русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
9 նոյեմբերի 2019թ. շաբաթ, ԲՁ
Սրբոց հրեշտակապետացն Գաբրիելի եւ Միքայելի եւ ամենայն երկնային զօրացն


ՀՐԵՇՏԱԿ
id308Հրեշտակներն արարվել են աշխարհի ստեղծման ամենասկզբում: Նրանք Աստծո հավատարիմ սպասավորներն են և գտնվում են Նրա մշտնջենական ծառայության մեջ՝ անդադար վայելելով Նրանից ճառագող շնորհն ու երանությունը:
Հրեշտակներ էին նաև սատանան ու դևերը, որոնք չփառավորեցին Աստծուն, գերադասեցին իրենց կամքն ու փառքը և գահավիժեցին երկնքից: Նրանք Աստծո ստեղծած անհամար հրեշտակների փոքր մասն էին: Մյուսները, ընտրելով առ Աստված հնազանդությունը, հավիտենապես հաստատվեցին բարու մեջ: Նրանք, ի տարբերություն սատանայի ու դևերի, անդադար փառաբանում և ծառայում են Աստծուն՝ սպասավորելով մարդկանց և ամեն կերպ նպաստելով մեր փրկությանը:
Հրեշտակների թիվն անհամար է, սակայն գոյություն ունի որոշակի դասակարգում, որի մասին հայտնությամբ գրել է ս. Դիոնեսիոս Արեոպագացին: Ըստ այդ դասակարգման՝ հրեշտակները կամ երկնային զորությունները բաժանվում են 9 դասի, որոնք միմյանցից տարբերվում են իրենց դիրքով և նշանակությամբ. դրանք են՝ աթոռք, քերովբեներ, սերովբեներ, տերություններ, զորություններ, իշխանություններ, պետություններ, հրեշտակապետներ, հրեշտակներ:

Վեցթևյան սերովբե. Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու արևմտյան ճակատի հարթաքանդակ
Աղբյուր՝ © Ստեփան Մնացականյան, Աղթամար, Editions Erebouni, 1985

Առաջին երեքը ամենամերձն են Աստծուն և անմիջականորեն լցվում են Նրանից ճառագող շնորհներով:
Հաջորդ երեքը միջին դիրք են գրավում. նրանք իրենց շնորհի լույսը ստանում են առաջին դասերի միջոցով և այն հաղորդում ստորիններին:
Իսկ վերջին երեքը առավել մերձ են մեզ. վերևի դասերից ստանալով շնորհ և զորություն՝ փոխանցում են մեզ և սպասավորում ողջ մարդկությանը՝ ի վերուստ տրված հրամանների համաձայն: Այս պատճառով մեզ առավել հայտնի են ամենավերջին դասի հրեշտակապետներն ու հրեշտակները:
Հրեշտակապետները հիմնականում ամբողջական ազգերի պահապաններ են, իսկ հրեշտակները՝ անհատ մարդկանց: Յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը, որն անտեսանելիորեն, անդադար հուշում է նրան բարի խորհուրդներ, պատսպարում դևերի հարձակումներից, հեռու պահում փորձություններից և պահպանում աղետներից:
Սուրբ Գրքից իրենց անուններով մեզ հայտնի են մի քանի հրեշտակապետներ, ինչպիսիք են Գաբրիելը և Միքայելը:
Եկեղեցին անբաժան է հրեշտակներից. նրանք երկնքում սրբերի հետ անդադար աղոթում և օժանդակում են մեզ: Ուստի Եկեղեցում հաստատված են նաև հրեշտակներին նվիրված տոներ, որոնցում հիշատակվում են նրանց առնչվող իրադարձությունները, և հայցվում է նրանց բարեխոսությունը:



 
sacredtradition.am