русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
11 փետրվարի 2019թ. երկուշաբթի, ԳՁ
Ա օր Առաջաւորաց պահոց



ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ
id567Դեռևս առաքելական շրջանում քրիստոնյաները ձգտում էին Եկեղեցու մեծագույն տոնը՝ Զատիկը, դիմավորել երկարատև պահքով և ապաշխարությամբ: Դժվար է ասել, թե որքան է տևել այդ պահքը սկզբում: Ըստ ավանդության՝ առաքյալները Մեծ պահքի սկիզբը սահմանել են Զատիկից 70 օր, այսինքն՝ 10 շաբաթ առաջ: Սակայն շուտով փոխել են իրենց որոշումը՝ նկատելով, որ այդքան տևական պահքը կարող է տանելի չլինել բոլորի համար, և պահոց շաբաթների քանակն իջեցրել են 7-ի: Այնուհանդերձ, առաջին շաբաթն ավանդաբար պահպանվել է իբրև պահոց շրջանի սկիզբ՝ ստանալով Առաջավորաց պահք անվանումը:
Ըստ այլ ավանդության՝ Առաջավորաց պահքն առնչվում է ս. Գրիգոր Լուսավորչի քարոզությանը և հայոց դարձին: Խոր վիրապից ելնելուց հետո ս. Գրիգորը ս. Տրդատ արքային և նրա հետ դիվահարված մերձավորներին հրամայեց 5 օր անսվաղ մնալ (այսինքն՝ ոչինչ չուտել ու չխմել), ինչին հաջորդեցին նրա 60-օրյա քարոզը և դիվահարների բժշկումը հրաշքով: Այնուհետև, դառնալով հայոց քահանայապետը, ի հիշատակ կատարվածի Լուսավորիչը սահմանեց 5-օրյա պահք: Այն կոչվեց Առաջավորաց, քանի որ եղավ մեր Եկեղեցու առաջին շաբաթապահքը:
Այսպիսով, Առաջավորաց պահքը՝ իր վերոնշյալ խորհուրդներով, կարևորվում է որպես Մեծ պահքի նախակարապետ և տարվա առաջին առիթ՝ պահեցողությամբ ու ապաշխարությամբ վերահաստատելու աստվածահաճ կյանքով ապրելու ուխտադրությունը: Այս պատճառով նախկինում այս պահքին վերաբերվել են հատուկ խստությամբ և սնվել միայն աղով ու հացով: Պահքի առաջին 4 օրերին եկեղեցում սուրբգրային ընթերցվածքներ չեն լինում, իսկ 5-րդ՝ ուրբաթ օրը, որը Հովնան մարգարեի հիշատակության օրն է, ընթերցվում է նրա գիրքն ամբողջությամբ՝ որպես անխոնջ պահեցողության և արդյունավետ ապաշխարության դասական օրինակ: Ի դեպ, եթե ուրբաթ օրը համընկնում է Տյառնընդառաջի հետ, ապա Հովնան մարգարեի հիշատակության օրը տեղափոխվում է հինգշաբթի:
Առաջավորաց պահքին հաջորդում է ս. Սարգիս զորավարի տոնը, քանի որ վերջինիս նահատակության ժամանակը համընկել է այս պահքի հետ: Այդ պատճառով այս պահքը ժողովուրդը կոչում է նաև ս. Սարգսի պահք: Սակայն դա չի նշանակում, թե պահքը նվիրված է այդ սրբին, քանզի յուրաքանչյուր պահք միայն Աստծուն է նվիրվում: Շաբաթապահքը կոչելով սրբի անունով՝ հայցվում է նրա բարեխոսությունը, որպեսզի պահքն ընդունելի լինի Տիրոջ կողմից: