русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԺԱՄԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ / ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄ
18 հոկտեմբերի 2020թ. կիրակի, ԳԿ
Զ կիւրակէ զկնի Ս. Խաչի

Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ,
որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօր Աստուծոյ



Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ Գ
Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ, եւ բազումք յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ «Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր»:
Այլ Դու, Տէ՛ր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ Իւրմէ:
Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ, եւ Տէր ընդունելի իմ է:
Ոչ երկեայց ես ի բիւրաւոր զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս:
Արի՛, Տէ՛ր, եւ փրկեա՛ զիս, Աստուա՛ծ իմ. զի Դու հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Տեառնդ է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան Քո՝ օրհնութիւն Քո:

ՍԱՂՄՈՍ ՁԷ
Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ,
Զի լցաւ չարչարանօք անձն իմ, եւ կեանք իմ ի դժոխս մերձեցան, եւ համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի եւ ի մեռեալս ազատ:
Որպէս զվիրաւորս, որք ննջեն ի գերեզմանի:
Զորս Դու ոչ յիշեցեր, նոքա ի ձեռանէ Քումմէ մերժեցան:
Եդին զիս ի գբի ներքնումն՝ ի խաւարի եւ ի ստուերս մահու:
Յիս հաստատեցաւ սրտմտութիւն Քո, զամենայն զբօսանս Քո ածեր ի վերայ իմ:
Հեռի արարեր յինէն զծանօթս իմ, եւ եդին զիս նշաւակ իւրեանց:
Մատնեցայ եւ ոչ ելանէի, աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Մի՞թէ մեռելոց առնիցես զսքանչելիս Քո, կամ բժիշկք յարուցեալ խոստովան առնիցի՞ն առ Քեզ:
Մի՞թէ պատմեսցէ ոք երբեք ի գերեզմանի զողորմութիւնս Քո կամ զճշմարտութիւնս Քո` ի կորստեան:
Մի՞թէ ճանաչիցին ի խաւարի սքանչելիք Քո, կամ արդարութիւն Քո` յերկիր մոռացեալ:
Ես առ Քեզ, Տէ՛ր, աղաղակեցի. առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ Քեզ:
Ընդէ՞ր, Տէ՛ր, մերժես զանձն իմ կամ դարձուցանես զերեսս Քո յինէն:
Տնանկ եւ վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ. ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ապշեցայ:
Յիս հաստատեցաւ բարկութիւն Քո, արհաւիրք Քո խռովեցուցին զիս,
Շրջեցան զինեւ որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ վասն թշուառութեան իմոյ:

ՍԱՂՄՈՍ ՃԲ
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր, եւ ամենայն ոսկերք իմ՝ զանուն սուրբ Նորա:
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր եւ մի՛ մոռանար զամենայն տուրս Նորա.
Ո քաւէ զմեղս քո, բժշկէ զամենայն հիւանդութիւնս քո.
Ո փրկէ յապականութենէ զկեանս քո, պսակէ զքեզ ողորմութեամբ եւ գթութեամբ.
Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո, նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո:
Առնէ ողորմութիւնս Տէր եւ իրաւունս ամենայն զրկելոց:
Եցոյց Տէր զճանապարհս Իւր Մովսիսի եւ որդւոցն Իսրայելի զկամս Իւր:
Գթած, ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ:
Ոչ ի սպառ բարկանայ Տէր եւ ոչ յաւիտեան պահէ ոխս:
Ոչ ըստ մեղաց մերոց արար մեզ եւ ոչ ըստ անօրէնութեան մերում հատոյց մեզ.
Այլ որպէս բարձր են երկինք յերկրէ, այնպէս զօրացոյց Տէր զողորմութիւն Իւր ի վերայ երկիւղածաց Իւրոց:
Որչափ հեռի են արեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր:
Որպէս գթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս գթասցի Տէր յերկիւղածս Իւր.
Զի Նա գիտաց զստեղծուածս մեր եւ յիշեաց, թէ հող եմք:
Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ:
Շնչէ ի նմա հողմ, եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա:
Բայց ողորմութիւն Տեառն յաւիտեանս յաւիտենից ի վերայ երկիւղածաց Իւրոց, եւ արդարութիւն Նորա յորդւոց մինչեւ յորդիս,
Ոյք պահեն զուխտս Նորա, յիշեն զպատուիրանս Նորա եւ առնեն զնա:
Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ Իւր, արքայութիւն Նորա ամենեցուն տիրէ:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն հրեշտա՛կք Նորա՝ հզօրք զօրութեամբ, ոյք առնէք զբան Նորա ի լսել ձայնի պատգամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն զօրութի՛ւնք Նորա, պաշտօնեա՛յք եւ արարո՛ղք կամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն գո՛րծք Նորա. զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Նորա. օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր:

ՍԱՂՄՈՍ ՃԽԲ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով:
Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի:
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ:
Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ:
Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի:
Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ:
Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԵՐԳ ԳԻՇԵՐԱՅԻՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Յիշեսցուք ի գիշերի զանուն Քո, Տէ՛ր:
Բղխեսցեն սիրտք մեր զբան բարի, եւ լեզուք մեր պատմեսցեն զգործս երկնաւոր Թագաւորիդ:
Ի մէջ գիշերի յարուցեալ՝ խոստովանեսցուք զՔեզ, Տէ՛ր:
Զաղօթս մեր տացուք Քեզ, Տէ՛ր, ի գաւիթս Քո ի մէջ նոր Երուսաղեմի:
Ի գիշերի համբարձցուք զձեռս մեր սրբութեամբ առ Քեզ, Տէ՛ր:
Ի ձայն գոհութեան, ամենա՛յն հոգիք, օրհնեցէ՛ք զՏէր:
Փոխ. Զարթի՛ք, փա՛ռք իմ, զարթի՛ք, եւ ես զարթեայց առաւօտուց. ալէլուիա:
Զարթի՛ք ընդ զուարթունս, մանկու՛նք վերինն Սիոնի. ալէլուիա:
Զարթի՛ք, որդի՛ք լուսոյ, ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալէլուիա:
Զարթի՛ք, փրկեա՛լք արեամբ, եւ տո՛ւք զփառս Փրկողին. ալէլուիա:
Զարթի՛ք, նո՛ր ժողովուրդք՝ նոր երգս առեալ Նորոգողին. ալէլուիա:
Զարթի՛ք, հարսո՛ւնք հոգւով՝ սպասեալք գալոյ սուրբ Փեսային. ալէլուիա:
Զարթի՛ք, վառեա՛լք լուսով, ըստ իմաստուն սուրբ կուսանացն. ալէլուիա:
Զարթի՛ք, պատրաստեցէ՛ք իւղ լապտերաց ջերմ արտասուս. ալէլուիա:
Զարթի՛ք եւ մի՛ ննջէք, նման յիմար կուսից նիրհէք. ալէլուիա:
Զարթի՛ք, երկիր պագցուք եւ արտասուօք զայս ասասցուք. ալէլուիա:
Փոխ. Զարթի՛ր, ընդէ՞ր ննջես, Տէ՛ր, մի՛ մերժեր զմեզ ի սպառ:
Արի՛, Տէ՛ր, օգնեա՛ մեզ. տացուք անուանդ Քում զփառս:
Այժմ եւ յաւէտ Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյն. ամէն:
Փոխ. Զարթուցեալքս ի զբաղմանէ գիշերային հանգստենէ:
Շնորհեսցէ մեզ մարդասէր Տէր մխիթարութիւն եւ ի սփոփանս Եկեղեցւոյ:
Ահիւ եւ դողութեամբ կացցուք ի յաղօթս:
Եկեալ խոստովանեսցուք զյանցանս:
Եւ գտցուք ի Քրիստոսէ զքաւութիւն եւ զմեծ զողորմութիւն:
Կցորդ. Անբաժանելի եւ համագոյ Երրորդութեանդ, համաձայնեալք ընդ զօրս երկնից, փառս մատուցանեմք:
Փա՜ռք Քեզ, որ յանարուեստ յաթոռ բարձրացեալ՝ հանգչիս, սո՛ւրբ Աստուած՝ հզօր եւ սքանչելագործ:
Փա՜ռք Քեզ, որ յանէից գոյացուցեր զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ անճառ Հօր անեղ Որդի:
Փա՜ռք Քեզ, որ տեսչութեամբ խնամես զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ Բղխումն անսպառ աղբեր:
Տէ՛ր, ժողովրդապետք Եկեղեցւոյ ի Քէն հայցեն՝ ասելով. «Հովի՛ւ բարի, ողորմեա՛ բանաւոր հօտի»:

Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՔԱՐՈԶ
Խոսրով Անձևացու մեկնությունը՝ (թարգմ.՝ Բագրատ եպս. Գալստանյանի). Խոսքի սկիզբն արտահայտում է Աստծո խնամքը, որ նախքան հանդերձյալ կյանքը, այստեղ իսկ աշխատանքից, հոգնությունից, մեղքից և գիշերվա տարատեսակ տրտմություններից քնի միջոցով հանգիստ պարգևեց, որովհետև թեպետ այս ամենին պարտավորվեցինք ադամական մեղքի պատճառով, սակայն մարդասեր Աստծո գութը չհանդուրժեց մեզ այսպիսի տառապանքի մեջ թողնել։
ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս տկարութեան մերում, եւ եկեալքս
Այստեղ անիմաստ կերպով չէ, որ ավելացնում է միաբան լինելը կամ էլ, ինչպես սկզբում, զարթուցեալքսին կից ամենաքեանը նշելը, այլ որպեսզի ցույց տա, թե Աստծուն պաշտամունք մատուցելու ժամանակ ամենքի միաբանված լինելը Աստծուն՝ դյուրահաշտ, մեզ՝ զորավոր, իսկ դևերի մարտը անզոր է դարձնում։
Երգը հոգևոր ասելով՝ հայտնում է, ըստ Պողոս առաքյալի, թե Սուրբ Հոգին օգնության և գործակցության է հասնում մեր տկարությունների մեջ (հմմտ. Հռոմ Ը 26), մտքով երգակից է լինում սրբերին և հորդորում է մնալ Աստծո փառաբանության մեջ։
ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ անուան
Տեր եւ Փրկիչ է ասում, Տերը՝ ստեղծելու և մեզ տիրելու պատճառով, իսկ Փրկիչ, քանզի Իր անձը որպես փրկանք տվեց և Իր արյամբ փրկեց մեզ մեղքից ու մահվանից և վերացրեց անեծքը, որ մեզ վրա էր։ Այս պատճառով էլ հաճախ երկու անուններով ենք կոչում Նրան, որովհետև, շնորհակալություն ենք հայտնում Իր արարչության և խնամակալության համար, որով մեզ հարազատություն հայտնեց։
Յիսուսի Քրիստոսի՝
Հրեշտակների օրինակով մեզ հրամայում է ահ ու դող ունենալ, այդ պատճառով է հավելում՝ առաջի Նորա, քանզի ինչպես հրեշտակները Նրա փառքից միշտ ահաբեկված են, նույնպես և մենք, դեպի Աստված մեր միտքը ուղղելով և մեծ փառքի առջև, կանգնած լինելով, երկյուղով Նրան պիտի պաշտենք։
Եւ գոհացարուք զՆմանէ ի գիշերային ժամուս յայսմիկ վասն
Ցույց է տալիս ճշմարտությունն ու արդարությունը, որն իրագործեց մեր նկատմամբ ոչ թե ըստ արժանիքի՝ այլ ողորմելով:
Նորա. որ
Ասում է՝ ողորմեց, այդ պատճառով էլ ընտրեց, որովհետև, խոտան էինք և Աստծո ներկայությունից զրկված։ Ըստ առաքելական խոսքի՝ ողորմությունը մեզ ընտրյալ դարձրեց. «Ընտրեց մեզ Նրանով (այսինքն Քրիստոսի միջոցով) նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ» (հմմտ. Եփես. Ա 4)
եւ շնորհեաց մեզ բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն ի փառաբանիչս Տեառն Աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինիլ: Եւ մեք, այսուհետեւ
Այսինքն, որովհետև երկրում մեզ հրեշտակների նման դարձրեց, մեր անձերում ընդունենք հրեշտակային սրբությունը և, եթե մարդկային բնությամբ ինչ որ սխալ ենք գործել, խոստովանությամբ և ապաշխարությամբ այն սրբելով, մաքրվենք։
ի խղճէ եւ ի չար գործոց,
Ինչպես մարգարեն է հրամայում.«Գիշերը դեպի սրբությունը պարզեցեք ձեռքերը» (Սաղմ. ՃԼԳ 2), նույն կերպով և քարոզը հրամայում է նախ՝ սրբել մեղքը և չար գործերը և ապա բարձրացնել ձեռքերը դեպի սրբություն։
Քանզի աղոթողին պետք է աներկմիտ հավատով և անբարկանալի մտքով աղոթքը մատուցել Աստծուն, որի համար և Տերն է ասում. «Թող քո ընծան սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ինձ աղերսիր» (հմմտ. Մատթ. Ե 24)։ Այդ պատճառով և այս քարոզը հորդորում է բարկությունը թողնել և ապա Աստծուց քավություն հայցել:
Հաւատով խնդրեսցուք ի Նմանէ զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց՝
Քանզի ասաց՝ նախ սրբել մեր անձերը մեղքից (այստեղ նաև օրինակն է տալիս, թե ինչպես), ըստ որի՝ սրբվում ենք խոստովանությամբ և քավություն խնդրելով, որովհետև, եթե չխոստովանենք, Ծածկագետից չենք կարող թաքցնել։ Սակայն խոստովանությամբ և մեղքը գիտակցելով մենք խոնարհության ենք հասնում, ամաչում ենք, զղջում և պաղատում ենք, որով և Աստծուց ողորմություն և ներում ենք գտնում և արդարանում։ Քանզի մարգարեի միջոցով իսկ ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես. ԽԳ 26)
ծածկագիտին Աստուծոյ: Որպէս զի ընդունելով զպաղատանս մեր աղօթիւք եւ բարեխօսութեամբ ամենայն սրբոց՝
Հայտնի է դարձնում, որ Նրա պարգևները ձրի են, թեպետ և շատերս առաքինանանք, որովհետև սիրում է մարդկանց։ Եվ առաքինությամբ և անբիծ ապրելը շնորհ է, որ շնորհում է մարդասերն Աստված։ Սակայն անարատ վարքով ապրելն առավել պատիվ է, քան արքայությունը, որին ավելի մեծ ցանկությամբ են բաղձում ընտրյալները, քան երկնքի բարիքներին, որովհետև, ցանկանում են ոչ թե վարձատրվել Քրիստոսից, այլ տառապել Քրիստոսի համար։ Եվ առ Քրիստոս ունեցած սիրո պատճառով՝ Քրիստոսի համար չարչարվելն ավելի ախորժական էր, քան Քրիստոսի հետ փառքի մեջ լինելը։ Ինչպես և երանելի Հովհան Ոսկեբերանն է ասում. «Նախընտրում եմ Քրիստոսի համար կապանքների մեջ լինել, քան քերովբեների հետ մերձ լինել Աստծուն»։ Նաև երջանիկ Գրիգոր Աստվածաբանն է գրում. «Որպեսզի չասեմ, թե նույնինքն տքնելն արդեն իսկ վարձատրություն է, որն ամենևին մտքի վաճառականություն չէ», և նաև ընտրյալ Նյուսացի Գրիգորն է այս իմաստով ասում Սողոմոնի «Երգ Երգոց» օրհնության մեկնության մեջ. «Սիրո առաքինության պատճառով է, որ հարսին ունի և ոչ թե որպես վարձատրություն»։ Նաև՝ Աստվածաբանը, ինչպես և Նյուսացին, երեք չափանիշներ են սահմանում արդարության մասին՝ երկյուղի պատճառով, վարձատրության պատճառով և սիրո պատճառով։ Նյուսացին սիրո գերակայությունը բացատրում է ամուսնական մերձավորության օրինակով, ըստ Սողոմոնի, իսկ Աստվածաբանը՝ որդիության օրինակով եռակարգ դասակարգումով. ծառա է կոչում երկյուղով ուղղվածներին, վարձկան՝ հոժարակամ ստացողներին, ապա, առավել քան այս երկուսը, ասում է՝ որդին է հոր հավանածը և ոչ թե վարձկանը։ Արդ, առաջին և մեծ պարգևն այս է՝ առաքինություն ստանալ, և երկրորդը՝ հավիտենական ուրախության արժանանալ, որը Քրիստոսի սիրողները կստանան Նրանից՝ ըստ Նրա անսուտ խոստումի։
ըստ կամաց Նորա յայսմ աշխարհիս եւ արժանաւոր լինելով յաւիտենական եւ երկնային խորանացն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս: Տէ՛ր մեր,
Խնդրանքով է ամփոփում խոսքը՝ տնօրինական անունները հիշելով, որ մեզ համար եղավ և կոչվեց Հիսուս, որ է Փրկիչ (հմմտ. Մատթ. Ա 21, Ղուկ. Ա 31), քանզի փրկեց մեզ մոլորությունից և սատանայական գործերից, մեղքից, անեծքից, մահվանից, ապականությունից և դժոխքից։ Եվ Քրիստոս կոչվեց, որովհետև Հոգով օծվեց և կոչվում է Քրիստոս՝ այսինքն Օծյալ (Ղուկ. Բ 11) եւ նույն Հոգով «մեզ ևս օծեց» (Բ Կորնթ. Ա 21), օծվածներ դարձրեց և անվանեց քրիստոնյաներ։

Կեցո՛, Տէ՛ր:
Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել՝ հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զհրեշտակ խաղաղութեան՝ պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԵՐԳ ԱՂՕԹԱԿԱՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Առաւօ՛տ լուսոյ, Արեգա՛կն արդար, առ իս լո՛յս ծագեա:
Բղխո՛ւմն ի Հօրէ, բղխեա՛ ի հոգւոյս բան Քեզ ի հաճոյս:
Գա՛նձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտո՛ղ զիս արա:
Դուռն ողորմութեան դաւանողիս բա՛ց, դասեցո՛ վերնոցն:
Երրեա՛կ միութիւն, եղելո՛ց խնամող, եւ ի՛նձ ողորմեա:
Զարթիր, Տէ՛ր, յօգնել. զարթո՛ զթմրեալս՝ զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկա՛լ զիս, գթա՛ծ, ընկա՛լ, ողորմա՛ծ, ընկա՛լ, մարդասէ՛ր:
Թագաւո՛ր փառաց, թողութեա՛նց տուող, թո՛ղ ինձ զյանցանս:
Ժողովո՛ղ բարեաց, ժողովեա՛ եւ զիս ժողովս անդրանկաց:
Ի Քէն, Տէ՛ր, հայցեմ, ի մարդասիրէդ, ինձ բժշկութիւն:
Լե՛ր կեանք մեռելոյս, լոյս՝ խաւարելոյս, լուծանող՝ ցաւոյս:
Խորհրդո՛ց գիտող, խաւարիս շնորհեա՛ խորհուրդ լուսաւոր:
Ծնո՛ւնդ Հօր ծոցոյ, ծածկելոյս ստուերաւ ծագեա՛ լոյս փառաց:
Կենարա՛ր Փրկիչ, կեցո՛ զմեռեալս, կանգնեա՛ զգլորեալս:
Հաստեա՛ հաւատով, հաստատեա՛ յուսով, հիմնեցո՛ սիրով:
Ձայնիւս աղաչեմ, ձեռօքս պաղատիմ. ձիր բարեաց շնորհեա՛:
Ղամբարամբ լուսոյ, ղեկավա՛ր ճարտար, ղօղեալս ամրացո՛:
Ճառագա՛յթ փառաց, ճանապա՛րհ ինձ ցոյց՝ ճեպել ի յերկինս:
Միածի՛նդ Հօր, մո՛յծ զիս յառագաստ մաքուր հարսանեացդ:
Յորժամ գաս փառօք յահագին աւուրն, յիշեա՛ զիս, Քրիստո՛ս:
Նորոգո՛ղ հնութեանց, նորոգեա՛ եւ զիս, նորո՛գ զարդարեա:
Շնորհատո՛ւ բարեաց, շնորհեա՛ զքաւութիւն, շնորհեա՛ զթողութիւն:
Ուրախացո՛, Տէ՛ր, ոգւոյս փրկութեամբ, ոյր վասն եմ ի սուգ:
Չար մշակողին չար սերմանց նորին չորացո՛ զպտուղն:
Պարգեւի՛չ բարեաց, պարգեւեա՛ իմոց պարտեացս թողութիւն:
Ջո՛ւր շնորհեա աչացս՝ ջերմ հեղուլ զարտօսր, ջնջել զյանցանս:
Ռետի՛նդ քաղցու, ռամ հոգւոյս արբո՛, ռա՛հ ցոյց ինձ լուսոյ:
Սէ՛ր անուն Յիսուս, սիրով Քով ճմլեա՛ սիրտ իմ քարեղէն:
Վասն գթութեան, վասն ողորմութեան վերստի՛ն կեցո:
Տենչալւոյդ տեսլեամբ տո՛ւր ինձ յագենալ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս:
Րաբո՛ւնդ երկնաւոր, րոտեա՛ զաշակերտս րամից երկնայնոց:
Ցօղ արեան Քո, Տէ՛ր, ցօղեա՛ ի հոգիս, ցնծասցէ անձն իմ:
Ււծեալս մեղօք ւիւծեալ աղաչեմ ւիւսել ինձ բարիս:
Փրկի՛չ բոլորից, փութա՛ զիս փրկել փորձութեանց մեղաց:
Քաւի՛չ յանցանաց, քաւեա՛ զօրհնաբանս՝ Քեզ երգել զփառս:
Սրբուհւոյ Աստուածածնին բարեխօսութեամբ յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:


ԿԱՆՈՆ «Խոստովան», ԳԿ (սաղմոս ՃԶ-ՃԺԸ)
Համբարձաւ Աստուած օրհնութեամբ, եւ Տէր մեր՝ ձայնիւ փողոյ:


ԿԱՆՈՆԱԳԼՈՒԽ


ՍԱՂՄՈՍ ՃԺԸ
Արարի իրաւունս եւ արդարութիւն. ալէլուիա. մի՛ մատներ զիս ի ձեռս նեղչաց իմոց. ալէլուիա:
Ընկա՛լ զծառայս Քո ի բարի, զի մի՛ ամբարտաւանք զզուեսցեն զիս:
Սպասեցին աչք իմ փրկութեան Քում, Տէ՛ր, եւ բանից արդարութեան Քո:
Արա՛ ընդ ծառայի Քում, Տէ՛ր, ըստ ողորմութեան Քում. զարդարութիւնս Քո ուսո՛ ինձ:
Ծառայ Քո եմ ես. իմաստո՛ւն արա զիս, եւ ծանեայց զվկայութիւնս Քո:
Ժամ է պաշտել զՏէր. խափանեցին զօրէնս Քո:
Փոխ. Մերձեսցին խնդրուածք իմ առաջի Քո, Տէ՛ր. ըստ բանի Քում իմաստո՛ւն արա զիս. ալէլուիա, ալէլուիա:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, եւ բանիւ Քով փրկեա՛ զիս:
Բղխեսցեն շրթունք իմ զօրհնութիւնս Քո, յորժամ ուսուսցես ինձ զարդարութիւնս Քո:
Խօսեսցի լեզու իմ զբանս Քո, զի ամենայն պատուիրանք Քո արդարութեամբ են:
Եղիցի ձեռն Քո ի կեցուցանել զիս, զի զպատուիրանս Քո ընտրեցի:
Ցանկացայ փրկութեան Քում, Տէ՛ր, եւ օրէնք Քո խօսք իմ էին:
Կեցցէ անձն իմ, օրհնեսցէ զՔեզ, եւ իրաւունք Քո օգնեսցեն ինձ:
Մոլորեցայ ես որպէս զոչխար կորուսեալ. խնդրեա՛ զծառայս Քո, զի զպատուիրանս Քո ես ոչ մոռացայ:
Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:

ՇԱՐԱԿԱՆ ՀԱՆԳՍՏԵԱՆ


Հանգստեան գկ.

(Տրյ. Հանգստեան գկ. Ա.)


Լո՛յս ի Լուսոյ, զմեզ լուսաւորեա՛. որ փառօք Հօր հանդերձեալ ես գալ ի դատել զերկիր, արժանաւորեա՛ եւ զմեր զննջեցեալսն անճառ խոստմանց Քոց ընդ սուրբս Քո։
Հօր եւ Հոգւոյ Համագոյակի՛ց, ի տիեզերական ահեղ ատենին արժանաւորեա՛ եւ զմեր զննջեցեալսն անճառ խոստմանց Քոց ընդ սուրբս Քո։
Երկնի եւ երկրի արդար Դատաւո՛ր, յորժամ հատուցանես ըստ գործոց իւրաքանչիւրոց, արժանաւորեա՛ եւ զմեր զննջեցեալսն անճառ խոստմանց Քոց ընդ սուրբս Քո։

(Տրյ. Հանգստեան գկ. Բ.)


Որ արարիչդ ես հրեղինաց եւ հողեղինաց եւ մշտնջենաւոր փառաբանիս ի բանաւոր պաշտօնէիցս, ի Քէն հայցեմք. թողութի՛ւն շնորհեա ննջեցելոց մերոց։
Որ ի յերկրի երեւեցար եւ ընդ մարդկան բնակեցար եւ զանմահութիւն պարգեւեցեր մեզ՝ մահացելոցս, ի Քէն հայցեմք. թողութի՛ւն շնորհեա ննջեցելոց մերոց։
Յորժամ նստիս յաթոռ փառաց դատողական իշխանութեամբ եւ փառաւորես առ ի Քէն փառօք զգինս արեան Քո, Տէ՛ր, ի Քէն հայցեմք. թողութի՛ւն շնորհեա ննջեցելոց մերոց։

(Տրյ. Հանգստեան գկ. Գ., 1-2 տներ)


Որ անբաւ Քո մարդասիրութեամբդ գթացար յազգս մարդկան, ծնար ի Կուսէն, զծնեալս սուրբ աւազանաւն՝ զննջեցեալսն մեր, ընդ սուրբս Քո հանգո՛, Թագաւո՛ր յաւիտենից։
Որ ի վերայ խաչին զենար որպէս գառն եւ զմարմին եւ զարիւնդ Քո բաշխեցեր ի փրկութիւն աշխարհի, զհաղորդեալս մարմնոյ Քո եւ արեան՝ զննջեցեալսն մեր, ընդ սուրբս Քո հանգո՛, Թագաւո՛ր յաւիտենից։

(Օրհ. Մեծի պահոց Գ կիւրակէի գկ. Ա.)


Օրհնեմք զՔեզ, անսկիզբն Հա՛յր Որդւոյդ Միածնի, զՈր առաքեցեր ի դարձումն մոլորեալ ոչխարին, դարձո՛ եւ զմեզ ի մեղաց Որդւոյ Քո չարչարանօք:
Գովեմք զՔեզ, Բա՛ն եւ Լո՛յս, որ զտիրական Քո պատկեր լուսով ճրագի Քո գտեալ՝ վերականգնեցեր, կանգնեա՛ զանկեալքս մեղօք Քոյին սուրբ չարչարանօք:
Բարեբանեմք զՓառակիցդ Հօր՝ զՀոգիդ ճշմարիտ, որ նորոգեցեր զհնացեալքս մեղօք հնոյն Ադամայ. նորոգեա՛ եւ զմեզ ի մեղաց նորոգութեամբ Քո շնորհաց:
Ուրախացի՛ր, Բարձրելոյն հովանացեա՛լ զօրութեամբ եւ բնակարա՛ն Սուրբ Հոգւոյն, Որով ծնար զԲանն Աստուած. բարեխօսեա՛ վասն մեր, Աստուածածի՛ն Մարիամ:

(Ողր. ապաշխարութեան գկ. Ա.)


Քրիստոս Աստուա՛ծ աստուծոց, ողորմեա՛:
Անօրէնութեամբ ի մեղս երկնեաց զիս մայր իմ. աղաչեմ, Փրկի՛չ, ողորմեա՛:
Վիրաւորեալ մեղօք անկանիմ առ Քեզ, Փրկի՛չ. մի՛ անտես առներ, ողորմեա՛:

(Ողր. Մեծի պահոց Դ կիւրակէի գկ.)


Շնորհեա՛ մեզ, Տէ՛ր, ընդ աղքատաց օրինակին Ղազարու ժուժկալութիւն, զի կամաւոր աղքատութեամբ արքայութեանդ երկնից ընդ նմին լիցուք արժանի. լո՛ւր մեզ եւ ողորմեա՛, Քրիստո՛ս Աստուած:
Որ փոխանակ հացին կարօտութեան զհացն անմահութեան նմա շնորհեցեր եւ ընդ մեծատանն անգթութեան ի գոգն Աբրահամու զնա ընկալար, լո՛ւր մեզ եւ ողորմեա՛, Քրիստո՛ս Աստուած:
Լուսաւորեա՛ զաչս սրտից՝ ստանալ մեզ ողորմութեամբ ի Քէն, Տէ՛ր, զողորմութիւն, զի մի՛ ընդ մեծատանն հայցեսցուք ի բոց հնոցին ծագիւ մատին ջուր ի զովացումն. լո՛ւր մեզ եւ ողորմեա՛, Քրիստո՛ս Աստուած:

(Ողր. Յարութեան գկ. Գ.)


Որ տրտմահաղորդ Քո չարչարանօք խաչին ազատեցեր զմարդն ի տրտմազգեաց փայտէն եւ ի մեղսաճաշակ պտղոյն, Քրիստո՛ս Աստուած, եւ մե՛զ ողորմեա:
Որ մահուամբ Քո կենդանի եւ մեռելութեամբդ յերկրի նորոգեցեր դարձեալ զաշխարհս եւ զհողացեալ բնութիւնս, Քրիստո՛ս Աստուած, եւ մե՛զ ողորմեա:
Որ երեքօրեայ յարութեամբ Քո եւ համբարձմամբդ յերկինս վերածեր զմարդն առ կենաց փայտն եւ յանմահական ճաշակն, Քրիստո՛ս Աստուած, եւ մե՛զ ողորմեա:

(Օրհ. Հոգեգալստեան Ե աւուր գկ. Ա.)


Զանսկզբնաբար Բղխումն ի Հօրէ՝ զՀոգին ճշմարիտ, որ հնչմամբ ձայնի էջ ի վերնատունն այսօր նման սաստիկ հողմոյ, զՈր փառաւորեմք հոգեւոր երգով:
ԶՀամագոյակիցն Հօր եւ Որդւոյ՝ զԲաշխողն շնորհաց, որ ի հրեղէն լեզուս բաժանեալ զբանն ընտրութեան լեզուաց շնորհեաց սուրբ առաքելոցն, զՈր փառաւորեմք հոգեւոր երգով:
ԶԱղբիւրն իմաստութեան՝ զԿատարեալն անձնաւորութեամբ, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս, զՈր փառաւորեմք հոգեւոր երգով:

(Ճշ. Աւետեաց սուրբ Աստուածածնին գկ.)


Աստուածածի՛ն, խորա՛ն Լուսոյ անվայրափակ Արփւոյն կենաց, որ եղեր արեւելք Արեգականն արդարութեան եւ նստելոցս ի խաւարի լոյս ծագեցեր. վասն որոյ ամենեքեան զքեզ միշտ մեծացուցանեմք:
Անապական տաճա՛ր եւ մորենի՛ անկիզելի, որ զանշէջ հուր Աստուածութեանն ի քեզ տարեալ կրեցեր, որով բնութեանս կիզեալ շիջաւ կրից բոց. վասն որոյ ամենեքեան զքեզ միշտ մեծացուցանեմք:
Կենդանի տապանա՛կ կտակարանաց նորոյ ուխտիս, որով ելք յերկիր աւետեաց հորդեալ Հոգւով ի քեզ տպաւորեալ Բանին. վասն որոյ ամենեքեան զքեզ միշտ մեծացուցանեմք:

(Տրյ. Խաչվերացի ուրբաթու գկ.)


Ո՛վ պահապան, որ ծագեցար յԵդեմայ՝ նշան յաղթութեան ընդդէմ աներեւոյթ թշնամւոյն:
Դու՝ փակելոյ դրախտին բացող եւ առաջնորդ աւազակին, որ զբոցեղէն սուրն կապտեաց Անեղին հրամանաւ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:

Քեւ ցնծան ստորայինքս ամենայն ի միւսանգամ Քո գալստեանն, եւ յաւէժ զուարճանան դասք անմարմնոցն առ էիցս:

Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Տրյ. Հանգստեան գկ. Գ., 3-րդ տուն)


Որ ըստ նմանութեան մահու Քո տնկակից արարեր եւ երկնից արքայութեանդ ժառանգորդ լինել խոստացար, զհաւատացեալս գալստեան Քո, Տէ՛ր, զննջեցեալսն մեր ընդ սուրբս Քո հանգո՛, Թագաւո՛ր յաւիտենից։

ՍԱՂՄՈՍ ՃԱ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց. աղաղակ իմ առ Քեզ եկեսցէ, մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն:
Յաւուր նեղութեան իմոյ խոնարհեցո՛ առ իս զունկն Քո. յորում աւուր կարդամ առ Քեզ, վաղվաղակի լո՛ւր ինձ:
Սպառեցան որպէս ծուխ աւուրք իմ, եւ ոսկերք իմ որպէս խռիւ չորացան:
Հարաւ որպէս խոտ եւ ցամաքեցաւ սիրտ իմ, մոռացայ ուտել զհաց իմ ի ձայնէ հեծութեան իմոյ:
Կցեցաւ ոսկր իմ ի մարմին իմ, նմանեցայ ես հաւալսան յանապատի:
Եղէ ես որպէս բու յաւերակի, տքնեցայ եւ եղէ ես որպէս ճնճղուկ միայն ի տանիս:
Նախատեցին զիս թշնամիք իմ զօրհանապազ, եւ գովիչք իմ ինեւ երդնուին:
Զմոխիր որպէս զհաց կերայ եւ զըմպելին իմ արտասուօք խառնեցի:
Յերեսաց բարկութեան սրտմտութեան Քո, զի Դու բարձրացուցեր եւ խոնարհեցուցեր զիս:
Աւուրք իմ որպէս հովանի անցին, եւ ես որպէս խոտ ցամաքեցայ:
Դու, Տէ՛ր, յաւիտեան կաս, եւ յիշատակ քո ազգէ մինչեւ յազգ:
Դու յարուցեալ գթասցիս ի վերայ Սիոնի. ժամանակ գթալոյ նորա, հասեալ է ժամ:

ԱՒԵՏԱՐԱՆ ՏԱՃԱՐԻ
(ԱԿ, ԳԿ)

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Ղուկասու
(գլ. 21.5-19)

Առ Տէրն մեր Յիսուս Քրիստոս

Եւ յասել ոմանց զտաճարէն, թէ գեղեցիկ վիմօք եւ աշտարակօք զարդարեալ է, ասէ.
«Զայդ ամենայն, զոր տեսանէք, եկեսցեն աւուրք, յորս ոչ թողցի այդր քար ի քարի վերայ, որ ոչ քակտեսցի»:
Հարցին ցՆա եւ ասեն. «Վարդապե՛տ, ե՞րբ լինիցի այդ, եւ զի՞նչ նշան իցէ, յորժամ այդ լինելոց իցէ»:
Եւ Նա ասէ. «Զգո՛յշ կացէք, մի՛ խաբիցիք, զի բազումք գայցեն յանուն Իմ եւ ասիցեն, թէ՝ Ես եմ, եւ մերձեցաւ ժամանակ. մի՛ երթայցէք զկնի նոցա:
Եւ յորժամ լսիցէք պատերազմունս եւ խռովութիւնս, մի՛ զարհուրիցիք, զի պարտ է նախ այնմ լինել, այլ ոչ՝ առժամայն կատարած»:
Յայնժամ ասէ ցնոսա. «Յարիցէ ազգ յազգի վերայ, եւ թագաւորութիւն ի թագաւորութեան վերայ. եւ շարժմունք մեծամեծք եւ ի տեղիս տեղիս սովք եւ սրածութիւնք. եղիցին արհաւիրք եւ նշանք մեծամեծք յերկնից:
Բայց յառաջ քան զայս ամենայն մխեսցեն զձեռս իւրեանց ի ձեզ եւ հալածեսցեն. մատնեսցեն ի ժողովուրդս եւ ի բանտս եւ տանիցին առաջի դատաւորաց եւ թագաւորաց վասն անուան Իմոյ. եւ լինիցի ձեզ այն ի վկայութիւն:
Արդ, դի՛ք ի սիրտս ձեր՝ մի՛ յառաջագոյն կրթել տալոյ պատասխանի:
Զի Ես տաց ձեզ բերան եւ իմաստութիւն, որում ոչ կարիցեն կալ հակառակ կամ տալ պատասխանի ամենայն հակառակորդքն ձեր:
Մատնեսջիք եւ ի ծնողաց եւ յեղբարց եւ յազգականաց եւ ի բարեկամաց, եւ սպանանիցեն ի ձէնջ, եւ եղիջիք ատեցեալք յամենեցունց վասն անուան Իմոյ:
Եւ մազ մի ի գլխոյ ձերմէ ոչ կորիցէ:
Եւ համբերութեամբ ձերով ստասջիք զոգիս ձեր»:

ԵՐԳ ՏԵԱՌՆ ՆԵՐՍԵՍԻ
(ասացեալ առ ի Քրիստոս ննջեցելոց)

(ԱԿ, ԳԿ)

Ճանապա՛րհ մոլորելոց
Եւ ճառագա՛յթ խաւարելոց,
Հրաւիրեցեր զորդիս լուսոյ
Ի յերկնային հարսանիս Քո.
Ընդ զուարճալից անդ ժողովոց
Արժանացո՛ զսա դասուց,
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Մերով բնութեամբ, զոր զգեցար,
Ի փայտ խաչին բեւեռեցար՝
Լուծանելով զմեզ ի մեղաց
Ի նախահօրն կապանաց.
Լո՛յծ եւ զսա ի յանցանաց
Վասն Քո սուրբ չարչարանաց.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Յետ կամաւոր մահու խաչի
Եդար ի նոր գերեզմանի,
Երեքօրեայ թաղմամբ յերկրի
Նոր ստեղծեր զմեզ կենդանի.
Զիջեալս ընդ Քեզ ի հող մահու
Վերակոչեա՛ ձայնիւ փողոյ.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Նստեալ կանանցն իւղաբերից
Եւ ողբային արտասուալից
Իբր զմեռեալ անյուսալից
ԶԿենդանիդ յաւիտենից.
Վասն նոցին սուրբ արտասուաց
Մաքրեա՛ զսա ի յանցանաց.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Շարժեալ հիմանցն դժոխոց
Ի տեսանել զՔեզ ներքնոց՝
Հաներ զհոգիսն, որ ի բանտին՝
Կապեալ զիշխանն մահածին.
Ընդ հանգուցեալ հոգիս սրբոց
Հանգո՛ զհոգիս ննջեցելոց.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Ուրախութեամբ զօրք երկնային
Յերկնից յերկիր իջանէին,
Յորժամ յարեար ի մեռելոց,
Լոյս ծագեցար արարածոց.
Սուրբ յարութեամբ Քով կենարար
Յարո՛ զսա ի կեանս անմահ.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Չհանդուրժեալ պահապանացն
Ի յերկիւղէ երկնաւորացն,
Որք աւետիս տային կանանց,
Թէ մահ լուծաւ մահկանացուաց.
Սա, որ մահու Քո տնկակից,
Լիցի կենացդ հաղորդակից.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Պարակցեալ անմարմնականքն
Առ կենսատու սուրբ գերեզմանն՝
Տան աւետիս ազգի մարդկան
Վասն կենացն յաւերժական.
Դասաւորեա՛ պարուց նոցին
Զննջեցեալս յօրն վերջին.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Ջահաւորեալ նշան խաչին
Յարեւելից փայլեալ ծագին,
Հաւատացեալքն ի Քեզ բերկրին,
Եւ ուրացողքն կոծեսցին.
Զերկրպագուս սրբոյ խաչին
Պայծառացո՛ լուսով նորին.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

ԵՐԳ
Ուրախացան ազգք մարդկան,
Յորժամ լուան զՔո յարութիւնդ,
Նորափետուր զարդարեցան
Ի յարութեան սուրբ Միածնիդ.
Ողորմա՛ծ Տէր, ողորմեա՛
Հոգւոցն մեր ննջեցելոց:

ՄԱՂԹԱՆՔ
Հոգւոցն հանգուցելոց, Քրիստո՛ս Աստուած, արա՛ հանգիստ եւ ողորմութիւն. եւ մեզ՝ մեղաւորացս, շնորհեա՛ զթողութիւն յանցանաց:

ՔԱՐՈԶ
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Վասն հանգուցեալ հոգւոցն աղաչեսցուք զՓրկիչն մեր Քրիստոս, զի զնոսա ընդ արդարսն դասեսցէ եւ զմեզ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ:
Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
Քրիստոս Որդի՛ Աստուծոյ, անոխակա՛լ եւ բարեգո՛ւթ, գթա՛ Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Յիշեա՛ յաւուր մեծի գալստեան արքայութեան Քո: Արա՛ արժանի ողորմութեան, քաւութեան եւ թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս Քո յաջակողմեան դասուն, զի Դու ես Տէր եւ Արարիչ ամենեցուն, Դատաւոր կենդանեաց եւ մեռելոց. եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

ՄԱՂԹԱՆՔ
Քրիստոս Աստուա՛ծ մեր, Քո սուրբ հրաշափառ յարութեանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ:

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՇԱՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ


Աւագ օրհնութիւն յարութեան գկ.

(Աւագ օրհ. գկ. Ա.)


Երգեցէ՛ք Տեառն երգ նոր ձայնիւ ցնծութեամբ, որ խոնարհեցաւ ի հայրական ծոցոյ՝ փրկել զարարածս. օրհնութի՜ւնք Նմա յաղթական երգով:
Որ բաժանեաց զծով աշխարհի խաչին խորհրդով եւ ազատեաց յանմարմին փարաւոնէ զնորս Իսրայէլ, օրհնութի՜ւնք Նմա յաղթական երգով:
Աստուածածի՛ն, սի՛ւն լուսոյ, ա՛մպ հովանաւոր եւ բնակարա՛ն Բանին, որ բանիւ հովուէր զԻսրայէլ, բարեխօսեա՛ Նմա վասն անձանց մերոց:

(Աւագ օրհ. գկ. Բ.)


Նայեցարո՛ւք, ժողովո՛ւրդք, ի սքանչելիս փրկութեան մերոյ, որ մարդասիրապէս Բանն ի Հօրէ որպէս ցօղ խոնարհեալ յերկիր. տո՛ւք օրհնութիւն Տեառն Աստուծոյ մերոյ:
Որ զանարատ բազուկս Իւր Միածինն տարածեաց ի վերայ խաչին եւ զբաժանեալ որդիսն Ադամայ ժողովեաց ընդ թեւօքն Իւրովք, տո՛ւք օրհնութիւն Տեառն Աստուծոյ մերոյ:
Զանապական Կոյսն Մարիամ՝ Աստուածածին խոստովանի սուրբ Եկեղեցի. ուստի տուաւ հացն անմահութեան եւ բաժակ մեզ ուրախարար, տո՛ւք օրհնութիւն Տեառն Աստուծոյ մերոյ:

(Աւագ օրհ. գկ. Գ.)


Որ զհուր Աստուածութեան Քո, Քրիստո՛ս, բորբոքեցեր ընդ տիեզերս ամենայն՝ բոցակիզեալ զբռնութիւն թշնամւոյն:
Ի յայգւոյն անմահութեան Եդեմայ ճաշակեցին դասք առաքելոցն. զբաժակ կենաց Քոց, Տէ՛ր, եւ մեզ արբուցին:
Զտաճար անապական Բանին Հօր բարեբանեն դասք հոգեղինացն. գովեմք եւ մեք՝ ձայնակցելով երկնայնոցն:

(Աւագ օրհ. գկ. Դ.)


Որ յանսկզբնական Հօրէ ծնեալ նախ քան զյաւիտեանս Որդի եւ ծանուցար մարգարէիւք Աստուած՝ ընդ Հօր գոլով, զՔեզ օրհնեմք՝ զԵկեալդ ի փրկութիւն արարածոց Քոց, Տէ՛ր:
Որ ի խաչին մարմնով պատարագեալ՝ հեղեր զարիւն Քո սուրբ եւ արբուցեր զնետ Քո յարեան խարդախողին մերոյ, զՔեզ օրհնեմք՝ զԵկեալդ ի փրկութիւն արարածոց Քոց, Տէ՛ր:
Որ զհուրն Աստուած ի քեզ կրեցեր, մորենի՛ անկիզելի, դառնաճաշակ պտղոյն քաղցրացուցի՛չ՝ անճառելի քոյին ծննդեամբդ, ի քէն հայցեմք. մաղթեա՛ փրկել զմեզ ի հրոյն յաւիտենից:

(Աւագ օրհ. գկ. Ե.)


Հաստատեցան սիրտք մեր առ Քեզ, փառա՛ց Թագաւոր, որ ի յերկնից խոնարհեալ իջեր՝ փրկել զարարածս:
Պահեա՛ զմեզ նշանաւ յաղթող խաչի Քո, Քրիստո՛ս, յոր բարձրացար կամաւ Հօր, բարձեր զանէծս Ադամայ:
Որ զնախամօրն զյանցանս լուծեր ծննդեամբ քո, սո՛ւրբ Կոյս, բարեխօսեա՛ անդադար վասն մերոյ փրկութեան:

(Աւագ օրհ. գկ. Զ.)


Լո՛յսդ, որ ընդ Հօր նախ քան զյաւիտեանս, եկիր լուսաւորել զխաւար մեղաց աշխարհի՝ ծագել ի սմա զլոյս հրամանի. առ Քեզ հոգի իմ առաւօտէ:
Կեա՛նք ի կենաց եւ Յո՛յս յարութեան, որ արարեր խաչիւ Քո զխաղաղութիւն յերկինս եւ յերկրի, տո՛ւր մեզ, Տէ՛ր, զՔո զխաղաղութիւնդ, որպէս սրբոց Քոց առաքելոց:
Զմայրդ Լուսոյ՝ Բանին Աստուծոյ, որ եղեր արեւելք Արեգականն ի մեզ ծագողին, բարեխօս ունիմք փրկել զմեզ ի փորձութենէ:

(Աւագ օրհ. գկ. Է.)


ԶԵզեկիային Քեզ մաղթեմ, Փրկի՛չ, որ կենարար բանիւ Քո լուծեր զերկունս մահու. փարատեա՛ եւ զիմ զհիւանդութիւնս. Յո՛յս կենդանութեան մեր, կեցո՛ զմեզ:
Որ անմահարար Քո մեռելութեամբն աւերելով զդրունս դժոխոց՝ մեռուցեր զմահ, կենագործեա՛ եւ զիս՝ զմեղօք զմեռեալս. Յո՛յս կենդանութեան մեր, կեցո՛ զմեզ:
Մաքուր եւ անբիծ Կո՛յս յետ ծննդեան, որ մարմնով ծնար զԱրձակողն ի կապից մահու, բարեխօ՛ս լեր վասն անձանց մերոց փրկել ի սպառնալեաց գեհենոյն:

(Աւագ օրհ. գկ. Ը.)


Զփառաւորեալն ի հրեշտակաց՝ զԱմենասուրբ զԵրրորդութիւնն օրհնեցէ՛ք ի սրբութեան Նորա, դա՛սք հողեղինաց, յօրհնութիւն ի նոր:
ԶՅաղթողն ի մարտ պատերազմի դիմեալ կամաւ ի մահ խաչին գովեցէ՛ք, որ էառ աւար, բաշխեաց որդւոց մարդկան բարձրացեալ փողով:
Ուրախութիւն երկնի եւ երկրի՝ ամպ թեթեւ ցօղեալ ի մեզ զԱրդարութիւն. բարեբանեմք զԲղխեալն ի քէն մարմնով՝ յարմատոյն յԵսսեայ գաւազան ծաղկեալ:

(Աւագ օրհ. գկ. Թ.)


Ընդ Յովնանու անձն իմ ծփեալ յալիս մեղաց ծովու. աղաղակեմ ի նեղութեան իմում առ Փրկողդ եւ Յոյս, լո՛ւր ձայնի իմում:
Որ փրկեցեր զմարգարէն յորովայնէ կիտին, ապրեցո՛ եւ զըմբռնեալս ի ժանեաց չար վիշապին կենարար խաչիւդ:
Բարեխօսեա՛ առ Միածինն յարուցեալ ի մեռելոց, մա՛յր Աստուծոյ, փրկել զանձինս մեր ի յաւիտենից ի հրոյն, աղաչեմք զքեզ:

(Աւագ օրհ. գկ. Ժ.)


Որ յանքնին ծոցոյ Հօր խոնարհեալ Որդի, երեւեցար ի մէջ երկուց կենդանեացն, զոր նախագուշակ տեսլեամբ ծանոյց մարգարէն:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:

Որ յաթոռս հրակերպեանս բազմէիր ընդ Հօր, բարձրացար կամաւ ի կառս խաչին եւ հեծելութեամբն Քո ազատեցեր զգերեալսն:

Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Որ կուսական ծննդեամբ ի փրկութիւն յայտնեալ եւ առաքեցեր զերիվարս Քո քարոզս՝ աւետարանել զկենսաբեր յարութիւնդ:

ՄԱՂԹԱՆՔ
Փա՜ռք հրաշափառ յարութեան Քո, Տէ՛ր. զօրհնեալ եւ զփառաւորեալ, զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնն Քո սուրբ օրհնեմք եւ փառաւորեմք:
Մարդասէ՛ր Տէր, վասն սրբուհւոյ անարատի մօր Քո եւ Կուսի եւ վասն խաչի Քո պատուականի ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:

ՔԱՐՈԶ
(ԱԿ, ԳԿ)
Վասն ուղղելոյ զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն ցրելոյ ի մէնջ զամենայն խորհուրդս չարին զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն պարգեւելոյ մեզ առողջ խորհուրդս եւ առաքինի վարս զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն պահելոյ զմեզ ընդ հովանեաւ ամենազօր աջոյն Իւրոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն հոգւոցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին, զՏէր աղաչեսցուք:
Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
(ԱԿ, ԳԿ)
Տէ՛ր երկնի եւ երկրի, Արարի՛չ ամենայն արարածոց՝ երեւելեաց եւ աներեւութից, առ Քեզ կարդամք յամենայն ժամ, զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Քո, եւ արքայութիւն Քո ամենեցուն տիրէ: Շնորհեա՛ մեզ երկիւղիւ ի պաշտօն Քո կանխել հանապազ, սիրել զՔեզ ի բոլոր սրտէ եւ ի բովանդակ մտաց եւ յամենայն զօրութենէ մերմէ պահել զպատուիրանս Քո, համբառնալ առ Քեզ զձեռս մեր ի սրբութիւն՝ առանց բարկութեան եւ երկմտութեան, եւ գտանել ի Քէն զշնորհս եւ զողորմութիւն եւ զառաքինասէր գործոցն յաջողութիւն: Վասն զի Դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Քում ամենազօր եւ յաղթող տէրութեանդ կրկնի ամենայն ծունր յերկրպագութիւն, եւ փառաւորի յամենեցունց թագաւորութիւն Քո: Նայեա՛ յերկրպագութիւնս մեր եւ ուսո՛ մեզ առնել զարդարութիւն ճշմարտութեան: Վասն զի Դու ես Աստուած խաղաղութեան, որ բարձեր զթշնամութիւն ի միջոյ եւ արարեր զխաղաղութիւն յերկինս եւ յերկրի, հեռաւորաց եւ մերձաւորաց աւետարանեցեր զնոր պարգեւս Քոյին բարեացդ. որում եւ զմեզ մեծի շնորհացդ արժանաւորս արասցես՝ դասելով ընդ ճշմարիտ երկրպագուս Քո, Աստուա՛ծ մեր եւ Տէ՛ր մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստո՛ս, որ ես օրհնեալ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Օրհնեցէ՛ք, մանկո՛ւնք, զՏէր եւ օրհնեցէ՛ք զանուն Տեառն: Եղիցի անուն Տեառն օրհնեալ յայսմ հետէ մինչեւ յաւիտեան:
Փոխ. Ալէլուիա: Կենդանի է Տէր, եւ օրհնեալ է Աստուած. եւ բարձր եղիցի Աստուած փրկութեան իմոյ: Աստուած է, որ խնդրէ զվրէժ իմ եւ հնազանդ առնէ զժողովուրդս ընդ ինեւ:
Փա՜ռք եւ երկրպագութի՜ւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՄԱՂԹԱՆՔ
(ԱԿ, ԳԿ)
Յերգս օրհնութեան եւ ի ձայն սաղմոսաց անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

 
sacredtradition.am