Home    Library    Multimedia    Calendar    Projects    
հայերեն  русский    
CHURCH CALENDAR
CHURCH CALENDAR / LITURGY OF HOURS / MIDNIGHT TIME (MATINS)
25 August 2019y. Sunday
Second Sunday after the Assumption

Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ,
որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօր Աստուծոյ



Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ Գ
Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ, եւ բազումք յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ «Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր»:
Այլ Դու, Տէ՛ր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ Իւրմէ:
Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ, եւ Տէր ընդունելի իմ է:
Ոչ երկեայց ես ի բիւրաւոր զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս:
Արի՛, Տէ՛ր, եւ փրկեա՛ զիս, Աստուա՛ծ իմ. զի Դու հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Տեառնդ է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան Քո՝ օրհնութիւն Քո:

ՍԱՂՄՈՍ ՁԷ
Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ,
Զի լցաւ չարչարանօք անձն իմ, եւ կեանք իմ ի դժոխս մերձեցան, եւ համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի եւ ի մեռեալս ազատ:
Որպէս զվիրաւորս, որք ննջեն ի գերեզմանի:
Զորս Դու ոչ յիշեցեր, նոքա ի ձեռանէ Քումմէ մերժեցան:
Եդին զիս ի գբի ներքնումն՝ ի խաւարի եւ ի ստուերս մահու:
Յիս հաստատեցաւ սրտմտութիւն Քո, զամենայն զբօսանս Քո ածեր ի վերայ իմ:
Հեռի արարեր յինէն զծանօթս իմ, եւ եդին զիս նշաւակ իւրեանց:
Մատնեցայ եւ ոչ ելանէի, աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Մի՞թէ մեռելոց առնիցես զսքանչելիս Քո, կամ բժիշկք յարուցեալ խոստովան առնիցի՞ն առ Քեզ:
Մի՞թէ պատմեսցէ ոք երբեք ի գերեզմանի զողորմութիւնս Քո կամ զճշմարտութիւնս Քո` ի կորստեան:
Մի՞թէ ճանաչիցին ի խաւարի սքանչելիք Քո, կամ արդարութիւն Քո` յերկիր մոռացեալ:
Ես առ Քեզ, Տէ՛ր, աղաղակեցի. առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ Քեզ:
Ընդէ՞ր, Տէ՛ր, մերժես զանձն իմ կամ դարձուցանես զերեսս Քո յինէն:
Տնանկ եւ վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ. ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ապշեցայ:
Յիս հաստատեցաւ բարկութիւն Քո, արհաւիրք Քո խռովեցուցին զիս,
Շրջեցան զինեւ որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ վասն թշուառութեան իմոյ:

ՍԱՂՄՈՍ ՃԲ
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր, եւ ամենայն ոսկերք իմ՝ զանուն սուրբ Նորա:
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր եւ մի՛ մոռանար զամենայն տուրս Նորա.
Ո քաւէ զմեղս քո, բժշկէ զամենայն հիւանդութիւնս քո.
Ո փրկէ յապականութենէ զկեանս քո, պսակէ զքեզ ողորմութեամբ եւ գթութեամբ.
Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո, նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո:
Առնէ ողորմութիւնս Տէր եւ իրաւունս ամենայն զրկելոց:
Եցոյց Տէր զճանապարհս Իւր Մովսիսի եւ որդւոցն Իսրայելի զկամս Իւր:
Գթած, ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ:
Ոչ ի սպառ բարկանայ Տէր եւ ոչ յաւիտեան պահէ ոխս:
Ոչ ըստ մեղաց մերոց արար մեզ եւ ոչ ըստ անօրէնութեան մերում հատոյց մեզ.
Այլ որպէս բարձր են երկինք յերկրէ, այնպէս զօրացոյց Տէր զողորմութիւն Իւր ի վերայ երկիւղածաց Իւրոց:
Որչափ հեռի են արեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր:
Որպէս գթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս գթասցի Տէր յերկիւղածս Իւր.
Զի Նա գիտաց զստեղծուածս մեր եւ յիշեաց, թէ հող եմք:
Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ:
Շնչէ ի նմա հողմ, եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա:
Բայց ողորմութիւն Տեառն յաւիտեանս յաւիտենից ի վերայ երկիւղածաց Իւրոց, եւ արդարութիւն Նորա յորդւոց մինչեւ յորդիս,
Ոյք պահեն զուխտս Նորա, յիշեն զպատուիրանս Նորա եւ առնեն զնա:
Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ Իւր, արքայութիւն Նորա ամենեցուն տիրէ:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն հրեշտա՛կք Նորա՝ հզօրք զօրութեամբ, ոյք առնէք զբան Նորա ի լսել ձայնի պատգամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն զօրութի՛ւնք Նորա, պաշտօնեա՛յք եւ արարո՛ղք կամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն գո՛րծք Նորա. զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Նորա. օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր:

ՍԱՂՄՈՍ ՃԽԲ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով:
Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի:
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ:
Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ:
Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի:
Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ:
Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԵՐԳ ԳԻՇԵՐԱՅԻՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Յիշեսցուք ի գիշերի զանուն Քո, Տէ՛ր:
Բղխեսցեն սիրտք մեր զբան բարի, եւ լեզուք մեր պատմեսցեն զգործս երկնաւոր Թագաւորիդ:
Ի մէջ գիշերի յարուցեալ՝ խոստովանեսցուք զՔեզ, Տէ՛ր:
Զաղօթս մեր տացուք Քեզ, Տէ՛ր, ի գաւիթս Քո ի մէջ նոր Երուսաղեմի:
Ի գիշերի համբարձցուք զձեռս մեր սրբութեամբ առ Քեզ, Տէ՛ր:
Ի ձայն գոհութեան, ամենա՛յն հոգիք, օրհնեցէ՛ք զՏէր:
Փոխ. Զարթի՛ք, փա՛ռք իմ, զարթի՛ք, եւ ես զարթեայց առաւօտուց. ալէլուիա:
Զարթի՛ք ընդ զուարթունս, մանկու՛նք վերինն Սիոնի. ալէլուիա:
Զարթի՛ք, որդի՛ք լուսոյ, ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալէլուիա:
Զարթի՛ք, փրկեա՛լք արեամբ, եւ տո՛ւք զփառս Փրկողին. ալէլուիա:
Զարթի՛ք, նո՛ր ժողովուրդք՝ նոր երգս առեալ Նորոգողին. ալէլուիա:
Զարթի՛ք, հարսո՛ւնք հոգւով՝ սպասեալք գալոյ սուրբ Փեսային. ալէլուիա:
Զարթի՛ք, վառեա՛լք լուսով, ըստ իմաստուն սուրբ կուսանացն. ալէլուիա:
Զարթի՛ք, պատրաստեցէ՛ք իւղ լապտերաց ջերմ արտասուս. ալէլուիա:
Զարթի՛ք եւ մի՛ ննջէք, նման յիմար կուսից նիրհէք. ալէլուիա:
Զարթի՛ք, երկիր պագցուք եւ արտասուօք զայս ասասցուք. ալէլուիա:
Փոխ. Զարթի՛ր, ընդէ՞ր ննջես, Տէ՛ր, մի՛ մերժեր զմեզ ի սպառ:
Արի՛, Տէ՛ր, օգնեա՛ մեզ. տացուք անուանդ Քում զփառս:
Այժմ եւ յաւէտ Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյն. ամէն:
Փոխ. Զարթուցեալքս ի զբաղմանէ գիշերային հանգստենէ:
Շնորհեսցէ մեզ մարդասէր Տէր մխիթարութիւն եւ ի սփոփանս Եկեղեցւոյ:
Ահիւ եւ դողութեամբ կացցուք ի յաղօթս:
Եկեալ խոստովանեսցուք զյանցանս:
Եւ գտցուք ի Քրիստոսէ զքաւութիւն եւ զմեծ զողորմութիւն:
Կցորդ. Անբաժանելի եւ համագոյ Երրորդութեանդ, համաձայնեալք ընդ զօրս երկնից, փառս մատուցանեմք:
Փա՜ռք Քեզ, որ յանարուեստ յաթոռ բարձրացեալ՝ հանգչիս, սո՛ւրբ Աստուած՝ հզօր եւ սքանչելագործ:
Փա՜ռք Քեզ, որ յանէից գոյացուցեր զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ անճառ Հօր անեղ Որդի:
Փա՜ռք Քեզ, որ տեսչութեամբ խնամես զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ Բղխումն անսպառ աղբեր:
Տէ՛ր, ժողովրդապետք Եկեղեցւոյ ի Քէն հայցեն՝ ասելով. «Հովի՛ւ բարի, ողորմեա՛ բանաւոր հօտի»:

Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՔԱՐՈԶ
Խոսրով Անձևացու մեկնությունը՝ (թարգմ.՝ Բագրատ եպս. Գալստանյանի). Խոսքի սկիզբն արտահայտում է Աստծո խնամքը, որ նախքան հանդերձյալ կյանքը, այստեղ իսկ աշխատանքից, հոգնությունից, մեղքից և գիշերվա տարատեսակ տրտմություններից քնի միջոցով հանգիստ պարգևեց, որովհետև թեպետ այս ամենին պարտավորվեցինք ադամական մեղքի պատճառով, սակայն մարդասեր Աստծո գութը չհանդուրժեց մեզ այսպիսի տառապանքի մեջ թողնել։
ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս տկարութեան մերում, եւ եկեալքս
Այստեղ անիմաստ կերպով չէ, որ ավելացնում է միաբան լինելը կամ էլ, ինչպես սկզբում, զարթուցեալքսին կից ամենաքեանը նշելը, այլ որպեսզի ցույց տա, թե Աստծուն պաշտամունք մատուցելու ժամանակ ամենքի միաբանված լինելը Աստծուն՝ դյուրահաշտ, մեզ՝ զորավոր, իսկ դևերի մարտը անզոր է դարձնում։
Երգը հոգևոր ասելով՝ հայտնում է, ըստ Պողոս առաքյալի, թե Սուրբ Հոգին օգնության և գործակցության է հասնում մեր տկարությունների մեջ (հմմտ. Հռոմ Ը 26), մտքով երգակից է լինում սրբերին և հորդորում է մնալ Աստծո փառաբանության մեջ։
ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ անուան
Տեր եւ Փրկիչ է ասում, Տերը՝ ստեղծելու և մեզ տիրելու պատճառով, իսկ Փրկիչ, քանզի Իր անձը որպես փրկանք տվեց և Իր արյամբ փրկեց մեզ մեղքից ու մահվանից և վերացրեց անեծքը, որ մեզ վրա էր։ Այս պատճառով էլ հաճախ երկու անուններով ենք կոչում Նրան, որովհետև, շնորհակալություն ենք հայտնում Իր արարչության և խնամակալության համար, որով մեզ հարազատություն հայտնեց։
Յիսուսի Քրիստոսի՝
Հրեշտակների օրինակով մեզ հրամայում է ահ ու դող ունենալ, այդ պատճառով է հավելում՝ առաջի Նորա, քանզի ինչպես հրեշտակները Նրա փառքից միշտ ահաբեկված են, նույնպես և մենք, դեպի Աստված մեր միտքը ուղղելով և մեծ փառքի առջև, կանգնած լինելով, երկյուղով Նրան պիտի պաշտենք։
Եւ գոհացարուք զՆմանէ ի գիշերային ժամուս յայսմիկ վասն
Ցույց է տալիս ճշմարտությունն ու արդարությունը, որն իրագործեց մեր նկատմամբ ոչ թե ըստ արժանիքի՝ այլ ողորմելով:
Նորա. որ
Ասում է՝ ողորմեց, այդ պատճառով էլ ընտրեց, որովհետև, խոտան էինք և Աստծո ներկայությունից զրկված։ Ըստ առաքելական խոսքի՝ ողորմությունը մեզ ընտրյալ դարձրեց. «Ընտրեց մեզ Նրանով (այսինքն Քրիստոսի միջոցով) նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ» (հմմտ. Եփես. Ա 4)
եւ շնորհեաց մեզ բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն ի փառաբանիչս Տեառն Աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինիլ: Եւ մեք, այսուհետեւ
Այսինքն, որովհետև երկրում մեզ հրեշտակների նման դարձրեց, մեր անձերում ընդունենք հրեշտակային սրբությունը և, եթե մարդկային բնությամբ ինչ որ սխալ ենք գործել, խոստովանությամբ և ապաշխարությամբ այն սրբելով, մաքրվենք։
ի խղճէ եւ ի չար գործոց,
Ինչպես մարգարեն է հրամայում.«Գիշերը դեպի սրբությունը պարզեցեք ձեռքերը» (Սաղմ. ՃԼԳ 2), նույն կերպով և քարոզը հրամայում է նախ՝ սրբել մեղքը և չար գործերը և ապա բարձրացնել ձեռքերը դեպի սրբություն։
Քանզի աղոթողին պետք է աներկմիտ հավատով և անբարկանալի մտքով աղոթքը մատուցել Աստծուն, որի համար և Տերն է ասում. «Թող քո ընծան սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ինձ աղերսիր» (հմմտ. Մատթ. Ե 24)։ Այդ պատճառով և այս քարոզը հորդորում է բարկությունը թողնել և ապա Աստծուց քավություն հայցել:
Հաւատով խնդրեսցուք ի Նմանէ զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց՝
Քանզի ասաց՝ նախ սրբել մեր անձերը մեղքից (այստեղ նաև օրինակն է տալիս, թե ինչպես), ըստ որի՝ սրբվում ենք խոստովանությամբ և քավություն խնդրելով, որովհետև, եթե չխոստովանենք, Ծածկագետից չենք կարող թաքցնել։ Սակայն խոստովանությամբ և մեղքը գիտակցելով մենք խոնարհության ենք հասնում, ամաչում ենք, զղջում և պաղատում ենք, որով և Աստծուց ողորմություն և ներում ենք գտնում և արդարանում։ Քանզի մարգարեի միջոցով իսկ ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես. ԽԳ 26)
ծածկագիտին Աստուծոյ: Որպէս զի ընդունելով զպաղատանս մեր աղօթիւք եւ բարեխօսութեամբ ամենայն սրբոց՝
Հայտնի է դարձնում, որ Նրա պարգևները ձրի են, թեպետ և շատերս առաքինանանք, որովհետև սիրում է մարդկանց։ Եվ առաքինությամբ և անբիծ ապրելը շնորհ է, որ շնորհում է մարդասերն Աստված։ Սակայն անարատ վարքով ապրելն առավել պատիվ է, քան արքայությունը, որին ավելի մեծ ցանկությամբ են բաղձում ընտրյալները, քան երկնքի բարիքներին, որովհետև, ցանկանում են ոչ թե վարձատրվել Քրիստոսից, այլ տառապել Քրիստոսի համար։ Եվ առ Քրիստոս ունեցած սիրո պատճառով՝ Քրիստոսի համար չարչարվելն ավելի ախորժական էր, քան Քրիստոսի հետ փառքի մեջ լինելը։ Ինչպես և երանելի Հովհան Ոսկեբերանն է ասում. «Նախընտրում եմ Քրիստոսի համար կապանքների մեջ լինել, քան քերովբեների հետ մերձ լինել Աստծուն»։ Նաև երջանիկ Գրիգոր Աստվածաբանն է գրում. «Որպեսզի չասեմ, թե նույնինքն տքնելն արդեն իսկ վարձատրություն է, որն ամենևին մտքի վաճառականություն չէ», և նաև ընտրյալ Նյուսացի Գրիգորն է այս իմաստով ասում Սողոմոնի «Երգ Երգոց» օրհնության մեկնության մեջ. «Սիրո առաքինության պատճառով է, որ հարսին ունի և ոչ թե որպես վարձատրություն»։ Նաև՝ Աստվածաբանը, ինչպես և Նյուսացին, երեք չափանիշներ են սահմանում արդարության մասին՝ երկյուղի պատճառով, վարձատրության պատճառով և սիրո պատճառով։ Նյուսացին սիրո գերակայությունը բացատրում է ամուսնական մերձավորության օրինակով, ըստ Սողոմոնի, իսկ Աստվածաբանը՝ որդիության օրինակով եռակարգ դասակարգումով. ծառա է կոչում երկյուղով ուղղվածներին, վարձկան՝ հոժարակամ ստացողներին, ապա, առավել քան այս երկուսը, ասում է՝ որդին է հոր հավանածը և ոչ թե վարձկանը։ Արդ, առաջին և մեծ պարգևն այս է՝ առաքինություն ստանալ, և երկրորդը՝ հավիտենական ուրախության արժանանալ, որը Քրիստոսի սիրողները կստանան Նրանից՝ ըստ Նրա անսուտ խոստումի։
ըստ կամաց Նորա յայսմ աշխարհիս եւ արժանաւոր լինելով յաւիտենական եւ երկնային խորանացն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս: Տէ՛ր մեր,
Խնդրանքով է ամփոփում խոսքը՝ տնօրինական անունները հիշելով, որ մեզ համար եղավ և կոչվեց Հիսուս, որ է Փրկիչ (հմմտ. Մատթ. Ա 21, Ղուկ. Ա 31), քանզի փրկեց մեզ մոլորությունից և սատանայական գործերից, մեղքից, անեծքից, մահվանից, ապականությունից և դժոխքից։ Եվ Քրիստոս կոչվեց, որովհետև Հոգով օծվեց և կոչվում է Քրիստոս՝ այսինքն Օծյալ (Ղուկ. Բ 11) եւ նույն Հոգով «մեզ ևս օծեց» (Բ Կորնթ. Ա 21), օծվածներ դարձրեց և անվանեց քրիստոնյաներ։

Կեցո՛, Տէ՛ր:
Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել՝ հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զհրեշտակ խաղաղութեան՝ պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԵՐԳ ԱՂՕԹԱԿԱՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Առաւօ՛տ լուսոյ, Արեգա՛կն արդար, առ իս լո՛յս ծագեա:
Բղխո՛ւմն ի Հօրէ, բղխեա՛ ի հոգւոյս բան Քեզ ի հաճոյս:
Գա՛նձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտո՛ղ զիս արա:
Դուռն ողորմութեան դաւանողիս բա՛ց, դասեցո՛ վերնոցն:
Երրեա՛կ միութիւն, եղելո՛ց խնամող, եւ ի՛նձ ողորմեա:
Զարթիր, Տէ՛ր, յօգնել. զարթո՛ զթմրեալս՝ զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկա՛լ զիս, գթա՛ծ, ընկա՛լ, ողորմա՛ծ, ընկա՛լ, մարդասէ՛ր:
Թագաւո՛ր փառաց, թողութեա՛նց տուող, թո՛ղ ինձ զյանցանս:
Ժողովո՛ղ բարեաց, ժողովեա՛ եւ զիս ժողովս անդրանկաց:
Ի Քէն, Տէ՛ր, հայցեմ, ի մարդասիրէդ, ինձ բժշկութիւն:
Լե՛ր կեանք մեռելոյս, լոյս՝ խաւարելոյս, լուծանող՝ ցաւոյս:
Խորհրդո՛ց գիտող, խաւարիս շնորհեա՛ խորհուրդ լուսաւոր:
Ծնո՛ւնդ Հօր ծոցոյ, ծածկելոյս ստուերաւ ծագեա՛ լոյս փառաց:
Կենարա՛ր Փրկիչ, կեցո՛ զմեռեալս, կանգնեա՛ զգլորեալս:
Հաստեա՛ հաւատով, հաստատեա՛ յուսով, հիմնեցո՛ սիրով:
Ձայնիւս աղաչեմ, ձեռօքս պաղատիմ. ձիր բարեաց շնորհեա՛:
Ղամբարամբ լուսոյ, ղեկավա՛ր ճարտար, ղօղեալս ամրացո՛:
Ճառագա՛յթ փառաց, ճանապա՛րհ ինձ ցոյց՝ ճեպել ի յերկինս:
Միածի՛նդ Հօր, մո՛յծ զիս յառագաստ մաքուր հարսանեացդ:
Յորժամ գաս փառօք յահագին աւուրն, յիշեա՛ զիս, Քրիստո՛ս:
Նորոգո՛ղ հնութեանց, նորոգեա՛ եւ զիս, նորո՛գ զարդարեա:
Շնորհատո՛ւ բարեաց, շնորհեա՛ զքաւութիւն, շնորհեա՛ զթողութիւն:
Ուրախացո՛, Տէ՛ր, ոգւոյս փրկութեամբ, ոյր վասն եմ ի սուգ:
Չար մշակողին չար սերմանց նորին չորացո՛ զպտուղն:
Պարգեւի՛չ բարեաց, պարգեւեա՛ իմոց պարտեացս թողութիւն:
Ջո՛ւր շնորհեա աչացս՝ ջերմ հեղուլ զարտօսր, ջնջել զյանցանս:
Ռետի՛նդ քաղցու, ռամ հոգւոյս արբո՛, ռա՛հ ցոյց ինձ լուսոյ:
Սէ՛ր անուն Յիսուս, սիրով Քով ճմլեա՛ սիրտ իմ քարեղէն:
Վասն գթութեան, վասն ողորմութեան վերստի՛ն կեցո:
Տենչալւոյդ տեսլեամբ տո՛ւր ինձ յագենալ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս:
Րաբո՛ւնդ երկնաւոր, րոտեա՛ զաշակերտս րամից երկնայնոց:
Ցօղ արեան Քո, Տէ՛ր, ցօղեա՛ ի հոգիս, ցնծասցէ անձն իմ:
Ււծեալս մեղօք ւիւծեալ աղաչեմ ւիւսել ինձ բարիս:
Փրկի՛չ բոլորից, փութա՛ զիս փրկել փորձութեանց մեղաց:
Քաւի՛չ յանցանաց, քաւեա՛ զօրհնաբանս՝ Քեզ երգել զփառս:
Սրբուհւոյ Աստուածածնին բարեխօսութեամբ յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:


ԿԱՆՈՆ «Ի նեղութեան», ԴՁ (սաղմոս ՃԺԹ-ՃԽԷ)
Առաքես զոգի քո եւ ստանաս զնոսա եւ նորոգես զերեսս երկրի:


ԿԱՆՈՆԱԳԼՈՒԽ


ՍԱՂՄՈՍ ՃԽԵ
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր. օրհնեցից զՏէր ի կեանս իմ, ալէլուիա. սաղմոս ասացից Աստուծոյ իմոյ, մինչեւ եմ ես. ալէլուիա:
Մի՛ յուսայք յիշխանս՝ յորդիս մարդկան, զի ոչ գոյ փրկութիւն ի նոսա:
Ելցէ հոգի ի նոցանէ, եւ դարձցին անդրէն ի հող, եւ յայնմ աւուր կորիցեն ամենայն խորհուրդք նոցա:
Երանի՜ ազգի, որոյ Տէր Աստուած Յակոբայ օգնական է նմա, եւ յոյս նորա ի Տէր Աստուած է.
Ո արար զերկինս եւ զերկիր, զծով եւ զամենայն, որ է ի նոսա.
Ո պահէ զճշմարտութիւն յաւիտեան եւ առնէ իրաւունս զրկելոց:

ՍԱՂՄՈՍ ՃԽԷ
Փոխ. Գովեա՛, Երուսաղէ՛մ, զՏէր. ալէլուիա:
Եւ օրհնեա՛ զԱստուած քո, Սիո՛ն:
Զի զօրացոյց զնիգս դրանց քոց եւ օրհնեաց զորդիս քո ի քեզ:
Ո եդ զսահմանս քո ի խաղաղութիւն, պարարտութեամբ ցորենոյ լցոյց զքեզ:
Առաքէ զբան Իւր յերկիր, վաղվաղ ընթանան պատգամք Նորա:
Դնէ զձիւն որպէս զասր եւ զմէգ որպէս փոշի ցանեաց:
Արկանէ զսառն որպէս պատառս. առաջի ցրտոյ Նորա ո՞ կարէ կալ:
Առաքէ զբան Իւր եւ հալէ զնոսա. շնչեսցեն հողմք, եւ գնասցեն ջուրք:
Պատմէ զբան Իւր Յակոբայ, զարդարութիւն եւ զիրաւունս՝ Իսրայելի:
Ոչ այսպէս արար ամենայն ազգաց Տէր եւ զդատաստանս Իւր ոչ յայտնեաց նոցա:
Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:

ՇԱՐԱԿԱՆ ՀԱՆԳՍՏԵԱՆ


Հանգստեան դձ.

(Տրյ. Հանգստեան դձ. Ա.)


Քանզի զՔեզ օրհնեն իշխանութիւնք երկնից, Թագաւո՛ր փառաց՝ ամենակալ, ամենակարող, թո՛ղ զմեղս մեր ննջեցելոցն եւ հանգո՛ ի խորանի Քում՝ ի յարքայական ի հանգստեան։
Որ ի նախնումն զմարգարէն Մովսէս լուսաւորեցեր աստուածային փառօք տեսլեամբ Աստուածութեանդ Քո, լուսաւորեա՛ եւ զմեր զննջեցեալսն եւ հանգո՛ ի խորանի Քում՝ ի յարքայական ի հանգստեան։
Բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնի՝ ծնողի եւ մօր Քո, յիշեա՛ զգինս արեան Քո, Տէ՛ր, եւ դասաւորեա՛ յերանաւէտ, յանթառամ եւ յանտրտում ի կեանսդ՝ ի յարքայական ի հանգստեան։

(Տրյ. Հանգստեան դձ. Բ.)


Փա՜ռք Քեզ, Հա՛յր, որ կենարարդ ես մարմնոց եւ գոյացուցիչ հոգւոց. ընկա՛լ զօրհնաբանող հոգիս յանմահական Քո հանգիստ։
Մարդասիրի Հօր Որդի՛, որ պատկերակից եղեր հողեղինացս եւ խաչեցար, ընկա՛լ զօրհնաբանող հոգիս յանմահական Քո հանգիստդ։
Ամենազօր Սուրբ Հոգի՛, որ անդորրիչ ես նեղելոց եւ մխիթարիչ հոգւոց, ընկա՛լ զօրհնաբանող հոգիս յանմահական Քո հանգիստդ։

(Տրյ. Հանգստեան դձ. Գ., 1-2 տներ)


Ի հանգիստ Քո, Տէ՛ր, ուր ամենայն սուրբք Քո հանգչին, հանգո՛ զհոգիս ծառայից Քոց ընդ սուրբս Քո, Մարդասէ՛ր։
Դու, Աստուա՛ծ, որ իջեր ի դժոխս, զերկունս մահու լուծեր, զկապեալսն արձակեցեր, եւ զհոգիս ծառայից Քոց հանգո՛ ընդ սուրբս Քո, Մարդասէ՛ր։

(Օրհ. Մեծի պահոց Բ կիւրակէի դձ. Ա.)


Որ զօրէնս սրբութեան պահոց նախ ի դրախտին աւանդեցեր, զոր ոչ պահելով նախաստեղծիցն ճաշակմամբ պտղոյն՝ ճաշակեցին զդառնութիւն մեղաց եւ մահու, վասն որոյ շնորհեա՛ մեզ, Տէ՛ր, ճաշակել զքաղցրութիւն Քոց պատուիրանաց:
Որ զանազան վիրօք մեղաց հարաք յոգիս ի թշնամւոյն եւ ի բազմապատիկ հիւանդութիւնս կարօտացաք Մարդասիրիդ բառնալոյ զցաւս մեր, վասն որոյ բժշկեա՛ զմեզ, Քրիստո՛ս, որպէս մարդասէր:
Որ եկիր ի փրկութիւն մարդկան ծննդեամբ Կուսին Մարիամու եւ կենդանարար Քո յարութեամբդ հրաւիրեցեր զմահացեալքս ի յարութիւն անմահութեան, վասն որոյ աղաչանօք մօր Քո կեցո՛ զմեզ, Փրկի՛չ:

(Ողր. ապաշխարութեան դձ. Ա.)


Համբառնամ առ Քեզ, Տէ՛ր, զաչս իմ. նայեա՛ յիս գթութեամբդ Քո եւ ողորմեա՛:
Դու ես յոյս եւ ապաւէն իմ. զերծո՛ զիս յորոգայթէ մեղաց եւ ողորմեա՛:
Ապրեցուցի՛չ իմ եւ Փրկի՛չ իմ, ապրեցո՛ զիս յորոգայթէ մեղաց եւ ողորմեա՛:

(Հմբ. Ծաղկազարդի կիւրակէին դձ. Գ.)


Զգալուստ Քո, Քրիստո՛ս, այսօր յԵրուսաղէմ նոր Եկեղեցի սուրբ, յաղթական երգով բարեբանեմք. օրհնեալ Եկեալ անուամբ Տեառն:
Որ վասն մերոյ փրկութեան յաւանակի նստիլ յանձն առեր, ընդ մանկունսն բարեբանեմք. օրհնեալ Եկեալ անուամբ Տեառն:
Թագաւո՛ր երկնաւոր, զԵկեղեցի Քո անշա՛րժ պահեա եւ զերկրպագուս անուանդ Քում պահեա՛ ի խաղաղութեան:

(Տրյ. Հմբ. Յարութեան դձ. Ե.)


Զյարութիւն Աստուածորդւոյն հրեշտակապետն այսօր աւետէր կանանցն՝ ասելով. «Յարուցեալ է Տէրն ի գերեզմանէն»:
Ընթացեալ կանանցն՝ խնդութեամբ պատմէին աշակերտացն՝ ասելով. «Յարուցեալ է Տէրն ի գերեզմանէն»:
Վասն որոյ եւ մեք ընդ հրեշտակին գոչեսցուք զյարութիւնն Քրիստոսի, որ փրկեացն զմեզ ի ձեռաց մահու:

(Օրհ. Հոգեգալստեան Ա աւուր դձ. Բ.)


Կենդանարար Աստուա՛ծ, մարդասէր Հոգի՛, զժողովեալսն միաբանական սիրով լուսաւորեցեր հրեղինօք լեզուօք, վասն որոյ եւ մեք այսօր տօնեմք զգալուստ Քո սուրբ:
Զուարճացան Քո գալստեամբն սուրբ առաքեալքն՝ կոչելով ի միասին զցրուեալսն ի միմեանց բազմաձայն լեզուօք, վասն որոյ եւ մեք այսօր տօնեմք զգալուստ Քո սուրբ:
Հոգեւորական սուրբ մկրտութեամբ զարդարեցեր նոքօք զտիեզերս ի զգեստս լուսափայլս եւ նորափետուրս, վասն որոյ եւ մեք այսօր տօնեմք զգալուստ Քո սուրբ:

(Մնկ. Սուրբ Ծննդեան ճրագալուցին դձ.)


Ծագումն հրաշալի, որ անյայտ էր ի մէնջ, եւ Բանն հայրական անըմբռնելի, հուր փայլակնացեալ եւ ի մարմնի բնակեցաւ՝ անվնաս պահելով զարարածս ամենայն:
Ծագումն հրաշագործ, որ ի Կուսէն ծագեցաւ՝ ճառագայթելով զարարածս ամենայն. երկինք ցնծային, եւ երկիրս ուրախանայր. եւ Քրիստոս Աստուած ընդ մարդկան շրջեցաւ:
Առ քեզ ապաւինիմք, ամենասրբուհի՛, գերագո՛յն եւ հրաշալի՛ եւ բաշխո՛ղ բարութեանց. աղբիւր ես ծարաւեաց եւ հանգիստ աշխատելոց. եւ եղեր վերընկալ աստուածային Բանին:

(Օրհ. Խաչվերացի Բշ. դձ. Ա.)


Զօրութիւն սուրբ խաչի Քո, Քրիստո՛ս, որ կանգնեցեր ի փրկութիւն աշխարհի, սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ:
Քանզի ի սմա բարձրացար, Աստուա՛ծ, եւ ի սմա հեղեր զպատուական սուրբ զարիւնդ, սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:

Եւ զՔո միւսանգամ զգալուստդ նշանաւ խաչի Քո ցուցեր աշխարհի. սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ:

Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Տրյ. Հանգստեան դձ. Գ., 3-րդ տուն)


Ընդ հոգւոցն արդարոց կատարելոց եւ զհոգիս ծառայից Քոց հանգո՛ ընդ սուրբս Քո, Մարդասէ՛ր։

ՍԱՂՄՈՍ ՃԺԸ
Մերձեսցին խնդրուածք իմ առաջի Քո, Տէ՛ր. ըստ բանի Քում իմաստո՛ւն արա զիս:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, եւ բանիւ Քով փրկեա՛ զիս:
Բղխեսցեն շրթունք իմ զօրհնութիւնս Քո, յորժամ ուսուսցես ինձ զարդարութիւնս Քո:
Խօսեսցի լեզու իմ զբանս Քո, զի ամենայն պատուիրանք Քո արդարութեամբ են:
Եղիցի ձեռն Քո ի կեցուցանել զիս, զի զպատուիրանս Քո ընտրեցի:
Ցանկացայ փրկութեան Քում, Տէ՛ր, եւ օրէնք Քո խօսք իմ էին:
Կեցցէ անձն իմ, օրհնեսցէ զՔեզ, եւ իրաւունք Քո օգնեսցեն ինձ:
Մոլորեցայ ես որպէս զոչխար կորուսեալ. խնդրեա՛ զծառայս Քո, զի զպատուիրանս Քո ես ոչ մոռացայ:

ԱՒԵՏԱՐԱՆ ՏԱՃԱՐԻ
(ԲՁ, ԴՁ)

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Մարկոսի
(գլ. 13.1-13)

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Եւ յելանելն Նորա ի տաճարէ անտի ասէ ցՆա մի յաշակերտացն Նորա. «Վարդապե՛տ, տե՛ս, որպիսի են քարինքս, եւ որպիսի շինուածք:
Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. «Տեսանե՞ս զայդ ամենայն շինուածս. ամէն ասեմ ձեզ, եթէ ոչ թողցի այդր քար ի քարի վերայ, որ ոչ քակտեսցի»:
Եւ մինչ նստէր Նա ի լերինն Ձիթենեաց յանդիման տաճարին, հարցանէին ցՆա առանձինն Պետրոս եւ Յակովբոս եւ Յովհաննէս եւ Անդրէաս:
«Ասա՛ մեզ. ե՞րբ լինիցի այդ, եւ զի՞նչ նշան է, յորժամ կատարելոց իցէ այդ ամենայն»: Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. «Զգո՛յշ կացէք, մի՛ ոք զձեզ խաբիցէ, զի բազումք եկեսցեն յանուն Իմ եւ ասիցեն, թէ՝ ես եմ Քրիստոսն, եւ զբազումս մոլորեցուսցեն:
Այլ յորժամ լսիցէք պատերազմունս եւ համբաւս պատերազմաց, մի՛ խռովիցիք, զի պարտ է լինել, բայց չեւ է կատարած:
Զի յարիցէ ազգ յազգի վերայ, եւ թագաւորութիւն ի թագաւորութեան վերայ, եւ եղիցին շարժմունք ի տեղիս տեղիս, սովք եւ սրածութիւնք եւ խռովութիւնք. այլ այն ամենայն սկիզբն է երկանց:
Եւ զձեզ իսկ մատնեսցեն յատեանս, եւ ի ժողովուրդս տանջիցիք եւ առաջի դատաւորաց եւ թագաւորաց կայցէք վասն Իմ ի վկայութիւն նոցա եւ ամենայն հեթանոսաց. բայց նախ պարտ է աւետարանիս քարոզել:
Այլ յորժամ տանիցին զձեզ մատնել, մի՛ յառաջագոյն հոգայցէք եւ մի՛ զմտաւ ածիցէք, թէ զինչ խօսիցիք. այլ որ ինչ տացի ձեզ ի ժամուն յայնմիկ, զա՛յն խօսիցիք. զի ոչ դուք էք, որ խօսիցիքն, այլ Հոգին Սուրբ:
Մատնեսցէ եղբայր զեղբայր ի մահ, եւ հայր զորդի, եւ յարիցեն որդիք ի վերայ հարց եւ սպանանիցեն զնոսա:
Եւ եղիջիք ատեցեալք յամենեցունց վասն անուան Իմոյ. այլ որ համբերեսցէն ի սպառ, նա կեցցէ»:

ԵՐԳ ՏԵԱՌՆ ՆԵՐՍԵՍԻ
(ասացեալ առ ի Քրիստոս ննջեցելոց)

(ԲՁ, ԴՁ)

Ժողովեալքս ի հրաժարումն
Ծառայի Քո յաշխարհէ
Հայցեմք ի Քէն արտասուելով
Եւ պաղատիմք՝ զայս ասելով.
Ճանապարհ ընդ Քեզ ելից
Ննջեցելոյս լե՛ր ուղեկից,
Ի յօթեւանս Հօր Քո լուսոյ
Զննջեցեալս մեր հանգո՛:

Ի փրկութեան մերոյ սկզբան
Մկրտեցար ի Յորդանան,
Զոր շնորհեցեր նոր աւազան
Ի մաքրութիւն մեղաց մարդկան.
Հայցմամբ կրկին Կարապետին՝
Մեծին ի ծնունդս Մկրտչին,
Ի յօթեւանս Հօր Քո լուսոյ
Զննջեցեալս մեր հանգո՛:

Լուսաւոր ձայնիւ յերկնից
ԶՔեզ դաւանեաց Հայր էակից.
Աղաւնակերպ Հոգին իջեալ,
Առ համագոյդ Իւր հանգուցեալ.
Զմկրտեալս նովին Հոգւով
Յորդեգրութիւն Հօր հաւատով
Ի յօթեւանս Հօր Քո լուսոյ
Զննջեցեալս մեր հանգո՛:

Խաւար մեղաց հալածեցաւ,
Լոյս գիտութեան Քեւ ծագեցաւ,
Խայթուած օձին բժշկեցաւ,
Հիւանդութիւն մեր ողջացաւ.
Կենդանարա՛րդ մեռելոց
Եւ Լուսատո՛ւդ խաւարելոց,
Ի յօթեւանս Հօր Քո լուսոյ
Զննջեցեալս մեր հանգո՛:

Ծագումն անուն առ ի Հօրէ,
Որ ընտրեցեր ի յաշխարհէ,
Լուսաւորի՛չ տիեզերաց,
Զդասս ընտրեալ աշակերտաց.
Աղաչանօք առաքելոց՝
Փող յարութեան մեր եղելոց,
Ի յօթեւանս Հօր Քո լուսոյ
Զննջեցեալս մեր հանգո՛:

Կեա՛նք ի Կենաց, Լո՛յս ի Լուսոյ,
Որ ստեղծեր զմեզ ի հողոյ,
Նորոգեցեր դարձեալ կրկին
Ծննդեամբ սրբոյ աւազանին,
Զոր կեցուցեր շնորհիւ Քոյին
Ի մահուանէն այն առաջին.
Ի յօթեւանս Հօր Քո լուսոյ
Զննջեցեալս մեր հանգո՛:

Հոգւով լցեր զմարդն առաջին,
Զոր կորուսեալ խաբմամբ չարին.
Զնոյն Հոգի բանիւ Քոյին
Հեղեր յոգիս մեր վերստին.
Նովին Հոգւով Սուրբ եւ բարի
Առաջնորդեա՛ հոգւոյ սորին.
Ի յօթեւանս Հօր Քո լուսոյ
Զննջեցեալս մեր հանգո՛:

Ձայնեցեր առ Ղազարոս,
Որով ետուր մեռելոց յոյս.
Կենդանութեամբ չորեքօրեայն
Կենդանացան, որք յԱդամայն:
Կենաց ձայնիւ վերջին փողոյ
Կոչեա՛ զսա յայսմ հողոյ.
Ի յօթեւանս Հօր Քո լուսոյ
Զննջեցեալս մեր հանգո՛:

Ղօղեալ սարսեաց պահակ մահու
Ի կենարար ձայնին լրոյ,
Արագապէս զոյգ ընդ բանին
Ետ զմեռեալն ըստ հրամանին.
Իշխանք օդոյս այս սարսեսցեն,
Զհոգի սորա մի՛ արգելցեն.
Ի յօթեւանս Հօր Քո լուսոյ
Զննջեցեալս մեր հանգո՛:

ԵՐԳ
Ուրախացան ազգք մարդկան,
Յորժամ լուան զՔո յարութիւնդ,
Նորափետուր զարդարեցան
Ի յարութեան սուրբ Միածնիդ.
Ողորմա՛ծ Տէր, ողորմեա՛
Հոգւոցն մեր ննջեցելոց:

ՄԱՂԹԱՆՔ
Հոգւոցն հանգուցելոց, Քրիստո՛ս Աստուած, արա՛ հանգիստ եւ ողորմութիւն. եւ մեզ՝ մեղաւորացս, շնորհեա՛ զթողութիւն յանցանաց:

ՔԱՐՈԶ
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Վասն հանգուցեալ հոգւոցն աղաչեսցուք զՓրկիչն մեր Քրիստոս, զի զնոսա ընդ արդարսն դասեսցէ եւ զմեզ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ:
Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
Քրիստոս Որդի՛ Աստուծոյ, անոխակա՛լ եւ բարեգո՛ւթ, գթա՛ Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Յիշեա՛ յաւուր մեծի գալստեան արքայութեան Քո: Արա՛ արժանի ողորմութեան, քաւութեան եւ թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս Քո յաջակողմեան դասուն, զի Դու ես Տէր եւ Արարիչ ամենեցուն, Դատաւոր կենդանեաց եւ մեռելոց. եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

ՄԱՂԹԱՆՔ
Քրիստոս Աստուա՛ծ մեր, հրաշափառ գալստեանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ:

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՇԱՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ


Օրհնութիւն Վերափոխման սուրբ Աստուածածնին երկրորդ աւուրն դկ.

(Օրհ. Վերափոխման սուրբ Աստուածածնին Բ աւուր դկ. Ա.)


Այսօր զանճառելի ծննդեան Քո, Տէ՛ր, սպասաւոր խորհրդոյ՝ ի հողանիւթ գոյացութեանց փոխադրեցեր ի յերկինս:
Այսօր զանտանելի Բանիդ բարձողն՝ զքերովբէն հողեղէն, բարձրացուցեր ի ստորնայնոցս գերակայիցն կայեանս:
Այսօր զանապական Կոյսն, որ զՔեզ մաքուր կաթամբ կերակրեաց, ի զգայական փոխեալ բնութեանց յիմանալեացն խորանս:

(Օրհ. Վերափոխման սուրբ Աստուածածնին Բ աւուր դկ. Բ., 1-2 տներ)


Լոյսն անքնին՝ ծածկեալ ի ծոց Հօր, որ ծագեցաւ ի քէն, մա՛յր եւ Կո՛յս, այսօր իջեալ անմարմնական դասուք հրեղինացն՝ փոխադրեաց զքեզ լուսափայլ ամպովք ի լոյսն անստուեր:
Բանն անմարմին, որ ի քէն մարմնացաւ եւ ի գիրկս քո բարձեալ կրեցաւ, Մարիա՛մ, այսօր եկեալ բազմութեամբ զօրօք հրեշտակացն՝ վերացոյց զքեզ հրակերպ կառօք ի լոյսն անստուեր:

(Օրհ. Վերափոխման սուրբ Աստուածածնին Բ աւուր դկ. Գ.)


Արեւե՛լք գերարփին եւ օթարա՛ն լուսածին, զանմայր Ծնեալն առաջին ծնար անհայր յերկրորդին. բարեխօսեա՛ Միածնին, Աստուածածին մա՛յր Բանին:
Բանին Հօր մարմնարա՛ն եւ առագա՛ստ բնակութեան, որ կաթամբ կուսական կերակրեցեր զԷակն Բան, բարեխօսեա՛ Միածնին, Աստուածածին մա՛յր Բանին:
Գերագոյն սրբութեամբ եւ կուսական մաքրութեամբ բարձեր զԱնհասն բնութեամբ ի գիրկս քո սննդեամբ. բարեխօսեա՛ Միածնին, Աստուածածին մա՛յր Բանին:
Դու, ծաղի՛կ անթառամ տոհմի սեռիս մարդկութեան եւ շառաւի՛ղ օրհնութեան նախնւոյ ծնողին մեր բնութեան, բարեխօսեա՛ Միածնին, Աստուածածին մա՛յր Բանին:
Երկնաւոր Արքային եղեր տաճար ըստ երգողին՝ յանկարծակի Փեսային ի յառագաստ բազմեալ քոյին. բարեխօսեա՛ Միածնին, Աստուածածին մա՛յր Բանին:
Զօրք երկնից անմարմնոց իմանալեացն զուարթնոց իջեալ յերկնից ի յերկիր՝ սպասաւորել մեծ Արքային. բարեխօսեա՛ Միածնին, Աստուածածին մա՛յր Բանին:
Էիցս Էակ Բանն Հօր պարագրեցաւ ի մարմնի, Լոյսն՝ ծնունդ ծոցածին, էառ զբնութիւն նախաստեղծին. բարեխօսեա՛ Միածնին, Աստուածածին մա՛յր Բանին:
Ընտրեալ յառաջ քան զհիմունս ի սկզբանէ աշխարհի՝ տումար անճառ, անքնին եւ ամպ թեթեւ, լուսածին. բարեխօսեա՛ Միածնին, Աստուածածին մա՛յր Բանին:
Թագ հիւսեալ երկնային յեռեալ յականց անմարմին, բերեալ պսակ սուրբ Կուսին, յորժամ փոխեր յաշխարհ վերին. բարեխօսեա՛ Միածնին, Աստուածածին մա՛յր Բանին:
Ժողովեալ սուրբ գնդին երկոտասան դասուց խմբին՝ սլացեալք որպէս զարծուին յԵրուսաղէմ քաղաք մեծին. բարեխօսեա՛ Միածնին, Աստուածածին մա՛յր Բանին:
Իսկ եկեալ բազմութիւն աշակերտաց նորոյ կտակին ի փոխումն Աստուածածնին՝ մարգարտափայլ սրբոյ Կուսին. բարեխօսեա՛ Միածնին, Աստուածածին մա՛յր Բանին:
Լո՛յս ի լուսոյ Հօր ծոցածին, իջեր յերկնից յաշխարհ ստորին. դասք անմարմնոց ընդ Քեզ իջին ի պատիւ մօր Քո եւ Կուսին. ներբողեալ զայս ասէին. «Դու ես տաճար անեղ Բանին»:
Խորին խորհուրդ անքնին՝ ծածկեալ յազգաց յաւիտենին, յայտնեցաւ յամս վերջին ի փրկութիւն մարդկան սեռին, զոր տեսանողքն ծանուցին՝ Կուսին ծնող լինել Բանին:
Ծածկեալ խորհուրդն յաւիտենին՝ լռեցելոյ եւ անճառին, ի հասանել ժամանակին պարգեւեցաւ մարդկան ազին. էական բնութիւն Բանին խառնեալ անշփոթ ի մեր բնութիւն:
Կատարեալ տնօրէնութեամբ՝ Քո ի յերկրի ներմարդութեամբ, զոր ի վերջին դարուցս վախճան կատարեցեր վասն մարդկան, այսօր յերկնից իջեր Հօր Բան՝ ի յօր Կուսի մօր Քո ննջման:
Հոյլք վերին զօրացն իջեալ, շուրջ զԿուսիւն պար առեալ. զերգս օրհնութեան եղանակեալ, քաղցր ձայնիւ ակումբ առեալ. զեռահիւսեակն նուագեալ, զՄի Տէրութիւնն երգաբանեալ:
Ձայնակից նոցին եղեալ դասք երջանիկ պետացն ընտրեալ, ի Հոգւոյն վերաբերեալ, որք յընդհանուր աշխարհ սփռեալ. անմարմնոցն համաձայնեալ, զԿոյսն սուրբ օրհնաբանեալ:
Ղամբարափայլ ջահիւք լուցեալ, սուրբ կուսանացն գումարեալ, զերգս օրհնութեան նուագեալ ի պատիւ մօրն ամէնօրհնեալ. բարեբանեալ ես, Կո՛յս գովեալ, յորմէ Աստուած Բանն ծնեալ:
Ճառագա՛յթ Հօր ծոցածին, յորժամ ելեր առ Հայր յերկին, խոստանայիր բանիւ Քոյին ի կատարումն Աստուածածնին՝ Քեզ միայնոյ զօրօք Քոյին գալ ի փոխումն միշտ Կուսին:
Մարգարի՛տ լուսափայլ, Հոգւոյն Սրբոյ տո՛ւն եւ տաճա՛ր, մարգարէից բանք նախաճառ այսօր լցան ի քեզ գումար. Մովսէս դասուքն իւրովք ի սպառ՝ ի պատիւ քո անդ սլանայր:
Յարմարեալ ձայն ներբողի յուրախութեան օր քո տօնի՝ հանդերձ նորոգ ներբողի առաքելոց դասուց խմբի, աւանդեցեր զքո սուրբ զհոգի ի ձեռն Որդւոյ քո Միածնի:
Նորասքանչ անդ հրաշից ներակերտեալ ի յերկրի, քանզի պայծառ քան զարփի փայլեալ սրբոյ Կուսին հոգի, զոր զարհուրեալ Պետրոսի՝ ցՏէր հարցանէր զխորհուրդն յայտնի:
Շնորհազարդ փառօք փայլեալ, որպէս զմայր Քո միշտ գովեալ, ի մարդկանէ ո՛վ քատակեալ, հոգւով պայծառ արփւոյ նմանեալ, որպէս փայլակն բորբոքեալ, յերկնաւորաց վերաբերեալ:
Ո՛վ Պետրէ, լո՛ւր ձայնի, զոր հարցանես պատասխանի. «Լոյսն առաջին Հայր կոչի, եւ յետ Նորա, որ ի կարգի, պայծառ զհոգիս մարդկան ստեղծի, որպէս զմօրս Իմ, զոր ցուցի:
Չորեքնիւթեայ բնութեամբ խառնեալ, շաղկապ զշունչն ի մէջ եդեալ, զորս ի դրախտին զարդարեալ՝ փառօք եդի վայելեալ. եւ այժմ զնոյն ձեզ շնորհեալ՝ արեամբ Իմով պայծառ մաքրեալ»:
Պար առեալ անմարմնոցն շնորհազարդ զուարթնոց, սլացեալ երկնայնոց՝ զԿոյսն բարձեալ յերկրայնոց, յոր վերակնեալ առաքելոցն՝ զերգս օրհնութեան հնչեն երգոց:
Ջահազգեստեալ սուրբ կուսիցն՝ հանդերձ մաքուր դասուց խմբից, երկոտասան սուրբ գնդից եւ աշակերտք նոցին բանից, ձայնակից եղեալ միմեանց՝ եղանակեն զերգս օրհնութեան:
Ռահ լուսոյ սրբութեան հորդեալ զօրաց անմարմնոց եւ գունդք հրեղէն զուարթնոց յառաջընթաց յաշխարհ վերնոց, հրճուողական ձայնիւ երգոց գովեն զքեզ, սո՛ւրբդ սրբոց:
Սերովբէից գունդք հիացեալ, յորժամ տեսին զՏէրն իջեալ ի փոխումն Աստուածածնին՝ անապական եւ միշտ Կուսին. զարհուրեալ զայս ասէին. «Օրհնեալ ես, սո՛ւրբ Աստուածածին:
Վեհագո՛յն սերովբէից եւ բարձրագո՛յն քերովբէից, վերհամբարձար ի բարձունս յեղականաց անհպելին՝ փառաւորեալ ընդ Միածնին հրճուողական ձայնիւ երգոց»:
Տէրութիւնք եւ զօրութիւնք, իշխանութիւնք եւ պետութիւնք, հրեշտակապետք եւ հրեշտակք եղանակեն զերգս օրհնութեան. «Օրհնեալ ես, Կո՛յս, տաճա՛ր մաքրեալ, յորում Ստեղծողն էից բազմեալ»:
Րաբունեացն խմբից, աշակերտացն դասուց, բարձեալ զմարմինն մաքուր աստուածարեալ սուրբ բազկօք՝ եդին ի դիր հանգստեան քաղցրաձայնեալ սաղմոսիւք:
Ցնծալից բերկրանօք եւ յորդահոս արտասուօք՝ եղանակէին քաղցր երգօք երեքօրեայ խմբեալ պարուք. Բարդուղիմէ յետոյ եկեալ եւ զտենչալին իւր ոչ տեսեալ:
Ւիւսեալ րամից դասուց սրբոց՝ զըղձումն եղբօրն վճարեալ. բացեալ զտապանն ամէնօրհնեալ եւ զԲաղձալին իւր ոչ գտեալ, քանզի եղեւ վերափոխեալ ի փառս անճառ նախ պատրաստեալ:
Փա՜ռք Հօրն էականի, պատի՜ւ Որդւոյն Իւր էակցի, ընդ Հոգւոյն համազուգի, որ զարդարեաց զԿոյսն ի յերկրի՝ ժառանգել զանճառ բարին, զոր պատրաստեաց իւր Միածինն:
Քանզի անճառ է խորհուրդ փառաց Կուսին յանմարմնոց, զոր ի դարուցս վերջնոց եհեղ մարդկան ստորայնոց, զոր այժմ յուսով բերկրելոց՝ յայնժամ շնորհէ յուսացելոց:
Կերտո՛ղ բոլոր եղելոց՝ իմանալեաց եւ ստորայնոց, Րաբո՛ւն բարի անմարմնոց, առեր պատիւ յերկրայնոց. կուսական տօնիւ փոխմանս որդեգրութեան լիցուք արժանս:
Վասն որոյ աղաչեա՛, Աստուածածին մա՛յր Բանին, րամեալ զհոգի եւ զմարմին դարձեալ ի սէր Փեսային՝ արժանի լիցուք պտղոյ դրախտին՝ երանաւէտ կենաց տնկին:

(Օրհ. Հոգեգալստեան Է աւուր դկ. Բ.)


Ի համբառնալ Բանին յերկինս եւ ի նստիլ ընդ աջմէ Հօր՝ զուարճացեալ առաքելոցն երկրպագէին՝ օրհնելով զՀայր զԱռաքող Բանին:
Համահաւաքեալ գունդք սրբոցն ի վերնատունն խորհրդոյ՝ համբարձմամբ աչաց սպասէին Հոգւոյն՝ օրհնելով զՀայր զԱռաքող Բանին:
Յանկարծահաս հնչմամբ հեղեալ կենդանարար Աղբիւր լուսոյ՝ անմահական կենաց լուսով զարդարեալ, որք օրհնէին զՀայր՝ զԱռաքող Բանին:

(Տրյ. Հանգստեան դկ. Բ.)


Խնդրեմք ի Քէն, Թագաւո՛ր փառաց, Փառաւորեա՛լդ ի զուարթնոց. զննջեցեալսն մեր ընկա՛լ, մարդասէ՛ր Տէր, եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։
Յորժամ գաս փառօք Հօր՝ դատել զերկիր, արդարութեան Արեգա՛կն, զննջեցեալսն մեր ընկա՛լ, մարդասէ՛ր Տէր, եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։
Ի նստիլ Քո յատենի, Դատաւո՛ր ահեղ, Քրիստոս Փրկի՛չ մեր եւ Յո՛յս, զննջեցեալսն մեր ընկա՛լ, մարդասէ՛ր Տէր, եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Օրհ. Վերափոխման սուրբ Աստուածածնին Բ աւուր դկ. Բ., 3-րդ տուն)


Ի տեսիլ հրաշից փառաց Միածնին զուարճացան դասք առաքելոցն եւ ընդ վերին զուարթունսն համաձայնեալ՝ նոր օրհնութիւն քեզ եղանակէին, օրհնեա՛լդ ի կանայս:

ՄԱՂԹԱՆՔ
Փա՜ռք հրաշափառ գալստեան Քո, Տէ՛ր. զօրհնեալ եւ զփառաւորեալ, զհրաշալի եւ զյաղթող զգալուստն Քո սուրբ օրհնեմք եւ փառաւորեմք:
Մարդասէ՛ր Տէր, վասն սրբուհւոյ անարատի մօր Քո եւ Կուսի եւ վասն խաչի Քո պատուականի ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:

ՔԱՐՈԶ
(ԲՁ, ԴՁ)
Վասն գտանելոյ մեզ զշնորհս եւ զողորմութիւն ի բարերար Տեառնէ մերմէ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն փրկելոյ զմեզ ի զրպարտութենէ մարդկան եւ յորոգայթից սատանայի զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն ամենայն անձանց քրիստոնէից եւ տանց հաւատացելոց զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն որք ի լերինս, յայրս եւ ի փապարս բնակեալ են՝ սուրբ հարքն մեր, զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն որք սաղմոսիւք եւ օրհնութեամբ կատարեն զամենայն ժամանակս կենաց իւրեանց զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն հոգւոցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին, զՏէր աղաչեսցուք:
Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
(ԲՁ, ԴՁ)
Գոհանամք զՔէն, Տէր Աստուա՛ծ մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան Քո: Զարթո՛ զմիտս մեր արդարութեամբ առ Քեզ, Տէր Աստուա՛ծ մեր, զի տեսցեն աչք մեր զփրկութիւն Քո: Եկեսցէ եւ բնակեսցի առ մեզ Աստուածութիւն Քո, եւ ողորմութիւն Քո հովանի եւ պահապան լիցի ի վերայ պաշտօնէից Քոց: Եւ զմեզ՝ զծառայքս Քո, արժանի՛ արա ի տուէ եւ ի գիշերի եւ յամենայն ժամու միշտ խորհիլ ի սէր պատուիրանաց Քոց եւ գոհութեամբ փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Կենդանարար զօրութիւն եւ աղբիւր անմահութեան Դու ես, Քրիստո՛ս Աստուած Փրկիչ մեր, որ շնորհեցեր մեզ ի մէջ գիշերի յառնել եւ խոստովան լինիլ առ Քեզ վասն իրաւանց եւ արդարութեան Քո. եւ այժմ աղաչեմք զՔեզ, Տէր Աստուա՛ծ մեր, արա՛ զմեզ արթունս եւ պատրաստս ի ժամ առաւօտու ընդ սուրբս Քո եւ ընդ նոսին գոհանալով փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Յիշեա՛, Տէ՛ր, զԴաւիթ եւ զամենայն հեզութիւն նորա, որպէս երդուաւ Տեառն եւ ուխտս եդ Աստուծոյ Յակոբայ:
Փոխ. Ալէլուիա: Տէր հովուեսցէ զիս, եւ ինձ ինչ ոչ պակասեսցի: Ի վայրի դալարւոջ՝ անդ բնակեցոյց զիս. եւ առ ջուրս հանգստեան սնոյց զիս:
Փա՜ռք եւ երկրպագութի՜ւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա.

ՄԱՂԹԱՆՔ
(ԲՁ, ԴՁ)
Գոհութեամբ եւ ճշմարիտ խոստովանութեամբ անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

 
sacredtradition.am