русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ՅՈՎԷԼԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ


1
1 Տիրոջ պատգամը, որ հասաւ Բաթուէլի որդի Յովէլին Եզեկիայի ժամանակ: 2 Լսեցէ՛ք սա, ծերունինե՛ր, ակա՛նջ դրէք, երկրի բոլո՛ր բնակիչներ. եղե՞լ է արդեօք այսպիսի բան ձեր օրերում կամ ձեր հայրերի ժամանակ: 3 Պատմեցէ՛ք սա ձեր որդիներին, ձեր որդիները՝ իրենց որդիներին, եւ նրանց որդիները՝ յաջորդ սերնդին: 4 Թրթուրից մնացածները մորեխը կերաւ, մորեխից մնացածները կերաւ ջորեակը, եւ ջորեակից մնացածները կերաւ բուսակեր ճիճուն: 5 Սթափուեցէ՛ք, գինո՛ւց հարբածներ, լացէ՛ք եւ ողբացէ՛ք բոլորդ, որ մինչեւ հարբելը գինի էք խմում, որովհետեւ չքացաւ ձեր բերանից ուրախութիւնն ու խնդութիւնը, 6 քանի որ մի ազգ յարձակուեց իմ երկրի վրայ՝ հզօր եւ անթիւ. նրա ատամները առիւծի ատամներ են, նրա ժանիքները՝ առիւծի կորիւնի ժանիքներ: 7 Նա ապականեց իմ որթատունկը եւ իմ թզենիները խորտակեց, ցնցելով ցնցեց, գցեց այն եւ կեղեւից մերկացրեց նրա ճիւղերը: 8 Ողբա՛ ինձ, ինչպէս քուրձ հագած հարսը՝ իր ամուսնու վրայ: 9 Վերացան զոհերն ու զենումը Տիրոջ տնից, սգացէ՛ք, քահանանե՛ր՝ խորանի՛ պաշտօնեան՛ր, 10 քանի որ չորացան դաշտերը: Թող սգայ երկիրը, որովհետեւ չորացաւ ցորենը, ցամաքեց գինին, նուազեց ձէթը: 11 Ողբացէ՛ք, մշակնե՛ր, ձեր ունեցուածքի՝ ցորենի եւ գարու վրայ, որովհետեւ վերացաւ այգեկութը ագարակից, ցամաքեց որթատունկը, 12 նուազեցին թուզը, նուռը, արմաւը եւ խնձորը, եւ ագարակի ամէն ծառ գօսացաւ, քանի որ ուրախութիւնը ամօթ համարեցին: 13 Մարդո՛ւ որդիներ, քուրձե՛ր հագէք, ողբացէ՛ք, քահանանե՛ր, սգացէ՛ք, խորանի՛ պաշտօնեաներ, մտէ՛ք, ննջեցէ՛ք, Աստծոյ՝ քուրձ հագա՛ծ պաշտօնեաներ, քանի որ ձեր Աստծոյ տնից պակասեցին զոհերն ու զենումը: 14 Ծոմի օ՛ր նշանակեցէք, աղօ՛թք կազմակերպեցէք, հաւաքեցէ՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծոյ տանը եւ աղօթեցէ՛ք Տիրոջը անկեղծ սրտով: 15 Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ այն օրը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. թշուառութիւն թշուառութեան վրայ պիտի հասնի: 16 Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծոյ տնից՝ ուրախութիւնը եւ խնդութիւնը: 17 Խայտացին երինջները իրենց մսուրներում, ապականուեցին գանձերը, տապալուեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղաւ: 18 Ի՞նչ ամբարեմ նրանց մէջ: Լացեցին նախիրների խմբերը, որովհետեւ նրանք արօտ չունէին, եւ ոչխարների հօտերը սատկեցին: 19 Քեզ եմ աղօթում, Տէ՛ր, որովհետեւ հուրը սպանեց անապատի գեղեցկութիւնը, բոցը լափեց ագարակի իւրաքանչիւր ծառ, 20 վայրի կենդանին քեզ նայեց, քանի որ ցամաքեցին ջրի վտակները, եւ հուրը կերաւ անապատի գեղեցկութիւնը:

2
1 Փո՛ղ զարկեցէք Սիոնի մէջ, կո՛չ արձակեցէք իմ սուրբ լեռան վրայ, թող հաւաքուեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, 2 քանի որ մօտ է խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը: Ինչպէս առաւօտ, լեռների վրայ կտարածուի բազմամարդ եւ հզօր զօրքը. այդպիսին չի եղել յաւիտենական ժամանակներից եւ նրանից յետոյ այլեւս չի լինի սերնդից սերունդ: 3 Նրա առջեւից լափող կրակն է, նրա յետեւից՝ բորբոքեալ բոցը. նրանից առաջ՝ երկիրը դրախտային այգի, իսկ նրանից յետոյ՝ ապականուած դաշտ. եւ փրկուող չի լինի նրանից: 4 Նրա տեսքը երիվարների նման է. նրանք կարշաւեն որպէս հեծեալներ. 5 որպէս կառքերի դղրդիւն կասպատակեն լեռների գագաթներին, որպէս ձայնը բոցակէզ կրակի, որ ուտում է եղէգը, որպէս պատերազմի պատրաստուած բազմամարդ ու հզօր զօրք: 6 Նրանց առաջ ազգեր կխորտակուեն, եւ բոլոր դէմքերը կդառնան ինչպէս սեւացած պտուկ: 7 Նրանք կյարձակուեն որպէս ախոյեաններ եւ որպէս ռազմիկներ կբարձրանան պարիսպների վրայ. իւրաքանչիւրն իր ճանապարհով կգնայ, եւ չեն շեղուի իրենց շաւիղներից, 8 Մարդն իր եղբօրից եւ ընկերոջից չի զատուի: Իրենց զէնքերով ծանրացած կգնան եւ իրենց նետերի վրայ կընկնեն եւ չեն մեռնի: 9 Կխուժեն քաղաք, կքայլեն պարիսպների վրայ, կմագլցեն տները եւ գողերի նման ներս կմտնեն պատուհաններից: 10 Նրանց առաջ երկիրը կխռովուի, երկինքը կցնցուի, արեգակն ու լուսինը կխաւարեն, եւ աստղերը կթաքցնեն իրենց լոյսը: 11 Եւ Տէրն իր ձայնը կբարձրացնի իր զօրքի առաջ, քանի որ չափազանց շատ է նրա բանակը, եւ հզօր՝ նրա պատերազմական գործը, որովհետեւ մեծ է Տիրոջ օրը, մեծ եւ շատ նշանաւոր. ո՞վ կարող է դիմանալ դրան: 12 «Եւ արդ,– ասում է ձեր Տէր Աստուածը,– դարձէ՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահութեամբ, լալով ու կոծելով: 13 Ձեր սրտե՛րը պատռեցէք եւ ոչ թէ՝ ձեր հագուստները»: Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար: 14 Ո՞վ գիտէ, թերեւս դառնայ ու խղճայ, եւ իրենից յետոյ լինի օրհնութիւն, զոհ եւ զենում մեր Տէր Աստծուն: 15 Փո՛ղ զարկէք Սիոնի մէջ, ծոմի օ՛ր նշանակեցէք, պաղատա՛նք քարոզեցէք, հաւաքեցէ՛ք ժողովրդին, 16 սուրբ ժողո՛վ գումարեցէք, ընտրեցէ՛ք ծերերին, հաւաքեցէ՛ք կաթնակեր երեխաներին, թող փեսան դուրս գայ իր սենեակից, եւ հարսը՝ առագաստից: 17 Աստիճանների ու խորանի միջեւ Տիրոջ քահանաներն ու պաշտօնեաները լաց կլինեն եւ կասեն. «Խնայի՛ր, Տէ՛ր, քո ժողովրդին եւ քո ժառանգութիւնը նախատինքի մի՛ ենթարկիր, որ ազգերը տիրեն նրան, որպէսզի հեթանոսները չասեն, թէ՝ «Ո՞ւր է նրանց Աստուածը”»: 18 Տէրը նախանձախնդիր եղաւ իր երկրի համար ու խնայեց իր ժողովրդին: 19 Տէրը պատասխանեց իր ժողովրդին եւ ասաց. «Ահա ես ուղարկում եմ ձեզ ցորեն, գինի եւ իւղ, եւ դուք կկշտանաք դրանցով, ու այլեւս ձեզ չեմ յանձնի ազգերի նախատինքին: 20 Հիւսիսային բանակը կհալածեմ ձեզնից, նրան կվտարեմ դէպի անջուր երկիր, կկործանեմ նրա առաջապահ գնդերը առաջին ծովում եւ նրա վերջապահ գունդը՝ վերջին ծովում. նրա թարախը կհոսի, եւ նրա հոտը դուրս կգայ, քանի որ նրա կատարած գործերը չափն անցան: 21 Քաջալերուի՛ր, երկի՛ր, ցնծա՛ եւ ուրախացի՛ր, որովհետեւ Տէրը մեծ գործեր կատարեց քեզ հետ: 22 Քաջալերուի՛ր, վայրի՛ կենդանի, որովհետեւ անապատի դաշտերը դալարեցին, որովհետեւ ծառը տուեց իր պտուղը, որթատունկն ու թզենին տուեցին իրենց բերքը: 23 Սիոնի՛ որդիներ, ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք ձեր Տէր Աստծով, քանի որ Տէրը արդար կերակուր տուեց ձեզ եւ ձեզ համար կտեղացնի գարնան առաջին եւ աշնան վերջին անձրեւը, ինչպէս առաջ: 24 Կլցուեն ցորենի կալերը, եւ կյորդեն գինու եւ իւղի հնձանները: 25 Եւ այն տարիների դիմաց, ինչ որ մորեխը, ջորեակն ու թրթուրը կերան, կհատուցեմ ձեզ իմ մեծ զօրքով, որ ուղարկեցի ձեզ վրայ: 26 առատօրէն կուտէք, կյագենաք եւ կօրհնէք ձեր Տէր Աստծոյ անունը, որ հրաշքներ գործեց ձեզ համար, եւ այլեւս իմ ժողովուրդը չի ամաչի յաւիտեան: 27 Եւ կլինի այնպէս, որ սրանից յետոյ իմ Հոգուց կհեղեմ ամէն մարմնի վրայ, կմարգարէանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ կտեսնեն, եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կունենան: 28 Եւ կիմանաք, որ Իսրայէլի մէջ եմ ես, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, ու չկայ ոչ ոք ինձնից բացի, եւ իմ ժողովուրդը չի ամաչի յաւիտեան: 29 Այն օրերին իմ Հոգուց կհեղեմ իմ ծառաների վրայ, իմ աղախինների վրայ, որոնք կմարգարէանան: 30 Հրաշքներ ցոյց կտամ երկնքում եւ երկրի վրայ՝ արիւն, հուր եւ ծխի մրրիկ. արեգակը կխաւարի, եւ լուսինը արիւն կդառնայ, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երեւելի օրը»: 31 Այո՛, կլինի այնպէս, որ ով կանչի Տիրոջ անունը, կապրի: Սիոն լեռան վրայ եւ Երուսաղէմում փրկութիւն կլինի, Տէրը կկանչի իր մօտ, ինչպէս որ ասաց եւ ծանուցեց:

3
1 «Ահա ես այն օրերին եւ այն ժամանակ կվերադարձնեմ Հրէաստանին եւ Երուսաղէմին գերութիւնից, 2 կհաւաքեմ բոլոր ազգերին, կիջեցնեմ նրանց Յոսափաթի ձորը եւ կդատեմ նրանց այնտեղ իմ ժողովրդի եւ իմ ժառանգութեան՝ Իսրայէլի համար, որին ցրեցին բոլոր ազգերի մէջ: 3 Նրանք իմ երկիրը բաժանեցին, իմ ժողովրդի համար վիճակ էին գցում, պատանիներին տալիս էին որպէս պոռնիկների վարձ, աղջիկներին վաճառում էին գինու դիմաց եւ խմում էին: 4 Եւ դուք տակաւին ի՞նչ ունէք ինձ հետ, ո՛վ Ծուր եւ Ծայդան եւ այլազգիների ո՛ղջ Գալիլիա, մի՞թէ ինչ-որ հատուցում կտաք ինձ կամ ոխ կպահէք իմ դէմ. ես շուտով ձեր հատուցումը տագնապով կբերեմ ձեր գլխին 5 այն բանի փոխարէն, որ իմ արծաթն ու ոսկին առաք, իմ ընտիր-ընտիր ու գեղեցիկ անօթները տարաք ձեր մեհեանները 6 ու Յուդայի երկրի եւ Երուսաղէմի որդիներին վաճառեցիք յոյներին, որպէսզի նրանց հեռացնէք իրենց սահմաններից: 7 Արդ, ես ոտքի կկանգնեցնեմ նրանց այնտեղ, որտեղ վաճառեցիք նրանց, եւ կբերեմ ձեր հատուցումը ձեր գլխին: 8 Ձեր տղաներին եւ ձեր աղջիկներին կմատնեմ Յուդայի երկրի որդիների ձեռքը, եւ նրանք գերի կվաճառեն նրանց հեռու-հեռաւոր մի ազգի, քանի որ Տէրը խօսեց»: 9 Յայտարարեցէ՛ք ազգերին. «Մարտի ժա՛մ նշանակեցէք, արթնացրէ՛ք պատերազմողներին, հաւաքուեցէ՛ք եւ ելէ՛ք, բոլո՛ր ռազմիկներ: 10 Ձեր խոփերից սրե՛ր կռեցէք եւ ձեր գերանդիներից՝ գեղարդներ: 11 Տկարը թող խրախուսի՝ ասելով, թէ՝ ես հզոր եմ. հաւաքուեցէ՛ք եւ նե՛րս մտէք, շրջակայ բոլո՛ր ազգեր, խմբուեցէ՛ք այստեղ. հանդարտ մարդն էլ պատերազմող թող դառնայ: 12 Թող ելնեն ու գնան բոլոր ազգերը Յոսափաթի ձորը, քանի որ այնտեղ պիտի նստեմ՝ դատելու բոլոր ազգերին»: 13 Գործի՛ դրէք մանգաղը, որովհետեւ հասել է հունձը, եւ մտէ՛ք, կոխոտեցէ՛ք, որովհետեւ լցուել է հնձանը, եւ փոսերը յորդում են, քանի որ շատացան նրանց չար գործերը: 14 Ձայներ հնչեցին Դատաստանի ձորում, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը Դատաստանի ձորում: 15 Արեգակն ու լուսինը կխաւարեն, եւ աստղերը կթաքցնեն իրենց լոյսը: 16 Տէրը Սիոնից կկանչի, Երուսաղէմից ձայն կտայ, եւ կշարժուեն երկինքն ու երկիրը. 17 սակայն Տէրը կխնայի իր ժողովրդին, կզօրացնի իսրայէլացիներին: 18 «Դուք կճանաչէք, թէ ես եմ Տէր Աստուածը, որ բնակւում եմ իմ սուրբ Սիոն լեռան վրայ. Երուսաղէմը կսրբանայ, եւ այլազգիները այլեւս չեն անցնի նրա միջով»: 19 Այո՛, կլինի այնպէս, որ այն օրը լեռները քաղցրութիւն կբխեցնեն, բլուրները կաթ կյորդեցնեն, Յուդայի երկրի բոլոր աղբիւրները ջուր կբխեցնեն, Տիրոջ տանից աղբիւր կբխի եւ կոռոգի շրջակայքի ձորը: 20 Եգիպտոսը եւ Եդոմը ամայի դաշտ կդառնան Յուդայի երկրի որդիներին արուած անիրաւութիւնների պատճառով, քանի որ արդար արիւն թափեցին իրենց երկրում: 21 Սակայն Հրէաստանը յաւիտենապէս կբնակեցուի, նաեւ Երուսաղէմը՝ սերնդից սերունդ: 22 «Եւ ես,– ասում է Տէրը,– նրանց արեան վրէժը կլուծեմ, անպարտ չեմ դարձնի նրանց եւ կբնակուեմ Սիոնի մէջ»:
 
sacredtradition.am