русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
12 օգոստոսի 2017թ. շաբաթ, ԴՁ
Տօն Շողակաթի Սուրբ Էջմիածնի ըստ տեսլեան սրբոյն Գրիգորի Լուսաւորչին
Նաւակատիք




Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326)
id112Սուրբ առաքյալներ Թադեոսից և Բարդուղիմեոսից հետո ս. Գրիգորը եղավ հայոց երկրորդ լուսավորիչը: Նրա շնորհիվ քրիստոնեությունը վերջնականապես հաղթանակեց Հայաստանում:
Ս. Գրիգորը պարթևական տոհմից էր: Երբ նրա հայրը՝ Անակ Պարթևը, սպանեց հայոց Խոսրով արքային, իշխանների վրեժխնդրությունից փրկելու նպատակով դայակները երեխային փախցրին Կեսարիա, որտեղ նա մեծացավ մի բարեպաշտ ընտանիքում՝ մկրտվելով և դաստիարակվելով քրիստոնեական ոգով: Չափահաս դառնալով՝ Գրիգորն ամուսնացավ և ունեցավ երկու որդի: Սակայն ամուսինները, միասին ապրելով ընդամենը 3 տարի, փոխադարձ համաձայնությամբ վճռեցին բաժանվել և իրենց անձը նվիրել միայն Աստծո ծառայությանը: Կինը կրտսեր որդու հետ մտավ կուսանոց, իսկ ավագին խնամատուն հանձնեցին:

Ս. Գրիգոր Լուսավորիչ (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 979, Ճաշոց, 1286 թ., Կիլիկիա

Երբ Գրիգորն իմացավ իր հոր արարքի մասին, ծառայության մտավ Խոսրով արքայի որդու՝ Տրդատի մոտ՝ թաքցնելով իր անձը: Մի օր հեթանոս արքան լսեց, որ Գրիգորը քրիստոնյա է և կամեցավ բռնությամբ հավատափոխ անել նրան: Սակայն Աստծո հավատարիմ ծառան, անասելի տանջանքների ենթարկվելով հանդերձ, չուրացավ իր հավատը: Այդժամ նախարարները տեղեկացրին, որ նա արքայի հորը սպանողի որդին է: Եվ Տրդատը, վրեժխնդրությունից դրդված, հրամայեց Գրիգորին նետել Խոր վիրապ կոչվող սարսափելի փոսի մեջ, որը լիքն էր թունավոր օձերով, և որտեղից դեռևս ոչ ոք չէր ազատվել:
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունից հետո, երբ Տրդատը պատժվեց ու այլևս չէր կարող կառավարել երկիրը, նրա քրոջը տեսիլքի միջոցով հայտնվեց, որ թագավորին և գահը կարող է փրկել միմիայն Գրիգորը: Այդժամ նրան, հանելով փոսից, որտեղ սուրբը հրաշքով անվնաս էր մնացել 13 տարի, բերեցին Վաղարշապատ: 65 օր շարունակ նա բոլորին քարոզեց Քրիստոսի հավատը, նաև Աստծուց իրեն շնորհված զորությամբ բժշկեց Տրդատին: Ապա տեսիլքով ս. Գրիգորին ցույց տրվեց կույսերի վկայարանների և կառուցվելիք տաճարի տեղը: Այդ շինարարությանը՝ իբրև աստվածահաճո գործի, մասնակցեց ինքը արքան՝ ջանալով այդ կերպ քավել իր մեղքերը:

Ս. Գրիգոր Լուսավորիչ և ս. Տրդատ III թագավոր
Երուսաղեմ, ձեռ. 66, էջ 12ա, Վարք սրբոց, 1633 թ., Կ. Պոլիս

Այնուհետև ս. Գրիգորը մեծ շքախմբով մեկնեց Կեսարիա, որտեղ ձեռնադրվեց հայոց հայրապետ: Հայաստան վերադառնալով՝ նա Եփրատի վտակ Արածանի գետում մկրտեց հայոց արքային և ողջ ժողովրդին՝ այսպիսով հաստատելով հայոց դարձը հեթանոսությունից: Սուրբ Գրիգորին մեծապես աջակցում էր հայոց նորադարձ արքան: Նրա ջանքերով քրիստոնեությունը սկսեց տարածվել Հայաստանում և 301-ին հռչակվեց իբրև պետական կրոն:
Կյանքի վերջին շրջանում ս. Գրիգոր Լուսավորիչն առանձնացավ Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան վրա գտնվող Մանյա այրք կոչված վայրում, որտեղից թագավորի թախանձանքներով վերադարձավ կարճ ժամանակով և իր փոխարեն կաթողիկոս կարգեց կրտսեր որդուն՝ Արիստակեսին, որին էլ հետագայում հաջորդեց ավագը՝ Վրթանեսը:
Մեզ են ավանդվել Լուսավորչի հանրահայտ «Վարդապետությունը» և «Հաճախապատում» ճառերի գիրքը, որոնք բովանդակում են նրա ուսմունքը հավատի և բարեպաշտության մասին:



 
sacredtradition.am