русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
15 ապրիլի 2019թ. երկուշաբթի, ԲՁ
Աւագ երկուշաբթի
Պահք






ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
id062Այսպես է կոչվում Ծաղկազարդից մինչև Զատիկ ընկած շաբաթը, որի յուրաքանչյուր օրը Ավագ անունն է կրում, քանի որ այդ ընթացքում Քրիստոս իրականացրեց Իր վերջին, գլխավոր տնօրինությունները: Այդ օրերին Եկեղեցին հանդիսավոր արարողություններով մասնակից է դառնում Տիրոջ երկրային կյանքի այս վերջին շրջանին՝ քայլ առ քայլ ընթանալով Նրա հետ և հիշատակելով միմյանց հաջորդող խորհրդավոր և փրկարար իրադարձությունները:
Ծաղկազարդին, կիրակի օրը, իրականացավ Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ: Այս օրը վերապրում ենք Փրկչին դիմավորող ժողովրդի ցնծությունը: Եվ այդ խորհրդով եկեղեցում հավատացյալներին ուռենու նորաբողբոջ ճյուղեր են բաժանվում:
Ավագ երկուշաբթի օրը Տերը չորացրեց անպտուղ թզենին. դա խորհրդանշում է հոգևոր պտուղ չտվող մարդկանց սպասող պատուհասը: Այդ օրը եկեղեցում ընթերցվում է դրախտից Ադամի ու Եվայի արտաքսման վերաբերյալ սուրբգրային համապատասխան հատվածը՝ այդպիսով զգաստացնելով մեզ և մղելով պատվիրանապահության:
Երեքշաբթի օրը Քրիստոս ընդհարում ունեցավ փարիսեցիների հետ և հանդիմանեց նրանց, որոնք էլ վերջնականապես վճռեցին մահվան մատնել Տիրոջը: Այս օրը եկեղեցում ընթերցվում է 10 կույսերի առակը՝ իբրև հորդոր առաքինության գործերով նմանվելու իմաստուն կույսերին:
Ավագ չորեքշաբթի օրը հիշատակվում է Հուդայի մատնությունը, ինչպես նաև մեղավոր կնոջ ապաշխարությունը, որն անուշահոտ յուղով օծեց Հիսուսի ոտքերը:
Ավագ հինգշաբթի խորհրդավոր ընթրիքի հիշատակն է: Այս օրը եկեղեցում պատարագ է մատուցվում և կատարվում ոտնլվայի արարողությունը:
Ուրբաթ օրը Հիսուսի չարչարանքների, Նրա խաչելության և թաղման հիշատակն է: Իբրև սգո նշան՝ եկեղեցու խորանը ծածկվում է սև վարագույրով: Կեսօրին կատարվում է խաչելության, իսկ երեկոյան՝ թաղման կարգը՝ թափորով:

Ավագ ուրբաթ, Քրիստոսի թաղման կարգի թափոր
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, 14 ապրիլի, 2006 թ.
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

Շաբաթ օրը Տերը մարմնով մնաց գերեզմանում, իսկ հոգով իջավ դժոխք և այն ավերելով՝ ազատագրեց ննջեցյալների հոգիները: Դժոխքի ավերման ուրախալի հիշատակությունը վերաճում է Քրիստոսի հրաշափառ հարության կանխաճաշակման: Երեկոյան կատարվում է ճրագալույց և Զատիկի նախատոնակը, և բոլորը ցնծագին ողջունում են միմյանց՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:

 
sacredtradition.am