русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
22 ապրիլի 2019թ. երկուշաբթի, ԱԿ
Բ օր Զատկի
Յիշատակ մեռելոց







ԳԵՐԵԶՄԱՆՕՐՀՆԵՔ
id105Ըստ քրիստոնեական վարդապետության՝ մարդու մահը նրա հանդերձյալ կյանքի՝ հոգու երկնային ճամփորդության սկիզբն է, իսկ մարմնի ապականությունը՝ ժամանակավոր բաժանում հոգուց մինչև համընդհանուր հարության օրը: Քրիստոնյան հավատում է, որ տիեզերքի Արարիչը կարող է և պիտի հարություն տա բոլոր մարդկանց մարմիններին, ինչ աստիճանի ապականության կամ նույնիսկ ոչնչացման էլ դրանք ենթարկված լինեն: Այս պատճառով քրիստոնեությանը խորթ են մահացածի աճյունի հետ հոգեբանական կապվածությունը, նրա հանդեպ չափազանցված ուշադրությունը, այն զմռսելու, նրա հետ որոշակի իրեր թաղելու և այլ հեթանոսական սովորույթները, քանզի մահից հետո առավել կարևորվում է ոչ թե հանգուցյալի դիակի, այլ հոգու վիճակը և աղոթքը նրա փրկության համար:
Այնուհանդերձ, քրիստոնեությունը լրջագույն հարգանքով է վերաբերվում հանգուցյալի մասունքներին և թաղման ու գերեզմանօրհնեքի արարողությամբ արտահայտում է մահվան ու հարության հանդեպ իր հիմնական հոգևոր սկզբունքները: Գերեզմանն օրհնելով ու կնքելով՝ քահանան աղոթում է, որ այն մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը անշարժ մնա, ինչով էլ խորհրդանշում է հարության հավատը, իսկ ննջեցյալի հարազատների բնական սուգը լրացնում է հոգևոր հույսի պայծառությամբ: Քրիստոնեական խորհրդանիշներով կնքված և օրհնված գերեզմանը ոչ թե սոսկ հանգուցյալի կորուստը սգալու, այլ հոգևոր խորհրդածություններ արթնացնող նվիրագործված մի վայր է, որը մարդուն մղում է հավատով ու հույսով աղոթել ննջեցյալի փրկության համար:

 
sacredtradition.am