թող ասի, որ բարի է նա, որ յաւերժ է ողորմութիւնը նրա: 4 Տիրոջից երկիւղ կրողները թող ասեն, որ բարի է նա, որ յաւերժ է ողորմութիւնը նրա: 5 Նեղութեան ժամանակ ես Տիրոջը կանչեցի, նա լսեց ինձ եւ հանդարտութեան առաջնորդեց: 6 Տէրն օգնականն է իմ, եւ ես չեմ երկնչի. մարդն ինձ ի՞նչ կարող է անել: 7 Տէրն օգնականն է իմ, եւ ես կտեսնեմ վախճանն իմ թշնամիների: 8 Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել մարդկանց վրայ: 9 Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել իշխանների վրայ: 10 Բոլոր ազգերը շրջապատեցին ինձ, բայց Տիրոջ անուամբ յաղթեցի նրանց: 11 Շուրջբոլորս բռնեցին, միահամուռ պաշարեցին ինձ, բայց Տիրոջ անուամբ վանեցի նրանց: 12 Մեղուների պէս շուրջս լցուեցին, վառուեցին, բորբոքուեցին ինչպէս հրաճարակ փուշ, բայց Տիրոջ անուամբ վանեցի նրանց: 13 Երբ ինձ հրեցին, ես սասանուեցի եւ մօտ էի գլորուելու, բայց Տէրը բռնեց ինձ: 14 Իմ զօրութիւնն ու օգնութիւնն է Տէրը, նա իմ փրկութիւնը եղաւ: 15 Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարների սրահներում: 16 Տիրոջ աջը զօրութիւն գործեց, Տիրոջ աջը բարձրացրեց ինձ եւ Տիրոջ աջը զօրութիւն գործեց: 17 Չպիտի մեռնեմ, այլ պիտի ապրեմ եւ Տիրոջ գործերը պիտի պատմեմ: 18 Տէրն ինձ խրատելով պատժեց, բայց չմատնեց մահուան: 19 Բացէ՛ք արդարութեան դռներն իմ առաջ, որ մտնեմ ներս ու Տիրոջը գոհութիւն մատուցեմ: 20 Տիրոջ դուռն է սա, եւ արդարները այս դռնով պիտի մտնեն: 21 Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի լսեցիր ինձ եւ ինձ համար փրկութիւն եղար: 22 Քարն այն, որ շինարարներն արհամարհեցին, այն դարձաւ անկիւնաքար: 23 Տիրոջից եղաւ այս բանը եւ սքանչելի է մեր աչքերին: 24 Սա է օրն այն, որ Տէրը ստեղծեց. եկէք ցնծանք եւ ուրախանանք այսօր: 25 Ո՛վ Տէր, փրկի՛ր, ո՛վ Տէր, առաջնորդի՛ր: 26 Օրհնեալ ես դու, որ պիտի գաս Տիրոջ անունով, մենք օրհնեցինք քեզ Տիրոջ տնից: 27 Մեր Տէր Աստուածը երեւաց մեզ, կատարեցէ՛ք տօնն ուրախութեան մատղաշ ճիւղերով՝ մուտքից մինչեւ անկիւնները սեղանի: 28 Դու իմ Աստուածն ես, պիտի գոհութիւն մատուցեմ քեզ, դու իմ Աստուածն ես, պիտի մեծարեմ քեզ: Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի լսեցիր ինձ եւ ինձ համար փրկութիւն եղար: 29 Գոհութիւն մատուցենք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը նրա:

118 Ալէլուիա:
1 Երանի՜ նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել եւ ընթանում են Տիրոջ օրէնքով: 2 Երանի՜ նրանց, ովքեր հետեւում են նրա պատուիրաններին, իրենց ամբողջ սրտով փնտրում են նրան: 3 Անօրինութիւն գործողները չեն, որ պիտի ընթանան նրա ճանապարհներով: 4 Դու հրամայեցիր, որ քո պատուիրանները խստօրէն պահեմ: 5 Իմ ճանապարհները յաջող կլինեն, եթէ քո պատուիրանները պահեմ: 6 Այն ժամանակ ես չէի ամաչում, երբ զգոյշ էի քո պատուիրանների հանդէպ: 7 Ես գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, ուղիղ սրտով՝ սովորելով քո արդար դատաստանները: 8 Պահեցի ես քո օրէնքները, իսպառ մի՛ լքիր ինձ: 9 Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթէ ոչ՝ քո խօսքերը պահելով: 10 Իմ ամբողջ սրտով քեզ փնտրեցի, մի՛ զրկիր ինձ քո պատուիրաններից: 11 Քո խօսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ քո դէմ: 12 Օրհնեալ ես դու, Տէ՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո օրէնքները, 13 որ շրթունքներով իմ պատմեմ բերանիդ բոլոր դատաստանները: 14 Քո պատուիրանների ճանապարհին եմ գտնում ես իմ ուրախութիւնը աւելի, քան ամէն տեսակ հարստութեան մէջ: 15 Քո պատուիրանների մասին խորհեցի, հետեւեցի քո ճանապարհներին: 16 Քո օրէնքները կատարեցի եւ չմոռացայ խօսքերը քո: 17 Հատուցի՛ր քո ծառային, որ ապրեմ ու պահեմ խօսքերը քո: 18 Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրէնքի հրաշալիքները: 19 Պանդուխտ եմ ես երկրի երեսին, պատուիրաններդ մի՛ թաքցրու ինձնից: 20 Ես փափագեցի ամէն ժամ ցանկանալ քո դատաստանները: 21 Դու սաստեցիր ամբարտաւաններին. անիծեալ են նրանք, ովքեր խոտորուեցին քո պատուիրաններից: 22 Հեռացրո՛ւ ինձնից նախատինքն ու արհամարհանքը, քանզի ես նախանձախնդիր եղայ քո վկայութիւններին: 23 Թէեւ իշխանները նստած չարախօսում էին իմ մասին, բայց քո ծառան խորհում էր քո օրէնքների մասին: 24 Քո վկայութիւններն իմ խօսքերն էին, եւ քո արդարութիւնն՝ իմ խորհուրդը: 25 Հոգիս մերձեցաւ հողին. Տէ՛ր, ըստ քո խոստման՝ փրկի՛ր ինձ: 26 Իմ ճանապարհների մասին պատմեցի քեզ, ու դու ինձ լսեցիր. դատաստաններդ սովորեցրո՛ւ ինձ: 27 Ինձ ճանաչե՛լ տուր քո արդարութիւնների ճանապարհը, որ խորհեմ քո հրաշագործութիւնների մասին: 28 Հոգիս անքուն մնաց ձանձրոյթից, ըստ քո խոստման՝ ամրապնդի՛ր ինձ: 29 Մեղքի ճանապարհները հեռացրո՛ւ ինձնից եւ քո օրէնքով ողորմի՛ր ինձ: 30 Քո ճշմարտութեան ճանապարհն ընտրեցի եւ քո օրէնքները ես չմոռացայ: 31 Մերձեցայ քո պատուիրաններին. Տէ՛ր, մի՛ ամաչեցրու ինձ: 32 Քո պատուիրանների ճանապարհով ընթացայ, քանզի անդորրութիւն տուեցիր իմ սրտին: 33 Տէ՛ր, իրաւունքիդ ճանապարհի օրէնսգէ՛տն ինձ դարձրու, որ ամէն ժամ հետեւեմ դրան: 34 Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ քո օրէնքը եւ ամբողջ սրտովս պահպանեմ այն: 35 Առաջնորդի՛ր ինձ քո պատուիրանների շաւիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ: 36 Սիրտս հակի՛ր դէպի քո պատուիրանները եւ ոչ թէ՝ դէպի ագահութիւն: 37 Շրջի՛ր աչքերս, որ ունայնութիւն չտեսնեմ, ինձ պահպանի՛ր քո ճանապարհին: 38 Քո ծառայի համար հաստատի՛ր քո խօսքը, որ քո երկիւղի մէջ մնամ: 39 Ազատի՛ր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո: 40 Ահա ցանկացայ քո պատուիրանները, քո արդարութեամբ պահպանի՛ր ինձ: 41 Ողորմութիւնդ ինձ վրայ թող գայ, Տէ՛ր, եւ փրկութիւնդ՝ ըստ քո խոստման: 42 Ես խօսքով պատասխան կտամ ինձ նախատողներին, քանզի յոյսս դրեցի քո խօսքերի վրայ: 43 Ճշմարտութեան խօսքը բնաւ մի՛ հեռացրու իմ բերանից, քանզի յոյսս դրեցի քո դատաստանների վրայ: 44 Քո օրէնքը պահեցի ամէն ժամ՝ յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից: 45 Ես ընթացայ անդորրութեան մէջ, քանզի քո պատուիրանները փնտրեցի: 46 Թագաւորների առաջ խօսեցի քո պատուիրանների մասին ու չամաչեցի: 47 Խորհեցի քո պատուիրանների մասին, որոնք սիրեցի: 48 Ձեռքս պարզեցի դէպի պատուիրանները քո, որոնք սիրեցի, եւ խորհեցի քո արդարութեան մասին: 49 Յիշի՛ր քո ծառային տուած խօսքը, որի վրայ էլ դրեցիր իմ յոյսը: 50 Դա է թշուառութեանս մէջ ինձ մխիթարողը, քանզի քո խօսքն ինձ պահպանեց: 51 Ամբարտաւանները շատ անիրաւութիւն գործեցին իմ դէմ, բայց ես քո օրէնքից չխոտորուեցի: 52 Քո յաւերժական օրէնքները յիշեցի, Տէ՛ր, ու մխիթարուեցի: 53 Տրտմութիւն իջաւ ինձ վրայ մեղաւորների ու քո օրէնքը լքողների երեսից: 54 Պատուիրաններդ գովասանքի արժանի են ինձ համար իմ պանդխտավայրում: 55 Գիշերը յիշեցի քո անունը, Տէ՛ր, եւ քո օրէնքը պահեցի: 56 Դա եղաւ կեանքիս ուղին, քանզի քո արդարութիւնը փնտրեցի: 57 Բաժինս դու ես, Տէ՛ր. ասացի, որ օրէնքիդ պիտի հետեւեմ: 58 Ամբողջ սրտովս աղօթեցի քո դիմաց, ողորմի՛ր ինձ ըստ քո խոստման: 59 Իմ ճանապարհի մասին խորհեցի եւ քայլերս դէպի քո պատուիրանները շրջեցի: 60 Պատրաստուեցի եւ չվախեցայ պահել քո պատուիրանները: 61 Մեղքի ցանցերը պատեցին ինձ, բայց քո օրէնքը ես չմոռացայ: 62 Կէսգիշերին ելնում էի գոհութիւն մատուցելու քեզ քո արդար դատաստանների համար: 63 Հաղորդակցւում էի քեզնից երկիւղ կրող բոլոր մարդկանց հետ, ովքեր պահում են պատուիրանները քո: 64 Երկիրը լցուել է Տիրոջ ողորմութեամբ, սովորեցրո՛ւ ինձ արդարադատութիւնը քո: 65 Քաղցրութեամբ վարուեցիր ծառայիդ հետ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն: 66 Քաղցրութիւն, խրատ եւ գիտութի՛ւն սովորեցրու ինձ, քանզի հաւատացի քո պատուիրաններին: 67 Քանի դեռ չէի խեղճացել, մեղանչում էի, դրա համար խստօրէն հետեւեցի քո խօսքերին: 68 Քաղցր ես դու, Տէ՛ր, եւ քո քաղցրութեամբ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ: 69 Ամբարտաւանների անիրաւութիւններն իմ դէմ շատացան, բայց ես ամբողջ սրտովս քո պատուիրանները քննեցի: 70 Կաթի պէս թանձրացաւ սիրտը նրանց, բայց ես քո օրէնքներով խօսեցի: 71 Լաւ է, որ դու խոնարհ դարձրիր ինձ, որպէսզի քո արդարադատութիւնը սովորեմ: 72 Քո բերանից ելած օրէնքն ինձ համար աւելին է, քան հազարներով արծաթ ու ոսկի: 73 Քո ձեռքերն արարեցին ու ստեղծեցին ինձ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ սովորեմ պատուիրանները քո: 74 Քեզնից երկիւղ կրողները պիտի տեսնեն ինձ եւ ուրախանան, քանզի յոյսս դրեցի քո խօսքերի վրայ: 75 Հասկացայ, Տէ՛ր, որ քո դատաստանն արդար է, եւ իրաւացիօրէն խոնարհ դարձրիր ինձ: 76 Ողորմութիւնդ թող ինձ մխիթարութիւն լինի՝ ծառայիդ տրուած խօսքիդ համաձայն: 77 Գթութիւններդ թող ինձ վրայ գան, որպէսզի փրկուեմ, քանզի քո օրէնքներն են իմ խօսքերը: 78 Ամբարտաւանները պիտի ամաչեն, որ իզուր անիրաւութիւն գործեցին իմ դէմ, իսկ ես քո պատուիրանների մասին պիտի խորհեմ: 79 Թող ինձ խրատեն քեզնից երկիւղ կրողները եւ քո վկայութիւնները ճանաչողները: 80 Թող սիրտս անբիծ լինի քո արդարութեան մէջ, որպէսզի չամաչեմ: 81 Հոգիս կարօտեց քո փրկութեանը, քանզի յոյսս դրեցի քո խօսքի վրայ: 82 Աչքերս սպասեցին քո խօսքին, ասացի. «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»: 83 Եղայ ես, ինչպէս տիկը սառնամանիքում, քանի որ քո արդարադատութիւնը չմոռացայ: 84 Որքա՞ն են քո ծառայի օրերը, ե՞րբ պիտի տեսնես դատաստանն ինձ հալածողների: 85 Անօրէններն ինձ խորհուրդներ տուեցին, բայց ոչ՝ քո օրէնքի համեմատ: 86 Քո բոլոր պատուիրանները ճշմարիտ են, իզուր ինձ հալածեցին, օգնի՛ր ինձ: 87 Մի փոքր եւս, եւ նրանք կորստեան կմատնէին ինձ երկրի երեսին, բայց ես չլքեցի քո պատուիրանները: 88 Քո ողորմութեամբ կեա՛նք տուր ինձ, եւ ես կպահպանեմ քո բերանի վկայութիւնները: 89 Քո խօսքը, Տէ՛ր, յաւիտեան երկնքում է: 90 Սերնդից սերունդ մնում է քո ճշմարտութիւնը, դու հաստատեցիր երկիրը, որ կայ: 91 Քո հրամանին է սպասում ցերեկը, քանզի բոլորը քո ծառաներն են: 92 Եթէ քո օրէնքն իմ խօսքը չլինէր, վաղուց ես կործանուած կլինէի իմ թշուառութեան մէջ: 93 Յաւիտեան չպիտի մոռանամ քո արդարութիւնները, քանզի դրանցո՛վ ինձ պահպանեցիր: 94 Քոնն եմ ես, փրկի՛ր ինձ, քանզի արդարադատութիւնդ փնտրեցի: 95 Մեղաւորները հետամտեցին, որ կործանեն ինձ, քանզի մտքումս քո վկայութիւնները դրեցի: 96 Ամէն կատարելութեան վախճանը տեսայ, քո պատուիրանները խիստ ընդարձակ էին ինձ համար: 97 Որքա՜ն սիրեցի օրէնքները քո, նրանք գիշեր-ցերեկ իմ խոհերն էին: 98 Թշնամիներիցս աւելի խելացի դարձրիր ինձ քո պատուիրաններով, քանզի նրանք իմն էին միշտ: 99 Բոլոր ուսուցիչներիցս աւելի իմաստուն եղայ, քանզի քո վկայութիւններն իմ խոհերն էին: 100 Ծերունիներից աւելի իմաստուն դարձայ, քանզի քո պատուիրանները քննեցի: 101 Ոտքերս ետ պահեցի չարիքի բոլոր ճանապարհներից, որպէսզի պահեմ քո խօսքերը: 102 Քո իրաւունքից չխոտորուեցի, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր: 103 Որքա՜ն քաղցր են քո խօսքերն իմ քիմքին. աւելի քաղցր, քան մեղրն իմ բերանին: 104 Քո պատուիրաններով իմաստնանալով՝ ատեցի չարիքի բոլոր ճանապարհները, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր: 105 Քո խօսքը ճրագ է իմ ոտքերի համար եւ լուսաւորում է իմ շաւիղները: 106 Երդուեցի ու որոշեցի, որ պիտի պահեմ քո բոլոր արդար դատաստանները: 107 Սաստիկ թշուառ եղայ. Տէ՛ր, կեա՛նք տուր ինձ ըստ քո խոստման: 108 Բարեհաճի՛ր ընդունել ընծան իմ բերանի, Տէ՛ր, եւ քո իրաւունքն ինձ սովորեցրո՛ւ: 109 Հոգիս ամէն ժամ քո ձեռքում է, եւ ես քո օրէնքը չմոռացայ: 110 Մեղաւորները որոգայթ լարեցին իմ դէմ, ես քո պատուիրաններից չխոտորուեցի: 111 Յաւիտեան ժառանգեցի քո վկայութիւնները, քանզի նրանք իմ սրտի ցնծութիւնն են: 112 Սիրտս առյաւէտ խոնարհեցրի, որ հատուցման համար քո օրէնքները կատարեմ: 113 Ատեցի անօրէններին եւ քո օրէնքը սիրեցի: 114 Օգնականն ու փրկիչն իմ դու ես, եւ ես յոյսս դրեցի քո խօսքի վրայ: 115 Հեռացէ՛ք ինձնից, չարագործնե՛ր, որ ես իմ Աստծոյ պատուիրանները քննեմ: 116 Օգնի՛ր ինձ ըստ քո խօսքի ու պահպանի՛ր ինձ եւ իմ յոյսի մէջ ինձ մի՛ ամաչեցրու: 117 Օգնի՛ր ու փրկի՛ր ինձ, որ շարունակ քո դատաստանի մասին մտածեմ: 118 Անարգեցիր բոլոր նրանց, ովքեր ընդվզեցին քո արդարադատութեան դէմ, քանզի անիրաւ էին նրանց խորհուրդները: 119 Յանցաւոր համարեցի աշխարհի բոլոր մեղսագործներին, դրա համար սիրեցի պատուիրանները քո: 120 Մարմինն իմ գամի՛ր քո երկիւղին, քանզի սաստիկ վախեցայ քո դատաստաններից: 121 Դատաստան եւ արդարութիւն գործեցի, ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը: 122 Ծառայիդ բարութեա՛մբ ընդունիր, որ ամբարտաւանները չչարչարեն ինձ: 123 Աչքերն իմ սպասեցին քո շնորհելիք փրկութեանը, Տէ՛ր, եւ քո արդարութեան խօսքին: 124 Ծառայիդ հետ վարուի՛ր քո ողորմութեան համեմատ, քո արդարադատութիւնն ինձ սովորեցրո՛ւ: 125 Ես քո ծառան եմ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ ճանաչեմ քո վկայութիւնները: 126 Ժամն է, որ Տէրը վեր կենայ, քանզի խափանեցին քո օրէնքը: 127 Յիրաւի, սիրեցի քո պատուիրանները՝ ոսկուց ու տպազիոնից աւելի: 128 Քո բոլոր պատուիրաններն ինձ յաջողութիւն բերեցին, քանզի ատեցի ճանապարհը չարիքի: 129 Սքանչելի են քո վկայութիւնները, դրա համար հոգիս սիրեց դրանք: 130 Քո խօսքերի յայտնութիւնը լուսաւորում եւ իմաստնացնում է պարզամիտներին: 131 Բերանս բացեցի ու շունչ առայ, հոգիս փափագեց պատուիրանները քո: 132 Նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ քո անունը սիրողների իրաւունքի համեմատ: 133 Ճանապարհն իմ ուղղի՛ր քո խօսքի համաձայն, որ զանազան մեղքեր չտիրեն ինձ: 134 Փրկի՛ր ինձ մարդկանց զրպարտութիւնից, եւ ես քո պատուիրանները կպահեմ: 135 Երեսդ ցո՛յց տուր քո ծառային եւ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ: 136 Ջրերի վտակներ իջան իմ աչքերից, քանզի մարդիկ չհետեւեցին քո օրէնքներին: 137 Արդար ես դու, Տէ՛ր, եւ շիտակ են քո դատաստանները: 138 Դու պատուիրեցիր քո վկայութիւնները, որոնք արդարեւ շատ ճշմարիտ են: 139 Նախանձախնդրութիւնը քո հանդէպ մաշեց ինձ, քանզի թշնամիներն իմ մոռացան խօսքերը քո: 140 Խիստ ընտիր են խօսքերը քո, եւ քո ծառան սիրեց դրանք: 141 Մանուկ եմ ես եւ արհամարհուած, բայց քո արդարութիւնը չմոռացայ: 142 Քո արդարութիւնը յաւերժական արդարութիւն է, եւ քո օրէնքը՝ ճշմարիտ: 143 Նեղութիւնն ու վիշտն ինձ պատեցին, բայց քո պատուիրաններն իմ խօսքերը եղան: 144 Քո վկայութիւններն արդար են յաւիտեան, իմաստո՛ւն դարձրու եւ պահպանի՛ր ինձ: 145 Ամբողջ սրտովս քեզ ձայն տուեցի, լսի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քո արդարութիւնը փնտրեցի: 146 Աղաղակեցի քո առջեւ, փրկի՛ր ինձ, եւ ես քո վկայութիւնները կպահեմ: 147 Ես վաղ առաւօտեան արթնացայ ու աղաղակեցի եւ իմ յոյսը դրեցի քո խօսքերի վրայ: 148 Առաւօտից շուտ բացուեցին աչքերն իմ, որ քո խօսքերն արտասանեմ: 149 Լսի՛ր իմ ձայնը, Տէ՛ր, ըստ քո ողորմութեան. Տէ՛ր, քո դատաստանով փրկի՛ր ինձ: 150 Հալածիչներս անօրինութիւնը մօտեցրին ինձ, քանզի նրանք հեռու եղան քո օրէնքից: 151 Մօտ ես դու, Տէ՛ր, եւ քո բոլոր պատուիրանները ճշմարիտ են: 152 Սկզբից եւեթ ճանաչեցի քո վկայութիւնները, որոնք դու յաւիտեան հաստատեցիր: 153 Տե՛ս իմ թշուառութիւնը եւ փրկի՛ր ինձ, քանզի քո օրէնքը ես չմոռացայ: 154 Տե՛ս իմ դատաստանը եւ ազատի՛ր ինձ ու քո խօսքի համաձայն պահպանի՛ր ինձ: 155 Փրկութիւնը հեռու է մեղաւորներից, քանզի նրանք քո օրէնքները չպահեցին: 156 Քո գթութիւնները շատ են, Տէ՛ր, եւ քո դատաստանի համաձայն պահպանի՛ր ինձ: 157 Բազմաթիւ եղան իմ հալածիչներն ու ինձ նեղողները, բայց քո վկայութիւններից ես չխոտորուեցի: 158 Մաշւում էի՝ նայելով անողորմներին, քանզի քո պատուիրանները չպահեցին նրանք: 159 Տե՛ս, թէ որքա՜ն սիրեցի քո պատուիրանները. Տէ՛ր, քո ողորմութեամբ կեա՛նք տուր ինձ: 160 Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւնն է, յաւերժ են քո բոլոր արդար դատաստանները: 161 Իշխաններն իզուր հալածեցին ինձ. սիրտս միայն քո խօսքերից սարսափեց: 162 Ես ցնծացի քո խօսքերով, ինչպէս մէկը, որ մեծ աւար է գտնում: 163 Ատեցի ու արհամարհեցի մեղքը եւ քո օրէնքը սիրեցի: 164 Օրուայ մէջ եօթ անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար: 165 Քո օրէնքը սիրողները մեծ խաղաղութեան մէջ են, եւ նրանց համար չկայ գայթակղութիւն: 166 Սպասեցի քո փրկութեանը, Տէ՛ր, եւ քո պատուիրանները սիրեցի: 167 Հոգիս պահեց քո վկայութիւնները, եւ ես շատ սիրեցի դրանք: 168 Հետեւեցի քո պատուիրաններին եւ վկայութիւններին, քանզի իմ բոլոր ուղիներն առջեւդ են: 169 Իմ խնդրանքները թող մօտենան քեզ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն իմաստո՛ւն դարձրու ինձ: 170 Իմ աղօթքը թող հասնի քեզ, Տէ՛ր, եւ քո խօսքով փրկի՛ր ինձ: 171 Իմ շրթունքները քեզ օրհնութիւն կբխեցնեն, երբ ինձ սովորեցնես քո արդարադատութիւնը: 172 Իմ լեզուն քո խօսքերը կարտասանի, քանզի քո բոլոր պատուիրաններն արդար են: 173 Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատուիրաններն ընտրեցի: 174 Քո շնորհելիք փրկութիւնը ցանկացայ, Տէ՛ր, եւ քո օրէնքներն իմ խօսքերը եղան: 175 Թող ես ապրեմ, որ օրհնեմ քեզ, եւ քո արդարադատութիւնն ինձ թող օգնի: 176 Մոլորուեցի կորուսեալ ոչխարի պէս, փնտրի՛ր ծառայիդ, քանզի պատուիրաններդ չեմ մոռացել:

119 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ:
1 Նեղութեանս մէջ ես Տիրոջը ձայն տուեցի, եւ նա լսեց ինձ: 2 Տէ՛ր, փրկի՛ր ինձ նենգ շրթունքներից ու չար լեզուից: 3 Ի՞նչ պիտի տրուի քեզ կամ ի՞նչ պիտի աւելանայ, նե՛նգ լեզու. 4 դրանք հսկայի նետեր են, որոնք կայծակներով մխւում են կաղնու մէջ: 5 Վա՜յ ինձ, քանզի երկար տեւեց պանդխտութիւնն իմ, ես բնակուեցի Կեդարի վրաններում: 6 Շատ ժամանակ հոգիս բնակուեց նրանց հետ, ովքեր ատում են խաղաղութիւնը: 7 Ես խաղաղասէր էի. երբ խօսում էի, նրանք մարտնչում էին իմ դէմ:

120 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ:
1 Աչքերս դէպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնութիւն պիտի գայ: 2 Ինձ օգնութիւն պիտի գայ Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը: 3 Թող քո ոտքը չսասանուի, եւ քո պահապանը թող չննջի, 4 ինչպէս չի ննջում եւ քուն չի մտնում պահապանն Իսրայէլի: 5 Տէրը քեզ կպահպանի, Տէրը քեզ կընդունի իր աջ ձեռքով: 6 Ցերեկն արեգակը քեզ չի վնասի, ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ: 7 Տէրը քեզ կպահպանի ամէն չարիքից, Տէրը կպահպանի քեզ: 8 Տէրը կհսկի քո մուտքն ու ելքը այսուհետեւ մինչեւ յաւիտեան:

121 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ:
1 Ուրախանում էի, երբ ասում էին. «Գնանք Տիրոջ տուն»: 2 Մեր ոտքերը հասել կանգնել էին քո դռներին, ո՛վ Երուսաղէմ: 3 Երուսաղէմը բարեշէն է որպէս քաղաք, եւ նրա բնակիչներն իր շուրջն են: 4 Ցեղերն այնտեղ բարձրացան՝ ցեղերը Տիրոջ, որ Իսրայէլի վկայութեամբ գոհութիւն մատուցեն Տիրոջ անուանը: 5 Այնտեղ են դրուած դատաստանի աթոռները, աթոռներ՝ դրուած Դաւթի տան մէջ: 6 Հարցրէ՛ք Երուսաղէմի խաղաղութեան ու շէնութեան մասին, դուք բոլո՛րդ, որ սիրում էք այն: 7 Քո ամրութիւններում թող խաղաղութիւն լինի, եւ քո բերդերի աշտարակներում՝ շէնութիւն: 8 Ի սէր իմ եղբայրների եւ ընկերների քեզ խաղաղութիւն մաղթեցի: 9 Եւ մեր Տէր Աստծոյ համար քեզ բարութիւն ցանկացանք:

122 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ:
1 Աչքերս դէպի քեզ բարձրացրի, Տէ՛ր, դու, որ բնակւում ես երկնքում: 2 Ինչպէս ծառաների աչքերն՝ իրենց տէրերի ձեռքին, ինչպէս աղախնի աչքերն՝ իր տիրուհու ձեռքին, այնպէս էլ մեր աչքերն ուղղուած են քեզ, Տէ՛ր Աստուած մեր, մինչեւ որ գթաս մեզ: 3 Գթա՛ մեզ, Տէ՛ր, գթա՛ մեզ, քանզի բազում արհամարհանքներ կրեցինք: 4 Մեր հոգիներն անչափ լցուեցին մեզ անպատուողների նախատինքներով եւ ամբարտաւանների անարգանքով:

123 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ:
1 Եթէ Տէրը մեզ հետ չլինէր, թող ասի Իսրայէլը, 2 եթէ Տէրը մեզ հետ չլինէր, մարդիկ, մեզ վրայ յարձակուելով, 3 մեզ ողջ-ողջ կուլ կտային, երբ նրանց զայրոյթը բորբոքուած էր մեզ վրայ: 4 Եւ ջրերն անգամ մեզ կընկղմէին, երբ մեր հոգիներն անցան հեղեղի միջով: 5 Մեր հոգիներն անցան անհանգիստ ջրերի միջով: 6 Օրհնեալ է Տէրը, որ մեզ նրանց ատամների որսը չդարձրեց: 7 Մեր հոգիները փրկուեցին, ինչպէս ճնճղուկը որսորդի թակարդից: Նրանց թակարդները փշրուեցին, եւ մենք ազատուեցինք: 8 Մեր օգնութիւնը Տիրոջ անունից է, նա, որ երկինքն ու երկիրը ստեղծեց:

124 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ:
1 Ով յոյսը դրել է Տիրոջ վրայ, յաւիտեան չի սասանուի, ինչպէս լեռը Սիոնի, որ գտնւում է Երուսաղէմում: 2 Ինչպէս որ նա շրջապատուած է լեռներով, այնպէս Տէրն իր ժողովրդի շուրջն է այսուհետեւ մինչեւ յաւիտեան: 3 Տէրը չի թողնի, որ մեղաւորների գաւազանը որոշի արդարների վիճակը, եւ արդարներն իրենց ձեռքերը պիտի չերկարեն անօրինութեան: 4 Տէրը բարիք է գործում բարիներին եւ նրանց, որ ուղիղ են սրտով: 5 Իսկ յափշտակութեամբ համակուածներին Տէրը կկործանի նրանց հետ, ովքեր անօրինութիւն են գործում: Խաղաղութի՜ւն Իսրայէլին:

125 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ:
1 Երբ Տէրը Սիոնը վերադարձրեց գերութիւնից, մենք մխիթարուեցինք: 2 Այնժամ մեր բերանները խնդութեամբ լցուեցին, եւ մեր լեզուները՝ ցնծութեամբ: Այնժամ հեթանոսների մէջ ասացին. «Տէրը մեծ բաներ գործեց սրանց համար»: 3 Մեծ բաներ գործեց Տէրը մեզ համար, եւ մենք ցնծացինք: 4 Տէ՛ր, յե՛տ դարձրու մեզ գերութիւնից հարաւի հեղեղների պէս: 5 Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծութեամբ պիտի հնձեն: 6 Ովքեր շալակած տանում էին սերմերն իրենց ու լաց լինում գնալիս, յետ պիտի գան ցնծալով եւ բարձած պիտի բերեն խրձերն իրենց:

126 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ:
1 Եթէ Տէրը տունը չշինի, իզուր են չարչարւում այն շինողները, եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա: 2 Իզուր էք վաղ արթնանում. արդ, վե՛ր կացէք, քանի դեռ չէք ննջել: Դուք տառապանքի հացն էք ուտում, մինչ նա քուն է տալիս իր սիրելիներին: 3 Տիրոջ ժառանգութիւնը նրա որդիներն են, որոնք նրա վարձն են, պտուղը նրա որովայնի: 4 Ինչպէս նետերը հզօրի ձեռքում, այնպէս են որդիներն անկեալների: 5 Երանի՜ նրան, ով իր ուզածի չափ կառնի այդ նետերից. երբ դարպասի մօտ իր թշնամիների հետ խօսելու լինի, նա ամօթով չի մնայ:

127 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ:
1 Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջից եւ ընթանում նրա ճանապարհներով: 2 Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես. երանի՜ քեզ, դա լաւ պիտի լինի քեզ համար: 3 Կինդ պիտի լինի վայելուչ որթատունկի պէս քո տան անկիւնում, որդիներդ՝ նորատունկ ձիթենու պէս քո սեղանի շուրջը: 4 Ահա այսպէ՛ս պիտի օրհնուի ամէն մարդ, որ վախենում է Տիրոջից: 5 Քեզ պիտի օրհնի Տէրը Սիոնից, եւ կեանքիդ բոլոր օրերին դու պիտի տեսնես բարութիւնը Երուսաղէմի: 6 Դու պիտի տեսնես քո որդիների որդիներին: Խաղաղութի՜ւն Իսրայէլին:

128 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ:
1 Մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ – թող Իսրայէլն ասի այդ – 2 մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, բայց չյաղթեցին ինձ: 3 Մեղաւորները հարուածեցին իմ թիկունքին, երկար ժամանակ գործեցին անօրինութիւնն իրենց: 4 Տէրն արդար է, մեղաւորների պարանոցը նա կխորտակի: 5 Ամօթահար կլինեն ու յետ կդառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը: 6 Նրանք կլինեն տանիքի խոտի պէս, որ չորանում է՝ դեռ չհնձած: 7 Դրանով հնձուորն իր բուռը չի լցնի, ոչ էլ խուրձ կապողն՝ իր գիրկը: 8 Նրանց կողքից անցնողները չեն ասի. «Տիրոջ օրհնութիւնը ձեզ վրայ լինի, եւ օրհնեալ լինէք Տիրոջ անունով»:

129
1 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ: Խորութիւններից քեզ կանչեցի, Տէ՛ր: 2 Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը, թող քո ականջները լսեն ձայնն իմ աղօթքի: 3 Եթէ անօրինութիւններս քննես, Տէ՛ր, ո՞վ կարող է կանգնել քո առջեւ, Տէ՛ր, 4 քանզի քեզնից է գալիս քաւութիւնը: 5 Քո անուան համար համբերեցի, Տէ՛ր, հոգիս սպասեց քո խօսքին: 6 Հոգիս յոյսը դրեց Տիրոջ վրայ: Առաւօտեան պահից մինչեւ երեկոյ, առաւօտեան պահից Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ: 7 Տիրոջից է ողորմութիւնը, ու նրանից են բոլոր փրկութիւնները: 8 Եւ նա պիտի փրկի Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից:

130 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ:
1 Տէ՛ր, սիրտս չգոռոզացաւ, եւ աչքերս վերեւից չնայեցին. ես մեծամեծների հետ ոտք չդրեցի, ոչ էլ՝ նրանց հետ, ովքեր բարձր են ինձնից. 2 այլ խոնարհ եղայ մօր կրծքից կտրուած մանկան նման, որի փափագը նոյն բանին դառնալն է. իսկ եթէ հպարտացրի իմ հոգին, այդպէս թող լինի հատուցումն անձիս: 3 Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ այսուհետեւ մինչեւ յաւիտեան:

131 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ:
1 Տէ՛ր, յիշի՛ր Դաւթին եւ նրա ամբողջ հեզութիւնը, 2 թէ ինչպէս նա երդուեց Տիրոջը եւ ուխտ արեց Յակոբի Աստծուն՝ ասելով. 3 «Չեմ մտնի իմ տան յարկից ներս, չեմ մտնի իմ անկողինը, 4 իմ աչքերին քուն չեմ տայ կամ նինջ՝ իմ թարթիչներին եւ կամ հանգիստ՝ իմ մարմնին, 5 մինչեւ Յակոբի Տէր Աստծոյ համար խորանի տեղ չգտնեմ»: 6 Ահա խորանի մասին լսեցինք Եփրաթայում եւ այն գտանք մայրիների դաշտերում: 7 Մտնենք կացարանը նրա, երկրպագենք այն տեղին, ուր կանգնած են ոտքերը նրա: 8 Ելի՛ր քո հանգստավայրը, Տէ՛ր, դու եւ տապանակը քո սուրբ կտակի: 9 Քո երէցները թող արդարութիւն հագնեն, եւ քո սրբերը խնդութեամբ ցնծան: 10 Յանուն քո սիրելի Դաւթի մի՛ շրջիր երեսդ քո օծեալից: 11 Տէրը ճշմարտութեամբ երդուեց Դաւթին ու չստեց նրան. «Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո գահին: 12 Եթէ որդիներդ պահեն իմ օրէնքն ու իմ վկայութիւնները, որոնք նրանց պիտի սովորեցնեմ, ապա որդիները նրանց յաւիտեանս յաւիտենից կնստեն քո գահին»: 13 Տէրը սիրեց Սիոնը եւ նախընտրեց բնակուել այնտեղ: 14 Ասաց. «Այս է հանգստավայրն իմ յաւիտեանս յաւիտենից, այստեղ պիտի բնակուեմ, քանզի հաւանեցի սա: 15 Սրա բերքը պիտի շարունակ օրհնեմ եւ սրա աղքատներին կշտացնեմ հացով: 16 Սրա երէցներին փրկութիւն պիտի հագցնեմ, եւ սրա սրբերը խնդութեամբ պիտի ցնծան: 17 Այնտեղ պիտի Դաւթին եղջիւրներ ծլեցնեմ, իմ օծեալի համար ճրագ պատրաստեմ: 18 Նրա թշնամիներին ամօթ պիտի հագցնեմ, իսկ նրա վրայ պիտի ծաղկի սրբութիւնն իմ»:

132 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ:
1 Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակւում են միասին, 2 ինչպէս ազնիւ իւղ, որ իջնում է Ահարոնի գլխին ու մօրուքին եւ մօրուքից սահում դէպի նրա զգեստի քղանցքները, 3 ինչպէս ցօղ, որ Հերմոնից ցօղւում է Սիոն լեռան վրայ: Այնտեղ պատրաստեց Տէրն օրհնութիւնն ու կեանքը յաւիտենական:

133 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ:
1 Այստեղ օրհնեցէ՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, որ գտնւում էք Տիրոջ տանը եւ մեր Աստծոյ գաւիթներում: 2 Գիշերը դէպի սրբութի՛ւն պարզեցէք ձեռքերը ձեր եւ օրհնեցէ՛ք Տիրոջը: 3 Թող Տէրն օրհնի մեզ Սիոնից՝ նա, որ երկինքն ու երկիրը ստեղծեց:

134 Ալէլուիա:
1 Օրհնեցէ՛ք Տիրոջ անունը, օրհնեցէ՛ք Տիրոջը, Տիրո՛ջ ծառաներ, 2 որ գտնւում էք Տիրոջ տանը, մեր Աստծոյ տան գաւիթներում: 3 Օրհնեցէ՛ք Տիրոջը, քանզի բարի է Տէրը. սաղմո՛ս երգեցէք նրա անուանը, քանզի քաղցր է նա: 4 Տէրն իր ընտրեալը դարձրեց Յակոբին եւ Իսրայէլը՝ ժառանգութիւնն իր: 5 Ես հասկացայ, որ մեծ է Տէրը եւ Տէրը մեծ է բոլոր կուռքերից: 6 Տէրն ինչ որ ցանկացաւ, կատարեց երկնքում ու երկրի վրայ, ծովում եւ բոլոր անդունդներում: 7 Ամպեր հանելով երկրի ծայրերից՝ իր կայծակներն անձրեւի վերածեց եւ իր պահեստներից հողմեր դուրս բերեց: 8 Նա հարուածեց եգիպտացիների բոլոր անդրանիկ ծնունդներին՝ ինչպէս մարդկանց, այնպէս էլ անասուններին: 9 Իր նշաններն ու զարմանահրաշ գործերն ուղարկեց քեզ, ո՛վ Եգիպտոս, քո փարաւոնին եւ նրա ամբողջ զօրքին: 10 Նա հարուածեց բազում ազգերի եւ սպանեց հզօր թագաւորների՝ 11 ամորհացիների թագաւոր Սեհոնին, Բասանի թագաւոր Օգին ու բոլոր թագաւորութիւնները Քանանի: 12 Նրանց երկիրը որպէս ժառանգութիւն տուեց՝ որպէս ժառանգութիւն Իսրայէլի իր ժողովրդին: 13 Տէ՛ր, քո անունը յաւերժ է, Տէ՛ր, քո յիշատակը՝ սերնդից սերունդ: 14 Տէրը դատում է իր ժողովրդին եւ մխիթարւում իր ծառաներով: 15 Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների: 16 Բերան ունեն, բայց չեն խօսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում: 17 Ականջներ ունեն, բայց չեն լսում, եւ նրանց բերանում շունչ չկայ: 18 Նրանց նման կլինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ յոյսը դրել են նրանց վրայ: 19 Օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Իսրայէլի, օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Ահարոնի: 20 Օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Ղեւիի. Տիրոջից երկի՛ւղ կրողներ, օրհնեցէ՛ք Տիրոջը: 21 Օրհնութի՜ւն Տիրոջը Սիոնից՝ նրան, որ բնակւում է Երուսաղէմում:

135 Ալէլուիա:
1 Գոհութի՛ւն մատուցէք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 2 Գոհութի՛ւն մատուցէք աստուածների Աստծուն, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 3 Գոհութի՛ւն մատուցէք տէրերի Տիրոջը, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 4 Միայնակ նա մեծ հրաշագործութիւններ արեց, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 5 Երկինքը ստեղծեց իր իմաստութեամբ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 6 Երկիրը հաստատեց ջրերի վրայ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 7 Միայնակ ստեղծեց լուսատուները մեծ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 8 Արեգակը կարգեց ցերեկուայ տիրակալ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը, 9 լուսինն ու աստղերը՝ գիշերուայ տիրակալ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 10 Կործանեց Եգիպտացիների երկիրն իր անդրանիկ ծնունդներով հանդերձ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 11 Իսրայէլացիներին հանեց Եգիպտոսից, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը, 12 արեց այդ բարձր ձեռքով եւ իր հզօր բազկով, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 13 Պատռեց մեծ ծովն ու բաժանեց երկու մասի, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 14 Իսրայէլացիներին անցկացրեց ծովի միջով, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 15 Փարաւոնին իր զօրքով ընկղմեց Կարմիր ծովում, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 16 Իր ժողովրդին հանեց դէպի անապատ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 17 Հարուածեց մեծամեծ ազգերի, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 18 Սպանեց հզօր թագաւորների, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը. 19 սպանեց ամորհացիների թագաւոր Սեհոնին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը, 20 Բասանի թագաւոր Օգին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 21 Նրանց երկիրը որպէս ժառանգութիւն տուեց, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը, 22 տուեց որպէս ժառանգութիւն Իսրայէլին՝ իր ծառային, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 23 Տէրը մեզ յիշեց մեր թշուառութեան մէջ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 24 Նա փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքից, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 25 Նա կերակուր է տալիս բոլոր ապրող էակներին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: 26 Գոհութի՛ւն մատուցէք երկնաւոր Աստծուն, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը:

136 Սաղմոս Դաւթի՝ Երեմիայի ձեռքով, անվերնագիր եբրայերէնում:
1 Բաբելոնի գետերի մօտ, այնտեղ նստած, լալիս էինք, երբ յիշում էինք Սիոնը: 2 Նրանց ուռիներից էինք կախել մեր կտակարանները: 3 Այնտեղ մեզ գերեվարողները օրհնութեան խօսք էին պահանջում մեզնից, մեզ տարագրողները ստիպում էին՝ ասելով. «Երգեցէ՛ք մեզ համար Սիոնի օրհներգերից»: 4 Իսկ մենք ինչպէ՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում: 5 Եթէ մոռանամ քեզ, Երուսաղէ՛մ, թող իմ աջը մոռանայ ինձ: 6 Թող լեզուս քիմքիս կպչի, եթէ քեզ չյիշեմ, եթէ իմ ուրախութեան սկզբում նախ քեզ, Երուսաղէ՛մ, չգովաբանեմ: 7 Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչ էին ասում եդոմացիները Երուսաղէմի օրերին. «Քանդեցէ՛ք, քանդեցէ՛ք, հիմնայատա՛կ արէք»: 8 Ո՛վ Բաբելոնի թշուառ դուստր, երանի՜ նրան, ով քեզ պիտի հատուցի այնպէս, ինչպէս դու մեզ հատուցեցիր: 9 Երանի՜ նրան, ով կբռնի քո մանուկներին ու կխփի քարին:

137 Սաղմոս Դաւթի:
1 Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, իմ ամբողջ սրտով, հրեշտակների առջեւ սաղմոս պիտի երգեմ քեզ, քանզի լսեցիր խօսքը բերանիս: 2 Պիտի երկրպագեմ սուրբ տաճարիդ եւ անուանդ գոհութիւն պիտի մատուցեմ քո ողորմութեան ու ճշմարտութեան համար, քանզի ամէն ինչում մեծ ցոյց տուեցիր սուրբ անունդ: 3 Որ օրը որ քեզ ձայն տամ, իսկոյն լսի՛ր ինձ եւ բազմապատկի՛ր զօրութիւնները հոգուս մէջ: 4 Գոհութիւն պիտի մատուցեն քեզ աշխարհի բոլոր թագաւորները, քանզի լսեցին բերանիդ խօսքերը: 5 Նրանք պիտի փառաբանեն քո ճանապարհները, քանզի մեծ է փառքը Տիրոջ: 6 Բարձր է Տէրը, նա տեսնում է խոնարհներին, իսկ բարձրամիտներին՝ հեռուից ճանաչում: 7 Երբ անցնեմ նեղութիւնների միջով, դու կփրկես ինձ թշնամու զայրոյթից: Ձեռքդ կմեկնես, եւ քո աջը կփրկի ինձ: 8 Տէրը կհատուցի իմ փոխարէն. Տէ՛ր, քո ողորմութիւնը յաւերժ է, ձեռքիդ գործերը մի՛ անտեսիր:

138 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի:
1 Տէ՛ր, ինձ փորձեցիր ու ճանաչեցիր ինձ: 2 Դու իմացար իմ նիստուկացը, հեռուից հասկացար իմ մտածումները: 3 Իմ շաւիղներն ու վիճակը դու քննեցիր եւ բոլոր ճանապարհներս նախապէս տեսար: 4 Իմացար, որ լեզուիս տակ նենգութիւն չկայ: 5 Ահա դու, Տէ՛ր, իմացար իմ սկիզբն ու վերջը, դու ինձ ստեղծեցիր եւ ձեռքդ դրեցիր ինձ վրայ: 6 Զարմանալի է քո իմացութիւնն իմ մասին, այնքան զօրեղ, որ չեմ կարող հասու լինել դրան: 7 Ո՞ւր գնամ ես քո Հոգուց կամ քո դէմքից ո՞ւր փախչեմ: 8 Եթէ երկինք ելնեմ, այնտեղ ես դու, եթէ դժոխք իջնեմ, դրան էլ մօտ ես: 9 Եթէ առաւօտեան թեւեր առնեմ ու բնակուեմ ծովի եզերքին, 10 այնտեղ էլ քո ձեռքն ինձ կառաջնորդի, եւ աջդ ինձ կընդունի: 11 Ասացի՝ գուցէ խաւարն ինձ ծածկի, կամ գիշերը պատի ինձ իմ վայելքի լոյսի փոխարէն: 12 Խաւարը քեզ համար խաւար չի լինի, եւ գիշերը լուսաւոր ցերեկ կդառնայ, ու նրա մթութիւնն ինչպէս լոյս կերեւայ: 13 Դու ստեղծեցիր երիկամներն իմ եւ մօրս որովայնից ինձ ընդունեցիր: 14 Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի ահեղ ու սքանչելի ես դու, սքանչելի են գործերը քո, որոնք ես շատ սիրեցի: 15 Չծածկուեց քեզնից իմ ոսկորը, որը ստեղծեցիր դու թաքուն, ոչ էլ ծածկուեց կարողութիւնն իմ երկրի խորքերում: 16 Իմ անկատարութիւնները տեսան քո աչքերը, եւ այդ բոլորը գրուեց քո գրքում: Ցերեկը դրանք մոլորուեցին, ու չկար մէկը, որ առաջնորդէր դրանք: 17 Ինձ համար խիստ պատուական եղան քո բարեկամները, Աստուա՛ծ, եւ շատ զօրացան նրանց իշխանները: 18 Հաշուեցի նրանց, եւ աւազից շատ դուրս եկան. արթնացայ եւ ահա քեզ հետ եմ: 19 Դու, Աստուա՛ծ, պիտի սպանես մեղաւորներին. արիւնարբո՛ւ մարդիկ, հեռացէ՛ք ինձնից: 20 Հակառակութեամբ ու նախանձով նրանք իզուր պիտի տիրեն քո քաղաքներին: 21 Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի: 22 Կատարեալ ատելութեամբ ատեցի նրանց, եւ նրանք թշնամի դարձան ինձ: 23 Փորձի՛ր ինձ, Աստուա՛ծ, ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շաւիղները 24 եւ տե՛ս, եթէ իմ ճանապարհին անօրինութիւններ կան, առաջնորդի՛ր ինձ քո յաւիտենական ճանապարհներով:

139
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի: 2 Ազատի՛ր ինձ, Տէ՛ր, չար մարդուց, անիրաւ մարդուց փրկի՛ր ինձ: 3 Իրենց սրտում նրանք անօրինութիւն խորհեցին եւ գիշեր-ցերեկ պատերազմի պատրաստուեցին: 4 Օձի պէս սրեցին լեզուներն իրենց, եւ նրանց շրթների տակ թոյն կայ իժի: 5 Պահպանի՛ր ինձ, Տէ՛ր, մեղաւորի ձեռքից եւ չար մարդուց փրկի՛ր ինձ. նրանք խորհեցին խափանել ընթացքն իմ: 6 Ամբարտաւաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջեւ եւ իմ շաւղի շուրջը գայթակղութիւններ դրեցին: 7 Ասացի. «Դու իմ Տէր Աստուածն ես, ակա՛նջ դիր, Տէ՛ր, աղօթքիս ձայնին»: 8 Տէ՛ր, Տէ՛ր, իմ փրկութեա՛ն զօրութիւն, գլխիս հովանի՛ն պատերազմի մէջ, 9 Մի՛ մատնիր ինձ, Տէ՛ր, մեղաւորների կամքին, որոնք նենգամտեցին իմ դէմ: Ինձ երեսի վրայ մի՛ թող, որ նրանք երբեք չբարձրանան, եւ նրանց մտադրութիւնները չկատարուեն: 10 Թող նրանց կատարածի վախճանն այս լինի. իրենց շրթունքների վաստակը թող ծածկի նրանց: 11 Դու նրանց վրայ կրակի կայծե՛ր թափիր ու կործանի՛ր նրանց, որ տառապանքներից չկարողանան փրկուել: 12 Չարալեզու մարդը յաջողութիւն չի ունենայ երկրի վրայ. մեղաւոր մարդուն իր չարագործութիւնները կորստեան կմատնեն: 13 Գիտեմ, Տէ՛ր, որ դու աղքատին արդար դատաստան ես անում եւ տնանկի իրաւունքն ես պաշտպանում: 14 Արդարները գոհութիւն պիտի մատուցեն քո անուանը, ուղղամիտները պիտի բնակուեն քո դիմաց:

140 Սաղմոս Դաւթի:
1 Տէր, ձայն տուեցի քեզ, լսի՛ր ինձ եւ ո՛ւշ դարձրու աղօթքիս ձայնին, երբ քեզ եմ կանչում: 2 Տէ՛ր, թող աղօթքս քեզ ուղղուի որպէս խունկ, ձեռքերիս կարկառումն՝ իբրեւ երեկոյեան պատարագ: 3 Պահապա՛ն դիր, Տէ՛ր, իմ բերանին եւ ամուր դուռ՝ իմ շրթներին, 4 Որ սիրտս չհակուի չարութեան խօսքին՝ մեղքի պատճառ դառնալով անօրինութիւն գործող մարդկանց նման. ես նրանց հաճելի բաներին չեմ հաղորդակցուի: 5 Թող արդարը խրատի ինձ ողորմութեամբ ու յանդիմանի, բայց մեղաւորի իւղը թող գլուխս չօծի, աղօթքս պիտի հակադրեմ նրա կամքին: 6 Նրանց դատաւորները կուլ գնացին ժայռի մօտ, թող լսեն խօսքերն իմ, որ քաղցր են. 7 «Ինչպէս թանձր հողը, որ սփռուած է երկրի վրայ, այնպէս պիտի ցրուեն նրանց ոսկորները դժոխքի մօտերքում»: 8 Տէ՛ր, Տէ՛ր, քեզ են ուղղուած աչքերն իմ, յոյսս դրեցի քեզ վրայ, մի՛ հանիր ինձնից իմ հոգին: 9 Պահպանի՛ր ինձ իմ դէմ լարուած թակարդից եւ անօրինութիւն գործողների գայթակղութիւնից: Թող մեղաւորները նրա ցանցերն ընկնեն, եւ միայն ես անցնեմ-գնամ:

141
1 Դաւթի իմաստութիւնը. աղօթք, երբ նա քարայրում էր: 2 Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաչեցի: 3 Տիրոջ դիմաց պիտի սփռեմ աղօթքն իմ եւ նրա առջեւ նեղութիւնս պիտի պատմեմ: 4 Երբ շունչս պակասեց իմ ներսում, դու, Տէ՛ր, իմացար շաւիղներն իմ. այն ճանապարհին, որով գնում էի, ծածուկ որոգայթ լարուեց իմ դէմ: 5 Նայում էի աջ ու տեսնում, որ ոչ ոք ինձ չի ճանաչում. փախչելն ինձ համար անհնար դարձաւ, եւ չկար մէկը, որ փնտրէր ինձ: 6 Քե՛զ կանչեցի, Տէ՛ր, ու ասացի. «Դու ես իմ յոյսը եւ իմ բաժինը ողջերի երկրում»: 7 Ո՛ւշ դարձրու, Տէ՛ր, իմ աղօթքին, քանզի ես թաղուած եմ թշուառութեան մէջ. ազատի՛ր ինձ իմ հալածիչներից, քանզի նրանք ինձնից հզօր եղան: 8 Տէ՛ր, բանտից հանի՛ր ինձ, որ գոհութիւն մատուցեմ քո անուանը: Արդարները պիտի սպասեն, մինչեւ որ հատուցման արժանացնես ինձ:

142 Սաղմոս Դաւթի՝ այն ժամանակ, երբ նրան հալածեց իր որդի Աբիսողոմը:
1 Տէ՛ր, լսի՛ր աղօթքն իմ, քո ճշմարտութեամբ ակա՛նջ դիր իմ խնդրանքին, քո արդարութեամբ լսի՛ր ինձ: 2 Ծառայիդ հետ դատաստան մի՛ տես, քանզի ոչ մի կենդանի մարդ չի արդարանայ քո առջեւ: 3 Թշնամին հալածեց ինձ, կեանքս հողին հաւասարեցրեց եւ ինձ նստեցրեց խաւարի մէջ յաւիտեան մեռածի պէս: 4 Հոգիս տաղտկացաւ իմ ներսում, եւ սիրտս խռովուեց իմ մէջ: 5 Յիշեցի օրերն առաջուայ, մտաբերեցի բոլոր գործերը քո, ձեռքերիդ ստեղծածների մասին խորհեցի: 6 Դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ. հոգիս հողի պէս ծարաւի է քեզ: 7 Լսի՛ր ինձ փութով, Տէ՛ր, քանզի շունչս պակասեց իմ ներսում, մի՛ շրջիր երեսդ ինձնից, որ չնմանուեմ գերեզման իջնողներին: 8 Առաւօտեան քո ողորմութիւնն ինձ լսելի՛ դարձրու, քանզի, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրեցի. ցո՛յց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ, քանզի դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս: 9 Իմ թշնամիներից փրկի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քեզ իմ ապաւէնը դարձրի: 10 Սովորեցրո՛ւ ինձ կատարել կամքը քո, քանզի դու ես Աստուածն իմ, քո բարի հոգին ինձ պիտի առաջնորդի դէպի արդար երկիր: 11 Յանուն քո անուան, կեա՛նք տուր ինձ, Տէ՛ր, քո արդարութեամբ նեղութիւնից հանի՛ր հոգին իմ: 12 Քո ողորմութեամբ կործանի՛ր իմ թշնամիներին, կորստեա՛ն մատնիր բոլոր ինձ նեղողներին, քանզի ես ծառան եմ քո:

143 Սաղմոս Դաւթի՝ Գողիադի մասին:
1 Օրհնեալ է Տէր Աստուածն իմ, որ ձեռքս վարժեցրեց պատերազմի եւ մատներս՝ ճակատամարտի: 2 Նա ողորմութիւնն ու ապաւէնն է իմ, օգնականը, փրկիչն ու պահպանիչն իմ: Ես յոյսս դրել եմ նրա վրայ. նա է, որ ժողովուրդներին հնազանդեցնում է ինձ: 3 Տէ՛ր, մարդն ի՞նչ է, որ յայտնուեցիր նրան, կամ՝ մարդու որդին, որ բանի տեղ ես դնում նրան: 4 Մարդը նման է ունայնութեան, եւ նրա օրերն անցնում են ստուերի պէս: 5 Տէ՛ր, ցածրացրո՛ւ երկինքն ու իջի՛ր, մօտեցի՛ր լեռներին, եւ թող ծխան դրանք: 6 Արձակի՛ր կայծակները քո եւ խռովի՛ր նրանց, առաքի՛ր նետերը քո եւ ցրի՛ր նրանց: 7 Ձեռքդ մեկնի՛ր վերից ու փրկի՛ր ինձ յորդացող ջրերից եւ օտարների որդիների ձեռքից, 8 որոնց բերաններն ունայնութիւն են խօսում, եւ որոնց աջը մեղսագործ աջ է: 9 Աստուա՛ծ, քեզ նոր օրհներգով պիտի օրհնեմ, տասնալար նուագարանով սաղմոս պիտի երգեմ քեզ: 10 Նա ազատութիւն պիտի տայ մեր թագաւորներին եւ չար սրից պիտի փրկի իր ծառայ Դաւթին: 11 Փրկի՛ր եւ ազատի՛ր ինձ օտարների որդիների ձեռքից, որոնց բերաններն ունայնութիւն են խօսում, եւ որոնց աջը մեղսագործ աջ է: 12 Նրանց որդիները նոր տունկի պէս հաստատուած են իրենց մանկութիւնից, նրանց դուստրերը զարդարուած ու պճնուած են ինչպէս տաճար: 13 Նրանց շտեմարանները լիքն են եւ մէկից միւսն են հոսում, նրանց ոչխարները բազմածին են եւ բազմանում են իրենց ճամփի վրայ: 14 Նրանց արջառները պարարտ են, նրանց ցանկապատերը խրամատներ չունեն, եւ նրանց հրապարակներում աղմուկ չկայ: 15 Ես երանի եմ տալիս այն ժողովրդին, որն այս վիճակում է. նաեւ՝ երանի՜ այն ժողովրդին, որի Տէրն Աստուած է:

144 Օրհնութիւն Դաւթի:
1 Պիտի փառաբանեմ քեզ, Աստուա՛ծ իմ եւ Թագաւո՛ր իմ, ու յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից քո անունն օրհնեմ: 2 Գիշեր-ցերեկ քեզ օրհնութիւն պիտի մատուցեմ ու յաւիտեանս յաւիտենից պիտի գովաբանեմ անունը քո: 3 Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ, եւ նրա մեծութիւնը սահման չունի: 4 Սերնդից սերունդ պիտի գովեն գործերը քո եւ պիտի պատմեն զօրութիւնները քո: 5 Քո սուրբ փառքի մեծ վայելչութեան մասին պիտի խօսեն եւ քո հրաշագործութիւնները պիտի պատմեն: 6 Քո ահաւոր զօրութիւնը պիտի նկարագրեն եւ քո մեծութիւնը պատմեն: 7 Քո մեծ բարութեան յիշատակը պիտի աւետեն եւ պիտի ցնծան քո արդարութեամբ: 8 Գթասիրտ եւ ողորմած է Տէրը, համբերատար եւ ողորմաշատ: 9 Տէրը քաղցր է բոլորի հանդէպ, եւ նրա գթութիւնը տարածւում է նրա բոլոր արարածների վրայ: 10 Քո բոլոր գործերը, Տէ՛ր, քեզ գոհութիւն պիտի մատուցեն, եւ քո սրբերը պիտի օրհնեն քեզ: 11 Քո արքայական փառքի մասին պիտի խօսեն եւ քո զօրութիւնները պիտի պատմեն, 12 որ մարդկանց որդիները ճանաչեն զօրութիւնները քո եւ մեծ վայելչութիւնը արքայական քո փառքի: 13 Քո արքայութիւնը ողջ յաւիտենութեան արքայութիւնն է, եւ քո տէրութիւնը՝ սերնդից սերունդ: նուն. Հաւատարիմ է Տէրն իր բոլոր խօսքերում եւ արդար է նա իր բոլոր գործերում: 14 Տէրն ամուր է պահում բոլոր սայթաքողներին եւ ոտքի կանգնեցնում բոլոր գլորուածներին: 15 Բոլորի աչքերը քեզ վրայ են յառուած յոյսով, եւ դու ես տալիս նրանց կերակուրը ժամանակին. տալիս ես դու նրանց, եւ սնւում են նրանք: 16 Բացում ես ձեռքը քո եւ քո քաղցր կամքով յագեցնում ես բոլորին: 17 Արդար է Տէրն իր բոլոր ճանապարհներին եւ սուրբ է նա իր բոլոր գործերում: 18 Տէրը մօտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն ճշմարտապէս: 19 Իրենից ակնածողների կամքը կատարում է Տէրը, լսում է նրանց աղօթքն ու փրկում նրանց: 20 Տէրը պահպանում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն, եւ Տէրը կործանում է բոլոր մեղաւորներին: 21 Բերանս Տիրոջ օրհնութիւնը պիտի խօսի. ամէն կենդանի էակ պիտի օրհնի սուրբ անունը նրա յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից:

145
1 Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի: 2 Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛դ իմ. պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ: 3 Յոյս մի՛ դրէք իշխանների՝ մարդկանց որդիների վրայ, որովհետեւ նրանցից փրկութիւն չկայ: 4 Երբ դուրս գայ նրանց հոգին, նրանք կրկին հող կդառնան, եւ նոյն օրը նրանց բոլոր մտածումները կանհետանան: 5 Երանի՜ նրան, ում օգնականը Յակոբի Տէր Աստուածն է, եւ ում յոյսը Տէր Աստծոյ վրայ է, 6 Նա, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրանց մէջ եղած ամէն ինչ, 7 Նա, որ յաւիտեան պահպանում է ճշմարտութիւնը եւ զրկեալներին արդարութիւն շնորհում. Տէրը հաց է տալիս քաղցածներին եւ արձակում բանտարկեալներին: 8 Տէրը բացում է կոյրերի աչքերը, Տէրը ոտքի է կանգնեցնում գլորուածներին: Սիրում է Տէրն արդարներին: 9 Տէրը պահպանում է պանդուխտներին, Տէրն ընդունում է որբերին ու այրիներին եւ կործանում ճանապարհներն ամբարիշտների: 10 Յաւէտ պիտի թագաւորի Տէրը՝ քո Աստուածը, Սիո՛ն, սերնդից սերունդ:

146 Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի:
1 Օրհնեցէ՛ք Տիրոջը, քանզի քաղցր են սաղմոսները. հաճելի է օրհնութիւնը մեր Աստծուն: 2 Տէրը կառուցում է Երուսաղէմը եւ հաւաքում Իսրայէլի ցրուածներին: 3 Բժշկում է բեկեալ սրտերը եւ կապում բոլոր վէրքերը նրանց: 4 Նա հաշւում է աստղերի բազմութիւնը եւ կոչում բոլորն իրենց անուններով: 5 Մեծ է մեր Տէրը, եւ մեծ է նրա զօրութիւնը, նրա իմաստութիւնը սահման չունի: 6 Տէրն ընդունում է հեզերին եւ մինչեւ գետին խոնարհեցնում ամբարտաւաններին: 7 Օրհնեցէ՛ք Տիրոջը գոհաբանութեամբ, սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ: 8 Երկինքը նա պատեց ամպերով, երկրի համար պատրաստեց անձրեւն իր, լեռներում խոտ աճեցրեց եւ բանջար՝ մարդկանց կարիքների համար: 9 Նա ուտելիք է տալիս անասուններին եւ ագռաւի ձագերին, որոնք դիմում են իրեն: 10 Տէրը ձիու զօրութիւնը չէ, որ կամենում է, ոչ էլ հսկայի կազմուածքն է հաւանում, 11 այլ Տէրն իրենից երկիւղ կրողներին է հաւանում եւ նրանց, որ իրենց յոյսը դրել են իր ողորմութեան վրայ:

147 Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի:
12 Գովաբանի՛ր Տիրոջը, ո՛վ Երուսաղէմ, եւ օրհներգի՛ր քո Աստծուն, Սիո՛ն, 13 քանզի նա դռներիդ նիգերն ամրացրեց եւ որդիներիդ օրհնեց քո մէջ: 14 Քո սահմանները խաղաղութեան մէջ պահեց եւ ցորենի առատութեամբ լիացրեց քեզ: 15 Նա երկիր է ուղարկում խօսքերն իր, եւ արագ սլանում են պատգամները նրա: 16 Նա ձիւն է տեղացնում ինչպէս բուրդ եւ մառախուղը ցանում փոշու պէս: 17 Նա սառոյցներն արձակում է ինչպէս պատառներ. ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին: 18 Ուղարկում է խօսքն իր ու հալեցնում դրանք. փչում են հողմերը, եւ հոսում են ջրերը: 19 Իր խօսքը յայտնում է Յակոբին, իր օրէնքներն ու դատաստանները՝ Իսրայէլին: 20 Տէրն այսպէս չվարուեց բոլոր ազգերի հետ եւ իր դատաստանները նրանց չյայտնեց:

148 Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի:
1 Օրհնեցէ՛ք Տիրոջը երկնքից, օրհնեցէ՛ք նրան բարձունքներից: 2 Օրհնեցէ՛ք նրան, նրա բոլո՛ր հրեշտակներ, օրհնեցէ՛ք նրան, նրա բոլո՛ր զօրութիւններ: 3 Օրհնեցէ՛ք նրան, արեգա՛կ եւ լուսի՛ն, օրհնեցէ՛ք նրան, բոլո՛ր աստղեր եւ լոյս: 4 Օրհնեցէ՛ք նրան, երկինքների՛ երկինքներ եւ ջրե՛ր, որ վեր էք երկնքից: 5 Օրհնեցէ՛ք անունը Տիրոջ, քանզի նա ասաց, եւ դրանք ստեղծուեցին, նա հրամայեց, եւ դրանք հաստատուեցին: 6 Նա կարգեց դրանք յաւիտեանս յաւիտենից. կարգ սահմանեց, եւ այն չի խախտւում: 7 Օրհնեցէ՛ք Տիրոջը երկրի վրայից, վիշապնե՛ր եւ բոլո՛ր անդունդներ: 8 Հո՛ւր եւ կարկո՛ւտ, ձի՛ւն եւ սառնամանի՛ք, հո՛ղմ ու մրրի՛կ, դուք, որ նրա խօսքն էք կատարում, 9 Լեռնե՛ր եւ բոլո՛ր բլուրներ, պտղաբե՛ր ծառեր եւ բոլո՛ր մայրիներ, 10 Գազաննե՛ր եւ ամէն տեսակ անասուննե՛ր, սողուննե՛ր եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուննե՛ր, 11 Երկրի թագաւորնե՛ր՝ զօրքերով հանդերձ, իշխաննե՛ր եւ երկրի բոլո՛ր դատաւորներ, 12 Երիտասարդնե՛ր ու կոյսե՛ր, ծերե՛ր ու մանուկնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ: 13 Փառաւորուեց միայն նրա՛ անունը. երկնքում ու երկրի վրայ է վեհութիւնը նրա: 14 Տէրը բարձրացնում է եղջիւրն իր ժողովրդի. օրհնութի՜ւն նրա բոլոր սրբերին՝ որդիներին Իսրայէլի, այն ժողովրդին, որ մօտ է Տիրոջը:

149 Ալէլուիա:
1 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհնութեամբ, սրբերի ժողովում է օրհնութիւնը նրա: 2 Իսրայէլն ուրախացաւ իր Արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագաւորով: 3 Թող գովեն նրա անունը օրհնութեամբ, նուագարանով ու օրհներգով սաղմոս ասեն նրան: 4 Տէրը սիրում է իր սուրբ ժողովրդին եւ փառաւորում հեզերին փրկութեամբ: 5 Թող սրբերը պարծենան փառքով եւ ցնծան իրենց հանգստի մէջ: 6 Թող նրանք փառաբանեն Աստծուն իրենց բերաններով. նրանց ձեռքերում երկսայրի սրեր կան, 7 Որ վրէժ լուծեն հեթանոսներից եւ պատժեն բոլոր ժողովուրդներին, 8 Որ նրանց թագաւորներին կապեն շղթաներով եւ նրանց մեծամեծներին՝ երկաթեայ ձեռնակապերով, 9 Որ գրուած դատաստանն իրագործեն նրանց հանդէպ: Այս է փառքը նրա բոլոր սրբերի:

150 Ալէլուիա:
1 Օրհնեցէ՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան երկնային հաստատութեան մէջ: 2 Օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան մէջ, օրհնեցէ՛ք նրան իր անչափ մեծութեան մէջ: 3 Գովաբանեցէ՛ք նրան օրհնութեան ձայնով, գովաբանեցէ՛ք նրան սաղմոսով եւ օրհներգութեամբ: 4 Օրհնեցէ՛ք նրան ցնծութեամբ, գովաբանեցէ՛ք նրան ուրախութեամբ: 5 Օրհնեցէ՛ք նրան քաղցր խօսքերով, օրհնեցէ՛ք նրան լսելի բառերով, օրհնեցէ՛ք նրան գոհութեան ձայնով: 6 Բոլո՛ր հոգիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը:

Հաշուից դուրս այս սաղմոսը Դաւթի ինքնագիրն է, երբ նա մարտչելու ելաւ Գողիադի դէմ՝ Սաւուղի առջեւ:
1 Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ եւ կրտսերն՝ իմ հօր տանը. հօրս ոչխարներն էի արածեցնում: 2 Ձեռքերն իմ նուագարան ստեղծեցին, եւ մատներս օրհներգութեան գործիք պատրաստեցին: 3 Իսկ արդ, ո՞վ պիտի պատմի այս բանն իմ Տիրոջը. ամէն բանի Տէրն ինքը կլսի այս ամէնը: 4 Նա ուղարկեց իր հրեշտակին, ինձ վերցրեց հօրս ոչխարների հօտից եւ օծեց ինձ իր իւղի օծումով: 5 Գեղեցիկ ու մեծ էին եղբայրներն իմ, բայց Տէրը չհաւանեց նրանց: 6 Ես ելայ այլազգու դէմ եւ նզովեցի կուռքերը նրա: 7 Առայ նրա սուրն իրենից, կտրեցի գլուխը նրա եւ վերացրի նախատինքը Իսրայէլի որդիներից:
 
sacredtradition.am