русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ՕՍԷԷԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ


1
1 Տիրոջ խօսքը, որ հասաւ Երիի որդի Օսէէին Յուդայի երկրի թագաւորներ Օզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերին եւ Իսրայէլի թագաւոր Յովասի որդի Յերոբովամի ժամանակ: 2 Օսէէին տրուած Տիրոջ խօսքի սկիզբը: Տէրն ասաց Օսէէին. «Դու գնա՛ եւ քեզ համար մի պոռնիկ կի՛ն առ եւ պոռնկութեան որդիներ, որովհետեւ երկիրը չափից դուրս պիտի պոռնկանայ Տիրոջ դէմ»: 3 Նա գնաց ու առաւ Գոմերին՝ Գաբելայի մի աղջկան, որը յղիացաւ եւ որդի ծնեց նրա համար: 4 Եւ Տէրն ասաց նրան. «Նրա անունը Յեզրայէ՛լ դիր, որովհետեւ մի քիչ ժամանակ եւս, եւ ես Յեզրայէլի արեան վրէժը պիտի պահանջեմ Յէուիի տնից եւ պիտի դադարեցնեմ Իսրայէլի տան թագաւորութիւնը: 5 Այն օրը պիտի խորտակեմ Իսրայէլի աղեղը Յեզրայէլի հովտում»: 6 Գոմերը երկրորդ անգամ յղիացաւ ու մի աղջիկ ծնեց, եւ Տէրը ասաց նրան. «Նրա անունը դիր Չողորմած, որովհետեւ այլեւս չպիտի շարունակեմ ողորմել Իսրայէլի տանը, այլ նրանց դէմ պիտի կանգնեմ հակառակութեամբ: 7 Բայց Յուդայի որդիներին պիտի ողորմեմ եւ պիտի փրկեմ նրանց ես՝ իրենց Տէր Աստուածը,  բայց չեմ փրկելու նրանց աղեղով,  ո՛չ սրով, ո՛չ պատերազմով, ո՛չ կառքերով,  ո՛չ ձիերով եւ ո՛չ հեծեալներով»: 8 Եւ Չողորմածին կտրեց կաթից: Գոմերը դարձեալ յղիացաւ եւ մի որդի ծնեց: 9 Տէրն ասաց. «Նրա անունը դիր “Ոչ իմ ժողովուրդ”, քանի որ դուք իմ ժողովուրդը չէք, եւ ես ձեր ոչ մի բանը չեմ: 10 Բայց իսրայէլացիների քանակը  ծովի աւազի պէս անչափ ու անթիւ կլինի.  եւ այնտեղ, որտեղ ասուեց՝  “Դուք իմ ժողովուրդը չէք”, այնտեղ “Կենդանի Աստծոյ որդիներ” կկոչուեն: 11 Եւ Յուդայի ու Իսրայէլի որդիները միասին կհաւաքուեն, իրենց համար մի իշխանութիւն կհաստատեն եւ կելնեն այն երկրից, քանի որ մեծ է Յեզրայէլի օրը:

2
1 Ձեր եղբօրն ասացէք “Իմ ժողովո՛ւրդ” եւ ձեր քրոջը՝ “Ողորմած”: 2 Դա՛տ արէք ձեր մօր հետ, դա՛տ արէք,  քանի որ նա իմ կինը չէ,  եւ ես նրա ամուսինը չեմ:  Ես կվերացնեմ նրա պոռնկութիւնը իմ ներկայութիւնից  եւ շնութիւնը՝ իր ստինքների միջից, 3 որովհետեւ նրան կմերկացնեմ եւ նրան կանեմ այնպէս, ինչպէս ծնուած օրը. նրան անբնակ կդարձնեմ, կվերածեմ անջուր հողի եւ կսպանեմ նրան ծարաւից: 4 Նրա որդիներին չեմ գթայ, քանի որ պոռնկութեան որդիներ են, 5 քանի որ չափից դուրս պոռնկացաւ նրանց մայրը եւ ամօթի մէջ թողեց, ում որ ծնեց, քանի որ ասաց. “Կգնամ իմ սիրածների յետեւից, որոնք կտան ինձ իմ հացն ու ջուրը, իմ հագուստն ու ներքնազգեստը, իմ գինին ու ձէթը եւ ամէն ինչ, որ պէտք է ինձ”: 6 Դրա համար ես կփակեմ նրա ճանապարհները, կպատնէշեմ նրա ուղիները, եւ նա իր շաւիղները չի գտնի: 7 Նա կգնայ իր սիրածների յետեւից եւ չի հասնի նրանց,  կփնտրի, բայց չի գտնի նրանց  եւ կասի. “Կգնամ եւ կվերադառնամ իմ նախկին ամուսնու մօտ, որովհետեւ այն ժամանակ աւելի լաւ էր ինձ համար, քան հիմա”: 8 Եւ նա չիմացաւ, որ ե՛ս տուեցի նրան ցորենը, գինին եւ ձէթը,  բազմացրի նրա դրամը,  իսկ նա շատ արծաթէ եւ ոսկէ արձաններ սարքեց Բահաղին: 9 Դրա համար ես կդառնամ եւ յետ կառնեմ իմ ցորենն իր ժամանակին, իմ գինին եւ իմ ձէթն իրենց ժամանակին եւ կհանեմ նրա վրայից իմ հագուստն ու ներքնազգեստը, որ չծածկի իր մերկութիւնը: 10 Եւ արդ, կպարզեմ նրա պղծութիւնը իր սիրածների առաջ, եւ ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից: 11 Կխափանեմ նրա բոլոր ուրախութիւնները,  նրա տօները, ամսագլուխներն ու շաբաթները  եւ նրա բոլոր տօնախմբութիւնները: 12 Կկործանեմ նրա այգիներն ու թզենիները,  որոնց համար մի անգամ ասաց, թէ՝  “Իմ վարձն են սրանք, որ տուեցին ինձ իմ սիրածները”.  նրան որպէս վկայութիւն կդնեմ,  կուտեն նրան անապատի գազանները,  երկնքի թռչուններն ու երկրի սողունները: 13 Կպատժեմ նրան Բահաղիմի օրերի համար,  երբ զոհ էր մատուցում նրանց,  ականջօղեր էր դնում,  իր քառամանեակներն էր գցում,  գնում էր իր սիրածների հետ  եւ մոռացել էր ինձ,– ասում է Տէրը:– 14 Դրա համար ահա կմոլորեցնեմ նրան  եւ կդարձնեմ նրան ինչպէս անապատ,  կխօսեմ նրա սրտին, 15 ապա կտամ նրան իր ունեցուածքը եւ Աքորի հովիտը՝ բացելու նրա միտքը, եւ նա խոնարհ կդառնայ այնտեղ, ինչպէս իր մանկութեան օրերին եւ ինչպէս նրա՝ Եգիպտացիների երկրից ելնելու օրերին: 16 Այն օրը,– ասում է Տէրը,– ինձ կանուանի “Իմ ամուսին” եւ Բահաղիմ չի կոչի ինձ: 17 Կվերացնեմ Բահաղիմի անունները նրա բերանից,  եւ այլեւս չեն յիշուի նրանց անունները: 18 Այն օրը ուխտ կկնքեմ նրանց հետ՝ անապատի գազաններով, երկնքի թռչուններով եւ երկրի սողուններով հանդերձ. եւ աղեղը, սուրն ու ճակատամարտը կվերացնեմ երկրից եւ կբնակեցնեմ քեզ յոյսով: 19 Քեզ կնշանեմ ինձ յաւիտեան,  քեզ կնշանեմ ինձ արդարութեամբ եւ իրաւունքով,  ողորմութեամբ եւ գթութեամբ: 20 Քեզ կնշանեմ ինձ հաւատով,  եւ դու կճանաչես Տիրոջը: 21 Այն օրը,– ասում է Տէրը,– ես կունկնդրեմ երկնքին,  երկինքը կունկնդրի երկրին, 22 երկիրը կունկնդրի ցորենին, գինուն ու ձէթին,  եւ նրանք կունկնդրեն Յեզրայէլին: 23 Ես նրան կսերմանեմ երկրի վրայ ինձ համար,  կգթամ Չողորմածին, կասեմ ինձ օտար ժողովրդին՝ 24 “Իմ ժողովուրդն ես դու”,  եւ նա կասի. “Իմ Տէր Աստուածն ես դու”»:

3
1 Եւ Տէրն ասաց. «Դարձեալ դու գնա՛ եւ սիրի՛ր մի կին, որ սիրի չարութիւնը եւ շնացող լինի, ինչպէս որ Աստուած սիրեց իսրայէլացիներին, իսկ նրանք օտար աստուածներին էին նայում եւ սիրում էին չամիչով պատրաստուած բլիթներ»: 2 Ես վարձեցի նրան ինձ համար տասնհինգ արծաթով, մի քոռ գարիով եւ մի մատնաչափ գինով: 3 Եւ ասացի նրան. «Շատ օրեր կնստես ինձ մօտ եւ այլեւս չես պոռնկանայ ու այլեւս ուրիշ տղամարդունը չես լինի»: 4 Արդարեւ, շատ օրեր իսրայէլացիները կնստեն առանց թագաւորի, առանց իշխանի, առանց զոհաբերութեան, առանց սեղանի, առանց քահանայութեան եւ առանց յայտնութիւնների: 5 Դրանից յետոյ իսրայէլացիները կդառնան եւ կփնտրեն իրենց Տէր Աստծուն ու իրենց Դաւիթ արքային. կզօրանան Տիրոջով եւ նրա բարութիւններով վերջին օրերին:

4
1 Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, իսրայէլացինե՛ր, որովհետեւ Տէրը դատ ունի երկրի բնակիչների հետ. «Չկայ ճշմարտութիւն, չկայ ողորմութիւն, եւ չկայ Աստծոյ ճանաչում երկրի վրայ: 2 Անէծք, ստութիւն, սպանութիւն, գողութիւն եւ շնութիւն ողողել են երկիրը եւ արիւնը արեան են խառնում: 3 Դրա համար սուգը կպատի երկիրը, եւ կնուազեն նրա բոլոր բնակիչները՝ անապատի գազանները, գետնի սողունները եւ երկնքի թռչունները, կպակասեն ծովի ձկները. 4 քանի որ չի լինելու մէկը, որ դատի, ոչ էլ՝ մէկը, որ յանդիմանի: 5 Բայց իմ ժողովուրդը նման է քահանային հակաճառողի. նրանք կտկարանան ցերեկով, եւ մարգարէն էլ կտկարանայ քեզ հետ. քո մօրը նմանեցրի գիշերուան: 6 Իմ ժողովուրդը նմանուեց նրան, ով իմացութիւն չունի. քանի որ դու մերժեցիր իմացութիւնը, ես էլ քեզ կմերժեմ, որպէսզի քահանայութիւն չանես ինձ համար. քանի որ մոռացար քո Աստծոյ օրէնքները, ես էլ կմոռանամ քո որդիներին: 7 Քահանաները իրենց թուի աճի համեմատ մեղք գործեցին իմ նկատմամբ. նրանց փառքը անարգանքի կվերածեմ: 8 Իմ ժողովրդի մեղքերով կուռճանան եւ իրենց անիրաւութեամբ կհարստացնեն իրենց անձերը: 9 Ինչպէս ժողովուրդը, այնպէս էլ քահանան կլինի, եւ ես կպատժեմ նրան, նրա ճանապարհների եւ նրա խորհուրդների համաձայն կհատուցեմ նրան. 10 կուտեն եւ չեն յագենայ, կպոռնկանան, բայց յաջողութիւն չեն գտնի, քանի որ լքեցին Տիրոջը ամբողջապէս պոռնկանալու համար: 11 Գինին եւ հարբեցողութիւնը գրաւեցին իմ ժողովրդի սիրտը: 12 Վիճակաքարեր գցելով՝ խորհուրդ էին հարցնում, եւ քահանաներն իրենց փայտիկներով պատասխանում էին նրանց. պոռնկութեան սատանայից մոլորուեցին եւ պոռնկացան իրենց Աստծոյ նկատմամբ: 13 Լեռների գլխին զոհ էին մատուցում եւ բլուրների վրայ ողջակէզ էին անում կաղնիների, կաղամախիների եւ սաղարթախիտ ծառերի տակ, քանզի հովանին հաճելի էր նրանց. դրա համար ձեր դուստրերը կպոռնկանան, եւ ձեր հարսները կշնանան: 14 Ես չեմ պատժելու ձեր դուստրերին, երբ պոռնկանան, եւ ձեր հարսներին՝ երբ շնանան, քանի որ այրերն իրենք էին պոռնիկների հետ կենակցում, զոհ էին մատուցում մեհեաններին նուիրուածների հետ, եւ քո ժողովուրդը, որ չէր հասկանում այդ, խառնակւում էր պոռնիկների հետ: 15 Բայց դու, Իսրայէ՛լ, տգէտ մի՛ եղիր, եւ, Յուդայի՛ որդիներ, մի՛ մտէք Գաղգաղա, մի՛ բարձրացէք Ովնի տուն եւ մի՛ երդուէք կենդանի Տիրոջ անունով, 16 քանի որ Իսրայէլն ինձ համար եղաւ ինչպէս լուծը թօթափած երինջ: Արդ, Տէրը նրանց որպէս գառ կարածեցնի բաց դաշտում: 17 Եփրեմը յարեց կուռքերին, գայթակղութեան մատնեց իր անձը. բոլորը տենչացին քանանացիների կուռքերին, գինի սիրեցին. թողէ՛ք նրանց: 18 Չափից դուրս պոռնկացան, սիրեցին անպատւութիւնը իրենց հպարտութեան պատճառով: 19 Քամու մրրիկ կփչի նրանց թեւերի տակ, եւ կամաչեն իրենց զոհասեղանների համար:

5
1 Լսեցէ՛ք սա, քահանաներ, անսացէք, Իսրայէլի՛ տուն եւ թագաւորի՛ տուն, ակա՛նջ դրէք, քանի որ ձերն է դատաստանը. 2 կլինէք ինչպէս թակարդ դիտանոցում եւ ինչպէս մի ցանց՝ ձգուած բարձրադիր վայրում, որ որսորդները դրեցին որսի համար: 3 Ես եմ ձեր ուղղիչը. ես ճանաչեցի Եփրեմին, եւ Իսրայէլը հեռու չէ ինձնից, քանի որ այժմ Եփրեմը պոռնկացաւ, եւ Իսրայէլը պղծուեց: 4 Նրանք չմտածեցին վերադառնալ իրենց Աստծուն, որովհետեւ պոռնկութեան չար ոգին նրանց մէջ է, եւ Տիրոջը չճանաչեցին: 5 Իսրայէլի հպարտութիւնը կխոնարհուի նրա առաջ. ե՛ւ Իսրայէլը, ե՛ւ Եփրեմը կտկարանան իրենց անօրինութեան մէջ, կտկարանայ եւ Յուդան նրանց հետ: 6 Նրանք ոչխարներով եւ զոհերով կգնան Տիրոջը որոնելու եւ չեն գտնի նրան, որովհետեւ նա խուսափեց նրանցից: 7 Նրանք Տիրոջը թողեցին, քանի որ օտար որդիներ ծնուեցին նրանց: Ահա այժմ թրթուրը կուտի նրանց եւ նրանց երկիրը: 8 Փո՛ղ հնչեցրէք բլուրների վրայ, գոռացէ՛ք բարձունքների վրայ, յայտարարեցէ՛ք Ովնի տանը, թէ յիմարացաւ Բենիամինը, 9 եւ Եփրեմը կործանուեց յանդիմանութեան օրերին. Իսրայէլի ցեղերին հաւատարմութիւն ցոյց տուեցի: 10 Յուդայի երկրի իշխանները նմանուեցին սահմանները փոփոխողների. նրանց վրայ ջրի պէս կթափեմ իմ կատաղութիւնը: 11 Եփրեմը զրկեց իր թշնամուն եւ ոտնակոխ արեց արդարադատութիւնը, քանի որ սկսեց սնոտի բաների յետեւից գնալ: 12 Ես Եփրեմի համար սարսափ կլինեմ եւ Յուդայի տան համար՝ ինչպէս խայթոց: 13 Եփրեմը տեսաւ իր ախտը, եւ Յուդան՝ իր ցաւերը. Եփրեմը գնաց ասորեստանցիների մօտ եւ պատգամաւորներ ուղարկեց Յարիմի արքային, բայց նա չկարողացաւ փրկել ձեզ եւ ոչ էլ հանգստացնել ձեզ ցաւերից: 14 Քանզի ես Եփրեմի համար յովազի պէս եմ եւ Յուդայի տան համար՝ առիւծի նման. կյարձակուեմ, կյափշտակեմ, 15 կառնեմ նրանց, ու ոչ ոք չի լինի, որ փրկի. կգնամ եւ կվերադառնամ իմ տեղը, մինչեւ որ նրանք կործանուեն եւ փնտրեն ինձ:

6
1 Իրենց նեղութիւնների մէջ կշտապեն ինձ մօտ եւ կասեն. “Գնանք եւ վերադառնանք մեր Տէր Աստծուն. 2 որովհետեւ նա հարուածեց մեզ եւ ինքն էլ կբժշկի, վիրաւորեց եւ կկապի մեր վէրքերը: 3 Երկու օր յետոյ նա կկենդանացնի մեզ, եւ երրորդ օրը կելնենք-կկանգնենք նրա առաջ, կճանաչենք Տիրոջը եւ հետամուտ կլինենք ճանաչելու նրան: Մենք նրան պատրաստ կգտնենք, ինչպէս առաւօտը, եւ նա կգայ դէպի մեզ, ինչպէս վաղ եւ ուշացած անձրեւը՝ դէպի հողը”: 4 Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Յուդա՛, որովհետեւ ձեր ողորմութիւնը վաղորդեան ամպի պէս է եւ առաւօտեան ցօղի պէս, որ անհետանում է: 5 Դրա համար հնձեցի ձեր մարգարէներին եւ կոտորեցի նրանց իմ բերանի խօսքով. իմ արդարադատութիւնը իբրեւ լոյս կծագի: 6 Քանզի ողորմութիւն եմ ցանկանում եւ ոչ թէ զոհաբերում, Աստծոյ ճանաչումն աւելի եմ ցանկանում, քան ողջակէզները. 7 բայց նրանք եղան ինչպէս մի մարդ, որ դրժում է ուխտը: 8 Գաղաադն այնտեղ արհամարհեց ինձ, քաղաք, որ սնոտի բաներ է անում եւ խառնում ջրերը: 9 Քո զօրութիւնը աւազակ մարդու զօրութեան պէս է: Քահանաները թաքցրին ճանապարհը, սպանեցին Սիկիմը, որովհետեւ անօրինութիւն գործեցին: 10 Իսրայէլի տան մէջ տեսայ արհաւիրքներ. այնտեղ պոռնկացաւ Եփրեմը, եւ պղծուեց Իսրայէլը: 11 Յուդան սկսեց այգեկութը, երբ ես գերութիւնից վերադարձրի իմ ժողովրդին:

7
1 Իսրայէլին բժշկելիս ի յայտ կգան Եփրեմի չարիքներն ու Սամարիայի չարիքները, քանի որ սխալ բաներ արեցին. գող կմտնի նրա տուն, իսկ աւազակը կթալանի նրա ճանապարհներին. 2 նրանք միասին կմրմնջան, ինչպէս մրմնջում են մարդիկ իրենց մտքում. նրանց բոլոր չարիքները յիշեցի. նրանց խորհուրդները պաշարեցին նրանց, եւ նրանք յայտնուեցին իմ առաջ: 3 Իրենց չարիքներով ուրախացրին թագաւորին եւ իրենց ստերով՝ իշխաններին: 4 Բոլորը շնացան, ինչպէս թոնիրն է վառւում հաց թխելու համար բորբոքուած կրակից եւ ճարպի զանգուածից, մինչեւ այն խմորուի. 5 այդպէս ձեր թագաւորների օրերին իշխանները սկսեցին վառուել գինուց եւ ձեռք մեկնեցին չարագործներին, 6 որովհետեւ սրտերն իրենց հնոցի պէս բորբոքուեցին՝ անիծելու նրանց: Գիշերն ամբողջ քնից յագեցաւ Եփրեմը. առաւօտ եղաւ, եւ բորբոքուեցին որպէս կրակի բոց: 7 Բոլորը տաքացան ինչպէս վառուած հնոց, եւ կրակը կերաւ նրանց դատաւորներին. նրանց բոլոր թագաւորներն ընկան, եւ նրանց մէջ չկար մէկը, որ կանչէր ինձ: 8 Եփրեմը խառնւում էր ժողովուրդներին, Եփրեմը նմանուեց շուռ չտուած հացիկի. 9 օտարները կերան նրա զօրութիւնը, եւ նա չիմացաւ. սպիտակեցին նրա մազերը, եւ նա չզգաց: 10 Իսրայէլի հպարտութիւնը կխոնարհուի նրա առաջ. նրանք չվերադարձան իրենց Տէր Աստծուն եւ չփնտրեցին նրան այս բոլորի մէջ: 11 Եփրեմը նման էր անմիտ աղաւնու, որ սիրտ չունի. Եգիպտոս էին կանչւում, բայց գնացին Ասորեստան: 12 Ուր էլ որ գնան, նրանց վրայ կգցեմ իմ ցանցը, երկնքի թռչունների նման ցած կբերեմ նրանց եւ կպատժեմ նրանց իրենց գլխին գալիք նեղութեան լուրով: 13 Վա՜յ նրանց, քանի որ նրանք խոյս տուեցին ինձնից, ողորմելի են, քանի որ ամբարշտացան իմ դէմ: Ես փրկեցի նրանց, իսկ նրանք ստութեամբ բամբասեցին ինձնից: 14 Նրանց սրտերը չկանչեցին ինձ, այլ ողբում էին իրենց անկողիններում. նրանք ցորենի ու գինու համար ծուատում էին իրենց: 15 Ես խրատեցի նրանց եւ զօրացրի նրանց բազուկները, բայց նրանք չարիք խորհեցին իմ դէմ: 16 Նրանք դարձան անգոյին եւ եղան ինչպէս լարուած աղեղ: Սրով կընկնեն նրանց իշխանները իրենց լեզուի անսանձ խստութեան պատճառով, եւ սա կլինի նրանց նախատինքը Եգիպտոսում:

8
1 Կիջնի նա նրանց կենտրոնում ինչպէս հող եւ ինչպէս արծիւ՝ Տիրոջ տան վրայ, որովհետեւ անտեսեցին իմ ուխտը եւ իմ օրէնքի դէմ ամբարշտացան: 2 Կաղաղակեն դէպի ինձ. “Աստուա՛ծ, ճանաչեցինք քեզ”. 3 քանի որ Իսրայէլը հեռացաւ բարիքներից, նրանք հալածեցին թշնամուն: 4 Անձամբ թագաւորներ կարգեցին, բայց ոչ՝ իմ միջոցով. տիրեցին, բայց ցոյց չտուեցին ինձ, իրենց արծաթից ու ոսկուց կուռքեր շինեցին իրենց համար, որպէսզի կործանուեն: 5 Խորտակի՛ր քո հորթը, Սամարիա՛. իմ բարկութիւնը բորբոքուեց նրանց դէմ. մինչեւ ե՞րբ պիտի չկարողանան մաքրուել Իսրայէլում: 6 Արհեստաւորը պատրաստեց այն եւ նա Աստուած չէ, քանի որ քո հորթը մոլորեցուցիչ է, Սամարիա՛, 7 որովհետեւ խորշակահար սերմ սերմանեցին, եւ նա էլ կկործանուի նրանց նման. նրանց ցորենի խուրձը ուժ չի ունենայ խիւս դառնալու. եթէ նոյնիսկ դառնայ, օտարները կուտեն այն: 8 Իսրայէլն ընկղմուեց. այժմ նա ազգերի մէջ դարձաւ ինչպէս անպիտան անօթ: 9 Քանի որ գնացին դէպի ասորեստանցիները, ուրախացաւ Եփրեմն առանձին, սիրեց կաշառքը. 10 դրա համար էլ կմատնուի ազգերին: Բայց այժմ կընդունեմ նրանց, եւ մի փոքր կդադարեն թագաւորներ եւ իշխաններ օծելուց: 11 Եփրեմն առատացրեց զոհասեղանները, եւ նրա սիրելի զոհասեղանները մեղք դարձան նրա համար: 12 Բազմաթիւ պատգամներ կգրեմ նրանց, բայց նրա կուռքերը օտարոտի կհամարուեն, նաեւ նրա սիրելի զոհասեղանները: 13 Թէպէտ եւ զոհեր կմատուցեն եւ դրանց միսը կուտեն, Տէրը չի ընդունի այն: Այժմ կյիշի նրանց անիրաւութիւնները եւ վրէժ կլուծի նրանց անօրինութիւնների համար, քանի որ նրանք վերադարձան Եգիպտոս եւ պիղծ բաներ պիտի ուտեն ասորեստանցիների մէջ: 14 Իսրայէլը մոռացաւ իր Արարչին, եւ մեհեաններ շինեցին. Յուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց ես կրակ կուղարկեմ նրա քաղաքների վրայ, եւ այն կուտի դրանց հիմքերը»:

9
1 Մի՛ խնդայ, Իսրայէ՛լ, եւ մի՛ ուրախացիր, ինչպէս երկրի ժողովուրդները, որովհետեւ պոռնկացար քո Աստծոյ դէմ, սիրեցիր կաշառքը ցորենի բոլոր կալերի վրայ: 2 Կալերն ու հնձանները չճանաչեցին նրանց, եւ գինին խաբեց նրանց: 3 Նրանք չեն բնակուի Տիրոջ երկրում. Եփրեմը կբնակուի Եգիպտոսում, եւ նրանք ասորեստանցիների մէջ պիղծ բաներ պիտի ուտեն: 4 Տիրոջը գինի չնուիրեցին եւ նրա սիրտը չքաղցրացրին իրենց վրայ, նրանց զոհերը սգոյ հոգեճաշ կդառնան իրենց համար. բոլոր նրանք, ովքեր կուտեն նրանից, կպղծուեն, քանի որ իրենց հացը միայն իրենց կմնայ եւ չի մտնի Տիրոջ տան մէջ: 5 Ի՞նչ պիտի անէք տարեկան հաւաքի օրը եւ Տիրոջ տօնի օրը: 6 Դրա համար ահա կգնան դէպի եգիպտացիների թշուառութիւնը. Մեմփիսը կընդունի նրանց, եւ Մաքմասը կթաղի նրանց, կորստի կմատնի նրանց արծաթը, եւ նրանց բնակարանում փուշ կբուսնի: 7 Հասել են քո վրէժխնդրութեան օրերը, հասել են օրերը քո հատուցման, եւ Իսրայէլը կչարչարուի ինչպէս յիմարացած մարգարէ, ինչպէս այսահար մի մարդ. քո անիրաւութիւնների շատութեան պատճառով վրայ հասաւ մոլորութիւնը: 8 Եփրեմը դիտորդ է Աստծոյ հետ, մարգարէն գայթակղութեան թակարդ է նրա բոլոր ճանապարհների վրայ. նրանք մոլորութիւն հաստատեցին Աստծոյ տան մէջ, 9 ապականուեցին, ինչպէս բարձունքի օրերին. Տէրը կյիշի նրանց անօրինութիւնները եւ վրէժ կլուծի նրանց մեղքերի համար: 10 «Գտայ Իսրայէլին ինչպէս խաղող անապատում եւ տեսայ նրանց հայրերին որպէս պահակ՝ վաղահաս թզենու մէջ: Նրանք մտան Բելփեգոր եւ օտարացան՝ ամօթահար լինելով. գարշելիները դարձան սիրելիներ: 11 Եփրեմը թռչունի պէս թռաւ, եւ փառք չի լինի նրանց ծնունդներից, երկունքից եւ յղութիւնից: 12 Թէպէտ եւ կմեծացնեն իրենց որդիներին, սակայն զուրկ կմնան մարդկանցից: Արդարեւ, վայ է նրանց, թէեւ իմ մարմինը նրանցից է: 13 Ինչպէս Եփրեմին տեսայ, նրանք իրենց որդիներին որպէս զոհ կանգնեցրին, եւ Եփրեմը սկսեց իր որդիներին դուրս բերել սպանդի»: 14 Տո՛ւր նրանց, Տէ՛ր – ի՞նչ ես տալու նրանց – տո՛ւր նրանց անորդի արգանդ եւ ցամաքած ստինքներ: 15 «Նրանց ամբողջ չարութիւնը Գաղգաղայում է, ուստի եւ այնտեղ ատեցի նրանց. իրենց չար ընթացքի համար իմ տնից կհեռացնեմ նրանց եւ այլեւս չեմ սիրի նրանց. նրանց բոլոր իշխանները ապստամբներ են: 16 Ախտահարուեցին Եփրեմի արմատները, չորացան եւ այլեւս պտուղ չեն տայ, որովհետեւ նոյնիսկ եթէ ծնեն, կոչնչացնեմ նրանց որովայնների ցանկալի պտուղները»: 17 Աստուած կմերժի նրանց, քանի որ չլսեցին նրան, եւ նրանք մոլորուած կլինեն ազգերի մէջ:

10
1 Ճիւղառատ, պտղալից որթատունկ է Իսրայէլը. նա իր պտուղների առատութեան չափ բազմացրեց իր զոհասեղանները, իր պարարտութեան չափ արձաններ կանգնեցրեց: 2 Նրանք բաժանեցին իրենց սրտերը, նրանք կապականուեն: Նա կկործանի նրանց զոհասեղանները, ողբալի կդառնան նրանց արձանները, 3 քանի որ հիմա կասեն. «Թագաւոր չունենք, որովհետեւ Տիրոջից չվախեցանք, բայց թագաւորը ի՞նչ կարող է անել մեզ համար»: 4 Եթէ խօսքեր ասի, ստայօդ են. ուխտ կկնքի, եւ արդարադատութիւնը որպէս սէզ կաճի ագարակի անմշակ հողում: 5 Ովնի տան հորթի պէս պանդուխտ կդառնան Սամարիայի բնակիչները, որովհետեւ նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրայ. եւ ինչպէս որ դառնացրին նրան, ոտնակոխ կլինեն նրա փառքի համար, քանի որ գերուեցին նրա կողմից: 6 Եւ նրան կապկպուած Ասորեստան կտանեն՝ որպէս նուէր Յարիմ արքային: Նա կաշառքով կընդունի Եփրեմին. Իսրայէլը կամաչի իր խորհուրդներից: 7 Սամարիան մերժեց իր թագաւորին ինչպէս տաշեղ ջրի երեսին: 8 Կվերանան Ովնի մեհեանները՝ Իսրայէլի մեղքերը, փուշ ու տատասկ կբուսնեն նրանց զոհասեղաններին. եւ լեռներին կասեն, թէ՝ «Ընկէ՛ք մեզ վրայ», եւ բլուրներին, թէ՝ «Ծածկեցէ՛ք մեզ»: 9 «Այն օրից, երբ բարձունքները գոյութիւն ունեն, Իսրայէլը մեղք գործեց: Այնտեղ տեղաւորուեցին նրանք: Եւ բարձունքի վրայ չի հասնի նրանց պատերազմը, 10 որ եկաւ խրատելու նրանց անօրինութեան որդիների դէմ. ազգերը կհաւաքուեն նրանց դէմ՝ խրատելու նրանց իրենց կրկնակի անիրաւութիւնների համար: 11 Եփրեմը մարզուած երինջ է, որ սիրում է հակառակութիւնը, բայց ես կնետուեմ նրա գեղեցիկ պարանոցի վրայ, կբարձրանամ Եփրեմի վրայ, կանտեսեմ Յուդային, եւ Յակոբը կյաղթի նրան: 12 Ձեզ համար արդարութեան սերմե՛ր ցանեցէք եւ կենաց պտո՛ւղ քաղեցէք. վառեցէ՛ք ձեզ համար գիտութեան լոյսը, փնտրեցէ՛ք Տիրոջը, մինչեւ որ արդարութեան պտուղները հասնեն ձեզ: 13 Ինչո՞ւ էք փորփրում ամբարշտութիւնը, փխրեցնում նրա անօրինութիւնները եւ ուտում ստութեան պտուղը. որովհետեւ յոյս դրեցիր քո կառքերի վրայ, քո զօրքի բազմութեան վրայ: 14 Քո ժողովուրդը կորստեան կմատնուի, եւ քո բոլոր պարսպապատ ամրոցները կկործանուեն: Ինչպէս Յերոբովաղի տնից Սաղաման իշխանի պատերազմի ժամանակ, երբ մայրերին սպանեցին որդիների կողքին, 15 այդպէս էլ կանեն ձեզ, ո՛վ Իսրայէլի տուն, ձեր չարիքների պատճառով:

11
1 Առաւօտեան նրանք ընկան, ընկաւ Իսրայէլի թագաւորը: Քանի դեռ մանուկ էր Իսրայէլը, ես սիրեցի նրան եւ Եգիպտոսից կանչեցի նրա որդիներին: 2 Եւ ինչպէս կանչեցի նրանց, այնպէս էլ հեռացան իմ ներկայութիւնից: Նրանք Բահաղիմին էին զոհ մատուցում եւ խնկարկում էին կուռքերին: 3 Ես խափանեցի Եփրեմի ընթացքը եւ նրան վերցրի իմ բազուկների վրայ. 4 չիմացան, որ ես բժշկում եմ նրանց: Երբ մարդիկ ապականուեցին, ես կապեցի նրանց իմ սիրոյ կապերով եւ նրանց համար դարձայ այնպիսին, որ ապտակում է ուրիշի ծնօտին: Ես հոգ կտանեմ եւ կյաղթեմ նրան: 5 Եփրեմը բնակուեց Եգիպտոսում, իսկ ասորեստանցին նրա թագաւորն էր, քանի որ չուզեցին վերադառնալ: 6 Նա սրով տկարացաւ իր քաղաքներում եւ դադարեց կռիւ մղել իր ձեռքերով: Նրանք կճաշակեն իրենց խորհուրդների պտուղը: 7 Նրա ժողովուրդը կախուած կմնայ իր բնակավայրից, եւ Աստուած կբարկանայ նրա պատուական բաների վրայ ու չի մեծարի նրան: 8 Ինչպէ՞ս վարուեմ քեզ հետ, Եփրե՛մ, ինչպէ՞ս պաշտպան լինեմ քեզ, Իսրայէ՛լ, ինչպէ՞ս վարուեմ քեզ հետ. քեզ կդարձնեմ ինչպէս Ադամ եւ ինչպէս Սեբոյիմ: 9 Սիրտս շուռ եկաւ, գութս շարժուեց, եւ իմ սաստիկ բարկութեան թելադրանքով չեմ վարուի ու չեմ թողնի, որ Եփրեմը ջնջուի, քանի որ ես Աստուած եմ եւ ոչ թէ մարդ, Սուրբ եմ ձեր մէջ եւ քաղաք չեմ մտնի: 10 Տիրոջ յետեւից կգնան: Նա առիւծի պէս կմռնչայ. քանի որ նա կմռնչայ եւ ջրերի որդիներին կապշեցնի: 11 Որպէս թռչուն՝ կթռչեն-կգան Եգիպտոսից եւ որպէս աղաւնիներ՝ Ասորեստանից. “Կպատսպարեմ նրանց իրենց տներում”,– ասում է Տէրը: 12 Եփրեմն ինձ ստութեամբ պաշարեց, իսկ Իսրայէլի եւ Յուդայի տունը՝ անբարշտութեամբ: Բայց այժմ Աստուած ճանաչեց նրանց, եւ նրանք կկոչուեն Աստծոյ սուրբ ժողովուրդ:

12
1 Սակայն այս Եփրեմը չար է. հետեւեց խորշակին, ամբողջ օրը դատարկ եւ սնոտի բաներ շատացրեց, դաշինք կնքեց ասորեստանցիների հետ եւ իւղ էր տանում Եգիպտոս: 2 Տէրը վէճ ունեցաւ Յուդայի հետ եւ կպատժի Յակոբին. ըստ նրա ճանապարհի եւ ընթացքի կհատուցի նրան: 3 Արգանդում նա խաբեց իր եղբօրը եւ իր գործերով ուժ ցոյց տուեց Աստծոյ դէմ. նա չափուեց հրեշտակի հետ եւ յաղթեց նրան: 4 Լաց եղան, աղաչեցին ինձ եւ գտան ինձ իմ տանը. այնտեղ խօսք ուղղուեց նրանց, 5 եւ Ամենակալ Տէր Աստուած կդառնայ յիշատակը նրանց: 6 Դու կդառնաս քո Աստծուն, կպահպանես ողորմութիւն եւ արդարութիւն եւ ամէն ժամ կմերձենաս քո Տէր Աստծուն: 7 Անիրաւութեան կշեռքը Քանանի ձեռքում է, եւ նա սիրեց բռնանալ: 8 Եփրեմն ասաց. “Հարստացայ, հանգիստ գտայ իմ անձի համար”. նրա բոլոր վաստակները չեն մնայ նրան, քանի որ անօրինութիւնների համար յանցանք գործեց: 9 Բայց ես՝ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտացիների երկրից, դարձեալ կբնակեցնեմ քեզ վրանների տակ, ինչպէս տօն օրերին: 10 Կխօսեմ մարգարէների հետ, կշատացնեմ տեսիլքները եւ մարգարէների միջոցով կներկայանամ: 11 Եթէ Գաղաադը չկար, ապա սուտ էին իշխանները, որ զոհ էին մատուցում Գաղգաղայում, եւ նրանց զոհասեղանները նման էին կրիաների խոպան հողում: 12 Յակոբը գնաց ասորիների դաշտը, Իսրայէլը ծառայեց կնոջ համար եւ կնոջ համար պահակութիւն արեց: 13 Տէրը մարգարէի միջոցով Իսրայէլը հանեց Եգիպտոսից, եւ նա պահպանուեց մարգարէի միջոցով: 14 Իսրայէլը ինձ բարկացրեց ու զայրացրեց, նրա արիւնը իր վրայ կթափուի, եւ Տէրը կհատուցի նրան նրա նախատինքների համար»:

13
1 Ըստ Եփրեմի խօսքի՝ նա ստացաւ Իսրայէլի Աստծոյ վճիռը, նրան հաստատեց Բահաղի համար ու մեռաւ: 2 Այժմ դարձեալ շարունակեցին մեղանչել եւ իրենց համար կուռքերի պատկերների նման ձուլածոյ արձաններ պատրաստեցին իրենց արծաթից՝ ճարտար արհեստաւորների գործ տալու նրանց: Նրանք ասացին. «Մարդի՛կ, զո՛հ մատուցէք, որովհետեւ հորթերը նուազեցին»: 3 Դրա համար կլինեն ինչպէս առաւօտեան ամպ եւ վաղորդեան ցօղ, որ անցնում է, ինչպէս փոշի՝ կալից քշուած, եւ ինչպէս ծուխ՝ պատուհանից դուրս եկող: 4 «Ես եմ քո Տէր Աստուածը, որ հաստատեցի երկինքը եւ հաստատեցի երկիրը, ես, որի ձեռքերը հաստատեցին երկնքի բոլոր զօրքերը, բայց քեզ ցոյց չեմ տայ, որ գնաս նրանց յետեւից. ես հանեցի քեզ Եգիպտացիների երկրից, ինձնից բացի Աստուած չես ճանաչի, եւ ինձնից բացի փրկիչ չկայ: 5 Ես էի քեզ հովւում անապատում՝ անշէն երկրում: 6 Նրանք իրենց արօտավայրերի չափ յագեցան եւ զմայլուեցին, գոռոզացան իրենց սրտերով, դրա համար էլ մոռացան ինձ: 7 Ես նրանց համար կլինեմ ինչպէս յովազ եւ ինչպէս ընձառիւծ Ասորեստանի ճանապարհին: 8 Կպատահեմ նրանց ինչպէս սոված արջ, կպատառոտեմ նրանց սրտերի վարագոյրը. անտառի կորիւնները կուտեն նրանց, եւ վայրի գազանները կյօշոտեն նրանց: 9 Քո ապականութեան մէջ, Իսրայէ՛լ, ո՞վ է, որ պիտի օգնի քեզ: 10 Ո՞ւր է քո թագաւորը, որ փրկի քեզ քո բոլոր քաղաքներում, որ դատի քեզ, եւ որի մասին ասացիր, թէ՝ “Տո՛ւր ինձ թագաւոր եւ իշխան”: 11 Ես քեզ թագաւոր տուեցի իմ բարկութեամբ եւ յետ վերցրի նրան իմ սրտմտութեամբ: 12 Եփրեմը անիրաւութիւնների կծիկ է, եւ նրա մեղքերը թաքնուած են: 13 Ծննդկանի պէս երկունք կպատահի նրան. դա է քո իմաստուն որդին. դրա համար այժմ նա չի կարող տոկալ քո որդիների կործանմանը: 14 Ես դժոխքից կազատեմ նրանց եւ մահից կփրկեմ նրանց: Որտե՞ղ է քո յաղթանակը, մա՛հ, որտե՞ղ է քո խայթոցը, դժո՛խք: 15 Մխիթարութիւնը ծածկուած է իմ աչքերից, քանի որ նա խտրութիւն է դնում եղբայրների միջեւ»: Տէրը նրա վրայ կբերի խորշակի հողմ անապատից, կցամաքեցնի նրա երակները եւ կաւերի նրա աղբիւրները: Նա կչորացնի նրա երկիրը եւ նրա բոլոր թանկագին անօթները:

14
1 Կկործանուի Սամարիան, որովհետեւ նա իր Աստծոյ դէմ դուրս եկաւ. նրանք սրով կընկնեն, նրանց ծծկեր երեխաները քարի կզարնուեն, եւ նրանց յղի կանայք կպատռուեն: 2 Դարձի՛ր, Իսրայէ՛լ, դէպի քո Տէր Աստուածը, քանի որ տկարացար քո անօրինութիւնների մէջ: 3 Առէ՛ք այս խօսքերը ձեզ հետ, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն եւ ասացէ՛ք նրան՝ «Դու կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որ անիրաւութիւն չանենք, այլ բարին ընդունենք եւ հատուցենք քեզ մեր շրթունքների պտուղը», եւ ձեր սրտերը բարութեան մէջ կգտնեն: 4 Ասորեստանը չի փրկի մեզ, եւ մենք ձի չենք հեծնի ու այլեւս մեր ձեռակերտներին «աստուած մեր» չենք ասի, որովհետեւ նա, որ քո մէջ է, կգթայ որբերին: 5 «Կվերականգնեմ նրանց բնակարանները եւ ամբողջ սրտով կսիրեմ նրանց, որովհետեւ անցաւ նրանց դէմ ունեցած իմ բարկութիւնը: 6 Ես ցօղ կդառնամ Իսրայէլի համար, նա կծաղկի, ինչպէս շուշանը, եւ իր արմատները կտարածի, ինչպէս լիբանոսը: Կընդարձակուեն նրա ճիւղերը, 7 նա կդառնայ ինչպէս պտղալից ձիթենի, եւ նրա հոտը կբուրի ինչպէս կնդրուկի բոյր: 8 Կդառնան եւ կնստեն նրա յարկի տակ, կապրեն եւ ապահով կլինեն ցորենով, նա կբողբոջի ինչպէս որթատունկ, 9 եւ նրա յիշատակը կլինի ինչպէս Լիբանանի գինի Եփրեմի համար: Այլեւս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ես խոնարհեցրի նրան, ես էլ կզօրացնեմ նրան. ես նման եմ պտղառատ այգու, ինձնից է քո պտուղը»: 10 Ով իմաստուն է, կհասկանայ այս բաները, ով հանճարեղ է, կիմանայ սրանք, քանի որ ուղիղ են Տիրոջ ճանապարհները. արդարները դրանցով կանցնեն, իսկ ամբարիշտները կսայթաքեն դրանց մէջ:
 
sacredtradition.am