русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԺԱՄԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ / ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄ
21 նոյեմբերի 2020թ. շաբաթ, ԴԿ
Ընծայումն ս. Աստուածածնի երից ամաց ի Տաճարն

Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ,
որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօր Աստուծոյ



Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ Գ
Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ, եւ բազումք յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ «Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր»:
Այլ Դու, Տէ՛ր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ Իւրմէ:
Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ, եւ Տէր ընդունելի իմ է:
Ոչ երկեայց ես ի բիւրաւոր զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս:
Արի՛, Տէ՛ր, եւ փրկեա՛ զիս, Աստուա՛ծ իմ. զի Դու հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Տեառնդ է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան Քո՝ օրհնութիւն Քո:

ՍԱՂՄՈՍ ՁԷ
Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ,
Զի լցաւ չարչարանօք անձն իմ, եւ կեանք իմ ի դժոխս մերձեցան, եւ համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի եւ ի մեռեալս ազատ:
Որպէս զվիրաւորս, որք ննջեն ի գերեզմանի:
Զորս Դու ոչ յիշեցեր, նոքա ի ձեռանէ Քումմէ մերժեցան:
Եդին զիս ի գբի ներքնումն՝ ի խաւարի եւ ի ստուերս մահու:
Յիս հաստատեցաւ սրտմտութիւն Քո, զամենայն զբօսանս Քո ածեր ի վերայ իմ:
Հեռի արարեր յինէն զծանօթս իմ, եւ եդին զիս նշաւակ իւրեանց:
Մատնեցայ եւ ոչ ելանէի, աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Մի՞թէ մեռելոց առնիցես զսքանչելիս Քո, կամ բժիշկք յարուցեալ խոստովան առնիցի՞ն առ Քեզ:
Մի՞թէ պատմեսցէ ոք երբեք ի գերեզմանի զողորմութիւնս Քո կամ զճշմարտութիւնս Քո` ի կորստեան:
Մի՞թէ ճանաչիցին ի խաւարի սքանչելիք Քո, կամ արդարութիւն Քո` յերկիր մոռացեալ:
Ես առ Քեզ, Տէ՛ր, աղաղակեցի. առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ Քեզ:
Ընդէ՞ր, Տէ՛ր, մերժես զանձն իմ կամ դարձուցանես զերեսս Քո յինէն:
Տնանկ եւ վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ. ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ապշեցայ:
Յիս հաստատեցաւ բարկութիւն Քո, արհաւիրք Քո խռովեցուցին զիս,
Շրջեցան զինեւ որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ վասն թշուառութեան իմոյ:

ՍԱՂՄՈՍ ՃԲ
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր, եւ ամենայն ոսկերք իմ՝ զանուն սուրբ Նորա:
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր եւ մի՛ մոռանար զամենայն տուրս Նորա.
Ո քաւէ զմեղս քո, բժշկէ զամենայն հիւանդութիւնս քո.
Ո փրկէ յապականութենէ զկեանս քո, պսակէ զքեզ ողորմութեամբ եւ գթութեամբ.
Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո, նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո:
Առնէ ողորմութիւնս Տէր եւ իրաւունս ամենայն զրկելոց:
Եցոյց Տէր զճանապարհս Իւր Մովսիսի եւ որդւոցն Իսրայելի զկամս Իւր:
Գթած, ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ:
Ոչ ի սպառ բարկանայ Տէր եւ ոչ յաւիտեան պահէ ոխս:
Ոչ ըստ մեղաց մերոց արար մեզ եւ ոչ ըստ անօրէնութեան մերում հատոյց մեզ.
Այլ որպէս բարձր են երկինք յերկրէ, այնպէս զօրացոյց Տէր զողորմութիւն Իւր ի վերայ երկիւղածաց Իւրոց:
Որչափ հեռի են արեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր:
Որպէս գթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս գթասցի Տէր յերկիւղածս Իւր.
Զի Նա գիտաց զստեղծուածս մեր եւ յիշեաց, թէ հող եմք:
Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ:
Շնչէ ի նմա հողմ, եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա:
Բայց ողորմութիւն Տեառն յաւիտեանս յաւիտենից ի վերայ երկիւղածաց Իւրոց, եւ արդարութիւն Նորա յորդւոց մինչեւ յորդիս,
Ոյք պահեն զուխտս Նորա, յիշեն զպատուիրանս Նորա եւ առնեն զնա:
Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ Իւր, արքայութիւն Նորա ամենեցուն տիրէ:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն հրեշտա՛կք Նորա՝ հզօրք զօրութեամբ, ոյք առնէք զբան Նորա ի լսել ձայնի պատգամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն զօրութի՛ւնք Նորա, պաշտօնեա՛յք եւ արարո՛ղք կամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն գո՛րծք Նորա. զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Նորա. օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր:

ՍԱՂՄՈՍ ՃԽԲ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով:
Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի:
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ:
Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ:
Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի:
Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ:
Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԵՐԳ ԳԻՇԵՐԱՅԻՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Յիշեսցուք ի գիշերի զանուն Քո, Տէ՛ր:
Բղխեսցեն սիրտք մեր զբան բարի, եւ լեզուք մեր պատմեսցեն զգործս երկնաւոր Թագաւորիդ:
Ի մէջ գիշերի յարուցեալ՝ խոստովանեսցուք զՔեզ, Տէ՛ր:
Զաղօթս մեր տացուք Քեզ, Տէ՛ր, ի գաւիթս Քո ի մէջ նոր Երուսաղեմի:
Ի գիշերի համբարձցուք զձեռս մեր սրբութեամբ առ Քեզ, Տէ՛ր:
Ի ձայն գոհութեան, ամենա՛յն հոգիք, օրհնեցէ՛ք զՏէր:
Փոխ. Զարթի՛ք, փա՛ռք իմ, զարթի՛ք, եւ ես զարթեայց առաւօտուց. ալէլուիա:
Զարթի՛ք ընդ զուարթունս, մանկու՛նք վերինն Սիոնի. ալէլուիա:
Զարթի՛ք, որդի՛ք լուսոյ, ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալէլուիա:
Զարթի՛ք, փրկեա՛լք արեամբ, եւ տո՛ւք զփառս Փրկողին. ալէլուիա:
Զարթի՛ք, նո՛ր ժողովուրդք՝ նոր երգս առեալ Նորոգողին. ալէլուիա:
Զարթի՛ք, հարսո՛ւնք հոգւով՝ սպասեալք գալոյ սուրբ Փեսային. ալէլուիա:
Զարթի՛ք, վառեա՛լք լուսով, ըստ իմաստուն սուրբ կուսանացն. ալէլուիա:
Զարթի՛ք, պատրաստեցէ՛ք իւղ լապտերաց ջերմ արտասուս. ալէլուիա:
Զարթի՛ք եւ մի՛ ննջէք, նման յիմար կուսից նիրհէք. ալէլուիա:
Զարթի՛ք, երկիր պագցուք եւ արտասուօք զայս ասասցուք. ալէլուիա:
Փոխ. Զարթի՛ր, ընդէ՞ր ննջես, Տէ՛ր, մի՛ մերժեր զմեզ ի սպառ:
Արի՛, Տէ՛ր, օգնեա՛ մեզ. տացուք անուանդ Քում զփառս:
Այժմ եւ յաւէտ Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյն. ամէն:
Փոխ. Զարթուցեալքս ի զբաղմանէ գիշերային հանգստենէ:
Շնորհեսցէ մեզ մարդասէր Տէր մխիթարութիւն եւ ի սփոփանս Եկեղեցւոյ:
Ահիւ եւ դողութեամբ կացցուք ի յաղօթս:
Եկեալ խոստովանեսցուք զյանցանս:
Եւ գտցուք ի Քրիստոսէ զքաւութիւն եւ զմեծ զողորմութիւն:
Կցորդ. Անբաժանելի եւ համագոյ Երրորդութեանդ, համաձայնեալք ընդ զօրս երկնից, փառս մատուցանեմք:
Փա՜ռք Քեզ, որ յանարուեստ յաթոռ բարձրացեալ՝ հանգչիս, սո՛ւրբ Աստուած՝ հզօր եւ սքանչելագործ:
Փա՜ռք Քեզ, որ յանէից գոյացուցեր զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ անճառ Հօր անեղ Որդի:
Փա՜ռք Քեզ, որ տեսչութեամբ խնամես զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ Բղխումն անսպառ աղբեր:
Տէ՛ր, ժողովրդապետք Եկեղեցւոյ ի Քէն հայցեն՝ ասելով. «Հովի՛ւ բարի, ողորմեա՛ բանաւոր հօտի»:

Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՔԱՐՈԶ
Խոսրով Անձևացու մեկնությունը՝ (թարգմ.՝ Բագրատ եպս. Գալստանյանի). Խոսքի սկիզբն արտահայտում է Աստծո խնամքը, որ նախքան հանդերձյալ կյանքը, այստեղ իսկ աշխատանքից, հոգնությունից, մեղքից և գիշերվա տարատեսակ տրտմություններից քնի միջոցով հանգիստ պարգևեց, որովհետև թեպետ այս ամենին պարտավորվեցինք ադամական մեղքի պատճառով, սակայն մարդասեր Աստծո գութը չհանդուրժեց մեզ այսպիսի տառապանքի մեջ թողնել։
ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս տկարութեան մերում, եւ եկեալքս
Այստեղ անիմաստ կերպով չէ, որ ավելացնում է միաբան լինելը կամ էլ, ինչպես սկզբում, զարթուցեալքսին կից ամենաքեանը նշելը, այլ որպեսզի ցույց տա, թե Աստծուն պաշտամունք մատուցելու ժամանակ ամենքի միաբանված լինելը Աստծուն՝ դյուրահաշտ, մեզ՝ զորավոր, իսկ դևերի մարտը անզոր է դարձնում։
Երգը հոգևոր ասելով՝ հայտնում է, ըստ Պողոս առաքյալի, թե Սուրբ Հոգին օգնության և գործակցության է հասնում մեր տկարությունների մեջ (հմմտ. Հռոմ Ը 26), մտքով երգակից է լինում սրբերին և հորդորում է մնալ Աստծո փառաբանության մեջ։
ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ անուան
Տեր եւ Փրկիչ է ասում, Տերը՝ ստեղծելու և մեզ տիրելու պատճառով, իսկ Փրկիչ, քանզի Իր անձը որպես փրկանք տվեց և Իր արյամբ փրկեց մեզ մեղքից ու մահվանից և վերացրեց անեծքը, որ մեզ վրա էր։ Այս պատճառով էլ հաճախ երկու անուններով ենք կոչում Նրան, որովհետև, շնորհակալություն ենք հայտնում Իր արարչության և խնամակալության համար, որով մեզ հարազատություն հայտնեց։
Յիսուսի Քրիստոսի՝
Հրեշտակների օրինակով մեզ հրամայում է ահ ու դող ունենալ, այդ պատճառով է հավելում՝ առաջի Նորա, քանզի ինչպես հրեշտակները Նրա փառքից միշտ ահաբեկված են, նույնպես և մենք, դեպի Աստված մեր միտքը ուղղելով և մեծ փառքի առջև, կանգնած լինելով, երկյուղով Նրան պիտի պաշտենք։
Եւ գոհացարուք զՆմանէ ի գիշերային ժամուս յայսմիկ վասն
Ցույց է տալիս ճշմարտությունն ու արդարությունը, որն իրագործեց մեր նկատմամբ ոչ թե ըստ արժանիքի՝ այլ ողորմելով:
Նորա. որ
Ասում է՝ ողորմեց, այդ պատճառով էլ ընտրեց, որովհետև, խոտան էինք և Աստծո ներկայությունից զրկված։ Ըստ առաքելական խոսքի՝ ողորմությունը մեզ ընտրյալ դարձրեց. «Ընտրեց մեզ Նրանով (այսինքն Քրիստոսի միջոցով) նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ» (հմմտ. Եփես. Ա 4)
եւ շնորհեաց մեզ բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն ի փառաբանիչս Տեառն Աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինիլ: Եւ մեք, այսուհետեւ
Այսինքն, որովհետև երկրում մեզ հրեշտակների նման դարձրեց, մեր անձերում ընդունենք հրեշտակային սրբությունը և, եթե մարդկային բնությամբ ինչ որ սխալ ենք գործել, խոստովանությամբ և ապաշխարությամբ այն սրբելով, մաքրվենք։
ի խղճէ եւ ի չար գործոց,
Ինչպես մարգարեն է հրամայում.«Գիշերը դեպի սրբությունը պարզեցեք ձեռքերը» (Սաղմ. ՃԼԳ 2), նույն կերպով և քարոզը հրամայում է նախ՝ սրբել մեղքը և չար գործերը և ապա բարձրացնել ձեռքերը դեպի սրբություն։
Քանզի աղոթողին պետք է աներկմիտ հավատով և անբարկանալի մտքով աղոթքը մատուցել Աստծուն, որի համար և Տերն է ասում. «Թող քո ընծան սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ինձ աղերսիր» (հմմտ. Մատթ. Ե 24)։ Այդ պատճառով և այս քարոզը հորդորում է բարկությունը թողնել և ապա Աստծուց քավություն հայցել:
Հաւատով խնդրեսցուք ի Նմանէ զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց՝
Քանզի ասաց՝ նախ սրբել մեր անձերը մեղքից (այստեղ նաև օրինակն է տալիս, թե ինչպես), ըստ որի՝ սրբվում ենք խոստովանությամբ և քավություն խնդրելով, որովհետև, եթե չխոստովանենք, Ծածկագետից չենք կարող թաքցնել։ Սակայն խոստովանությամբ և մեղքը գիտակցելով մենք խոնարհության ենք հասնում, ամաչում ենք, զղջում և պաղատում ենք, որով և Աստծուց ողորմություն և ներում ենք գտնում և արդարանում։ Քանզի մարգարեի միջոցով իսկ ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես. ԽԳ 26)
ծածկագիտին Աստուծոյ: Որպէս զի ընդունելով զպաղատանս մեր աղօթիւք եւ բարեխօսութեամբ ամենայն սրբոց՝
Հայտնի է դարձնում, որ Նրա պարգևները ձրի են, թեպետ և շատերս առաքինանանք, որովհետև սիրում է մարդկանց։ Եվ առաքինությամբ և անբիծ ապրելը շնորհ է, որ շնորհում է մարդասերն Աստված։ Սակայն անարատ վարքով ապրելն առավել պատիվ է, քան արքայությունը, որին ավելի մեծ ցանկությամբ են բաղձում ընտրյալները, քան երկնքի բարիքներին, որովհետև, ցանկանում են ոչ թե վարձատրվել Քրիստոսից, այլ տառապել Քրիստոսի համար։ Եվ առ Քրիստոս ունեցած սիրո պատճառով՝ Քրիստոսի համար չարչարվելն ավելի ախորժական էր, քան Քրիստոսի հետ փառքի մեջ լինելը։ Ինչպես և երանելի Հովհան Ոսկեբերանն է ասում. «Նախընտրում եմ Քրիստոսի համար կապանքների մեջ լինել, քան քերովբեների հետ մերձ լինել Աստծուն»։ Նաև երջանիկ Գրիգոր Աստվածաբանն է գրում. «Որպեսզի չասեմ, թե նույնինքն տքնելն արդեն իսկ վարձատրություն է, որն ամենևին մտքի վաճառականություն չէ», և նաև ընտրյալ Նյուսացի Գրիգորն է այս իմաստով ասում Սողոմոնի «Երգ Երգոց» օրհնության մեկնության մեջ. «Սիրո առաքինության պատճառով է, որ հարսին ունի և ոչ թե որպես վարձատրություն»։ Նաև՝ Աստվածաբանը, ինչպես և Նյուսացին, երեք չափանիշներ են սահմանում արդարության մասին՝ երկյուղի պատճառով, վարձատրության պատճառով և սիրո պատճառով։ Նյուսացին սիրո գերակայությունը բացատրում է ամուսնական մերձավորության օրինակով, ըստ Սողոմոնի, իսկ Աստվածաբանը՝ որդիության օրինակով եռակարգ դասակարգումով. ծառա է կոչում երկյուղով ուղղվածներին, վարձկան՝ հոժարակամ ստացողներին, ապա, առավել քան այս երկուսը, ասում է՝ որդին է հոր հավանածը և ոչ թե վարձկանը։ Արդ, առաջին և մեծ պարգևն այս է՝ առաքինություն ստանալ, և երկրորդը՝ հավիտենական ուրախության արժանանալ, որը Քրիստոսի սիրողները կստանան Նրանից՝ ըստ Նրա անսուտ խոստումի։
ըստ կամաց Նորա յայսմ աշխարհիս եւ արժանաւոր լինելով յաւիտենական եւ երկնային խորանացն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս: Տէ՛ր մեր,
Խնդրանքով է ամփոփում խոսքը՝ տնօրինական անունները հիշելով, որ մեզ համար եղավ և կոչվեց Հիսուս, որ է Փրկիչ (հմմտ. Մատթ. Ա 21, Ղուկ. Ա 31), քանզի փրկեց մեզ մոլորությունից և սատանայական գործերից, մեղքից, անեծքից, մահվանից, ապականությունից և դժոխքից։ Եվ Քրիստոս կոչվեց, որովհետև Հոգով օծվեց և կոչվում է Քրիստոս՝ այսինքն Օծյալ (Ղուկ. Բ 11) եւ նույն Հոգով «մեզ ևս օծեց» (Բ Կորնթ. Ա 21), օծվածներ դարձրեց և անվանեց քրիստոնյաներ։

Կեցո՛, Տէ՛ր:
Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել՝ հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զհրեշտակ խաղաղութեան՝ պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԵՐԳ ԱՂՕԹԱԿԱՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Առաւօ՛տ լուսոյ, Արեգա՛կն արդար, առ իս լո՛յս ծագեա:
Բղխո՛ւմն ի Հօրէ, բղխեա՛ ի հոգւոյս բան Քեզ ի հաճոյս:
Գա՛նձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտո՛ղ զիս արա:
Դուռն ողորմութեան դաւանողիս բա՛ց, դասեցո՛ վերնոցն:
Երրեա՛կ միութիւն, եղելո՛ց խնամող, եւ ի՛նձ ողորմեա:
Զարթիր, Տէ՛ր, յօգնել. զարթո՛ զթմրեալս՝ զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկա՛լ զիս, գթա՛ծ, ընկա՛լ, ողորմա՛ծ, ընկա՛լ, մարդասէ՛ր:
Թագաւո՛ր փառաց, թողութեա՛նց տուող, թո՛ղ ինձ զյանցանս:
Ժողովո՛ղ բարեաց, ժողովեա՛ եւ զիս ժողովս անդրանկաց:
Ի Քէն, Տէ՛ր, հայցեմ, ի մարդասիրէդ, ինձ բժշկութիւն:
Լե՛ր կեանք մեռելոյս, լոյս՝ խաւարելոյս, լուծանող՝ ցաւոյս:
Խորհրդո՛ց գիտող, խաւարիս շնորհեա՛ խորհուրդ լուսաւոր:
Ծնո՛ւնդ Հօր ծոցոյ, ծածկելոյս ստուերաւ ծագեա՛ լոյս փառաց:
Կենարա՛ր Փրկիչ, կեցո՛ զմեռեալս, կանգնեա՛ զգլորեալս:
Հաստեա՛ հաւատով, հաստատեա՛ յուսով, հիմնեցո՛ սիրով:
Ձայնիւս աղաչեմ, ձեռօքս պաղատիմ. ձիր բարեաց շնորհեա՛:
Ղամբարամբ լուսոյ, ղեկավա՛ր ճարտար, ղօղեալս ամրացո՛:
Ճառագա՛յթ փառաց, ճանապա՛րհ ինձ ցոյց՝ ճեպել ի յերկինս:
Միածի՛նդ Հօր, մո՛յծ զիս յառագաստ մաքուր հարսանեացդ:
Յորժամ գաս փառօք յահագին աւուրն, յիշեա՛ զիս, Քրիստո՛ս:
Նորոգո՛ղ հնութեանց, նորոգեա՛ եւ զիս, նորո՛գ զարդարեա:
Շնորհատո՛ւ բարեաց, շնորհեա՛ զքաւութիւն, շնորհեա՛ զթողութիւն:
Ուրախացո՛, Տէ՛ր, ոգւոյս փրկութեամբ, ոյր վասն եմ ի սուգ:
Չար մշակողին չար սերմանց նորին չորացո՛ զպտուղն:
Պարգեւի՛չ բարեաց, պարգեւեա՛ իմոց պարտեացս թողութիւն:
Ջո՛ւր շնորհեա աչացս՝ ջերմ հեղուլ զարտօսր, ջնջել զյանցանս:
Ռետի՛նդ քաղցու, ռամ հոգւոյս արբո՛, ռա՛հ ցոյց ինձ լուսոյ:
Սէ՛ր անուն Յիսուս, սիրով Քով ճմլեա՛ սիրտ իմ քարեղէն:
Վասն գթութեան, վասն ողորմութեան վերստի՛ն կեցո:
Տենչալւոյդ տեսլեամբ տո՛ւր ինձ յագենալ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս:
Րաբո՛ւնդ երկնաւոր, րոտեա՛ զաշակերտս րամից երկնայնոց:
Ցօղ արեան Քո, Տէ՛ր, ցօղեա՛ ի հոգիս, ցնծասցէ անձն իմ:
Ււծեալս մեղօք ւիւծեալ աղաչեմ ւիւսել ինձ բարիս:
Փրկի՛չ բոլորից, փութա՛ զիս փրկել փորձութեանց մեղաց:
Քաւի՛չ յանցանաց, քաւեա՛ զօրհնաբանս՝ Քեզ երգել զփառս:
Սրբուհւոյ Աստուածածնին բարեխօսութեամբ յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:


ԿԱՆՈՆ «Երանեալ», ԴԿ (սաղմոս Ա-ԺԷ)
Ցնծացէ՛ք, արդա՛րք, ի Տէր. ուղղոց վայել է օրհնութիւն. խոստովա՛ն եղերուք Տեառն օրհնութեամբ, տասնաղեաւ սաղմոսարանաւ սաղմո՛ս ասացէք Նմա:


ԿԱՆՈՆԱԳԼՈՒԽ


ՍԱՂՄՈՍ ԺԷ
Սիրեցից զՔեզ, Տէ՛ր, զօրութի՛ւն իմ. ալէլուիա. Տէր հաստատիչ իմ, ապաւէն իմ եւ փրկիչ իմ. ալէլուիա:
Աստուած օգնական իմ, եւ ես յուսամ ի Նա. ապաւէն իմ, եղջիւր փրկութեան իմոյ, ընդունելի իմ է:
Օրհնելով կարդացից առ Տէր եւ ի թշնամեաց իմոց ապրեցայց:
Շուրջ եղեն զինեւ երկունք մահու, եւ ուղխք անօրէնութեան խռովեցուցին զիս:
Վիշտք դժոխոց պաշարեցին զիս, եւ ժամանեցին ինձ որոգայթք մահու:
Ի նեղութեան իմում ես առ Տէր կարդացի եւ առ Աստուած իմ աղաղակեցի:
Փոխ. Զգեցուցեր ինձ զօրութիւն ի պատերազմի եւ զյարուցեալսն ի վերայ իմ ներքոյ իմ արարեր. ալէլուիա, ալէլուիա:
Զթշնամիս իմ հալածականս արարեր եւ զատելիս իմ սատակեցեր:
Աղաղակեցին, եւ ոչ ոք էր, որ փրկէր զնոսա. կարդացին առ Տէր, եւ ոչ լուաւ նոցա:
Մանրեցից զնոսա որպէս փոշի առաջի հողմոյ, որպէս կաւ գռեհաց կոխեցից զնոսա:
Փրկեսցէ զիս Տէր ի հակառակութենէ ժողովրդոց եւ կացուսցէ զիս գլուխ հեթանոսաց:
Ժողովուրդ, զոր ոչ գիտէի, ծառայեաց ինձ եւ ի լուր ականջաց լուաւ ինձ:
Որդիք օտարաց ստեցին ինձ, որդիք օտարաց մաշեցան եւ կաղացան ի շաւղաց իւրեանց:
Կենդանի է Տէր, եւ օրհնեալ է Աստուած. եւ բարձր եղիցի Աստուած փրկութեան իմոյ:
Աստուած է, որ խնդրէ զվրէժ իմ եւ հնազանդ առնէ զժողովուրդս ընդ ինեւ:
Փրկիչ իմ ի թշնամեաց իմոց բարկացողաց, յայնցանէ, որ յարուցեալ են ի վերայ իմ, բարձր արարեր զիս եւ յառնէ անիրաւէ փրկեցեր զիս:
Վասն այսորիկ խոստովան եղէց Քեզ ի հեթանոսս եւ անուան Քում սաղմոս ասացից:
Մեծ արարեր զփրկութիւն թագաւորի Նորա՝ առնել ողորմութիւն ընդ օծելոյ Նորա ընդ Դաւթի եւ ընդ զաւակի նորա ազգէ մինչեւ յազգ:
Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:

ՇԱՐԱԿԱՆ ՀԱՆԳՍՏԵԱՆ


Հանգստեան դկ.

(Տրյ. Հանգստեան դկ. Ա.)


Հա՛յր անսկիզբն, բարեխնամ, մարդասէր, որ ստեղծիչդ ես հոգւոց եւ մարմնոց, յիշեա՛ զննջեցեալսն մեր եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։
Որդի՛դ Միածին, որ գթածդ ես առ ամենեսեան եւ խաչիւ եւ արեամբ գնեցեր զՔո ժողովուրդս, յիշեա՛ զգինս արեան Քո, Տէ՛ր, եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։
Հոգի՛դ ճշմարիտ, որ աղբիւրդ ես անսպառելի եւ լցուցիչ ամենայն բարութեանց, յիշեա՛ զննջեցեալսն մեր եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։

(Տրյ. Հանգստեան դկ. Բ.)


Խնդրեմք ի Քէն, Թագաւո՛ր փառաց, Փառաւորեա՛լդ ի զուարթնոց. զննջեցեալսն մեր ընկա՛լ, մարդասէ՛ր Տէր, եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։
Յորժամ գաս փառօք Հօր՝ դատել զերկիր, արդարութեան Արեգա՛կն, զննջեցեալսն մեր ընկա՛լ, մարդասէ՛ր Տէր, եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։
Ի նստիլ Քո յատենի, Դատաւո՛ր ահեղ, Քրիստոս Փրկի՛չ մեր եւ Յո՛յս, զննջեցեալսն մեր ընկա՛լ, մարդասէ՛ր Տէր, եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։

(Տրյ. Հանգստեան դկ. Գ., 1-2 տներ)


Որ արարիչդ ես արարածոց, Հանգուցեա՛լդ ի հրեղէն կառս, յիշեա՛ զհոգիս ննջեցելոց մերոց եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։
Որ երկայնամիտդ ես առ ամենեսեան եւ ներող յանցանաց մերոց, յիշեա՛ զհոգիս ննջեցելոց մերոց եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։

(Օրհ. Բուն բարեկենդանին դկ. Ա.)


Բանն, որ ընդ Հօր յէութեան եւ համագոյ Սուրբ Հոգւոյն, զպատկերն իւրական՝ խառնեալ ընդ հողանիւթ բնութեանս, զոր զարդարեալ փառօք՝ եդ ի դրախտին փափկութեան:
Յորում ցնծայր զուարճացեալ անտխրական խնդութեամբ, քանզի զԱստուած տեսանէր միշտ խոնարհեալ ի դրախտին, յորմէ զլուսոյն ճառագայթ տպաւորէր ի յինքեան:
Վասն որոյ աղաչեա՛, մա՛յր Աստուծոյ Մարիամ, զՄիածին քո զՈրդին, զի շնորհեսցէ ըստ աւազակին ժառանգել վերստին մեզ զդրախտին վայելչութիւն:

(Ողր. ապաշխարութեան դկ. Ա.)


Քրիստո՛ս Աստուած, Յո՛յս ապաշխարողաց, շնորհեա՛ զթողութիւն բազում յանցանաց իմոց:
Առ Քեզ, Բազմագո՛ւթ, ապաւինեալ կարդամք. մի՛ մերժեր զմեզ յողորմութենէ Քումմէ:
Որպէս զաւազակն աղաղակեմ առ Քեզ. յիշեա՛ եւ զիս, Տէ՛ր, ի Քում յարքայութեանդ:

(Մնկ. Յարութեան Ղազարու դկ. ստղ.)


Յիսուս Միածինն՝ անմահութեանց Պարգեւատուն, երեւեցաւ մեզ, խափանեաց զզօրութիւն մահու:
Բղխմամբ արտասուաց Մարիամու եւ Մարթայի անկեալ առ ոտսն Տեառն՝ խնդրէին զնորոգումն եղբօրն:
Բանիւ Բանն Աստուած կենագործեաց զՂազարոս ի թաղմանէ, եւ եկեալ արտաքս անապական:

(Տրյ. Հմբ. Յարութեան դկ. Ա.)


Յորժամ եկին ի գերեզմանն իւղաբեր կանայքն եւ բերին զխունկսն ի խնկել զանապական մարմինն:
Յայնժամ հրեշտակն աւետարանէր. «Յարեաւ Քրիստոս. պատմեցէ՛ք աշակերտացն զյարութիւնն Տեառն»:
Իսկ նոցա զարհուրեալ վասն ահագին տեսլեանն՝ պատմէին աշակերտացն զահագին տեսիլն:

(Օրհ. Հոգեգալստեան Է աւուր դկ. Բ.)


Ի համբառնալ Բանին յերկինս եւ ի նստիլ ընդ աջմէ Հօր՝ զուարճացեալ առաքելոցն երկրպագէին՝ օրհնելով զՀայր զԱռաքող Բանին:
Համահաւաքեալ գունդք սրբոցն ի վերնատունն խորհրդոյ՝ համբարձմամբ աչաց սպասէին Հոգւոյն՝ օրհնելով զՀայր զԱռաքող Բանին:
Յանկարծահաս հնչմամբ հեղեալ կենդանարար Աղբիւր լուսոյ՝ անմահական կենաց լուսով զարդարեալ, որք օրհնէին զՀայր՝ զԱռաքող Բանին:

(Մեծ. դկ.)


Աստուածածին մա՛յր եւ Կո՛յս, ծագո՛ղ Արեգականն արդարութեան, որ լուսաւորեացն զմեզ, հոգեւոր երգով զքեզ բարեբանեմք եւ փառաւորեմք զՄիածին քո զՈրդին:
Ելոյծ զօրէնս բնութեան մարդկան հրաշափառ քո ծնունդ եւ զէութիւն բնութեանն ամբողջ պահեալ, եւ կուսութեանդ քո ոչ խախտեցան կնիք. հոգեւոր երգով զքեզ բարեբանեմք եւ փառաւորեմք զՄիածին քո զՈրդին:
Զքեզ, մորենի՛ անկէզ, լեա՛ռն վիմածին, դո՛ւռն փակեալ եւ աղբի՛ւր կնքեալ, նախատեսացն գուշակեալ մա՛յր եւ Կո՛յս, հոգեւոր երգով զքեզ բարեբանեմք եւ փառաւորեմք զՄիածին քո զՈրդին:

(Տրյ. Խաչվերացի շաբաթու դկ.)


Խաչի Քո, Քրիստո՛ս, երկրպագեն արարածք ամենայն, որ ի փրկութիւն մեզ կանգնեցաւ. սա եղիցի մեզ պահապան յաղթող՝ ապրեցուցանել զմեզ ի պատրանաց բանսարկուին:
Ի սմա բարձրացար, Բարձո՛ղդ անիծից, որ փառաւորեալդ ես ընդ Հօր, ժողովել զհեռացեալսն կենսաբեր փայտիւն, ապրեցուցանել զմեզ ի պատրանաց բանսարկուին:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:

Սովաւ լուսաւորեցան արարածք ամենայն, սմա սպասէին արգելեալքն ի մեղսասէր բանտին, որ ազատեաց զմեզ ի պատրանաց բանսարկուին:

Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Տրյ. Հանգստեան դկ. Գ., 3-րդ տուն)


Որ միւսանգամ գալոց ես հայրենի փառօք՝ նորոգել զնախաստեղծին ծնունդ, յիշեա՛ զհոգիս ննջեցելոց մերոց եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։

ՍԱՂՄՈՍ ՃԽԲ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով:
Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի:
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեցաւ յինէն հոգի իմ:
Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ:
Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի:
Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ:
Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:

ԱՒԵՏԱՐԱՆ ՀԱՆԳՍՏԵԱՆ
(ԲԿ, ԴԿ)

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Մատթէոսի
(գլ. 13.36-52)

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Յայնժամ թողեալ Յիսուսի զժողովուրդսն՝ եկն ի տուն. մատեան առ Նա աշակերտքն եւ ասեն. «Մեկնեա՛ մեզ զառակ որոմանցն ագարակի»:
Նա պատասխանի ետ եւ ասէ ցնոսա. «Որ սերմանէ սերմն բարի, է Որդի մարդոյ. եւ ագարակն աշխարհս է. սերմն բարի նոքա են, որ որդիքն արքայութեան են. իսկ որոմնն որդիք չարին են. եւ թշնամին, որ վարեաց զայն, սատանայ է. եւ հունձքն՝ կատարած աշխարհիս է. եւ հնձողքն հրեշտակք են:
Որպէս ժողովի որոմն եւ ի հուր այրի, այնպէս եղիցի ի կատարածի աշխարհիս. առաքեսցէ Որդի մարդոյ զհրեշտակս Իւր, եւ ժողովեսցեն յարքայութենէ Նորա զամենայն գայթակղութիւնս եւ զայնոսիկ, ոյք գործեն զանօրէնութիւն, եւ արկցեն զնոսա ի հնոց հրոյ. անդ եղիցի լալ եւ կրճել ատամանց:
Յայնժամ արդարքն ծագեսցին իբրեւ զարեգակն յարքայութեան երկնից. որ ունիցի ականջս լսելոյ, լուիցէ:
Դարձեալ՝ նման է արքայութիւն երկնից գանձի ծածկելոյ յագարակի, զոր գտեալ մարդոյ՝ թաքոյց. եւ ի խնդութենէ անտի երթայ վաճառէ զամենայն ինչ, զոր ունի, եւ գնէ զագարակն զայն:
Դարձեալ՝ նման է արքայութիւն երկնից առն վաճառականի, որ խնդրիցէ մարգարիտս գեղեցիկս:
Եւ գտեալ մի պատուական մարգարիտ՝ երթեալ վաճառեաց զամենայն, զոր ինչ ունէր, եւ գնեաց զայն մարգարիտ:
Դարձեալ՝ նման է արքայութիւն երկնից ուռկանի՝ արկելոյ ի ծով եւ յամենայն ազգաց ժողովելոյ. զոր իբրեւ լցաւ, հանեալ ի ցամաք եւ նստեալ ժողովեցին զբարի բարին յամանս եւ զխոտանն ի բաց ընկեցին:
Այնպէս եղիցի ի կատարածի աշխարհիս. ելցեն հրեշտակք եւ մեկնեսցեն զչարս ի միջոյ արդարոց եւ արկցեն զնոսա ի հնոց հրոյն. անդ եղիցի լալ եւ կրճտել ատամանց»:
Ասէ ցնոսա Յիսուս. «Իմացարո՞ւք զայս ամենայն»:
Ասեն ցՆա. «Այո՛, Տէր»:
Եւ Նա ասէ ցնոսա. «Վասն այսորիկ ամենայն դպիր՝ աշակերտեալ արքայութեան երկնից, նման է առն տանուտեառն, որ հանէ ի գանձէ իւրմէ զնոր եւ զհին»:

ԵՐԳ ՏԵԱՌՆ ՆԵՐՍԵՍԻ
(ասացեալ առ ի Քրիստոս ննջեցելոց)

(ԲԿ, ԴԿ)

Աստուած անեղ, անժամանակ,
Հայր անսկիզբն եւ անքանակ.
Որդւոյ պատճառ ծննդեամբ անճառ,
Հոգւոյն՝ բղխմամբ անքննաբար.
Աղաչեմք զՔեզ, գթա՛ծ,
Երկայնամի՛տ եւ ողորմա՛ծ.
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

Բանդ, որ ի ծոց Հօր Միածին
Եւ կերպարան Սկզբնատպին,
Որով երկինք գոյացան,
Աշխարհ լրիւ հաստատեցան.
Հայցեմք ի Քէն, Տէ՛ր եւ Փրկի՛չ՝
Ամենողորմ եւ կեցուցիչ.
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

Գերագոյն շնորհա՛ց բաշխող
Երկնաւորաց եւ երկրայնոց.
Կեա՛նք եւ կենաց տուող Հոգի՛,
Հօր եւ Որդւոյ արարչակի՛ց.
Խնդրեմք ի Քէն, աղբի՛ւր բարեաց,
Արբուցանո՛ղդ ծարաւեաց.
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

Դաւանիմք ընդ սրովբէից
ԶԿենդանարարդ համայնից.
Երեքսրբեան Մի Տէրութիւն՝
ԶՀայր եւ զՈրդի եւ Սուրբ զՀոգիդ,
ՅՈր հանգուցեալս մկրտեալ
Եւ հաւատով խոստովանեալ.
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

Երրակի թիւ կատարեալ՝
Յերիս Անձինս բաժանեալ,
Երրորդութեամբ միաւորեալ,
Միով բնութեամբ հաւասարեալ,
ՅՈրմէ կապեալք եւ արձակիմք
Եւ վերստին անլոյծ կապիմք.
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

ԶԷակիցդ Հօր զՈրդի
Փառաւորեմք անլռելի,
Որ իջեր յարգանդ Կուսին,
Զադամայինն առեր մարմին.
Աղաչանօք Աստուածածնին՝
Անապական Քում ծնողին,
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

Էրեւեցար մարմնով յերկրի,
Որ ի Հօրէ անմեկնելի.
Ընդ հողեղէնս բնակեցար
Ի հրեղինաց Երկրպագեալդ.
Պաղատանօք երկնաւորաց՝
Փառաբանչաց Քոց հրեշտակաց,
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

Ըստ օրինացն Մովսիսի
Ընծայեցար ի տաճարին,
Զի զբնութիւնս մարդկային
Ընծայեսցես Հօր ի յերկին.
Խնդրուածովք սուրբ ծերունւոյն՝
Քեւ ի կապից արձակելոյն,
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

Թագաւո՛րդ հրեղինաց,
Որ ընդ մարդկան հողեղինաց,
Շրջեցար տնօրինաբար,
Կրեցեր զկիրս մարդկաբար.
Որ վասն մեր զայս ամենայն
Ի յանձն առեր խոնարհութեամբ,
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

ԵՐԳ
Ձայնիւ առ Քեզ, Տէ՛ր, պաղատիմք
Եւ առաջի Քո անկանիմք.
Աղաչանօք Աստուածածնին
Շիջո՛ ի մէնջ զբոց հնոցին.
Տո՛ւր արտասուօք զմեղս ջնջել
Եւ վերստին զմեզ նորոգել.
Յոր օրհնեցայք, ա՛զգք երկրածինք,
Տո՛ւք օրհնութիւն Պտղոյ Կուսին:

ՄԱՂԹԱՆՔ
Հոգւոցն հանգուցելոց, Քրիստո՛ս Աստուած, արա՛ հանգիստ եւ ողորմութիւն. եւ մեզ՝ մեղաւորացս, շնորհեա՛ զթողութիւն յանցանաց:

ՔԱՐՈԶ
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Վասն հանգուցեալ հոգւոցն աղաչեսցուք զՓրկիչն մեր Քրիստոս, զի զնոսա ընդ արդարսն դասեսցէ եւ զմեզ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ:
Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
Քրիստոս Որդի՛ Աստուծոյ, անոխակա՛լ եւ բարեգո՛ւթ, գթա՛ Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Յիշեա՛ յաւուր մեծի գալստեան արքայութեան Քո: Արա՛ արժանի ողորմութեան, քաւութեան եւ թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս Քո յաջակողմեան դասուն, զի Դու ես Տէր եւ Արարիչ ամենեցուն, Դատաւոր կենդանեաց եւ մեռելոց. եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

ՄԱՂԹԱՆՔ
Քրիստոս Աստուա՛ծ մեր, անճառելի տէրութեանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ:

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՇԱՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ


Օրհնութիւն Ծննդեան ս. Աստուածածնին գկ.

(Օրհ. Ծննդեան սրբոյ Աստուածածնին գկ. Ա.)


Երգեցէ՛ք, որդի՛ք Սիոնի, երգ նոր ի ծննդեան մօր Տեառն, քանզի որ ծնաւ զանժամանակն ի Հօրէ Ծնեալն, այսօր ծնաւ յամուլ արգանդէ. տո՛ւք օրհնութիւն Տուողին մեզ զմայրն Լուսոյ:
Ցնծացէ՛ք, որդի՛ք մարդկան, այսօր ծննդեամբ սրբուհւոյ Կուսին, քանզի որ տարաւ զԱնտանելին յարգանդի անսերմնապէս, այսօր բղխեաց յարմատոյն յԵսսեայ. տո՛ւք օրհնութիւն Տուողին մեզ զմայրն Լուսոյ:
Ուրախութիւն աշխարհի ծնաւ զՄարիամ ամուլն Աննա աւետեօք զուարթնոյն, որ զՏուողն օրինաց հնոյն ծնաւ մարմնով Պարգեւիչ նորոյս կտակի. տո՛ւք օրհնութիւն Տուողին մեզ զմայրն Լուսոյ:
Խնդա՛, մա՛յր Բանին՝ ի Հօրէ ծնեալ նախ քան զարուսեակ, որ զԼոյսն երկնային ծագեցեր մարդկան՝ զլուծիչ մեղաց մթութեան. մաղթեա՛ Բանին՝ փրկել զմեզ ի մեղաց մերոց:

(Օրհ. Ծննդեան սրբոյ Աստուածածնին գկ. Բ., 1-3 տներ)


Այսօր լցաւ խոստումն Աստուծոյ առ նահապետսն՝ ի Զաւակի նոցին օրհնիլ ամենայն ազանց, զի յարմատոյ նոցին բղխեաց Կոյսն սուրբ, որ ծնաւ զԲանն բարձող մեղաց նախահօրն. փառս տացուք Տուողին մեզ զօրհնեալն ի կանայս:
Այսօր բուսաւ յԱննայէ մորենին Մարիամ, յոր վառեցաւ հուրն աստուածային, զոր ետես Մովսէս զօրինակ Կուսին ի Սինա՝ լցեալ լուսովն անմատոյց. փառս տացուք Տուողին մեզ զօրհնեալն ի կանայս:
Այսօր գառինքն օրինականքն Յովակիմ եւ Աննա ետուն մեզ զգեղմն՝ ընդունիչ զՑօղն երկնային, յՈրմէ հոսեաց անձրեւն կենաց, եւ բղխեաց աշխարհի աղբիւրն իմաստից. փառս տացուք Տուողին մեզ զօրհնեալն ի կանայս:

(Օրհ. Սուրբ Ծննդեան Գ աւուր գկ. Ա.)


Էակից Հօր եւ Հոգւոյն, անսկիզբն Որդի, անմայր յառաջնումն անդրանիկ եւ ընդ Հօր յաւիտեան:
Ի ծոցոյ Հօր առաքեալ, եդեալ ի մսուր յանբանից, Բա՛նդ Աստուած յայտնեալ:
Քրիստոս ծնեալ ի քաղաքի Դաւթի. քարոզեն հովիւքն ընդ հրեշտակս եւ մոգք հանդերձ աստեղբն:

(Ողր. Սուրբ Ծննդեան Զ աւուր գկ.)


Հրաշափառ ծնունդ Քո ի սուրբ Կուսէն այսօր ցուցաւ ազգի մարդկան, անսկզբնակից Բա՛նդ, Էակի՛ց Հօր:
Յայտնութեամբ Քո, Տէ՛ր, ցնծացաւ երկիր, եւ նորոգեալ եղեւ Ադամ յառաջին յանցանաց ի մեղաց իւրոց:
Դասք հովուացն յերկրի փառաւորէին զՔո ամենակեցոյց գալուստդ, որ երեւեցար Քո արարածոցս:

(Օրհ. Սուրբ Ծննդեան Գ աւուր գկ. Բ.)


Որ զՄարմնացեալն տիրաբար ի յորովայնի քում կրեցեր, ուրա՛խ լեր, անհարսնացեա՛լ մայր:
Որ զԱնտանելին յէից ի յարգանդի անապականաբար կրեցեր, ուրա՛խ լեր, անհարսնացեա՛լ մայր:
Որ զարարչակից Բանն գոյացեալ՝ ստուգապէս աշխարհի ծնար, ուրա՛խ լեր, անհարսնացեա՛լ մայր:

(Տրյ. Սուրբ Ծննդեան Զ աւուր գկ.)


Այսօր յայտնեցաւ մեզ Բարձրեալն՝ բազմեալ Բանն յանբանից մսուր, Գառն եւ երկնաւոր Հաց:
Այսօր ցնծան զուարթունք երկնից՝ տեսանելով զահաւոր, զահագին եւ զհրաշալի ծնունդ, որ լոյս աշխարհի ցուցաւ:
Ընդ իջանել զուարթնոցն ի փառաբանութիւն տեսանէին ամպ լուսոյ՝ սիւն գործեալ ի հրալից վիմին, դասք երջանիկ հովուացն:

(Ճշ. Աւետեաց սուրբ Աստուածածնին գկ.)


Աստուածածի՛ն, խորա՛ն Լուսոյ անվայրափակ Արփւոյն կենաց, որ եղեր արեւելք Արեգականն արդարութեան եւ նստելոցս ի խաւարի լոյս ծագեցեր. վասն որոյ ամենեքեան զքեզ միշտ մեծացուցանեմք:
Անապական տաճա՛ր եւ մորենի՛ անկիզելի, որ զանշէջ հուր Աստուածութեանն ի քեզ տարեալ կրեցեր, որով բնութեանս կիզեալ շիջաւ կրից բոց. վասն որոյ ամենեքեան զքեզ միշտ մեծացուցանեմք:
Կենդանի տապանա՛կ կտակարանաց նորոյ ուխտիս, որով ելք յերկիր աւետեաց հորդեալ Հոգւով ի քեզ տպաւորեալ Բանին. վասն որոյ ամենեքեան զքեզ միշտ մեծացուցանեմք:

Աւագ օրհ. գկ. Ա. (3-րդ տուն)


Աստուածածի՛ն, սի՛ւն լուսոյ, ա՛մպ հովանաւոր եւ բնակարա՛ն Բանին, որ բանիւ հովուէր զԻսրայէլ, բարեխօսեա՛ Նմա վասն անձանց մերոց:

Աւագ օրհ. գկ. Բ. (3-րդ տուն)


Զանապական Կոյսն Մարիամ՝ Աստուածածին խոստովանի սուրբ Եկեղեցի. ուստի տուաւ հացն անմահութեան եւ բաժակ մեզ ուրախարար, տո՛ւք օրհնութիւն Տեառն Աստուծոյ մերոյ:

Աւագ օրհ. գկ. Գ. (3-րդ տուն)


Զտաճար անապական Բանին Հօր բարեբանեն դասք հոգեղինացն. գովեմք եւ մեք՝ ձայնակցելով երկնայնոցն:

(Օրհ. Հոգեգալստեան Ե աւուր գկ. Բ.)


Այսօր ցնծան դասք առաքելոցն գալստեամբ Հոգւոյն Աստուծոյ, զՈր մխիթարեաց փոխանակ Բանին մարմնացելոյ՝ եղեալ ընդ նոսա. փառս տացուք Նմա սրբասաց ձայնիւ:
Այսօր բղխեաց ջուր կենդանի յԵրուսաղէմ, յորմէ լցան գետք աստուածայինք եւ ընթացեալ արբուցին տիեզերաց զքառավտակ աղբիւրն Եդեմայ. փառս տացուք Նմա սրբասաց ձայնիւ:
Այսօր ցօղով իմանալեաւ յամպոց Հոգւոյն զուարթացան բոյսք Եկեղեցւոյ, պարարտացան դաշտք արդարութեամբ, եւ գեղեցկացան անապատք մաքուր կուսութեամբ. փառս տացուք Նմա սրբասաց ձայնիւ:

(Մեծ. Հանգստեան գկ.)


Լեա՛ռն վիմածին, աղբի՛ւր յորդառատ, բարունա՛կ ծաղկեալ, այգի՛ վայելուչ, սրովբէ՛ հողեղէն, Րաբունւոյ Բանին տո՛ւն տնօրէնութեան, տաղաւա՛ր Հոգւոյն, առ Ծնեալն ի քէն միշտ բարեխօսեա՛ անդադար հայցմամբ՝ շնորհել զթողութիւն մեր ննջեցելոցն։
Փափկութեան դրախտին բացող բանալի՛, Քրիստոսի բարձո՛ղ, նմանո՛ղ երկնից, սափո՛ր ոսկեղէն՝ լի մանանայիւ, գաւազա՛ն ծաղկեալ յարմատոյն յԵսսեայ, տաճար Լուսոյ մա՛յր, առ Ծնեալն ի քէն միշտ բարեխօսեա՛ անդադար հայցմամբ՝ շնորհել զթողութիւն մեր ննջեցելոցն։
Ցօ՛ղ քաղցրածաւալ՝ ցանկալի զուարթնոցն, նիւթեղէն սրովբէ՛, գե՛ղ մարգարտափայլ, հի՛մն Եկեղեցւոյ, մաքուր աղաւնի՛, ա՛մպ հովանաւոր, սուրբ Կոյս Մարիա՛մ, առ Ծնեալն ի քէն միշտ բարեխօսեա՛ անդադար հայցմամբ՝ շնորհել զթողութիւն մեր ննջեցելոցն։

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Օրհ. Ծննդեան սրբոյ Աստուածածնին գկ. Բ., 4-րդ տուն)


Այսօր ծնաւ մայրն ամուլ զքեզ յարմատոյն յԵսսեայ ծառ կենաց, ծաղկեա՛լ տիրուհի, որ ետուր մարդկան ի ժամու պտուղ զՀացն կենաց՝ զԻջեալն ի յերկնից. բարեխօսեա՛, սրբուհի՛, վասն անձանց մերոց:

ՄԱՂԹԱՆՔ
Փա՜ռք հրաշափառ տէրութեան Քո, Որդի՛ Աստուծոյ. զօրհնեալ եւ զփառաւորեալ, զհրաշալի եւ զյաղթող զտէրութիւնն Քո սուրբ օրհնեմք եւ փառաւորեմք:
Մարդասէ՛ր Տէր, վասն սրբուհւոյ անարատի մօր Քո եւ Կուսի եւ վասն խաչի Քո պատուականի ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:

ՔԱՐՈԶ
(ԲԿ, ԴԿ)
Վասն ի վերուստ խաղաղութեան եւ փրկութեան անձանց մերոց զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն լսելի լինելոյ Տեառն Աստուծոյ ձայնի աղաչանաց մերոց զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն քաւիչ եւ ներող լինելոյ Աստուծոյ ի վերայ մեղաց մերոց զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն թողլոյ մեզ զամենայն յանցանս մեր զկամայ եւ զակամայ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն զի մի՛ ընդ խոտանսն գտանիցիմք յաւուրն պատասխանատուութեան զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն հոգւոցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին, զՏէր աղաչեսցուք:
Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
(ԲԿ, ԴԿ)
Տէ՛ր տուընջեան եւ գոյացուցի՛չ գիշերոյ, որ արարեր զտիւ ի զբօսանս բարեգործութեան՝ ի փրկութիւն անձանց մերոց, եւ զգիշեր՝ ի հանգիստ քնոյ տկարացեալ բնութեանս մերոյ, իսկ այժմ զարթուցեալ բացեր զբերանս մեր յօրհնաբանութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ, ընկա՛լ եւ այժմ զաղաչանս մեր եւ յաջողեա՛ մեզ ուղիղ հաւատով եւ առաքինասէր վարուք ի նոյն պաշտօն Քո կանխել միշտ եւ նովին կանոնիւս անդադար փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

ԶՔեզ, որ յամենայնի գթած եւ մարդասէր Տէրդ ես, աղաչեմք հանապազ, զի զօրացուսցես զմեզ օր ըստ օրէ կալ ի կարգի կրօնաւորութեան մերում: Թեթեւացո՛, Տէ՛ր, զքաղցր լուծ Քո, զոր եդիր ի վերայ մեր. զի կարասցուք կալ ի պատուիրանի Քում եւ զհաճոյսն առնել առաջի Քո յամենայն ժամ ի տուէ եւ ի գիշերի, հրեշտակային երգակցութեամբ զՔեզ օրհնել, զՔեզ գովել եւ Քեզ գոհութիւն եւ փառս մատուցանել ամենազօր տէրութեանդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Տէր ասաց ցԻս. «Որդի Իմ ես Դու, եւ Ես այսօր ծնայ զՔեզ: Խնդրեա՛ յԻնէն, եւ տաց Քեզ զհեթանոսս ի ժառանգութիւն եւ իշխանութիւն Քեզ ընդ ամենայն ծագս երկրի»:
Փոխ. Ալէլուիա: Լո՛ւր, դո՛ւստր, եւ տե՛ս, խոնարհեցո՛ զունկն քո, մոռա՛ զժողովուրդ քո եւ զտուն հօր քո, զի ցանկացաւ Թագաւոր գեղոյ քո: Սա Ինքն է Տէր քո. երկրպագցես Սմա, եւ դուստր Ծուրայ երկիր պագցէ Սմա. եւ պատարագօք զերեսս Սորա պաշտեսցեն մեծամեծք ի ժողովրդոց:
Փա՜ռք եւ երկրպագութի՜ւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՄԱՂԹԱՆՔ
(ԲԿ, ԴԿ)
Սաղմոսիւք եւ օրհնութեամբ եւ երգօք հոգեւորօք անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեան յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն: