русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ


1
1 Ամոսի որդի Եսայու տեսիլքը, որ նա տեսաւ Հրէաստանի եւ Երուսաղէմի վրայ, երբ Հրէաստանում թագաւորում էին Օզիան, Յովաթամը, Աքազը եւ Եզեկիան: 2 Լսի՛ր, երկի՛նք, եւ ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տէրն է խօսում. «Զաւակներ ունեցայ եւ մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին: 3 Եզն իր տիրոջն է ճանաչում, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացաւ: 4 Վա՜յ մեղաւոր ազգին. մեղքերո՛վ լի ժողովուրդ, չարագո՛րծ սերունդ, անօրէ՛ն ծնունդներ, թողեցիք Տիրոջը, բարկացրիք Իսրայէլի Սրբին: Նրանք օտարացան ու յետ քաշուեցին: 5 Ինչո՞ւ էք անօրինութիւնների վրայ նոր վէրքեր աւելացնում: Ամէն գլուխ ցաւի մէջ է, ամէն սիրտ՝ տրտմութեան: 6 Ոտքերից մինչեւ գլուխ նրա վրայ առողջ տեղ չկայ. վէրքերի, այտուցների եւ շարաւոտ խոցերի վրայ դնելու ո՛չ սպեղանի կայ, ո՛չ ձէթ եւ ո՛չ էլ վիրակապ: 7 Ձեր երկիրն աւերակ է, ձեր քաղաքները՝ հրոյ ճարակ. թշնամի ցեղերից աւերուած ու ամայացած ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում: 8 Սիոնի դուստր Երուսաղէմը պիտի մնայ լքուած, ինչպէս տաղաւարը՝ այգում, մրգապահների հիւղակը՝ սեխի պարտէզում, ինչպէս պաշարման մէջ գտնուող քաղաքը»: 9 Եթէ Զօրութիւնների Տէրը մեզ սերունդ թողած չլինէր, կդառնայինք Սոդոմի պէս, կնմանուէինք Գոմորին: 10 Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծոյ օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ: 11 «Իմ ինչի՞ն են պէտք ձեր բազմաթիւ զոհերը,– ասում է Տէրը,– ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակէզներից. ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արիւնը չէ, որ ուզում եմ, 12 եւ ոչ էլ այն, որ գաք ու կանգնէք իմ առաջ: Ո՞վ խնդրեց դա ձեզնից. մի՛ շարունակէք կոխոտել իմ գաւիթները: 13 Եթէ ազնիւ ալիւրի հաց մատուցէք ինձ, զուր է լինելու. ձեր խնկերն էլ պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները եւ տօնական մեծ օրը եւս անընդունելի են ինձ. 14 ձեր պահեցողութիւնն ու հանգիստը, ձեր ամսամուտներն ու տօները ատեց իմ հոգին: Կշտացել եմ ձեզնից, այլեւս չեմ ների ձեր մեղքերը: 15 Երբ աղօթքի համար դէպի վեր բարձրացնէք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, եւ եթէ բազմապատկէք ձեր աղօթքները, չեմ լսելու ձեզ, որովհետեւ ձեր ձեռքերը լի են արիւնով: 16 Լուացուեցէ՛ք, մաքրուեցէ՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թօթափեցէ՛ք ձեզնից, վե՛րջ տուէք ձեր չարագործութիւններին: 17 Սովորեցէք բարի՛ք գործել, արդարութի՛ւն փնտրեցէք, փրկեցէ՛ք զրկուածին, արդարադա՛տ եղէք որբի հանդէպ, իրաւո՛ւնք տուէք այրուն: 18 Եկէ՛ք խօսենք իրար հետ,– ասում է Տէրը,– եթէ ձեր մեղքերը արեան պէս կարմիր են, ապա ես ձեան պէս ճերմակ կդարձնեմ, եթէ որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպէս բուրդ: 19 Եւ եթէ յօժար լինէք ու լսէք ինձ, դուք կճաշակէք երկրի բարիքները. 20 իսկ եթէ չկամենաք ինձ լսել, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս: 21 Ինչպէ՜ս պոռնիկ դարձաւ հաւատարիմ քաղաք Սիոնը, որը լի էր հաւատով, ուր արդարութիւնն էր բնակւում, իսկ այժմ՝ մարդասպանները: 22 Ձեր արծաթը փորձուած չէ, ձեր վաճառականները գինուն ջուր են խառնում, 23 ձեր իշխաններն ապստամբներ են եւ գողերին գողակից, կաշառք սիրող են եւ վրէժխնդիր, որբերի իրաւունքը չեն պաշտպանում եւ ուշադրութիւն չեն դարձնում այրիների դատին»: 24 Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի ամենազօր Աստուածը. «Վա՜յ ձեզ, Իսրայէլի հզօրնե՛ր, բարկութիւնն իմ այլեւս չի դադարելու իմ հակառակորդների հանդէպ, դատ ու դատաստանով պիտի պատժեմ իմ թշնամիներին: 25 Ձեռքս պիտի ձգեմ քեզ վրայ, մաքրելու համար քեզ քուրայում պիտի այրեմ, կորստեան պիտի մատնեմ ապստամբներիդ, քո միջից պիտի վերացնեմ բոլոր անօրէններին, բոլոր ամբարտաւաններին պիտի խոնարհեցնեմ: 26 Քեզ վրայ, ինչպէս առաջ, դատաւորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ, ինչպէս նախկինում, եւ այն ժամանակ դու կկոչուես Քաղաք արդարութեան՝ քաղաքների մայր հաւատարիմ Սիոն»: 27 Արդարեւ, նա գերութիւնից պիտի փրկուի իրաւունքով, արդարութեամբ եւ ողորմածութեամբ: 28 Բայց անօրէններն ու մեղաւորները պիտի խորտակուեն միասին, եւ նրանք, որ լքեցին Տիրոջը, պիտի բնաջնջուեն միասին: 29 Նրանք ամաչելու են այն կուռքերի համար, որոնց հանդէպ սէր էին տածում, ամօթահար են լինելու այն դիւապատկերների համար, որ իրենք կերտեցին, խայտառակուելու են այն պարտէզների համար, որոնց ցանկանում էին: 30 Լինելու են ինչպէս տերեւաթափ բեւեկնի, նմանուելու են այգու, որը ջուր չունի: 31 Նրանց զօրութիւնը վերածուելու է ծեծուած վուշի խռիւի, իսկ նրանց գործերը՝ կրակի կայծերի, եւ անօրէններն ու մեղաւորները այրուելու են միասին. եւ չի լինելու ոչ ոք, որ հանգցնի կրակը:

2
1 Ամոսի որդի Եսայուն ուղղուած խօսքը Հրէաստանի եւ Երուսաղէմի մասին: 2 Վերջին օրերին պիտի յայտնուի Տիրոջ լեռը, Աստծոյ տունը՝ լեռների գագաթներին, պիտի բարձրանայ բլուրների վրայ, եւ բոլոր հեթանոսները պիտի շարժուեն դէպի նա: 3 Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկէք ելնենք Տիրոջ լեռն ու Յակոբի Աստծոյ տունը: Նա մեզ կսովորեցնի իր ճանապարհները, որոնցով եւ կգնանք»: Օրէնքները Սիոնից են դուրս գալիս, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից: 4 Նա դատաստան պիտի տեսնի հեթանոսների մէջ ու պիտի յանդիմանի բազում ժողովուրդների: Նրանք իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն եւ իրենց սուիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրայ սուր չպիտի բարձրացնի, եւ նրանք այլեւս չեն սովորելու պատերազմել: 5 Արդ, ո՛վ տունդ Յակոբի, եկէք քայլենք Տիրոջ լոյսի մէջ: 6 Նա երես դարձրեց իր ժողովրդից՝ Յակոբի տնից, որովհետեւ նրանց երկիրը, ինչպէս այլազգիներինը, առաջուայ պէս լցուեց կախարդներով, եւ նրանք բազում այլազգի որդիներ ունեցան: 7 Նրանց երկիրը լցուեց ոսկով ու արծաթով, նրանց գանձերին թիւ չկար. նրանց երկիրը լցուեց երիվարներով, նրանց ռազմակառքերին թիւ չկար: 8 Նրանց երկիրը լցուեց իրենց իսկ ձեռքերով կերտուած գարշելի կուռքերով, եւ նրանք երկրպագեցին նրանց, որ իրենց մատներն էին ստեղծել: 9 Ստորացաւ մարդը, գետնամած խոնարհուեց տղամարդը, ես չեմ ների նրանց: 10 Արդ, Տիրոջ սարսափից ու նրա փառքի զօրութիւնից գնացէք քարերի տա՛կ մտէք, հողի մէ՛ջ թաքնուեցէք, երբ նա կյառնի երկիրը պատուհասելու: 11 Տէրը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, ու այդ օրը միայն Տէրը պիտի բարձրանայ, 12 քանզի Զօրութիւնների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտաւանների վրայ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների վրայ, որոնք պիտի խոնարհուեն, 13 նաեւ Լիբանանի բոլոր բարձր ու սլացիկ մայրիների վրայ եւ Բասանի բոլոր կաղնի ծառերի վրայ, 14 բոլոր բարձր լեռների եւ բարձրիկ բլուրների վրայ, 15 բոլոր վերասլաց աշտարակների եւ բարձր պարիսպների վրայ, 16 ծովի բոլոր նաւերի վրայ, բոլոր վեհաշուք նաւերի վրայ: 17 Ամէն մարդ պիտի խոնարհուի, մարդկանց հպարտութիւնը պիտի իջնի, եւ միայն Տէրը պիտի բարձրանայ այդ օրը: 18 Նրանք իրենց բոլոր ձեռակերտ կուռքերը պիտի տանեն թաքցնեն 19 քարայրներում, ժայռերի ծերպերում ու գետնի խոռոչներում՝ սարսափած Տիրոջից ու նրա փառքի զօրութիւնից, երբ նա կյառնի՝ երկիրը պատուհասելու: 20 Այն օրը մարդ իր արծաթէ ու ոսկէ գարշելի կուռքերը, որ պատրաստել էր սնոտի բաներին ու չղջիկներին երկրպագելու համար, պիտի հանի՝ 21 Տիրոջ սարսափից եւ նրա փառքի զօրութիւնից մտնելով ամրակուռ ապառաժների խոռոչներն ու ծերպերը, երբ Տէրը կյառնի՝ երկիրը պատուհասելու: 22 Դադարեցէ՛ք յոյս դնել այն մարդու վրայ, որի շունչը ռունգերի մէջ է, որովհետեւ ի՞նչ վստահութիւն կարող է ներշնչել նա:

3
1 Ահաւասիկ Զօրութիւնների Տէր Աստուածը Հրէաստանից եւ Երուսաղէմից պիտի վերացնի հզօր տղամարդուն եւ զօրաւոր կնոջը, հացի զօրութիւնը եւ ջրի զօրութիւնը, 2 հսկային, զօրեղին եւ քաջամարտիկին, դատաւորին, մարգարէին, քննիչին եւ ծերին, 3 յիսնապետին եւ սքանչելի խորհրդականին, իմաստուն ճարտարապետին եւ խելամիտ ատենակալին: 4 Նրանց վրայ իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց: 5 Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դէմ պիտի ելնի, ընկերն՝ ընկերոջ դէմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարուի, անարժանն՝ արժանաւորի հետ: 6 Ու մարդ պիտի բռնի իր եղբօրը կամ իր հօր ընտանիքից մէկին եւ ասի. «Դու վերարկու ունես, մեզ իշխա՛ն դարձիր, թող մեր կերակուրը քո հրամանով լինի»: 7 Այն ժամանակ պատասխան է տալու՝ ասելով. «Իշխան չեմ լինի, որովհետեւ իմ տանը ո՛չ հաց կայ եւ ո՛չ էլ հագուստ. ես այս ժողովրդի վրայ իշխան չեմ դառնայ»: 8 Եւ այսպէս, Երուսաղէմը լքուեց, Հրէաստանը կործանուեց, եւ նրանց լեզուները անօրինութեամբ ապստամբեցին Տիրոջ դէմ: 9 Ահա թէ ինչու նրանց փառքը նսեմացաւ, ամօթը ծածկեց նրանց երեսը, եւ նրանք սոդոմայեցիների նման իրենց մեղքերը պատմեցին ու յայտնի դարձրին: Վա՜յ նրանց հոգիներին, որովհետեւ իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին 10 եւ ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճոյ է»: Այսուհետեւ նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն: 11 Վա՜յ անօրէնին, չարիքներ պիտի գան նրա վրայ՝ ըստ իրենց կատարած չար գործերի: 12 Ո՛վ իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում, հարկապահանջները տիրում են ձեզ. ո՛վ իմ ժողովուրդ, նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ եւ խոտորում ձեր շաւիղները: 13 Բայց ահա ներկայանալու է Տէրը, որ դատաստան անի, եւ իր ժողովրդին կանգնեցնելու է ատեանում: 14 Տէրն ինքը դատելու է իր ժողովրդի ծերերին եւ նրանց իշխաններին. «Դուք ինչո՞ւ հրկիզեցիք իմ այգին. տնանկից յափշտակուածը ձեր տներում է: 15 Դուք ինչո՞ւ էք զրկում իմ ժողովրդին եւ ամօթահար անում տնանկներին»,– ասում է Տէրը՝ Զօրութիւնների Տէրը: 16 Այսպէս է ասում Տէրը. «Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրապարանոց, աչքով-ունքով էին անում, շարժուելիս իրենց քղանցքներն էին քարշ տալիս ու ոտքերով կաքաւում»: 17 Դրա համար էլ Աստուած պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը Տէրը պսակազերծ պիտի անի նրանց: 18 Տէրը նրանց վրայից պիտի հանի նրանց վայելուչ զգեստները եւ պատմուճանները, 19 պիտի քանդի նրանց հիւսերը, վերացնի նրանց ծամակալները, 20 նրանց պսակակալներն ու մահիկաձեւ վզնոցները, նրանց դէմքի քողազարդերն ու վայելուչ պաճուճազարդերը, քօղէքներն ու ապարանջանները, մեհեւանդներն ու գինդերը, 21 նրանց մատանիներն ու ոսկեշար մանեակները, դիպակներն ու թելաւոր զարդերը, 22 եզրածիրանին ու միջնածիրանին, առտնին հագուստն ու պերճաշուք լակոնականը, 23 բեհեզն ու երկնագոյնը, կարմիր շղարշաքողը, բանուածոյ, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գօտիները: 24 Եւ քո արարքների պատճառով անուշահոտութիւնների փոխարէն փոշի պիտի լինի, զարդանախշ զգեստների փոխարէն՝ չուան գօտի, ոսկեայ գլխազարդի փոխարէն՝ ճաղատութիւն, իսկ ոսկեհիւս դիպակի փոխարէն քուրձ պիտի հագնես: 25 Քո գեղեցիկ զաւակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները եւս սրով պիտի ընկնեն: 26 Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան, պիտի մատնուեն սգի, իսկ դու պիտի մնաս մէն-մենակ ու տապալուես գետնին:

4
1 Այն օրը եօթ կին պիտի բռնեն մի տղամարդու եւ ասեն. «Մեր հացը կուտենք եւ մեր զգեստը կհագնենք, միայն թէ քո անունը լինի մեզ վրայ. մեր այրիութեան նախատինքը վերացրո՛ւ մեզնից»: 2 Այն օրն Աստուած իր խորհրդաւորութեամբ ու փառքով պիտի ճառագի երկրի վրայ՝ բարձրացնելու եւ փառաւորելու համար Իսրայէլի մնացորդներին: 3 Թէ՛ Սիոնից մնացածները եւ թէ՛ Երուսաղէմից մնացածները, բոլորը, որոնք Երուսաղէմի կենաց գրքի մէջ են գրուած, սուրբ պիտի կոչուեն, 4 քանզի Տէրը Սիոնի եւ Երուսաղէմի տղաների ու աղջիկների աղտեղութիւնը պիտի լուանայ, դատաստանի հոգով եւ այրման հոգով արիւնը նրանց միջից պիտի սրբի: 5 Նա պիտի գայ, եւ Սիոն լեռան բոլոր տեղերը ու նրա շուրջը եղած ամէն ինչ ցերեկն ամպհովանի պիտի ունենան, իսկ գիշերը պիտի ծածկուեն ամենայն փառաւորութեամբ, կարծես բորբոքուած կրակի լոյսով ու ծխով: 6 Հովանի պիտի լինի տօթի դէմ, եւ ապաստարան ու ծածկ՝ սաստկաշունչ եղանակի ու անձրեւի դէմ:

5
1 Իմ սիրեցեալի համար պիտի երգեմ նրա սիրելի այգու երգը. Մի անկիւնում, արգաւանդ մի տեղում, այգի ունէր իմ սիրելին: 2 Ցանկապատեցի, բարձր ձողեր կանգնեցրի եւ ընտիր որթատունկ տնկեցի: Աշտարակ շինեցի նրա մէջ, նաեւ հնձան փորեցի այնտեղ եւ սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց: 3 Այժմ, Յուդայի երկրի մարդի՛կ եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր, իմ ու իմ այգու դա՛տն արէք. 4 էլ ի՞նչ պիտի անէի իմ այգու համար, որ չարեցի: 5 Սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց: Հիմա ես ինքս կասեմ, թէ ինչպէս եմ վարուելու իմ այգու հետ. կքանդեմ նրա ցանկապատը, եւ թող յափշտակութեան ենթարկուի այն. կկործանեմ նրա պարիսպները, եւ թող ոտքի կոխան լինի այն: 6 Կլքեմ իմ այգին, թող չէտուի ու չփորուի, թող նրա մէջ փուշ բուսնի, ինչպէս խոպան տեղում, եւ կպատուիրեմ իմ ամպերին, որ չանձրեւեն իմ այգում: 7 Զօրութիւնների Տիրոջ այգին Իսրայէլի տունն է, Յուդայի երկրի մարդը՝ նրա սիրած դալար որթատունկը. սպասեցի, որ նա իրաւունքը պահի, առաջ տանի, բայց նա անիրաւութիւն արեց, արդարութեան փոխարէն՝ ողբ ու աղաղակ: 8 Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում եւ ագարակին ագարակ միացնում, որպէսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թէ երկրի վրայ մենակ դուք էք ապրելու: 9 Ահաւասիկ այդ ամէնը հասաւ Զօրութիւնների Տիրոջ ականջին: Եւ թէկուզ տները բազմաթիւ լինեն, նրանք աւերակ են դառնալու. եթէ մեծ ու գեղեցիկ էլ լինեն, մարդ չի գտնուելու, որ բնակուի նրանց մէջ: 10 Տասը լուծ եզան վարատեղը տալու է մէկ սափոր արդիւնք, տասը արդու սերմանողը երեք գրիւ է հաւաքելու: 11 Վա՜յ նրանց, ովքեր, առաւօտեան վեր կենալով, ընկնում են օղու յետեւից եւ օրն անցկացնում դրանով, եւ հէնց գինին նորից բորբոքում է նրանց: 12 Փողով ու թմբուկով, քնարով ու երգով գինին խմում, բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի կատարածներին ուշադրութիւն չեն դարձնում: 13 Իմ ժողովուրդն այսուհետեւ գերութեան է մատնուելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը. հացի սովից եւ ջրի ծարաւից բազմանալու են նրանց դիակները: 14 Դժոխքն էլ ինքն իրեն լայնացրել եւ բացել է իր երախները, որպէսզի դադար չունենայ. փառաւորուածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զուարճամոլները նրա մէջ պիտի իջնեն: 15 Մարդը պիտի ստորացուի, անուանի տղամարդը պիտի անարգուի, ամբարտաւան աչքերը պիտի խոնարհուեն, 16 եւ Զօրութիւնների Տէրն արդարութեամբ պիտի բարձրանայ, սուրբ Աստուած արդարութեամբ պիտի փառաւորուի: 17 Յափշտակուածները պիտի արածեն ինչպէս ցուլեր, եւ մնացածների աւերակների վրայ գառները պիտի ճարակեն: 18 Վա՜յ նրանց, ովքեր կարծես երկար պարանով իրենց մեղքերն են քարշ տալիս եւ ասես երինջների լծափոկով՝ իրենց անօրինութիւնները: 19 Նրանք ասում են. «Այն, ինչ որ կատարելու է, թող շուտ վրայ հասնի, որ տեսնենք. թող ժամանի Իսրայէլի Սրբի խորհուրդը, որ իմանանք»: 20 Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կանուանեն եւ բարին՝ չար, որոնք լոյսը խաւար կհամարեն եւ խաւարը՝ լոյս, որոնք դառը քաղցր կհամարեն եւ քաղցրը՝ դառը: 21 Վա՜յ նրանց, որոնք իրենք իրենց իմաստունի տեղ կդնեն, իրենք իրենց աչքին խորագէտ կերեւան: 22 Վա՜յ ձեր այդ հզօրներին, որոնք գինի են ըմպում, եւ ձեր իշխաններին, որոնք խառնուած թունդ օղի են խմում, 23 որոնք կաշառքի համար արդարացնում են ամբարշտին եւ արդարի իրաւունքն են գողանում: 24 Դրա համար էլ, ինչպէս եղէգն է վառւում կրակի կայծերից, այնպէս էլ նրանք են այրուելու բորբոքուած բոցից, նրանց արմատը դառնալու է մղեղի նման, նրանց ծաղիկը փոշու պէս վեր է ելնելու, որովհետեւ նրանք մերժեցին Զօրութիւնների Տիրոջ օրէնքը, առաւել եւս անարգեցին Իսրայէլի Սրբի խօսքը: 25 Եւ սաստկացաւ Զօրութիւնների Տիրոջ զայրոյթը իր ժողովրդի դէմ. նա ձեռքը ձգեց նրանց վրայ եւ ոչնչացրեց՝ իր բարկութիւնը տարածելով նաեւ լեռների վրայ, եւ նրանց դիակները, իբրեւ աղբ, թափուած են ճանապարհներին: Բայց այս բոլորով հանդերձ նրա բարկութիւնը չիջաւ. տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած: 26 Այսուհետեւ ազդանշան կտայ հեռաւոր ազգերին ու նրանց կբերի երկրի ծայրերից. եւ ահա նրանք առանց յապաղելու արագ կընթանան եւ թեթեւօրէն տեղ կհասնեն: 27 Ո՛չ քաղց են զգալու եւ ո՛չ էլ յոգնելու, ո՛չ նիրհելու են եւ ո՛չ էլ ննջելու, ո՛չ իրենց մէջքի գօտիներն են արձակելու, ո՛չ էլ իրենց կօշիկների կապերն են քանդուելու: 28 Նրանց նետերը սուր են, աղեղները՝ լարուած, նրանց երիվարների սմբակները կարծր ապառաժի նման են, մարտակառքերի անիւները՝ մրրիկի պէս: 29 Նրանք յարձակուելու են ինչպէս առիւծներ, վրայ են հասնելու ինչպէս առիւծի կորիւններ. գոչիւն են հանելու, յարձակուելու են եւ գազանաբար կոտորելու. եւ չի լինելու ոչ ոք, որ փրկի նրանց: 30 Այն օրը, ինչպէս ալեծուփ ծովի ձայնը, աղաղակ պիտի բարձրացնեն նրանց վրայ: Պիտի նայեն դէպի վեր՝ երկնքին, եւ դէպի վար՝ երկրին, բայց ահա նրանց տագնապին ի պատասխան լինելու է դաժան խաւար:

6
1 Այն տարին, երբ մեռաւ Օզիա արքան, տեսայ Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր նրա փառքով: 2 Նրա շուրջը սերովբէներ կային, որոնցից իւրաքանչիւրը վեց թեւ ունէր. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով՝ իրենց ոտքերը եւ երկուսով էլ թռչում էին: 3 Ձայնակցում էին իրար եւ ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զօրութիւնների Տէրը, եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով»: 4 Կանչողների ձայնից դռան բարաւորը վեր բարձրացաւ, ու տունը լցուեց ծխով: 5 Եւ ես ասում եմ. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ. ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ եւ պղծաշուրթ ժողովրդի մէջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսայ Զօրութիւնների Տիրոջը»: 6 Եւ ահա ինձ ներկայացաւ սերովբէներից մէկը՝ ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից: 7 Բերեց մօտեցրեց իմ բերանին եւ ասաց. «Ահա մօտեցրի քո շուրթերին. դա կհանի քո անօրինութիւնները եւ քո մեղքերը կսրբի քեզնից»: 8 Եւ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, եւ կամ ո՞վ կգնայ այդ ժողովրդի մօտ»: Ու ես ասացի. «Ահաւասիկ ես, ի՛նձ ուղարկիր»: 9 Նա ասաց. «Գնա՛ եւ յայտնի՛ր այդ ժողովրդին. “Լսելով պիտի լսէք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնէք, բայց չճանաչէք”. 10 քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպէսզի չլինի թէ երբեւէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, եւ ես էլ բժշկեմ նրանց»: 11 Եւ ես ասացի. «Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր»: Իսկ նա պատասխանեց. «Մինչեւ որ քաղաքներն աւերուեն բնակիչ չլինելու եւ տները՝ մարդ չլինելու պատճառով, եւ այդ երկիրը մնայ ամայի»: 12 Դրանից յետոյ Աստուած կհանդուրժի մարդկանց, եւ կենդանի մնացածները կբազմանան երկրի վրայ: 13 Սակայն սրանցից էլ մէկ տասներորդը կպահպանուի. նորից կենթարկուեն գերութեան ու յափշտակութեան, եւ սուրբ սերունդը, ինչպէս իրենց պատեանը թօթափած բեւեկն ու կաղին, նրա հաստատութիւնը կդառնայ:

7
1 Այնպէս պատահեց, որ Հրէաստանի թագաւոր Օզիայի որդի Յովաթամի որդու՝ Աքազի օրօք Ասորիքի արքայ Ռասիմը եւ Իսրայէլի արքայ Ռոմելայի որդի Փակէէն յարձակուեցին Երուսաղէմի վրայ, որպէսզի պատերազմեն նրա դէմ, բայց չկարողացան պաշարել այն: 2 Դաւթի տանը լուր հասաւ, թէ Ասորիքը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, ու դողն ընկաւ նրա սիրտը, նրա ժողովրդի սիրտը. կարծես անտառում ծառը շարժուէր հողմից: 3 Տէրն ասաց Եսայուն. «Դու քո փրկուած որդու՝ Յասուբի հետ Կտաւ սպիտակեցնողի ագարակի ճանապարհի վրայ, վերեւի ջրաւազանի դիմաց, ընդառա՛ջ ել Աքազին 4 եւ ասա՛ նրան. “Զգո՛յշ եղիր եւ հանդարտուի՛ր. մի՛ վախեցիր, եւ թող քո անձը չզարհուրի ծխացող այդ երկու կիսախանձ փայտերից, քանզի երբ վրայ հասնեն իմ բարկութիւնն ու զայրոյթը, ձեզ դարձեալ պիտի ոտքի կանգնեցնեմ: Արամի որդին եւ Ռոմելայի որդին 5 քո դէմ չար խորհուրդ խորհեցին: Եփրեմը եւ Ռոմելայի որդին ոխով ասացին. 6 "Գնանք Հրէաստանի վրայ, խօսենք նրանց հետ, նրանց մեզ ենթարկենք եւ նրանց վրայ թագաւոր կարգենք Տաբէլի որդուն": 7 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. այդ խորհուրդը չի կատարուելու եւ չի լինելու. 8 քանզի Ասորիքի գլուխը Դամասկոսն է, իսկ Դամասկոսի գլուխը՝ Ռասիմը: Եւս վաթսունհինգ տարի, եւ Եփրեմի թագաւորութիւնն իբրեւ ժողովուրդ պիտի դադարի: 3 Եփրեմի գլուխը Սոմորոնն է, իսկ Սոմորոնի գլուխը՝ Ռոմելայի որդին. եթէ չհաւատաք, չէք էլ հասկանայ”»: 10 Տէրը նորից շարունակեց խօսել Աքազի հետ՝ ասելով. 11 «Խորխորատում լինի թէ բարձունքում, քեզ համար նշա՛ն խնդրիր քո Տէր Աստծուց»: 12 Իսկ Աքազը պատասխանեց. «Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի»: 13 Եւ նա ասաց. «Արդ, լսեցէ՛ք դուք, որ Դաւթի տնից էք. ձեզ թեթեւ բա՞ն է թւում մարդկանց նեղութիւն պատճառելը, ինչո՞ւ էք ուզում Տիրոջը եւս նեղացնել: 14 Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ. 15 իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին: 16 Դրա համար Մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով: 17 Աստուած քեզ վրայ, քո ժողովրդի եւ քո հօր տան վրայ այնպիսի օրեր պիտի բերի, որ չեն եկել այն ժամանակից ի վեր, երբ Եփրեմն անջատուեց Հրէաստանից. պիտի բերի Ասորեստանի արքային: 18 Այդ օրը Տէրը պիտի շարժի ճանճերին, որոնք Եգիպտոսի գետի միւս կողմն են գտնւում, եւ գոռեխներին, որոնք Ասորեստանի երկրում են: 19 Բոլորը պիտի գան ու նստեն քո երկրի ձորերում, ժայռերի ծերպերում ու քարայրներում, բոլոր փապարներում ու ամէն ծառի վրայ: 20 Այդ օրը Տէրը մեծ եւ արիւնով հարբած սրով՝ գետի այն կողմում եղած Ասորեստանի թագաւորի ձեռքով, պիտի սափրի նրանց գլուխն ու ոտքի մազերը, խուզի նրանց մօրուքները: 21 Եւ այդ օրն այնպէս պիտի լինի, որ ամէն մարդ, մի երինջ եւ երկու ոչխար պահելով, 22 կաթի առատութիւնից իւղ պիտի ուտի. իւղ ու մեղր պիտի ուտի ամէն ոք, ով կենդանի կմնայ այդ երկրում: 23 Այդ օրն այնպէս պիտի լինի, որ ամէն տեղ, ուր հազար որթատունկ էր աճում՝ հազար սիկղ արծաթի արժէքով, խոպան պիտի դառնայ եւ փշով լցուի: 24 Նետաձիգներ եւ աղեղնաւորներ պիտի մտնեն այնտեղ: Ողջ երկիրը խոպան պիտի դառնայ ու փուշ բերի, եւ ամէն սարալանջ, ուր արօրն էր վարում, այլեւս ակօս չի ունենալու: Երկիւղը չի հասնելու այնտեղ, որովհետեւ այդ խոպան ու փշոտ վայրերը պիտի դառնան գառան արօտավայր եւ եզան ոտքի կոխան պիտի լինեն»:

8
1 Տէրն ինձ ասաց. «Ահա քեզ մի նոր մեծադիր մատեան. նրա մէջ ճարտար մարդու գրչով գրի՛ր. արագօրէն աւարառութեա՛ն ենթարկել, շուտափոյթ կողոպո՛ւտ կուտակել, քանզի ժամը հասել է: 2 Ինձ համար վկաներ կկարգես հաւատարիմ մարդկանց՝ Ուրիա քահանային եւ Բարաքիայի որդի Զաքարիային»: 3 Եւ ես մերձեցայ իմ մարգարէուհի կնոջը. նա յղիացաւ ու մի որդի ծնեց: Տէրն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր “Արագ-արագ կողոպտի՛ր եւ շուտ-շուտ աւա՛ր առ”, 4 քանզի մինչ մանուկը կսովորի հայր կամ մայր ասել, Դամասկոսի հարստութիւնը եւ Սամարիայի աւարը կբերուեն Ասորեստանի թագաւորի առաջ»: 5 Ապա Տէրը նորից խօսեց ինձ հետ եւ ասաց. 6 «Քանի որ այդ ժողովուրդը արհամարհեց Սելովայի հանդարտահոս ջուրը եւ ուզեց իր համար թագաւոր ընտրել Ռասիմին եւ Ռոմելայի որդուն, 7 դրա համար էլ Տէրը ձեզ վրայ պիտի թափի յորդ ու հզօր գետի ջուրը՝ Ասորեստանի արքային ու նրա զօրութիւնը: Նա պիտի գայ հասնի ձեր բոլոր ձորերը եւ շարժուի ձեր պարիսպների վրայով. 8 այն մարդուն, որ ի վիճակի կլինի բարձրացնել իր գլուխը, եւ այն զօրաւորին, որ ունակ կլինի որեւէ բան անելու, պիտի վերացնի Հրէաստանի երկրից. նրա բանակը պիտի լցուի ձեր լայնարձակ երկիրը»: 9 Գիտցէ՛ք, հեթանոսնե՛ր, Աստուած մեզ հետ է, պիտի պարտուէք. լուրը հասցրէք աշխարհի չորս կողմերը. դուք, որ հզօրացել էք, պիտի պարտուէք: Թէեւ դուք դարձեալ ուժեղանալու էք, բայց էլի պարտութեան էք մատնուելու: 10 Ինչ խորհուրդ էլ անէք, Տէրը խափանելու է այն, եւ ինչ էլ ասելու լինէք, չի հաստատուելու, քանզի Տէր Աստուած մեզ հետ է: 11 Այսպէս է ասում Տէրը նրանց, ովքեր ընդդիմանում են նրա ձեռքի զօրութեանը՝ հետեւելով այս ժողովրդի ճանապարհին. 12 «Ասում են, թէ երբեք չար բան չեն խօսում. բայց չէ՞ որ ինչ խօսում է այդ ժողովուրդը, չարութիւն է: Մի՛ սարսափէք այն բանից, ինչից նրանք են վախենում, եւ մի՛ անհանգստացէք: 13 Իրեն՝ Զօրութիւնների Տիրո՛ջը սրբացրէք, թող ձեր վախը նա՛ լինի: Եթէ յոյսդ նրա վրայ դնես, 14 նա քեզ համար սրբութիւն կլինի, եւ քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի: Բայց Յակոբի տունը որոգայթի եւ Երուսաղէմի դարանակալ ծործորների մէջ է: 15 Դրա համար էլ այնտեղ շատերը պիտի ուժասպառ լինեն, ընկնեն ու խորտակուեն. մարդիկ, որոնք ապահովութեան մէջ էին, պիտի ենթարկուեն պաշարման: 16 Այն ժամանակ պիտի յայտնուեն նրանք, ովքեր փակի տակ են դնելու օրէնքները, 17 որպէսզի որեւէ մէկը չկարողանայ սովորել եւ ասել. “Կմնամ ու կսպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Յակոբի տնից, յոյս կդնեմ նրա վրայ”»: 18 Ահաւասիկ ես եւ իմ զաւակները, որ Աստուած ինձ պարգեւեց. եւ Իսրայէլի տան վրայ թող նշաններ ու հրաշքներ լինեն Զօրութիւնների Տիրոջից, որ բնակւում է Սիոն լեռան վրայ: 19 Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ «Հարցրէ՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախօսներին ու որովայնախօսներին», այն ժամանակ ասացէ՛ք. «Մի՞թէ որեւէ ժողովուրդ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն: 20 Չէ՞ որ օրէնքը տուեց օգնութեան համար, որպէսզի ասեն, թէ սրանք այն խօսքերը չեն, որոնց համար պէտք է կաշառք տալ»: 21 Սոսկալի սովը պիտի սպառնայ ձեզ, եւ երբ քաղցած լինէք, պիտի վշտանաք, հայհոյանք թափէք իշխանի ու աշխարհի հասցէին: 22 Ձեր հայեացքը պիտի ուղղէք դէպի վեր՝ երկնքին, պիտի նայէք դէպի վար՝ երկրին, եւ կարիքը, տառապանքն ու խաւարը, նեղութիւնը, անձկութիւնն ու մթութիւնը պիտի դիմաւորեն ձեզ: Ոչ ոք չպիտի կարողանայ տեսնել: Եւ նա, ով նեղութեան մէջ լինի, չի տկարանալու, մինչեւ որ գայ ժամանակը:

9
1 Նախ դուք ա՛յդ նեղութիւնները տարէք եւ շո՛ւտ թօթափեցէք, Զաբուղոնի՛ երկիր, երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, նաեւ միւսնե՛րդ, որ բնակւում էք ծովեզերքին եւ Յորդանան գետի այն կողմում, հեթանոսների՛ Գալիլիա եւ Հրէաստանի՛ կողմեր: 2 Այն ժողովուրդը, որն ընթանում էր խաւարի միջով, տեսաւ մեծ լոյս. ձեզ համար էլ, որ բնակւում էք աշխարհում եւ մահուան ստուերների մէջ, լոյս պիտի ծագի: 3 Ժողովրդի մեծ մասը, որին մասնակից դարձրիր քո ուրախութեանը, ուրախանալու է քո առաջ, ինչպէս հնձի ժամանակ են ուրախանում եւ կամ աւարը բաժանելիս, 4 որովհետեւ վերացաւ այն մեծ լուծը, որ նրանց վրայ էր դրուած, եւ գաւազանը, որ նրանց պարանոցին էր: Ինչպէս Մադիամի օրերին, նա մերժեց հարկապահանջների գաւազանը: 5 Ամէն մի պատմուճանի եւ հանդերձի համար, որ նենգութեամբ էին հաւաքել, տուգանքով պիտի հատուցեն, նոյնիսկ եթէ դրանք այրուած լինէին, նրանք պիտի յօժարէին հատուցել, 6 քանզի մեզ համար Մանուկ ծնուեց, մի որդի տրուեց մեզ, որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի. նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի: 7 Ես խաղաղութիւն կբերեմ նրա իշխաններին, իսկ իրեն՝ առողջութիւն: Մեծ է նրա իշխանութիւնը, եւ նրա խաղաղութիւնը սահման չունի: Նա պիտի նստի Դաւթի աթոռին, առաջ պիտի տանի նրա թագաւորութիւնը, իրաւունքով ու արդարութեամբ պիտի զօրացնի այն այսուհետեւ եւ յաւիտեանս յաւիտենից: Զօրութիւնների Տիրոջ նախանձախնդրութեամբ պիտի կատարուի դա: 8 Տէրը Յակոբի տան վրայ մահ արձակեց, բայց այն եկաւ հասաւ Իսրայէլի վրայ: 9 Թող Եփրեմի ողջ ժողովուրդը եւ Սամարիայում ապրողներն իմանան, որ հպարտութեամբ եւ ամբարտաւան սրտով խօսեցին՝ ասելով. 10 «Աղիւսները թափուեցին, բայց եկէք քար տաշենք, մայրիներ ու եղեւնու ծառեր կտրենք եւ մեզ համար աշտարակ կառուցենք»: 11 Աստուած պիտի կործանի Սիոնի լեռան վրայ բարձրացածներին եւ ցիրուցան պիտի անի Յուդայի երկրի թշնամիներին. 12 արեւելքից՝ ասորեստանցիներին եւ արեւմուտքից՝ յոյներին, որոնք լիաբերան կերան Իսրայէլին: Այնուամենայնիւ, նրա բարկութիւնը տեղի չտուեց, տակաւին նրա ձեռքը բարձրացած է: 13 Ժողովուրդն էլ դարձի չեկաւ, մինչեւ չենթարկուեց հարուածի: Զօրութիւնների Տիրոջը փնտրող չեղաւ: 14 Եւ Տէրը մէկ օրում վերացրեց Իսրայէլի գլուխն ու պոչը, մեծին ու փոքրին: 15 Ծերն ու ականաւորը գլուխն են, իսկ մարգարէն, որ անօրինութիւն էր ուսուցանում, պոչն է: 16 Եւ պիտի այնպէս լինի, որ երանի պիտի տան այս ժողովրդին, բայց մոլորեալները պիտի մոլորեցնեն նրան, որպէսզի կուլ տան: 17 Դրա համար էլ Տէրը բարեհաճ չի լինելու նրանց երիտասարդների հանդէպ, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետեւ նրանք ամէնքն էլ անօրէն են ու չար, ամէն բերան անարդարութիւն է խօսում: Այս ամէնի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած: 18 Անօրինութիւնը պիտի վառուի ինչպէս կրակ, չորացած սիզախոտի պէս պիտի այրուի կրակից, պիտի վառուի մայրիների անտառում, որոնց շուրջը, բոլոր բլուրների վրայ, հուրը պիտի ճարակի նրանց: 19 Տիրոջ զայրոյթի ու բարկութեան հետեւանքով համայն երկիրը կրակի պիտի մատնուի, եւ ժողովուրդն էլ հրով կիզուածի պէս պիտի լինի: Մարդ իր եղբօրը չի խղճալու, 20 քաղցից նա պիտի շրջուի դէպի աջ, պիտի շրջուի դէպի ձախ, պիտի ուտի, բայց չյագենայ՝ մինչեւ իսկ իր բազուկների միսն ուտելով: 21 Մանասէն Եփրեմին պիտի ուտի, եւ Եփրեմը՝ Մանասէին, ապա միասին պիտի պաշարեն Յուդայի երկիրը: Այս ամէնի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած:

10
1 Վա՜յ նրանց, ովքեր չար գործեր են արձանագրում, անընդհատ գրի են առնում իրենց չարութիւնը, 2 խեղաթիւրում են աղքատների դատն ու դատաստանը, խլում իմ ժողովրդի տնանկների իրաւունքը, որպէսզի որբեւայրին յափշտակութեան ենթարկուի, որբը՝ աւարի: 3 Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը: Ձեր նեղութիւնը հեռուներից պիտի գայ. ո՞ւմ մօտ պիտի փախչէք օգնութեան համար, ո՞ւր պիտի թողնէք ձեր հարստութիւնը: 4 Գերութեան չմատնուելու համար նրանք սպանուածների տակ պիտի թաքնուեն: Այս ամէնի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած: 5 Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է իմ բարկութեան ու զայրոյթի գաւազանը. 6 քանզի իմ բարկութիւնն անօրէն ազգի վրայ պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն աւարի ու յափշտակութեան, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները եւ թաղեն նրանց փոշու տակ: 7 Իսկ Ասորեստանի իշխանն այդպէս չմտածեց, ինքն իր մտքում այդպէս չխորհեց, այլ մտադրուեց բնաջնջել ոչ քիչ ազգերի: 8 Եւ եթէ նրան ասեն, թէ՝ «Միայն դո՞ւ ես լինելու իշխան», 9 կպատասխանի. «Մի՞թէ ես չնուաճեցի այն աշխարհը, որ բարձր է Բաբելոնից, եւ Քաղանէն, ուր աշտարակը կառուցուեց: Ես գրաւեցի նաեւ Արաբիան, Դամասկոսն ու Սամարիան: 10 Ինչպէս որ դրանք իմ ձեռքով գրաւեցի, այնպէս էլ պիտի նուաճեմ բոլոր իշխանութիւնները»: Ողբացէ՛ք, ո՛վ կուռքեր, որ Երուսաղէմում եւ Սամարիայում էք, 11 քանզի ինչպէս որ վարուեցի Սամարիայի եւ նրա ձեռակերտների հետ, նոյն կերպ էլ վարուելու եմ Երուսաղէմի եւ նրա կուռքերի հետ: 12 Այնպէս պիտի լինի, որ, երբ Տէրը վերջացնի ամէն ինչ, որ կատարելու է Սիոնի բարձունքի վրայ եւ Երուսաղէմում, իր բարկութիւնը պիտի թափի նաեւ մեծամտացողի վրայ, Ասորեստանի իշխանի եւ գոռոզութեամբ փայլող նրա աչքերի վրայ: 13 Արդարեւ, նա ասաց. «Իմ զօրութեամբ կկատարեմ եւ իմ իմաստութեամբ ու խելքով կվերացնեմ ազգերի սահմանները, կյափշտակեմ նրանց հարստութիւնները, կցնցեմ շէն քաղաքները, 14 իմ բազկով կյարձակուեմ բոլոր երկրների վրայ, ինչպէս հաւաբնի վրայ, եւ բոլորին կվերցնեմ, ինչպէս մնացած ձուեր. ոչ ոք իմ ձեռքից չի փրկուի, ոչ ոք ինձ չի ընդդիմանայ, բերանը չի բացի եւ ծպտուն չի հանի»: 15 Այսպէս ասաց Տէրը. «Մի՞թէ կացինը կբարձրանայ առանց փայտահատի, կամ սղոցը վերեւ կելնի՞ առանց որ մէկը ձգի այն. այնպէս էլ՝ գաւազանը կամ ցուպը, եթէ մէկը չբռնի այն: Այդպէս չի կարող լինել»: 16 Զօրութիւնների Տէրը քո պատուի վրայ անարգանք է ուղարկելու, եւ քո փառքի վրայ բոցավառ հուրն է բորբոքուելու: 17 Լոյսն Իսրայէլի կրակ պիտի դառնայ եւ նրան սրբի բորբոքուն հրով, խոտի պէս պիտի լափի անտառը: 18 Այն օրը լեռները, բլուրներն ու անտառները պիտի մոխրանան, կրակը հոգի ու մարմին պիտի լափի, եւ փրկուողը նման պիտի լինի բորբոքուած բոցից ազատուածի: 19 Կենդանի մնացածները թուով այնքան պիտի լինեն, որ մանուկ երեխան էլ կարողանայ հաշուել նրանց: 20 Այն օրը Իսրայէլից մնացածները եւ Յակոբի տնից փրկուածներն այլեւս մեղքի մէջ չեն ընկնելու եւ ոչ էլ ապաւինելու են իրենց զրկողներին, այլ արդար սրտով ապաւինելու են Աստծուն՝ Իսրայէլի Սրբին: 21 Յակոբի տնից մնացածները պիտի շուռ գան դէպի զօրաւոր Աստուածը: 22 Եւ եթէ Իսրայէլի ժողովուրդը ծովի աւազի չափ էլ լինի, նրանից սակաւաթիւ մարդիկ են միայն մնալու: Դա կատարուելու է կարճ ու կտրուկ եւ արդարութեամբ, 23 այդ բանը Զօրութիւնների Տէրը վճռականօրէն է կատարելու համայն աշխարհում: 24 Դրա համար էլ այսպէս է ասում Աստուած՝ Զօրութիւնների Տէրը. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակւում ես Սիոնում, մի՛ վախեցիր ասորեստանցիներից, երբ նրանք քեզ հարուածեն գաւազանով, քանզի այդ հարուածները ես եմ բերում քեզ վրայ, որպէսզի ճանաչես եգիպտացիների ճանապարհը: 25 Բայց փոքր-ինչ անց իմ բարկութիւնը պիտի իջնի, եւ իմ զայրոյթը պիտի ուղղուի նրանց դիտաւորութիւնների դէմ»: 26 Տէր Աստուած հարուածներ պիտի յարուցի նրանց դէմ՝ նման այն հարուածներին, որոնք հասան Մադիամին չարչարանքների տեղում. նրա զայրոյթը պիտի երեւայ, ինչպէս Եգիպտոսից դուրս գալու ժամանակ՝ ծովն անցնելիս: 27 Այն օրը նրա երկիւղը պիտի վերանայ քեզ վրայից, նրա լուծը՝ քո պարանոցից. եւ ձեր ուսերից պիտի խորտակուի նրա լուծը: 28 Նա պիտի գայ հասնի Անգէ քաղաքը, անցնի Մակեդդովով եւ իր բեռը վայր դնի Մաքմասում: 29 Պիտի անցնի ձորերով, յարձակուի գաբաւոնացիների վրայ, ահաբեկի Ռաման՝ Սաւուղի քաղաքը. Գալիմի դուստրը պիտի փախչի: 30 Խրխի՛նջ բարձրացրու քո ձայնով. թող լուրը հասնի Լաիս, թող լուրը հասնի Անաթոթ. 31 թող զարհուրի Մադեբենան, նաեւ նրանք, որ բնակւում են Գեբիմում: 32 Նա պիտի մխիթարուի այսօր՝ գիշերելով ճանապարհին, ձեռքով պիտի մխիթարի Սիոնի դուստր լեռանը եւ այն բլուրներին, որոնք Երուսաղէմում են: 33 Ահաւասիկ Զօրութիւնների Տէրը՝ Աստուած, իր ուժով ահ ու սարսափի պիտի մատնի փառաւորուածներին, եւ ամբարտաւանութեամբ բարձրացածները պիտի խորտակուեն ու խոնարհուեն. 34 բարձրադիր սրով պիտի ընկնեն, եւ Լիբանանն իր բարձունքներով պիտի կործանուի:

11
1 Յեսսէի արմատից գաւազան պիտի ընձիւղուի, ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից: 2 Նրա վրայ պիտի իջնի Աստծոյ Հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի ու զօրութեան հոգին, գիտութեան եւ աստուածապաշտութեան հոգին. 3 Աստծոյ երկիւղի հոգին պիտի լցնի այն: Ո՛չ ըստ կարծիքի պիտի դատի նա եւ ո՛չ էլ ըստ խօսքերի յանդիմանի: 4 Նա տնանկի իրաւունքը պիտի պաշտպանի եւ արդարութեամբ պիտի դատի երկրի տառապեալներին. իր բերանի խօսքով հարուածի երկրին եւ իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին: 5 Արդարութեամբ պիտի գօտեւորի իր մէջքը եւ ճշմարտութեամբ կապի իր կողերը: 6 Գայլն ու գառը միասին պիտի ուտեն, ընձառիւծը ուլի հետ պիտի մակաղի, հորթը, ցուլն ու առիւծը միասին պիտի սնուեն, եւ մատաղատի մանուկը պիտի հովուի նրանց: 7 Եզն ու արջը միասին պիտի ուտեն, նրանց ձագերը խառը պիտի շրջեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի: 8 Մատաղատի մանուկն իր ձեռքը պիտի մտցնի իժերի բոյնը եւ իժերի ձագերի բոյնը, 9 ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել եւ խայթել իմ սուրբ լեռան վրայ, քանզի ամբողջ երկիրը լցուելու է Տիրոջ գիտութեամբ՝ նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը: 10 Այն օրը հեթանոսներն իրենց յոյսը դնելու են Յեսսէի արմատի վրայ, որն իշխան է կանգնելու հեթանոսներին, եւ նրա հանգիստը փառահեղ է լինելու: 11 Այն օրը Տէրը նորից պիտի ցոյց տայ իր ձեռքը՝ նախանձելի դարձնելու համար իր ժողովրդի մնացորդներին, որոնք պահպանուած են լինելու Ասորեստանում եւ Եգիպտոսում, Բաբելոնում եւ Եթովպիայում, Էլամում եւ Արեւելքում, Արաբիայում եւ ծովի կղզիներում: 12 Հեթանոսներին դրօշ պիտի պարզի եւ հաւաքի Իսրայէլի կորուսեալներին, Յուդայի տնից ցրուածներին պիտի հաւաքի աշխարհի չորս անկիւններից: 13 Եփրեմի նախանձը պիտի վերանայ, եւ Յուդայի թշնամիները կորստեան պիտի մատնուեն. Եփրեմը չպիտի նախանձի Յուդային, եւ Յուդան էլ չպիտի նախանձի Եփրեմին: 14 Այլազգիների նաւերը պիտի չուեն, միանգամից աւարի պիտի ենթարկեն ծովակողմը, թէ՛ արեւելցիներին եւ թէ՛ եդոմայեցիներին. իրենց ձեռքը պիտի բարձրացնեն նախ Մովաբի վրայ եւ ամէնից առաջ ամոնացիներին են հնազանդուելու: 15 Տէրը պիտի ցամաքեցնի Եգիպտոսի ծովը, իր շնչի սաստկութեամբ իր ձեռքը պիտի երկարի գետի վրայ ու հարուածի եօթ գետաբերաններին, որպէսզի կօշիկով համարձակ կարողանան անցնել այնտեղով: 16 Մի անցուղի պիտի լինի Եգիպտոսում պահպանուած իմ ժողովրդի համար, եւ Իսրայէլը պիտի լինի այնպէս, ինչպէս այն օրը, երբ ելաւ Եգիպտացիների երկրից:

12
1 Այն օրը պիտի ասես. «Օրհներգում եմ քեզ, Տէ՜ր, որ բարկացար ինձ վրայ, բայց քո զայրոյթը հեռացրիր ինձնից եւ ողորմեցիր ինձ: 2 Ահա Աստուածն իմ եւ փրկիչ Տէրն իմ. ես յոյսս դրեցի նրա վրայ եւ երկիւղ չեմ կրելու, քանզի Տէրն իմ փառքն է ու իմ օրհնութիւնը, եւ փրկութիւն եղաւ ինձ համար»: 3 Ուրախութեան ջո՛ւր առէք փրկութեան աղբիւրներից: 4 Եւ այն օրը պիտի ասես. «Օրհներգեցէ՛ք Տիրոջը, հնչեցրէ՛ք նրա անունը, նրա փառքը տարածեցէ՛ք հեթանոսների մէջ, յիշեցէ՛ք, որ բարձր է նրա անունը: 5 Օրհնեցէ՛ք Տիրոջ անունը, քանզի նա մեծամեծ գործեր կատարեց, պատմեցէ՛ք այդ մասին արար աշխարհում: 6 Ցնծացէ՛ք եւ ուրա՛խ եղէք, Սիոնի՛ բնակիչներ, քանզի Իսրայէլի Սուրբը վեր բարձրացաւ նրա մէջ»:

13
1 Ամոսի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին: 2 «Լեռան բարձունքին, սարահարթի վրայ դրօ՛շ կանգնեցրէք, ձեր ձայնը բարձրացրէ՛ք նրանց վրայ, մի՛ վախեցէք, ձեռքով նշա՛ն արէք, դո՛ւրս եկէք, իշխաննե՛ր, որ ես հրաման տամ: 3 Իմ նուիրեալներն են նրանք, որոնց ես եմ բերել. ելել գալիս են հսկաները, որպէսզի գոհացում տան իմ բարկութեանը. միահամուռ գալիս են խինդով ու նախատինք թափում: 4 Լեռների վրայ բազում ցեղերի ձայնն է հնչում, կարծես անհամար ժողովուրդներ լինեն. միահամուռ հաւաքուած թագաւորների ու ցեղերի ձայնն է հնչում: Զօրութիւնների Տէրը հրաման է արձակել սպառազէն ազգերին, 5 որ գան հեռու երկրներից. երկնային հաստատութեան ծայրերից հասել է Տէրն իր սպառազէններով՝ բնաջնջելու ամբողջ աշխարհը: 6 Ողբացէ՛ք, քանզի մօտ է Տիրոջ օրը, եւ հասել է Աստծոյ պատուհասը: 7 Ահա թէ ինչու բոլորի ձեռքերը պիտի թուլանան, ամէն մարդու սիրտը պիտի դողայ: 8 Պատգամախօսները տագնապի մէջ պիտի ընկնեն, երկունքի ցաւը պիտի բռնի նրանց, ինչպէս ծննդաբերող կանանց: Տրտնջալով մէկը միւսին պիտի նայի, պիտի զայրանան, եւ զայրոյթից պիտի կարմրեն իրենց դէմքերը, 9 քանզի Տիրոջ օրն ահաւասիկ հասել է՝ լի անսահման բարկութեամբ, ոխակալութեամբ ու զայրոյթով, որպէսզի աշխարհն անապատ դարձնի եւ մեղաւորներին վերացնի այնտեղից: 10 Արդարեւ, երկնքի աստղերը, Հայկի համաստեղութեան եւ երկնային բոլոր լուսատուների հետ միասին, լոյս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խաւարի, լուսինը նոյնպէս իր լոյսը չպիտի տայ: 11 Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրաւների հպարտութիւնը, ամբարտաւանների մեծամտութիւնը պիտի խոնարհեցնեմ: 12 Իսկ մնացածներն աւելի յարգի պիտի լինեն, քան մաքուր ոսկին, մարդն աւելի յարգանքի պիտի արժանանայ, քան սոփերական թանկագին քարերը»: 13 Այն օրը, երբ Զօրութիւնների Տիրոջ բարկութիւնը վրայ հասնի, նրա զայրոյթից ու ցասումից երկինքը պիտի մոլեգնի, եւ երկիրն իր հիմքերից պիտի սասանուի: 14 Կենդանի մնացածները պիտի լինեն ինչպէս սարսափից փախած այծեամ եւ մոլորեալ ոչխար, նրանց հաւաքող չի լինելու, ամէն մարդ իր ժողովրդի մօտ պիտի վերադառնայ, իւրաքանչիւր մարդ իր երկիրը պիտի փախչի: 15 Ով որ բռնուի, պարտութեան պիտի մատնուի, իսկ մի տեղ հաւաքուածները սրով պիտի ընկնեն: 16 Նրանց որդիներին նրանց աչքերի առաջ պիտի սպանեն, նրանց տները պիտի կողոպտեն, իսկ նրանց կանանց պիտի խայտառակեն: 17 «Ահա նրանց վրայ պիտի հանեմ մարերին, որոնք արհամարհում են արծաթն ու ոսկին: 18 Նրանք երիտասարդների աղեղները պիտի ջարդեն, ձեր որդիներին չեն գթալու, նրանց աչքը չի խնայելու ձեր մանուկներին»: 19 Եւ Բաբելոնը, որ քաղդէացի թագաւորից փառապանծ է կոչւում, պիտի դառնայ այնպէս, ինչպէս Սոդոմն ու Գոմորը, որոնց Աստուած կործանեց: 20 Այնտեղ յաւիտեանս յաւիտենից բնակուող չպիտի լինի, բազմաթիւ ցեղեր այլեւս այնտեղ մուտք չպիտի գործեն, արաբացիներն այլեւս այնտեղով չպիտի անցնեն, հովիւներն այնտեղ այլեւս հանգիստ չպիտի առնեն: 21 Այնտեղ կայան են գտնելու վայրի գազանները, նրանց տները լցուելու են աղաղակով, այնտեղ բոյն են դնելու համբարուները, դեւերն են կաքաւելու այնտեղ, յուշկապարիկներն են բնակուելու նրա մէջ, ոզնիներն են ձագ հանելու նրա ապարանքներում:

14
1 Պիտի գայ ժամանակը, շտապ հասնի, չի յապաղելու, օրերը երկար չեն սպասեցնելու: Տէրը գթալու է Յակոբին, Իսրայէլին դարձեալ իր ընտրեալն է դարձնելու: Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, եւ պանդուխտներն աւելանալու են Յակոբի տանը: 2 Նրանց ընդունելու են հեթանոսները եւ բերելու են իրենց տեղերը, որ ժառանգեն եւ բազմանան Աստծոյ երկրում ծառաներով ու աղախիններով: Նրանց գերեվարողները գերիներ են դառնալու, նրանց տիրողները նրանց ծառայութեան տակ են ընկնելու: 3 Այն օրը Տէրը հանգստացնելու է քեզ քո ցաւերից ու նեղութիւններից եւ այն դաժան ծառայութիւնից, որ նրանց համար կատարեցիր: 4 Ու այս ողբը պիտի յօրինես Բաբելոնի թագաւորի վրայ եւ ասես այն օրը. «Ինչպէ՜ս այլեւս չկայ հարկապահանջը, ինչպէ՜ս լռեց կողոպտիչը: 5 Տէրը խորտակեց մեղաւորների լուծը, իշխանների լուծը, 6 զայրոյթով, սոսկալի հարուածներով ու անողոք բարկութեամբ ոչնչացրեց նրանց ցեղերին: 7 Ողջ երկիրը յոյսով խաղաղուեց եւ կանչում է ցնծութեամբ: 8 Անգամ Լիբանանի ծառերը ցնծում են քեզ համար, Լիբանանի մայրիներն ասում են. “Այն օրից, երբ դու ընկար, անտառահատները մեզ չեն դիպել”: 9 Այդ բանը երբ պատահեց քեզ հետ, դժոխքն ալեկոծուեց ներքեւում, միանգամից ոտքի կանգնեցին բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին եղել, եւ բոլոր ազգերի թագաւորներին վերացրին իրենց գահերից: 10 Ամէնքը դիմեցին քեզ՝ ասելով. “Դու էլ մեզ նման բռնուեցիր եւ դարձար մեզ պէս”: 11 Քո փառքը, քո մեծ ուրախութիւնը դժոխք իջան. ցեցը պիտի տարածուի քո տակ, իսկ վրադ որդը պիտի պատի: 12 Արդ, ինչպէ՜ս երկնքից ընկաւ արուսեակը, որ ծագում էր առաւօտեան. նա, որ ուղարկւում էր բոլոր ազգերին, ընկաւ գետնին ու խորտակուեց: 13 Մտքիդ մէջ ասում էիր. “Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից աւելի վեր. կնստեմ բարձր լեռան վրայ, հիւսիսի բարձր լեռների վրայ. 14 կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանուեմ Բարձրեալին”: 15 Բայց ահաւասիկ դժոխք ես իջնելու եւ երկրի խորքերը: 16 Ովքեր տեսնեն քեզ, պիտի զարմանան քեզ վրայ եւ ասեն. “Սա այն մարդն է, որ ահաբեկում էր երկիրը, ցնցում թագաւորներին, 17 աւերակ էր դարձնում աշխարհներ, քանդում նրանց քաղաքները, գերիներին չէր թողնում վերադառնալ”: 18 Բոլոր ազգերի թագաւորները պատուով ննջեցին՝ ամէն մէկն իր տանը, 19 իսկ դու պիտի ընկնես լեռան վրայ իբրեւ մեռել գարշելի՝ սրակոտոր բազում դիակների մէջ, որոնք դժոխք են իջնելու: Ինչպէս արնաթաթախ անմաքուր ձորձը, այնպէս էլ դու չպիտի մաքրուես, 20 որովհետեւ ապականեցիր իմ երկիրը եւ կոտորեցիր իմ ժողովրդին. յաւիտեանս յաւիտենից դու չպիտի յիշուես: 21 Չա՛ր զաւակ, պատրաստի՛ր քո որդիներին՝ իրենց հայրերի մեղքերի պատճառով սպանուելու համար, որպէսզի ոտքի չելնեն նրանք, չնուաճեն երկիրը եւ այն չլցնեն պատերազմներով: 22 Պիտի ելնեմ նրանց դէմ,– ասում է Զօրութիւնների Տէրը,– պիտի կորցնեմ նրանց անունը, նրանց զարմն ու զաւակը»: Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Բաբելոնն աւերակ պիտի դարձնեմ, 23 որ այնտեղ ոզնիները բնակուեն, եւ նա ոչնչութեան վերածուի. այն պիտի դարձնեմ տիղմի ու կորստեան խորխորատ»: 24 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ինչպէս ասացի, այնպէս պիտի լինի, 25 եւ ինչպէս մտածել եմ, այնպէս էլ պիտի կատարուի. ասորեստանցիներին իմ երկրի մէջ եւ իմ լեռների վրայ պիտի կոտորեմ, թող նրանք ոտքի տակ գնան, եւ նրանց լուծն ընկնի ձեզ վրայից, նրանց բռնութիւնը վերանայ ձեր պարանոցից»: 26 Այս է այն խորհուրդը, որ խորհեց Տէրը համայն աշխարհի մասին, եւ այս ձեռքն է, որ բարձրացել է հանուր ազգերի վրայ: 27 Արդարեւ, այն, ինչ սուրբ Աստուած խորհեց, ո՞վ կարող է խափանել եւ ո՞վ կարող է նրա բարձրացած ձեռքը կասեցնել: 28 Այլազգիներին ուղղուած այս պատգամը եղաւ այն տարում, երբ մեռաւ Աքազ արքան. 29 «Մի՛ ուրախացէք, բոլո՛ր այլազգիներ, թէ ձեզ հարուածողների լուծը խորտակուեց, որովհետեւ օձի զարմից դուրս են գալիս իժի ծնունդներ, իսկ սրանց ծնունդներից էլ՝ թեւաւոր օձեր: 30 Աղքատները պիտի կերակրուեն Տիրոջ շնորհիւ, տկար մարդիկ պիտի ապրեն խաղաղութեան մէջ, իսկ քո զաւակին նա քաղցով պիտի սպանի, քո մնացորդներին էլ պիտի կոտորի: 31 Ողբացէ՛ք, քաղաքների՛ դարպասներ, ձա՛յն բարձրացրէք, տագնապա՛ծ քաղաքներ եւ բոլո՛ր այլազգիներ, ծուխ ելաւ հիւսիսից, եւ այլեւս ոչ ոք չի լինի: 32 Իսկ ի՞նչ պատասխան են տալու ազգերի թագաւորները, քանզի Տէրը հաստատեց Սիոնի հիմքերը, եւ նրա շնորհիւ պիտի փրկուեն ժողովրդի թշուառները»:

15
1 Պատգամ մովաբացիների մասին: 2 Գիշերով պիտի կոտորուի մովաբացին, գիշերով պիտի կործանուի Մովաբի պարիսպը: Սգացէ՛ք ձեզ, որովհետեւ կործանուելու է Գեդեբոնը՝ ձեր մեհեանի տեղը: Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբաւի վրայ լաց լինելու: Ողբացէ՛ք, քանզի ամէն գլուխ ճաղատ է դարձել, բոլոր բազուկները՝ խորտակուել: 3 Նրա հրապարակներում քո՛ւրձ հագէք, նրա տանիքների վրայ լաց ու կո՛ծ արէք եւ նրա փողոցներում ամէնքդ ողբացէ՛ք ու լացէ՛ք: 4 Եսեբոնն ու Ելէիլան գոյժ բարձրացրին, նրանց ձայները մինչեւ Յասսա հասան, ահա թէ ինչու մովաբացու ձայնը հնչում է երկար, եւ նա ճանաչում է իրեն: 5 Մովաբացու սիրտն իր մէջ գոչում է մինչեւ Սեգոր, որովհետեւ նա երեք տարեկան երինջ է: Լուիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մօտ, Արոնիիմի ճանապարհին կոտորածի վայնասուն եւ իրարանցում պիտի ընկնի: 6 Նեմերիմի ջուրը պիտի պակասի ու ցամաքի, նրա խոտը պիտի չորանայ, եւ այնտեղ դալար բոյս չպիտի ճարուի. մի՞թէ այդպէս հնարաւոր կլինի ապրել: 7 Նրա ձորերի վրայ պիտի բերեմ արաբացիներին, որ գրաւեն, 8 քանզի մովաբացու սահմանների բողոքը միացաւ գալիմացու բողոքին, նրա ողբը, նրա հեծեծանքը հասաւ մինչեւ Ելիմի ջրհորը: 9 Եւ Ռեմոնի ջուրը պիտի լցուի արեամբ, քանզի Ռեմոնի վրայ պիտի բերեմ արաբացիներին, սողունների պէս պիտի ուղարկեմ երկրի վրայ ու վերացնեմ Մովաբի զաւակին, Արիէլին եւ Ադեմի մնացորդներին:

16
1 Մի՞թէ Սիոնի դստեր լեռը աւերակ ապառաժ է լինելու: 2 Մովաբացիների՛ դուստր, դու պիտի լինես, ինչպէս թռած թռչնի անտէր մնացած ձագը: 3 Սակայն դու էլ, Առնո՛ն, փոքր-ինչ երկա՛ր մտածիր նրանց համար սգոյ տներ կառուցել, որոնք, կարծես խաւարի մէջ, միջօրէի ժամին հանապազ փախչում են: 4 Նրանք զարհուրած են, բայց դու չես առաջնորդում. Մովաբի փախստականները քեզ մօտ են պանդխտելու, հալածողից քեզ մօտ են ապաւինելու, քանզի ընկաւ քո մարտակից ընկերը, կորաւ իշխանը, որ ոտքի տակ էր տալիս երկիրը: 5 Ողորմածութեամբ պիտի հաստատուի աթոռը, ու նրա վրայ, Դաւթի խորանի մէջ, ճշմարտութեամբ պիտի բազմի նա, ով դատելիս իրաւունքին հետամուտ պիտի լինի, պիտի ջանայ արդարութիւն անել: 6 Լսեցինք Մովաբի ամբարտաւանութեան մասին, քանզի նա խիստ հպարտացել էր, գոռոզացել ու ոխակալ դարձել. քո ամբարտաւանութիւնը ես վերացրի քեզնից, 7 բայց ոչ այնպէս, ինչպէս քո կախարդութիւնը, եւ ոչ էլ այնպէս, ինչպէս նրանք, որ Մովաբի ողբն են անում: Մովաբի վրայ պիտի ողբան բոլոր նրանք, որոնք բնակւում են Դեսեթում, պիտի մրմնջան ու չամաչեն, 8 քանզի Եսեբոնի դաշտերն ու Սեբիմայի այգիները նուազեցին, ազգերի իշխանները կոտորեցին նրա ընտիր-ընտիր որթատունկերը, որոնք հասնում էին մինչեւ Յազեր, տարածւում անապատում, եւ նրանց շառաւիղները ձգուելով անցնում ծովից այն կողմ: 9 Դրա համար էլ Յազերի լացով պիտի լամ Սեբիմայի այգիների վրայ: Ո՛վ Եսեբոն եւ Ելէիլա, ձեր ծառերը կոտորուեցին, որպէսզի ձեր հունձն ու այգեկութը վերանան, եւ ամէն ինչ կործանուի: 10 Ուրախութիւնն ու ցնծութիւնը պիտի վերանան այգիներից, ձեր այգեստանում ուրախութիւն չի լինելու, ձեր հնձաններում գինի չեն քամելու, որովհետեւ էլ այգեկութ չի լինի: 11 Ահա թէ ինչու իմ աղիքները քնարի նման պիտի հնչեն Մովաբի համար, իսկ իմ փորը, իբրեւ պարիսպ, նորոգեցիր: 12 Եւ դա քեզ համար պիտի լինի ամօթանք, որովհետեւ Մովաբը տանջուեց ի մեհեաններում եւ ուխտաւորի նման պիտի մտնի իր ձեռակերտ կռատների մէջ, որոնք չպիտի կարողանան փրկել նրան: 13 Սա է այն խօսքը, որ Տէրը մի ժամանակ ասաց Մովաբի մասին 14 եւ այժմ նորից խօսեց՝ ասելով. «Երեք տարուայ ընթացքում, վարձկանի տարիների պէս, պիտի անարգուի Մովաբի փառքը՝ իր ողջ անսահման մեծութեամբ, եւ նա պիտի դառնայ սակաւամարդ ու աննշան»:

17
1 Պատգամ Դամասկոսի մասին: «Դամասկոսն ահաւասիկ պիտի վերանայ քաղաքների միջից, պիտի կործանուի. 2 յաւիտեան լքուած՝ պիտի դառնայ հօտերի մակաղատեղի եւ նախիրների հանգրուան, եւ ոչ ոք չի լինելու, որ քշի նրանց: 3 Այլեւս Եփրեմի համար այն չի դառնալու ամուր ապաստան, այլեւս թագաւորութիւն չի մնալու Դամասկոսում, եւ ոչ էլ ասորիներից կենդանի մնացածներն են այնտեղ ապրելու, որովհետեւ նա աւելի լաւ չէ, քան իսրայէլացիներն ու նրանց փառքը,– այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը:– 4 Այն օրը Յակոբի փառքը պիտի նսեմանայ, նրա փառքի մեծութիւնը պիտի սասանուի: 5 Այնպէս պիտի լինի, ինչպէս եթէ մէկը կանգնած ցորենը խուրձ-խուրձ հաւաքի իր գիրկը, ապա նրա յետեւից ընթանայ հասկաքաղը, կամ եթէ մէկը Հաստատութեան հովտում հասկ քաղի, ապա այնտեղ մնայ խոզանը. 6 կամ էլ նմանուելու է այն ձիթենուն, որի բարձր ճիւղերին մնացել է երկու-երեք պտուղ, չորս-հինգ հատ էլ՝ նրա ոստերին»,– այսպէս է ասում Տէր Աստուած: 7 Այն օրը մարդն իր յոյսը դնելու է իր Արարչի վրայ, եւ նրա աչքերը պիտի նայեն Իսրայէլի Սրբին: 8 Այլեւս չպիտի ապաւինեն մեհեաններին եւ ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց իսկ մատները պատրաստեցին, այլ ապաւինելու են Իսրայէլի Սրբին. ո՛չ իրենց սրբազան կոթողներին են նայելու, ո՛չ էլ իրենց գարշելի կուռքերին: 9 Այն օրը քո քաղաքները պիտի լքուեն ու աւերակ դառնան, ինչպէս որ Իսրայէլի զաւակների երեսից անհետացան ամորհացիներն ու խեւացիները: 10 Քանի որ դու թողեցիր քո փրկիչ Աստծուն եւ չյիշեցիր Տիրոջը՝ քո օգնականին, դրա համար էլ անհաւատ տունկ եւ անհաւատ սերմ պիտի տնկես: 11 Այն օրը, երբ տնկես, պիտի մոլորուես: Եթէ անգամ կանուխ սերմանես, պիտի ծաղկի ամռանը՝ այն օրը, երբ կտակելու ես, ինչպէս հայրն է ժառանգութիւն թողնում իր որդիներին: 12 Վա՜յ ձեզ, բիւրաւոր ազգերի բազմութիւննե՛ր, այնպէս պիտի խռովուէք, ինչպէս ալեկուտակ ծովը. բիւրաւոր ազգերի ալիքները պիտի շառաչեն ջրերի նման: 13 Բիւրաւոր ազգերը նման են յորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տէրը նրանց պիտի խեղճացնի եւ հալածի հեռու-հեռու: Յարդի մղեղի պէս նրանք պիտի քշուեն քամուց, անիւի փոշու նման փոթորկից հողմացրիւ պիտի արուեն: 14 Երեկոյեան դէմ սուգ պիտի անեն, առաւօտը չբացուած այլեւս գոյութիւն չեն ունենալու: Այս է ձեր աւարառուների բաժինը եւ ժառանգութիւնը նրանց, որոնք կողոպտում էին ձեզ:

18
1 Վա՜յ եթովպացիների գետի այն կողմում առագաստներին ապաւինած երկրին, 2 որ ընծաներ էր ուղարկում ծովով եւ մագաղաթեայ հրովարտակներ՝ ջրերի կոհակների վրայով, որպէսզի արագընթաց սուրհանդակները գնան գոռոզացած ազգի մօտ, ազգ, որ օտար է ու չար, եւ դրանից աւելին ոչ ոք չի կարող լինել, ազգ, որ անյոյս է ու ոտքի տակ տրուած: 3 Եւ այժմ ամբողջ երկրի գետերը, ինչպէս աշխարհ, բնակեցուած են. պիտի բնակեցուի նրանց աշխարհը, երբ նշանը լեռան վրայից վերանայ, եւ լսելի լինի փողի ձայնը, 4 քանզի այսպէս ասաց ինձ Տէրը. «Զգոյշ պիտի լինեն իմ քաղաքում ինչպէս միջօրէի տօթ արեւից կամ ամառային օրերի անձրեւաբեր ամպից»: 5 Նախքան հունձը, երբ ծաղիկը բողբոջելու լինի, երբ խաղողի ծաղիկը բացուի ու ազոխ դառնայ, մանր-մունր ողկոյզները պիտի կտրեն մանգաղով, ճիւղերը պիտի հատեն ու դէն նետեն: 6 Ամէն ինչ պիտի թողնեն երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին. նրանց վրայ պիտի հաւաքուեն երկնքի թռչունները, երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրայ: 7 Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում՝ գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լեռան վրայ:

19 Տեսիլք եգիպտացիների վրայ:
1 Ահաւասիկ Տէրը, բազմած թեթեւասահ ամպերի վրայ, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի յուսալքուեն: 2 Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դէմ, պատերազմելու են եղբայրը՝ եղբօր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, գաւառը՝ գաւառի դէմ: 3 «Եգիպտացիների հոգիները պիտի խռովուեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, եւ նրանք հարցում պիտի անեն իրենց աստուածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին: 4 Եգիպտացիներին պիտի մատնեմ խստասիրտ մարդկանց ու տէրերի ձեռքը, դաժան թագաւորները պիտի տիրեն նրանց»,– այսպէս է ասում ահա Զօրութիւնների Տէրը: 5 Եգիպտացիները ծովափնեայ ջրակոյտերից են խմելու, որովհետեւ գետը նուազելու է եւ ցամաքելու: 6 Գետերն ու գետերի ջրադարձները քաշուելու են, հաւաքուած բոլոր ջրերը ցամաքելու են, եւ բոլոր մարգագետինները, եղէգի ու կնիւնի բոլոր խիտ թաւուտներն ու լոռամարգերը, 7 գետի եզերքներին եղած ողջ կանաչը եւ բոլոր հերկերը, որոնք գետի ջրով են մշակւում, խորշակահար չորանալու են: 8 Ձկնորսները տրտմելու են, գետի մէջ բոլոր կարթ գցողները հոգոց են հանելու, ցանց եւ ուռկան գցողները սուգ են անելու: 9 Ամաչելու են նաեւ բարակ կտաւ մանող կտաւագործները եւ նրանք, որ բեհեզ են գործում: 10 Բոլոր արհեստաւորները տրտմութեամբ են համակուելու, բոլոր տարազագործները տխրելու են, եւ նրանց սրտերը ցաւելու են: 11 Տայանի իշխանները՝ թագաւորի իմաստուն խորհրդականները, յիմարանալու են, նրանց ժողովը դառնալու է անմիտ: Էլ ինչպէ՞ս կասէք արքային. «Իմաստունների զաւակներ ենք մենք, նախկին թագաւորների զաւակներ»: 12 Արդ, ո՞ւր են քո իմաստունները, թող պատմեն քեզ եւ ասեն, թէ ինչ խորհուրդ խորհեց Զօրութիւնների Տէրը Եգիպտոսի մասին: 13 Տայանի իշխանները յիմարացան, մեմփացիների իշխանները մեծամտացան, որոնք մոլորեցնելու են եգիպտացիներին՝ իրենց բոլոր ցեղերով: 14 Տէրը մոլորութեան ոգի խառնեց նրանց, եւ նրանք Եգիպտոսն ամէն բանի մէջ մոլորեցրին այնպէս, ինչպէս մոլորւում է այն հարբածը, որ փսխում է: 15 Եւ թող եգիպտացիներն այլեւս գործ չունենան՝ ո՛չ յետոյ եւ ո՛չ էլ առաջ, ո՛չ սկզբում եւ ո՛չ էլ վերջում: 16 Այն օրը եգիպտացիները պիտի դառնան կանանց նման՝ դողալով եւ զարհուրելով Զօրութիւնների տիրոջ ձեռքից, որ երկարելու է նրանց վրայ: 17 Իսկ Հրէաստան երկիրը պիտի ահի մատնի եգիպտացիներին, եւ ամէնքն էլ, ովքեր այդ երկրի անունը տալու լինեն նրանց մօտ, պիտի սարսափեն այն խորհրդից, որ Զօրութիւնների Տէրը խորհեց իրենց մասին: 18 Այն ժամանակ Եգիպտացիների երկրում պիտի լինի հինգ քաղաք, որտեղ մարդիկ խօսելու են քանանացիների լեզուով եւ երդուելու են Զօրութիւնների Տիրոջ անունով: Մի քաղաքը կոչուելու է Ասեդեկ քաղաք: 19 Այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է Եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատուին կանգնեցուելու է յուշակոթող, 20 որը Եգիպտացիների երկրում Տիրոջ համար յաւիտենական նշան է լինելու: Իրենց նեղութիւնների պատճառով նրանք պիտի աղաղակեն Տիրոջը, եւ Տէրը նրանց մօտ պիտի ուղարկի մի մարդու, որը պիտի փրկի նրանց, դատաստանով է փրկելու նրանց: 21 Տէրը յայտնի պիտի դառնայ եգիպտացիներին, ու այն օրը եգիպտացիները պիտի ճանաչեն Տիրոջը եւ մատուցեն զոհեր ու ընծաներ, ուխտ պիտի դնեն Աստծուն եւ կատարեն այն: 22 Տէրը մեծամեծ հարուածներ պիտի հասցնի եգիպտացիներին, բայց եւ պիտի լսի ու բժշկի նրանց, ու նրանք պիտի դառնան դէպի Տէրը, որը պիտի լսի ու բժշկի նրանց: 23 Այն օրը Եգիպտոսից դէպի Ասորեստան ճանապարհ պիտի լինի, ասորեստանցիները պիտի մտնեն Եգիպտոս, եգիպտացիներն էլ պիտի գնան ասորեստանցիների մօտ. եգիպտացիները պիտի ծառայեն ասորեստանցիներին: 24 Այն օրն Իսրայէլը եգիպտացիների ու ասորեստանցիների շարքում երրորդը պիտի լինի՝ 25 օրհնութեան արժանանալով այն երկրում, որն օրհնելու է Զօրութիւնների Տէրը՝ ասելով. «Օրհնեալ լինի իմ ժողովուրդը, որը Եգիպտոսում է եւ Ասորեստանում, օրհնեալ լինի իմ ժառանգութիւնը՝ Իսրայէլը»:

20
1 Այն տարին, երբ Տանաթանը, Ասորեստանի Առան արքայի կողմից ուղարկուելով, եկաւ Ազոտոս, պատերազմ մղեց Ազոտոսի դէմ եւ գրաւեց այն, 2 ահա այդ ժամանակ Տէրը խօսեց Ամոսի որդի Եսայու հետ եւ ասաց. «Գնա՛ ու քուրձդ հանի՛ր քո մէջքից եւ հողաթափերդ արձակի՛ր քո ոտքերից»: Այդպէս էլ արեց՝ քայլելով մերկ ու բոկոտն: 3 Եւ Տէրն ասաց. «Ինչպէս որ իմ ծառայ Եսային քայլեց մերկ ու բոկոտն, այդպէս երեք տարի եգիպտացիների եւ եթովպացիների համար հրաշքներ ու նշաններ պիտի լինեն: 4 Թող հասկանան, որ այդպէս Ասորեստանի արքան գերի է տանելու եգիպտացիներին ու եթովպացիներին, երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու ամօթոյքը բաց, խայտառակելով եգիպտացիներին: 5 Եւ պարտութեան մատնուած եգիպտացիները պիտի ամաչեն եթովպացիների պատճառով, որոնց վրայ յոյս էին դրել, եւ որոնք նրանց համար զօրութիւն էին»: 6 Ապա այն օրը այդ կղզու բնակիչները պիտի ասեն. «Ահաւասիկ մենք մեր յոյսը դրել էինք սրանց վրայ, ապաւինել սրանց օգնութեանը, բայց սրանք իրենց անձն անգամ չկարողացան փրկել Ասորեստանի արքայից, իսկ մենք ինչպէ՞ս պիտի փրկուենք»:

21
1 Տեսիլք ծովափնեայ անապատի վրայ: Ինչպէս անապատով անցնող մրրիկ, այդպէս նա եկաւ անապատային երկրից: 2 Ահաւոր էր եւ սարսափելի այն տեսիլքը, որ երեւաց ինձ: Անարգողն անարգում է, անիրաւը՝ անիրաւութիւն գործում: Ինձ վրայ յարձակուեցին էլամացիք, ինձ վրայ եկան պարսից պատգամաւորները: Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում: 3 Ահա թէ ինչու մէջս սարսուռ ընկաւ, ցաւերը բռնեցին ինձ, ինչպէս ծննդկան կնոջը: Փախայ, որպէսզի չլսեմ, շտապեցի, որպէսզի չտեսնեմ: 4 Միտքս շուարեց, յանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկաւ: Նայի՛ր, թէ ինչ դիտաւորութիւն ունես. 5 սեղա՛ն պատրաստիր, կե՛ր, խմի՛ր: Եկէ՜ք, իշխաննե՛ր, պատրաստեցէ՛ք ձեր վահանները, 6 քանզի այսպէս ասաց ինձ Տէրը. «Ինքդ անձամբ գնա՛, դէ՛տ եղիր, ինչ որ տեսնես, կպատմես»: 7 Եւ ես տեսայ երկու հեծեալ, մի հեծեալը՝ էշի վրայ, միւս հեծեալը՝ ուղտի: Մեծ ուշադրութեամբ ականջ դրեցի: «Ուրիային կանչի՛ր քո դիտանոցը»,– ասաց Տէրը: 8 Ու ամբողջ ցերեկը եւ ողջ գիշերը հետեւեցի բանակին 9 եւ տեսայ, որ գալիս է նոյն հեծեալ զոյգը՝ ձայն տալով եւ ասելով. «Ընկա՜ւ, կործանուե՜ց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետնին տապալուեցին»: 10 Լսեցէ՛ք, կենդանի մնացածնե՛ր եւ տանջուածնե՛ր, լսեցէ՛ք այն, ինչ ես լսեցի Զօրութիւնների Տիրոջից, ինչ մեզ պատմեց Իսրայէլի Աստուածը: 11 Տեսիլք եդոմայեցիների վրայ: Մի ձայն ինձ կանչում է Սէիր լեռան վրայից. «Պահպանեցէ՛ք պարսպաբուրգերը»: 12 Ես կպահպանեմ առաւօտ ու գիշեր: Եթէ դու ինձ հարցնես, հարցրո՛ւ եւ եկ ինձ մօ՛տ բնակուիր: 13 Պատգամ արաբացիների մասին: Գիշերները կննջես անտառում՝ Դոդանիմի ճանապարհին: 14 Ընդառա՛ջ եկէք եւ ջո՛ւր բերէք ծարաւածներին, ո՛վ Թեմանի բնակիչներ, հացով ընդառա՛ջ ելէք փախստականներին, 15 որովհետեւ անթիւ են սպանուածները եւ բազում՝ մոլորեալները, անթիւ են սրերը եւ բազում՝ լարուած աղեղները, որովհետեւ բազմաթիւ են պատերազմում ընկածները: 16 Այսպէս ասաց ինձ Տէրը. «Եւս մի տարի՝ նման վարձկանի տարուան, եւ կվերանայ Կեդարի որդիների փառքը: 17 Կեդարի աղեղնաւոր ու զօրաւոր որդիներից մնացածները եւս սակաւաթիւ կլինեն»,– քանզի Իսրայէլի Տէր Աստուածը խօսեց:

22
1 Պատգամ Սիոնի հովտի մասին: Ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ ինչո՞ւ դուք բոլորդ իզուր տանիք բարձրացաք: 2 Ձեր քաղաքը լցուեց գուժկաններով: Ո՛վ պերճացեալ քաղաք, քո վիրաւորները սուսերով վիրաւորուածներ չեն, եւ քո դիակներն էլ պատերազմում ընկած դիակներ չեն: 3 Բոլոր իշխաններդ փախստական են դարձել, գերեալներդ խստօրէն կալանաւորուած են, քո հզօրները, որոնք հեռու էին փախել, անխտիր կապանքների մէջ են: 4 Դրա համար էլ ասացի. «Թո՛յլ տուէք ինձ՝ դառնօրէն լաց լինեմ, մի՛ աշխատէք ինձ մխիթարել իմ ժողովրդի դստեր կործանման առիթով»: 5 Արդարեւ, Սիոնի հովտում Զօրութիւնների Տիրոջ կողմից խռովութեան, ոտնատակ տալու եւ շփոթութեան օր է. մեծ ու փոքր, առհասարակ մոլորուած, տարուբերւում են լեռների վրայ: 6 Իսկ էլամացիները, կապարճներ առած, ձի հեծած եւ յարձակուող գնդերով պիտի գան, 7 եւ քո ընտիր-ընտիր հովիտները պիտի լցուեն կառքերով, հեծեալները երիվարներով պիտի խցանեն քո դռները: 8 Նրանք պիտի կործանեն Յուդայի երկրի դարպասները եւ այն ժամանակ պիտի տեսնեն քաղաքի ընտիր-ընտիր ապարանքները, 9 ի յայտ պիտի բերեն Դաւթի բարձր ապարանքի գաղտնի անցքերը: Եւ պիտի տեսնեն, որ դրանք շատ են: Հին ջրմուղը պիտի շուռ տան դէպի քաղաք, 10 պիտի քանդեն Երուսաղէմի ապարանքները քաղաքի պարիսպներն ամրացնելու նպատակով: 11 Իսկ դուք երկու պարիսպների մէջտեղը, հին ջրմուղից աւելի ներս, պիտի ջուր հանէք ձեզ համար առանց ձեր հայեացքն ուղղելու նրան, որ առաջուց շինել էր այն առանց նրա հիմնադրողին հեռուից հեռու ճանաչելու: 12 Այն օրը Զօրութիւնների Տէրը կանչեց լացուկոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու եւ քուրձ հագնելու: 13 Իսկ նրանք ուրախութիւն ու ցնծութիւն արեցին. արջառներ էին սպանում, ոչխարներ էին մորթում, որպէսզի միս ուտեն, գինի խմեն եւ ասեն. «Ուտենք ու խմենք, որովհետեւ վաղը մեռնելու ենք»: 14 Բայց դա հասնելու է Զօրութիւնների Տիրոջ ականջին: «Եւ ձեր այդ մեղքերին մինչեւ ձեր մահը թողութիւն չի տրուելու»,– ասում է Զօրութիւնների Տէրը: 15 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Դու գնա մտի՛ր դիւան՝ Սոմնաս հանդերձապետի մօտ, եւ ասա՛ նրան. 16 “Ինչո՞ւ ես եկել այստեղ, ի՞նչն է բերել քեզ այստեղ. դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ, ժայռի մէջ քեզ համար օթեւան ես շինել”»: 17 Ահաւասիկ Զօրութիւնների Տէրը դուրս պիտի հանի ու սպանի քեզ, ո՛վ մարդ, պիտի մերկացնի քեզ քո պատմուճանից եւ փառապսակից: 18 Քեզ պիտի նետի մեծ ու անսահման երկիրը, եւ այնտեղ դու պիտի մեռնես. քո շքեղ կառքերը անարգանքի առարկայ պիտի դարձնի, քո իշխանական տունը ոտնատակ պիտի տայ: 19 Քո դիրքից ու աստիճանից պիտի զրկուես: 20 Այն օրը պիտի կանչեմ իմ ծառայ Եղիակիմին՝ Քեղկիայի որդուն, 21 նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, պիտի տամ նրան քո պսակն իր ճոխութեամբ, քո հազարապետութիւնը նրա ձեռքը պիտի տամ, եւ թող նա հայր դառնայ Երուսաղէմի ու Յուդայի երկրի բնակիչների համար: 22 Դաւթի բանալիները պիտի տամ նրան. նա պիտի իշխի, եւ ոչ ոք չի կարողանալու նրան հակառակ կանգնել: 23 Նրան իշխան պիտի կարգեմ հաստատուն մի տեղ, եւ թող նա բազմի իր հօր տան փառքի աթոռին: 24 Թող նրան ապաւինեն իր հօր տան բոլոր պատուաւոր մարդիկ՝ փոքրից մինչեւ մեծը: Բոլոր անօթները՝ մանր թէ մեծ, մինչեւ կարասները, նա պիտի բացի, եւ ոչ ոք չի կարողանալու փակել. պիտի փակի, եւ ոչ ոք չի կարողանալու բացել: Այն ժամանակ ամէն ինչ կախուած է լինելու նրանից: 25 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Աներեր մարդը պիտի շարժուի իր հաստատուն տեղից, պիտի ընկնի ու կործանուի, եւ նրա փառքը պիտի վերանայ նրանից»,– քանզի Տէրը խօսեց:

23
1 Պատգամ Տիւրոսի մասին: Ողբացէ՛ք, Կարքեդոնի՛ նաւեր, քանզի կարքեդոնացիները կործանուեցին եւ այլեւս չեն վերադառնայ Կիտացիների երկրից, ուր գերութեան քշուեցին: 2 Ո՞ւմ են նման այդ կղզու բնակիչները. նման են փիւնիկեցի վաճառականներին, որոնք անցնում են ծովով ու մեծ ջրերով. 3 վաճառականների սերունդ են. ինչպէս ամռանը հունձն է հաւաքւում, այդպէս են այդ վաճառականները ազգերի համար: 4 «Ամաչի՛ր, Սիդո՛ն»,– ասում է ծովը: Ծովի զօրութիւնն էլ ասում է. «Մի՞թէ ես երկունքի ցաւով չեմ բռնուել, չեմ ծնել, երիտասարդներ չեմ սնել, կոյսեր չեմ մեծացրել»: 5 Երբ լուրը Եգիպտոսի երկիրը հասնի, վիշտը պիտի պատի նրան Տիւրոսի համար: 6 Գնացէ՛ք Կարքեդոն, դուք, որ այդ կղզու բնակիչներն էք, ողբացէ՛ք: 7 Արդեօք սկզբից իսկ ձեր այդ ամբարտաւանութիւնը չէ՞ր, որ նրա մատնութեան պատճառ դարձաւ. նա իր իսկ ոտքերով հեռաւոր պանդխտութեան պիտի քշուի: 8 Իսկ այդ բանն ո՞վ մտածեց Տիւրոսի մասին. մի՞թէ նա յետին մէկն էր կամ տկար մի ոք: Նա, նրա վաճառականները քանանացիների պատուաւոր մարդիկ էին, նրա առեւտրականները երկրի իշխաններն էին: 9 Զօրութիւնների Տէրը մտածեց վերջ տալ ականաւոր մարդկանց ողջ ամբարտաւանութեանը եւ երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատուաւորներին: 10 Քո հո՛ղը մշակիր, որովհետեւ այսուհետեւ նաւերը չեն գալու Կարքեդոնից, 11 քո ձեռքի զօրութիւնը այլեւս չի երեւալու ծովի վրայ, դո՛ւ, որ սարսեցնում էիր թագաւորներին: Զօրութիւնների Տէրը Քանանի համար հրամայեց կործանել նրա հզօրութիւնը: 12 Պիտի ասեն, թէ՝ «Էլ չշարունակենք թշնամանքը եւ չզրկենք Սիոնի կոյս դստերը»: Ոտքի՛ կանգնիր եւ ծովո՛վ անցիր: Սակայն թէկուզ եւ դիմես դէպի Կիտիիս, այնտեղ էլ քեզ համար հանգիստ չի լինելու: 13 Եւ եթէ Քաղդէացիների երկիրը գնաս, որը, սակայն, նոյնպէս աւերուած է ասորեստանցիներից, այնտեղ եւս քեզ համար դուլ ու դադար չի լինելու: Սիհիմը նրա հիմքը գցեց, կանգնեցրեց նրա պարսպաբուրգերը, բարձրացրեց նրա աշտարակները, բայց ահա նրա պարիսպը տապալուեց ու կործանուեց: 14 Ողբացէ՛ք, Կարքեդոնի՛ նաւեր, քանզի կործանուեց ձեր ամրութիւնը: 15 Եւ պիտի գայ մի օր, երբ Տիւրոսը եօթանասուն տարի լքուած պիտի լինի՝ այնքան, որքան մի թագաւորի իշխանութեան ժամանակն է լինում, որքան մի մարդու կեանքի ժամանակը: Ու եօթանասուն տարի յետոյ Տիւրոսը պիտի դառնայ այնպիսին, ինչպէս ասւում է պոռնիկի երգում. 16 «Քնա՛ր վերցրու, շրջի՛ր ու կոծի՛ր, պոռնկութեան լքուա՛ծ քաղաք, լա՛ւ նուագիր, նորից ու նորից երգի՛ր, որ քո յիշատակը մնայ»: 17 Ու եօթանասուն տարի յետոյ Տէրը պիտի այցելի Տիւրոսին, որը նորից նոյն կարգով պիտի վերահաստատուի, ինչպէս առաջ էր, եւ այնտեղ պիտի կատարուի աշխարհի երեսին գոյութիւն ունեցող բոլոր երկրների թագաւորների առեւտուրը: 28 Նրա վաճառքի շահը Տիրոջը պիտի նուիրաբերուի. ոչ թէ առանձին մարդկանց համար պիտի հաւաքեն, այլ նրա վաճառքի շահը պիտի պատկանի Տիրոջ առջեւ բնակուողներին, որպէսզի ուտեն, խմեն եւ, ի նշան Տիրոջ հանդէպ իրենց երախտագիտութեան, ուրախ լինեն:

24
1 Ահաւասիկ Տէրը ամայացնելու է աշխարհը, աւերելու է այն, խորտակելու է նրա հիմքերը եւ ցանուցիր է անելու նրա բնակիչներին: 2 Նոյն բախտին պիտի արժանանան ժողովուրդը եւ քահանան, ծառան եւ տէրը, աղախինը եւ տիրուհին, միմեանցից չպիտի տարբերուեն գնողն ու վաճառողը, փոխատուն եւ փոխառուն, պարտապանը եւ պարտատէրը: 3 Ամբողջովին պիտի աւերուի երկիրը, լրիւ պիտի կողոպտուի երկիրը, քանզի Տէրն իր բերանով ասաց այդ. 4 «Սո՛ւգ արա, որովհետեւ երկիրը կործանուեց, աշխարհն աւերուեց ու ամայացաւ, երկրի բարձունքները սուգ մտան»: 5 Երկիրն իր բնակիչներով մեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրէնքները, խեղաթիւրեցին նրա պատուիրանները եւ դրժեցին յաւիտենական ուխտը: 6 Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետեւ նրա բնակիչները մեղք գործեցին: Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, եւ սակաւաթիւ մարդիկ են կենդանի մնալու: 7 Պիտի սգայ գինին, պիտի սգայ այգին, խրախճանքով տարուածները բոլորը հոգոց պիտի հանեն: 8 Թմբուկների ցնծութիւնը դադարեց, ամբարիշտների հպարտութիւնն ու մեծութիւնը տեղի տուեցին, քնարների ձայները լռեցին: 9 Խմողներն ամօթահար եղան ու այլեւս գինի չէին խմում, օղին դառնութեան փոխուեց նրանց համար: 10 Բոլոր քաղաքներն աւերակ դարձան, ապարանքների դռները գոց մնացին, որովհետեւ ներս մտնող չկար: 11Ամէն, ամէն տեղ գինու վրայ ողբացէ՛ք. ամէն ուրախութիւն լռեց, վերացաւ ողջ երկրի ցնծութիւնը: 12 Աւերակ քաղաքները պիտի լքուեն, կանգուն մնացած ապարանքները պիտի կործանուեն: Այս ամէնը պիտի կատարուի երկրի վրայ, հեթանոսների մէջ: 13 Ինչպէս վերջին պտուղը քաղելու համար ճռաքաղ են անում ձիթենին, այդպէս ճռաքաղ պիտի անեն եւ նրանց: Եւ երբ այգեկութը դադարի, նրանք բարձրաձայն պիտի աղաղակեն: 14 Իսկ երկրի վրայ կենդանի մնացածները միահամուռ պիտի ուրախանան Տիրոջ փառքով, եւ ծովի ջրերը պիտի յուզուեն: 15 Դրա համար էլ Տիրոջ փառքը պիտի պարուրի ծովի կղզիները, եւ Տիրոջ անունը պիտի փառաւորուի: Ո՛վ Տէր Աստուած Իսրայէլի, 16 երկրի ծայրերից հրաշալի օրհնութիւն լսեցինք. «Յո՛յս բարեպաշտին». եւ թող ասեն. «Ինձ համար է իմ խորհուրդը, իմ խորհուրդն ինձ եւ իւրայիններիս համար է»: Վա՜յ նրանց, որոնք արհամարհում են, արհամարհելով արհամարհում են օրէնքները: 17 Ահը, գուբը եւ որոգայթը թող սպառնան ձեզ, ո՛վ երկրի բնակիչներ: 18 Ով որ ահից փախչի, թող ընկնի գուբը, եւ ով որ ելնի գբից, թող բռնուի որոգայթի մէջ: Ահա բացուեցին երկնքի պատուհանները, եւ երկրի հիմքերը ցնցուեցին: 19 Երկիրը շփոթի ու խռովութեան մէջ պիտի ընկնի, երկիրը պիտի տագնապի, տարակուսի եւ խոնարհուի: 20 Երկիրը պիտի շարժուի ու ցնցուի ինչպէս այգու պահապանի տնակ, հարբածի ու երերուողի պէս պիտի գլորուի եւ պիտի չկարողանայ ոտքի կանգնել, որովհետեւ նրա վրայ ծանրացել է անօրինութիւնը: 21 Այն օրը Աստուած իր ձեռքը պիտի տարածի երկնային լուսատուների վրայ, իսկ երկրում՝ երկրի թագաւորների վրայ: 22 Եւ պիտի հաւաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մէջ, պիտի պաշարեն ամրոցները եւ շատ սերունդներ անց պիտի պատժեն նրանց: 23 Ու պիտի հալուի աղիւսը, կործանուի պարիսպը, քանզի Սիոնի լեռան վրայ եւ Երուսաղէմում Տէրն է թագաւորելու եւ փառաւորուելու ծերերի առաջ:

25
1 Տէ՛ր Աստուած իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ: 2 Այո՛, Տէ՛ր, քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը յաւիտենապէս չվերաշինուի: 3 Դրա համար էլ աղքատ ժողովուրդը պիտի օրհնի քեզ, զրկուած մարդկանց քաղաքները պիտի օրհնեն քեզ, 4 որովհետեւ բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշուառութիւնից տանջուածին՝ ապաւինութեան յարկ՝ չար մարդկանցից փրկելով նրանց: 5 Դու ծարաւածների համար ապաւէն ես եւ զրկուած մարդկանց համար՝ ոգի այն ամբարիշտների դէմ, որոնց ձեռքը մատնեցիր մեզ՝ իբրեւ Սիոնին ծարաւի տոչորուած մարդկանց: 6 Զօրութիւնների Տէրն այնպէս պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռներում ուրախութիւն վայելեն, գինի խմեն, օծուեն մրուրից մաքրուած իւղով եւ հանգեն այս լեռների վրայ: 7 Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տէրն այս խորհուրդն ունի: 8 Մահը զօրացաւ եւ կուլ տուեց, բայց Աստուած բոլորի երեսից արցունքն իսպառ պիտի կտրի, ժողովրդի նախատինքը պիտի վերացնի ամբողջ աշխարհից, քանզի սա Տիրոջ բերանը խօսեց. ինչպէս ամպի հովանին յաղթահարում է տապը, այնպէս էլ նա պիտի ընկճի հզօրների բազուկները: 9 Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Տէր Աստուածը, որի վրայ յոյս էինք դրել մենք, նա փրկեց մեզ, քանզի նա է Տէրը, որին սպասում էինք. եկէք ցնծանք եւ ուրախանանք մեր փրկութեամբ»: 10 Աստուած մեզ հանգիստ է պարգեւելու այս լեռներում, իսկ մովաբացին ոտքի կոխան պիտի լինի, ինչպէս որ օրանն է ճզմւում կամնասայլի տակ: 11 Տէրն իր ձեռքերը պիտի երկարի այնտեղ եւ այդպէս նրան պիտի թշուառացնի ու կործանի, հողին պիտի հաւասարեցնի նրա հպարտութիւնը՝ նրա վրայ տարածելով իր ձեռքերը: 12 Քո բարձր պարիսպների ամրութիւնը պիտի խոնարհեցնի՝ գետնին հաւասարեցնելով այն:

26
1 Այն օրը Հրէաստան երկրում այս երգն են երգելու. «Ահա մեր զօրաւոր քաղաքը եւ մեր փրկութիւնը, որ կանգնելու է ինչպէս պարիսպ ու պատուար: 2 Բացէ՛ք ձեր դռները. թող մտնի ժողովուրդը, որ յարգում է արդարութիւնը, պահպանում ճշմարտութիւնը, 3 որ հոգում է ճշմարտութեան մասին եւ ապահովում խաղաղութիւնը: 4 Յոյսով ապաւինեցինք քեզ յաւիտենապէս, ո՛վ Տէր: 5 Դու, որ խոնարհեցրիր եւ ներքեւ իջեցրիր բարձունքների բնակիչներին, հզօր քաղաքներն ես կործանում եւ գետնին հաւասարեցնում դրանք: 6 Հեզ ու խոնարհ մարդիկ՝ կոխոտում, եւ աղքատները ոտքի տակ են տալիս դրանք»: 7 Բարեպաշտների ճանապարհներն ուղիղ են, հարթ ու դիւրին են աստուածապաշտների ճանապարհները: 8 Տիրոջ ճանապարհներն արդար են: Քո անուանն ենք ապաւինել մենք եւ քո յիշատակին, որին տենչում է մեր հոգին: 9 Գիշերով իմ հոգին դէպի քեզ է շտապում, Աստուա՛ծ, քանզի քո հրամանները լոյս են երկրի վրայ: Արդարութի՛ւն սովորեցէք, ո՛վ երկրի բնակիչներ, 10 որովհետեւ ամբարիշտը պապանձուեց: Ով երկրի վրայ արդարութիւն չի ուսանում, նա ճշմարիտ բան չի կատարի: Թող կորչի ամբարիշտը, որպէսզի չտեսնի փառքը Տիրոջ: 11 Տէ՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չգիտեն. պիտի գիտենան ու ամաչեն, վրէժխնդրութիւնը պիտի սպառնայ չխրատուող ժողովրդին, եւ այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին: 12 Տէ՛ր Աստուած մեր, տո՛ւր մեզ խաղաղութիւն, դո՛ւ, որ ամէն ինչով վարձատրել ես մեզ: 13 Տէ՛ր Աստուած մեր, թող քոնը լինենք մենք. քեզնից բացի ուրիշ ոչ ոքի չգիտենք, ո՛վ Տէր, եւ քո անունն ենք տալիս: 14 Իսկ մեռածները կեանքը չեն տեսնելու. բժիշկները յարութիւն չեն կարող տալ: Դրա համար էլ ոչնչացրիր ու կորստեան մատնեցիր նրանց բոլոր արուներին. 15 դու նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տէր, չարիք աւելացրիր երկրի փառաւորուածների վրայ, տարածեցիր աշխարհի բոլոր կողմերում: 16 Տէ՛ր, նեղութեան մէջ յիշեցինք քեզ, որովհետեւ քո տուած փոքր նեղութիւնը խրատ է մեզ համար: 17 Ինչպէս որ երկունքի մէջ գտնուողը, որ մօտ է ծննդաբերելու, ճչում է իր ցաւերից, այդպէս եղանք նաեւ մենք քո երկիւղից, Տէ՛ր, մենք, որ քո սիրելին ենք. 18 յղիացանք, երկունքով բռնուեցինք, ծնեցինք ու երկրի վրայ ստեղծեցինք փրկութեան քո ոգին: Այլեւս մենք չենք կործանուի, կկործանուեն աշխարհի բնակիչները: 19 Պիտի յառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, եւ ուրախանալու են երկրի վրայ, որովհետեւ այն ցօղը, որ քեզնից է, բժշկութիւն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանուի: 20 Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո շտեմարանները, փակի՛ր քո դռները, թաքնուի՛ր միառժամանակ, մինչեւ որ անցնի Տիրոջ բարկութիւնը, 21 քանզի Տէրն ահաւասիկ իր սրբարանից բարկութիւն է բերում երկրի բնակիչների վրայ, իսկ երկիրը պիտի ցոյց տայ իր արիւնը եւ չպիտի թաքցնի սպանուածներին:

27
1 Այն օրը Տէրը պիտի քաշի սուրբ, մեծ ու հզօր սուրը փախչող վիշապ օձի վրայ, գալարուող վիշապ օձի վրայ՝ ծովի մէջ սպանելով վիշապին: 2 Այն ժամանակ մի սքանչելի այգի է լինելու, որին տիրանալը ցանկալի պիտի լինի: 3 «Ես մի անառիկ քաղաք եմ, քաղաք, որին պաշարելը զուր է: Ես պիտի հարբեցնեմ նրան, որ գիշերը գրաւուի, իսկ ցերեկը խորտակուի նրա պարիսպը: 4 Չեղաւ մէկը, որ ձեռք չտար նրան: Ո՞վ է, որ կօգնի ինձ ագարակի մէջ պահպանելու արտի հունձը: Սրա համար պատերազմողին այսուհետեւ պիտի անարգեմ: Ահա թէ ինչու Տէրը կատարեց այն ամէնը, ինչ որ կարգադրեց: “Այրուեցինք”,– ասում են ու բողոքում նրա բնակիչները.– 5 եկէք նրա հետ խաղաղութիւն պահենք»: 6 Յակոբի հաւաքուած որդիները նոր տունկի նման պիտի ընձիւղներ տան. Պիտի ծաղկի Իսրայէլը, եւ աշխարհը պիտի լցուի նրա պտղով: 7 Մի՞թէ սա այնպէս պիտի վիրաւորուի, ինչպէս որ նա հարուածեց նրան, կամ այնպէս պիտի սպանուի, ինչպէս որ սպանեց նրան: 8 Նա պատերազմով ու նախատինքով է արձակելու նրանց. «Դու չէի՞ր, արդեօք, որ խստասրտօրէն եւ բարկացած հոգով մտածում էիր սպանել նրանց»: 9 Ուստի Յակոբի անօրինութիւնը պէտք է վերանայ, եւ այս է լինելու նրա օրհնութիւնը, երբ ազատեմ նրան իր մեղքերից: Այն ժամանակ նրա մեհեանների բոլոր քարերը մանր փոշու պէս պիտի փշրեն, այլեւս չեն պահպանուելու նրանց պաշտամունքի կուռքերը, 10 այլ կտոր-կտոր պիտի արուեն, ինչպէս մայրի ծառը՝ փայտահատի ձեռքով: Եթէ մի շէն վայր մնայ, ապա պիտի վերածուի այնպիսի տեղի, ուր հօտն է մակաղելու կամ ուր լքուած ոչխարներ են լինելու, երկար ժամանակ անասունների արօտավայր է դառնալու այն, որտեղ եւ նրանք հանգրուանելու են: 11 Երկար ժամանակ անց այնտեղ դալար բոյս չի գտնուելու, որովհետեւ այդ տեղը պիտի չորանայ: Ո՛վ կանայք, որ ահա գալիս էք հանդէսից, առա՛ջ եկէք, դո՛ւք, որ այն ժողովուրդը չէք, որն իմաստուն է: Ահա թէ ինչու ձեզ չի գթալու Աստուած՝ նա, որ ստեղծել է ձեզ: Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու: 12 Այն օրը Տէրն արգելք պիտի դնի գետի փոսից մինչեւ Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մէկ առ մէկ հաւաքեցէ՛ք իսրայէլացիներին: 13 Այն օրը պիտի հնչեցնեն մեծ փողը, եւ նրանք, ովքեր ցրուած են Ասորեստանի երկրում եւ կորած՝ Եգիպտոսի երկրում, պիտի վերադառնան ու Երուսաղէմի սուրբ լեռան վրայ երկրպագեն Տիրոջը:

28
1 Վա՜յ Եփրեմի վարձկաններիդ հպարտութեան պսակին, փառքից թառամած մի ծաղիկ՝ փարթամ լեռան գագաթին. դուք հարբած էք, բայց ոչ՝ գինուց: 2 Ահաւասիկ Տիրոջ ահաւոր ու խիստ բարկութիւնը, որ թափւում է ինչպէս կարկուտ, եւ ապաստանելու ոչ մի տեղ չկայ. նա նման է բուռն հեղեղներին ու յորդառատ ջրերին, որ ողողում են երկիրը, եւ երկրին հանգստութիւն է բերելու: 3 Եփրեմի վարձկաններիդ հպարտութեան պսակը ոտքի կոխան պիտի լինի, 4 եւ բարձր լեռան գագաթին յուսոյ ծաղիկը փառքից պիտի թառամի ինչպէս վաղահաս թուզ, որ երբ որեւէ մէկը նկատում է, դեռ ձեռքը չառած՝ ուզում է կուլ տալ: 5 Այն օրը Զօրութիւնների Տէրը յոյսի նրբահիւս պսակ պիտի դառնայ՝ պատրաստուած ի փառս ժողովրդի մնացորդների, 6 որպէսզի նրանք լինեն հոգով արդար ու դատաստանի երկիւղով յետ կանգնեն ծուլութիւնից: 7 Արդարեւ, նրանք մոլորուած են գինով, նրանք իրենց կորցրին օղու համար. քահանան ու մարգարէն օղու համար յիմարացան, գինու համար ցնորուեցին. օղով հարբած՝ նրանք դանդաչեցին ու մոլորուեցին, որովհետեւ դա ինքնին յիմարութիւն է: 8 Թող այդ մոլութիւնն անէծքի բաժին դառնայ, որովհետեւ այդ մոլութիւնը ագահութիւնից է: 9 Ո՞ւմ պատմենք չարիքների մասին, ո՞ւմ գուժենք այդ. կաթից բաժանուածների՞ն, կրծքից կտրուածների՞ն: 10 Ո՛չ, ընդունի՛ր նեղութիւններ նեղութիւնների վրայ. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրայ: Մի քիչ էլ, մի քիչ էլ ընդունի՛ր շրթունքներիդ անզգամութեան համար. 11 այդ ժողովրդի հետ խորթ լեզուով պիտի խօսեն 12 եւ ասեն դրանց, թէ քաղցածի հանգիստը դա է, եւ դա է աղէտը. բայց նրանք չեն կամենում լսել: 13 Հետեւապէս նրանց է ուղղուած Տիրոջ խօսքը. «Ընդունի՛ր նեղութիւններ նեղութիւնների վրայ. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրայ: Մի քիչ էլ, մի քիչ էլ ընդունի՛ր, մինչեւ որ գնան, թիկունքի վրայ տապալուեն, խորտակուեն, տանջուեն ու մեռնեն»: 14 Ուրեմն լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ նեղուած մարդիկ եւ Երուսաղէմի ժողովրդի իշխաններ: 15 Դուք ասացիք. «Ուխտ կնքեցինք դժոխքի հետ եւ դաշինք կռեցինք մահուան հետ. եթէ փոթորկուող մրրիկ էլ բարձրանայ, մեզ վրայ չի գայ, քանզի սուտը մեզ համար յոյս դարձրինք, ուրեմն ստութեամբ էլ կպաշտպանուենք»: 16 Դրա համար էլ այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատուական ու ազնիւ անկիւնաքար՝ նրա հիմքում, եւ ով որ հաւատայ նրան, չի ամաչի: 17 Յոյսով պիտի հաստատեմ իմ իրաւունքը եւ կշեռքով՝ իմ ողորմութիւնը, եւ իզուր իրենց յոյսը պիտի դնեն ստութեան վրայ՝ ասելով, թէ՝ “Մեզ չի հասնի մրրիկը, 18 չի վերացնի մահուան հետ կնքած մեր ուխտը”»: Ձեր յոյսը, որ դժոխքի վրայ է, չի հաստատուելու, որովհետեւ եթէ փոթորկուող մրրիկը սպառնայ, ոտքի տակ պիտի գնաք: 19 Իսկ երբ այն գայ անցնի, պիտի վերցնի ու տանի ձեզ, առաւօտից առաւօտ, օր ու գիշեր պիտի անցնի, եւ դուք պիտի լինէք չարիքների կասկածի մէջ: Ո՛վ դուք նեղեալներ, սովորեցէ՛ք լսել: 20 Մարտնչել եւս չենք կարող, որովհետեւ երբ հաւաքուեցինք, տկարացանք, ինչպէս ամբարիշտների լեռը: 21 Տէրը՝ բարկութեամբ լի, յառնելու է Գաբաւոնացիների հովտում եւ կատարելու է իր գործը՝ դառը գործը, քանզի նրա բարկութիւնը օտարի պէս է դատելու, եւ օտարի պէս է վրայ հասնելու նրա դառնութիւնը: 22 Իսկ դուք մի՛ ցնծացէք, որ չամրանան ձեր կապանքները, քանզի Տիրոջից՝ Զօրութիւնների Տիրոջից լսեցի այնպիսի հաստատուն ու կտրուկ բաներ, որ նա կատարելու է ողջ երկրի վրայ: 23 Ունկնդի՛ր եղէք եւ անսացէ՛ք իմ ձայնին, ո՛ւշ դրէք եւ լսեցէ՛ք իմ խօսքերը: 24 Մի՞թէ հերկուորն ամբողջ օրը կհերկի կամ մի՞թէ սերմը նախապէս կցանի, քանի դեռ հողը չի հերկել: 25 Մի՞թէ նախ նրա երեսը չի փխրեցնի, յետոյ մի փոքր արջնդեղ եւ չաման չի ցանի, ապա սահմանուած տեղում ցորեն ու գարի, կորեկ ու հաճար չի սերմանի: 26 Իսկ դու պիտի սովորես դա քո Աստծոյ արդարութեամբ, որով եւ ուրախ ես լինելու: 27 Արջնդեղը կալսելով չի մաքրուի, եւ կամնասայլի անիւը չամանի վրայ չեն պտտեցնի. արջնդեղը թակիչով է ծեծւում անջատւում, իսկ չամանը հացով է ուտւում: 28 Բայց ես ձեզ վրայ յաւիտեան չպիտի բարկանամ, եւ ոչ էլ իմ դառնութեան ձայնն է ձեզ ճնշելու: 29 Այս իմաստուն գործերը եղան Զօրութիւնների Տիրոջից: Արդ, մտածեցէ՛ք, վերացրէ՛ք ձեզնից ձեր ունայն մխիթարութիւնը:

29
1 Վա՜յ քեզ, Արիէ՛լ քաղաք, Արիէլ, որը Դաւիթը պաշարեց, քանզի տօները խառնուեցին իրար: Արմտի՛ք հաւաքեցէք եւ տարէցտարի կերէ՛ք, կերէ՛ք Մովաբի հետ միասին: 2 Ես նեղը պիտի գցեմ Արիէլին, որ նրա զօրութիւնն ու մեծութիւնը իմը լինեն: 3 Ես Դաւթի պէս պիտի պաշարեմ քեզ, պատնէշեմ քեզ շուրջանակի եւ քո շուրջբոլորը աշտարակներ պիտի կանգնեցնեմ: 4 Եւ քո խօսքերը դէպի հողը պիտի խոնարհուեն, քո պատգամները գետնի մէջ մտնեն. քո կանչը պիտի լինի, ինչպէս վհուկներինը, եւ հողի ընդերքում քո ձայնը պիտի տկարանայ: 5 Ամբարիշտների մեծութիւնը պիտի դառնայ անուի փոշու նման, քեզ զրկողների բազմութիւնը՝ մաղուած խնկի պէս: 6 Եւ մի ակնթարթում այցելութեան պիտի գայ Զօրութիւնների Տէրը թնդիւնով, որոտումով ու բարձրաբարբառ կանչով, փոթորկուած մրրիկով եւ լափող կրակի բոցով: 7 Ինչպէս գիշերուայ երազի մէջ յայտնուած տեսիլքում, բոլոր հեթանոսների բազմութիւնը յարձակուելու է Երուսաղէմի ու այնտեղ հաւաքուածների վրայ, նաեւ նրանց վրայ, որոնք նեղում են նրան: 8 Բայց ինչպէս որ երազի մէջ քաղց են զգում եւ ուտում ու արթնանալով տեսնում, որ դա սին երազ էր, եւ կամ ինչպէս մէկը, որ երազում ծարաւում է եւ խմում ու արթնանալով նորից ծարաւ է մնում, եւ իզուր է անցնում հոգու այդ ցանկութիւնը, այդպէս պիտի լինի նաեւ բոլոր հեթանոսների մեծութիւնը, որոնք զօրքով հաւաքուեցին եւ ելան ընդդէմ Երուսաղէմի եւ Սիոն լեռան: 9 Ապշահար եղաք, յիմարացաք, թմրեցիք, էլ աւելի թմրեցիք, հարբեցիք, բայց ո՛չ գինուց եւ ո՛չ էլ օղուց. 10 քանզի Տէրը ձեզ յիմարութեան ոգի խմեցրեց եւ խցանեց ձեր, ձեր մարգարէների, ձեր իշխանների ու ձեր տեսանողների աչքերը: 11 Թող այս բոլոր պատգամները ձեզ համար լինեն ինչպէս կնքուած նամակի խօսքեր, որը երբ տան որեւէ գրագէտ մարդու եւ ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, պիտի ասի. «Չեմ կարող ընթերցել, որովհետեւ կնքուած է»: 12 Եւ նոյն գիրը պիտի տան մի մարդու ձեռքը, որը տառեր չի ճանաչում, ու ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, նա պիտի պատասխանի՝ կարդալ չգիտեմ: 13 Տէրն ասում է. «Այս ժողովուրդը մօտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատուիրաններն ու վարդապետութիւններն է ուսուցանում: 14 Դրա համար ես էլ պիտի փոխեմ այդ ժողովրդին, պիտի այլափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստութիւնը եւ արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»: 15 Վա՜յ նրանց, ովքեր խորին խորհուրդներ են խորհում, բայց առանց Տիրոջ. վա՜յ նրանց, ովքեր թաքուն խորհուրդներ են խորհում, ու նրանց գործերը խաւարի հետ են: Նրանք ասում են. «Ո՞վ կտեսնի մեզ, ո՞վ պիտի իմանայ, թէ ինչ ենք անում»: 16 Բայց չէ՞ որ դուք բրուտի կաւ էք. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կասի, թէ՝ դո՛ւ չես ինձ ստեղծել, կամ արարածն՝ Արարչին, թէ՝ իմաստութեամբ չես արարել ինձ: 17 Շատ չէ, քիչ ժամանակ կանցնի, եւ Լիբանանը կդառնայ ինչպէս Քերմէլ լեռը, իսկ Քերմէլն անտառ կհամարուի: 18 Այն ժամանակ խուլերը պիտի լսեն այդ գրուածքի խօսքերը, եւ խաւարի ու մէգի մէջ գտնուող կոյրերի աչքերը պիտի տեսնեն. 19 աղքատներն ուրախութեամբ պիտի ցնծան Տիրոջ համար, եւ յոյսը կորցրած մարդիկ պիտի լցուեն խնդութեամբ: 20 Անօրէնը պիտի վերանայ, ամբարտաւանը պիտի անհետ կորչի, անիրաւները պիտի ոչնչանան չարիքների մէջ, 21 նրանց հետ՝ նաեւ նրանք, ովքեր խօսքով ստիպում էին մարդկանց մեղանչել, իրենց յանդիմանողների բոլորի դռներին թակարդ էին լարում եւ անարդարութեամբ ծռում իրաւունքը: 22 Ուստի եւ Տէրն այսպէս է ասում Յակոբի տան մասին, որ նա ընտրեց Աբրահամից. «Հիմա Յակոբը չի ամաչելու, Իսրայէլը հիմա երեսի գոյնը չի փոխելու, 23 բայց երբ նրանց որդիները տեսնեն իմ գործերը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Յակոբի Սրբին ու պիտի երկնչեն Իսրայէլի Աստծուց: 24 Հոգով մոլորուածները պիտի ճանաչեն իմաստութիւնը, տրտնջացողները պիտի սովորեն հնազանդուել, թոթովախօս լեզուները պիտի սովորեն բարբառել խաղաղութիւն»:

30
1 Այսպէս է ասում Տէրը. «Վա՜յ ձեզ, ապստա՛մբ որդիներ, քանզի խորհուրդ էք անում, բայց ոչ՝ իմ կամքով, դաշինք էք կռում, բայց ոչ՝ իմ հոգով, մեղքերի վրայ մեղքեր էք բարդում: 2 Առանց ինձ հարցնելու գնում իջնում էք Եգիպտացիների երկիրը՝ փարաւոնից օգնութիւն գտնելու եւ եգիպտացիներին ձեզ թիկունք դարձնելու: 3 Բայց փարաւոնի պաշտպանութիւնը ձեզ համար ամօթ է լինելու, իսկ եգիպտացիներին ապաւինելը՝ նախատինք. 4 քանզի Տայանի երկրում իշխանները չար պատգամաբերներ են. 5 զուր տեղը ջանք կթափե՞ն մի ժողովրդի համար, որից ո՛չ շահ եւ ո՛չ էլ օժանդակութիւն ու օգուտ է լինելու իրենց, այլ՝ ամօթ ու նախատինք»: 6 Առիւծն ու առիւծի կորիւնը եւ իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը բարձած էշերին եւ իրենց հարստութիւնը դրած ուղտերի վրայ, գնում են մի ազգի մօտ, որից իրենց օգուտ ու օժանդակութիւն չի լինելու, այլ՝ ամօթ ու նախատինք: 7 Եգիպտացիներին, որոնք իզուր եւ ապարդիւն են օգնում ձեզ, յայտնի՛ր. «Զուր է ձեզնից ստացած մեր մխիթարանքը»: 8 Արդ, նստի՛ր ու գրի՛ր տախտակի վրայ եւ գրքի մէջ, որպէսզի դա պահպանուի իր ժամանակի համար եւ յաւիտեանս յաւիտենից, 9 քանզի ժողովուրդն անհաւատ է, որդիները՝ սուտ, որոնք չկամեցան հետեւել Աստծոյ օրէնքին: 10 Նրանք մարգարէներին ասում էին. «Մի՛ մարգարէացէք, այլ խօսեցէ՛ք մեզ հետ ու մեզ պատմեցէ՛ք մի այլ մոլորութեան մասին. 11 մեզ յե՛տ դարձրէք այդ ճանապարհից, հեռացրէ՛ք մեզ այդ շաւղից, մեր միջից հանեցէ՛ք Իսրայէլի Աստծոյ օրէնքները»: 12 Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Սուրբը. «Որովհետեւ դուք անարգեցիք այդ խօսքերը եւ ապաւինեցիք սնոտի ստին, տրտնջացիք եւ յոյս դրեցիք դրա վրայ, 13 այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկոյն խորտակուած պարսպի պէս, որը գրաւուած է, եւ որին հասել է յանկարծակի կործանում: 14 Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցէ անօթի ջարդուելուն՝ այնքան մանր փշրուած, որ որեւէ մէկը դրանից մի կտոր էլ չգտնի, որպէսզի դրանով կրակ վերցնի կամ կարողանայ մի քիչ ջուր առնել»: 15 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբ Աստուածը. «Երբ դարձի գաս եւ հոգոց հանես, այն ժամանակ կապրես եւ կիմանաս, թէ որտեղ ես գտնւում»: Որովհետեւ յոյսդ դրել էիր սնոտի բաների վրայ, դրա համար էլ սնոտի դարձաւ եւ ձեր զօրութիւնը: Դուք չէիք կամենում լսել, 16 այլ ասում էիք. «Մենք կփախչենք մեր երիվարներով»: Դրա համար էլ փախստական պիտի դառնաք: Ասում էիք. «Մենք կփախչենք մեր արագընթաց երիվարներով»: Դրա համար առաւել արագընթաց պիտի լինեն նրանք, որոնք ձեզ հալածելուեն. 17 քանզի մէկի աղաղակից հազարը պիտի փախչեն, հինգի աղաղակից՝ տասը հազարը, մինչեւ որ մնաք լեռան վրայ ցցուած ձողի նման եւ կամ ինչպէս բլրի վրայ կանգնեցուած քարակոթող: 18 Սակայն շուտով Աստուած նորից գթալու է ձեզ, վեր է կենալու, որպէսզի ողորմի ձեզ: Տէր Աստուած մեր դատաւորն է: Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան, 19 որովհետեւ արդար ժողովուրդը պիտի բնակուի Սիոնում: Եւ Երուսաղէմը լալով պիտի պաղատի, թէ՝ ողորմի՛ր ինձ: Պիտի ողորմի քեզ, պիտի գթայ քո ձայնին ու աղաղակին, հէնց որ տեսնի ու լսի քեզ: 20 Տէրը նեղութեան մէջ քեզ՝ հաց եւ թշուառութեան մէջ ջուր պիտի տայ. էլ քեզ չեն մօտենալու նրանք, ովքեր մոլորեցնում էին քեզ, որովհետեւ աչքերդ բացուելու են քեզ մոլորեցնողների հանդէպ, 21 եւ ականջներդ քեզ մոլորեցնողների յետեւից լսելու են նրանց ասած խօսքերը, թէ՝ «Սա է ճանապարհը, այստեղով գնանք», եւ կամ թէ՝ դէպի ա՛ջ, կամ՝ դէպի ձա՛խ: 22 Դու պիտի պղծես արծաթապատ եւ ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք եւ թափես ինչպէս դաշտանի ջուր, ինչպէս աղբ՝ պիտի հեռացնես դրանք: 23 Այն ժամանակ քո հողի սերմերի համար անձրեւ պիտի լինի, քո հողի հացն ու բերքը պիտի լինեն առատ ու յուռթի, եւ այն օրը քո հօտերը պիտի արածեն փարթամ ու ընդարձակ վայրում: 24 Ձեր արջառներն ու եզները, որոնք հողն են վարում, պիտի ուտեն յարդ՝ խառնուած գարու հետ, որ բերելու են կալից: 25 Այն օրը բոլոր բարձր լեռների եւ բոլոր բարձրաբերձ բլուրների վրայ ջուր պիտի բխի, երբ ոչնչանան շատերը, եւ կործանուեն աշտարակները: 26 Այն օրը լուսնի լոյսն արեգակի լոյսի պէս պիտի լինի, իսկ արեգակի լոյսը պիտի լինի եօթապատիկ շատ, պիտի դառնայ եօթ օրուայ լոյսի չափ, ու Տէրը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարուածը, պիտի բուժի քո վէրքերի ցաւերը: 27 Ահաւասիկ երկար տարիներ ու բազում ժամանակներ անց պիտի գայ Տիրոջ անունը՝ բարկութեամբ վառուած եւ փառքով լի. բարկութեամբ լի են լինելու նրա շուրթերի ու բերանի խօսքերը: Նրա բարկութիւնն ու ցասումը կրակի պէս պիտի լափեն, 28 իսկ նրա հոգին, ինչպէս ձորը լցուող յորդահոս հեղեղ, պիտի հասնի մինչեւ պարանոցը: Եւ պիտի բաժանի ու խռովութեան մատնի ազգերին՝ իրենց սնոտի մոլորութեան համար, պիտի հալածի նրանց մոլորութիւնը եւ նրանց հանի միմեանց դէմ: 29 Մի՞թէ դուք հանապազ ուրախութեամբ պիտի մտնէք իմ սրբութիւնները, մի՞թէ ամէն ժամ տօնախմբութիւններով, ցնծութեամբ ու փողերով պիտի մուտք գործէք Տիրոջ լեռը՝ Իսրայէլի սուրբ Աստծոյ մօտ: 30 Տէրը լսելի պիտի դարձնի իր փառաւոր ձայնը, ցոյց պիտի տայ իր բազկի զայրոյթը սրտմտութեամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահաւոր բարկութեամբ, ինչպէս եւ ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով: 31 Ասորեստանցիները պիտի ընկճուեն Տիրոջ ձայնից եւ այն հարուածներից, որ նա հասցնելու է նրանց: 32 Եւ իրենց օգնականները, որոնց վրայ յոյս էին դրել, ամէն կողմից շրջապատման մէջ են առնելու նրան. փողերով ու թմբուկով նրանք շատ անգամ փոխնիփոխ պիտի կռուեն նրանց դէմ ու ոչ թէ վաղօրօք, այլ հէնց ժամանակին վրէժխնդիր պիտի լինեն նրանցից: 33 Եւ արդ, մի՞թէ ձեզ համար եւս նախատեսուած է թագաւորել: Խոր ձորի մէջ փայտ է դիզուած, մեծ փայտակոյտն է բորբոքուել հրով. Տիրոջ զայրոյթն է բորբոքուած ինչպէս ծծմբով լի ձոր:

31
1 Վա՜յ նրանց, ովքեր օգնութիւն գտնելու համար իջնում են Եգիպտոս, ովքեր հեծեալներին ու մարտակառքերին են ապաւինում, թէ շատ են, եւ ձիերի մեծ բազմութեանը. նրանք Իսրայէլի Սրբի վրայ յոյս չեն դնում, Աստծուն չեն փնտրում: 2 Բայց Տէրն իմաստուն է, նրանց վրայ չարիք է բերելու, եւ նրա խօսքը չի անարգուի. նա կկանգնի չար մարդկանց տների, նրանց սնոտի յոյսի վրայ: 3 Եգիպտացի մարդուն են ապաւինում եւ ոչ թէ՝ Աստծուն, ձիերի մարմիններին. բայց օգնութիւն չի լինի. Տէրն իր ձեռքը կերկարի նրանց վրայ, եւ օգնողները տանջանքի կենթարկուեն, իսկ նրանցից օգնութիւն սպասողները կկործանուեն, ամէնքն անխտիր կոչնչանան: 4 Այսպէս ասաց ինձ Տէրը. ինչպէս որ առիւծը եւ առիւծի կորիւնը մռնչում են դէպի այն որսը, որի վրայ են յարձակւում, այնպէս էլ ինքը պիտի բացականչի, լեռները լցնի իր ձայնով, եւ նրանք պարտութեան պիտի մատնուեն, նրա բարկութեան սաստկութիւնից պիտի հալուեն. այդպէս է իջնելու Զօրութիւնների Տէրը Սիոն լեռան եւ նրա բլուրների վրայ: 5 Ինչպէս թեւածող թռչունները, այդպէս էլ Զօրութիւնների Տէրը պիտի հովանի լինի Երուսաղէմին, նրա թիկունքին կանգնի, օգնի, փրկի եւ ապրեցնի: 6 Դարձէ՛ք դէպի Տէրը, ո՛վ Իսրայէլի որդիներ, որ գաղտնի ու չար խորհուրդներ էք խորհում. 7 քանզի այն օրը մարդիկ պիտի վերացնեն իրենց արծաթէ եւ ոսկէ կուռքերը՝ իրենց ձեռքերի գործած մեղքերը: 8 Եւ ասորեստանցին պիտի ընկնի, բայց ոչ՝ մարդու սրով. մարդու սուրը չի ուտելու նրան, նա փախուստի պիտի մատնուի, բայց ոչ՝ սուսերի պատճառով. նրա երիտասարդները եւս պարտութեան պիտի մատնուեն: 9 Նրանք, ովքեր բանտարկուածների պէս թաքնուած են լինելու ժայռերի մէջ, նոյնպէս պարտութեան են մատնուելու. փախչողն էլ պիտի բռնուի: Այսպէս է ասում Տէրը. «Երանի՜ նրան, ով զաւակ ունի Սիոնում, եւ ում տանեցիները Երուսաղէմում են»:

32
1 Ահա մի թագաւոր, որ արդարութեամբ պիտի թագաւորի, եւ իշխաններ, որոնք իրաւունքով պիտի իշխեն: 2 Եւ այն մարդը, որն իր մտքերն է թաքցնում, այնպէս պիտի լինի, ինչպէս յորդ ջրերի մէջ թաքնուած մէկը: Իսկ Սիոնը նմանուելու է մի փառաւոր գետի, որ յորդել է տոչորուած երկրում: 3 Այլեւս յոյս չեն դնելու մարդկանց վրայ, այլ իրենց ականջները պահելու են լսելու համար. 4 տկարների սրտերը պիտի անսան ու հնազանդուեն, թոթովախօս լեզուներն արագօրէն պիտի սովորեն բարբառել խաղաղութիւն: 5 Էլ չեն դիմելու յիմարին, որ լինի իրենց իշխան, եւ ոչ էլ քո պաշտօնեաներն են ասելու, թէ՝ լո՛ւռ կաց. 6 քանզի յիմարը յիմարութիւն դուրս կտայ եւ իր սրտում փուչ բաներ կմտածի՝ անօրինութիւն անելով, Աստծոյ մասին մոլորութիւններ խօսելով, հալածելով քաղցած հոգիներին եւ ծարաւած մարդկանց դատարկ արձակելով: 7 Չարագործերն անօրէն խորհուրդներ են խորհում՝ անիրաւ խօսքերով ապականելով խեղճերին եւ դատի ժամանակ արհամարհելով աղքատների խօսքը. 8 իսկ արդարները իմաստուն բաներ են խորհում, եւ այդ խորհուրդը կայ ու կմնայ: 9 Ո՛վ բարեկեցիկ կանայք, եկէք ակա՛նջ դրէք իմ ձայնին, եւ դուք, դուստրե՛ր, խոհե՛մ եղէք ու լսեցէ՛ք իմ խօսքերը: 10 Ցաւով ու տագնապով պիտի յիշէք տարեկան տօների օրերը, քանզի այգեկութը նուազեց, ցանքսը դադարեց, եւ այլեւս յետ չեն գալու: 11 Զարհուրեցէ՛ք, բարեկեցիկնե՛ր, տրտմեցէ՛ք, մեծամիտնե՛ր, հանուեցէ՛ք, մերկացէ՛ք, քո՛ւրձ հագէք, 12 լա՛ց եղէք եւ կո՛ւրծք ծեծեցէք սիրելի հանդերի համար եւ այգիների բերքի համար: 13 Իմ ժողովրդի հողում փուշ ու մոլախոտ պիտի բուսնի, եւ բոլոր ապարանքների միջից ուրախութիւնը պիտի վերանայ. փարթամ քաղաքի ապարանքները պիտի լքուեն: 14 Պիտի լքեն այդ քաղաքի հարստութիւնը եւ ցանկալի տները, քո աւանները յաւիտենապէս քարանձաւների պիտի վերածուեն, ցիռերը պիտի զուարճանան այնտեղ, եւ հօտերը պիտի արածեն, 15 մինչեւ որ բարձրից ձեզ վրայ գայ Հոգին, եւ Քերմէլն անապատ դառնայ, Քերմէլ լեռն անտառ համարուի, 16 եւ իրաւունքը հանգրուանի անապատում, արդարութիւնը բնակուի Քերմէլում: 17 Արդարութեան գործերը խաղաղութեամբ պիտի կատարուեն, արդարութիւնը անդորրութիւն պիտի հաստատի, յոյս ունեցողները յաւիտեան պիտի մնան: 18 Եւ իմ ժողովուրդը պիտի բնակուի խաղաղութեան քաղաքում, պիտի բնակուի յոյսով եւ լինի ապահով ու հանգիստ: 19 Եթէ կարկուտ էլ թափուի, նրանց վրայ չի գալու: Անտառում բնակուողները նոյնպէս պիտի լինեն այնպէս ապահով, ինչպէս նրանք, որոնք դաշտում են: 20 Երանի՜ նրանց, ովքեր սերմ են ցանում այն բոլոր ջրերի մօտ, ուր ոտք են դնում եզն ու էշը:

33
1 Վա՜յ նրանց, ովքեր թշուառացնում են ձեզ: Սակայն ձեզ ոչ ոք չի կարող թշուառութեան մատնել. ով որ արհամարհում է, ձեզ չէ, որ արհամարհում է, քանզի ձեզ արհամարհողները պարտութեան պիտի մատնուեն. ինչպէս որ ձորձերի վրայի ցեցը, այնպէս էլ նրանք պարտութեան պիտի մատնուեն: 2 Տէ՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր յոյսը դրել ենք քեզ վրայ: Անհաւատների սերունդը կործանուեց, իսկ մեր փրկութիւնը նեղութեան ժամին քեզնից է գալու: 3 Քո ձայնի ահից ժողովուրդները յիմարացան, եւ քո երկիւղից հեթանոսները ցրուեցին: 4 Ահա ձեր մեծ ու փոքրի կողոպուտը պիտի հաւաքուի այնպէս, ինչպէս մէկը, որ մորեխ է հաւաքում փոսից. այդպէս էլ ծաղրելու են ձեզ: 5 Սուրբ է մեր Տէր Աստուածը, որ բարձունքներում է բնակւում, որի շնորհիւ Սիոնն իրաւունքով ու արդարութեամբ է լցուել: 6 Նրանք իրաւացիօրէն պարտութեան մատնուեցին, իսկ մեր փրկութիւնը պիտի լինի մեր գանձերի շնորհիւ: Մեզ հասան Տիրոջ իմաստութիւնը, հանճարը եւ աստուածապաշտութիւնը. ահա դրանք են արդարութեան գանձերը: 7 Ահաւասիկ, նրանք սարսափում են ձեր ահից. ումից որ վախենում էիք, իրենք են ձեզնից վախենում. պատգամաւորներ են ուղարկում, որպէսզի դառնօրէն լաց լինելով՝ խաղաղութիւն աղերսեն: 8 Նրանց ճանապարհները կտրուեցին, հեթանոսների ահը հանդարտուեց, եւ վերացաւ նրանց հետ կնքուած ուխտը. այլեւս նրանց մարդ մի՛ համարէք: 9 Սուգ արեց եւ տկարացաւ երկիրը, Լիբանանն ամօթահար եղաւ, Սարոնը մարգագետնի դաշտի վերածուեց, Գալիլիան եւ Կարմելոսը մերկացան: 10 «Այժմ ելնելու եմ ես,– ասում է Տէրը,– այժմ փառաւորուելու եմ, այժմ բարձրանալու եմ: 11 Ահա պիտի տեսնէք, ահա ամօթահար պիտի լինէք, զուր պիտի լինի ձեր հոգու զօրութիւնը, եւ կրակը ձեզ պիտի ճարակի: 12 Հեթանոսները ագարակի մէջ խանձուած փշի նման պիտի դառնան՝ այրուած ու լքուած: 13 Թող հեռւում գտնուողները լսեն, ինչ որ կատարեցի, եւ մօտ եղողները ճանաչեն իմ զօրութիւնը»: 14 Անօրէնները մերժուեցին Սիոնից. դողն է բռնել ամբարիշտներին: Եւ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ, թէ կրակը բորբոքուել է, կամ ո՞վ պիտի յայտնի ձեզ յաւիտենական կայեանի մասին: 15 Ով արդարութեամբ է ընթանում, խօսում ճշմարիտ ուղու մասին, ատում անօրինութիւնն ու անիրաւութիւնը, իր ձեռքերը հեռու պահում կաշառքից, ծանրացնում ականջները, որպէսզի չլսի արեան վրիժառութեան մասին, փակում աչքերը, որպէսզի անարդարութիւնը չտեսնի, 16 նա հաստատուն ապառաժի բարձր անձաւի մէջ է բնակուելու. հաց պիտի տրուի նրան, ջրով եւս ապահովուած պիտի լինի նա: 17 Դուք տեսնելու էք թագաւորին իր փառքի մէջ, ձեր աչքերը հեռուից դիտելու են երկիրը, 18 ու ձեր հոգին խորհելու է Աստծոյ երկիւղի մասին: Ո՞ւր են գրագիրները, ո՞ւր են խրատատուները, ո՞ւր է նա, որի ձեռքին է ժողովրդի մեծ ու փոքրին սնուցողների հաշիւը. 19 նա խորհրդի չնստեց ժողովրդի հետ, որն անտեղեակ էր ու ծանրալեզու, որովհետեւ չէր լսում. վատթարացած մի ժողովուրդ, որ լսածի մասին չէր ուզում մտածել: 20 Ահա մեր փրկութեան քաղաք Սիոնը. ձեր աչքերը պիտի տեսնեն Երուսաղէմ քաղաքը մեծացած՝ այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժուելու, յաւիտեանս յաւիտենից չեն շարժուելու նրա վրանների ցցերը, չեն խզուելու եւ դրանց պարանները, 21 քանզի ձեզ համար մեծ է Տիրոջ անունը: Ձերն է լինելու այն երկիրը, ուր գետերը եւ ջրանցքները լայնահուն են ու ջրառատ. այն ճանապարհով դու այլեւս չես գնալու, չեն գնալու եւ քո վարած նաւերը, որովհետեւ մեծ է մեր Աստուածը եւ մեզ չի անտեսի: 22 Տէրն է մեր հայրը, Տէրն է մեր դատաւորը, Տէրն է մեր իշխանը, Տէրն է մեր թագաւորը, Տէրն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ: 23 Կտրուեցին քո պարանները, որովհետեւ չդիմացան, կայմն էլ թեքուեց եւ չի բացելու առագաստը ու չի պարզելու դրօշը մինչեւ կորստեան մատնուելը: 24 Այնուհետեւ բազում կաղեր աւարառութիւն պիտի կատարեն: Ժողովուրդը, որ բնակւում է դրանց մէջ, չպիտի ասի, թէ՝ տանջուեցինք, որովհետեւ նրա մեղքերին թողութիւն է լինելու:

34
1 Մօ՛տ եկէք ու լսեցէ՛ք, ո՛վ հեթանոսներ, ակա՛նջ դրէք, ո՛վ իշխաններ. թող լսի երկիրը՝ իր մէջ գտնուողների հետ, աշխարհը՝ իր մէջ ապրող ժողովուրդների հետ: 2 Տիրոջ զայրոյթը բոլոր ազգերին է ուղղուած, բարկութիւնը նրանց բոլոր բազմութիւնների դէմ է, որպէսզի ոչնչացնի նրանց՝ մատնելով սպանութեան. 3 իսկ նրանց վիրաւորները պիտի ընկնեն դիտապաստ, նրանցից նեխահոտ պիտի փչի, լեռները պիտի թրջուեն նրանց արեամբ: 4 Երկնային բոլոր զօրութիւնները պիտի հալուեն, երկինքը մագաղաթի պէս պիտի գալարուի, բոլոր աստղերը ցած պիտի թափուեն ինչպէս որթատունկի տերեւ կամ ինչպէս թզենուց վայր ընկնող տերեւ: 5 Սուրն իմ, որ հարբել է երկնքում, այժմ իջնելու է եդոմայեցիների վրայ եւ կորստեան դատապարտուած ժողովրդի վրայ՝ դատաստանի համար: 6 Տիրոջ սուրը յագեցել է արեամբ, ուռել է գառների, ցուլերի ու խոյերի ճարպով, քանզի Տիրոջ համար Բոսորայում՝ զոհաբերութիւն, իսկ եդոմայեցիների երկրում մեծ սպանդ է լինելու: 7 Նրանց հետ պիտի ճզմուեն մեծամեծները, նաեւ խոյերն ու ցուլերը. երկիրը պիտի հարբի նրանց արեամբ, եւ հողը նրանց ճարպով պիտի լցուի: 8 Արդարեւ, Տիրոջ դատաստանի օրն է, Սիոնի դատաստանի հատուցման տարին. 9 եւ նրա ձորերը ձիւթ պիտի դառնան, իսկ նրա հողը՝ ծծումբ. 10 նրա հողը, ինչպէս ձիւթ, զօր ու գիշեր պիտի վառուի եւ յաւիտենապէս չի հանգելու: Նրա ծուխը վեր պիտի բարձրանայ, եւ նա սերնդից սերունդ պիտի աւերուի, շատ ու շատ ժամանակներ պիտի աւերուի, եւ չի լինելու ոչ ոք, որ անցնի այնտեղով: 11 Այնտեղ բնակութիւն պիտի հաստատեն թռչուններն ու ոզնիները, ցիներն ու ագռաւները, նրա մէջ պիտի ջնջուեն ու աւերակ դառնան չափուած սահմանները, յուշկապարիկները պիտի բնակուեն այնտեղ: 12 Նրա իշխանները պիտի դադարեն գոյութիւն ունենալուց, նրա թագաւորներն ու մեծամեծները պիտի կործանուեն: 13 Նրա քաղաքներում եւ ամրոցներում փշաբեր ծառ պիտի բուսնի: Համբարուների բնակատեղի եւ ջայլամների հանգրուան պիտի դառնայ նա, 14 ուր դեւերն ու յուշկապարիկներն են հանդիպելու եւ միմեանց ձայն տալու: Այնտեղ պիտի հանգրուանեն յուշկապարիկները, որովհետեւ իրենց համար հանգիստ են գտնելու: 15 Այնտեղ ոզնին ձագեր պիտի հանի, եւ երկիրը զգուշութեամբ սնուցելու է նրա ձագերին: Այնտեղ միմեանց են հանդիպելու եղջերուները եւ իրար երես են տեսնելու. 16 նրանք թուով պիտի բազմապատկուեն, նրանցից մէկն անգամ չի նուազելու, ընկերն ընկերոջ պակաս չի զգալու, քանզի Տէրն է այդպէս հրամայել նրանց, նրա Հոգին է նրանց հաւաքել: 17 Նա է նրանց այդ վիճակին արժանացրել, նրա ձեռքն է նրանց կեր բաժանել յաւիտեանս յաւիտենից: Նրանք պիտի ժառանգեն սերնդից սերունդ եւ հանգրուան գտնեն այնտեղ:

35
1 Թող ուրախանայ ծարաւած անապատը, թող ցնծայ անապատը ու ծաղկի, ինչպէս շուշանը: 2 Թող ծաղկի ու ցնծայ Յորդանանի անապատը. նրան պիտի տրուի ե՛ւ փառքը Լիբանանի, ե՛ւ պատիւը Կարմելոսի, ու իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհութիւնը մեր Աստծոյ: 3 Ո՛ւժ առէք, լքուա՛ծ ձեռքեր ու տկարացա՛ծ ծնկներ, 4 մխիթարուեցէ՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գօտեպնդուեցէ՛ք եւ մի՛ երկնչէք: Ահաւասիկ մեր Աստուածը դատաստանով պիտի հատուցի եւ վրէժխնդիր լինի, նա ինքը պիտի գայ ու փրկի մեզ: 5 Այն ժամանակ կոյրերի աչքերը պիտի բացուեն, եւ խուլերի ականջները լսեն: 6 Այն ժամանակ կաղը եղջերուի պէս պիտի վազի, եւ ծանրախօսների լեզուն պարզ պիտի դառնայ, քանզի ջուր պիտի բխի անապատում, եւ գետ՝ ծարաւած հողում: 7 Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածուեն, եւ տոչորուած հողում աղբիւրի ջրեր պիտի բխեն: Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռուողեն, եւ հօտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու եւ ճահճուտներ: 8 Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, եւ ճանապարհը սուրբ պիտի կոչուի, այդ տեղով պիղծը չպիտի անցնի – պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու – մտամոլոր մարդիկ անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորուեն: 9 Այնտեղ առիւծ չի լինելու, ու չար գազաններից ոչ մէկն այնտեղով չի անցնելու եւ այնտեղ ամենեւին չի լինելու. այդ տեղով պիտի գնան փրկուածները եւ Տիրոջ համար հաւաքուածները: 10 Պիտի վերադառնան ու ցնծութեամբ գան Սիոն, եւ նրանց գլխի վրայ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի, օրհնութիւն ու ցնծութիւն պիտի լինի նրանց գլխի վրայ, ուրախութիւնը պիտի դիմաւորի նրանց, ցաւը, տրտմութիւնն ու հեծութիւնը պիտի անհետանան:

36
1 Այնպէս պատահեց, որ Եզեկիայի թագաւորութեան տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան յարձակուեց Հրէաստանի ամուր քաղաքների վրայ եւ գրաւեց: 2 Ասորեստանի արքան Լաքիսից մեծ զօրքով Երուսաղէմ, Եզեկիա արքայի մօտ ուղարկեց Ռափսակին, որը եկաւ կանգ առաւ Կտաւ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վերեւի աւազանի ջրմուղի մօտ: 3 Նրան ներկայացան Քեղկիայի որդի Եղիակիմը, որը հազարապետն էր, գրագիր Սոմնասը, որ հրովարտակներ էր գրում, եւ Ասափի որդի Յովաքը, որը ատենադպիրն էր: 4 Ռափսակը նրանց ասաց. «Գնացէք յայտնեցէ՛ք Եզեկիային, որ այսպէս է ասում Ասորեստանի մեծ արքան. “Ո՞ւմ վրայ ես յոյս դրել. 5 խորհրդով կամ բերանի խօսքերով պատերազմի հարց կլուծուի՞. իսկ հիմա ո՞ւմ վրայ ես յոյս դրել, որ չես հնազանդւում ինձ: 6 Ահա դու յոյսդ դրել ես ջախջախուած եղէգնեայ ցուպի՝ եգիպտացու վրայ, որին եթէ որեւէ մէկը յենուի, պիտի խորտակուի, եւ այն պիտի ընկնի ձեռքից. ահա այդպիսին է Եգիպտոսի փարաւոն արքան ամէնքի համար, որոնք ապաւինել են նրան”: 7 Իսկ եթէ ասէք, թէ՝ մեր Տէր Աստծուն ենք ապաւինել, ապա մի՞թէ դա նա չէ, որի բարձրադիր մեհեաններն ու զոհասեղանները Եզեկիան քանդեց եւ Հրէաստանին ու Երուսաղէմին հրաման տուեց, որ միայն իր առջեւ գտնուող զոհասեղանին երկրպագութիւն մատուցեն: 8 Դէ ուրեմն, եկէք միացէ՛ք իմ տիրոջը՝ Ասորեստանի արքային, եւ ես ձեզ երկու հազար երիվար կտամ, եթէ դուք կարողանաք դրանց համար հեծեալներ տալ: 9 Եւ դուք, որ յոյս էք դրել Եգիպտոսի վրայ, նրանց հեծեալների ու երիվարների վրայ, ինչպէ՞ս պիտի կարողանաք կռուել իմ տիրոջ աշխարհակալ զօրապետներից որեւէ մէկի հետ: 10 Արդ, ի՛նչ է, առանց Տիրոջ հրամանի՞ ենք եկել այս երկիրը նրա հետ պատերազմելու համար: Տէրն ինձ ասաց. “Գնա՛ այդ երկիրը եւ աւերի՛ր այն”»: 11 Ապա Եղիակիմը, Սոմնասը եւ Յովաքը ասացին նրան. «Մեզ՝ քո ծառաների հետ խօսի՛ր ասորերէն, որովհետեւ մենք այն հասկանում ենք, մեզ հետ հրէերէն մի՛ խօսիր. ինչո՞ւ ես այդպէս խօսում, որ հասնի այն մարդկանց ականջին, որոնք պարիսպների վրայ են»: 12 Ռափսակը նրանց ասաց. «Մի՞թէ միայն ձեր տիրոջ մօտ կամ ձեզ մօտ է ուղարկել ինձ իմ տէրը, որ խօսեմ այս բաները, եւ ո՞չ արդեօք այն մարդկանց մօտ, որոնք նստում են այդ պարսպի վրայ, որպէսզի ձեզ հետ միասին չուտեն իրենց աղբը եւ չխմեն իրենց մէզը»: 13 Ռափսակը ոտքի ելաւ եւ բարձր ձայնով հրէերէն կանչեց ու ասաց. «Լսեցէ՜ք Ասորեստանի մեծ արքայի թագաւորական պատգամները: 14 Այսպէս է ասում արքան. “Թող Եզեկիան ձեզ չմոլորեցնի այնպիսի խօսքերով, որոնցով չի կարող փրկել ձեզ: 15 Եւ թող չխաբի ձեզ Եզեկիան, թէ Աստուած փրկելու է ձեզ, եւ այս քաղաքը Ասորեստանի թագաւորի ձեռքը չի մատնուելու: Մի՛ լսէք Եզեկիային”: 16 Այսպէս է ասում Ասորեստանի արքան. “Եթէ դուք ձեր բարին էք կամենում, եկէք ի՛նձ յանձնուէք, եւ իւրաքանչիւրդ կուտէք ձեր այգու եւ թզենու պտուղը ու կխմէք ձեր ջրհորի ջուրը, 17 մինչեւ որ գամ եւ տանեմ ձեզ մի երկիր, որ նման է ձեր երկրին, երկիր ցորենի ու գինու՝ հացառատ ու այգեշատ”: 18 Թող ձեզ չխաբի Եզեկիան՝ ասելով, թէ՝ “Աստուած պիտի փրկի ձեզ”. արդեօք ազգերի աստուածները կարողացա՞ն Ասորեստանի արքայի ձեռքից փրկել իրենց այս կամ այն երկիրը: 19 Ո՞ւր են Եմաթի ու Արփաթի աստուածները, ո՞ւր է Սեփարուիմ քաղաքի աստուածը. մի՞թէ իմ ձեռքից կարողացան փրկել Սամարիան: 20 Այդ բոլոր ազգերի աստուածներից արդեօք ո՞ր մէկն էր, որ կարողացաւ իմ ձեռքից փրկել իր երկիրը, որ ձեր Աստուածն էլ կարողանայ իմ ձեռքից փրկել Երուսաղէմը»: 21 Լուռ մնացին նրանք եւ ոչ մի պատասխան չտուեցին, որովհետեւ թագաւորը հրամայել էր պատասխան չտալ: 22 Ապա Քեղկիայի որդի Եղիակիմը, որը հազարապտն էր, գրագիր Սոմնասը, որը հրովարտակներ էր գրում, Ասափի որդի Յովաքը, որը ատենադպիրն էր, օձիքները պատռելով, վերադարձան Եզեկիայի մօտ եւ նրան հաղորդեցին Ռափսակի խօսքերը:

37
1 Եզեկիա արքան, լսելով այս խօսքերը, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ մտաւ Տիրոջ տունը: 2 Այնուհետեւ Եղիակիմ հազարապետին, գրագիր Սոմնասին եւ ծեր քահանաներին, որոնք քուրձ էին հագել, ուղարկեց Ամոսի որդու՝ Եսայի մարգարէի մօտ, 3 որ ասեն նրան. «Այսպէս է ասում Եզեկիան. “Այսօր նեղութեան ու նախատինքի, կշտամբանքի ու բարկութեան օր է, մի օր, երբ ծննդկանի երկունքի ժամն է հասել, բայց նա չի կարողանում ծննդաբերել: 4 Թող քո Տէր Աստուածը լսի Ռափսակի խօսքերը, որին ուղարկեց իր տէրը՝ Ասորեստանի արքան, որպէսզի նա նախատի կենդանի Աստծուն, նախատի այնպիսի խօսքերով, որոնք լսեց քո Տէր Աստուածը: Արդ, աղերսի՛ր քո Տէր Աստծուն մնացածներիս համար”»: 5 Եզեկիա արքայի պաշտօնեաները ներկայացան Եսայուն: 6 Եւ Եսային ասաց նրանց. «Այս բանը կհաղորդէք ձեր տիրոջը: Այսպէս է ասում Տէրը. “Չվախենաս այն խօսքերից, որ լսեցիր, եւ որոնցով նախատեցին ինձ Ասորեստանի արքայի պատգամաւորները: 7 Ահա ես արքայի մէջ խռովութեան ոգի կսերմանեմ. լուր առնելով՝ նա կվերադառնայ իր աշխարհը եւ իր երկրում սրի բաժին կդառնայ”»: 8 Ռափսակը իմանալով, որ Ասորեստանի արքան հեռացել է Լաքիսից, քանի որ պաշարել է Լոբնան, վերադարձաւ ու հասաւ Ասորեստանի արքայի մօտ: 9 Եւ երբ եթովպացիների Թարակ արքան դուրս եկաւ սրան պաշարելու, նա յետ եկաւ այնտեղից եւ պատգամաւորներ յղեց Եզեկիայի մօտ՝ յայտնելով. 10 «Այսպէ՛ս ասացէք Հրէաստանի Եզեկիա արքային. “Թող քեզ չմոլորեցնի Աստուած, որին դու ապաւինել ես՝ ասելով, թէ Երուսաղէմը չի մատնուի Ասորեստանի արքայի ձեռքը: 11 Բայց մի՞թէ դու չես լսել, թէ Ասորեստանի թագաւորներն ինչ օրը գցեցին բոլոր երկրներին, ինչպէս կործանեցին նրանց: Իսկ ինչ է, դու փրկուելո՞ւ ես: 12 Մի՞թէ աստուածները փրկեցին իմ այն ազգերին, որոնց իմ հայրերը կորստեան մատնեցին. Գոզանը, Խառանը, Ռափեթը, որոնք գտնւում են Եմաթի երկրում: 13 Ո՞ւր են Եմաթի եւ Արփաթի թագաւորները, ո՞ւր են Սեփարուիմ քաղաքի, Անայի եւ Գաւայի թագաւորները”»: 14 Եզեկիան, պատգամաւորների ձեռքից վերցնելով հրովարտակը, կարդաց, մտաւ Տիրոջ տունն ու այն փռեց Տիրոջ առաջ: 15 Եզեկիան աղօթքի կանգնեց Տիրոջ առաջ եւ ասաց. 16 «Զօրութիւնների՛ Տէր, Աստուա՛ծ Իսրայէլի, որ բազմում ես քերովբէների վրայ, դու ես աշխարհի բոլոր թագաւորութիւնների միակ Աստուածը, դու արարեցիր երկինքն ու երկիրը: 17 Խոնարհի՛ր քո ականջը, ո՛վ Տէր, եւ լսի՛ր. Տէ՛ր, բա՛ց քո աչքերը եւ նայի՛ր, ո՛վ Տէր. լսի՛ր, Տէ՛ր, եւ իմացի՛ր այն պատգամները, որ ուղարկեց Ասորեստանի Սենեքերիմ արքան նախատելու համար կենդանի Աստծուն: 18 Արդարեւ, Ասորեստանի թագաւորներն աւերեցին համայն աշխարհն իր երկրներով, 19 հրոյ ճարակ դարձրին նրանց կուռքերը եւ կործանեցին, քանի որ նրանք աստուածներ չէին, այլ՝ մարդու ձեռքով կերտուած փայտէ ու քարէ կուռքեր: 20 Բայց արդ, Տէ՛ր Աստուած մեր, ազատի՛ր մեզ նրանց ձեռքից, որպէսզի աշխարհի բոլոր թագաւորութիւնները գիտակցեն, որ դու ես միակ Աստուածը»: 21 Ապա Ամոսի որդի Եսային ուղարկուեց Եզեկիայի մօտ ու ասաց նրան. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Լսեցի այն աղօթքները, որոնցով պաղատեցիր ինձ՝ ընդդէմ Ասորեստանի Սենեքերիմ արքայի”»: 22 Ահա այս է այն պատգամը, որ յայտնեց Աստուած նրա մասին. «Ծաղրեց ու արհամարհեց քեզ Սիոնի կոյս դուստրը, քո յետեւից հեգնանքով նայեց Երուսաղէմի դուստրը: 23 Ո՞ւմ վրայ թափեցիր քո նախատինքն ու չարութիւնը, ո՞ւմ վրայ ես բարձրացրել ձայնդ, ինչո՞ւ հայեացքդ չես յառում բարձունքին՝ դէպի Իսրայէլի Սուրբը: 24 Ինչո՞ւ պատգամաւորների միջոցով նախատինք հասցրիր Տիրոջը: Դու ասում էիր, թէ՝ “Իմ կառքերի բազմութեամբ լեռների բարձունքը, Լիբանանի ծայրերը ելայ, կոտորեցի նրա բարձր մայրիները, նրա գեղեցիկ նոճիները եւ մտայ նրա անտառի ամենաբարձր կողմերը, 25 կամուրջ գցեցի եւ ցամաքեցրի ջրերն ու բոլոր ջրամբարները”: 26 Մի՞թէ դու չես լսել, թէ աւելի առաջ, հին ժամանակ, ինչ եմ արել ես. կանխատեսել եմ եւ այժմ էլ յայտնում եմ, որ կործանելու եմ հեթանոսներին իրենց ամրոցների մէջ, 27 նաեւ բոլոր բերդաքաղաքների բնակիչներին: Ձեռքից բաց թողեցի, եւ նրանք չորացան, դարձան ինչպէս տանիքի վրայ այրուած խոտ, ինչպէս չորացած սէզ: 28 Արդ, ես գիտեմ քո տեղն ու հանգրուանը, գիտեմ, թէ որ ճամփով ես գնում ու գալիս: 29 Քո զայրոյթն ու բարկութիւնը, քո մաղձոտութիւնն ինձ համար ակներեւ են, դրա համար էլ լկամ պիտի հագցնեմ քո մռութին ու սանձ՝ քո կզակին եւ յետ պիտի դարձնեմ քեզ նոյն ճանապարհով, որով եկար: 30 Իսկ քեզ համար, Եզեկիա՛, թող սա նշան լինի. այս տարի պիտի ուտէք սերմանուածը, միւս տարին պիտի ուտէք մնացորդները, իսկ երրորդ տարին պիտի ցանէք ու հնձէք, այգիներ տնկէք եւ ուտէք նրանց պտուղը: 31 Հրէաստանում մնացածները արմատներ պիտի արձակեն դէպի ներքեւ եւ պտուղ պիտի տան վերեւում, 32 որովհետեւ նրանք Երուսաղէմում պիտի լինեն, եւ փրկուածները՝ Սիոն լեռան վրայ. Զօրութիւնների Տիրոջ նախանձախանդրութեամբ է այդպէս լինելու»: 33 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Ասորեստանի թագաւորի մասին. «Նա չպիտի մտնի այդ քաղաքը, նետեր չպիտի արձակի դրա վրայ, դա չպիտի փակի վահաններով եւ ոչ էլ պատնէշներով պիտի պաշարի դա, 34 այլ պիտի վերադառնայ այն նոյն ճանապարհով, որով եկել է, եւ չպիտի մտնի այդ քաղաքը»: 35 Այսպէս է ասում Տէրը. «Պիտի պահպանեմ այդ քաղաքը, որպէսզի փրկեմ դա ինձ եւ իմ ծառայ Դաւթի համար»: 36 Ապա Տիրոջ հրեշտակը ելաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազարին սպանեց: Առաւօտեան վեր կենալով՝ գտան բոլորի անշունչ դիակները: 37 Եւ Ասորեստանի Սենեքերիմ արքան նորից դարձաւ, գնաց ու բնակուեց Նինուէում: 38 Եւ մինչ նա իր Նասրաք աստծոյ տաճարի մէջ երկրպագում էր իր կուռքին, նրա որդիները՝ Ադրամելէքը եւ Սարասարը, սրով սպանեցին նրան եւ իրենք փախստական գնացին Հայաստան: Իսկ նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Ասորդանը:

38
1 Այն ժամանակ Եզեկիան հիւանդացաւ մահացու հիւանդութեամբ. Ամոսի որդի Եսային եկաւ նրա մօտ ու ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Պատուէ՛ր տուր տանդ համար, որովհետեւ մեռնելու ես, չես ապրելու”»: 2 Եւ Եզեկիան երեսը շրջեց դէպի պատը, աղօթք արեց ու ասաց. 3 «Ո՛վ Տէր. յիշի՛ր ինձ, Տէ՜ր, քանզի քո առաջ արդարութեամբ ու ճշմարիտ սրտով ընթացայ եւ քեզ համար հաճելի գործեր կատարեցի»: Ապա մեծ ցաւով լաց եղաւ Եզեկիան: 4 Եւ Տէրը, խօսքն ուղղելով Եսայուն, ասաց. 5 «Գնա եւ ասա՛ Եզեկիային, թէ այսպէս է ասում քո հօր՝ Դաւթի Տէր Աստուածը. “Լսեցի քո աղօթքի ձայնը եւ տեսայ քո արցունքները. ահաւասիկ քո կեանքի ժամանակի վրայ աւելացնում եմ տասնհինգ տարի. 6 Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու այս քաղաքը, պիտի պահապան լինեմ այս քաղաքին”: 7 Եւ Տիրոջ կողմից թող սա նշան լինի քեզ, թէ Աստուած կատարելու է այն խօսքը, որ ասաց. 8 “Ահաւասիկ ես յետ եմ դարձնելու քո աստիճաններին ընկած ստուերը. քո տան տասը աստիճաններով ներքեւ իջած շողքը ես տասը աստիճանով յետ եմ շրջելու”»: Եւ շողքը բարձրացաւ տասը աստիճան, հասաւ այնտեղ, ուր ստուերն էր իջել: 9 Հրէաստանի արքայ Եզեկիայի աղօթքը այն ժամանակ, երբ նա հիւանդացաւ եւ ապաքինուեց հիւանդութիւնից. 10 «Ես ասում էի, թէ երբ իմ օրերը սպառուեն, մնացած տարիներս թողած՝ ընկնելու եմ գերեզմանի դռները: 11 Ասում էի, թէ երկրի վրայ այլեւս չեմ տեսնի Աստծոյ փրկութիւնը, էլ չեմ տեսնի մարդ ու բնակիչ: 12 Զրկուեցի ես իմ ազգատոհմից, թողեցի իմ մնացած կեանքը, որը ելաւ ու հեռացաւ ինձնից, ինչպէս քանդւում է կանգուն տաղաւարը: Իմ հոգին ինձնից ահա ուր որ է պիտի անջատուի, ինչպէս ջուլհակի ոստայնը, որ մօտ է կտրուելու: 13 Այն օրը դատապարտուած մնացի մինչեւ առաւօտ. ասես առիւծը ջարդէր իմ բոլոր ոսկորները, զօր ու գիշեր դատապարտուած մնացի: 14 Ճչում էի, ինչպէս ծիծեռնակը, եւ աղաւնու նման մնչում, որովհետեւ աչքերս տկարացան նայելուց դէպի երկնքի բարձունքը՝ դէպի Տէրը, որը փրկեց ինձ, փարատեց իմ հոգու ցաւերը 15 եւ ինքն էլ սահմանեց իմ բոլոր տարիները ի դառնութիւն իմ անձի: 16 Այդ մասին քեզ պատմուեց, Տէ՛ր, եւ դու արթնացրիր իմ հոգին, ես մխիթարուեցի եւ ապրեցի: 17 Ահաւասիկ խաղաղութեան փոխուեց իմ դառնութիւնը. դու փրկեցիր իմ հոգին, որ չկործանուեմ, ինձնից յետ վանեցիր իմ բոլոր մեղքերը: 18 Գերեզմանում գտնուողները չեն, որ պիտի խոստովանեն քեզ, մեռածները չեն, որ պիտի օրհնեն քեզ, եւ ոչ էլ քո ողորմութեանն են յուսալու նրանք, ովքեր գերեզման են իջնում: 19 Ապրողները պիտի օրհնեն քեզ, ինչպէս ես այժմ: Այսուհետեւ մանուկներ պիտի ծնեմ, որ պատմեն քո արդարութեան մասին, 20 ո՛վ փրկիչ իմ Տէր: Եւ իմ կեանքի բոլոր օրերին քո աստուածային տաճարի առաջ չեմ դադարելու սաղմոսարանով օրհներգել քեզ»: 21 Ապա Եսային Եզեկիային ասաց. «Թզի չի՛ր վերցրու, մանրի՛ր եւ դի՛ր վէրքիդ վրայ, եւ պիտի առողջանաս»: 22 Իսկ նա պատասխանեց. «Դա նշան է, որ Աստծոյ տաճա՞րը պիտի մտնեմ»:

39
1 Այն ժամանակ Բաբելոնի արքայ Մարոդաք Բաղդանը՝ Բաղդանի որդին, պատգամաւորներ ուղարկեց Եզեկիայի մօտ հրովարտակներով ու նուէրներով, որովհետեւ լսել էր, թէ նա հիւանդացել է մերձիմահ եւ առողջացել: 2 Նրանք ուրախութիւն պատճառեցին Եզեկիային, որը ցոյց տուեց նրանց իր գանձերի տները, խնկերի ու օծանելիքների, ոսկու եւ արծաթի, զէնքերի բոլոր պահեստները՝ ամէն բան, ինչ կար իր գանձարաններում: Իր տանը, իր ամբողջ տէրութեան սահմաններում բան չմնաց, որ Եզեկիան նրանց ցոյց չտար: 3 Եւ ահա Եսայի մարգարէն ներկայացաւ Եզեկիա արքային եւ ասաց նրան. «Ի՞նչ են ասում այդ մարդիկ, ո՞ր կողմերից են եկել մօտդ»: Իսկ Եզեկիան պատասխանեց. «Հեռաւոր աշխարհից են եկել մօտս, Բաբելոնից»: 4 Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տան մէջ»: Եզեկիան պատասխանեց. «Ամէն բան, ինչ որ կայ իմ տանը, տեսան: Բան չկայ իմ տան մէջ, որ չտեսնէին, տեսան նաեւ իմ գանձերը»: 5 Եսային ասաց նրան. «Հիմա դու լսի՛ր Զօրութիւնների Տիրոջ պատգամները. 6 ահա գալու են օրեր, երբ պիտի խլեն ամէն բան, ինչ որ կայ քո տան մէջ, ինչ որ հաւաքել են քո հայրերը մինչեւ այսօր: Դրանք Բաբելոն պիտի տարուեն, ոչ մի բան չեն թողնելու: Աստուած ասաց, 7 թէ պիտի տարուեն նաեւ քո որդիներից շատերը, որոնք քեզնից են լինելու, որոնց դու ես ծնելու, տանելու եւ ներքինիներ են դարձնելու Բաբելոնի թագաւորի պալատում»: 8 Իսկ Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ այդ խօսքը, որ դու յայտնեցիր, բարի է. թող արդարութիւն ու խաղաղութիւն լինի իմ օրերում»:

40
1 «Մխիթարեցէ՛ք, մխիթարեցէ՛ք իմ ժողովրդին,– ասում է Աստուած,– 2 դուք՝ քահանաներդ, Երուսաղէմի սրտո՛վ խօսեցէք եւ մխիթարեցէ՛ք նրան, որովհետեւ նա լի է տառապանքով»: Թող նրա մեղքերին թողութիւն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացաւ: 3 Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծոյ շաւիղները: 4 Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր: 5 Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծոյ փրկութիւնը, քանզի Տէրը խօսեց»: 6 Մի ձայն ասում է՝ կանչի՛ր: Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ: «Իմացի՛ր, ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի: 7 Խոտը չորանում է, նրա ծաղիկը՝ թափւում, որովհետեւ նրա վրայ փչում է Տիրոջ շունչը: Արդարեւ, իմ այս ժողովուրդը նման է խոտի: 8 Խոտը չորանում է, ծաղիկը՝ թափւում, բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան»: 9 Ե՛լ այդ բարձր լեռան վրայ, ո՛վ աւետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ աւետաբերդ Երուսաղէմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր եւ յայտնի՛ր Յուդայի երկրի այդ քաղաքներին. 10 «Ահաւասիկ ձեր Աստուածը. ահա Տէրը, որ գալիս է զօրութեամբ եւ իր բազկի իշխանութեամբ. ահաւասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են: 11 Հովուի նման հովուելու է իր հօտերը, իր բազկով հաւաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու յղիներին»: 12 Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ դաշտերը՝ նժարով: 13 Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան՝ իբրեւ թէ նրան խելամիտ դարձնելու համար: 14 Կամ թէ ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, եւ կամ ո՞վ նրան ցոյց տուեց արդարադատութիւնն ու իմաստութեան ճանապարհը կամ անցեալում ո՞վ փոխ տուեց իրեն, որ հատուցի նրան: 15 Բոլոր հեթանոսները նման են դոյլի մի կաթիլին, նոյնն են, ինչ փոշեհատիկը կշեռքի վրայ եւ կամ ինչպէս բերանից ցայտող շիթը: 16 Այրելու համար Լիբանանը բաւական չէ, բոլոր չորքոտանիները ողջակէզի համար բաւական չեն, 17 եւ բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչութիւն են համարւում: 18 Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան: 19 Մի՞թէ կուռք է նա, որին կերտել է արուեստաւորը, եւ կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանութիւն ու կերպարանք տալով նրան: 20 Հիւսնն էլ անփտելի փայտն է ընտրել եւ խելք ու հնարքի դիմել, թէ ինչպէս կանգնեցնի այն, որ չշարժուի: 21 Մի՞թէ չլսեցիք ու չիմացաք, ի սկզբանէ ձեզ չպատմուե՞ց, չհասկացա՞ք, թէ ով հաստատեց երկրի հիմքերը: 22 Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերեւ, եւ բնակիչները նրան մորեխի չափ են երեւում: Նա է կանգնեցրել երկինքն ինչպէս կամար, ձգել ինչպէս վարագոյր եւ հիմնել երկիրը նրա մէջ բնակուելու համար: 23 Նա է, որ իշխաններին անիշխանութեան է դատապարտում եւ երկիրն ամայացնում, 24 որպէսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, եւ նրանց արմատը հողի մէջ չհաստատուի: Նա կփչի նրանց վրայ, եւ կչորանան, ու փոթորիկը խռիւի նման կքշի դրանք: 25 «Արդ, ո՞ւմ կուզենայիք նմանեցնել ինձ, որին զուգահաւասար լինէի»,– ասում է Իսրայէլի Սուրբը: 26 Աչքներդ դէպի երկի՛նք բարձրացրէք եւ տեսէ՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամէնը, ո՞վ ստեղծեց նրա համակարգութիւնը՝ մեծ փառքով եւ անհնարին ուժով ամէն ինչի տալով իր անունը. ոչ մի բան ծածուկ չի մնում նրանից: 27 Մի՛ ասայ, Յակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խօսում, Իսրայէ՛լ, թէ՝ «Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, եւ իմ Աստուածը վերացրեց իմ իրաւունքներն ու հեռացաւ»: 28 Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ յաւիտենական Աստուածը, երկրի սահմանները հաստատող Աստուածը ո՛չ քաղց է զգում եւ ո՛չ էլ յոգնում, նրա իմաստութիւնն անքննելի է: 29 Նա քաղցածներին ուժ է տալիս, բայց ցաւ չունեցողներին էլ՝ տրտմութիւն: 30 Երիտասարդները քաղց պիտի զգան, մանուկները պիտի յոգնեն, քաջընտիր մարդիկ անզօր պիտի դառնան, 31 իսկ նրանք, որոնք Տիրոջն են ապաւինում, նոր ուժ պիտի ստանան եւ նոր փետուրներով զարդարուեն ինչպէս արծիւներ, պիտի վազեն, բայց չպիտի յոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան:

41
1 Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի իշխանները նորոգուելու են զօրութեամբ, մօտենալու են ու միասին խօսելու եւ պատմելու են արդար դատաստանի մասին: 2 Ո՞վ արթնացրեց արդարին Արեւելքից եւ կանչեց իր յետեւից. նա գնալու է եւ հեթանոսների յանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագաւորներին, հողին է յանձնելու նրանց սրերը, խռիւի պէս վանելու է նրանց նետերը, 3 նրանց փախստական է դարձնելու եւ խաղաղութեամբ անցնելու է այն ճանապարհները, որոնք իր ոտքերի համար են: 4 Արդ, կասէ՞ք, թէ նա չի գալու. ո՞վ արեց ու կատարեց այս ամէնը, ո՞վ կանչեց նրան, որ կանչւում էր առաջին ցեղերից: Ես եմ Տէրն առաջին, նոյնն եմ լինելու եւ յաւիտեան: 5 Տեսան ինձ հեթանոսները եւ վախեցան, երկրի բոլոր ծագերը սարսափեցին. իրար մօտեցան եւ միասին եկան: 6 Ամէն մէկը մտքում դրեց ընկերոջն ու եղբօրն օգնական լինել՝ ասելով. 7 «Թող հիւսնը քաջալերի դարբնին՝ կռելու, կոփելու եւ մուրճով հարուածելու, եւ ասի՝ ինձ համար լաւ օգնութիւն եղաւ»: Գամերով գամում են կուռքերը, դնում գետնի վրայ, որպէսզի չշարժուեն: 8 Բայց դու, ո՛վ իմ ծառայ Իսրայէլ, ո՛վ Յակոբ, որին ընտրեցի, ո՛վ դու Աբրահամի զաւակ, որին սիրեցի, 9 որին օգնական եղայ՝ երկրի ծայրերից ու նրա եզերքներից կանչելով նրան եւ ասելով, թէ՝ «Դու իմ ծառան ես, քեզ ընտրեցի ես եւ չեմ լքի քեզ», 10 դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբուիր, քանզի ես եմ քո Աստուածը, ես, որ զօրացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով: 11 Ահա պիտի ամաչեն ու պատկառեն քո բոլոր հակառակորդները, չեղածի նման պիտի լինեն նրանք, եւ բոլոր քեզ ամբաստանողները պիտի կորչեն: 12 Եթէ փնտրես էլ, չես գտնելու այն մարդկանց, որոնք քո դէմ թշնամութիւն էին անում, քեզ հետ պատերազմողներն ի չիք պիտի դառնան: 13 Արդարեւ, ես եմ քո Տէր Աստուածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, որ ասում եմ քեզ, թէ՝ «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»: 14 «Չվախենա՛ս, Յակո՛բ, որ որդ ես հիմա, եւ դու, Իսրայէ՛լ, որ սակաւամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ»,– ասում է Աստուած՝ Իսրայէլի Սուրբը, որը փրկելու է քեզ:– 15 Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիւների պէս. լեռները պիտի կալսես, բլուրները պիտի մանրես, փոշու պիտի վերածես դրանք ու քշես տանես: 16 Հողմերը պիտի տանեն դրանք, եւ մրրիկները պիտի ցրեն: Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայէլի Սրբով: 17 Պիտի ցնծան տնանկներն ու չքաւորները, որոնք ջուր էին փնտրում ու չէին գտնում, եւ նրանց լեզուները ծարաւից ցամաքում էին: Ես՝ Տէր Աստուածս, Իսրայէլի Աստուածս, կլսեմ նրանց եւ չեմ լքի նրանց: 18 Գետեր կբխեցնեմ լեռների վրայ եւ դաշտերի մէջ՝ աղբիւրներ, անապատը կվերածեմ ջրերի լճակների եւ տոչորուած երկիրը՝ վտակների: 19 Անջրդի հողում մայրի ու տօսախ, մրտենի ու նոճի, սօսի ու դափնի, սոճի ու կաղամախի, գիհի ու ձիթենի կաճեցնեմ, 20 որպէսզի տեսնեն ու գիտենան, ճանաչեն ու իմանան բոլորը, թէ Տիրոջ ձեռքը կատարեց այդ ամէնը, եւ Իսրայէլի Սուրբը հաստատեց»: 21 «Մօտեցել է ձեր արդար դատաստանը,– ասում է Տէր Աստուած,– մօտեցել է ձեր արդար դատաստանը»,– ասում է Յակոբի Թագաւորը: 22 Թող մօտենան ու պատմեն ձեզ, թէ ինչ դէպքեր են կատարուելու: Եւ կամ առաջներում կատարուածներն էլ թող մեզ պատմեն, որպէսզի մտքներս պահենք եւ գիտենանք, թէ ինչ եղաւ առաջ եւ ինչ է լինելու յետոյ: 23 Ասացէ՛ք, պատմեցէ՛ք մեզ, թէ վերջում ինչ է լինելու, որ իմանանք. եթէ աստուածներ էք, բա՛րին կատարեցէք, չարը կատարեցէք, որպէսզի տեղնուտեղը տեսնենք ու զարմանանք, թէ որտեղից էք դուք, եւ որտեղից է գալիս ձեր արածը, 24 որովհետեւ պիղծ են նրանք, որ երկրից ընտրել են ձեզ: 25 Բայց ես պիտի արթնացնեմ հիւսիսային մարդուն եւ արեւելեանին, նրանք պիտի կանչուեն իմ անունից, պիտի գան իշխանները, եւ բրուտի կաւի նման դուք պիտի տրորուէք այնպէս, ինչպէս բրուտն է տրորում: 26 Ո՞վ կպատմի սկզբում եղածի մասին, որ գիտենանք, եւ կամ՝ աւելի առաջ կատարուածի մասին, որ ասենք, թէ ճշմարիտ է. ո՛չ առաջներում եղածի մասին պատմող կայ, եւ ո՛չ էլ մէկը, որ լսի ձեր խօսքերը: 27 Սկսեմ Սիոնից եւ ճանապարհին մխիթարեմ Երուսաղէմին: 28 Ահաւասիկ ոչ մի հեթանոս չկայ, չկայ նաեւ նրանց կուռքերից ոչ մէկը, որ պատմի, ու եթէ հարցնեմ իսկ նրանց, թէ՝ որտեղի՞ց էք, ինձ պատասխան չեն տայ: 29 Ունայն են նրանք, որ կերտել են ձեզ, սնոտի են նրանք, որ ստեղծել են ձեզ:

42
1 Յակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան: Իմ ընտրեալն է Իսրայէլը, որը հաճելի եղաւ իմ հոգուն: Իմ շունչը կտարածեմ նրա վրայ, եւ նա հեթանոսների դատաստանը կտեսնի: 2 Նա չի աղաղակելու եւ չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու, 3 անգամ ջախջախուած եղէգը նա չի ջարդելու եւ առկայծող պատրոյգը չի մարելու, այլ արդարութեամբ դատաստան է տեսնելու: 4 Նա պիտի ծագի եւ չպիտի խորտակուի, քանի դեռ երկրի վրայ չի հաստատել դատաստանը. եւ հեթանոսները իրենց յոյսը պիտի դնեն նրա անուան վրայ: 5 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ ստեղծեց երկինքը եւ կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամէն բան, ինչ կայ նրա վրայ, շունչ տուեց այնտեղ գտնուող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրայ. 6 «Ես՝ Տէր Աստուածս, արդարութեամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից եւ զօրաւոր դարձրի քեզ, իբրեւ ուխտ տուեցի քեզ ժողովրդին եւ իբրեւ լոյս՝ հեթանոսներին, 7 որպէսզի կոյրերի աչքերը բանաս եւ խաւարի մէջ նստած կալանաւորներին հանես բանտից ու զնդանից: 8 Ես եմ Տէր Աստուածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տայ, ոչ էլ իմ քաջութիւնը՝ կուռքերին»: 9 Ինչ որ նախասահմանուած էր, այն էլ կատարուեց, իսկ ինչ որ նոր պիտի կատարուի, ես կպատմեմ ձեզ, մինչեւ պատմուելն էլ այն յայտնի կդառնայ ձեզ: 10 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգութեամբ, քանզի նրա իշխանութիւնը բարձունքներում է փառաբանւում, եւ նրա անունը՝ երկրի ծագերից, ծովերում նաւարկողներից, կղզիներից ու նրանց բնակիչներից: 11 Թող ուրախ լինեն անապատն ու նրա աւանները, Կեդարի բանակատեղիներն ու բնակիչները, թող ուրախանան Վէմի բնակիչները, լեռների գագաթներից կանչեն, 12 փառք տան Աստծուն, իսկ կղզիները պատմեն նրա քաջութեան մասին: 13 Զօրութիւնների Տէր Աստուածը պիտի գայ ու պատերազմ մղի, նախանձ պիտի յարուցի եւ բարձրաձայն պիտի գոչի իր թշնամիների վրայ: 14 Սկզբից իսկ լուռ եմ եղել. մի՞թէ պիտի լսեմ ու միշտ լուռ մնամ. համբերող եղայ ինչպէս ծննդկան, հիմա պիտի սարսափեցնեմ ու միանգամից ցամաքեցնեմ: 15 Լեռներն ու բլուրները պիտի հարթեցնեմ եւ նրանց ամբողջ խոտը չորացնեմ, գետերը պիտի վերածեմ կղզիների եւ ճահճուտները ցամաքեցնեմ: 16 Կոյրերին պիտի առաջնորդեմ մի ճանապարհով, որ նրանք չգիտեն, պիտի քայլել տամ այնպիսի շաւիղներով, որոնք ծանօթ չեն նրանց. խաւարը լոյս պիտի դարձնեմ նրանց համար եւ դժուարանցանելին՝ դիւրին: Այս բաները պիտի անեմ նրանց համար եւ չեմ լքելու նրանց: 17 Բայց նրանք երես դարձրին ինձնից: Ամօթ ու պատկառա՛նք ունեցէք դուք, որ ապաւինել էք կուռքերին եւ ասում էք ձուլածոներին, թէ՝ «Մեր աստուածներն էք դուք»: 18 Խուլե՛ր, լսեցէ՛ք, կոյրե՛ր, նայեցէ՛ք ու տեսէ՛ք. 19 ո՞վ է կոյրը, եթէ ոչ՝ իմ ծառաները, ովքե՞ր են խուլերը, եթէ ոչ՝ այն մարդիկ, որ տիրում են նրանց: Ո՞վ է կոյրը, եթէ ոչ՝ ուծացածը: Կուրացան Աստծոյ ծառաները: 20 Շատ անգամ տեսաք, բայց չզգուշացաք, բաց էին ձեր ականջները, բայց չլսեցիք: 21 Տէր Աստուած կամենում էր, որ արդարութիւն լինի, գոհութիւն մատուցեն, 22 բայց տեսայ, որ ժողովուրդը կողոպտուեց ու աւարի մատնուեց. բոլոր շտեմարաններում, միաժամանակ եւ բոլոր ապարանքներում, ուր եւ թաքցրին նրանց, որոգայթներ կային. նրանք յափշտակութեան մատնուեցին, եւ ոչ ոք չկար, որ նրանց փրկէր, աւարառութեան ենթարկուեցին, եւ չգտնուեց մէկը, որ ասէր, թէ՝ ե՛տ տուր: 23 Ձեզնից ո՞վ է նա, որ ականջ կդնի այս ամէնին եւ կմտածի այն մասին, թէ ինչ է կատարուելու հետագայում: 24 Ո՞վ մատնեց Յակոբին յափշտակութեան, Իսրայէլը՝ աւարառութեան. ո՞չ արդեօք՝ Աստուած, որի հանդէպ մեղք գործեցին, չկամեցան ընթանալ նրա ճանապարհներով եւ չլսեցին նրա օրէնքները: 25 Նա նրանց վրայ թափեց իր զայրոյթն ու բարկութիւնը, պատերազմի դատապարտեց նրանց, բոլոր կողմերից կրակի մէջ առաւ նրանց, բայց նրանցից ոչ մէկը չգիտակցեց, խելքի չեկաւ:

43
1 Արդ, այսպէս է ասում Տէր Աստուած, որ արարեց քեզ, Յակո՛բ, եւ ստեղծեց քեզ, Իսրայէ՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետեւ փրկեցի քեզ եւ կոչեցի քեզ քո անունով, թէ իմն ես: 2 Եթէ ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ, եւ գետերը քեզ չեն խեղդի. եթէ կրակի միջով անցնես, չես այրուի, եւ նրա բոցը քեզ չի կիզի. 3 քանզի ես եմ քո Տէր Աստուածը՝ Իսրայէլի Սուրբը, որ պիտի փրկեմ քեզ: Եգիպտոսն ու Եթովպիան որպէս փրկագին տուեցի քեզ համար եւ Սուհէնը քեզ հետ փոխանակեցի: 4 Ուստի թանկ եղար ինձ համար, իմ առաջ փառաւորուեցիր, ու ես սիրեցի քեզ. մարդիկ կտամ քո փոխարէն, իշխաններ՝ քո գլխի դիմաց: 5 Մի՛ վախեցիր, որովհետեւ քեզ հետ եմ. արեւելքից կբերեմ քո սերունդը եւ արեւմուտքից կհաւաքեմ քեզ: 6 Հիւսիսին կասեմ՝ բե՛ր, եւ հարաւին թէ՝ մի՛ արգելիր. բերէ՛ք իմ որդիներին հեռաւոր երկրից եւ իմ դուստրերին՝ երկրի ծագերից. 7 բոլորին, որոնք երբեւէ կոչուել են իմ անունով. որովհետեւ իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի եւ արարեցի նրան: 8 Բարձրացրի կոյր ժողովրդին. եւ թէպէտ աչքեր ունեն, սակայն կուրացած են նրանք, եւ խցանուած են նրանց ականջները: 9 Թող բոլոր ազգերը հաւաքուեն միասին, թող նրանց իշխանները ժողովուեն, բայց ո՞վ կարող է պատմել այս եւ կամ ո՞վ կարող է ձեզ ազդարարել այն, ինչ առաջ է կատարուել. թող բերեն իրենց վկաներին եւ արդարանան, թող լսեն եւ ասեն ճշմարտութիւնը: 10 Եղէ՛ք ինձ համար վկաներ, ես էլ ձեզ համար վկայ լինեմ,– ասում է Տէր Աստուած.– ծառայ ընտրեցի ձեզ, որ հասկանաք ու հաւատաք ինձ եւ գիտակցէք, թէ ով եմ ես: Ինձնից առաջ ուրիշ Աստուած չի եղել, ինձնից յետոյ եւս չի լինի: 11 Ես եմ Աստուած, ինձնից բացի չկայ մէկը, որ փրկութիւն տայ: 12 Յայտնեցի եւ փրկեցի. նախատեցի, ու ձեր մէջ օտար չկար. դուք ինքներդ կարող էք վկայ լինել ինձ համար: 13 Ես եմ Տէր Աստուած ի սկզբանէ եւ միշտ. չկայ մէկը, որ իմ ձեռքից կարողանայ ազատուել. ինչ որ ես անեմ, ոչ ոք չի կարող հակառակն անել»: 14 Այսպէս է ասում Տէր Աստուած՝ Իսրայէլի Սուրբը, որ փրկելու է ձեզ. «Ձեզ համար Բաբելոն կուղարկեմ, բոլորին տեղահան կանեմ ու փախստական կդարձնեմ, եւ քաղդէացիները նաւերով պաշարման մէջ կառնուեն: 15 Ես եմ Տէր Աստուած՝ ձեր Սուրբը, որ ցոյց տուեցի ձեզ Իսրայէլի Թագաւորին: 16 Այսպէս է ասում Տէրը, որ ճանապարհ է բացում ծովում եւ շաւիղներ՝ յորդահոս ջրերի մէջ, 17 Նա, որ կառքեր ու նժոյգներ է հանում եւ բազում զօրքեր. բայց նրանք կարող են քնել ու վեր չկենալ, մարել ինչպէս հանգած պատրոյգ: 18 Առաջուայ բաները մի՛ յիշէք, հինը մտքներդ մի՛ բերէք, 19 քանզի ես նորն եմ անելու, որ հիմա յայտնուելու է, եւ դուք պիտի ճանաչէք. ճամփայ պիտի բացեմ անապատով եւ անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ: 20 Ինձ պիտի օրհնեն անապատի գազանները, համբարուներն ու ջայլամների ձագերը, որովհետեւ ես ջուր եմ տալու անապատին եւ անջրդի երկրին գետեր՝ խմեցնելու համար իմ ընտրեալ ազգին: 21 Եւ իմ ժողովուրդը, որին ստեղծեցի, պիտի պատմի իմ սխրանքների մասին: 22 Հիմա չէ, որ կանչեցի քեզ, Յակո՛բ, եւ ոչ էլ չարչարեցի քեզ, Իսրայէ՛լ: 23 Ողջակէզներիցդ ոչխարներ չմատուցեցիր ինձ եւ ոչ էլ քո զոհերով փառաւորեցիր ինձ. քո ընծաներով չծառայեցիր ինձ, եւ ոչ էլ ես նեղութիւն պատճառեցի քեզ՝ ծախսել տալով քո կնդրուկները: 24 Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր, եւ ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղայ, բայց քո մեղքերի ու անօրինութիւնների մէջ քեզ վերակացու եմ լինելու: 25 Ես եմ, ես եմ այն նոյնը, որ ջնջում եմ իմ հանդէպ կատարած քո անօրինութիւնները եւ քո մեղքերն այլեւս չեմ յիշելու: 26 Բայց դու յիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրինութիւնները, որ արդարացուես: 27 Նախ ձեր հայրերը մեղք գործեցին, եւ ձեր իշխանները օրինազանց եղան իմ հանդէպ: 28 Իշխանները պղծեցին իմ սրբութիւնները, ուստի Յակոբին կորստեան մատնեցի եւ Իսրայէլը՝ նախատինքի:

44
1 Իսկ այժմ լսի՛ր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ընտրել եմ: 2 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, եւ տակաւին օգնութիւն պիտի գտնես. մի՛ վախեցիր, ծառա՛յ իմ Յակոբ, եւ դու, սիրեցեա՛լ իմ Իսրայէլ, ում ընտրել եմ: 3 Ես ջուր պիտի տամ ծարաւածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զաւակի վրայ եւ իմ օրհնանքները՝ քո որդիների վրայ: 4 Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն, ինչպէս ջրարբի խոտը, ինչպէս ուռենին՝ հոսող ջրերի մօտ: 5 Մէկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մէկ ուրիշը խրախոյս պիտի բարձրացնի յանուն Յակոբի Աստծոյ, իսկ միւսը գիր պիտի գրի իր ձեռքով, թէ՝ ես Աստծուն եմ պատկանում, եւ յանուն Իսրայէլի քաջալերութեան կոչ պիտի անի»: 6 Այսպէս է ասում Աստուած՝ Իսրայէլի Թագաւորը եւ նրա Փրկիչ Զօրութիւնների Տէրը. «Ես եմ առաջինը եւ ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստուած չկայ: 7 Ո՞վ է ինձ նման, թող առաջ գայ, ձայն հանի, պատմի ու ամէն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաեւ այն, ինչ գալու է. մինչեւ գալը թող պատմեն ձեզ: 8 Մի՛ զարմացէք եւ մի՛ շփոթուէք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, եւ ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ իսկ կարող էք վկայ լինել ինձ համար, թէ կա՞յ այլ Աստուած, բացի ինձնից: 9 Բոլոր նրանք, որ ստեղծում ու կերտում էին սնոտի աստուածներ, այն ժամանակ իսկ ոչնչութիւն էին: Նրանք այդ անում էին ըստ իրենց ցանկութեան, սակայն դրանք չեն օգնելու նրանց, քանզի ո՛չ տեսնում են եւ ո՛չ էլ ըմբռնում, եւ դուք էլ կարող էք վկայել այդ մասին: 10 Թող ամաչի նա, ով ստեղծում է ստեղծուածը եւ անօգուտ կերպով կուռք է ձուլում, նաեւ՝ բոլոր նրանք, որ հաղորդակից են դառնում նրան: 11 Բայց ամօթահար պիտի լինեն բոլոր նրանք, որ կուռքեր են ստեղծում եւ կերտում անօգուտ բաներ, որոնք, ինչից էլ պատրաստուած լինեն, բոլորովին պիտի չորանան եւ անտեսուեն մարդկանցից: Պիտի հաւաքուեն ամէնքը, դէմ առ դէմ կանգնեն միասին, պիտի ամաչեն եւ առհասարակ ամօթահար լինեն: 12 Երկաթագործը իր համար գործիք կռեց, ուրագը սրեց եւ տաշեց նրանով, դուրը գործի դրեց ու յղկեց եւ իր բազկի ուժով կանգնեցրեց այն: Իսկ ինքը քաղց է զգալու, տկարանալու, ջուր իսկ չի խմելու: 13 Հիւսնը փայտ ընտրեց, չափեց այն ու գծեց, պատկերի ձեւ ու նմանութիւն տուեց, դուրով յղկեց այն, սոսնձապատեց, նրան տուեց տղամարդու կերպարանք, մարդու դէմքի ձեւ ու գեղեցկութիւն եւ կանգնեցրեց իր տան մէջ: 14 Այն փայտը, որ կտրեց – սոճին կամ սօսին, կաղնին կամ թեղօշը, որոնք տնկեց Տէրը, եւ անձրեւը աճեցրեց, 15 որպէսզի մարդու համար վառելիք լինեն – ահա դրանից վերցրեց, վառեց ու տաքացաւ, մի կէսից հաց եփեց, իսկ մի կէսն էլ արձան շինեց եւ երկրպագեց նրան. իր իսկ շինած արձանի առաջն ընկած՝ երկրպագեց նրան: 16 Նրա կէսն այրեց խարոյկի վրայ, որի կրակով հաց եփեց եւ միս խորովեց, կերաւ, կշտացաւ ու տաքացաւ՝ ասելով, թէ՝ “Երանի՜ ինձ, որ տաքացայ եւ կրակը տեսայ”: 17 Իսկ կէսից քանդակուած աստուած շինեց եւ խոնարհուելով երկրպագեց նրան, աղօթեց նրա առաջ եւ ասաց. “Փրկի՛ր ինձ, քանզի դու իմ աստուածն ես”: 18 Նրանք անկարող եղան մտածել եւ իմանալ, որովհետեւ նրանց աչքերը տեսնելու համար եւ նրանց սրտերը հասկանալու համար բթացան: 19 Նրանք չմտածեցին, չգիտակցեցին ու չհասկացան, որ փայտի կէսը կրակով այրեցին եւ նրա կրակի վրայ հաց եփեցին, միս խորովեցին ու կերան, իսկ նրա կէսից կուռք պատրաստեցին եւ երկրպագում են նրան: 20 Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, եւ նրանք մոլորուած են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. դուք տեսնում էք, բայց չէք ասում, թէ՝ “Խաբէութիւն է մեր ձեռքերի մէջ”: 21 Յիշի՛ր դա, Յակո՛բ, նաեւ դու, Իսրայէ՛լ, քանզի իմ ծառան ես դու. քեզ ստեղծեցի ինձ ծառայելու համար, եւ դու, Իսրայէ՛լ, մի՛ մոռացիր ինձ: 22 Ահաւասիկ ջնջեցի քո անօրինութիւնները ինչպէս ամպ եւ քո մեղքերը՝ ինչպէս մէգ. ինձ մօ՛տ դարձիր, որպէսզի փրկեմ քեզ»: 23 Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստուած ողորմեց Իսրայէլին, փո՛ղ փչեցէք, երկրի՛ հիմքեր, ուրախութեան կանչե՛ր արձակեցէք, լեռնե՛ր, բլուրնե՛ր եւ նրանց վրայ գտնուող բոլո՛ր ծառեր, որովհետեւ Աստուած փրկեց Յակոբին, եւ Իսրայէլը պիտի փառաւորուի: 24 Տէրը, որ փրկեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, այսպէս է ասում. «Ես եմ Տէրը, որ անում, կատարում եմ ամէն ինչ, միայնակ տարածեցի երկինքը եւ հաստատեցի երկիրը: 25 Էլ ո՞վ է, որ ի չիք դարձրեց վհուկների կախարդութիւնները եւ դիւթութիւնները սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին յետ է դարձնում եւ նրանց խորհուրդները յիմարութեան վերածում, 26 իր ծառաների խօսքերն է հաստատում եւ արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները: Ես եմ, որ ասում եմ Երուսաղէմին, թէ՝ բնակելի՛ դարձիր, եւ Հրէաստանի քաղաքներին թէ՝ վերստի՛ն կառուցուեցէք. եւ ես պիտի վերականգնեմ նրանց աւերակները: 27 Ես ասում եմ անդունդին, թէ՝ աւերուի՛ր. եւ ես պիտի ցամաքեցնեմ նրա գետերը: 28 Ես ասում եմ Կիւրոսին, թէ՝ իմաստնացի՛ր, որ կատարես իմ բոլոր ցանկութիւնները: Ես ասում եմ Երուսաղէմին, թէ՝ կառուցուի՛ր, եւ ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»:

45
1 Այսպէս է ասում Տէր Աստուած իր օծեալ Կիւրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպէսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագաւորների զօրութիւնը, բացեմ քո առաջ դռները, եւ քաղաքները չփակուեն: 2 Ես կընթանամ քո առջեւից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձէ դռները եւ կփշրեմ երկաթէ նիգերը: 3 Ես քեզ կտամ խաւարի մէջ պահուող գանձերը եւ քեզ համար կբացեմ աներեւոյթ հարստութիւնները, որպէսզի իմանաս, որ ես եմ Տէր Աստուածը՝ Իսրայէլի Աստուածը, որը կանչեց քո անունը: 4 Իմ Յակոբի համար եւ իմ ընտրեալ Իսրայէլի համար ես քո անունով կանչեցի քեզ եւ ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր, 5 որ ես եմ Տէր Աստուածը, եւ չկայ մէկ ուրիշը: 6 Թող իմանան արեւելքից ու արեւմուտքից, որ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ: 7 Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը: 8 Երկինքը թող ուրախ լինի վերուստ, եւ ամպերը արդարութիւն ցօղեն, թող երկիրը ողորմութիւն բխեցնի, լիովին արդարութիւն թող բխեցնի: Ես եմ Տէրը, որ հաստատեցի քեզ որպէս մի լաւ բան, ստեղծեցի քեզ իբրեւ բրուտի կաւ»: 9 Մի՞թէ նա, որ հողն է հերկում, ամէն օր հերկ կանի. մի՞թէ կաւը բրուտին կարող է ասել, թէ՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կարող է ասել, թէ՝ ինչո՞ւ այսպէս ստեղծեցիր ինձ: 10 Վա՜յ նրան, որ իր հօրը կասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ: 11 Այսպէս է ասում Տէր Աստուած՝ Իսրայէլի Սուրբը, որ արարեց նրանց, ովքեր յետոյ են գալու. «Դուք ինձ հարցնում էք իմ որդիների ու դուստրերի մասին եւ իմ ձեռքի գործերի համար պատուէր էք տալիս ինձ: 12 Ես ստեղծեցի երկիրը եւ մարդուն՝ նրա վրայ. ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տուեցի բոլոր աստղերին: 13 Ես արդարութեամբ նրան թագաւոր հաստատեցի, եւ նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կկառուցի իմ քաղաքը եւ իմ գերուած ժողովրդին յետ կբերի առանց կաշառքի եւ առանց ընծաների»,– ասում է Զօրութիւնների Տէրը: 14 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առեւտուրը եւ սաբայեցի մեծամեծ այրերը քո ձեռքը պիտի անցնեն եւ քեզ ծառայեն, ձեռնակապերով շղթայուած՝ քո յետեւից պիտի շրջեն եւ քեզ պիտի ներկայանան, քեզ պիտի երկրպագեն եւ ուխտ պիտի դնեն քեզ հետ, որովհետեւ Աստուած քո մէջ է, ու պիտի ասեն, թէ՝ ուրիշ Աստուած չկայ, բացի քեզնից»: 15 Դու ես Աստուածը, իսկ մենք չգիտէինք, ո՛վ Աստուած, փրկի՛չդ Իսրայէլի: 16 Պիտի ամաչեն, ամօթահար պիտի լինեն նրա բոլոր հակառակորդները, ամօթով պիտի հեռանան: 17 Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի Իսրայէլը փրկուեց յաւիտենական փրկութեամբ: Դուք չէք ամաչելու, այլեւս ամօթահար չէք լինելու մինչեւ յաւիտենութիւն: 18 Արդարեւ, այսպէս է ասում Տէրը, որ ստեղծեց երկինքը, Աստուած, որ արարեց ու հաստատեց երկիրը, նա, որ կարգաւորեց այն. զուր տեղը չստեղծեց այն, այլ ստեղծեց բնակութեան համար. «Ես եմ Տէրը, ուրիշը չկայ: 19 Ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ երկրի մութ տեղում. Յակոբի սերնդին չասացի, թէ՝ սնոտի բաներ էք փնտրում: Ես եմ, ես եմ Տէրը, որ խօսում եմ արդարութիւնը եւ յայտնում ճշմարտութիւնը»: 20 «Հաւաքուեցէ՛ք եւ եկէք, միասին խորհեցէ՛ք, ո՛վ դուք հեթանոսներից փրկուածներ: Ովքեր վերցրել, բերում էին փայտէ կուռքը եւ աղօթում էին աստուածներին, չգիտակցեցին, որ նրանք չէին կարող փրկել իրենց: 21 Երբ նրանց յայտնեն, թող մօտ գան, որպէսզի միասին իմանան, թէ այդ ամէնի մասին սկզբից ո՛վ լուր տուեց. եւ այժմ էլ ասւում է ձեզ. “Ես եմ Աստուածը, ինձնից բացի ուրիշը չկայ, արդար ու փրկող Աստուածը, ինձնից բացի մէկ ուրիշը չկայ”: 22 Դարձէ՛ք ինձ մօտ եւ կփրկուէք, դուք, որ եկել էք երկրի չորս ծագերից: Ես եմ Աստուածը, ուրիշը չկայ: 23 Անձովս եմ երդւում, որ ինչ էլ դուրս գայ իմ բերանից, արդարութիւն է, եւ իմ խօսքերը չեն եղծուելու: Ամէն ծունկ ինձ է խոնարհուելու, ամէն լեզու Աստծուն է խոստովանելու 24 եւ ասելու, թէ արդարութիւնն ու փառքը նրա միջոցով են գալու: Եւ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամօթով են մնալու: 25 Աստծով պիտի արդարանայ եւ փառաւորուի իսրայէլացիների ամէն մի սերունդ:

46
1 Ընկաւ Բէլը, խորտակուեց Դագոնը. նրանց կուռքերը յայտնուեցին կենդանիների եւ անասունների վրայ: Իբրեւ բեռ՝ դրանք կապեցիք ու բարձեցիք տանջուած ու քաղցած կենդանիների վրայ. 2 անզօր լինելով փրկուել պատերազմից՝ գրաստների հետ միասին գերութեան քշուեցին լքուած ու խեղճ կուռքերը: 3 Լսեցէ՛ք ինձ, ո՛վ դու՝ Յակոբի տուն, եւ դուք՝ Իսրայէլի բոլոր կենդանի մնացածներդ, դուք, որ որովայնից իսկ ընտրեալ էք եւ մանկութիւնից մինչեւ ծերութիւն՝ խրատուած, 4 քանզի ես նոյնն եմ: Դուք մինչեւ խոր ծերութիւն էլ որ հասնէք, ես նոյնն եմ. ես համբերութեամբ պիտի տանեմ ձեզ, ես ստեղծեցի եւ ես էլ պիտի հանդուրժեմ, ես պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ: 5 Ո՞ւմ կնմանեցնէիք ինձ, հապա մտածեցէ՛ք, ո՛վ դուք՝ մոլորեալներ, 6 որ ոսկու մեծ բաժին էք գցում քսակից, արծաթ էք կշռում կշեռքով եւ ոսկերիչներ վարձում, որպէսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, եւ խոնարհուելով երկրպագում էք դրանց: 7 Վերցնում, ուսերիդ վրայ դրած՝ բերում էք, եւ երբ գետնին էք դնում, այդպէս մնում են տեղում ու չեն շարժւում. եթէ որեւէ մէկը կանչի դրանց, չեն լսի եւ չար փորձանքներից չեն փրկի նրան: 8 Յիշեցէ՛ք այս եւ հոգո՛ց հանեցէք, զղջացէ՛ք դուք՝ մոլորեալներդ սրտանց դարձի՛ եկէք, 9 մտաբերեցէ՛ք առաջին գործերը՝ վաղուց ի վեր կատարուածները, քանզի ես եմ Աստուածը, եւ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ, 10 որ առաջուց պատմի վերջում կատարուելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարուելու են: Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, եւ ամէն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ: 11 Ես արեւելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռաւոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խօսեցի ու բերեցի, հաստատեցի եւ կատարեցի, բերեցի նրան եւ դրեցի յաջող ճանապարհի վրայ: 12 Լսեցէ՛ք ինձ դուք՝ սրտով մոլորուածներդ եւ արդարութիւնից հեռացածներդ. 13 մօտեցրի իմ արդարութիւնը, եւ այն այլեւս չի հեռանայ, իմ ճշմարտութիւնն ու փրկութիւնը չեմ ուշացնի. ես Սիոնում տուեցի Իսրայէլի փրկութիւնը յանուն իմ փառքի:

47
1 Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կոյս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետեւ աթոռ չկայ, խաւարի մէ՛ջ մտիր, քաղդէացիների՛ դուստր, դու, որ այլեւս չես շարունակելու կոչուել քնքուշ ու փափկասուն: 2 Երկա՛նք առ, ալի՛ւր աղա, դէ՛ն նետիր քողդ, քաշի՛ր մազերդ. 3 մերկացրո՛ւ սրունքներդ եւ անցի՛ր գետի միջով, ու թող յայտնուի քո ամօթը, թող երեւայ քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրաւունքները: Նա, որ փրկեց քեզ, այլեւս չի մատնի քեզ մարդկանց. 4 նրա անունը Զօրութիւնների Տէր է, Իսրայէլի Սուրբ: 5 Նստի՛ր թախծոտ ու զղջացած, մտի՛ր խաւարի մէջ, ո՛վ քաղդէացիների դուստր, էլ չես կոչուի թագաւորութիւնների զօրութիւն: 6 Ես բարկացել էի իմ ժողովրդի վրայ, որովհետեւ պղծեցին իմ ժառանգութիւնը: Ես նրանց մատնեցի քո ձեռքը, իսկ դու ողորմածութիւն չարեցիր նրանց նկատմամբ: 7 Ծերերի լուծը սաստիկ ծանրացրիր եւ ասացիր. “Ես յաւիտեան իշխան կմնամ”: Երբեք չմտածեցիր ու չյիշեցիր վախճանի մասին: 8 Արդ, լսի՛ր այս, ո՛վ դու փափկասուն, որ նստել էիր ինքնագոհ եւ սրտիդ մէջ ասում էիր, թէ՝ “Ես եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ, որբեւայրութիւն չեմ քաշելու եւ որբութիւն չեմ ճանաչելու”: 9 Սակայն դրանք երկուսն էլ՝ որբեւայրութիւնն ու անզաւակութիւնը, մէկ օրուայ մէջ յանկարծակի քեզ վրայ են հասնելու, անսպասելի քեզ վրայ են գալու քո դիւթութիւնների, քո սաստկացող կախարութիւնների պատճառով, 10 քո ինքնավստահութեան ու չարութեան պատճառով, որովհետեւ ասում էիր, թէ՝ “Ես եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ”: Դու, որ այդպէս ես մտածում, իմացի՛ր, որ քո պոռնկութիւնը ամօթանք պիտի լինի քեզ համար, քանզի քո սրտի մէջ ասացիր. “Ես եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ”: 11 Քեզ այնպիսի կորուստ է վրայ հասնելու, որ չես իմանալու, այնպիսի խորխորատ, որ ընկնելու ես նրա մէջ. քեզ վրայ մի թշուառութիւն է գալու, որ չես կարողանալու յետ մղել, քեզ վրայ յանկարծակի աւերում է գալու, որ դու չես գիտակցելու: 12 Դէ հիմա մնա՛ քո դիւթութիւնների ու քո բազում կախարդութիւնների մէջ, որոնք, քո մանկութիւնից սկսած, սովորեցիր. գուցէ կարողանա՞ս օգուտ քաղել, գուցէ կարողանա՞ս ուժ առնել: 13 Չարչարուեցիր քո խորհուրդներով: Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թէ ինչ է գալու քո գլխին: 14 Ահաւասիկ նրանք բոլորը, ինչպէս խռիւ, պիտի այրուեն կրակի մէջ եւ իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից. նստած ես կրակի կայծերի վրայ. դրանք քեզ համար օգնութիւն պիտի լինեն: 15 Քո վաստակն այն վաճառականները եղան, որոնց հետ առեւտուր արեցիր քո մանկութիւնից. նրանք բոլորն էլ իրար յետեւից մոլորուեցին, եւ դու փրկութիւն չունես:

48
1 Լսեցէ՛ք այս, ո՛վ Յակոբի տուն, Իսրայէլի անունով կոչուածներդ եւ Յուդայի սերնդից ծնուածներդ, որ երդւում էք Իսրայէլի Աստծոյ անունով եւ յիշում նրան, բայց ո՛չ ճշմարտութեամբ, ո՛չ արդարութեամբ: 2 Դուք ձեզ խրախուսում էք սուրբ քաղաքի անունով եւ ձեզ հաստատուն էք համարում Իսրայէլի Աստծոյ շնորհիւ, որի անունը Զօրութիւնների Տէր է: 3 Մինչեւ հիմա պատմում էի առաջին եղելութիւնների մասին. դրանք իմ բերանից ելան եւ լսելի դարձան. ես յանկարծակի կատարեցի, եւ դրանք վրայ հասան: 4 Գիտէի, որ դու խիստ ես, քո պարանոցը երկաթէ ջղերից է, ու քո ճակատը՝ պղնձից: 5 Քեզ պատմուեց մինչեւ այժմ կատարուածը, դեռ չեղած՝ դրանց մասին լուր տուեցի քեզ, որպէսզի երբեք չասես, թէ՝ “Դրանք իմ կուռքերը կատարեցին”, չասես, թէ՝ “Քանդակուածները եւ ձուլածոյ կուռքերը պատմեցին ինձ”: 6 Լսեցիք ամէն ինչ եւ մտքներդ չպահեցիք, սակայն քեզ լուր պիտի տամ այն նորի մասին, որ այսուհետեւ պիտի լինի: 7 Բայց չես ասում, թէ՝ հիմա պիտի լինի եւ ոչ թէ վաղուց է եղել, հին ժամանակներում, ու դու չես լսել այդ մասին: 8 Մի՛ ասայ, թէ՝ “Այո՛, գիտեմ դա”, որովհետեւ ո՛չ գիտես եւ ո՛չ էլ իմացել ես եւ սկզբից իսկ քո ականջները չբացեցիր. քանզի գիտեմ, որ չափազանց արհամարհող ես եւ դեռ որովայնից անօրէն ես կոչւում: 9 Իմ անուան համար ես քեզ պէտք է ցոյց տամ իմ բարկութիւնը եւ իմ փառքը, որ բերել եմ քեզ վրայ, բայց քեզ չեմ ոչնչացնելու: 10 Ահաւասիկ վաճառեցի քեզ, բայց ոչ՝ յանուն արծաթի եւ փրկեցի քեզ աղքատութեան հնոցից: 11 Իմ անուան համար արեցի այդ, որպէսզի իմ անունը չհայհոյուի. ես իմ փառքը ուրիշին չեմ տայ: 12 Լսի՛ր ինձ, Յակո՛բ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ես կանչում եմ. ես եմ առաջինը, ես եմ եւ յաւիտենականը: 13 Իմ ձեռքը դրեց երկրի հիմքերը, եւ իմ աջը հաստատեց երկինքը. կկանչեմ նրանց բոլորին, եւ նրանք միասին կգան: 14 Կհաւաքուեն ամէնքը եւ կլսեն, թէ սա ով պատմեց նրանց: Յանուն քո սիրոյ կատարեցի կամքդ Բաբելոնի նկատմամբ վերացնելու համար քաղդէացիների սերունդը: 15 Ես կանչեցի եւ ես խօսեցի, ես բերեցի նրան եւ յաջողեցի նրա ճանապարհը: 16 Մօտեցէ՛ք ինձ եւ լսեցէ՛ք այս. սկզբից իսկ ես ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ ինչ-որ խաւար տեղում. երբ դրանք կատարւում էին, ես այնտեղ էի: Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց, Տէրը եւ նրա Հոգին: 17 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Սուրբը, որ փրկեց քեզ. ես եմ քո Աստուածը, ես քեզ ճանապարհ ցոյց տուեցի, որով դու գնացիր: 18 Եւ եթէ դու հետեւէիր իմ պատուիրաններին, ապա քո խաղաղութիւնը գետի նման կլինէր, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքների նման: 19 Քո սերունդը աւազի չափ կլինէր, եւ քո որովայնից ծնուածները՝ երկրի հողի չափ: Եւ սակայն դու այժմ չես ոչնչանալու, եւ քո անունը չի կորչելու իմ առաջ: 20 Դո՛ւրս եկէք Բաբելոնից, փախէ՛ք քաղդէացիներից, ուրախ ձայնով պատմեցէ՛ք, թող լսելի լինի այն, մինչեւ աշխարհի ծագերը յայտնեցէ՛ք ու ասացէ՛ք, թէ՝ “Տէրը փրկեց իր ծառայ Յակոբին”: 21 Եւ եթէ անապատում ծարաւեն նրանք, նրանց համար նա քարից ջուր պիտի հանի: Քարը պիտի պատռուի, ջրերը պիտի բխեն, եւ իմ ժողովուրդը պիտի խմի: Ամբարիշտներն ուրախութիւն չեն տեսնելու»,– ասում է Տէրը:

49
1 «Լսեցէ՛ք ինձ, կղզիների՛ բնակիչներ, ակա՛նջ դրէք, հեթանոսնե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատուի դա,– ասում է Տէրը:– Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տուեց, երբ ես դեռ իմ մօր որովայնում էի: 2 Իմ բերանը հաստատեց ինչպէս սուր սուսեր եւ ինձ թաքցրեց իր ձեռքի հովանու տակ, ինձ դարձրեց ինչպէս մի ընտիր նետ եւ թաքցրեց իր կապարճում: 3 Նա ինձ ասաց. “Դու իմ ծառան ես, Իսրայէ՛լ, քեզնով պիտի ես փառաւորուեմ”: 4 Իսկ ես ասացի. “Ուրեմն զուր տեղը չարչարուեցի, իմ ուժն անմիտ բաների վրայ ծախսեցի, բայց իմ իրաւունքը Տիրոջից է, եւ իմ վաստակն իմ Աստծոյ առաջ է”: 5 Արդ, Տէրը, որն ինձ որովայնից իր համար ծառայ ստեղծեց, ասաց, որ Յակոբին եւ Իսրայէլին իր շուրջը հաւաքեմ: Պիտի հաւաքուեմ ու փառաւորուեմ Տիրոջ առաջ, եւ իմ Աստուածը ինձ համար զօրութիւն է լինելու: 6 Ապա ասաց ինձ. “Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպէսզի հաստատես Յակոբի ազգը եւ Իսրայէլի ցրուածներին վերադարձնես: Ահաւասիկ ազգի համար քեզ իբրեւ ուխտ հաստատեցի եւ հեթանոսների համար՝ իբրեւ լոյս, որպէսզի փրկութիւն լինես մինչեւ աշխարհի չորս ծագերը”: 7 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որ փրկեց քեզ. սրբացրէ՛ք նրան, ով անարգում է իր անձը, ով արհամարհուած է ազգերի կողմից եւ իշխանների ծառաներից, թագաւորները պիտի տեսնեն նրան եւ ոտքի ելնեն, իշխանները պիտի երկրպագեն նրան յանուն Տիրոջ, որը հաւատարիմ է, եւ յանուն Իսրայէլի Սրբի, որն ընտրեց քեզ: 8 Այսպէս է ասում Տէրն Իսրայէլին. պատեհ ժամանակ քեզ լսեցի եւ փրկութեան օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի եւ ուխտի նպատակով հեթանոսներին տուեցի քեզ՝ երկիրը վերականգնելու եւ աւերակ ժառանգութիւնները ժառանգներին վերադարձնելու համար, 9 շղթայուածներին ասելու՝ ելէ՛ք, իսկ խաւարի մէջ գտնուողներին՝ յայտնուեցէ՛ք: Նրանք պիտի արածեն բոլոր ճանապարհներին, նրանց արօտը պիտի լինի բոլոր շաւիղների վրայ: 10 Նրանք ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարաւելու, ո՛չ էլ արեւից խորշակահար են լինելու, եւ նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբիւրների ակունքների մօտ պիտի տանի նրանց: 11 Իմ բոլոր լեռները նրանց համար ճանապարհ պիտի դարձնեմ եւ բոլոր շաւիղներս արօտների վերածեմ: 12 Ահա ոմանք պիտի գան հեռաստանից, ոմանք՝ հիւսիսից եւ ծովից եւ ոմանք՝ Պարսից երկրից: 13 Ուրախացի՛ր, երկի՛նք, եւ ցնծա՛, երկի՛ր, թող լեռները ցնծութիւն կանչեն, եւ բլուրները՝ արդարութիւն, քանզի Աստուած ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի տառապեալներին: 14 Բայց Սիոնն ասաց. “Տէրն ինձ թողեց, Աստուած ինձ մոռացաւ”: 15 Մի՞թէ կինը կմոռանայ իր մանկանը կամ չի գթայ իր որովայնի ծնունդներին, եւ եթէ կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանայ,– ասում է Տէրը:– 16 Ահա իմ ձեռքերի ափերի մէջ գծագրեցի քո պարիսպը, եւ ամէն ժամ դու իմ առաջ ես: 17 Դու արագօրէն պիտի վերաշինուես նրանց ձեռքով, որոնք քանդեցին քեզ: Քեզ աւերողները քո միջից պիտի վտարուեն: 18 Բարձրացրո՛ւ քո աչքերը, նայի՛ր շուրջդ եւ տե՛ս բոլորին. ահա հաւաքուել ու գալիս են դէպի քեզ: Կենդանի եմ ես,– ասում է Տէրը:– Նրանց բոլորին պիտի հագնես ինչպէս պատմուճան, նրանց քեզ վրայ պիտի կրես ինչպէս հարսի զարդ: 19 Արդարեւ, քո աւերակները, ամայացած ու կործանուած երկիրը նեղուածք պիտի լինեն իրենց բնակիչների համար, եւ քեզ կուլ տուողները քեզնից պիտի հեռանան: 20 Քո որդիները, որոնց դու կորցրիր, քո ականջին պիտի ասեն. “Այս տեղը նեղ է մեզ համար. ընդարձակի՛ր, որ բնակուենք”: 21 Եւ քո մտքում պիտի ասես. “Ո՞վ ինձ համար ծնեց սրանց. չէ՞ որ ես անզաւակ ու այրի էի, պանդուխտ ու արգելափակուած. ո՞վ սրանց սնեց ինձ համար, չէ՞ որ ես միայնակ էի մնացել, ո՞ւր էին սրանք”: 22 Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա իմ ձեռքը պիտի բարձրացնեմ ազգերի վրայ եւ իմ դրօշը կանգնեցնեմ կղզիներում, ու քո որդիներին՝ իրենց գիրկն առած, եւ քո դուստրերին՝ իրենց ուսերին դրած, պիտի բերեն: 23 Թագաւորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու եւ լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը, ու ինձ ապաւինողները չպիտի ամաչեն: 24 Որեւէ մէկը կարո՞ղ է միթէ խլել հսկայի կողոպուտը կամ կարո՞ղ է յանիրաւի գերեվարել ու ազատուել»: 25 Այսպէս է ասում Տէրը. «Եթէ որեւէ մէկը հսկային գերեվարի, կառնի նրա աւարը. նա, ով հսկայի աւարը կվերցնի, շատ լաւ էլ կազատուի: Բայց ես իմ դատաստանն եմ անելու եւ փրկելու եմ իմ որդիներին: 26 Մեզ նեղողներն իրենց մարմինը պիտի ուտեն եւ, ինչպէս նոր գինի, պիտի խմեն իրենց արիւնն ու հարբեն: Եւ ամէն մարմին պիտի իմանայ, թէ ես եմ Տէրը, որ փրկեցի ու օգնեցի քեզ եւ զօրաւոր դարձրի Յակոբին»:

50
1 Այսպէս է ասում Տէրը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մօրը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ: Դուք ձեր մեղքերով վաճառուեցիք, եւ ձեր անօրինութիւնների պատճառով արձակեցի ձեր մօրը: 2 Եկայ, եւ մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսէր. մի՞թէ իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թէ ես ի զօրու չեմ ազատելու: Ահա իմ կշտամբանքով կցամաքեցնեմ ծովը, կչորացնեմ գետերը, եւ նրանց ջրերի պակասութիւնից կչորանան նրանց ձկները ու կսատկեն ծարաւից: 3 Խաւար կհագցնեմ երկնքին, նրա համար քուրձը կանեմ հագուստ»: 4 Տէր Աստուած ինձ խրատող լեզու տուեց, որ կարողանամ ճիշտ ժամանակին խօսք ասել, ամէն առաւօտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ: 5 Տիրոջ խրատը կբացի իմ ականջները, եւ ես խստասիրտ չեմ դառնայ ու չեմ ընդդիմանայ: 6 Թիկունքս հարուածների տուեցի, ծնօտներս՝ ապտակի եւ երեսս շուռ չտուեցի նախատինքից ու թքից: 7 Տէր Աստուած եղաւ ինձ օգնական, դրա համար էլ ամօթ չզգացի, այլ իմ երեսը դարձրի ինչպէս կարծր քար: Գիտեմ, որ չեմ ամաչելու, 8 քանզի մօտ է նա, ով արդարացնելու է ինձ: Ո՞վ է իմ ոսոխը, թող գայ եւ կանգնի մէջտեղը. ո՞վ է նա, որ դատապարտելու է ինձ, թող մօտենայ ինձ. 9 քանզի ահաւասիկ Տէրը, Տէրն է ինձ օգնական, եւ ո՞վ է, որ չարչարելու է ինձ: Ահա դուք բոլորդ, ինչպէս ձորձեր, պիտի հնանաք, ցեցն ու որդը պիտի ուտեն ձեզ: 10 Ձեր մէջ ո՞վ է, որ վախենում է Տիրոջից, լսում է նրա ծառայի ձայնը: Ովքեր գնում էին դէպի խաւարը, եւ լոյս չկար նրանց համար, թող իրենց յոյսը դնեն Տիրոջ անուան վրայ եւ խրախուսուեն Աստծով: 11 Ահա դուք ամէնքդ, որ վառուած էք հրով, պիտի պարտուէք բոցից, պիտի ընթանաք ձեր իսկ կրակի լոյսի միջով ու պիտի բորբոքուէք բոցով: Դա իմ պատճառով պիտի հասնի ձեզ, եւ դուք տրտմութեան մէջ պիտի մեռնէք:

51
1 «Լսեցէ՛ք ինձ, դո՛ւք, որ արդարութեան էք հետամուտ եւ փնտրում էք Տիրոջը. նայեցէ՛ք այն հաստատուն վէմին, որից կերտուել էք, եւ այն հորի փոսին, որից հանուել էք: 2 Ձեր հայր Աբրահամի՛ն նայեցէք եւ Սառային, որ ծնեց ձեզ. քանզի ում ես կանչեցի, նա մէկն էր, օրհնեցի նրան, սիրեցի նրան եւ բազմացրի նրան: 3 Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր աւերակները. քո բոլոր աւերակները դրախտի եմ վերածելու, արեւմտեան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախութիւն ու ցնծութիւն են նրա մէջ տեղ գտնելու, փառաբանութիւն ու օրհնութեան ձայն: 4 Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ, ո՛վ ժողովուրդ, ակա՛նջ դրէք ինձ, ո՛վ թագաւորներ, քանզի ինձնից է դուրս գալիս օրէնքը, եւ իմ դատաստանը լոյս է հեթանոսների համար: 5 Արագ, արա՛գ պիտի մօտենայ իմ արդարութիւնը, եւ իմ փրկութիւնը պիտի ելնի ինչպէս լոյս. հեթանոսներն իմ բազկին պիտի ապաւինեն, կղզիները պիտի սպասեն ինձ եւ յոյս դնեն իմ բազկի վրայ: 6 Դէպի երկի՛նք բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէ՛ք դէպի ցած՝ երկրին. երկինքը պիտի անցնի, ինչպէս ծուխը, եւ երկիրը պիտի մաշուի, ինչպէս ձորձերը, նրա բնակիչները եւս նոյն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկութիւնը յաւիտենապէս պիտի մնայ, եւ իմ արդարութիւնը չի պակասելու: 7 Դուք, որ ճանաչում էք իրաւունքը, եւ դու, իմ ժողովո՛ւրդ, որ սրտիդ մէջ իմ օրէնքն ես կրում, լսեցէ՛ք ինձ. մի՛ վախեցէք մարդկանց նախատինքից, եւ նրանց բամբասանքը թող ձեզ ամօթանք չպատճառի, 8 քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշուեն ինչպէս ձորձեր եւ ինչպէս բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարութիւնը պիտի մնայ յաւիտեան, եւ իմ փրկութիւնը՝ սերնդից սերունդ»: 9 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղէ՛մ, եւ հագի՛ր քո բազկի զօրութիւնը, զարթնի՛ր, ինչպէս հին օրերում, ինչպէս վաղեմի ժամանակներում: Մի՞թէ դու նա չես, որ հատեցիր ովկիանոսի լայնութիւնը, վանեցիր վիշապին. 10 Դու այն չե՞ս, որ ցամաքեցրեց ծովը, անդունդների ջրերի յորդութիւնը եւ ծովերի խորութիւնները ճանապարհ դարձրեց, որպէսզի այնտեղով անցնեն փրկուողներն ու ազատուողները: 11 Տիրոջ շնորհիւ պիտի լինի վերադարձը, եւ նրանք Սիոն են գալու ցնծութեամբ ու յաւիտենական ուրախութեամբ. նրանց գլխի վրայ օրհնութիւն պիտի լինի, եւ ուրախութիւնը պիտի հասնի նրանց. ցաւը, տրտմութիւնն ու հեծութիւնը պիտի հեռանան: 12 Ես եմ, ես այն նոյնն եմ, որ մխիթարեցի ձեզ: Իմացի՛ր, թէ դու ով էիր, որ վախեցար մահկանացու մարդուց եւ ադամորդուց, որոնք չորացան ինչպէս խոտ: 13 Դու մոռացար Աստծուն՝ քո Արարչին, որ ստեղծեց երկինքը եւ հաստատեց երկիրը, ու դու միշտ, ամէն օր, վախենում էիր քեզ նեղողի բարկութիւնից՝ մտածելով, թէ նա կբնաջնջի քեզ: Բայց ո՞ւր է քեզ նեղողի բարկութիւնը: 14 Քո փրկութիւնը նա չի կարող կասեցնել, չի կարող ուշացնել, ոչ էլ կարող է քեզ ոչնչացնելով սպանել. եւ քո հացը չի պակասելու: 15 Ես եմ քո Տէր Աստուածը, որ ալեկոծում եմ ծովը եւ նրա ալիքներին ստիպում մռնչալ. Զօրութիւնների Տէր է իմ անունը: 16 Իմ խօսքերը քո բերանը դրեցի եւ իմ ձեռքի հովանու տակ առայ քեզ, որպէսզի երկինքը կանգնեցնեմ, երկրի հիմքերը հաստատեմ եւ ասեմ Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”: 17 Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղէ՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկութեան բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր: 18 Եւ քո բոլոր որդիների մէջ, որոնց դու ծնեցիր, մէկը չեղաւ, որ մխիթարէր քեզ. քո բոլոր որդիների մէջ, որոնց դու մեծացրիր, մէկը չեղաւ, որ զօրավիգ դառնար քեզ: 19 Երկու բան կայ քեզ հակառակ. եւ ո՞վ է, որ ցաւակից է լինելու քեզ. կործանում եւ կոտորած, սով եւ սուր է լինելու, եւ ո՞վ է, որ մխիթարելու է քեզ: 20 Քո որդիները տարակուսած քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում: Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն: Նրանց մէջ Տիրոջ բարկութիւնն է լցուած, նրանք խոտորուած են Տէր Աստծուց: 21 Դրա համար էլ լսի՛ր, ո՛վ տառապեալդ, որ հարբած ես, բայց ոչ գինուց:– 22 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ դատում է իր ժողովրդին.– ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը՝ իմ բարկութեան բաժակը, եւ դու այլեւս չես խմելու այն: 23 Այն տալիս եմ քեզ վնասողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապանքի դատապարտեցին քեզ, ովքեր քեզ ասում էին. “Խոնարհուի՛ր, որ անցնենք”: Եւ քո մէջքը գետնին հաւասար դարձրին քեզ վրայով անցնողների համար»:

52
1 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զօրութիւնը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղէմ, որովհետեւ պիղծերն ու անթլփատներն այլեւս չեն անցնելու քո միջով: 2 Թօթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղէմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր: 3 Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Դուք ձրի վաճառուեցիք եւ արծաթով չէք փրկուելու:– 4 Այսպէս է ասում Տէրը.– իմ ժողովուրդը նախ Եգիպտացիների երկիրն իջաւ, որպէսզի իբրեւ նժդեհ ապրի այնտեղ, ապա բռնութեամբ Ասորեստան քշուեց: 5 Բայց այժմ ինչո՞ւ էք այստեղ:– Այսպէս է ասում Տէրը.– իմ ժողովուրդը զուր տեղը քշուեց. նրանք ապշահար էին մնացել եւ լաց էին լինում:– Այսպէս է ասում Տէրը.– ձեր պատճառով իմ անունը մշտապէս հայհոյւում է հեթանոսների մէջ: 6 Դրա համար իմ ժողովուրդն այդ օրը պիտի ճանաչի իմ անունը, գիտենայ, որ ես նոյնն եմ, որի մասին խօսում էին, եւ ահա եկել հասել եմ»: 7 Լեռների վրայ ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղութեան լուրն է աւետում, ով բարութեան աւետիսն է բերում եւ քո փրկութեան մասին յայտնում՝ ասելով Սիոնին, թէ՝ «Քեզ վրայ թագաւորելու է Աստուած»: 8 Քո պահապանների ձայնն է հնչելու, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետեւ իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տէրը ողորմելու է Սիոնին: 9 Լեռները Երուսաղէմի աւերակների հետ միասին ցնծութեան կոչ պիտի արձակեն, քանզի Տէրը ողորմեց նրանց եւ փրկեց Երուսաղէմը: 10 Տէրն իր սուրբ բազուկը պիտի ցոյց տայ ի տես բոլոր ազգերի, եւ երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծոյ փրկութիւնը: 11 Հեռացէ՛ք, հեռացէ՛ք, ելէ՛ք այդտեղից եւ պիղծերին մի՛ մօտեցէք. ելէ՛ք այդ երկրի միջից եւ հեռացէ՛ք, դուք, որ վերցրել բերում էք Տիրոջ սպասքը: 12 Ո՛չ խռովութեամբ պիտի ելնէք եւ ո՛չ էլ փախչելով գնաք, քանզի ձեր առջեւից Տէրն ինքն է ընթանալու, եւ ձեզ հաւաքելու է նա, որ Աստուածն է Իսրայէլի: 13 «Ահաւասիկ խելահաս պիտի դառնայ իմ ծառան, պիտի յառնի, բարձրանայ ու մեծապէս փառաւորուի: 14 Ինչպէս որ շատերը քեզ վրայ պիտի զարմանան, երբ անշքանայ մարդկային քո տեսքը եւ քո փառքը, որ մարդկանց որդիներից է, 15 այդպէս էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրայ, եւ թագաւորների բերանները պապանձուելու են, որովհետեւ տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմուել, եւ իմանալու են այն, ինչի մասին չեն լսել»:

53
1 Ո՞վ հաւատաց Տիրոջ մասին մեր տուած լուրին, եւ ո՞ւմ յայտնի դարձաւ Տիրոջ բազուկը: 2 Նրա առաջ մենք յայտնուեցինք որպէս մանուկ, որպէս արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ունէր նա եւ ո՛չ էլ վեհութիւն: Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ գեղեցկութիւն: 3 Նրա տեսքն աւելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը: Նա հարուածների ենթակայ մի մարդ եղաւ, որ ցաւերին համբերել գիտէ. իր երեսը դարձնելով՝ արհամարհուեց ու բանի տեղ չդրուեց: 4 Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարւում, սակայն մենք նրա ցաւերը, հարուածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան: 5 Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրինութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա պատիժ կրեց, եւ նրա վէրքերով մենք բժշկուեցինք: 6 Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորուեց, բայց Տէրը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար: 7 Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում: Ինչպէս ոչխար, նա մորթուելու տարուեց եւ, ինչպէս գառ, անմռունչ կանգնած է խուզողի առաջ եւ նրա նման իր բերանը չի բացում: 8 Խոնարհութեան շնորհիւ նրա դատաստանը վերացաւ, եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի: Երկրի վրայ վերջ տուեցին նրա կեանքին. իմ ժողովրդի անօրինութիւնների պատճառով նա մահուան մատնուեց: 9 Նրա գերեզմանի համար՝ չարութեամբ, իսկ նրա մահուան համար մեծամեծ հարուածներով պիտի վրէժխնդիր լինեմ, որովհետեւ նա անօրինութիւն չգործեց, եւ նենգութիւնը տեղ չգտաւ նրա բերանում: 10 Տէրը կամենում է մաքրել նրան վէրքերից: Եթէ մեղքերի համար հատուցում տաք, ապա երկարակեաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տէրը կցանկանայ ազատել նրան իր ցաւերից, 11 ցոյց տալ նրան լոյս եւ օժտել իմաստութեամբ, արդարացնել արդարին, որը յօժարակամ ծառայեց շատերին եւ իր վրայ է վերցնելու նրանց մեղքերը: 12 Ահա թէ ինչու նա շատ բան պիտի ժառանգի եւ հզօրների աւարը պիտի բաժանի, որովհետեւ նրա անձը մահուան մատնուեց, եւ նա յանցաւորներին հաւասար համարուեց: Նա շատերի մեղքերը կրեց եւ նրանց անօրինութիւնների համար դատապարտուեց:

54
1 Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չծնեցիր, կանչի՛ր ու աղաղա՛կ բարձրացրու, որ երկունքի ցաւով չբռնուեցիր, քանզի բազում են ամուսնուց լքուածիդ որդիները, աւելի շատ, քան որդիները արամբի կնոջ: Չէ՞ որ Տէրն ասաց. 2 «Ընդարձակի՛ր քո վրանի եւ քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ եւ խնայողութիւն մի՛ արայ. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը: 3 Աջ ու ձա՛խ տարածուիր, եւ քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին եւ պիտի կառուցի աւերուած քաղաքները: 4 Մի՛ վախեցիր, որ քեզ ամօթահար արեցին, մի՛ նեղուիր, որ քեզ նախատեցին, որովհետեւ վաղնջական ամօթը պիտի մոռանաս եւ որբեւայրութեանդ նախատինքն այլեւս չպիտի յիշես»: 5 Տէրն է, որ քեզ համար անելու է այդ, Զօրութիւնների Տէր է նրա անունը, եւ նա, որ փրկեց քեզ, Իսրայէլի նոյն Աստուածն է, որ համայն երկրինը պիտի համարուի: 6 Տէրը քեզ չկանչեց որպէս լքուած ու վարանած կնոջ եւ ոչ էլ իբրեւ մի կնոջ, որ մանկուց ատելի է եղել, այլ Աստուած ասաց. 7 «Միառժամանակ լքեցի քեզ, բայց մեծ գթութեամբ պիտի ողորմեմ քեզ: 8 Փոքր-ինչ բարկանալու պատճառով երեսս շրջեցի քեզնից, բայց յաւիտենական կարեկցութեամբ պիտի ողորմեմ քեզ»: Այդպէս ասաց Տէրը, որ փրկեց քեզ: 9 «Սա ինձ համար նոյնն է, ինչ Նոյի օրօք, ջրհեղեղի ժամանակ. ինչպէս որ այն ժամանակ նրան երդուեցի, որ չեմ բարկանայ երկրի վրայ, այնպէս էլ երդուեցի, որ չեմ բարկանայ քեզ վրայ: 10 Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները. ո՛չ իմ ողորմութիւնն է պակասելու քեզնից, եւ ո՛չ էլ քո խաղաղութեան ուխտը պիտի վերանայ»,– ասաց Տէրը: 11 «Ո՛վ դու, որ տառապեալ ես եւ խախտուած, ես հաշտուել եմ քեզ հետ, մինչեւ որ դու մխիթարուես: Ահա ես քո քարերը՝ սուտակից եւ քո հիմքերը շափիւղայից պիտի պատրաստեմ. 12 քո աշտարակները յասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բիւրեղից եւ քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին եւ ընտիր-ընտիր քարերից: 13 Աստծուց խրատուած որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղութեան մէջ պիտի լինեն: 14 Արդարութեամբ պիտի շէնանաս: Հեռո՛ւ կանգնիր անիրաւից, որ ահ չունենաս, եւ դողը քեզ չբռնի: 15 Ահա եկողները իմ անունով պիտի մօտենան քեզ, քեզ մօտ պիտի պանդխտեն եւ քեզ ապաստան դարձնեն: 16 Ահաւասիկ ես քեզ հաստատեցի, բայց ոչ որպէս մի դարբին, որ փուքսով կայծեր է արծարծում եւ գործիքներ է շինում իր համար. ես քեզ հաստատեցի ոչ կորստի ու ոչնչացման համար: 17 Ոչ մի վնասակար գործիք քո դէմ յաջողութիւն չպիտի ունենայ, եւ դու քո դէմ դատաստանի ելնող ամէն մի լեզու պարտութեան ես մատնելու, նրա հետ եւ՝ քո բոլոր դատախազներին: Դա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ ինձ համար դուք էք լինելու իրաւացի»,– ասում է Տէրը:

55
1 «Ո՛վ դուք, որ ծարաւած էք, գնացէ՛ք ջրի, եւ դուք, որ բոլորովին արծաթ չունէք, գնացէք գնեցէ՛ք ու կերէ՛ք առանց արծաթի եւ առանց գինու համար վճարելու: 2 Բայց ինչո՞ւ արծաթով ճարպ էք գնում եւ ոչ թէ հաց, ձեր վաստակն ինչո՞ւ կշտանալու համար չէք ծախսում: Լսեցէ՛ք ինձ եւ բարիքնե՛ր ճաշակեցէք, ու բարութեան մէջ ձեր հոգիները վայելք պիտի զգան: 3 Ակա՛նջ դրէք ինձ եւ հետեւեցէ՛ք իմ ճանապարհին: Լսեցէ՛ք ինձ, եւ ձեր հոգիները կապրեն բարութեան մէջ, ու ես ձեզ հետ յաւիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դաւթին խոստացուած անանց սրբութիւնները: 4 Ահա նրան տուեցի որպէս հեթանոսների վկայ, որպէս ազգերի իշխան եւ հրամանատար: 5 Քեզ չիմացող ազգերը պիտի դիմեն քեզ, եւ քեզ չճանաչող ժողովուրդներն ապաւէն պիտի դարձնեն քեզ յանուն քո Տէր Աստծոյ՝ Իսրայէլի Սրբի, որը փառաւորեց քեզ»: 6 Փնտրեցէ՛ք Տիրոջը եւ, երբ գտնէք, կանչեցէ՛ք նրան. երբ նա ձեզ մօտենայ, 7 ամբարիշտը թող հրաժարուի իր ընթացքից, անօրէն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնայ Տիրոջ մօտ եւ ողորմութիւն կգտնի, մեր Աստծոյ մօտ, որը բազմապատիկ թողութիւն պիտի շնորհի ձեր անօրինութիւններին: 8 «Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, եւ ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին,– ասում է Տէրը,– 9 այլ ինչպէս երկինքն է հեռու երկրից, այնպէս էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, եւ իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից: 10 Ինչպէս որ, ասենք, երբ անձրեւ կամ ձիւն է իջնում երկնքից եւ կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ եւ ուտելու հաց չի տուել, 11 այդպէս էլ պիտի լինի իմ խօսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչեւ որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես: Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպէսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես: 12 Ուրախութեամբ պիտի ելնէք եւ ցնծութեամբ պիտի սովորէք. լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդութեամբ ընդունեն ձեզ, եւ անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ: 13 Գիհու փոխարէն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի աճի. եւ դա պիտի լինի յանուն Տիրոջ եւ ի նշան յաւիտենականութեան ու չի նուազելու»:

56
1 Այսպէս է ասում Տէրը. «Պահպանեցէ՛ք իրաւունքը եւ կատարեցէ՛ք արդարութիւնը, քանզի եկել հասել է իմ փրկութիւնը, եւ յայտնուելու է իմ ողորմութիւնը: 2 Երանի՜ այն մարդուն, որ կանի այդ, եւ նրան, որ հաւատարիմ կմնայ դրան, կպահի իմ շաբաթներն ու չի պղծի եւ իր ձեռքը ետ կքաշի անիրաւութիւն անելուց»: 3 Օտարազգին, որ եկել յարել է Տիրոջը, թող չասի, թէ՝ «Տէրը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից», եւ ներքինին էլ թող չասի, թէ՝ «Ես չոր փայտ եմ»: 4 Այսպէս է ասում Տէրը ներքինիներին. «Ովքեր կպահեն իմ պատուիրանները, կնախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, եւ իմ ուխտի մէջ կմնան, 5 նրանց իմ տան մէջ եւ իմ պարսպի ներսում աւելի անուանի տեղ կտամ, քան որդիներին ու դուստրերին, կտամ նրանց յաւիտենական մի անուն, որ չի կորչելու: 6 Իսկ այն այլազգիներին, որոնք եկել յարել են Տիրոջը, որպէսզի ծառայեն նրան եւ սիրեն նրա անունը, լինեն նրա համար ծառաներ եւ աղախիններ, ու բոլոր նրանց, որոնք կպահեն իմ շաբաթները եւ չեն պղծի ու կմնան իմ ուխտի մէջ, 7 նրանց կտանեմ իմ սուրբ լեռը, կուրախացնեմ նրանց իմ աղօթքի տան մէջ, նրանց ողջակէզներն ու ընծաներն ընդունելի կլինեն իմ սեղանի վրայ, քանզի իմ տունը բոլոր հեթանոսների համար աղօթքի տուն պիտի կոչուի»: 8 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ հաւաքում է Իսրայէլի բոլոր ցրուածներին. «Նրանց վրայ ես պիտի հաւաքեմ անապատի բոլոր գազանների բազմութիւնները»: 9 Եկէք կերէ՛ք, ո՛վ դուք անտառի բոլոր գազաններ: 10 Տեսէ՛ք, ամէնքն էլ կուրացել են եւ չգիտեն, թէ ինչ է իմաստութիւնը. ամէնքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարուած, սիրում են նիրհել: 11 Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են եւ չգիտեն, թէ ինչ է իմաստութիւնը. ամէնքն իրենց ճանապարհներով գնացին: 12 «Եկէ՛ք,– ասում են,– գինի առնենք եւ հարբենք գինով. այդպիսի օրը մեզ համար ամենամեծ զոհաբերութիւնը կլինի»:

57
1 «Տեսէ՛ք՝ ինչպէ՜ս կորաւ արդարը, եւ չկայ մէկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, եւ ոչ ոք ուշադրութիւն չի դարձնում, որ արդարն անիրաւութեան պատճառով է վերանում: 2 Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացաւ մէջտեղից: 3 Բայց դուք մօտեցէ՛ք, առա՛ջ եկէք, անօրէ՛ն որդիներ, պոռնկածի՛ն որդիներ, շնութեա՛ն որդիներ: 4 Ինչո՞վ էք պարծենում, ո՞ւմ վրայ էք բացում ձեր բերանները եւ կամ ո՞ւմ վրայ էք հանում ձեր լեզուները. մի՞թէ դուք կորստեան որդիներ չէք, անօրինութեան սերունդ, 5 որ անտառախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում, ժայռերի կատարներին եւ խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին: 6 Այդ է քո բաժինը, այդ նոյնն է քո վիճակը. նրանց առաջ նուէրներ թափեցիր, նրանց զոհեր մատուցեցիր, եւ այս ամէնի վրայ մի՞թէ չեմ բարկանալու,– ասում է Տէրը:– 7 Այնտեղ, բարձր ու մեծ լեռան վրայ է քո անկողինը, եւ դու այնտեղ ելար զոհեր մատուցելու: 8 Ապա դռների դրանդիների վրայ հաստատեցիր քո յիշատակները: Կարծում էիր՝ եթէ ինձնից հեռանաս, աւելի բա՞ն պիտի գտնես: Քո անկողինները լայնացրիր եւ փռուեցիր դրանց վրայ. սիրեցիր քո հոմանիներին 9 եւ յաճախակի դարձրիր քո պոռնկութիւնը նրանց հետ: Հեռաւորներից շատերին քեզ կապեցիր եւ պատգամաւորներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս: 10 Նկուն դարձար ու իջար գերեզման, յոգնատանջ եղար քո բազում ճանապարհորդութիւններից եւ չասացիր, թէ՝ “Այժմ հանգստանամ”, որովհետեւ ուժիդ համեմատ էիր գործում, դրա համար էլ չհնազանդուեցիր ինձ: 11 Ումի՞ց վախեցար ու զարհուրեցիր, որ ստեցիր եւ չյիշեցիր ինձ, միտքդ չբերեցիր, սրտիդ մէջ չդրեցիր, իսկ ես քեզ տեսայ ու անտեսեցի: Ես այն եմ, որ յաւիտենական եմ, իսկ դու ինձնից չվախեցար: 12 Արդ, ես պիտի պատմեմ իմ արդարութեան եւ քո չարիքների մասին, 13 որոնք քեզ չեն օգնելու, երբ աղաղակես, եւ քեզ չեն փրկելու քո նեղութիւնից. դրանց բոլորին հողմերը պիտի տանեն, եւ մրրիկները բաժան-բաժան պիտի անեն: Իսկ նրանք, ովքեր ինձ վրայ են յոյս դրել, պիտի ստանան երկիրը եւ ժառանգեն իմ սուրբ լեռը: 14 Նրանք պիտի ասեն. “Բացէ՛ք նրա առաջ ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրէ՛ք իմ ժողովրդի ճանապարհից”»: 15 Այսպէս է ասում Բարձրեալը, որ յաւիտենապէս բնակւում է բարձունքներում, Սուրբը սրբերի մէջ. նրա անունը Բարձրեալ է, եւ նա սրբերի մէջ է մնում, համբերութիւն է տալիս տարակուսանքի մէջ ընկածներին եւ կեանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել: 16 «Ես յաւիտեան վրէժխնդիր չեմ լինելու ձեզնից եւ ոչ էլ մշտապէս բարկանալու եմ ձեզ վրայ, քանզի հոգին ինձնից է բխում, եւ ամէն շունչ ես եմ ստեղծել: 17 Մեղքի պատճառով սակաւ ժամանակ տրտմութիւն հասցրի նրան, հարուածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից, եւ նա տրտմեց ու իմ առաջ թախծոտ անցաւ իր ճանապարհները: 18 Ես տեսայ նրա սրտի ճանապարհները եւ բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարութիւն տուեցի նրան: Նրա սգաւորների համար պտուղ ստեղծեցի: 19 Թող խաղաղութիւն, խաղաղութիւն լինի հեռաւորներին եւ մերձաւորներին,– ասում է Տէրը,– ու ես պիտի բժշկեմ նրանց: 20 Իսկ անօրէնները պիտի ծփան ծովի նման եւ հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կաւի հետ խառնուելով: Ամբարիշտների համար խաղաղութիւն չկայ»,– ասում է Տէրը:

58
1 «Ուժգի՛ն կանչիր եւ մի՛ խնայիր, շեփորի պէս բարձրացրո՛ւ ձայնդ, պատմի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի եւ Յակոբի տանը՝ իր անօրինութիւնների մասին: 2 Օր օրի ինձ են փնտրում եւ ցանկանում ճանաչել իմ ճանապարհները իբրեւ մի ժողովուրդ, որ արդարութիւն է գործել եւ իր Աստծոյ իրաւունքը զանց չի առել. ահա նրանք եկել եւ իրաւունք ու արդարութիւն են որոնում: Փափագում են մերձենալ Աստծուն 3 եւ ասում են. “Այդ ինչպէ՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ դու չիմացար”: Արդ, ձեր ծոմապահութեան օրերին ձեր ցանկութիւններն էք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակայ են ձեզ: 4 Հակառակութեան եւ կռիւների մէջ էք պահում եւ բռնցքահարում տկարին: Իսկ իմ ինչի՞ն է պէտք այդպիսի ծոմապահութեան օրը. դուք պիտի գաք բողոքէք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ: 5 Այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր. այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի,– ասում է Տէրը:– 6 Քանդի՛ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների՛ր ու արձակի՛ր նեղեալներին եւ պատռի՛ր բոլոր անիրաւ մուրհակները: 7 Քաղցածների՛ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների՛ն տար քո տունը. եթէ մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զաւակին մի՛ անտեսիր: 8 Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծաւալուի քո լոյսը, եւ արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանայ քո արդարութիւնը, եւ Աստծոյ փառքը պիտի պահպանի քեզ»: 9 Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստուած պիտի լսի քեզ. մինչեւ դու խօսես, նա պիտի ասի, թէ՝ “Ահա հասել եմ”: Եթէ դու քո միջից հեռացնես խարդախութիւնը, ձեռնձգութիւնն ու տրտունջի խօսքերը, 10 քո հացը յօժար սրտով քաղցածներին տաս եւ չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խաւարի մէջ կծագի քո լոյսը, քո խաւարը կվերածուի միջօրէի: 11 Քո Աստուածը ամէն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկութեան յագեցում կստանայ, եւ քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպէս ջրարբի պարտէզ, ինչպէս աղբիւր, որից ջուրը չի պակասի: 12 Քո դարաւոր աւերակները կվերաշինուեն, եւ քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու պիտի յառնես ու կոչուես պարսպապատերի փլատակները վերականգնող եւ նրանց ճամփամիջեան դարուփոսերը վերացնող: 13 Եթէ ոտքդ յետ քաշես եւ սրբութեան օրը քո ուզածը չկատարես, զուարճութեան շաբաթները համարես Աստծուն նուիրուած եւ փառաւոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկութեան ոչ մի խօսք չասես, այն ժամանակ կարող ես ապաւինել Տիրոջը: 14 Նա քեզ կառաջնորդի դէպի երկրի բարիքները եւ իբրեւ սնունդ քեզ կտայ քո հայր Յակոբի ժառանգութիւնը, քանզի Տիրոջ բերանը խօսեց այս:

59
1 Մի՞թէ Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. 2 ո՛չ, ձեր մեղքերն են պատնէշ դարձել ձեր եւ Աստծոյ միջեւ, ձեր անօրինութիւնների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթայ: 3 Արդարեւ, ձեր ձեռքերը պղծուած են արեամբ, եւ ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրինութիւն խօսեցին, եւ ձեր լեզուները խորհում են անիրաւութիւն: 4 Չկայ մէկը, որ արդարութիւն խօսի, եւ բացակայում է ճշմարտութեան իրաւունքը. յոյս են դրել սնոտի բաների վրայ եւ ունայնութիւն են խօսում, յղանում են ցաւեր եւ ծնում անօրինութիւն: 5 Քարբ օձի ձուեր են ծակում եւ սարդերի ոստայն հիւսում. եթէ որեւէ մէկը կամենայ ուտել դրանցից, ծակ բացելով՝ նրա մէջ կգտնի ջուր եւ քարբ օձ: 6 Նրանց ոստայնները հագուստ չեն դառնայ, եւ ոչ էլ նրանք կարող են զգեստաւորուել իրենց ձեռքի գործերով, քանզի նրանց գործերն անօրինութեան գործեր են, նրանց ձեռքերի մէջ անիրաւութեան գործեր կան: 7 Նրանց ոտքերը դէպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արիւն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշուառութիւն: 8 Նրանք չճանաչեցին խաղաղութեան ճանապարհը, ու նրանց ուղիներում արդարութիւն չկայ, որովհետեւ նրանց շաւիղները, որոնցով ընթանում են, խոտորուած են, եւ նրանք խաղաղութիւնը չեն ճանաչում: 9 Ահա թէ ինչու իրաւունքը հեռացաւ նրանցից, եւ արդարութիւնը չի հասնելու նրանց. մինչ նրանք լոյս էին ակնկալում, խաւար եղաւ նրանց համար, մինչ լոյսի էին սպասում, շուռ եկան դէպի մութը: 10 Կոյրերի պէս նրանք պատերն են շօշափելու, խարխափելու են աչքերից զրկուածների պէս, կէսօրին գլորուելու են, ինչպէս կէսգիշերին, օրհասական մարդկանց պէս հոգեվարքի տանջանքներ են տանելու 11 եւ առհասարակ թափառելու են արջերի ու աղաւնիների նման: Մենք երկար սպասեցինք դատաստանի, բայց չեղաւ, սպասեցինք փրկութեան, բայց այն հեռացաւ մեզնից, 12 քանզի բազում են մեր անօրինութիւնները քո առաջ, եւ մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրինութիւնները մեր մէջ են, մենք ինքներս գիտենք մեր անիրաւութիւնները: 13 Ամբարիշտ դարձանք եւ ստեցինք Տիրոջ առաջ, յետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրաւութիւն խօսեցինք եւ ապստամբեցինք, մեր սրտերում անիրաւութեան խօսքեր յղացանք ու որոճացինք: 14 Յետ վանեցինք իրաւունքը, եւ արդարութիւնը հեռացաւ մեզնից: Ճշմարտութիւնը սայթաքեց նրանց ճանապարհներից. նրանք ուղիղ ճանապարհով չկարողացան գնալ, 15 եւ արդարութիւնը վերացաւ նրանց միջից. արգելք դրեցին իրենց սրտերին, որ չիմանան: Տեսաւ Տէրը եւ չհաւանեց, որովհետեւ իրաւունքը բացակայում էր: 16 Նայեց, բայց մարդ չկար, դիտեց, բայց չկար մէկը, որ օգնական լինէր. եւ իր բազկով հատուցեց ու ըստ իր ողորմութեան հաստատեց նրանց: 17 Իբրեւ զրահ՝ հագաւ արդարութիւնը, իբրեւ սաղաւարտ՝ գլխին դրեց փրկութիւնը, իբրեւ հանդերձ ու պատմուճան՝ իր վրայ գցեց վրէժխնդրութիւնը, որ հատուցում տայ նրանց: 18 Նա նախատինք ու հատուցում պիտի տայ հակառակորդներին ու կղզիների բնակիչներին: 19 Արեւմուտքում Տիրոջ անունից պիտի սարսափեն, արեւելքում՝ նրա փառքից ու համբաւից: Բարկութիւնն, ինչպէս գետ, ուժգնօրէն պիտի գայ Տիրոջից, կատաղօրէն վրայ պիտի հասնի: 20 «Մի փրկիչ պիտի գայ Սիոնից ու պիտի վանի Յակոբի ամբարշտութիւնները,– ասում է Տէրը:– 21 Այս է իմ ուխտը նրանց հետ,– ասում է Տէրը:– Իմ Հոգին, որ քեզ վրայ է, եւ իմ խօսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետեւ մինչեւ յաւիտենութիւն չպիտի պակասեն քո բերանից, քո զաւակի բերանից եւ քո զաւակի զաւակի բերանից»,– ասում է Տէրը:

60
1 Լուսաւորուի՛ր, լուսաւորուի՛ր, Երուսաղէ՛մ, քանզի հասել է քո լոյսը, եւ Տիրոջ փառքը քեզ վրայ է ծագելու: 2 Ահա խաւարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մէջ է յայտնուելու Տէրը, եւ նրա փառքը քո մէջ է երեւալու: 3 Թագաւորները գալու են դէպի քո լոյսը, հեթանոսները՝ դէպի քո լոյսի փայլը: 4 Աչքերդ բարձրացրո՛ւ եւ շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մօտդ հաւաքուած քո բոլոր մանուկներին. քանզի որդիներդ եկան հասան հեռուներից եւ իրենց ուսերին առած՝ բերում են քո դուստրերին: 5 Ահա դու պիտի տեսնես ու խնդաս, զարմանաս ու ապշես քո մտքում, որովհետեւ ծովերի, ազգերի ու ժողովուրդների հարստութիւնը քո կողմը պիտի դառնայ: 6 Դէպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի եւ Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր եւ տալու են Տիրոջ փրկութեան աւետիսը: 7 Կեդարի ոչխարների բոլոր հօտերը քեզ մօտ պիտի հաւաքուեն, Նաբէոթի խոյերը պիտի բերուեն ու իմ սեղանի վրայ պիտի մատուցուեն իբրեւ ընդունելի զոհ, եւ իմ աղօթքի տունը պիտի փառաւորուի: 8 Ովքե՞ր են սրանք, որ թռել են ինչպէս ամպ եւ ինչպէս ձագերի հետ խառնուած աղաւնիներ՝ երամով գալիս են ինձ մօտ: 9 Ինձ են սպասում կղզիները եւ Թարսիսի նաւերը, որպէսզի նախօրօք հեռուներից բերեն քո որդիներին եւ նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անուան համար, Իսրայէլի փառաւորեալ սրբի համար: 10 Օտարազգիների որդիները պիտի շինեն քո պարիսպները, ու նրանց թագաւորները պիտի ծառայեն քեզ, որովհետեւ իմ բարկութեան պատճառով հարուածեցի քեզ եւ իմ գթասրտութեան համար սիրեցի քեզ: 11 Քո դռներն օր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն եւ չպիտի փակուեն, որպէսզի քո մէջ տեղափոխեն ազգերի հարստութիւնը եւ նրանց թագաւորներին բերեն քեզ մօտ: 12 Իսկ այն ազգերն ու թագաւորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանուեն: 13 Լիբանանի փառքը դէպի քեզ է գալու՝ դափնիով, սօսիով, նոճիով ու մայրիով, որպէսզի լիապէս փառաւորեն իմ սրբարանի տեղը, եւ ես փառաւորեմ իմ ոտքերի տեղը: 14 Քեզ մօտ պիտի գան քեզ նեղողների եւ զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագութիւն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչուես Տիրոջ քաղաք, Իսրայէլի Սրբի Սիոն: 15 Դու եղար լքուած ու ատելի, եւ ոչ ոք չկար, որ օգնէր քեզ, ես քեզ կդարձնեմ յաւիտենական ուրախութիւն, ցնծութիւն՝ սերնդից սերունդ: 16 Դու պիտի ծծես հեթանոսների կաթը եւ ուտես թագաւորների հարստութիւնը, պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որ ազատում ու փրկում եմ քեզ: 17 Պղնձի փոխարէն ոսկի եմ բերելու քեզ, երկաթի փոխարէն արծաթ եմ բերելու քեզ, փայտի փոխարէն պղինձ եմ բերելու քեզ, քարի փոխարէն երկաթ եմ տալու քեզ, խաղաղութիւն եմ տալու քո իշխաններին եւ քո վերակացուներին՝ արդարութիւն: 18 Քո երկրում անիրաւութեան մասին այլեւս չի լսուելու եւ ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշուառութեան մասին. քո պարիսպները պիտի անուանուեն փրկութիւն, եւ քո դռները՝ ցնծութիւն: 19 Այլեւս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկուայ լոյս է լինելու, եւ ոչ էլ լուսնի ծագումն է, որ քեզ գիշերը լոյս է տալու, այլ քեզ համար Տէրն է յաւիտենական լոյս լինելու, եւ Աստուած՝ քո փառքը: 20 Արեգակը քեզ համար մայր չի մտնելու, եւ լուսինը քեզնից չի պակասելու, որովհետեւ Տէրը քեզ համար յաւիտենական լոյս է լինելու: Քո սգոյ օրերը պիտի վերջանան: 21 Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի եւ յաւիտենապէս պիտի ժառանգի երկիրը՝ պահպանելով իր նոր տունկը՝ իր ձեռքի գործը, յանուն իմ փառքի: 22 Սակաւաթիւը հազարաւոր պիտի դառնայ, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տէրս, ժամանակ առ ժամանակ պիտի հաւաքեմ նրանց:

61
1 «Տիրոջ Հոգին ինձ վրայ է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ աւետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկուածներին, գերիներին ազատութիւն քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, 2 հռչակելու Տիրոջ ընդունելի տարին եւ մեր Աստծոյ վրէժխնդրութեան օրը, մխիթարելու բոլոր սգաւորներին, 3 փառաւորելու Սիոնի սգաւորներին, որ մոխրի փոխարէն ուրախութեան օծման իւղի պիտի արժանանան, իսկ սգաւորները վհատ հոգու փոխարէն՝ փառքի զգեստի: Եւ նրանք պիտի կոչուեն ազգ արդարութեան, տունկ՝ ի փառս Տիրոջ: 4 Պիտի վերաշինեն դարաւոր աւերակները, նախկինում աւերուածները պիտի վերականգնեն եւ նորոգեն դարերից ի վեր փլատակուած քաղաքները: 5 Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հօտերի հովիւները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները: 6 Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծոյ պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք: 7 Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար: 8 Ես՝ Տէրս, սիրում եմ արդարութիւնը եւ ատում յափշտակութիւնն ու անիրաւութիւնը, արդարներին պիտի տամ իրենց վաստակը եւ յաւիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ: 9 Պիտի ճանաչուեն նրանց սերունդը ազգերի մէջ եւ նրանց զաւակները՝ ժողովուրդների մէջ. ամէնքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց եւ ասեն, թէ՝ “Սրանք Աստծոյ օրհնեալ զաւակներն են”, ու ցնծութեամբ պիտի ուրախ լինեն ի Տէր»: 10 Ես պիտի հրճուեմ Տիրոջով, որովհետեւ նա ինձ փրկութեան զգեստ եւ ուրախութեան պատմուճան հագցրեց, որպէս փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին եւ որպէս հարսի՝ զուգեց ինձ զարդով: 11 Ինչպէս երկիրը, որ աճեցնում է իր ծաղիկները, եւ ինչպէս պարտէզը, որ ծլեցնում է իր սերմերը, այնպէս էլ Տէրն է ի յայտ բերելու իր արդարութիւնն ու ցնծութիւնը բոլոր ազգերի առաջ:

62
1 Չեմ լռի յանուն Սիոնի եւ չեմ ների յանուն Երուսաղէմի, մինչեւ չծագի նրա արդարութիւնը, ինչպէս լոյս, եւ չբոցավառուի նրա փրկութիւնը, ինչպէս փայլակ: 2 Հեթանոսները պիտի տեսնեն քո արդարութիւնը, թագաւորները՝ քո փառքը, եւ դու նոր անունով ես կոչուելու, որ Տէրն է անուանելու: 3 Տիրոջ ձեռքին վայելչութեան պսակ պիտի դառնաս եւ քո Աստծոյ ձեռքին՝ արքայական թագ: 4 Այլեւս չես կոչուելու «Լքեալ», ոչ էլ քո երկիրն է կոչուելու «Աւերակ»: Քեզ պիտի կոչեն «Իմ կամքը», իսկ քո երկիրը՝ «Շէն բնակութիւն», որովհետեւ Տէրը սէր է տածում քո նկատմամբ, եւ քո երկիրը բնակութեամբ պիտի լցուի: 5 Ինչպէս որ երիտասարդն է ամուսնանում կոյսի հետ, այնպէս էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ, եւ ինչպէս որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպէս էլ Տէրն է ուրախ լինելու քեզ համար: 6 Քո պարիսպների վրայ, ո՛վ Երուսաղէմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչեւ վերջ չդադարեն յիշել Տիրոջը: 7 Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի եւ Երուսաղէմը դարձնի պարծանք երկրի վրայ: 8 Տէրը երդուեց իր փառքով եւ իր բազկի զօրութեամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տայ քո թշնամիների ձեռքը, եւ օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու ջանք թափեցիր, 9 այլ ովքեր այդ ամբարեցին, նրանք պիտի ուտեն եւ օրհնեն Տիրոջը, եւ ովքեր այդ հաւաքեցին, նրանք պիտի խմեն իմ սրբարանի սրահներում: 10 Գնացէք նե՛րս մտէք իմ դռներով, պատրաստեցէ՛ք ճանապարհները, շտկեցէ՛ք շաւիղները, ճամփա՛յ բացէք իմ ժողովրդի համար, հեռացրէ՛ք քարերը ճանապարհից եւ դրօշա՛կ բարձրացրէք հեթանոսների համար: 11 Ահա թէ ինչ ազդարարեց Տէրը մինչեւ երկրի ծագերը. «Ասացէ՛ք Սիոնի դստերը. “Ահաւասիկ գալիս է քո Փրկիչը, եւ իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ”»: 12 Տիրոջ ձեռքով փրկուած Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչուելու ես Փնտրուած քաղաք եւ ոչ թէ Լքուած:

63
1 Ո՞վ է սա, որ ելել, գալիս է Եդոմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է եւ հուժկու զօրութեամբ: «Ես խօսում եմ արդարութեան եւ փրկութեան իրաւունքի մասին»: 2 Քո հագուստներն ինչո՞ւ են կարմիր, քո հագուստներն ասես հնձանահարի հագուստներ լինեն, որ տրորում է լեցուն հնձանը: 3 «Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր. զայրոյթով տրորեցի նրանց, բարկութեամբ ճմլեցի նրանց եւ գետնին հաւասարեցրի ու իմ բոլոր զգեստներն արիւնաթաթախ արեցի. 4 քանզի հասել էր նրանց հատուցման օրը, փրկութեան տարին եկել հասել էր: 5 Նայեցի, բայց օգնող չկար, մտածեցի, թէ ինչու ոչ ոք չկար, որ թիկունք դառնար ինձ: Իմ բազուկը փրկեց նրանց, եւ միայն իմ բարկութիւնն ինձ զօրավիգ եղաւ: 6 Իմ բարկութեամբ տրորեցի եւ իմ զայրոյթով մորթեցի նրանց, գետնին հաւասարեցրի նրանց»: 7 Տիրոջ ողորմութիւնը պիտի յիշեմ, Տիրոջ մեծագործութիւնը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տէրն է հատուցելու մեզ: Տէրն Իսրայէլի տան բարերար դատաւորն է, որ իր ողորմածութեամբ եւ իր մեծ արդարութեամբ վարձատրելու է մեզ: 8 Նա էր, որ ասաց. «Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ». եւ նա նրանց փրկութիւն բերեց իրենց բոլոր նեղութիւններից: 9 Ոչ թէ ինչ-որ պատգամաւոր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ՝ Տէրն ինքը. եւ որովհետեւ նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց եւ բարձրացրեց նրանց յար ու յաւիտեան: 10 Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, եւ Տէրը նրանց թշնամի դարձաւ, ինքն իսկ պատերազմեց նրանց դէմ: 11 Այնժամ նրանք հին ժամանակները յիշեցին՝ ասելով. «Ո՞ւր են Մովսէսը եւ նրա ժողովուրդը, ո՞ւր է նա, որ երկրից դուրս բերեց հօտերի հովուին, ո՞ւր է նա, որ նրանց մէջ դրեց Սուրբ Հոգին. 12 ո՞վ էր, որ իր աջով բարձրացրեց Մովսէսին եւ որի առաջ իր փառաւոր բազկով կասեցրեց ջրերը իր անունը յաւերժացնելու համար: 13 Նրանց անցկացրեց անդունդներով, ինչպէս ձին է անցնում անապատով, կամ ինչպէս գրաստը՝ դաշտով, ու նրանք չյոգնեցին: 14 Տիրոջ Հոգին իջաւ եւ առաջնորդեց նրանց»: Քո ժողովրդին դու այնպէս առաջնորդեցիր, որ քո անունը փառաւորեն: 15 Արդ, դարձի՛ր երկնքից եւ քո սուրբ ու փառաւոր տաճարից նայիր, թէ ուր են քո նախանձախնդրութիւնն ու զօրութիւնը, ուր են քո մեծ ողորմութիւնն ու գթութիւնը, որոնցով ներում էիր մեզ: 16 Դու ես մեր հայրը: Աբրահամը չգիտէր մեզ, Իսրայէլը մեզ չէր ճանաչում, բայց դու, Տէ՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետեւ սկզբից ի վեր մեզ վրայ է քո անունը: 17 Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորուենք քո ճանապարհներից, ո՛վ Տէր, ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք. դարձի՛ր ի սէր քո ծառաների, դարձի՛ր ի սէր քո ժողովրդի, որ քո ժառանգութիւնն է: 18 Գուցէ քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել: Մեր թշնամիները նեղեցին մեզ եւ ոտնակոխ արեցին քո սրբութիւնը: 19 Եղանք, ինչպէս առաջ էինք, երբ դու մեզ չէիր տիրում, եւ մենք քեզ չէինք պատկանում:

64
1 Եթէ բացես երկինքը, քո ահից լեռները կսասանուեն եւ կհալուեն, ինչպէս մոմը կրակի դիմաց: 2 Կրակը կայրի քո հակառակորդներին, եւ քո անունը յայտնի կդառնայ թշնամիներիդ. քո պատճառով հեթանոսները խռովութեան կմատնուեն: 3 Երբ հրաշալի գործեր կատարես, քո ահից լեռները կսասանուեն: 4 Հնուց ի վեր չլսեցինք, եւ ոչ էլ մեր աչքերը քեզնից բացի տեսան մէկ այլ Աստուած, որ իր ողորմութեան վրայ յոյս դնողների համար այսպիսի բաներ անէր, 5 ընդառաջ գնար նրանց, որոնք արդարութիւն են գործում եւ յիշում քո ճանապարհները: Եւ ահա դու բարկացար, որովհետեւ մենք մեղք գործեցինք եւ դրա համար էլ մոլորուեցինք: 6 Մենք ամէնքս պիղծ դարձանք, եւ մեր ամբողջ արդարութիւնը դաշտանի շորերի նմանուեց, մեր անօրինութիւնների պատճառով մենք ամէնքս ցած թափուեցինք, ինչպէս տերեւ. հողմերը քշեցին մեզ: 7 Ոչ մէկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստան դարձնել. ահա թէ ինչու քո երեսը մեզնից շրջեցիր եւ մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր: 8 Տէ՜ր, մեր Հայրն ես դու. մենք կաւ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամէնքս քո ձեռքի գործն ենք: 9 Տէ՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրայ եւ մեր մեղքերը յաւիտեան մի՛ յիշիր: Եւ հիմա նայի՛ր, Տէ՛ր, մենք ամէնքս քո ժողովուրդն ենք: 10 Քո սուրբ քաղաք Սիոնն աւերակ դարձաւ, Երուսաղէմը՝ անապատ: 11 Անէծքի մատնուեց մեր սուրբ ու փառաւոր տաճարը, որտեղ մեր հայրերն օրհներգում էին քեզ, հրոյ ճարակ դարձաւ, եւ մեր ամբողջ փառաւորութիւնը կործանուեց: 12 Եւ այս ամէնի վրայ դու աչք ես փակում, Տէ՛ր, լռութիւն ես պահում ու սաստիկ ստորացնում մեզ:

65
1 «Յայտնուեցի նրանց, որոնք իմ մասին չէին հարցնում, ինձ գտան նրանք, որոնք ինձ չէին փնտրում: “Ահաւասիկ ես կամ”,– ասացի այն ազգին, որն իմ անունը չկանչեց: 2 Ամէն օր իմ ձեռքը երկարեցի դէպի անհնազանդ ու թշնամի ժողովուրդը, որ ընթանում էր ոչ թէ բարի ճանապարհով, այլ իր մեղքերի յետեւից: 3 Այս ժողովուրդը բարկացնում էր ինձ. իմ առաջ միշտ զոհեր էին մատուցում իրենց պարտէզներում եւ իրենց աղիւսների վրայ խունկ ծխում դեւերին, որոնք նրանց համար յիշատակ դառնալ չէին կարող: 4 Քարայրներում էին պառկում ու քնում, որպէսզի երազ տեսնէին. խոզի միս էին ուտում ու զոհերի մսաջուր, եւ նրանց բոլոր ամանները պղծուած էին: 5 Ասում էին. “Հեռո՛ւ կաց ինձնից, մի՛ մօտեցիր ինձ, որովհետեւ ես սուրբ եմ”: Դա ծուխն է իմ բարկութեան, որի մէջ ամէն օր բորբոքւում է կրակը: 6 Ահա իմ առջեւ գրուած է. “Չեմ լռելու, մինչեւ որ չհատուցեմ նրանց մեղքերը՝ վերադարձնելով իրենց ծոցը”: 7 Նրանց հետ միասին՝ նաեւ նրանց հայրերի մեղքերը,– ասում է Տէրը,– որոնք խնկարկում ին լեռների վրայ եւ բլուրների վրայ նախատում էին ինձ. հատուցելու եմ նրանց առաջուայ արարքները՝ վերադարձնելով իրենց ծոցը»: 8 Այսպէս է ասում Տէրը. «Ճիշտ այնպէս, ինչպէս ողկոյզների մէջ մի ճութ է գտնւում, եւ ասում են՝ “Մի՛ փչացրու դա, որովհետեւ Տիրոջ օրհնութիւնը կայ դրա մէջ”, այնպէս էլ ես նոյն կերպ պիտի վարուեմ իմ ծառայի համար. յանուն նրա չեմ կործանելու բոլորին: 9 Յակոբի եւ Յուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպէսզի ժառանգեն իմ սուրբ լեռը. իմ ընտրեալներն ու ծառաները պիտի ժառանգեն այն եւ բնակուեն այնտեղ: 10 Անտառի մէջ պիտի լինեն հովիւների մակաղատեղերը, եւ Աքորի ձորը պիտի դառնայ նախիրների հանգստավայրն իմ ժողովրդի, որն ինձ է փնտրել: 11 Դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը եւ սեղան գցեցիք դեւերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծոյ պատուին: 12 Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, եւ ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք, եւ ինչ չէի ցանկանում, այն ընտրեցիք»: 13 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարաւ էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամօթով էք մնալու: 14 Ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, սրտի ուրախութեամբ պիտի ցնծան, իսկ դուք ձեր սրտի ցաւից աղաղակելու էք, ձեր հոգու կսկծից ողբալու էք: 15 Ձեր անունն իմ ընտրեալների նողկանքի համար պիտի թողնէք, եւ Տէրը ձեզ պիտի մեռցնի: Իմ ծառաներին նոր անուն պիտի տրուի, որը պիտի օրհնաբանուի երկրի վրայ: 16 Որպէսզի օրհնեն ճշմարիտ Աստծուն, երկրի վրայ երդուողները պիտի երդուեն ճշմարիտ Աստծով, առաջուայ նեղութիւնը պիտի մոռանան, այլեւս իրենց միտքը չպիտի բերեն: 17 Քանի որ նոր երկինք ու նոր երկիր պիտի ստեղծեմ, առաջուաններն այլեւս չպիտի յիշեն եւ այլեւս իրենց միտքը չպիտի բերեն: 18 Ուրախութիւն ու ցնծութիւն են գտնելու այն բանի մէջ, ինչ ես հաստատելու եմ: Ահա ես Երուսաղէմը ստեղծում եմ ցնծութեան համար եւ իմ ժողովրդին՝ ուրախութեան համար: 19 Պիտի ցնծամ Երուսաղէմով, պիտի ուրախանամ իմ ժողովրդով. նրա մէջ այլեւս լացի ձայն եւ կամ բօթի ձայն չպիտի հնչի: 20 Այնտեղ չի լինելու մանկահասակ եւ կամ ծեր, որ լցրած չլինի իր կեանքի ժամանակը, քանզի կրտսեր որդին հարիւր տարեկան պիտի լինի, իսկ հարիւր տարեկանում մեռնողը մեղաւոր եւ անիծեալ պիտի համարուի: 21 Տներ պիտի շինեն եւ իրե՛նք պիտի բնակուեն, այգիներ պիտի տնկեն եւ նրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն: 22 Այլեւս նրանք չպիտի շինեն, որ ուրիշները բնակուեն, նրանք չպիտի տնկեն, որ ուրիշներն ուտեն: Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն, նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը: 23 Իմ ընտրեալներն այլեւս զուր տեղը չպիտի չարչարուեն եւ անէծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետեւ նրանք իրենց զաւակների հետ միասին Աստծուց օրհնուած սերունդ են: 24 Այնպէս պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտուած՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխօսած՝ պիտի ասեմ, թէ՝ “Ի՞նչ էք ուզում”: 25 Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի, օձը հող պիտի ուտի իբրեւ հաց: Մարդիկ չեն մեղանչելու եւ չեն վնասելու իմ սուրբ լեռան վրայ»,– ասում է Տէրը:

66
1 Այսպէս է ասում Տէրը. «Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը: Ի՞նչ տուն պիտի շինէք ինձ համար,– ասում է Տէրը,– եւ կամ իմ հանգստեան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի: 2 Չէ՞ որ այդ ամէնն իմ ձեռքը պատրաստեց, եւ ամէն ինչ իմն է,– ասում է Տէրը.– ու ես ո՞ւմ եմ նայելու, եթէ ոչ՝ հեզերին ու խոնարհներին եւ նրանց, ովքեր դողում են իմ խօսքից: 3 Բայց անօրէնը, որ ինձ եզ է զոհաբերում, նոյնն է, թէ մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նոյնն է, թէ շուն է մորթում, իսկ նա, որ ընտիր ալիւր է ընծայաբերում, նոյնն է, թէ խոզի արիւն է թափում, իսկ նա, որ յիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նոյնն է, թէ հայհոյում է: Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները եւ իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին: 4 Ու ես պիտի բռնեմ նրանց խաբէութիւնները եւ հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետեւ կանչեցի, բայց ինձ չլսեցին, խօսեցի, բայց ականջ չդրեցին, չարիք գործեցին իմ առաջ եւ ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում»: 5 Տիրոջ պատգամնե՛րը լսեցէք դուք, որ դողում էք նրա խօսքերից: Ո՛վ մեր եղբայրներ, խօսեցէ՛ք ձեր ատելիների եւ ձեզ զզուանք պատճառողների հետ, որպէսզի փառաւորուի Տիրոջ անունն ու այն յայտնուի ձեր ուրախութեան ժամին, եւ նրանք ամաչեն: 6 Աղաղակի ձայն է հնչում քաղաքից, ձայն՝ տաճարից. Տիրոջ ձայնն է դա, որ պատժով է հատուցելու թշնամիներին: 7 Քանի դեռ յղին չէր ծնել, քանի դեռ երկունքի ցաւերը չէին հասել, նա ազատուեց, եւ ծնուեց մի արու զաւակ: 8 Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մէկ օրում ծննդաբերի, եւ միանգամից մի ամբողջ ազգ ծնուի. քանզի Սիոնը երկունքի ցաւով բռնուեց եւ ծնեց իր մանուկներին: 9 «Ե՛ս տուեցի քեզ այդ յոյսը, բայց դու ինձ չյիշեցիր,– ասում է Տէրը.– մի՞թէ ես չստեղծեցի ամուլին եւ ծննդկանին»,– ասում է քո Աստուածը: 10 Ուրախացի՛ր, Երուսաղէ՛մ, եւ դուք էլ հաւաքուեցէ՛ք, որպէսզի ցնծաք նրա մէջ. ամէնքդ էլ, որ սիրում էք նրան եւ սուգ էք մտել նրա համար, խնդացէ՛ք եւ ուրախացէ՛ք միասին: 11 Պիտի սնուէք ու յագենաք նրա մխիթարող ստինքներից եւ կուշտ ու պինդ վայելք պիտի առնէք նրա գալիք փառքից: 12 Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես դէպի նրանց պիտի դարձնեմ խաղաղութիւնը ինչպէս գետ եւ հեթանոսների փառքը՝ ինչպէս յորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին եւ, իրենց ծնկներին դրած, պիտի գգուեն նրանց: 13 Ինչպէս որ մայրն է գգւում իր մանկանը, այնպէս էլ ես պիտի գգուեմ ձեզ, եւ դուք պիտի մխիթարուէք Երուսաղէմում: 14 Պիտի տեսնէք, ու պիտի խնդան ձեր սրտերը, ձեր ոսկորները դալար խոտի պէս պիտի ծաղկեն»: Տիրոջ ձեռքը պիտի յայտնուի իր բարեպաշտներին եւ սպառնայ անհաւատներին: 15 Ահա գալու է Տէրը ինչպէս կրակ, եւ նրա կառքը՝ ինչպէս մրրիկ, որպէսզի բարկութեամբ տայ իր հատուցումը եւ կրակի բոցով՝ իր արհամարհանքը, 16 քանզի համայն երկիրը պիտի դատուի Տիրոջ կրակով, եւ ամէն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրաւորուեն Տիրոջ ձեռքից: 17 «Նրանք, որ իրենց սրբում եւ մաքրում են իրենց պարտէզների ու սրահների մէջ, որ ուտում են խոզի միս, պիղծ բաներ եւ մուկ, միասին պիտի բնաջնջուեն,– ասում է Տէրը:– 18 Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպէսզի հաւաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը: 19 Նրանց վրայ նշան պիտի թողնեմ: Նրանց միջից փրկուածներին պիտի ուղարկեմ ազգերի մէջ՝ դէպի Թարսիս ու Փուդ, դէպի Լուդ, Մոսոք եւ Թոբէլ, դէպի Հելլադա եւ հեռաւոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը եւ ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մէջ: 20 Եւ ինչպէս որ Տիրոջ տանն Իսրայէլի որդիները սաղմոսներով մատուցեցին ինձ իրենց նուէրները, նրանք բոլոր ազգերից Երուսաղէմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծայ պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրայ հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ,– ասում է Տէրը:– 21 Եւ նրանցից եմ վերցնելու ինձ համար քահանաներ ու ղեւտացիներ,– ասում է Տէրը:– 22 Ինչպէս որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ,– ասում է Տէրը,– այդպէս մնալու է եւ ձեր սերունդը: 23 Եւ այնպէս պիտի լինի, որ ամսից ամիս ու շաբաթից շաբաթ իւրաքանչիւր անձ պիտի գայ Երուսաղէմում իմ առաջ երկրպագելու,– ասում է Տէր Աստուած:– 24 Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդէպ յանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանզի նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգելու, նրանք յայտնի պիտի լինեն բոլոր մարմնաւորներին»:
 
sacredtradition.am