русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
12 օգոստոսի 2017թ. շաբաթ, ԴՁ
Տօն Շողակաթի Սուրբ Էջմիածնի ըստ տեսլեան սրբոյն Գրիգորի Լուսաւորչին
Նաւակատիք






ՆԱՎԱԿԱՏԻՔ
id518Այսպես է կոչվում նոր կամ նորոգված կառույցի բացմանը կամ նրա տարեդարձին կատարվող հանդիսությունը, ինչպես նաև թագադրության և պսակադրության տարեդարձերին նվիրված ուրախության հանդեսը:
Հայ Եկեղեցում նորակերտ կամ վերանորոգված եկեղեցու բացման հանդիսությունը՝ կառույցի օծմամբ և նվիրագործմամբ, ինչպես նաև՝ այդ իրադարձության ամենամյա հիշատակությունը ավանդաբար կատարվում է մեծ՝ տաղավար տոների նախօրեին, որտեղից էլ այդ նախատոնական օրերը կոչվում են տաղավար տոների նավակատիքներ: Այս հանգամանքը նաև խոր աստվածաբանական իմաստ է պարունակում. Աստվածորդու տնօրինագործության գլխավոր հանգրվանները ներկայացնող տաղավար տոների նախօրեները խորհրդանշում են նաև մարդկային բնության՝ Աստծո կենդանի տաճարի նորոգություն-նավակատիքը:
Նավակատիքի օրերին մեղմացվում է տաղավար տոնին նախորդող պահքի խստությունը. պատարագից հետո թույլատրելի են դառնում ձկնեղենը, ձուն և կաթնեղենը: Այս ոչ խիստ պահքը, որի մասին հրահանգված է օրացույցներում, ավանդաբար նույնպես նավակատիք է կոչվում (տե՛ս Պահք):
5 տաղավար տոներից 3-ի՝ Պայծառակերպության, Վերափոխման և Խաչվերացի նավակատիքները միաժամանակ Եկեղեցուն նվիրված առանձին տոներ են. Պայծառակերպության նախօրեն նվիրված է Հին ուխտի տապանակին. Վերափոխման նախօրեին հիշատակվում է Ս. Էջմիածնի Մայր տաճարի հիմնադրումը (տե՛ս Շողակաթի տոն). Խաչվերացի նախօրեն նվիրված է Երուսաղեմի Ս. Հարության տաճարի կառուցման հիշատակին: Իսկ Աստվածահայտնության և Զատիկի նավակատիքները ստացել են առավել հանրածանոթ և ավանդական՝ «Ճրագալույց» անվանումը՝ կապված երեկոյան արարողության ավարտին եկեղեցում բազմաթիվ կանթեղներ և լապտերներ վառելու ավանդության հետ: Այդ երկու օրերին երեկոյան, գրեթե բոլոր հայազգի քրիստոնյաների տներում, նավակատիքի ավանդական հացկերույթ է լինում:

 
sacredtradition.am